ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 7: 18- 35
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԿՐՏՉԻՆ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐԸ
18 Այս բաները Յովհաննէսին պատմեցին աշակերտները։ 19 Յովհաննէս ալ իր աշակերտներէն երկուքը իրեն կանչեց եւ զանոնք Յիսուսին ղրկեց՝ ըսելով. «Դուն ա՞ն ես որ գալու էր, թէ ուրիշի մը սպասենք»։ 20 Աշակերտները գացին անոր ու ըսին. «Յովհաննէս Մկրտիչը մեզ ղրկեց քեզի ու կը հարցնէ. ‘Դուն ա՞ն ես որ գալու էր, թէ ուրիշի մը սպասենք’»։ 21 Նոյն ժամուն շատեր բժշկեց իրենց հիւանդութեններէն ու հարուածներէն եւ չար ոգիներէն ու շատ կոյրերու տեսութիւն շնորհեց։ 22 Ապա Յիսուս պատասխան տալով՝ անոնց ըսաւ. «Գացէք Յովհաննէսին պատմեցէք ինչ որ տեսաք ու լսեցիք, թէ կոյրերը կը տեսնեն, կաղերը կը քալեն, բորոտները կը մաքրուին, խուլերը կը լսեն, մեռելները յարութիւն կ՚առնեն, աղքատներուն աւետարան կը քարոզուի։ 23 Երանի՜ անոր որ իմ վրայովս չի գայթակղիր»։
24 Երբ Յովհաննէսին ղրկած մարդիկը գացին, Յիսուս ժողովուրդին ըսաւ Յովհաննէսին համար. «Ի՞նչ տեսնելու ելաք անապատին մէջ. եղէ՞գ մը հովէն շարժուած։ 25 Հապա ի՞նչ տեսնելու ելաք. փափուկ հանդերձներ հագած մա՞րդ մը։ Ահա անոնք որ փառաւոր հագուստներով ու փափկութեան մէջ են, թագաւորական պալատներն են։ 26 Հապա ի՞նչ տեսնելու ելաք. մարգարէ՞. «Այո՛, կ՚ըսեմ ձեզի, մարգարէէ մը աւելի»։ 27 Վասն զի ասիկա է՝ որուն համար գրուած է. ‘Ահա ես իմ դեսպանս կը ղրկեմ քու երեսիդ առջեւէն, որ քու ճամբադ պիտի պատրաստէ քու առջեւէդ’։ 28 Քանզի կ՚ըսեմ ձեզի. ‘Կիներէն ծնածներուն մէջ Յովհաննէս Մկրտչէն մեծ մարգարէ չկայ’. սակայն Աստուծոյ թագաւորութեանը մէջ ամենէն պզտիկը անկէ մեծ է»։
29 Բոլոր ժողովուրդը ու մաքսաւորները երբ լսեցին, Աստուած արդարացուցին, որ Յովհաննէսին մկրտութիւնով մկրտուեցան։ 30 Բայց փարիսեցիները եւ օրինականները իրենց անձին դէմ Աստուծոյ խորհուրդը անարգեցին եւ անկէ չմկրտուեցան։
31 Արդ որո՞ւ նմանցնեմ այս ազգին մարդիկը եւ որո՞ւ կը նմանին։ 32 Կը նմանին տղոց, որոնք շուկաները նստելով՝ իրարու կը կանչեն ու կ՚ըսեն. ‘Փող հնչեցուցինք ձեզի ու չխաղացիք։ Ողբ կարդացինք ձեզի ու չլացիք’։ 33 Վասն զի Յովհաննէս Մկրտիչ եկաւ, ո՛չ հաց կ՚ուտէր եւ ո՛չ գինի կը խմէր ու կ՚ըսէիք. ‘Դեւ կայ անոր ներսիդին’։ 34 Որդին մարդոյ եկաւ, կ՚ուտէ ու կը խմէ եւ կ՚ըսէք. ‘Ահա ուտող եւ արբեցող մարդ մը, մաքսաւորներու եւ մեղաւորներու բարեկամ’։ 35Իմաստութիւնը արդարացաւ իր բոլոր որդիներէն»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ. Երեկվա սերտողությունը հիմք ունենալով գնանք առաջ և տեսնենք, թե ինչպ՞ս են զարգանում իրադարձությունները, ինչպե՞ս է տարածվում Հիսուս Քրիստոսի համբավը մարդկանց մեջ: Երեկ տեսանք, որ այրի կնոջ մեռած պատանուն հարություն տալու փաստը մարդկանց մեջ և՛ ահ առաջացրեց, և ուրախություն՝, որ Աստված այցելություն է արել Իր ժողովրդին՝ բարությամբ:
Երբ Հիսուս Քրիստոս սկսեց իր բուն առաքելությունը, Հովհաննես Մկրտիչը արդեն բանտարկված էր Հերովդես չորրորդապետի հրամանով, նաև՝ վերջինիս կնոջ ցուցումով: Հովհաննեսը ծանոթ էր բոլոր մարգարեություններին, որոնք վերաբերում էին Հիսուս Քրիստոսին, և նա տեսնում էր, որ այդ մարգարեությունները կատարվում են, քանի որ իր աշակերտները բոլոր հրաշքների լուրերը հասցնում էին Հովհաննեսին՝ բանտում եղած ժամանակ: Հովհաննեսի վարքին վերաբերող հրեական գրություններն ասում են, որ Հովհաննեսը իր հոգևոր կրթությունը ստացել է ,, Կումրատիտներ,, կոչվող կրոնական մի շարժման մեջ, որի ակնկալիքը Մեսիայից նույնպես Իսրայելի ազատագրումն էր Հռոմի տիրապետությունից: Մենք գիտենք, որ Հովհաննեսին հանիրավի մեղադրանք առաջադրեցին և բանտարկեցին՝ ճշմարտությունը բարձրաձայնելու պատճառով: Երբ Հովհաննեսի աշակերտները հերթական անգամ այցելեցին բանտ, նա աշակերտների միջոցով մի հարցում ուղարկեց Քրիստոսին, ասելով,- Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք:
Հովհաննեսի այս հարցը շատ մեկնաբանների համար տարատեսակ վերլուծությունների առիթ է հանդիսացել, և ամեն ոք փորձել է յուրովի մեկնաբանել այս հարցը: Բայց բարդ հարցերին պարզ սրտով մոտենալը երբեմն ավելի արդյունավետ է, քան աստվածաբանական երանգ տալը: Հովհաննեսը ընտրված էր Աստծուց, բայց Աստված չէր: Նա չափազանց նախանձախնդիր էր իր առաքելության մեջ, և նրան սահմանափակել էին բանտում: Անօրենը սահմանափակել էր Աստծու ընտրեալի իրավունքները, որը կանչված էր Տիրոջ ճանապարհը հարթելու և մարդկանց մեղքերը բարձրաձայնելու համար, որպեսզի նրանք ապաշխարության կյանք ապրեն իր միջոցով: Նա անսահման նվիրված էր իր ծառայությունը, և այժմ արգելափակել են իր իրավունքները: Նաև լսում է, որ Տէր Հիսուս գործում է մարդկանց մեջ՝ իրականացնելով բոլոր գրված մարգարեությունները: Մարդկային տրամաբանությամբ եթե մտածենք, ապա որքա՛ն շատ պիտի կամենար Հովհաննեսը դրսում լիներ և համագործակցեր Տէր Հիսուսի հետ: Սակայն շարունակում էր մնալ բանտարկված: Ո՛չ ոք չի կարող կասկածել Հոհհաննեսի ունեցած հավատքի վրա, որ ուներ Աստծու Որդու նկատմամբ, քանի որ առաջինը իր ականջները լսեցին երկնքի ձայնը, թե Դա՛ է Իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը: Մի՞թե ավելի հավաստի վկայություն կարող էր ունենալ Հովհաննեսը, այս մեկից առավել:
Եթե հիմք ունենանք այն ավանդությունը, որ Հովհաննեսի ուսուցման տարիները անցել են այն մարդկանց մոտ, որոնք Մեսիայից ակնկալել են Իսրայելի ազատագրումը, ապա տրամաբանական է, որ Հովհաննեսի մտքում էլ հարց առաջանար, ինչո՞ւ չի ազատագրում իրեն՝ բանտից: Մեղք չէ այսպես մտածել, քանի որ Հովհաննեսը իր կյանքի համար չէր անհանգստանում, այլ ժողովրդի կարիքի և օգնության: Իսկ մեծ առումով Հովհաննեսի տված հարցը մեր հավատքի վրա որևէ բացասական ազդեցություն չի ունենում, որովհետև մենք էլ լինելով պարզ մարդիկ երբեմն շատ ավելի տարօրինակ հարցեր են առաջ գալիս մեր գլխում՝ Աստվածաշնչի վերաբերյալ:
Իսկ ի՞նչ պատասխանեց Տէր Հիսուս՝ Հովհաննեսի այդ հարցին, որ բերել էին նրա աշակերտները: Մինչ աշակերտները սպասում էին Քրիստոսի պատասխանին, Նա բուժում էր զանազան հիվանդություններ, ազատում էր մարդկանց չար ոգիներից, կույրերին տեսողություն էր պարգևում, կաղերին քայլելու շնորհ էր տալիս: Մինչ աշակերտները զարմացած էին Նրա զորությամբ բժշկելու վրա, Հիսուս ասաց,- Գնացե՛ք պատմեցեք Հովհաննեսին, ինչ որ դուք տեսաք և լսեցիք, որ կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները մաքրվում են, խուլերը՝ լսում են, մեռելները հարություն են առնում և աղքատները բարի լուրն լսում: Այս խոսքերը Եսայի մարգարեության 35րդ գլխի 5ից 10րդ համարների մեջ է գրված:
Այսպես պատասխանեց Հովհաննեսի աշակերտներին, որոնք անհամբեր սպասում էին, թե ի՞նչ պատասխան պիտի տանեն Հովհաննեսին: Տէր Հիսուս մի ուշագրավ արտահայտություն է արեց վերջում, ասելով,- Երանի՛ նրան, որ իմ պատճառով չի գայթակղվի: Վստահ եմ, որ աշակերտները ամբողջությամբ չհասկացան, թե ի՞նչ էր նշանակում Քրիստոսի այս խոսքերը, որը ամենևին էլ իրենց ուսուցչի տված հարցի պատասխանը չէր: Նրանք էլ ժամ առաջ կուզեին իրենց ուսուցչին տեսնել ազատության մեջ, և աշակերտել նրան:: Մենք արդեն գիտենք, որ Վարդապետը հարցերին չի տալիս ուղիղ պատասխան, այլ տալիս է խորհելու և հասկանալու հնարավորություն: Տէր Հիսուսի պատասխանը սակայն լիովին հասկանալի էր Հովհաննեսի Մկրտչի համար: Հիսուսի տված պատասխանից Հովհաննեսը պետք է հասկանար, որ Ինքը եկել է աշխարհ՝ ըստ մարգարեությունների, և գործում է ըստ մարգարեությունների, ինչին ականատես եղան Հովհաննեսի աշակերտները: Պետք չէ, որ Հովհաննեսը հանկարծ գայթակղություն ունենա այն բանի համար, որ Հիսուս չի արդարացնում նրանց հույսերը, որոնք ակնկալում էին Իսրայելի տարածքային ու քաղաքական ազատագրումը: Գուցե նաև Հովհաննեսը ուղարկեց իր աշակերտներին, որպեսզի իրենց աչքով տեսնեն, հավատան ու հետևեն Քրիստոսին, քանի որ ինքը անազատության մեջ էր: Բոլոր տարբերակները ճիշտ են, եթե ընթերցողը գիտե նրանցից յուրաքանչյուրի աշխարհ գալու նպատակը:
Հովհաննեսը եկել էր Քրիստոսի ճանապարհը հարթելու համար, իսկ Քրիստոս ուղարկվել էր ժողովրդի փրկությունը ապահովելու համար: Թանկ գին վճարեց Հովհաննեսը՝ իր առաքելության համար՝ գլխատվելով արդարությունը բացահայտելու պատճառով: Առավել թանկ գին վճարեց Հիսուս Քրիստոս՝ Իր կյանքը կամավոր խաչին գամելով, դարձյալ արդարությունը ներկայացնելու պատճառով: Մարդկության փրկությունը ապահովված է Հիսուս Քրիստոսի միջոցով: Իրականացավ Աստծու փրկության ծրագիրը՝ Իր 33 ամյա Որդու կյանքի գնով; Մնացած հարցերը երկրորդական են բոլոր նրանց համար, որոնք իրենց երիտասարդ կյանքերը դրեցին այդ ճանապարհին՝ հավատալով, քարոզելով, նահատակվելով՝ հանուն Քրիստոսի ճշմարիտ վարդապետության:
Երբ Հովհաննեսի պատգամավորները գնացին, Տէր Հիսուս սկսեց խոսել Հովհաննեսի մասին և ներկայացնել նրան՝ մարդկանց առջև, որպեսզի չլինի թե Հովհաննեսի տված հարցը հանկարծ գայթակղություն հանդիսանա մարդկանց համար, և մտածեն, որ Հովհաննեսն էր իրենց պատմում Հիսուսի մասին, հիմա ինչպե՞ս է հարցնում, թե, Դո՞ւ ես որ գալու էիր, թե ուրիշին սպասենք: Հովհաննեսն էր ասում մարդկանց, որ Նա՛, որ գալու է, ինձնից մե՛ծ է: Նա պետք է մեծանա իսկ ես փոքրանամ:
Մենք գիտենք, որ Հովհաննեսը Հիսուսից վեց ամիս մեծ է: Գիտենք նաև որ ինքն էր Հիսուսի ճանապարհը հարթողը: Բայց սա չի նշանակում, որ ինքը Հիսուսից մեծ էր, որովհետև շուտ էր ծնվել:
Հիսուս ժողովրդին ասում է, որ ձեր իմացած բոլոր մարգարեներից մեծ է Հովհաննեսը: Բայց մենք գիտեն, որ Հովհաննեսից առաջ շատ մեծ մարգարեներ են եղել: Հովհաննեսի մեծությունը մարդկանց մտքերին հասցնելու համար Տէր Հիսուս կամենում է ասել, որ նախորդ մարգարեները, որոնց դուք գիտեք, նախ ծնվել, մեծացել և ապա հետո են մարգարեացել Իմ մասին, իսկ Հովհաննեսը իր մոր որովայնում է մարգարեացել իմ Իմ մասին՝ ցնծալով ուրախացել է Սուրբ Հոգով: Այդ պատճառով կանանցից ծնվածների մեջ Հովհաննեսից ավելի մեծ մարգարե չկա: Նկատի ունի, որ երկրի վրա Հովհաննեսը առաջինն է՝ իր մեծությամբ, իսկ Աստծու Արքայությունում՝ Փոքրը՝ նրանից մեծ է: Այստեղ Տէր Հիսուս Հովհաննեսին Իր հետ է համեմատում: Եթե երկրի վրա կանանցից ծնվածների մեջ, մեծը՝ Հովհաննեսն է, ապա Տէր Հիսուս, որ Աստծու Արքայությունն է, կնոջից չի ծնվել, այլ՝ կույսից, և Հովհաննեսից հետո: Դրա համար Աստծու արքայության մեջ փոքրը՝ Հովհաննեսից մեծ է, չնայած, որ նրանից հետո է ծնվել: Աստվածությամբ և զորությամբ Քրիստոս մեծ է բոլորից:
Ամեն ինչ թափանցիկ է գործում մարդկանց աչքի առջև, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չառաջանա իր գործունեության վերաբերյալ; Հեթանոսի ծառային բուժեց հեռվից: Սակայն որպեսզի ներկաները չմտածեն, որ գուցե այդ հեթանոս ծառան, որ մահամերձ էր, չմահանար, և շարունակեր ապրել: Այդ պատճառով դրանից անմիջապես հետո հարություն տվեց մեռած պատանուն, որը բոլորի աչքի առջև էր և դագաղի մեջ էր:
Իսկ այստեղ որպեսզի ժողովրդի մեջ հանկարծ գայթակղություն չառաջանա Հովհաննեսի տված հարցի պատճառով, Քրիստոս շատ գեղեցիկ համեմատություններով մեծարում է Հովհաննեսի ընտրյալ լինելու հանգամանքը: Հովհաննեսը Աստծուց ուղարկված էր, Աստծու պատգամավորն էր, և նրա ապրած կյանքը փաստում էր այդ մասին, որովհետև փառավոր զգեստներով և փափուկ կենցաղով մարդիկ արքունիքներում են ապրում: Իսկ Հովհաննեսը եղեգ չէր, որը տատանվում է քամուց այս ու այն կողմ, քանի որ նա իր մոր որովայնից է ճանաչում Քրիստոսին և հավատում և քարոզում Նրա մասին; Եթե դուք Հովհաննեսին լսել եք որպես մարգարե, ուրեմն ընդունեք որպես մարգարե: Եթե Հովհաննեսը վայելք սիրեր, ապա արքունիքներում կլիներ, բայց նա ընտրեց անապատը, և սկսեց ապաշխարության մկրտությունը;
Ամբողջ ժողովուրդը լսեց Հովհաննեսին, նույնպես և մաքսավորները ընդունեցին Աստծու արդարությունը՝ մկրտվելով Հովհաննեսից, բացի փարիսեցիներից ու օրենքի ուսուցիչներից, որոնք իրենց հոգիներում Աստծու խորհուրդն անարգեցին այն բանով, որ հրաժարվեցին մկրտվել Հովհաննեսից: Այսինքն իրենց արդարությունը մեծ համարեցին Աստծու խորհրդից՝ որ մկրտությունն է: Այլ խոսքով ասած՝ քրիստոնեական կյանքի մեջ՝ ամենափոքրը մե՛ծ է օրենքի մեջ իրեն արդար համարողից: Այս ճշմարտությունը բոլոր ժամանակների համար ճշմարտություն է, քանի շատ են այն մարդիկ, որոնք ծաղրում են եկեղեցի գնացող և զղջացող հավատացյալներին, իրենց համարելով արդար և զղջման կարիք չունեցող մարդկանց: Այդպես էին վարվում փարիսեցիները, իրենց համարելով օրենքը պահող արդարներ: Մինչդեռ արժանացան Քրիստոսից ստանալու իրենց արարքին արարքներին համապատասխան անուն՝ զարդարված գերեզման:
Իր խոսքի ավարտին, Հիսուս Քրիստոս ամփոփելով իր միտքը, ժողովրդին բացատրում է փարիսեցիների այդ սերնդի մարդկանց անհասկանալի պահվածքը, որոնք չընդունեցին Հովհաննեսին՝ իր ժուժկալության պատճառով, չընդունեցին նա՛և Հիսուս Քրիստոսին՝ բոլոր մարդկանց հետ հավասարապես շփվելու պատճառով: Նրանց վերաբերյալ մի առակ է պատմում, համեմատելու համար այդ սերնդի փարիսեցիներին նմանեցնելով առակի երեխաների հետ: Հրեական սովորության մեջ, ընդունված խաղ կար երեխաների մոտ, երբ մեծ քանակությամբ երեխաներ բաժանվում էին երկու մասի և սկսվում էր խաղը: Մի մաս երեխաները նվագում էին թմբուկներով և պարի էին հրավիրում մյուս մասի երեխաներին, որոնք ողբ էին ասում և լաց էին լինում: խաղը ավարտվում էր նրանով, թե որ կողմը կարող էր ավելի շատ համախոհներ դեպի իր կողմը բերել: Սովորաբար յուրաքանչյուրը մնում էր իր տեսակետին և չէին միանում հակառակ խմբին: Այս առակը ծանոթ էր ինչպես Հիսուս Քրիստոսին, այնպես էլ ժողովրդին; Դար համար անմիջապես հասկանում էին առակի իմաստը: Առակի ավարտին Տէր Հիսուս ասում է,- Իմաստությունը արդարացվեց իր որդիներից: Այսինքն բոլոր ժամանակներում կարող են լինել իմաստության որդիներ և արդարացնել Իմաստությունը, որ մեր Տէր Հիսուս Քրիստոսն է:
Թե ինչո՞ւ օրենքի ուսուցիչները և փարիսեցիները մերժեցին Հովհաննես Մկրտչի քարոզն ու մկրտությունը, հանձնենք Աստծու ողորմությանը և վերադառնանք մեզ՝ տեսնելու համար, թե ինչպե՞ս կվարվեինք մենք, եթե այնտեղ լինեինք: Կգնայի՞նք անապատ Հովհաննեսին լսելու: Կմկրտվեի՞նք Հովհաննեսի մկրտությամբ՝ մեղքերի լվացման համար: Նայենք մեր շուրջը և տեսնենք, թե որքա՛ն չմկրտվածներ կան, և հատկապես, թե որքա՞ն է հոգևոր քարոզներ լսողների թիվը: Բայց դո՛ւք, որ լսում եք քարոզը և մկրտված եք, ձեր ուշադրությունը պահեք Ավետարանի գլխավոր ասելիքի վրա, որ Հիսուս Քրիստոս առաջին անգամ եկավ փրկության համար, իսկ երկրորդ անգամ գալու է դատելու համար: Մենք հիմա այդ ժամանակահատվածի արանքում ենք, որը կոչվում է ,,եզակի հնարավորություն,,: Օգտվենք այդ հնարավորությունից:
Սիրելիներ այս հետաքրքիր մտքի վրա ավարտենք մեր սերտողությունը՝ աղոթքի գեղեցիկ բառերով:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մարգարեին ընդունենք որպես մարգարե և Աստծու խորհուրդները պահենք՝ մկրտությունից հետո: