ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի.7: 36-50
ՅԻՍՈՒՍ ՓԱՐԻՍԵՑԻ ՍԻՄՈՆԻՆ ՏԱՆԸ ՄԷՋ
36 Փարիսեցիներէն մէկը կ՚աղաչէր անոր, որ իրեն հետ հաց ուտէ։ Ան ալ փարիսեցիին տունը մտաւ ու սեղան նստաւ։ 37 Քաղաքին մէջ մեղաւոր կին մը կար. երբ իմացաւ թէ անիկա փարիսեցիին տունը սեղան նստեր է, շիշ մը անուշահոտ իւղ բերաւ։ 38 Ու ետեւի կողմէն անոր ոտքերուն քով կեցեր՝ կու լար եւ արցունքովը սկսաւ անոր ոտքերը թրջել ու իր գլխուն մազերովը կը սրբէր եւ կը համբուրէր անոր ոտքերը ու իւղով կ՚օծէր։ 39 Ու երբ տեսաւ փարիսեցին, որ զանիկա հրաւիրեր էր, ըսաւ իր մտքին մէջ. «Ասիկա եթէ մարգարէ ըլլար, պիտի գիտնար թէ ո՞վ եւ ի՞նչպիսի կին է իրեն դպչողը, վասն զի մեղաւոր է»։ 40 Յիսուս պատասխանելով ըսաւ անոր. «Սիմոն, քեզի բան մը ունիմ ըսելու»։ Ան ալ ըսաւ. «Ըսէ՛, վարդապետ»։ Յիսուս ըսաւ. 41 «Փոխ տուող մը երկու պարտական ունէր, մէկը հինգ հարիւր դահեկան պարտք ունէր ու միւսը՝ յիսուն։ 42 Որովհետեւ հատուցանելու կարողութիւն չունէին, երկուքին ալ շնորհեց։ Հիմա ըսէ. ‘Անոնցմէ ո՞րը աւելի պիտի սիրէ զանիկա’»։ 43 Պատասխան տուաւ Սիմոն ու ըսաւ. «Ինծի այնպէս կ՚երեւնայ, թէ որո՛ւն որ շատ շնորհեց»։ Ան ալ ըսաւ անոր. «Ուղիղ դատեցիր»։ 44 Ու դառնալով դէպի այն կինը՝ ըսաւ Սիմոնին. «Կը տեսնե՞ս այս կինը։ Ես քու տունդ մտայ, դուն ոտքերուս ջուր չտուիր, բայց ասիկա իր արցունքովը ոտքերս թրջեց եւ իր մազերովը սրբեց։ 45 Դուն ինծի համբոյր մը չտուիր, բայց ասիկա հոս մտնելէս ի վեր ոտքերս համբուրելէն չդադրեցաւ։ 46Դուն իմ գլուխս ձեթով չօծեցիր, բայց ասիկա իմ ոտքերս անուշահոտ իւղով օծեց։ 47 Ասոր համար կ՚ըսեմ քեզի. ‘Ներուած են ասոր շատ մեղքերը, վասն զի շատ սիրեց, բայց որուն որ քիչ կը ներուի, անիկա քիչ կը սիրէ’. 48 Ու ըսաւ անոր. «Քու մեղքերդ ներուած են»։ 49 Անոր հետ սեղան նստողները սկսան իրենց մէջ ըսել. «Ո՞վ է ասիկա որ մեղքերու թողութիւն ալ կու տայ»։ 50 Ինք ըսաւ կնոջը. «Քու հաւատքդ քեզ փրկեց, գնա խաղաղութեամբ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. երեկվա սերտողության մեջ Տէր Հիսուս ժողովրդի բազմությանը ներկայացրեց փարիսեցիներին և օրենքի ուսուցիչներին, որոնք իրենց արդար համարելով, անարգեցին Աստծու խորհուրդը և չմկրտվեցին Հովհաննեսի մկրտությամբ, մինչդեռ մաքսավորները և մեղավորները մկրտվեցին և ընդունեցին Աստծու արդարությունը: Այս մարդիկ, որոնք իրենց արդար էին համարում, մեղադրում էին Հիսուսին՝ մաքսավորների և մեղավորների հետ սեղան նստելու համար: Սա շատ կարևոր միտք է, որ կուզեմ ձեր ուշադրությանը արժանացնել: Մեր հասարակության մեջ առայժմ չի ձևավորվել ավետարանական այս դաստիարակությունը: Չի կարելի անտեսել մեղավոր մարդուն՝ սեփական անձը մաքուր համարելով: Գուցե հենց այդ մեղավոր մարդը կարիք ունի բարեպաշտ մեկի հետ շփման, որպեսզի իր մեջ կոտրի չուղղվելու ցանկությունը: Եթե Քրիստոս չէ՛ր անտեսում նման մարդկանց, և այցելում էր նրանց՝ իրենց շահի համար, ապա մենք ո՞ւմից ենք սովորենք, որ մեղավորին միայն քարկոծում և հեռու ենք վանում մեզնից: Երբեմն նույնիսկ անկարելի է սեփական կարծիք հայտնել, անմիջապես հայտնվում են մարդիկ, որոնք պիտակավորում են այս կամ այն մարդու համակիրը լինելու համար:
Եթե արդարը արհամարհի մեղավորին, էլ ո՞վ է որ պետք է նրան ցույց տա Քրիստոսի ճշմարտությունը: Մենք սովորել ենք մարդուն դատել իր արարքի համար և պիտակավորել նրան՝ մեկուսացնելով մեր շրջապատից: Հրեաները անբարո կնոջը բերեցին Քրիստոսի մոտ, Նրա կարծիքը իմանալու համար, որպեսզի քարկոծեն նրան և մահվան դատապարտեն: Եթե Քրիստոս համաձայնություն տար և ասեր, արե՛ք այնպես, ինչպես օրենքն է պահանջում, այդ կինը կմեռներ իր մեղքի մեջ, և փրկություն չէր ունենա: Բայց Քրիստոս այնպիսի հարց տվեց, որ բացի նրանից, որ չքարկոծեցին, այլ ամոթից բոլորը հեռացան, քանի որ իրենք էլ նույն մեղքի մեջ էին: Եթե մեկի մեղքը բացահայտվել է հանրության առջև, և նրան քարկոծում են, դա դեռ չի նշանակում, որ քարկոծողները այլ մեղքեր չունեն: Ավետարանում չեք գտնի մի դեպք, որ մեղավոր մարդուն Հիսուս Քրիստոս մերժել է օգնել իր գործած մեղքի համար: Ուրեմն մենք ո՞ւմից են սովորել այսքան անհանդուրժողականունուն, այն էլ ոչ թե մեղքի հանդեպ, այլ անձամբ մարդու անձի նկատմամբ: Եթե Աստված մեզ հնարավորություն տար վճիռ կայացնելու մի մեղավոր մարդու համար և դա լիներ նրա համար վերջնական, մի՞թե մենք նրան հավիտենական մահվան կդատապարտեինք: Իհա՛րկե չէինք անի: Իսկ ինչո՞ւ մարդկանց գործած մեղքերի համար չենք փնտրում օգնության ելքեր, եթե մեզ արդարներ ենք կարծում: Տէր Հիսուս Քրիստոս անտեսում էր օրենսգետների հանդիմանությունը այն բանի համար, որ իրեն մեղադրում էին մաքսավորների հետ շփվելու պատճառով:
Ահա այսպիսի մի հանդիպման մասին էլ մեր այսօրվա սերտողությունն է:
Սիմոն անունով մի փարիսեցի խնդրում է, որ Հիսուս իր տուն գնա և իրենց հետ ճաշի: Մենք չգիտենք, թե ի՞նչ կա Սիմոնի սրտում, գո՛ւցե իր հեղինակությունը բարձրացնելու համար էր հրավիրել Հիսուսին, որպեսզի հանրության մեջ ասի, որ մարգարեն իր հետ ճաշի է նստել: Քանի որ Հիսուսին որպես մարգարե էր ընդունում, ո՛չ թե որպես Աստծու Որդի, կամ Մեսիա: Մենք չգիտենք Սիմոնի հրավիրելու պատճառը, բայց գիտենք Տէր Հիսուսի նրա տուն գնալու միտումը, որը բխում էր միայն Սիմոնի շահերից: Փարիսեցու տուն մտավ և սեղան նստեց: Ձեզ պատմել եմ հրեական սովորության մասին, որ նշանավոր հյուրի հյուրասիրության ժամանակ դուռը բաց էր բոլորի առջև, որպեսզի անցնող և դարձողը օգտվեն այդ մարդու խոսքից կամ բժշկությունից: Այդ մասին գիտեին բոլորը, և անտեղյակ չէր նաև քաղաքի մեղավոր կինը:
Ավետարանն ասում է,- Եվ քաղաքում մի մեղավոր կին կար…
Պատկերացրեք մի քաղաք, որտեղ մի մեղավոր կին լինի, ի՛նչ օրինակելի քաղաք կլինի չէ՞: Եկավ մեղավոր կինը Սիմոնի տուն, իմանալով որ ներկաները իրեն ճանաչում են, որպես քաղաքի մեղավոր կին:
Եթե մեզ պատկերացնենք այդ կնոջ փոխարեն, կկարողանանք նկարագրել կնոջ հոգեվիճակը, երբ ներս մտավ: Նախ՝ գիտեր, որ Սիմոնի տուն եկածը մեծ մեկն է, եթե ո՛չ Աստծու Որդին, կամ հրաշագործ մեկը: Վստահաբար նրան ցավ էր պատճառում իր մեղքը, և ելք չէր գտնում ազատվելու այդ անպատվաբեր անունից: Համարձակություն ունեցավ հայտնվել բոլորի առջև և զղջալ իր մեղավոր վիճակի համար:
Ըստ ավետարանչի նկարագրության նա կանգնել էր ո՛չ թե Հիսուսի դիմաց, այլ Նրա հետևում, որովհետև խուսափում էր նայել ճշմարտության աչքերին: Ինչո՞ւ էր լաց լինում կինը: Ո՞վ է հյուր գնալիս լաց լինում: Կինը զղջալու և լացելու համար էր եկել, որովհետև իր հետ բերել էր այդ ժամանակի համար շատ թանկ՝ մի շիշ ազնիվ յուղ, որպեսզի հատուցի իր մեղքերի համար, օծելով պատվավոր հյուրի ոտքերը:
Գուցե նաև գիտեր, որ Հիսուսն է Քրիստոսը, և վստահաբար է եկել: Կնոջ զղջման արցունքները թրջում էին Քրիստոսի ոտքերը և կինը իր մազերով սրբում էր Նրա ոտքերը և օծում իր բերած յուղով:
Կինը ամբողջությամբ պատրաստ էր հետ կանգնելու իր մեղավոր վարքից, քանի որ մազերը, որ կնոջ փառքն է, մինչև Քրիստոսի ոտքեր էր խոնարհեցրել: Արցունքները, որ սրտից էին հոսում, ապացույցն էր այն բանի, որ հույս ուներ ներվելու:
Մենք մեզ պետք է պատկերացնենք այդ միջավայրում, որպեսզի գնահատականը ճիշտ տանք: Այս երևույթը կատարվում էր բոլորի աչքի առջև, որ սեղանի շուրջ էին նստած: Սիմոնը, որ հրավիրել էր Հիսուսին, իր մտքում արդեն մեղանչեց, կասկածելով իր հրավիրած մարգարեի իսկության վրա, քանի որ ինքը ճանաչում էր այդ կնոջը, որը մեղավոր է: Կնոջ մեղավորությունը հաստատված է ըստ Սիմոնի, մնում է հրավիրված մարգարեի իսկությունը ճշտել, - մտածում էր ,,արդար,, Սիմոնը:
Տէր Հիսուս միջամտեց Սիմոնի լուռ մտածումներին, որպեսզի ավելի առաջ չգնա իր մեղանչումի մեջ, և ասաց նրան,- Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ: Սիմոնն ասաց,- Ասա՛ Վարդապետ: Տէր Հիսուս պատմեց այն առակը, որը կարդացի ձեզ՝ երկու պարտապանների մասին, որոնք չեն կարողացել իրենց պարտքը վերադարձնել և փոխատուն երկուսին էլ ներում է շնորհել, հրաժարվելով վերցնել պարտքերը:
Մեկի գումարը մեծ է, մյուսին՝ փոքր: Հարց ուղղեց Սիմոնին, ասելով,- Ասա՛ ինձ Սիմոն, հիմա երկուսից ո՞վ ավելի շատ կսիրի փոխատուին; Սիմոնը ճիշտ կռահեց, որովհետև անմիջապես մարդկային և առևտրային փոխհարաբերությունների մեջ պատկերացրեց այդ երևույթը: Սակայն մտքի ծայրով էլ չանցավ, որ հարցը ավելի խորքային էր քան դրամական; Հիսուս նրան ասաց,- ուղիղ դատեցիր, Սիմոն:
Բնականաբար մեծ գումարի պարտքատերը ավելի շատ կուրախանար և ավելի շնորհակալ կլիններ, քան փոքրիկ գումարի պարտապանը: Սա ամենահեշտ եզրակացությունն է, որ անում ենք նաև մենք՝ առանց հարցի խորքը ներթափանցելու: Ապա դառնալով կնոջ կողմը, Սիմոնին ասաց,- Մտա քո տուն, ոտքերիս համար ջուր չտվիր, իսկ սա իր արցունքներով թրջեց իմ ոտքերը և իր մազերով սրբեց: Դու ինձ մի համբույր չտվիր, իսկ սա չի դադարում ոտքերս համբուրելուց: Դու իմ գլո՛ւխը յուղով չօծեցիր, իսկ սա անուշ յուղով ոտքե՛րս օծեց: Սիրելիներ, Ոտքերը լվանալը, գլուխը օծելը և համբույր տալը նշան է հրավիրված պատվավոր հյուրին որպես հարգանք: ինչո՞ւ էր պետք հյուրի ոտքերը լվանալ: Նախ՝ որ մարդկանց ոտքերը բաց էին, ճանապարհը շատ փոշոտ էր, երբ հյուրը տուն է գալիս, նրա ոտքերին ջուր էին լցնում՝ այդ փոշուց ազատելու համար: Այս սովորությունների մասին էր ակնարկում Տէր Հիսուս Սիմոնին, որը անտեսել էր Իր տուն մտնելիս: Այդ յուղը, որի մասին խոսում է Հիսուս Քրիստոս, այսօր էլ գոյություն ունի Իսրայելում, և չափազանց թանկ է, ինչպես որ այն ժամանակ էր թանկ: Համբույրը նույնպես ընդունված էր հատկապես Վարդապետներին՝ որպես հարգանք, սակայն համբուրում էին Վարդապետի ո՛չ թե այտը, ինչպես որ նկարներում պատկերված է, որ Հուդան այդպես է համբուրում, այլ ուսը, կամ ձեռքը:
Դրա համար քեզ ասում եմ, որ իր անհամար մեղքերը կներվեն սրան, որովհետև ուժգին սիրեց, ասաց Հիսուս Սիմոնին:: Պատմած առակի մեջ պարտքը ներվեց, հետո սիրեցին փոխատուին, իսկ այս մեղավոր կնոջ պարագային հավատաց, եկավ, զղջաց, սիրեց և ներվեց նրա անհամար մեղքերը: Տեսա՞ք, թե՝ ինչպես է լինում ծածուկ զղջումը արտասուքով կամ առանց արտասուք, բայց սրտանց: Ո՛չ մի մեղքի մասին բարձրաձայն խոստովանություն չեղավ, ինչպես որ մենք ենք անում եկեղեցիներում: Բայց ներվեց նրա անհամար մեղքերը, որը Տէր Հիսուս բացահայտեց, և ո՛չ ոք չգիտեր: Փարիսեցի Սիմոնը, որը իրեն մեղավոր չէր համարում, առանց սիրելու էր հրավիրել Վարդապետին, բայց մեղավոր կինը, որ հանձն առավ իր մեղքերը, սիրով էր եկել վարդապետի մետ: Աղի արցունքները այդ կնոջ ներսից դուրս թափվեց և ազատեց նրան անհամար մեղքերից: Նա այլևս չէր համարվի քաղաքի մեղավոր կինը, որովհետև նա Քրիստոսի ոտքերի մոտ դրել էր իր համար ամենաթանկը՝ զղջման արցունքը: Այլ՝ քաղաքում կհամարվեր զղջացող կին, որը պատրաստ է համբուրել իրեն ներում շնորհած Փրկչի ոտքերը: Նա քաղաքում այլևս նախկին հպարտ տեսքով չէր շրջի, այլ գլխիկոր, քանի որ Տիրոջից էր ստացել ներումը իր զորավոր հավատքի համար:
Նա շրջվե՛ց և երես դարձրեց ի՛ր մեղավոր կյանքից և գնաց ճշմարտության հետևից, ջնջելով նախկին մեղավոր կյանքի ոտնահետքերը:
Ուղղափառ Սրբերի վարքի մեջ գրված է Մարիամ Եգիպտացու մասին, որը 17 տարի անբարո կյանքով է ապրել, -պատմել եմ ձեզ այդ մասին,- նա անառակություն է արել ուղղակի իր հաճույքի համար, ո՛չ թե դրամի: Մարիամին ապաշխարության համար ևս 17 տարի պետք եկավ ազատվելու այդ մեղքից, և մահից հետո դասվեց սրբերի շարքին; Հետաքրքիր է Մարիամ եգիպտացու վարքը, կարող եք կարդալ: Իսկ այս կնոջը րոպեների ընթացքում ներում շնորհվեց իր անհամար մեղքերի համար: Տարբեր են հանգամանքները, տարբեր են մեղքերը, տարբեր են զղջման տեսակները, Սակայն նույնն է մեր Տիրոջ ողորմության չափը՝ ցանկացած մեղավորի հանդեպ, որը զղջում է:
Տէր Հիսուս դարձավ կնոջը, և ասաց, - Քո մեղքերը քեզ ներվա՛ծ են: Քո հավա՛տը քեզ փրկեց:
Սեղանակիցները այս խոսքից տարակուսեցին, և դարձյալ իրենց մտքում ասում էին,- Ո՞վ է սա, որ մեղքերին թողություն է տալիս: Քանի որ իրենք ծանոթ էին մեղքերի թողության ծիսակարգին, որը կատարվում էր կենդանու զոհաբերությամբ, տաճարում, և քահանայի ձեռքով:
Իսկ Տէր Հիսուս արձակեց կնոջը խաղաղությամբ: Ո՛չ միայն մեղքերը ներեց, այլ ցույց տվեց ճշմարտության և խաղաղության ճանապարհը, որը բաց է միայն զղջացող մարդու համար:
Սիրելիներ, խորհուրդ կտամ շատ կարդաք սրբերի վարքը, քանի որ շատ ուսուցողական պատմությունների օրինակներ կան այնտեղ, որոնցից կարելի է շատ բան սովորել: Քրիստոնեական կյանքի մեջ զղջումը պետք է դրվի ամեն ինչից առաջ: Զղջումը ամենաթանկ գանձն է, որ մենք ունենք մեր կյանքի մեջ, որը փոխարինվում է փրկությամբ: Դիր քո ամենաթանկը Քրիստոսի ոտքերի առջև, որ քո զղջացող կոտրված սիրտն է, և դիմացը ստացիր հավիտենական փրկություն:
Ի՞նչ ունենք մենք այս խրատական պատմությունից: Կա հպարտ փարիսեցի, որը իրեն արդար է կարծում և մեղադրում է նույնիսկ Քրիստոսին: Կա մեղավոր կին, որի զղջման օրինակը արժանացել է Ավետարանում գրվելու: Կան սեղանակիցներ, որոնք դատում են արտաքին երևույթներից: Կա Հիսուս Քրիստոս, որը միշտ սպասում է մեղավորի դարձին, կլինի փարիսեցի, թե՞ մաքսավոր, անբարո կի՞ն, թե՞ մեծամիտ քահանայապետ: Մենք այս մարդկանց դերի մեջ ենք հայտնվում մեր կյանքի տարբեր ժամանակահատվածներում; Միայն մի բան լավ հիշենք, որ Հիսուս Քրիստոս ոչ մեկի չի ասում,- Ես քեզ փրկեցի, այլ՝ ասում է,- քո հավատը քեզ փրկեց: Նայեք մեր շուրջը և համոզվեք, որ մենք ոչ մեկին պետք չենք մեր մեղավոր վիճակով, բացի Աստծուց, որն ապահովում է մեր փրկությունը: Հետևաբար կարողանանք միմյանց ներել ու հանդուրժել հանուն մեր փրկության և հավիտենական կյանքի ձեռքբերման: Ավարտենք այստեղ մեր սերտողությունը, սովորենք մեր դասը, և պատրաստվենք վաղվա դասին; Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեր որակյալ զղջումն ու մեր հավատքը արժանացնի մեզ Հիսուս Քրիստոսի ներմանն ու ողորմությանը::