ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի.7:11- 17
ԱՅՐԻ ԿՆՈՋ ՈՐԴԻԻՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԸ
11 Հետեւեալ օրը քաղաք մը կ՚երթար, որուն անունը Նային էր։ Անոր հետ կ՚երթային իր աշակերտներէն շատերը ու մեծ բազմութիւն մը։ 12 Երբ քաղաքին դրանը մօտեցաւ, մեռել մը դուրս կը հանէին, իր մօրը մէկ հատիկ տղան։ Մայրը որբեւարի էր։ Քաղաքէն շատ ժողովուրդ անոր հետ էր։ 13 Տէրը զանիկա տեսնելով՝ խղճաց անոր վրայ ու ըսաւ անոր. «Մի՛ լար»։ 14 Մօտենալով՝ դագաղին դպաւ ու տանողները կանգ առին. եւ ըսաւ. «Ո՛վ պատանի, քեզի կ՚ըսեմ, Ելի՛ր»։ 15 Ու մեռելը ելաւ նստաւ ու սկսաւ խօսիլ։ Յիսուս տուաւ զանիկա իր մօրը։ 16 Եւ ամէնքն ալ վախով բռնուեցան ու Աստուած կը փառաւորէին՝ ըսելով. «Մեծ մարգարէ մը ելեր է մեր մէջ եւ թէ Աստուած իր ժողովուրդին այցելութիւն ըրաւ»։ 17 Եւ այս ձայնը անոր վրայով բոլոր Հրէաստան ելաւ ու բոլոր շրջակայ տեղերը։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. համառոտ վերհիշենք երեկվա սովորած դասի գլխավոր կերերը և անցնենք առաջ: Հարյուրապետի զորավոր հավատքը զարմացրեց Քրիստոսին, հիացրեց նա՛և մեզ:
Հրեա ավագների բարեխոսությունն ու միջնորդությունը ևս օգտակար օրինակ է մեզ համար, հարկ եղած դեպքում կիրառելու ակնկալիքով: Ողորմության համար օրենք չկա և Տէր Հիսուս խախտեց հրեա- հեթանոս սահմանը և հասավ հարյուրապետի սրտին, որտեղ մեծ հավատք գտավ: Կափառնաում քաղաքի մասին շատ ենք կարդացել, որտեղ ամենաշատն է եղել հիսուս Քրիստոս և այնտեղ է կատարել իր զորավոր գործերի մեծ մասը: Հեթանոսի ծառային բուժելուց հետո, Տէր Հիսուս դուրս է գալիս այդ քաղաքից և գնում է մի ուրիշ քաղաք, որ Նային է կոչվում: Անվերջ շարժման մեջ է, անվերջ շփման մեջ է, որովհետև միայն Ինքը գիտեր, որ իր երկրային կյանքի ժամանակը սահմանափակ է, և իր հանրային ծառայությունը մշտական չէ: Այդ պատճառով անում էր անկարելին՝ տեղավորվելով սահմանափակ ժամանակի մեջ: Աշակերտները նույնպես Իր հետ էին երբ այդ քաղաքը գնաց:
Երբ սկսեցինք Ղուկասի Ավետարանի սերտողությունը, ձեզ ասացի, որ Ղուկասը մեզ համար շատ անակնկալներ ունի պահած իր Ավետարանում, որոնք հաջորդաբար մատուցելու է մեզ: Այդ անակնկալներից մեկը Նային քաղաքի այցելությունն է, որի մասին գրված է միայն Ղուկասի Ավետարանում: Պատմագիրներն ասում են, որ Ղուկասը իր ավետարանը գրել է ոմն՝ Թեոփիլոսի պատվերով ու խնդրանքով: Այդ պատճառով երկարատև ուսումնասիրություններ կատարելուց և բավական փաստեր հավաքելուց հետո Սուրբ Հոգին առաջնորդում է նաև Ղուկասին՝ գրել ևս մեկ Ավետարան: Հիմա տեսնենք, թե ի՞նչ անակնկալ է սպասվում մեզ՝ Նային քաղաքի դարպասների մոտ: Քանի որ դեռ թարմ էր Հարյուրապետի աղջկա բժշկությունը, ժողովուրդը քայլում էր Հիսուսի հետևից, ո՛ւր որ Նա գնում էր, հրաշք տեսնելու ակնկալիքով, կամ գուցե այն փափագով, որ կդիպչեն Նրան՝ բուժվելու պայմանով: Մի խոսքով Նային քաղաքի դարպասների մոտ հանդիպեցին ևս մեկ ուրիշ բազմության, որը թաղման թափոր էր, և ժողովրդի մեծ բազմությունը ուղեկցում և մխիթարում էին այրի կնոջը, որի մինուճար զավակը մահացել էր: Մենք տեսանք, որ Նային քաղաքը դարպաս ունի, և այդ դարպասի մոտ հանդիպեցին թաղման թափորին: Իսկ եթե ավետարանիչը նշել է դարպասի առկայությունը, ուրեմն մի նշանակություն ունի, որը գուցե հետո հասկանալի լինի: Տէր Հիսուս երբ տեսավ թափորը, տեսավ այրի կնոջ ողբը, խղճաց նրան, և արտաբերեց մի եզակի կարճ արտահայտություն, թե՝ - Մի՛ լար: Մենք ավետարանիչների օգնությամբ կարողանում ենք տեսնել, որ Հիսուս Քրիստոս ճիշտ ժամանակին հայտնվում է այնտեղ, որտեղ Իր կարիքը կա: Անշուշտ որևէ պատահականություն չկա Քրիստոսի գործողությունների մեջ, երբ մի տեղից միանգամից տեղափոխվում է մեկ այլ տեղ՝ բուժման պատճառով:
Այրի կինը հավանաբար այդ ,,Մի լար,, արտահայտությունը ընդունեց որպես հերթական ցավակցական մխիթարություն՝ պատահական անցորդի կողմից, քանի որ շատերն էին նրան մոտենում և մխիթարում; Սակայն Հիսուս այրի կնոջը հուսադրելուց հետո մոտեցավ դագաղին և դիպավ նրան՝ ինչը արգելված էր Մովսիսական օրենքով:: Մարդիկ, որոնք տանում էին դագաղը, մի պահ կանգ առան: Հիսուս մոտեցավ մեռելին և ասաց,- Քե՛զ եմ ասում, ո՛վ պատանի, վե՛ր կաց: Մեռելը վեր կացավ, նստեց, և սկսեց խոսել: Հիսուս հարություն առած երիտասարդին հանձնեց իր մորը: Ավետարանիչը շատ հակիրճ է անդրադառնում մանրամասներին, ցույց տալու համար Հիսուսի զորությունը, աստվածությունը, և Նրա նպատակը՝ մարդկանց մեջ շրջելու: Այլ է պատկերը, երբ մարդիկ տեսնում են, որ Հիսուս բժշկում է մի հիվանդի, մի անդամալույծի, կամ թեկուզ բնածին մի կույրի: Սակայն բոլորովին այլ է պատկերը, երբ մեռածին է հարություն տալիս և ոտքի հանում: Մենք ավետարաններում երկու դեպք արդեն տեսել ենք հարության: Մեկը Մարիամի և Մարթայի եղբայր Ղազարոսի հարությունն էր, որը Տիրոջ սիրելի ընտանիքն էր: Իսկ մյուսը՝ Ժողովրդապետ՝ Հայրոսի աղջիկը, որը մահացավ մինչ Հիսուս կհասներ նրանց տուն: Հիշո՞ւմ եք, Հայրոսի տուն գնալու ճանապարհին բավական ուշացավ արյունահոսող կնոջ պատճառով, և լուր բերեցին, որ այլևս Վարդապետին նեղություն մի տվեք, քանի որ աղջիկը մահացավ; Նային քաղաքի պատանու հարության դեպքը մեզ ծանոթ չէր: Վերադառնանք քաղաք և տեսնենք, թե ի՞նչ պատահեց այդ մարդկանց հետ, որոնք թաղման թափորի մաս էին կազմում:
Ավետարանն ասում է, ահը պատեց բոլորին, և առաջին բանը որ արեցին, դա Աստծուն փառաբանություն մատուցելն էր: Ահը և ուրախությունը միախառնված միմյանց ասում էին, որ մի մեծ Մարգարե է հայտնվել մեր մեջ: Անշուշտ այդ մեծ մարգարեի հայտնվելը կապում էին Աստծու հետ, և գոհանալով ասում էին,- Աստված այցելություն է տվել իր ժողովրդին՝ բարությամբ: Երբ մարդիկ եղած հրաշքը վերագրում են Աստծուն և ամեն ինչի համար գոհություն և փառաբանություն են մատուցում Նրան, ո՞վ է կասկածում, որ Աստված այցելում է այդ ժողովրդին: Ինչպես նկատեցինք, ո՛չ ոք Քրիստոսին չասաց, թե դո՛ւ ես Մեսիան, կամ Դո՛ւ ես Աստծու Որդին: Սակայն պատահածին տվեցին աստվածային այցելություն անունը, որը նույնպես դավանություն է: Նույնիսկ հրեաները խոստովանում են, որ առաջին դարում Երուսաղեմի բնակչության մոտ 25 տոկոսն էր հետևում Քրիստոսին: Փարիսեցիների թիվը հինգ հազարից չէր անցնում: Հին Երուսաղեմը, թեպետ խիտ բնակեցված, բայց ունեցել է հպարտ բնակչություն, որոնք իրեն քաղաքային պատվից վեր են համարում հետևել գավառական մի երիտասարդի՝ Հիսուս Քրիստոսին, որը Գալիլիացի էր: Չէ՞ որ իրենք երուսաղեմաբնակ այրեր են, ինչպես կարող են հետևել գավառից եկած մեկին: Իսկ անշուք քաղաքներում, բացի կենտրոնական և ճանաչված քաղաքներից, Քրիստոսի համբավը շատ տարածված էր, և հետևորդներն էլ բազմաքանակ են եղել, և Քրիստոսին հավատացող պարզ մարդկանց թիվը հասել է մինչև մոտ 60 տոկոսի:
Հետագայում պատմությունը փաստում է, որ խորամանկ ճանապարհներով այդ հսկա շարժումը աստիճանաբար մարել են: Բայց փառք Աստծուն, որ այսօր Քրիստոսին հավատացողների թիվն ավելանում է, չնայած ոչ ոք չգիտի, թե քանի տոկոս է կազմում, բայց հայտնվեցին ռուսալեզու հրեաներ և ջանասիրաբար տարածում են Քրիստոսի անունը մարդկանց մեջ: Սա հավանաբար այն խավն է, որին ո՛չ թե սովորեցրել են, այլ՝ ինքնակրթությամբ են զարգացել և հասել ճշմարտության աղբյուրին: Այս քարոզիչները չեն դադարում խնդրել մարդկանց, որ աղոթեն Իսրայելի համար, եթե ուզում են, որ Քրիստոսի երկրորդ Գալուստը տեսնն: Իրականում առաջին դարի իսրայելացու սպասումն ու պահանջը շատ մեծ է եղել Մեսիայից: Նրանք ակնկալում էին տեսնել ամեն տեսակ բժշկության հրաշքներ: Մենք տեսանք, որ իրենց ակնկալած բժշկության հրաշքները դեռ ավելիով կատարվեցին Հիսուսի երեքամյա ծառայության ընթացքում: Բացի բժշկության հրաշքներից, նրանք Քրիստոսից ակնկալում էին նաև տարածքային և պետական ազատագրում:
Նրանք, որոնք այսօր հակառակվում են Քրիստոսի անվանը, նրանք են ու ասում են, թե Հիսուս Քրիստոս չարդարացրեց հրեաների հույսերը՝ տաճարի ծառայության վերահաստատման և տարածքային ազատագրման հաստատման սպասելիքը:
Բաբելոնի գերությունից վերադարձած հրեաները, որոնց մեջ քիչ չեն եղել քահանայական ցեղերից պահպանված մարդիկ, որոնք էլ մեկ այլ պահանջով են լցված Հիսուս Քրիստոսի հանդեպ:
Սրանք էլ ակնկալում էին, որ Հիսուս Քրիստոս պետք է ստեղծեր մի այնպիսի համակարգ, որ մարդը այլևս մեղք չգործեր: Մարդը ինչպես որ մեղք էր գործում նախկինում, այնպես էլ շարունակում է գործել իր ցանկացած մեղքը այսօր: Սիրելիներ, այստեղ մի պահ կանգ առնենք: Կարծես թե այս մի տարօրինակ պահանջը լսվում է նա՛և մեր օրերում: Քիչ չեն այն մարդկանց թիվը, որոնք ասում են,- ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ այս կամ այն բանը կատարվի: Երբ որ մարդ արարածը չի գնահատում, կամ չի տեսնում այն ձրի պարգևը, որով ինքը ծնվել է, այդպիսին տալիս է այս հարցը: Աստված մարդուն տվել է ազատ կամք՝ ընտրության հարցում, և ոչ մի անգամ չի բռնացել նրա ազատ կամքի վրա: Մարդը չարաշահում է խմիչքը և կորցնում է առողջությունը, որից հետո ողջ կյանքը տառապում է այդ հիվանդության պատճառով: Բանական մարդը տրվում է շնության մեղքին, քայքայում է իր ընտանիքը և ողջ կյանքը ապրում է անախորժությունների մեջ: Մնացած մեղքերի պարագան նույնն է: Ինչպե՞ս կարող է այսպիսի մարդը, որ ազատ է մեղք գործելու, կամ չգործելու մեջ, Աստծուց պահանջի մի բան, որ ինքը պետք է չանի, ո՛չ թե Աստված իրեն արգելի չանել: Ինչևէ:
Վերադառնանք մեր այսօրվա սերտողությանը և տեսնենք, թե ի՞նչ է նշանակում,, Մի՛ լար,, արտահայտությունը: Կինը արդեն ամուսնուն կորցրել էր, և համարվում էր այրի: Հիմա կորցրել է միակ զավակին:
Ծանր էր վիճակը այն ժամանակ՝ միայնակ մարդկանց համար, հատկապես անզավակ ամուսինների, քանի որ այսօրվա պես չի եղել սոցիալական ծառայություններ, կամ օժանդակ օգնություններ, կամ թոշակ, որոնք օգնում են միայնակ ծերերին՝ իրենց կարիքները հոգալու համար: Որովհետև ցանկացած ծնողի միակ հույսը եղել է իր զավակը, որը պետք է հոգ տաներ իր ծնողներին՝ ծերության ժամանակ:
Դրա համար անզավակ ամուսինները հանրության մեջ վերջին շարքերում են եղել անարժանության առումով: Քրիստոս գիտեր, այդ օրենքները, դրա համար խղճաց այրի կնոջը և ասաց մի՛ լար:
Իսկ Հայրոսին, որի աղջիկը նույնպես մահացել էր, ասաց,- Մի՛ վախեցիր, այլ միայն հավատա: Այս այրուն ոչինչ չհարցրեց, և չասաց մի վախեցիր, այլ ասաց Մի՛ լար: Քանի որ լացելու պատճառը վերականգնվեց: Ավետարանն ասում է Հիսուս նրա՛ն մորը տվեց: Այսինքն ասաց,- մի լար, ահա քո որդին, որը հոգ կտանի քո ծերության ժամանակ: Իսկ ինչո՞ւ էին վախեցել ներկաները, քանի որ ավետարանիչն ասում է, ահը պատեց բոլորին; Նրանք չէին ճանաչում Հիսուսին, բայց լավ գիտեին իրենց օրենքները, որ մեռելին կպնել չի կարելի և ով որ մեկ անգամ կպնի, նա համարվում է անմաքուր: Տէր Հիսուս կպավ դիակին և փաստեց դարձյալ, որ ողորմությունը վերացնում է ամեն տեսակ օրենք: Փրկված կյանքը կարևոր է օրենքից: Այրի կնոջ ուրախությունը և ապահովությունը վեր է օրենքից:
Այս գեղեցիկ զրույցը տարածվեց Հրեաստանում և երկրի բոլոր ծայրերում մարդիկ փափագում էին հանդիպել և լսել Նրան, բուժվել Նրանից: Սիրելիներ, ծանոթացանք ևս մեկ հարության հրաշքի հետ, որը մեզ պատմեց Ղուկաս ավետարանիչը: Որքան կցանկանայինք մենք, որ վերակենդանանային մարդկային մեռած հոգիները, որոնք ապրում են ֆիզիկապես, բայց մեռած են հոգով, քանի որ մեղքը գամել է նրանց գետնին և իշխում է նրանց վրա: Ավետարանական ճշմարտությունները գալիս են մեզ սովորեցնելու մարդկային երկու բնության գոյությունների մասին: Հոգի և մարմին: Երկուսն էլ պետք է առողջ լինեն, հոգին ապրում է այդ մարմնի մեջ: Սակայն քանի որ հոգին չենք տեսնում, թողնում ենք նրան անխնամ վիճակում, որից վնասվում է նաև մարմինը: Մենք այնքան ենք անտեսում անտեսանելի հոգին, որ միայն մարմինն ենք մարդ անվանում: Մենք ո՛չ մեր սիրտն ենք տեսնում, ո՛չ էլ մեջ հոգին, որոնց միջոցով է մարդու կյանքը ընթանում: Տէր Հիսուս հարցնում է,- Ի՞նչ կշահի մի մարդ, եթե ողջ աշխարհը շահի, բայց հոգին կորցնի:
դրա համար մենք պատկերացնում ենք, որ մեր կյանքը ավարտվում է այստեղ՝ մահով, քանի որ հոգու անմահության մասին չենք մտածում; Այսօր էլ ավարտենք մեր սերտողությունը և խորհենք մեր կարդացածի ու լսածի վերաբերյալ: Ամուր պահենք մեր հոգու դռները՝ չարի դիմաց՝ միայն Աստծու խոսքով, և միայն Ավետարանի լույսի ներքո:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեզ հետ պատահած ամեն բարիք վերագրենք Աստծուն, և մտածենք, որ Աստված է այցելել մեզ՝ բարությամբ: