ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավոտարան ըստ Ղուկասին. 7: 1-10
ՀԱՐԻՒՐԱՊԵՏԻՆ ԾԱՌԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹԻՒՆԸ
1 Երբ իր բոլոր խօսքերը ժողովուրդին ականջներուն խօսիլը լմնցուց, մտաւ Կափառնայում։ 2 Հարիւրապետի մը ծառան, որ սիրելի էր իրեն, հիւանդացած, մօտ էր մեռնելու։ 3 Երբ Յիսուսի մասին լսեց, Հրեաներէն քանի մը ծերեր ղրկելով՝ աղաչեց անոր որ գայ իր ծառան ապրեցնէ։ 4 Անոնք ալ եկան Յիսուսին եւ թախանձանքով կ՚աղաչէին անոր ու կ՚ըսէին թէ՝ «Անիկա արժանի է՝ որուն այս շնորհքը պիտի ընես, 5 Վասն զի մեր ազգը կը սիրէ ու ժողովարանը անիկա շինեց մեզի»։ 6 Յիսուս գնաց անոնց հետ ու երբ տան մօտեցան՝ հարիւրապետը քանի մը բարեկամներ ղրկեց ու ըսաւ անոր. «Տէ՛ր, մի՛ յոգնիր, վասն զի ես արժանի չեմ որ դուն իմ յարկիս տակ մտնես։ 7 Անոր համար ես ինքզինքս ալ արժանի չսեպեցի քեզի գալու, հապա խօսքով ըսէ եւ իմ ծառաս պիտի բժշկուի։ 8 Վասն զի ես ալ իշխանութեան տակ դրուած մարդ մըն եմ ու իմ հրամանիս տակ զինուորներ ունիմ։ Ասոր կ՚ըսեմ՝ ‘Գնա՛’ ու կ՚երթայ. եւ միւսին՝ թէ ‘Եկո՛ւր’, կու գայ եւ ծառայիս՝ թէ ‘Այս բանը ըրէ’ ու կ՚ընէ»։ 9 Յիսուս այս բաները լսելով՝ զարմացաւ անոր վրայ եւ իր ետեւէն գացող ժողովուրդին դարձաւ ու ըսաւ. «Ձեզի կ՚ըսեմ, թէ Իսրայէլի մէջ անգամ ես այսչափ հաւատք չգտայ»։ 10 Ու պատգամաւորները նորէն տուն դարձան եւ հիւանդ ծառան առողջացած գտան։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. առաջին վեց գլուխներից մենք սովորեցինք շատ կարևոր դասեր մեր կյանքը առավել հեշտ ապրելու համար: Սիմեոն Ծերունին մարգարեացավ, որ Հիսուսի գալուստը փրկություն է համայն մարդկության համար: Հիսուս Քրիստոս մեզ օրինակ տվեց, որ մկրտությունից հետո անխուսափելի է սատանայի փորձությունը: Տվեց մեզ Երանիների պատվիրանները, որպեսզի մենք հոգևոր գործիքներ ունենանք՝ առաքինությամբ չարից պաշտպանվելու համար: Սովորեցրեց մեզ, որ մերձավորին սիրելու գաղտնիքը նրան չմեղադրելու մեջ է: Այս բոլորը մեր Տէրը անվանեց բարի ծառի բարի պտուղներ: Միայն այս պատվիրանների կատարումով է, որ մենք կարող ենք մեր տունը կառուցել ժայռի վրա, որը մեր ամուր հավատքն է:
Յոթներորդ գլխի մեջ ավետարանիչը անդրադարձել է մի ուշագրավ պատմության, որը տեղի է ունեցել Կափառնաում քաղաքում, որը աշակերտներից Պետրոսի ծննդավայրն էր: Տէր Հիսուս երբ ավարտեց իր երկար ուսուցումը աշակերտների համար, գնաց Կափառնաում քաղաքը: Այս քաղաքի մասին ձեզ փոքր տեղեկություն տվել եմ, որ այն կոչվում էր Նավում մարգարեի անունով, բայց քաղաքի ամբողջական անունը նշանակում է ,,Մխիթարության քաղաք,,: Գուցե մխիթարություն էր այն առումով, որ Հիսուս ամենաշատը այդ քաղաքում քարոզեց: Նաև պատմում են, որ Կափառնաում քաղաքը եղել է հսկա առևտրի և բիզնեսի կենտրոն: Կյանքը այդ քաղաքում ավելի աշխույժ է եղել, քան մյուս քաղաքներում: Միաժամանակ գտնվել է Հռոմի ուշադրության կենտրոնում իր եկամտաբերության առումով: Միասին են ապրել հրեաներն ու հեթանոսները, և միմյանց հետ շփվել են միայն առևտրի պատճառով, քանի որ հրեաների համար հեթանոսները համարվում են անմաքուր մարդիկ: Հրեաները իրենց զոհաբերությունների միջոցով ազատվում էին այդ անմաքուր անունից, և պատրաստ չէին առնչություն ունենալ հեթանոսների հետ:
Մեկից- տասը համարների մեջ ավետարանիչը ներկայացնում է մի ամբողջական պատմություն, որը հեռավար բժշկության մասին է, ինչը գրավել է Ղուկասի ուշադրությունը: Մենք չգիտենք, թե այն ժամանակ բժշկությունը ի՞նչ մակարդակի վրա է եղել Իսրայելում, ինչպես այսօր է, սակայն այս բուժումը՝ առանց խոսքի գրավել է Ղուկասի ուշադրությունը և ավետարանիչը մեծ սիրով վկայություն է տալիս այդ մասին, դարձյալ չանդրադառնալով մանրամասներին: Կափառնաում քաղաքում ապրում էր մի հեթանոս հարյուրապետ, որի ծառան հիվանդացել էր, և մեռնելու մոտ էր և հարյուրապետը իր ծառային շատ էր սիրում:
Սա պարզ պաշտոն չէ՛ր հռոմեական իշխանության մեջ, կրելով հարյուրապետ անունը իր իշխանության տակ ունենում էր գրեթե երկու հազար զինվոր: Լինելով հեթանոս, վայելում էր ժողովրդի և հատկապես հրեա ավագների հարգանքը: Լսելով, որ Հիսուս իրենց քաղաքում է, ուղարկեց հրեաների ավագներին, որ աղաչեն Հիսուսին, որպեսզի գա և բժշկի իր ծառային; Կա՛մ հարգանք ուներ, կա՛մ իշխանություն այդ ավագների վրա, որ նրա՛նց ուղարկեց Հիսուսի մոտ՝ հարգելով հրեական օրենքը՝ հեթանոսների անմաքրության վերաբերյալ: Ավետարանն ասում է, որ հարյուրապետը նրանց ուղարկեց, որ աղաչե՛ն Հիսուսին:
Իսկ սա նշանակում է, որ հեթանոսը հարգանք և հավատք ուներ հրեաների Աստծու նկատմամբ: Հավանաբար հասկացել էր, որ իրենց աստվածները անզոր են բժշկություններ կատարելու համար, և մարդ ուղարկեց Հիսուսի մոտ: Հրեաները գնացին Հիսուսի մոտ և թախանձագին խնդրում էին Հիսուսին՝ հեթանոսի ծառայի համար: Հրեաները գիտեին, որ Հիսուս եկել է նախ՝ Իսրայելի կորած ոչխարների համար, սակայն հարգելով հարյուրապետին՝ միջնորդում էին Հիսուսի առջև՝ ներկայացնելով հարյուրապետի բարի գործերը և նրա արժանավորությունը՝ իրենց ազգի մեջ: Նա նույնիսկ ժողովարան էր կառուցել հրեաների համար, հեթանոս լինելով, և սիրում է հրեա ազգը: Չմերժեց Տէր Հիսուս նրանց խնդրանքը, և գնաց նրանց հետ, որպեսզի բուժի հարյուրապետի ծառային; Հեռու չէին հարյուրապետի տնից, երբ նա բարեկամ մարդ ուղարկեց Հիսուսին ընդառաջ, ասելով,- Տէ՛ր նեղություն մի՛ կրիր, քանի որ արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես, դրա համար ինք՛ս չեկա, այլ՝ խոսքով ասա և իմ ծառան կբժշկվի: Քանի որ իմ իշխանության տակ ծառայողներ ունեմ և հրամաններ եմ տալիս նրանց: Հեթանոսի ուղարկած լուրը ուղղակի զարմացրեց Քրիստոսին, և Նա չթաքցրեց իր զարմանքը և դարձավ ժողովրդին, ու ասաց,- Ճշմարի՛տ եմ ասում ձեզ, որ Իսրայելի մեջ այսչափ հավատ չգտա: Ավետարանն ասում է, պատգամավորները տուն վերադարձան և հիվանդ ծառային գտան բժշկված: Երբ մարդն է մի արարքից զարմանում, բնական է, քանի որ մարդու համար հազարավոր չբացահայտված երևույթներ կան; սակայն երբ Աստված է զարմանում, սա արդեն բացառիկ երևույթ է: Ավետարանում Աստված զարմանում է միայն մարդու հավատքի վրա: Ուրեմն ինչքան դժար է այդպիսի հավատք ունենալ՝ Աստծու զարմացնելու համար:
Սիրելիներ մի պահ անդրադառնանք հեթանոսի վարմունքին; Իմանալով, որ հրեաները հեթանոսներին անմաքուր են համարում, հարյուրապետը հարգեց նրանց իրավունքը և ինքը չեկավ Հիսուսին կանչելու իր ծառայի համար: Զուր չէր, որ հրեա ավագները ջերմեռանդորեն բարեխոսում էին նրա համար Քրիստոսի առջև: Ավետարանում մեզ մի ուրիշ դեպք էլ է հայտնի, երբ հեթանոս կնոջ խոնարհությունն ու հավատքը զարմացրեց Հիսուսին; Հիշո՞ւմ եք քանանացի կինը, որը իր աղջկա համար էր բժշկություն խնդրում, և դիմացավ Քրիստոսի խստագույն հանդիմանությանը, բայց ստացավ իր աղջկա բուժումը՝ իր հավատի պատճառով: Հրեաների վերաբերմունքը այդպես էր հեթանոսների նկատմամբ, և նրանք հեթանոսների հետ նույնիսկ ձեռքով չէին բարևում: Նույն վերաբերմունքը ունեին նաև մաքսավորների նկատմամբ, և նրանց հետ չէին շփվում: Սակայն Հիսուս Քրիստոս կոտրեց այդ սառույցը և այցելեց ինչպես հեթանոսին, այնպես էլ մաքսավորի տուն մտավ: Զակքեոսի տուն մտավ Հիսուս Քրիստոս և այդ տանը այդ օրը փրկություն եղավ, չնայած որ Զակքեոսը ոչինչ չէր խնդրել Հիսուսից, ո՛չ բժշկություն, ո՛չ է Նրա ուսուցումն էր լսել, ուղղակի իր հետաքրքրությունից մղված ծառն էր բարձրացել որ տեսնի այդտեղով անցնող Հիսուսին: Տէր Հիսուս օգտագործեց Զակքեոսի հետաքրքրասիրությունը՝ նրա փրկության համար: Բոլորը կարծում էին, որ Զակքեոսը մաքսավոր է և անկարելի է, որ նա փրկություն ունենա, սակայն մի ակնթարթում նրա սիրտը փոխվեց և հասկացավ, որ կեղեքել է մարդկանց, ու խոստացավ, որ կվերադարձնի քառապատիկը: Հարյուրապետի էլ հավատքը օգտագործեց Քրիստոս, նրա մահամերձ ծառայի բուժման համար:
Հեթանոսներից շատերի մոտ այսպիսի արթնություն տեսնելով էր, որ Տէր Հիսուս ասաց,- Արևելքից ու արևմուտքից շատերը պիտի գան ու երկնքի արքայության մեջ սեղան պիտի նստեն Աբրահամի, Իսահակ և Հակոբի հետ, իսկ արքայության որդիները պիտի ելնեն արտաքին խավարը, և այնտեղ պիտի լինի լաց և ատամների կրճտում: Այստեղ նորից կարող ենք հիշել Սիմեոն Ծերունու մարգարեությունը, որ ասում էր,- Իմ աչքերը տեսան Լույսը, որը հայտնություն կլինի հեթանոսների համար: Հարյուրապետի արարքը հստակ ապացույցն է այս մարգարեության:
Այս պատմության մեջ տեսնում ենք նաև միջնորդության գեղեցիկ օրինակ: Հրեա ավագները միջնորդում են հեթանոսի համար Տիրոջ առջև: Ծննդոց գրքից մեզ միջնորդության ևս մեկ գեղեցիկ օրինակ է հայտնի, երբ Աբրահամը սակարկելով միջնորդում էր Տիրոջ հրեշտակի առջև՝ Սոդոմ և Գոմոր քաղաքների համար, իմանալով այնտեղ տիրող ապականության մասին;
Ի՞նչ դաս կարող ենք սովորել այս խրատական պատմությունից: Նախ՝ հեթանոսի ուշադիր վերաբերմունքը իր հիվանդ ծառայի նկատմամբ: Նրա բարյացկամությունը հրեա ժողովրդի նկատմամբ; Նրա հավատքի զորությունը Միակ Աստծու նկատմամբ, և նրա խոնարհությունը՝ Հիսուսի մոտ անձամբ չգնալու իր անմաքրության պատճառով; Այսօր նույնիսկ քրիստոնյաների մոտ անկարելի է գտնել մի գործատեր, որը իր աշխատակցի համար այսպիսի ջանք կարող է թափել, նրա բժշկությունը ապահովելու համար:
Իսկ ի՞նչ ենք անում մենք, երբ հիվանդանում է մեզ համար թանկ մի մարդ՝ անկախ տարիքից: Աստված ստեղծել է բժշկությունը, որպեսզի մարդիկ դիմեն բժշկին և ապավինեն Աստծուն, քանի որ բժշկի ձեռքերը Աստծու զորությամբ են աշխատում: Կա թեթև հիվանդություն, կա ծանր հիվանդություն և կա մահացու հիվանդություն և մահամերձ վիճակ, ինչպես որ հարյուրապետի ծառան էր: Նախ հույս պետք է ունենանք, և աղոթենք անդադար մեր հիվանդի համար: Պետք է միջնորդենք և բարեխոսենք մեր հիվանդի համար, ինչպես որ արեցին հրեա ավագները, կամ անդամալույծի չորս ընկերները, որ նրան Հիսուսի մոտ տարան: Հիվանդին պահելով բժշկի հսկողության տակ, երբեք չպետք է դադարել նրա համար աղոթելուց; Սակայն կա մի առավել ծայրահեղ վիճակ, երբ հիվանդը մահամերձ է: Այստեղ դարձյալ միջնորդություն է պետք: Եթե մահամերձի բարեկամը կամ հարազատը բանիմաց է և աստվածավախ մեկն է, կարող է խոսել հիվանդի հետ, բացատրել նրան զղջման և մեղքերի խոստովանության անհրաժեշտության մասին, որպեսզի հիվանդը զղջա իր գործած մեղքերը Աստծու առջև և քահանայից թողություն ստանա: Աստծո ողորմության չափը ոչ ոք չգիտե, գուցե մեղքերը խոստովանելուց հետո նրա կյանքի օրերը Աստված կավելացնի, իսկ եթե չավելացնի, հիվանդը կմահանա գոնե մեղքերի համար զղջացած: Իսկ մեր իրականության մեջ այսպես չէ: Այնքան են ուշացնում, մինչև հիվանդը կորցնում է խոսելու հատկությունը և այլևս անկարելի է դառնում նրան որևէ բան բացատրելը:
Երբ մենք մեր մահամերձ հիվանդից թաքցնում ենք իրականությունը, դա ամենևին չի բխում նրա հանդեպ ունեցած մեր սիրուց, այլ՝ մեր անգիտությունից: Մահամերձը պետք է իմանա, որ նա մահից հետո այլևս չի կարող զղջալ իր մեղքերի համար, նա պետք է թողություն ստանա մինչև մահը: Նա պետք է հաշտվի բոլոր նրանց հետ, ում որ նեղացրել է, ում որ պարտք է, ում հետ որ չի խոսում և այլն; Հարյուրապետի ծառան մահամերձ վիճակից ապաքինվեց: Ո՞վ գիտե, գուցե այդ պահին Աստված թողություն շնորհեց նրա մեղքերին և նա առողջացավ: Մենք չգիտենք Աստծու գործերը: Սակայն Ավետարանում դեպքերը շատ են, երբ Քրիստոս ասում է,- Քո մեղքերը քեզ ներված են և հիվանդը ապաքինվում է, անկախ նրա հավատքից և դավանությունից; Քանի որ դիվահարն էլ հեթանոս էր և նրանից դևեր հանեց Հիսուս Քրիստոս, մաքսավորն էլ բժշկվեց, հետո հավատաց, անհավատն էլ բուժվեց ու հավատաց: Հետևաբար պետք է ձեռբազատվել ուղղափառ եսասիրությունից, թե՝ միայն ուղղափառները կարող են բժշկություն ստանալ Տիրոջից:
Աստված նախախնամում է ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների և նույնիսկ թռչունների և ճնճղուկների կյանքը: Մենք տեսնում ենք, որ Քրիստոս ամենատարբեր եղանակներով է բժշկում մարդկանց. մեկին խոսքով, մեկին ձեռք դնելով, մեկին հեռվից, մեկին թքով, մեկին՝ լռությամբ և այլն: Հովհան Ոսկեբերան Հայրապետը այս հարյուրապետի հավատքի մասին իր ճառում ասում է, որ հարյուրապետի հավատքը ավելի զորավոր էր քան այն չորս մարդկանց, որոնք իրենց հիվանդին երթիկից իջեցրին Հիսուսի ոտքերի առջև, որովհետև նրանք անդամալույծին տեղաշարժելով բերեցին Քրիստոսի մոտ, իսկ հարյուրապետը հավատաց, որ նույնիսկ լուր ուղարկելով Հիսուս կարող էր հեռավորության վրա բուժել մահամերձին, որին անկարելի էր տեղաշարժել: Սիրելիներ, այստեղ ավարտենք այսօրվա սերտողությունը հարյուրապետի զորավոր հավատքի մասին, և խնդրեն, որ Աստված ավելացնի մեր հավատքը:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեր հավատքը զարմացնի մեր Տիրոջը, և մեր հավատքի միջոցով որևէ մեկը բժշկվի: