ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 8: 22-25
ՅԻՍՈՒՍ ՓՈԹՈՐԻԿԸ ԿԸ ԽԱՂԱՂԵՑՆԷ
22 Օր մը նաւը մտան Յիսուս եւ իր աշակերտներն ալ ու ըսաւ անոնց. «Ծովակին միւս կողմը անցնինք»։ Ճամբայ ելան։ 23 Երբ նաւով կ՚երթային ինք քնացաւ։ Զօրաւոր փոթորիկ մը ելաւ ծովակին վրայ։ Նաւը ջուրով կը լեցուէր ու իրենք վտանգի մէջ էին։ 24 Մօտեցան, արթնցուցին զանիկա ու ըսին. «Վա՛րդապետ, վա՛րդապետ, ահա կը կորսուինք»։ Ան ալ ելաւ սաստեց հովին ու ջուրերուն խռովութեանը եւ հանդարտեցաւ ու խաղաղութիւն եղաւ։ 25 Այն ատեն ըսաւ անոնց. «Ո՞ւր է ձեր հաւատքը»։ Անոնք վախի մէջ ինկած՝ զարմացան ու իրարու կ՚ըսէին. «Արդեօք ո՞վ է ասիկա՝ որ հովերուն ու ջուրին ալ հրաման կու տայ եւ կը հնազանդին իրեն»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Այսօրվա սերտողության թեման սկսվում է Գալիլիայի ալեկոծ ծովի նկարագրությունից, որի մասին շատ վկայություններ կան, որ չնայած իր փոքրությանը, սարսափելի ալեկոծումներ է առաջանում քամու պատճառով. նույնիսկ ձկնորսներին կարիք է լինում կանչել փրկարարներ՝ ազատվելու համար: Այդ ծովի վրա նավարկելու ժամանակ Տէր Հիսուս քնում է նավի մեջ: Ծովի ալիքները այնքան են բարձրանում, որ նավի մեջ են լցվում, ինչը տագնապ է առաջացնում աշակերտների մոտ: Ծովին ու ալեկոծություններին ծանոթ աշակերտները գուցե այդ ժամին դուրս չգային նավարկության, եթե Վարդապետը իրենց հետ չլիներ: Քանի որ Քրիստոս էր նրանց առաջարկել ծովի մյուս կողմն անցնել, չէին մերժել մի պարզ պատճառով, որովհետև վստահում էին Նրան, տեսնելով բազմաթիվ հրաշքներ: Ալիքների սաստկանալու պահին անմիջապես մոտեցան Վարդապետին և օգնություն ակնկալեցին: Այո, հավատում էին իրենց վարդապետին, սակայն դեռ այն վստահությունը չկար, որ իրենք խոսեին ծովի ալիքների հետ Քրիստոսի անունով: Մենք էլ ենք հավատում Աստծուն, բայց փորձության պահին նախ՝առաջին հերթին գործածում ենք բոլոր հնարավոր միջոցները և մեր ուժերը:
Արթնացրին Վարդապետին, ասելով,- Ահա կորչում ենք: վեր կացավ, սաստեց քամուն և խաղաղություն տիրեց ինչպես ծովի վրա, այնպես էլ աշակերտների սրտերում: Ավետարանի այս հատվածը, որը նավաբեկության մասին է, մեզ սովորեցնում է երկու կարևոր դաս: Վստահություն Աստծու նկատմամբ և Աստծու իշխանությունը՝ բնության վրա: Այս երկու դասը սովորելու և կիրառելու կարիքը զգում ենք մեր ողջ կյանքի ընթացքում: Ապավինել Աստծուն և խաղաղվել: Սա է հիմնական պատճառը մեր բոլոր փորձությունների մեջ ձախողվելու: մեր հոգևոր նավակն էլ չի ենթարկվի նավաբեկության, եթե մեր վստահությունը նախ Աստծուն ուղղված լինի, որպեսզի Աստված իշխանություն ունենա մեզ փորձությունից դուրս բերելու: Օրինակները շատ են Աստվածաշնչում, երբ մի ժողովուրդ ապավինում է Աստծուն, իսկ Աստված չի անտեսում այդ ժողովրդի աղաղակը, որը ժողովրդի հոգու միասնական ձայնն է; Երբ Տէր Հիսուս խաղաղեցրեց ծովը, աշակերտներին հարցրեց,- Ո՞ւր է ձեր հավատը: Հավատը այնքան պետք է զորանա, որ վերածվի վստահության, այնպես, ինչպես մի փոքրիկ վստահում է իր ծնողին: Այսպիսի փոթորիկներ պետք է պատահեր աշակերտների կյանքում, որպեսզի նրանք ամրանային հավատքի ու վստահության մեջ, քանի որ նրանց հավատքի վրա պետք է կառուցվեր Քրիստոսի եկեղեցին: Աշակերտները շատ անգամներ պիտի զարմանային Նրա իշխանության վրա, որ հրաման է տալիս, և տարերքները հնազանդվում են Նրան, որպեսզի արժանի լինեին Քրիստոսի խոսքը նույն վստահությամբ քարոզելու:
Աստված քնում է, նաև մեր կյանքի ձախորդությունների և փորձությունների ժամանակ, համոզվելու համար, թե ովքե՞ր են իրեն արթնացնելու: Ովքե՞ր են առաջինը Իրեն վստահելու: Ովքե՞ր են հիշելու, որ Նա իշխանություն ունի ամեն բանի վրա, նույնիսկ տարերային աղետների: Մեծ մասսամբ Քրիստոսին արթնացնող չի լինում, քանի որ մարդիկ իրենց ուժերին են վստահում; Եթե մենք էլ ունենայինք այն վստահությունը, որ Քրիստոս մեզ հետ է, և մեզ ոչինչ չի պատահի, այսօր այս պատկերը չէին ունենա մեր Հայրենիքում: Մեզ ամեն ինչ կարող է պատահել, երբ որ Քրիստոս մեզ հետ չէ, քանի որ մենք չենք պահում այն երեք պայմանները, որոնք կարող են ամուր պարիսպ լինել մեր շուրջը: Հավատն ու վստահություն են ձեռք բերում մաքուր խիղճ՝ երեք բաների նկատմամբ՝ Աստծու, մարդկանց և նյութի նկատմամբ: Աստծու նկատմամբ՝ պատվիրանապահությամբ: Մարդկանց նկատմամբ՝ նրանց չդատելով: Նյութի նկատմամբ՝ ունենալ և օգտագործել որպես միջոց, ոչ թե՝ նպատակ: Հիշո՞ւմ եք, մաքսավորի և փարիսեցու առակի մեջ մաքսավորը ներում խնդրեց Աստծուց, արդարություն ստացավ: Աջակողմյան ավազակը խնդրեց, որ Տէրը հիշի իրեն, առաջինը ստացավ դրախտը: խնդրողը միշտ ստացել է, փնտրողը միշտ գտել է, և բախողին միշտ բացվել է ողորմության դուռը:
6- րդ գլխում կարդացինք, որ Տէր Հիսուս ասում է,- Ինչո՞ւ ինձ Տէ՛ր, Տէ՛ր եք կոչում, իսկ ինչ ասում եմ, չե՛ք անում: Գալիլիայի ծովի փոթորիկը միակ փորձությունը չէր աշակերտների կյանքում՝ այդ երեք տարիների ընթացքում: Ամենամեծ փորձությունը եղավ այն, որ Հովվին խփեցին և հոտը ցրվեց: Այդ ժամանակ նույնպես աշակերտները տարակուսանքի, վախի, տագնապի մեջ էին մնացել, և Վարդապետը իրենց հետ չէր այլևս: Սակայն Վարդապետը հարություն առավ, զարթնեց, որպեսզի աշակերտները մխիթարվեն և գոտեպնդվեն իրենց հավատքի մեջ: Թեպետ համբարձվեց, բայց ասաց,- Ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը:
Հիսուս Քրիստոս աշակերտների հետ նավի մեջ, խորհրդանշում է եկեղեցին՝ հավատացյալ հոտի հետ միասին; Քրիստոսի ֆիզիկական ներկայությունը եկեղեցում տեսանելի չէ, հավատացյալը պետք է արթնացնի իր սրտում Քրիստոսին՝ եկեղեցի մտնելու պահից սկսած: Գեղեցիկ երկխոսություն պետք է ստեղծվի Քրիստոսի և հավատացյալի միջև: Ինչպե՞ս:
Օրինակ՝ Նստում ենք եկեղեցում և մտաբերում ենք ավետարանական մի հատված, կամ թեկուզ այսօրվա հատվածը, և խոսում ենք Աստծու հետ: Տէր Հիսուս Քրիստոս, Դո՛ւ, որ քնած էիր ալեկոծվող ծովի նավակի մեջ, և աշակերտներդ տագնապած Քեզ արթնացրին և դու խաղաղեցրիր ծովն ու նրանց սրտերը: Այժմ տագնապած է իմ սիրտը, խռոված է իմ հոգին, փոթորկում է իմ հոգևոր նավակը և ես անփորձությունից չեմ կարողանում ափ դուրս գալ՝ իմ մեղքերի և իմ տկարության պատճառով, քանի որ չունեմ այդքան վստահություն՝ թերահավատության պատճառով: Ավելացրու իմ հավատը, խաղաղեցրու իմ խռոված հոգին, որ կանգնած է Քո առջև այս պահին: Դու ես միակ բժիշկը, և եկեղեցին Քո հիվանդանոցն է, իսկ ես Քո հիվանդ գառնուկն եմ, ողորմիր ինձ, օգնիր ինձ ազատվել իմ սիրած մեղքերից, որոնք պատնեշ են իմ և Քո միջև:
Տէր Հիսուս Քրիստոս, Աստծու Միածին Որդի, ես հավատում եմ Քե՛զ, երբ իմ կյանքում ամեն բան հարթ է, իսկ փորձության պահին չարը Քեզ հանում է իմ մտքից և ես ապավինում եմ իմ բազում անցքերով նավակին, որի մեջ արդեն ջուր է լցվում: Ողորմիր ինձ Աստված, Քո մեծ ողորմությամբ և Քո հայրական նախախնամությամբ առաջնորդիր ինձ փոթորկող ծովից անկորուստ ափ հասնել:
Սիրելիներ, մենք մեր խնդիրներով պետք է գանք եկեղեցի, և առանց խնդիրների վերադառնանք մեր տուն, պայմանով, որ ունենք կայուն վստահություն Աստծու հանդեպ: Մաքուր խիղճ՝ մեր մերձավորի հանդեպ: Եվ, որ ամենակարևորն է՝ անկիրք զգացողություն՝ նյութի հանդեպ: Մեր մոտեցումը և պատկերացումը սխալ է եկեղեցու նկատմամբ: Մենք գալիս ենք եկեղեցի, խնդրում ենք որ Տեր Հայրը օրհնի մեզ, մոմ ենք վառում, և մեր մեղքերը ինչպես որ բերել էին եկեղեցի, այնպես էլ հետ ենք տանում մեզ հետ: Դրա համար մեր հանգստությունը տևում է այնքան, ինչքան ժամանակ, որ եկեղեցում ենք եղել նստած: Գիտե՞ք ինչու եք եկեղեցում խաղաղվում, երբ դրսից ներս եք մտնում: Որովհետև Եկեղեցին Աստծու Արքայությունն է: Քրիստոս ներկա է եկեղեցում՝ Սուրբ Սեղանին բազմած: Եկեղեցում են բոլոր աստվածաշնչյան սրբերը, որոնց մասին կարդում ենք: Եկեղեցում են Քրիստոսի խաչն ու Ավետարանը: Հաղթական Եկեղեցին խորհրդանշող Խաչվառները: Դեմ դիմաց՝ Սուրբ խորանին Մարիամ Աստվածածինն է Մանուկ Հիսուսի հետ: Եկեղեցին լուռ է իր լսած աղոթքների և իր տեսած արցունքների պատճառով: Իսկ մենք աշխարհի աղմուկից կտրվելով մտնում ենք եկեղեցի և խաղաղվում ենք այդ պահին: Այդ պահի խաղաղությունը բացական չէ մեզ, դիմակայելու աշխարհի աղմուկին: մեզ պետք է ամեն օր ազատվել մի մեղքից՝ զղջալով Աստծու առջև, այլևս չկրկնելու պայմանով:
Մենք ենք ստեղծել աշխարհի աղմուկն ու ալեկոծությունը, մենք էլ պետք է արթնացնենք Հիսուս Քրիստոսին: Եթե այսօր մենք աշակերտների պես չենք տեսնում Նրա երեսը, չի նշանակում, որ մեզ չի լսում, կամ չի տեսնում; Այստեղ է մեր տկարությունը, որ եկեղեցի գնում ենք Տէր Հայրի մոտ, ո՛չ թե Աստծու: Երբ մենք աղոթքի մեջ խոսո՛ւմ ենք Աստծու հետ, նշանակում է նրա ներկայությունը զգում ենք, որ պատմում ենք իրեն մեր ցավերի մասին; Սա է վստահությունը Աստծու նկատմամբ: Սակայն որպեսզի մեր աղոթքը կարողանանք ուշադիր կերպով մատուցել Աստծուն, պետք է Ավետարան կարդանք, որ հիշենք այս կամ այն դրվագը: Առհասարակ մեր եկեղեցական դաստիարակությունը սխալ է: Մենք աղոթքի վերաբերյալ քի՛չ բան գիտենք, դրա համար մեր աղոթքը անպտուղ է: Մենք շատ հաճախ խնդրում ենք միմյանց աղոթել միմյանց խնդիրների համար: Փորձե՞լ եք երբևէ ձեզնից աղոթք խնդրողի համար Աստծուն ասել,- Տէր իմ, և Աստված իմ, իմ մերձավորի համար աղոթքից զատ ես պատրաստ եմ հրաժարվել իմ այսի՛նչ մեղքից, միայն Քո ողորմությունը հասցրու նրան: Պարզ բան է թվում, բայց ջանք և պատասխանատվություն է պահանջում մեզնից: Պարտադիր չէ, որ աղոթք խնդրողն իմանա այդ մասին, որպեսզի ձեր վարձը չկորի:
Աստված այնքա՛ն լավ է ճանաչում իր արարածներին, այնքա՛ն լավ գիտի մեր խոսքի և գործի հակասությունները, սակայն երբեք չի դադարում մարդուց ակնկալել բնական վիճակ, մեղավոր՝ բայց շիտակ, ո՛չ թե կեղծավորությամբ: - Ո՞ւր է ձեր հավատը, հարցը մինչև մեր օրերը չի գտել իր լիարժեք պատասխանը: Մենք այս հարցը հաճախ տալիս ենք ինքներս՝ մեզ: Ի՞նչ է մեզ պակասում ամուր հավատք ունենալու համար: Մենք ուղղակի ընտելացել ենք մեր հոգևոր գաղջ վիճակին, և մեր նավակը անվերջ տարուբերվում է կյանքի փոթորկալից ծովի ալիքների վրա, և մենք չենք արթնացնում մեր միակ Փրկչին, այլ՝ ուրիշ փրկարարներ ենք փնտրում:
Աստվածաշնչի մի մեկնաբան գեղեցիկ առակ է պատմում այս ուղղությամբ, որը կարծես օրվա հրամայական է դարձել;
Եթե տասը կրիայի հերթով մոտենանք և հարցնեք, արդյոք կցանկանա՞յին թռչել: Նրանցից իննը կպատասխանեն, որ իրենք հավանում են իրենց վիճակը, միայն մեկը ցանկություն կհայտնի դուրս գալ այդ վիճակից և թռչել սովորել: Այդ մեկը կանչված է... ասում է Աստվածաշնչի մեկնաբանը: Սիրելիներ, այս առակի տրամաբանությամբ էլ ավարտենք մեր այսօրվա սերտողությունը, զգույշ լինելով մեր հոգևոր նավակների մեջ ջուր լցվելու վտանգից:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեր միտքը սևեռված պահենք Աստծու խոսքին՝ մեր հավատը զորացնելու համար: