ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 8: 16-21
ԱՄԱՆԻՆ ՏԱԿԻ ՃՐԱԳԸ
16 «Չկայ մէկը, որ ճրագը վառէ ու ամանի մը տակ կամ մահիճին ներքեւ դնէ, հապա աշտանակի վրայ կը դնէ, որպէս զի ներս մտնողները լոյսը տեսնեն։ 17Վասն զի չկայ ծածուկ բան մը, որ պիտի չյայտնուի, ո՛չ ալ գաղտուկ բան մը, որ պիտի չգիտցուի ու երեւան չելլէ։ 18 Ուստի նայեցէք թէ ի՛նչպէս կը լսէք. քանզի ով որ ունի՝ անոր պիտի տրուի եւ ով որ չունի՝ այն ալ որ ինք կը կարծէ թէ ունի, ան ալ անկէ պիտի առնուի»։
ՅԻՍՈՒՍԻՆ ՄԱՅՐԸ ԵՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ
19 Անոր մայրն ու եղբայրները իրեն եկան, բայց բազմութենէն չէին կրնար անոր քով երթալ։ 20 Անոր իմացուցին՝ ըսելով. ‘Քու մայրդ ու եղբայրներդ դուրսը կայներ են ու քեզ տեսնել կ՚ուզեն’։ 21 Անիկա պատասխան տալով՝ ըսաւ անոնց. «Իմ մայրս ու եղբայրներս անոնք են, որ Աստուծոյ խօսքը կը լսեն ու զանիկա կը կատարեն»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ, երեկվա սերտողության միտքն ավարտվեց այնտեղ, որ Տէր Հիսուս Իր առջև գտնվող պարարտ հողի մեջ ցանում էր Իր առատ սերմերը, և բացատրում էր առատ պտուղ ստանալու գաղտնիքը: Մարդկային սրտեր բաժանեց չորս մասի, այն անվանելով հող, որի մեջ պետք է աճի Աստծու խոսքի սերմը: Նույն լսարանի առջև է խոսում նաև այսօրվա սերտողության Ճրագի առակի թեման, որը չափազանց մոտ է մեր սրտին իր օգտակարությամբ: Մենք Մատթևոսի ավետարանում հանդիպել ենք այս մտքին, որ վառած ճրագը չենք կարող թաքցնել: Ավետարանիչը այն տեղավորել է Լեռան քարոզի մեջ, իսկ Ղուկաս ավետարանիչը մեզ է ներկայացնում առակի տեսքով: Հրեական հին պատմագիրներից մնացած տեսակետ կա, որ Քրիստոսի քարոզության ժամանակ ներկաների մեջ եղել են գրագետ մարդիկ, որոնք գրի են առել իրենց դուր եկած տողերը: Սա ծանոթ երևույթ է նաև մեր օրերում, երբ սիրված քարոզից դուրս ենք բերում մեր սրտին ավելի հարազատ թվացող մտքերը: Հետագայում, երր ավետարանիչները սկսել են գրել ավետարանները, օգտագործել են նաև պահպանված այդ ձեռագիր թղթերը: Այս հատվածը մեջբերված է այդ թղթերից, որոնք պահպանվել են մինչև ավետարանների գրվելը:
Այսօրվա հավատացյալի համար նշանակություն չունի, թե որը որտե՞ղ է գրված եղել, միայն ամեն անգամ կարդալիս փառք են տալիս Աստծուն, որ արժանացրեց մեզ այս հավիտենական լույսին հաղորդակից լինել: Ղուկաս ավետարանիչը վերնագրել է ,,Ճրագի առակը,, որը ավելի շատ է նման առակի քանի որ փոխաբերական իմաստ կա մտքի մեջ: Այս փոքրիկ հատվածի մեջ Տէր Հիսուս չորս կարևոր մտքերի մասին է խոսում, մեկական նախադասությամբ, հնարավորություն տալով մեզ, որպեսզի այդ մտքերը բերենք մեր կյանքի մեջ և ամենապարզ եղանակով դարձնենք մեզ համար հասկանալի և գործածելի: Քրիստոնյաներս ունենք այդ իրավունքը, որ Աստվածաշնչից վերցնենք անարատ և մաքուր սնունդը և մեզ համար պատրաստենք ամենօրյա համեղ կերակուր:
Այս ճրագը ամենևին էլ մոմի լույսի, կամ կանթեղի մասին չէ, որը վառելիս բնականաբար դնում ենք մի բարձր տեղում ավելի պայծառ լուսավորելու համար: Մեր Տէրը այս առակի մեջ խոսում է մարդու ներքին լույսի մասին, որը երբեք չի կարող անտեսանելի լինել մարդկանց աչքին: Այլ բան է, թե այդ լույսը ներկաներին որքանով է դուր գալիս: Որովհետև կան խավար մարդիկ, որոնք միշտ հակադարձում են լուսավոր մարդու արտահայտած մտքերին: Այնպես ինչպես խավարը վերանում է լույսից; Ցանկացած միջավայրում անմիջապես հայտնի է դառնում այն մարդը, որի մեջ կա այդ ներքին լույսը, այսինքն այդ մարդը այն ճրագն է, որը թաքցված չէ, այլ նրա լուսը փայլում է մարդկանց առաջ, նրա գործերը տեսանելի են մարդկանց, իսկ մարդիկ տեսնելով նրա բարի գործերը փառավորում են Աստծուն անունը: Հետևաբար անհրաժեշտ է, որ ամեն քրիստոնյա մեկական վառվող ջահ լինի իր բնակավայրում, որպեսզի նրանից վառվեն հազարավոր ջահեր:
Երկրորդ միտքը, որը նույնպես ծանոթ է մեզ և ինքներս էլ շատ ենք գործածում, այն է, որ չկա՛ ծածուկ բան, որ չհայտնվի, ո՛չ էլ գաղտնի բան, որ չիմացվի և ի հայտ չգա: Այս երևույթը կարող է պատահել այն մարդու հետ, որը չգիտե այս առակը: Քանի որ մտածում է, որ իր արարքը միայն իրեն է հայտնի: Սակայն ինչպես անհատների կյանքում, այնպես էլ հասարակության մեջ և պետության մեջ չի եղել գաղտնիք, որը չի բացահայտվել: Մնա՞ց արդյոք մի գաղտնիք մեր Հայրենիքում, որ չբացահայտվեց վերջին օրերին, նույնիսկ բացահայտվեցին անձնական հեռախոսազրույցները, որոնց միջոցով բացահայտեցին այդ մարդկանց կեղծ նկարագիրը: Ավելի լավ է մարդիկ այս մի պատվիրանը իրենց կյանքի մեջ տեղափոխեն և կիրառեն, քան թե բազում գաղտնիքներ բացահայտվել և ներկայացնեն իրենց իրական դեմքը: Հայտնի առակ կա այս մասին, որ հայրը որդուն տանում է իր հետ գողություն անելու: Երբ այգուց սկսում է գողանալ եգիպտացորենը և լցնել պարկը, անվերջ նայում է չորս բոլորը, ստուգելու համար, որ մարդ չտեսնի: Որդին հարցնում է,- Հայրիկ ինչո՞ւ ես նայում քո չորս կողմերը, և մոռանում ես վերև նայել: Այո Աստծու ամենատես աչքը տեսնում է մարդու կատարած ամեն քայլ, չար միտք և սխալ խոսք: Իսկ ինչո՞ւ են բացահայտվում գաղտնիքները, որոնք տարիներով ծածուկ են եղել մարդկանցից; Նախ՝ որ մեղք գործողը սթափվի և շարունակելով կորստյան չմատնվի: Երկրորդ, որպեսզի նրան հավատացողները երկար ժամանակ գայթակղության մեջ չմնան՝ խաբված վիճակով:
Երրորդ կարևոր միտքը, որն արտահայտված է այս բաժնի մեջ, այն մասին է, որ ես ձեզ ամեն օր հիշեցնում եմ, թե զգո՛ւյշ եղեք, թե ինչպե՛ս եք լսում: Այս պատվիրանը ևս իր մեջ նրբություններ ունի:
Մենք շատ հաճախ հանրային լրատվամիջոցներով լսում ենք մի լուր: Բոլորը լսում են այդ նույն աղբյուրից, սակայն վերլուծությունների ժամանակ տեսնում ենք, որ յուրաքանչյուր մարդ յուրովի է հասկացել իր լսածը: Այնուհետև սկսում են մեկը մյուսին պարտադրել իր տեսակետը: Բայց իրականում ասելիքը ունեցել է այլ նպատակ, ինչպես որ ցանկացած առակ մեկնաբանվում է յուրովի: բայց եթե քրիստոնյան տեղեկացված է ավետարանական գիտությամբ, իր լսած ամեն նորություն անցկացնում է այդ գիտության միջով և կարողանում է ինչպես որ ճի՛շտ հասկանալ, այնպե՛ս էլ ճիշտ վերլուծել:
Հետևաբար շատ կարևոր է թե ինչպե՞ս ենք լսում հատկապես հոգևոր նյութերը, որոնք սխալ հասկացվելու պարագայում կարող են վնաս հասցնել մարդու հոգուն:
Չորրորդ միտքը ամփոփումն է այս առակի, մեզ դարձյալ տալիս է լայն հնարավորություն՝ հասկանալու տարբեր տեսանկյուններից: Եթե քրիստոնյան առաքինությունների ձգտող հատկություն ունի, ապա նրան կտրվի նաև այլ առաքինություններ, քանի Աստծու կամքն է, յուրաքանչյուրին տեսնել առաքինությունների բարձունքի վրա: Երե քրիստոնյան կարող է ողորմություն անել, թող առաջինը ինքը քայլ անի, և այդ ողորմության դիմաց կստանա ավելիով: Ողորմություն անողներին քաջ հայտնի է այս ճշմարտությունը: Այն քրիստոնյան, որը գիտի ավետարանական ճշմարտությունների գաղտնիքը, նա առաջինն է օգտվում այս պատվիրանից: Իսկ այն քրիստոնյան, որը գիտե այս պատվիրանի մասին, և թաքցնում է իր թեկուզ փոքրիկ առաքինությունը և դրանով ուրիշին օգտակար չի լինում, մի գեղեցիկ օր նրանից կվերցվի նաև այդ փոքրիկը, որ կարծում էր թե ունի: Սիրելիներ, տեսնում եք, որ Ավետարանի պատգամների մղիչ ուժը տեղից շարժում է նույնիսկ անշարժ բաները: եթե ամփոփելու լինենք այս չորս կետերը մեկ նախադասությամբ, ապա կարելի է ասել. Քո մեջ ունեցիր հոգևոր լույս, որը ծածուկ չի մնա մարդկանց առջև, և նրանք տեսնելով կփառավորեն Աստծուն, իսկ Աստված քեզ կհատուցի ավելիով:
Նույնը կպատահի հակառակ պարագայում, եթե քրիստոնյան չկամենա իր ներսում ունենա վառվող ճրագ, ապա խավարը նրան կտիրի, իսկ երբ խավարը տիրեց մարդուն, մարդը կորցնում է ամեն ինչ՝ իր կատարած չար գործերի պատճառով: Այս բոլոր պատվիրանները, որոնք մարդկանց կյանքի բաղկացուցիչ մաս են կազմում, Տէր Հիսուս սովորեցնում է իր աշակերտներին, ՝ ապագա առաքյալներին, որոնք աշխարհով մեկ պետք է տարածեին ու քարոզեին արքայության ավետարանը: Եթե աշակերտները իրենց մեջ չունենային այդ ներքին լույսը, որի մասին խոսեցինք, ինչպե՞ս կարող էին փոխանցել աշխարհի մարդկանց Աստծու լույսը: Տէր Հիսուս այդ առումով իր աշակերտներին անվանեց նաև ա՛ղ և լո՛ւյս; Աղը, որը համ է տալիս ամեն բանին և առանց աղի դժվար է որևէ բան ուտել: Իսկ լույսը ամեն տեղ վերացնում է խավարը: Աշակերտների հոգևոր նկարագրով էր պայմանավորված ավետարանի տարածման գործընթացը աշխարհում: Քանի որ մենք տեսանք, թե ինչ հոգևոր տկար վիճակում էր ժողովուրդը՝ կրոնական առաջնորդների անգործության պատճառով: Այսօր էլ մեր քրիստոնյա հայաստանի ժողովուրդը հոգևոր անգործության մեջ է, և դրա պատճառը եկեղեցականների անուշադրությունն է:
Աշակերտների օրինակն էլ այդպես եղավ, նրանք լծվեցին իրենց առաքելություն գործին մեծ նվիրումով, Աստված նրանց տվեց շնորհներ և ավելացրեց եղածը՝ իրենց ծառայության մեջ:
Այս գլխավոր թեմաների մասին էր խոսում ժողովրդի և հատկապես իր աշակերտների համար, երբ մարդիկ եկան և լուր բերեցին, որ Քրիստոսի մայրն ու եղբայրները եկել են և չեն կարողանում մոտենալ Նրան՝ ժողովրդի բազմության պատճառով: Դրսում սպասում են և ուզում են տեսնել Նրան; Այս երևույթին անդրադարձել են նաև Մատթևոս ու Մարկոս ավետարանիչները: Այս երևույթը արժանացել է նաև շատ քննադատությունների և հակառակությունների: Մի մասը հակառակվում են այն մտքի դեմ, որ ավետարանն ասում է,- Նրա մայրն ու եղբայրները: իսկ մենք գիտենք, որ Մարիամը բացի Հիսուսից, այլ զավակ չի ունեցել: Այս եղբայրները հայր Հովսեփի զավակներն են, որոնք կային մինչև Հիսուսի ծնվելը: Նույնիսկ մի վիճաբանության մեջ հրեաները պնդում են, որ Հիսուս կրտսերն էր նրանցից: Քանի որ ըստ հրեական օրենքի ավագը միայն իրավունք ուներ կանչելու կրտսերին, իսկ կրտսերը իրավունք չուներ իր ավագ եղբորը հեռվից կանչելու, ինքը պետք է մոտենար նրան: Սա արդեն փաստում է, որ եկած եղբայրները Հայր Հովսեփի զավակներն են:
Իսկ մենք կարող ենք ավելի պարզ և մարդկային ձևով մտածել, թե ինչո՞ւ էին եկել ու կանչում Հիսուսին: Մենք Ավետարաններում կարդում ենք Հիսուս Քրիստոսի անվերջանալի շարժման և տեղափոխությունների մասին՝ քաղաքից քաղաք, և գյուղից գյուղ: Մի՞թե չի կարելի մտածել, որ Նրան տանը չէին տեսնում օրերով և կարոտում էին Նրան: Քրիստոս էր Աստված, բայց նրա եղբայրներն ու մայրը մարդկային զգացմունքներով էին մոտենում Նրան: Իհարկե հետագայում նրա եղբայրները իմացա և հավատացին Նրա Աստծու Որդի լինելու մասին: Նույնիսկ իրենց գրած թղթերում Հակոբոսը՝ եղբայր լինելով, իր մասին գրում է Հիսուս Քրիստոսի ծառան: Ինչքան էլ որ Մարիամ Աստվածածինը գիտեր Քրիստոսի առաքելության մասին, նա մա՛յր էր իր որդու համար: Հիսուս Քրիստոս իր ուսուցումների ժամանակ աշակերտներին և մարդկանց տալիս է մի պատվիրան, ասելով,- Ով իր հորն ու մորը ինձնից առավել է սիրում, ինձ արժանի չէ: Այսինքն հոգևոր քարոզությունը անկարելի է վեր դասել ընտանիքից և կենցաղային հարցերից: Այստեղ մենք ավելի խորքային վերաբերմունք ենք տեսնում Հիսուսի պատասխանի մեջ, քան՝ վիրավորանք՝ իր հարազատներին: ,,Իմ մայրը և եղբայրները սրանք են, որ Աստծու խոսքն են լսում, և կատարում,- ասելով, ի ցույց է դնում հանրության առջև մի ճշմարտություն, որ Ինքը առավելություն չի տալիս Հովսեփի զավակներին, որոնք իր եղբայրներն են, այլ իր համար բոլորն են եղբայր, քանի որ բոլորի փրկության համար էր եկել:
Իր պատասխանի մեջ Տէր Հիսուս հատկապես շեշտում է,- Նրանք, որոնք լսում են իմ խոսքը և կատարում: Քանի որ խոսքը միայն լսելով կյանք չի դառնում, քանի դեռ չի դարձել գործ: Մարկոսի ավետարանի այս հատվածում ձեզ պատմեցի, որ ռաբիների մոտ ընդունված կարգ էր, որ քարոզը չէր կարելի ընդհատել՝ անձնական հարցերի պատճառով, դրա համար Հիսուս չմոտեցավ իր հարազատներին;
Եթե ավետարանիչը այս այս հատվածը չի անտեսել և ներկայացրել է մեր ուշադրությանը, ուրեմն կարևոր նշանակություն է ունեցել: մենք բոլոր տարբերակները քննարկեցինք, սակայն կա ևս մեկ տեսակետ այդ մասին: Մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոսին անվերջ հետապնդում են, ծուղակ են պատրաստում և երբեմն էլ պատրաստվում են նրան քարերով հարվածել: Այս բոլորի մասին կարող էին լսել նաև Իր տան անդամները, և մտահոգությունից ելնելով գային Նրան տեսնելու:
Բոլոր տեսակետները ճիշտ են նրանց համար, որոնք սրտով հավատում են իրենց լսածը և գլխավոր ասելիքին են անդրադառնում: Սիրելիներ ամփոփելով մեր այսօրվա սերտողությունը, հաստատում ենք, որ մեր ներքին լույսը մեր հավատքն է, որը շարժիչ ուժ է հանդիսանում բարի գործեր կատարելու համար, պայմանով, որ այդ բարի գործերը կատարվում են Աստծու փառքի համար, ոչ թե սեփական հեղինակության բարձրացման; Ավարտենք այստեղ մեր սերտողությունը և մեր հավատքի զորացման համար անվերջ խնդրանքով դիմենք Աստծուն:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մենք էլ արժանանաք մեր գործերով Քրիստոսին քույրեր և եղբայրներ կոչվելու: