ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 6: 43-49
ԾԱՌ ՄԸ ԵՒ ԻՐ ՊՏՈՒՂԸ
43 «Չկայ բարի ծառ մը, որ չար պտուղ բերէ, ո՛չ ալ չար ծառ մը, որ բարի պտուղ բերէ. 44 Վասն զի ամէն ծառ իր պտուղէն կը ճանչցուի։ Քանզի փուշերէն թուզ չեն քաղեր ու մորենիէն խաղող չեն ժողվեր։ 45 Բարի մարդը իր սրտին բարի գանձէն բարութիւն կը բղխեցնէ եւ չար մարդը իր սրտին չար գանձէն չարութիւն կը բղխեցնէ. վասն զի բերանը սրտին աւելցուքէն կը խօսի»։
ԵՐԿՈՒ ՏՈՒՆ ՇԻՆՈՂՆԵՐԸ
46 «Ինչո՞ւ զիս Տէ՛ր, Տէ՛ր, կը կոչէք ու ըսած բաներս չէք կատարեր։ 47 Այն, որ ինծի կու գայ եւ իմ խօսքերս կը լսէ ու զանոնք կը կատարէ, ձեզի ցուցնե՞մ թէ որու կը նմանի։ 48 Անիկա տուն շինող մարդու մը կը նմանի, որ փորեց ու խորունկցուց ու հիմը վէմի վրայ դրաւ եւ ջուրերուն յորդած ատենը գետը զարկաւ այն տանը ու չկրցաւ զանիկա շարժել, վասն զի վէմի վրայ հաստատուած էր։ 49 Բայց ան որ իմ խօսքերս կը լսէ ու չի կատարեր, կը նմանի այն մարդուն, որ հողի վրայ առանց հիմի տուն շինեց, որուն զարկաւ գետը եւ շուտ մը փլաւ։ Այն տանը կործանումը մեծ էր»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Երեկվա ,, Մի դատեք,, պատվիրանը շատ ծավալուն թեմա է քննարկման համար, կարելի է ասել, անվերջանալի է, քանի որ պահանջը մեկն է՝ չդատել, բայց հանգամանքները հազարավոր են, և մարդիկ չեն կարողանում զանազանել դատելը՝ դատապարտելուց, քննելը քննադատելուց, մեղադրանքը՝ վերլուծությունից և այլն; Դրա համար այսօրվա սերտողությունը շարունակությունն է երեկվա պատվիրանի բացատրության: Ղուկաս ավետարանիչը մեզ ներկայացնում է, որ Հիսուս Քրիստոս աշակերտների ընտրությունից հետո, բավական երկար ժամանակ է տրամադրել նրանց ուսուցման վրա: Նախ սովորեցրեց չորս երանիները և դրանց հակադարձ վայերը: Ապա սովորեցրեց թե ինչպես են սիրում թշնամիներին, և տվեց նրանց մի գլխավոր պատվիրան, որ չդատեն մարդկանց իրենց մեղքերի համար, քանի որ չկա մի արդար, բացի Աստծուց: Այնպես, ինչպես որ մեծահարուստ երիտասարդը ասաց,- Բարի Վարդապետ, Տէր Հիսուս ասաց չկա այլ բարի բացի Աստծուց: Նշանակում է յուրաքանչյուր մարդ կարող է հայտնի դառնալ Աստծու առջև իր գործերի արդյունքով: Ոչ թե մարդկանց առջև, այլ՝ Աստծու առջև, որովհետև մարդիկ սովոր են գնահատել արտաքին երևույթները տեսնելով, իսկ Աստված մարդու սրտի խորհուրդն է տեսնում, մտքի խորհուրդն է տեսնում և լեզվի խոսքն է լսում: Միայն սրանց ներդաշնակության դեպքում կարող է մարդու գործի արդյունքը գնահատել: ,,Ծառը պտղից է ճանաչվում,, արտահայտությունը լայն տարածում է գտել ժողովրդական զրույցի մեջ և բնութագրում է ենթակայի գործերը: Տէր Հիսուս աշակերտներին բերում է նաև մեկ այլ օրինակ չար ու բարի ծառերը պտուղները ներկայացնելով:
Չկա,- ասում է,- բարի ծառ, որը չար պտուղ տա, և հակառակը՝ չկա՛ չար ծառ, որ բարի պտուղ տա, որովհետև յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչվում: Սա շատ գեղեցիկ ու տիպիկ համեմատություն է, որով կարելի է բնութագրել նաև մարդուն: Երբեք պետք չէ մեկին բացատրել, որ ծիրանը աճում է ծիրանենու վրա: Հայտնի է ամենքին; Երբ պտուղը առողջ է, հայտնի է, որ ծառը առողջ է և խնամք է տարված այդ ծառի հանդեպ: Իսկ ո՞րն է չար ծառը, որի պտուղը չար է, այսինքն որդնած է, առողջ չէ, գեղեցիկ չէ և աչքի համար հաճելի չէ: Այս ծառը խնամված չէ: Նույնը կարող ենք տեսնել մարդկանց մեջ: Կան մարդիկ, որոնք խնամված են և արտաքնապես և հոգեպես: Անկարելի է որ այսպիսի մարդու բերանից տգեղ խոսք դուրս գա: Բոլորդ էլ հավանաբար հանդիպել եք նման մարդկանց: Սա մեր առաջին տպավորությունն է: Իսկ թե ինչ է նրա գործերի պտուղը, հայտնի է դառնում ժամանակի ընթացքում: Տպավորությունը այլ է՝ չխնամված մարդու պարագային: Բավական է բերանը բացի, հասկանալի է դառնում նրա նկարագիրը: Սակայն սա էլ արտաքին տպավորություն է: Ժամանակ է պետք հասկանալու համար նրա գործերի պտուղը; Հիշո՞ւմ եք, մենք Աստվածաշնչում հանդիպում ենք ,,բարու և չարի գիտության ծառ,, արտահայտությունը: Այս ծառի պտղի տեսակի մասին մենք լուր չունենք, և կարևոր էլ չէ խնձո՞ր էր թե՞ նարինջ: Մենք ավելի կարևոր պատվիրան կարդացինք այնտեղ, որ արգելք դրվել այդ ծառի պտղից ուտելու, և այդ արգելքը չպահեցին հենց առաջին մարդիկ՝ իրենց հետաքրքրասիրության և անհնազանդության պատճառով, և մեղքը աշխարհ եկավ: Աշխարհ եկավ նաև բարու և չարի ընտրությունը: Աստծու խոսքին հնազանդությունն ու անհնազանդությունը: Հնազանդները մնացին որպես բարիներ և անհնազանդները որպես չարեր: Անհնազանդ մարդուց բարի բան չի ակնկալվում այնպես ինչպես որ փշից թուզ չի քաղվի:
Այնուհետև հստակ տարբերակում է դնում Տէր Հիսուս բարի և չար մարդկանց սրտերի պտուղների միջև, և բացառում է, որ բարուց՝ չար բխի և հակառակը, քանի որ նրանց սրտերի լիությունից են դուրս գալիս բարությունն ու չարությունը: Սիրտը այն օրգանն է, որը արյունը մատակարարում է ամբողջ մարմնով: Պատկերացրեք, եթե մարդու սրտում չարություն կա, պտտվում է ամբողջ մարմնով: էլ ինչո՞ւ ենք զարմանում, թե որտեղից այսքան հիվանդությունները: չէ որ մարմնի համար կենսական նշանակություն ունի արյունը: Ուրեմն մարդը անտեղյակությունից է ընտրում չարը և պահում իր սրտում, չիմանալով, որ սատանայի համար պարարտ հող է ստեղծում:
Պողոս առաքյալը մեզ մի շատ գեղեցիկ դաս է տալիս Գաղատացիների նամակով, ասելով,- Փորձեցեք ամեն ինչ, բարին ամուր պահեցեք: Հեռու մնացեք բոլոր չար բաներին: Ուրեմն բարին ունենալու համար ջանք է պետք, հենց այնպես բարի չի լինում, այլ աշխատանքի շնորհիվ: Ո՞րն է այդ աշխատանքը: Ավետարանը մեզ սովորեցնում է, որ խաղաղություն ունենանք միմյանց միջև: Համբերատար լինենք բոլորի հանդեպ, և չլինի հանկարծ, որ չարին չարով պատասխանենք: Սրանք ջանք պահանջող աշխատանքներ են, որոնցով կարող ենք մեր մեջ մշտապես վառ պահել սուրբ Հոգին: Իսկ երբ Սուրբ հոգին մեր մեջ չմարի, մենք Ավետարանից հեռու չենք լինի և մեր սիրտը կմնա խաղաղության և սիրո մեջ: Գուցե մեկը հարցնի, այսքան չարիքի մեջ ինչպե՞ս խաղաղ մնալ, ինչպե՞ս համբերել, ինչպես սիրե՞լ: Այո դա այդպես է, քանի որ այս մասին գրված է Սուրբ Գրքերում և առաքյալն ասում է մի արհամարհեցեք մարգարեությունները: Տէր Հիսուս զգուշացրել է, որ եթե հնար լինի նաև Աստծու ընտրյալներին պետք է գայթակղեցնեն: Իր գործունեությունը սկսելիս, առաջին կարևոր բանը որ մեզ ցույց տվեց, դա սատանայի փորձությունն էր: Սատանան հանգիստ չի տալու հատկապես Աստծուն դարձած մարդկանց: Մի մոռացեք, որ սատանան փորձության ենթարկեց նույնիսկ Աստծուն և պարտվեց, սակայն փորձեց: Մի՞թե մեզ անտեսելու է: Ո՛չ: Իսկ երբ քրիստոնյան փորձի ապրել Ավետարանի խոսքի համաձայն, խաղաղության Աստվածը կսրբացնի նրան ամբողջությամբ, նրա հոգին, սիրտը, շունչը և ամբողջ մարմինը անարատ կպահի մինչև Տէր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը: Հավատարիմ է Աստված, երբ կանչեց մեզ, հավատարիմ է նաև Իր յուրաքանչյուր խոստման մեջ:
Մեկ անգամ է ասել այս բոլոր պատվիրանները, որոնք դարերի ընթացքում վերլուծվում և կյանք են ստանում նրանց համար, որոնք ուշադիր են լսում, լսածը սրտում են պահում, իսկ սիրտը այդ լսածը մատակարարում է ամբողջ մարմնին: Ե՛վ մարմինն է առողջ լինում, և՛ սիրտը և լեզուն, որը սրտի խոսնակն է:
Տէր Հիսուս մի հարց է տալիս աշակերտներին՝ երկու հազար տարի առաջ,, սակայն այդ հարցը բարձրաձայն հնչում է աշխարհում, մինչև մեր օրերը:
Ինչո՞ւ Ինձ ,,Տէ՛ր, Տէ՛ր,, եք կոչում, իսկ ինչ ասում եմ, չեք անում: Ո՞վ կարող է այս պարզ հարցին պատասխան տալ: Թող գիտնականները և ժամանակակից քաղաքակրթություն քարոզողները պատասխանեն: Ո՛չ ոք չի կարող տալ այս պարզ հարցի պատասխանը, քանի որ մարդը առանց Աստծու ոչինչ չի կարող անել: Ժողովուրդը երբ հայտնվում է մեծ փորձության մեջ, պահանջներ է ներկայացնում Աստծուն, և ցուցումներ է տալիս Նրան, թե ում օգնի և ում պատժի, և հատկապես ե՛րբ անի դա: Իսկ Աստված հարցնում է,- Ինչո՞ւ Ինձ ,,Տէ՛ր, Տէ՛ր,, եք կոչում, իսկ ինչ ասում եմ, չեք անում: Իր քարոզության առաջին օրից սկսյալ, Տէր Հիսուս ասում է, եթե չապաշխարեք, բոլորդ էլ կորչելու եք; Եթե ձեր մեղքերից չազատվեք, Աստծու փրկությունը չեք կարող տեսնել: Եթե շարունակեք ապրել ձեր հին մարդու հետ, վերստին ծնունդ չեք կարող ունենալ:
Եթե դուք չեք նկատում ձեր հիվանդ մերձավորին, ձեր կարիքավոր հարևանին, ձեր լքված երեխային, ձեր անխնամ ծնողին, և չեք նկատում նրան, որը ձեր օգնության կարիքը ունի, ապա չեք նկատելու Հիսուս Քրիստոսի, եթե նույնիսկ ձեր դիմաց կանգնած լինի: Այնպես, ինչպես Նրան չնկատեցին փարիսեցիները՝ իրենց հպարտության պատճառով, քահանայապետները՝ իրենց կեղծավորությամբ, սադուկեցիները՝ իրենց անհավատությամբ: Բայց քաղաքի մեղավոր կինը եկավ և ընկավ Նրա ոտքերի առջև, քանի որ տեսավ Նրան որպես Աստծու Որդին: Կափառնաումի հարյուրապետը տեսավ Նրան՝ որպես Աստծու Որդին:
Հիսուս Քրիստոս պատրաստ է ցույց տալ փրկության ճանապարհը այն մարդուն, որը դեպի Իրեն է գնում, լսում է Իր խոսքը և պահում է այն: Ինչ է նշանակում լսել և պահել Աստծու խոսքը: Սա ամենևին չի նշանակում ուշադրությամբ լսել և մտապահել, անգիր սովորել այս կամ այն հատվածը: Պահել Աստծու խոսքը, նշանակում է մոռանալ հին կենցաղը, թողնել սիրած մեղքերը, չմեղադրել ուրիշներին իրենց մեղքերի համար, և սիրել մարդկանց պարզ, մարդկային կարեկցանքով, քանի որ բոլոր մարդիկ ունեն Աստծու ողորմության կարիքը: Աստծու խոսքը լսող և պահող մարդուն Հիսուս Քրիստոս նմանեցնում է այն իմաստուն շինարարին, որն իր տունը ժայռի վրա է կառուցում՝ հիշելով, որ գուցե հեղեղ լինի, գուցե գետերը վարարեն, իսկ իր տանը ոչինչ չի պատահի ամրության պատճառով;
Իսկ գիտե՞ք, թե ո՛ւմ է նմանեցնում Իր խոսքը չլսող ու չպահող մարդուն: Նմանեցնում է ավազի վրա տուն կառուցողին, որի շինությունը հիմք չուներ, և երբ գետերը վարարեցին, քշեցին ու տարան այդ տունը և վնասը շատ մեծ եղավ: Այս երկու մարդիկ էլ ազատ էին իրենց ընտրության մեջ, մեկը ընտրեց վեմի վրա կառուցել իր տունը, իսկ մյուսը՝ ընտրեց ավազի վրա կառուցել: Ժայռի վրա տուն կառուցողը գիտեր ավազի անկայունության մասին և հրաժարվեց այնտեղ տուն կառուցելուց: Իսկ ավազի վրա կառուցողը թերահավատ էր ժայռի ամրության նկատմամբ, և ապավինեց ավազին, ու կործանումը շատ մեծ եղավ; Հակոբոս առաքյալն ասում է, եթե գիտես բարին և չես գործում, դա մեղք է: Հակ. 4:7
Մենք երբեմն կարծում ենք, որ մեր կյանքում երբեք չար գործ չենք կատարել, և դա դառնում է մեր բարեպաշտության կեղծ պարծանքը: Փաստորեն միայն չարիք չգործելը բավարար չէ արդար լինելու համար, պետք է բարիք գործել: Սա ակամա մեղքերի շարքում է դասվում, որ շատերս չգիտենք; Սիրելիներ աշխարհում գոյություն միայն ունի երեք նպատակ. 1.Աստծու նպատակը՝ մարդ արարածի փրկության վերաբերյալ: 2. Սատանայի նպատակը՝ մարդ արարածի կործանման վերաբերյալ:3. Մարդ արարածի նպատակը՝ ընտրություն՝ այս երկուսի միջև:
Նայելով ներկա իրավիճակին, կարելի է տեսնել, որ մեր ժողովուրդը իր տունը կառուցեց աղազի վրա, առանց հաշվի առնելու գետերի վարարումն ու հեղեղը: Եկավ մեծ փորձությունը և ազգով հայտնվեցինք այդ փորձության մեջ, որ հեղեղն էր; Քշեց տարավ ամեն ինչ, և մեր կորուստը շատ մեծ եղավ, քանի որ շրթներով դավանեցինք և գործերով՝ ուրացանք Աստծուն: Իսկ Աստված հարցնում է,- Եթե ես Տէր եմ, ուր է Իմ պատիվը: Սիրելիներ Աստծու ողորմությամբ ավարտեցինք նաև վեցերորդ գլուխը, որը խաղաղ կյանքի օրենսգիրք է, ներդաշնակ ապրելու բանաձև է, մարմինն ու հոգին առողջ պահելու բաղադրատոմս է, որը տրված է մեզ ձրիաբար, և մեզնից շատերը չեն օգտվում դրանից, հավանաբար հենց այն պատճառով, որ անվճար է տրվում: Որովհետև մենք սիրում ենք վճարել և լսել հոգեկործան խորհուրդներ՝ գուշակներից. գովազդներից, լուրերից, աստղերից և այլն: Սիրելիներ մեր հավատքը այն բարի ծառն է, որի մասին խոսեց մեր Տէրը, և որը միայն կարող է բարի պտուղ տալ: Եթե մեր հավատքը ցուցադրական եղավ, մեր պտուղն է փտած կլինի: Ինչպես որ Հիսուս Քրիստոս հանդիմանեց փարիսեցիներին՝ ասելով,- Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ նման էք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երեւում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով եւ ամենայն ապականութեամբ։ Մատթ. 23 :27
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեր հավատքի ծառը բարի պտուղ տա, և արժանանաք Տիրոջ ողորմությանն ու գթությանը նաև այս կյանքում: