ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 8: 1- 15
ՅԻՍՈՒՍԻՆ ԸՆԿԵՐԱՑՈՂ ԿԻՆԵՐ
1 Անկէ յետոյ՝ ինք քաղաքէ քաղաք ու գիւղէ գիւղ պտըտելով՝ կը քարոզէր եւ Աստուծոյ թագաւորութիւնը կ՚աւետարանէր ու տասներկուքը իրեն հետ էին, 2Նաեւ քանի մը կիներ՝ որոնք չար ոգիներէ ու հիւանդութիւններէ բժշկուեր էին. Մարիամը, որ Մագդաղենացի կը կոչուէր, ուրկէ եօթը դեւ ելեր էր 3 Եւ Յովհաննան՝ Հերովդէսին տանը վերակացուին՝ Քուզայի կինը ու Շուշան եւ շատ ուրիշներ, որոնք իրենց ստացուածքովը անոր ծառայութիւն կ՚ընէին։
ՍԵՐՄՆԱՑԱՆԻՆ ԱՌԱԿԸ
4 Երբ մեծ բազմութիւն ժողվուեցաւ եւ շատ քաղաքներէ իրեն եկան, առակ մը ըսաւ անոնց. 5 «Սերմ ցանող մը ելաւ իր սերմը ցանելու։ Ցանած ատենը մէկ քանին ճամբուն քով ինկան եւ ոտքի տակ կոխկռտուեցան ու երկնքի թռչունները կերան զանոնք։ 6 Ուրիշներ ապառաժի վրայ ինկան ու բուսածին պէս չորցան, հողին հիւթ չունենալուն համար։ 7 Եւ ուրիշներ փուշերու մէջ ինկան ու փուշերը անոնց հետ բուսնելով խեղդեցին զանոնք։ 8 Եւ ուրիշներ աղէկ հողի մէջ ինկան ու բուսնելով՝ հարիւրապատիկ պտուղ տուին»։ Երբ այս բաները կ՚ըսէր, կ՚աղաղակէր. «Ան որ լսելու ականջ ունի՝ թող լսէ»։
9 Իր աշակերտները հարցուցին իրեն՝ ըսելով. «Ի՞նչ պիտի ըլլայ այս առակը»։ 10 Ան ալ ըսաւ. «Ձեզի տրուած է հասկնալ Աստուծոյ թագաւորութեան խորհուրդները, բայց ուրիշներուն առակներով կը խօսիմ. որպէս զի տեսնելով՝ չտեսնեն եւ լսելով՝ չիմանան»։
ՅԻՍՈՒՍ ԿԸ ՄԵԿՆԱԲԱՆԷ ՍԵՐՄՆԱՑԱՆԻՆ ԱՌԱԿԸ
11 Արդ, առակին իմաստը այս է. «Սերմը Աստուծոյ խօսքն է։ 12 Ճամբուն քովինները անոնք են՝ որ կը լսեն ու ետքը Սատանան կու գայ, անոնց սրտէն կը հանէ խօսքը, որպէս զի չըլլայ թէ հաւատան ու փրկուին։ 13 Ապառաժին վրայինները անոնք են՝ որ երբ լսեն, ուրախութեամբ կ՚ընդունին խօսքը, բայց արմատ չունին։ Ատեն մը կը հաւատան ու փորձութեան ժամանակ կը հեռանան։ 14 Փուշերուն մէջ ինկածները անոնք են՝ որ կը լսեն, բայց հոգերով ու հարստութիւնով եւ այս կեանքին ցանկութիւններով զբաղած ըլլալով՝ կը խեղդուին եւ անպտուղ կ՚ըլլան։ 15 Իսկ աղէկ հողի մէջ ցանուածը անոնք են՝ որ բարի եւ յօժար սրտով լսելով խօսքը՝ կ՚ընդունին ու համբերութիւնով պտուղ կու տան»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Ամեն անգամ, երբ կարդում եմ, որ Հիսուս շրջում էր քաղաքներում և գյուղերում, քարոզում էր, և ավետարանում էր Աստծու արքայությունը, մտածում եմ երանելի ժամանակների մասին, երբ չկար ոչինչ, բայց կար ցանկություն մարդկանց լուսավորելու, իսկ հիմա կա ամեն ինչ չկա ցանկություն՝ լուսավորվելու համար: Դեռ փոքր տարիքից սովորեցնում են սիրել ավելի շատ բթանալ, քան լուսավորվել; Տէր Հիսուս վերցնում էր Իր տասներկու աշակերտներին, և ոտքով անցնում էին քաղաքներ և գյուղեր՝ մարդկանց փրկության մասին խոսելու համար, քանի որ սիրում էր մարդկանց, տեղեկացնում էր նրանց իրենց չիմացած բաները: Այո, իրենք էլ անշուշտ հոգնում էին, տուն չէին գնում, ժամանակին չէին ուտում, չէին հանգստանում, բայց իրենց առաքելության մեջ չէին զլանում; Նրանց շարքերում կային նաև կանայք, որոնք բժշկություն էին ստացել և այլևս չէին կամեցել հեռանալ Քրիստոսից: Այս կանայք իրենց ունեցվածքից էին իրենց ծառայությունը բերում ընդհանուրի շահերի համար, իսկ իրենք զորացնում էին իրենց հավատքը՝ ամենուրեք լսելով իրեն Վարդապետին: Այստեղ ավետարանիչը հիշատակում է երեք կանանց անուններ, որոնց մեջ է Մարիամ Մագդաղենացին: Սա այն կինն է, որից Տէր Հիսուս յոթ դև էր դուրս բերել:
Այս յոթ դևերը մենք կարող ենք համեմատել յոթ մահացու մեղքերի հետ, որից ազատել էր Հիսուս Քրիստոս, իսկ Մարիամը որպես փոխհատուցում և գոհություն՝ իր ծառայությունն էր բերում նրանց օգնելով կենցաղային հարցերում: Երբ մահացու մեղքերը Տիրոջ օգնությամբ փոխարինվում են առաքինություններով, ապա ենթական իր ողջ կյանքը կարող է նվիրաբերել Աստծու ծառայության մեջ: Երբեմն փորձությունների մեջ կանայք ավելի տկար են, քան տղամարդիկ, ինչպես որ Եվան խաբվեց հավատալով սատանային, սակայն Ավետարանում հանդիպում ենք նաև այնպիսի դեպքերի, որտեղ կանայք ավելի շատ քաջություն են դրսևորում քան տղամարդիկ: Այս կանայք նույնպես համարվում էին Քրիստոսի հավատարիմ հետևորդներ: Կանանց հավատարմության, զորավոր հավատքի և քաջության մասին մենք շատ գրվածքներ ունենք, որոնք հետագայում դասվել են սրբերի շարքում: Վրաց ուղղափառ եկեղեցու պատմության մեջ հիշատակվում է երկու կանանց անուններ, որոնք իրենց զորավոր հավատքի շնորհիվ փրկել են տասնյակ եկեղեցիներ, խորհրդային տարիների անաստվածության հարձակումներից: Բավական էր որ ազգային անվտանգության աշխատակիցները մոտենում էին մի եկեղեցու քանդելու նպատակով, այս երկու կանայք իրենց զորավոր աղոթքով և կանացի խորամանկությամբ ձախողում էին այդ գործընթացը: Պատմում են, որ նույնիսկ քահանաները վտանգի պահին լուր են տվել այս երկու կնոջը՝ եկեղեցին փրկելու համար: Գիտե՞ք ովքեր են այս կանայք:
Մեկը Ստալինի մայրն է եղել, մյուսը Բերիայի: Այս երկու կանայք երազել, են, որ իրենց զավակները դառնան եկեղեցականներ, սակայն եղավ այն, ինչ եղավ: Բայց նրանց մայրերը հավատարիմ մնացին իրենց հավատքին մինչև իրենց կյանքի ավարտը: Երբ ազգային անվտանգության աշխատակիցները զեկուցում էին կառավարությանը, որ այս անգամ էլ ձախողվեց եկեղեցու քանդելը՝ նույն կանանց պատճառով, Ստալինն ու Բերիան ծիծաղում էին իրենց մայրերի սխրագործության համար: Աստծու գործերը անքննելի են այդ առումով: Եթե զավակները հրեշավոր հրամաններ են արձակում ի վնաս եկեղեցուն, ուրեմն նրանց մայրերն են պաշտպան կանգնում իրենց զորավոր հավատքի շնորհիվ, առանց վախենալու: Հաճախ կանանց ներկայացնում են որպես թույլ սեռի ներկայացուցիչներ, բայց երբ կարդում ենք Հռիփսիմեանց սրբերի վարքը, տեսնում ենք, որ այնքան էլ թույլ չէ այս սեռը, որքան որ նկարագրում են: Կնոջ դերը եկեղեցու ծառայության մեջ այսօր է խրախուսելի և գնահատելի է՝ զանազան կերպերով: Հավատքի, քաջության, իմաստության և Աստծուց ընտրված կատարյալ օրինակը մեր սիրելի Մարիամ Աստվածածինն է, որի հոգու միջով սուր անցավ և նա կենդանի մնաց իր Միածին Որդու խաչելությունը տեսնելուց հետո:
Երբ Ժողովրդի բազմությունը արդեն շատացավ, Տէր Հիսուս սկսեց առակներով խոսել նրանց համար: Այս մարդկանց համար պատմեց բոլորիս համար շատ սիրելի՝ սերմնացանի առակը: Հավանաբար հավաքված բազմությանը նմանեցրեց այն հողին, որի մեջ պետք է ցաներ իր սերմերը: Օրինակ երեկվա առակը մեր Տէրը պատմեց նեղ շրջանակի համար և հատկապես Սիմոնին հասկացնելու համար, որը իրեն հավատալով էր հրավիրել ճաշի, սակայն մի փոքր միջադեպ եղավ, և ինքը մտքում կասկածեց իր հրավիրած մարգարեի զորության վրա: Այսօր այս բազմության համար պատմում է սերմնացանի առակը: Համարենք, որ մենք այդ բազմությունն ենք, և առակը պատմում է հենց մեզ համար: Առակը լսելու պահին մենք էլ մեր մտքում մեր անձի հողը համեմատում ենք առակի հողի տեսակների հետ և կարող ենք այդ պահին խնդրել Աստծուն, որը գիտե մեր հողերի որակի մասին, որպեսզի նա պարարտ դարձնի մեր հողերը, ո՛չ միայն առատ պտուղ ստանալու համար, այլ նաև ավելի լայնախոհությամբ հասկանալու համար Իր խոսքի ամեն դարձվածքը:
Սակայն որպեսզի մենք հասկանանք Աստծու խոսքի մանրամասները, նախ՝ պետք է ստուգենք մեր հավատքը: Ինչպիսի՞ն է մեր ունեցած հավատքը: Արդյո՞ք կա այն մեծ վստահությունը Աստծու նկատմամբ, որ մենք կարող ենք քայլել Նրա խոսքի համաձայն՝ անկախ արդյունքից: Եթե կա այդ վստահությունը, ուրեմն Աստված մեր հողը կդարձնի պարարտ: սերմնացանը մեր Տէր Հիսուս Քրիստոսն է, որի խոսքը ցանվում է ամենուր: Աստված մեզ Իր խոսքի սերմը տալիս է շռայլորեն, ուղղակի մենք չենք կարողանում ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում օգտագործել: Երբ քրիստոնյան եկեղեցի է մտնում, մտնում է ակնկալիքով, որ կլուծվի իր այս, կամ այն խնդիրը: Մտնում է եկեղեցի, խնդրում է Աստծուն իր խնդրի մասին և դուրս է գալիս եկեղեցուց: բայց սա բավական չէ, որպեսզի Աստված կատարի ամեն ցանկություն: Մի քանի անգամ գալուց հետո մարդը հիասթափվում է, կարծելով, որ եկեղեցին էլ անզոր է իր խնդիրը լուծելու համար: Քրիստոնյաներից շատերը եկեղեցի են մտնում բացարձակ անտեղյակ լինելով, թե ի՞նչ խորհուրդ է կատարվում եկեղեցում, ի՞նչ պատկեր է կախված պատից և ավետարանական որ հատվածն է խորհրդանշում այդ պատկերում, ի՞նչ շարական երգեցին , ի՞նչ Ավետարան կարդացին, ո՞վքեր են նկարներում պատկերված աստվածաշնչյան սրբերը, որքանո՞վ են նրանք առնչվում այսօրվա մեր եկեղեցու հետ: Մենք չենք ապրում եկեղեցու կյանքով, մեզ միայն կարևոր է, որ մեր խնդիրը լուծվի հնարավորինս՝ արագ: Մենք նույն կերպ ենք վարվում երբ եկեղեցում կատարվում է մկրտության կամ Պսակի խորհուրդ: Ժողովուրդը հաղորդ չէ այդ խորհրդին, աղոթակից չէ հոգևորականի հետ, այլ՝ սպասում է որ արագ ավարտվի և դուրս գան:
Իսկ սա նշանակում է, որ քրիստոնյաների հողը փշոտ է, ապառաժ է և սերմերը չի պտուղ տալ: Որովհետև Աստծու խոսքի սերմերը ո՛չ մի փոփոխություն չեն կատարել մարդկային սրտում, քանի որ այդ սիրտը պատած է փշերով, քարերով և ապառաժ է, և սրանք խանգարում են Աստծու խոսքի ներթափանցմանը: Ես գրեթե ամեն սերտողության մեջ ձեզ հիշեցնում եմ, որ եթե Ավետարանի ուսուցումը ձեր կյանքի մեջ փոփոխություն չի առաջացնում, և դուք չեք ունենում մեղքի գիտակցություն և զղջում, ապա խնդիր կա ուշադիր լսելու, և գործի վերածելու մեջ: Գոյություն ունի հոգևոր անզգայություն, երբ լսած խոսքը չի վերածվում գործի: Հոգևոր անզգայությունը այն փշերն են, որոնք ցանում է թշնամին, որպեսզի աճի և վնասի ցորենին; Հիշո՞ւմ եք որոմների առակը, երբ ծառաները հարցրին Տիրոջը,- Տէր, մի՞թե դու միայն բարս սերմ չէիր ցանել, որտեղի՞ց այս որոմը: Տէրն ասաց,- թշնամու արած գործ է սա: Այս փշերը բոլոր այն անտեսված մեղքերն են, որոնք մոռացության են տալիս օրվա ընթացքում՝ իրենց անկարևորության պատճառով: Իսկ սրանք աճում և մեծանում են, զբաղեցնելով մեր սրտի լավագույն հողը: Տէր Հիսուս խոսում է չորս տեսակ հողերի մասին, խոսում է պատճառների և հետևանքների մասին, և ավարտին դարձյալ ասում է,- Ով լսելու ականջ ունի թող լսի:
Առակի երեք տեսակ հողերին մենք առավել ծանոթ ենք քան չորրորդ տեսակին, որովհետև այնքան ժամանակ, քանի դեռ մենք լսելու ականջ չունենք, մեր հողը չի կարող պարարտ լինել: սերմը Աստծու խոսքն է: Ճանապարհի վրա ընկած սերմերն ընդունողները նրանք են, որոնք անուշադրությամբ են լսում Աստծու խոսքը, իսկ սատանան հեշտությամբ հեռացնում է նրանց մտքից, որպեսզի չհավատան ու չփրկվեն, քանի որ սրտում տեղ չկա Աստծու խոսքի համար:
Ապառաժի վրա ընկած սերմեր ընդունողները նրանք են, որոնք լսելիս ուրախանում են, խանդավառվում են, բայց քանի որ հավատը տկար է, փորձության ժամին մոռանում են իրենց լսածը:
Փշերի մեջ ընկած սերմեր ընդունողները նրանք են, որոնք տարված են աշխարհի հոգսերով, հարստությամբ և զվարճություններով: Աշխարհի զբաղմունքը խեղդում և անպտուղ է դարձնում Աստծու խոսքի այդ սերմերը:
Վերջապես պարարտ հողի մեջ ընկած սերմեր ընդունողները նրանք են, որոնք լսելու ականջ ունեն, Աստծու խոսքն ընդունելու մաքուր սիրտ ունեն, պայծառ և վերլուծող միտք ունեն, և Աստծու խոսքը նրանց համար վեր է աշխարհի բոլոր վայելքներից, վեր է իրենց անձի բոլոր հետաքրքրություններից: Այսպիսի մարդկանց ո՛չ հավատքն է կեղծ, ո՛չ ուրախությունը, ո՛չ էլ տխրությունը: Այսպիսիք իրենց աչքերը կտրել են ստորաքարշ երկրավոր մեղքերից, և իրենց հայացքը վեր հառած սպասում են իրենց Փրկչին, որը գալու է այնպես, ինչպես որ վեր համբարձվեց: Այսպիսի հողը ամբողջ տարին է պտուղ տալիս, և նրա պտղից կարող են օգտվել շատերը: Մեզ համար որպես օրինակ պետք է հանդիսանա պարարտ հողի տեր մարդը, որին Աստված հնարավորություն է տալիս իմանալու Աստծու արքայության խորհուրդները: Իսկ մյուս տեսակի հողերին տրված չէ այդ շնորհը: Երբ Պետրոսը Քրիստոսին Աստծու Որդի դավանեց, Քրիստոս նրան ասաց, դու քեզնից չասացիր, այլ իմ Երկնավոր հայրը տվեց քեզ այդ միտքը:
Այսինքն երբ մենք հավատում ենք, որ Հիսուսն է Քրիստոսը և Նա է Աստծու Միածին Որդին, դա մեզ մեր ծնողները չե՛ն սովորեցրել, ո՛չ էլ քահանայի ասելով է, որ հավատացել ենք, այլ՝ Աստված է դիպչել մեր սրտին և մենք դավանել ենք մեր Տիրոջ Աստվածությունը: Աշակերտներին ասաց,- ձեզ է տրված իմանալու Աստծու արքայության խորհուրդները, իսկ ուրիշներին՝ առակներով, որպեսզի նայեն, բայց չտեսնեն: Լսեն, բայց չհասկանան: Ինչքան պարզ է ասված: Նայեք մեր շուրջը, և այս խոսքերը հասկանալի կդառնա: Հազարավորները լսում են և չեն հասկանում, նայում են և չեն տեսնում: Ականջները լսում են, իսկ սիրտը անհաղորդ է: Աստծու խոսքը պետք է մշտական և մնայուն տեղ ունենա մեր ժամանակի և մեր ցանկության և մեր կյանքի մեջ, որպեսզի պտուղ տա: Տէր Հիսուս շրջում էր քաղաքներում և գյուղերում՝ ավետարանելով Աստծու արքայությունը, մեզ սովորեցնելով, որ երբեք չալարենք Աստծու գործի ծառայության մեջ: Նա սովորեցնում էր ո՛չ թե երկրային, այլ՝ երկնային անաղարտ դասեր: Բերելով Մարիամ Մագդաղենացու օրինակը, մեզ սովորեցնում է, որ մեր սրտերից նախ պետք է հեռացնենք չարը՝ որպեսզի սիրտը կարողանա Աստծուն ընդունել, ինչպես որ Մարիամի հետ պատահեց:
Ի՞նչ տվեց մեզ սերմնացանի այս առակը, որտեղ կա Աստված, որը մշտապես ցանում է Իր սերմը, կա Սատանան, որը մշտապես հետևում է, որպեսզի հանի Աստծու խոսքը մարդու սրտից: Կա նաև երեք տեսակ անմխիթար հողեր, որոնք մշակելու կարիք կա: Միայն մի տեսակ հողը արժանացավ Աստծու ուշադրությանը իր պարարտությամբ: Ճիշտ այդպես է այսօր Աստծու խոսքը լսող մարդկանց թիվը՝ չորից միայն մեկն է լսում: Իսկ եթե ավելի ստույգ՝ երեքը՝ կորստյան մատնված են, մեկը՝ փրկության է արժանացել: Սիրելիներ, ժամանակը աշխատում է մեր օգտին, մեր հողը մշակելու կարիք ունի, քարերն ու փշերը ծածկել են մեր հողը: Աստծու խոսքի համար ազատ տեղ չկա: Իսկ ժամանակը արագ է անցնում: Ավետարանն էլ ասում է ով ականջ ունի, թո՛ղ լսի: Այս կարևոր պատվիրանով ավարտենք այսօրվա մեր սերտողությունը՝ և ստուգենք, թե որքանո՞վ են մեր ականջները լսելու ականջներ:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի այսօր դառնանք պարարտ հող՝ Աստծու խոսքի սերմի համար: