ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 6:37-42
ՈՒՐԻՇՆԵՐԸ ԴԱՏԵԼ
37 «Մի՛ դատէք ու պիտի չդատուիք։ Մի՛ դատապարտէք ու պիտի չդատապարտուիք։ Ներեցէ՛ք ու ձեզ պիտի ներուի։ 38 Տուէ՛ք ու ձեզ պիտի տրուի։ Աղէկ չափով՝ կոխուած, ցնցուած, լեփլեցուն պիտի տրուի ձեր գոգը. քանզի այն չափով՝ որով դուք կը չափէք, ձեզի պիտի չափուի»։
39 Առակ մըն ալ ըսաւ անոնց. «Միթէ կոյրը կոյրին կրնա՞յ առաջնորդութիւն ընել. չէ՞ որ երկուքն ալ փոսը պիտի իյնան։ 40 Աշակերտը իր վարդապետէն մեծ չէ, իսկ ամէն կատարելապէս վարժուածը իր վարդապետին պէս կրնայ ըլլալ»։
41 «Ինչո՞ւ քու եղբօրդ աչքին մէջի շիւղը կը տեսնես ու քու աչքիդ մէջի գերանին չես նայիր։ 42 Կամ ի՞նչպէս կրնաս ըսել քու եղբօրդ. ‘Եղբա՛յր, թող տուր որ աչքիդ մէջի շիւղը հանեմ’ եւ դուն քու աչքիդ մէջի գերանը չես տեսներ։ Կե՛ղծաւոր, առաջ քու աչքէդ գերանը հանէ ու ետքը պարզ պիտի տեսնես քու եղբօրդ աչքին մէջի շիւղը»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ. երեկվա ու այսօրվա սերտողության թեմաները քրիստոնյաների շրջանում ամենաշատ քննարկվող և կարելի է ասել չմարսված պատվիրաններն են: Թշնամուն սիրելու վերաբերյալ տասնյակ քարոզներ լսող քրիստոնյան հարմար առիթի դեպքում տալիս է հակահարված՝ այդ պահին չհիշելով իր լսած քարոզները սիրո վերաբերյալ: Սիրո վերաբերյալ մեր պատկերացումները այսչափ տկար ու անզոր են մեկ պատճառով: Սկսած մեր ծնողներից, ավարտած բուհերն ու եկեղեցին, մեզ չեն սովորեցնում սիրելու մեծագույն գաղտնիքը: Աշխարհում ամենաշատ գործածվող բառն է սերը, որը չի համապատասխանում իր գործողությանը: Որպեսզի երեխան սովորի սիրել, նրան նախ՝ պետք է սովորեցնել օգտակար լինել կամ փոքր բաներում ծառայել ընտանիքի անդամներին: Իսկ ընտանիքներում արվում է բոլորովին հակառակը: Նույնը չեն սովորեցնում դպրոցում, բուհում, աշխատանքի վայրում, պետական այրերը, չի սովորեցնում նաև եկեղեցին, չնայած, որ քարոզների գերակշիռ մասը սիրո մասին է:
Մեր պատկերացմամբ ծառայելը նսեմացում է, ստրկություն է, արժանապատվության կորուստ է, կոտրվել է նշանակում, ինչպես որ ընդունված է ասել ծառայասեր մեկի հասցեին: Այս բոլորը գալիս է նրանից, որ մենք մեր Տիրոջ պատվիրանները չենք մտապահում և չենք կիրառում: Թշնամուն սիրելու հարցը կախված է օդում և ընկալելի չէ այսօրվա մարդուն: Նա նույնիսկ չի պատկերացնում, թե ո՞վ է իր թշնամի: Երբեմն մերձավորին նկատում են որպես թշնամի, կամ եղբորն ու քրոջը: Այսօր խոսելու ենք ևս մեկ պատվիրանի մասին, որը նույն բախտին է արժանացել՝ չհասկացվելու պատճառով; ,,Մի դատեք,, պատվիրանը նույնպես շատ գործածելի պատվիրան է, սակայն նույնչափ էլ չհասկացված: Ողջ կյանքը այս պատվիրանը լսող քրիստոնյան, հարմար առիթի դեպքում նույնպես ընկնում է մեղքի մեջ, մոռանալով այդ պահին Աստծու պատգամը այդ մասին: ,,Սիրիր մերձավորիդ,, և ,,Մի դատիր մերձավորիդ,, պատվիրանները մեզ չեն տվել օրենսգիրքն ու սահմանադրությունը, ո՛չ էլ իրավապահ մարմինները, այլ՝ Աստված է տվել, Որը ստեղծել է մեզ: Մենք Աստծուն կա՛մ հավատում ենք, կամ՝ ո՛չ: Մենք չենք կարող Աստծու մի պատվիրանը հարգել, մյուսը անտեսել,: Կամ մեկը պահել հեշտության պատճառով, մյուսը՝ մոռանալ, դժվարության պատճառով: Կամ, որ ամենատարածված տեսակն է՝ իմանալ պատվիրանը և կատարել սեփական կամքը: Տէր Հիսուս ինչո՞ւ աշակերտներին այսքան բծախնդրությամբ բացատրեց ,, Մի դատեք,, պատվիրանը:
Օրնակներ բերեց, առակ պատմեց այս ուղղությամբ: Նրանք դուրս էին գալու մարդկանց հետ շփվելու և սովորեցնելու Քրիստոսի խոսքերը, ինչի արդյունքում Բազում մեղքեր ու սխալներ պետք է նկատեին ժողովրդի մոտ: Դրա համար սկզբից տվեց Ոսկե Օրենքը, որպեսզի աշակերտները դրա վրա կառուցել իրենց քարոզի հիմքը: Միայն Քրիստոս կարող էր դատել, և դատապարտել մարդկանց, քանի որ Ինքը արդար էր մեղքից, Նրան ո՛չ ոք չէր կարող որևէ բանում մեղադրել: Համայն մարդկությունը մեղքի մեջ է, հետևաբար այս պատվիրանը վերաբերվում է համայն մարդկությանը: Ինչպես որ հիվանդասենյակում մի հիվանդ չի կարող մեղադրել մյուս հիվանդին՝ իր հիվանդության պատճառով, այնպես էր իրար կողք ապրող մարդիկ չեն կարող միմյանց դատել իրենց մեղքերի համար: Ո՛չ թե չեն կարող, որովհետև ի վիճակի չեն, այլ՝ չեն կարող, որովհետև իրենք էլ մեկ այլ մեղքի մեջ են և իրավունք չունեն դատելու: Պատվիրանը ինքնին այնքան պարզ է, որ նույնիսկ բացատրության կարիք չունի, քանի որ ասում է,- Մի դատեք, որ Աստծուց չդատվեք:
Չի՛ ասում մի դատեք ձեր մերձավորին, որպեսզի ձեր մերձավորից չդատվեք: Այս ասում է Աստծուց չդատվեք, քանի որ միայն Աստված է մեղքից հեռու և միայն Աստված ունի այդ մենաշնորհը:
Եթե դատում ես մեկին, որը հայտնվել է գողության մեղքի մեջ, և չես տեսնում քո շնության մեղքը, ապա Աստված մեկի միջոցով քեզ ցույց կտա քո մեղքը և դու ամոթով կմնաս: Պատվիրանն ասում է մի՛ դատեք, որովհետև մեկ այլ տեղում՝ մեկ ուրիշ պատվիրան ասում է,- «Քո խոսքերով կարդարանաս և քո խոսքերով կդատապարտվես» (Մթ. 12:37): Պատվիրանները մեկը մեկին լրացնում են, հետևաբար չի կարելի մեկը հիշել, մյուսը զանց անել: Գուցե նաև ողջ աշխարհը, բայց այս պահին Հայաստանի բնակչության գերակշռող մասը գտնվում է այս մեղքի մեջ և շարունակում է հարատևել նրանում: Օրական տասնյակ ուղիղ եթերների ենք ականատես լինում, երբ մարդիկ վերցնում են իրենց հեռախոսը և խայտառակ են անում մեկ այլ մարդու, որի սխալի մասին գիտեն: Հայտնվում է մեկ ուրիշը, որը ավելի կեղտոտ բառապաշարով խայտառակում է նախորդին, և այսպես՝ տարիներ շարունակ: Բացահայտել ենթակայի մեղքը՝ փողոցային հայհոյախառն բառերով՝ ամենևին չի նշանակում սրտացավություն ցուցաբերել Հայրենիքի և հայրենակիցների նկատմամբ: Ավելի հեշտ բան չկա, քան բերանը բացել և թույլ տալ, որ սրտից դուրս գան այն մտքերը, որոնք չարի օգնությամբ տեղավորվել են այնտեղ, մարդու ուշադրությունը պատվիրանից շեղելու համար: Նա՛և ավելի դժվար բան չկա, քան զսպել սեփական լեզուն՝ նայել սեփական անձին, հիշել սեփական մեղքերը, և փորձել մաքրվել դրանցից՝ հետագայում իրավունք ձեռք բերելու համար՝ որևէ սխալի մասին կարծիք հայտնել, ո՛չ թե հայհոյել: Լռե՛լ, ամենևին չի՛ նշանակում աչք փակել անօրենության վրա, լռել նշանակում է անդրադարձ ունենալ սեփական մեղքերին:
Տէր Հիսուս աշակերտներին ինչո՞ւ արգելեց դատել մարդկանց, քանի որ նրանք էլ սկզբնական շրջանում մեղքերի մեջ էին: Ինչպե՞ս Պետրոսը կարող էր դատել Հուդային՝ մատնության համար, երբ ինքը ուրացող էր: Ինչպե՞ս Թովմասը կարող էր դատել Հակոբոս և Հովհաննես եղբայրներին՝ Տիրոջ աջ ու ձախ կողմերում նստել պահանջելու համար, երբ ինքը թերահավատ էր: Կամ ինչպե՞ս Պողոսը կարող էր մեկին դատել, երբ ինքը հալածիչ էր և միայն Քրիստոսի միջոցով տեսավ իր մեղքերը: Առաքյալների գործերը կարդալիս, մենք տեսնում ենք, որ մի պահ աշակերտների միջև տարաձայնություն է առաջանում, բայց նրանք եկեղեցու շահը վեր դասելով, անմիջապես հարթում են այդ տարաձայնությունը, առանց միմյանց դատելու:
Իսկ Ստեփանոս նախավկան, որի սիրտն այնքան մաքուր էր, որ Աստծուն տեսավ՝ ըստ երանիների, նա արդեն վարվեց Քրիստոսի պես և չդատեց իրեն քարկոծողներին, քանի որ գիտեր նրանց մարդկային անզոր բնությունը: Ստեփանոսը ի՛նչ չափով, որ չափեց, նույն չափով էլ իր համար չափվեց նույն պահին՝ Աստծուն տեսավ Հոր աջ կողմում կանգնած: Ներեց իրեն քարկոծողներին, նույն պահին ստացավ ներման համեմատ պարգևը:
Բայց Ստեփանոսին քարկոծողները չմնացին անպատիժ, որոնցից մեկն էլ Պողոս առաքյալն էր, որ իր համաձայնությունն էր տվել Ստեփանոսին քարկոծելու համար:
Սիրելիներ, Աստվա՛ծ է ստեղծել մեզ և չի՛ արտոնում, որ մենք վճիռ կայացնենք միմյանց համար, այլ ասում է, դու ների՛ր, որովհետև վրեժխնդրությունը Իմն է: Մեղավո՛ր մարդ, դու նույնիսկ անկարող ես քո մեղքերը զղջալ, ո՞ւր մնաց, թե որևէ մեկին ուղղես՝ նրան դատելով: Հետագայում մենք տեսանք, թե Աստված Պողոս առաքյալին ինչպես պատժեց՝ Նրան արժանացնելով վերջին առաքյալի պատվավոր կոչմանը:
Աստված պատժելով մարդուն իր մեղքի մեջ՝ նրանից ստանում է մեկ այլ՝ ավելի լավ մարդ: Իսկ մեղավոր մարդը, երբ դատում մեկ այլ՝ մեղավոր մարդու, երկուսն էլ վնասվում են և կորցնում են Աստծու պատկերը:
Տէր Հիսուս Իր աշակերտներից որի՞ն երբևէ ասաց,- վրե՛ժ լուծիր, երբ քեզ անարգեն ու հալածեն: Ո՛չ մեկին: Այլ հակառակը՝ տվեց Ոսկե Օրենքի պատվիրանը և ասաց,- սկսիր քեզնից:
,,Մի դատիր,, պատվիրանով Աստված դիպչում է մեր սրտի ամենացավոտ վերքին և առաջարկում է բուժիչ բալասանը:
Տէր Հիսուս գիտե, որ համայն մարդկությունը տառապում է այս մեղքի մեջ, այդ պատճառով զանազան օրինակներ է բերում, առակ է պատմում, որ ասելիքը ընկալելի լինի: Սակայն այսքան մանրամասն բացատրությունից հետո նույնիսկ, մարդկանց մեջ չվերացավ այս մեղքը: Առակում Տէրն ասում է,- Մի՞թե կարող է կույրը կույրին առաջնորդել, չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն; Մենք վերևում արդեն խոսեցինք այս մասին, որ երկու մեղավոր մարդ միմյանց դատելով ու դատապարտելով միայն վնաս կհասցնեն միմյանց ու փոսը կընկնեն: Ինչպես որ կույրը չի կարող մեկին ճանապարհ ցույց տալ, Ինչպես որ մի հիվանդ չի կարող մյուս հիվանդին մեղադրել, այնպես էլ ցանկացած մեղավոր մարդ իրավունք չունի մեկ այլ մարդու մեղքի համար նրան դատապարտել: Յուրաքանչյուր կույր մարդու համար առնվազն մեկ տեսնող մարդ է պետք՝ նրան ուղեկցելու համար, որպեսզի չվնասվի կույրը իր ճանապարհին: Նույնպես էլ ամեն մեղավոր մարդու համար հոգևոր ուսուցիչ է պետք, նրան ուղղորդելու համար: Իսկ եթե Աստված չկամենա հոգևոր ուսուցիչն էլ զուրկ լինի հոգևոր տեսողությունից, դարձյալ երկուսն էլ փոսի մեջ կհայտնվեն, և կլնի այն ինչ առակում ասում էր մեր Տէրը:
Նաև ասում է,- կատարյալ աշակերտը իր վարդապետի պես կլնի: Ինչպես որ Ստեփանոսը վարվեց իր վարդապետի պես: Երբ ասում է, աշակերտը մեծ չէ քան վարդապետը, մենք կարող ենք հասկանալ մի բան: Որքան էլ մենք ձգտենք կատարելության, չենք նմանվի մեր Տիրոջը, բայց գոնե կարող ենք մի առաքինության մեջ հասնել որոշակի արդյունքի: Մենք անվերջ պետք է քայլենք մեր Տիրոջ ոտնահետքերով:
Այս երկարատև ուսուցումը, որ Հիսուս Քրիստոս արեց աշակերտների համար, խորքի մեջ միայն մեկ պատգամ ունի՝ նայի՛ր քեզ, շտկի՛ր քեզ, իսկ երբ արդեն հանած կլինես աչքիդ գերանը, օգնիր քո եղբորը, որի աչքի մեջ շյուղ կա, որպեսզի առանց ցավի ինքն էլ հանի իր աչքի շյուղը: Այլապես գողը մեղադրում է գողության մեղքը, անբարոն խոսում է բարոյականությունից, կեղծավորը խոսում է բարեպաշտությունից, և այլն:
Այս պատվիրանները մեկական գանձեր են, որոնք պետք է պահենք մեր սրտի գանձատուփերի մեջ: Հիմա հասկանալի՞ է, թե ինչո՞ւ մենք չենք կարողանում սիրել մեր մերձավորին, քանի որ նրա մեջ մեղավոր մարդ ենք փնտրում, ո՛չ թե չարից խաբված ու վիրավորված Աստծու պատկերին: Մենք մեր մերձավորի մեջ չենք տեսնում Աստծու պատկերը, որովհետև մենք էլ ենք կորցրել այն, դրա համար չենք տեսնում:
Տէր Հիսուս Քրիստոս ամեն ինչ խոսեց հերթականությամբ, որպեսզի մեկը լրացնի մյուսին, ո՛չ թե խանգարի: Իսկ մենք մի պատվիրան հիշում ենք, մյուսը չենք հիշում, մե՛կը պահում ենք, մյուսը՝ անտեսում ենք:
Աշակերտներին Նախ՝ տվեց երանիները: Առանց դրանց անկարելի է բարձրանալ հոգևոր որևէ աստիճան: Եթե քրիստոնյան խոնարհություն չունենա, անկարելի է, որ նա ծառայասեր լինի, իսկ երբ ծառայասեր չէ, չի կարող սիրել իր նմանին, ում չի ուզում ծառայել: Իսկ երբ քրիստոնյան մեկին չի սիրում, նրա արած ամեն ինչը իր աչքին քննադատելի է: Ինչպե՛ս որ դպրոցում ենք տառերը հերթով սովորում, այնպես էլ հոգևոր պատվիրաններն են շղթայված միմյանց:
Եկեղեցին Քրիստոսի դպրոցն է, որտեղ պետք է սովորեն այս բոլորը՝ առանց միմյանց նկատողություն անելու: Եկեղեցին Քրիստոսի հիվանդանոցն է, որտեղ պետք է բուժվեն բոլորը՝ առանց միմյանց ծաղրելու:
Եկեղեցին Քրիստոսի աղոթքի տունն է, որտեղ պետք է հանդիպում տեղի ունենա հիվանդի և Բժշկի միջև: Եկեղեցին երկնքի արքայությունն է, ուր մտնելիս հանդիպում ենք Աստվածամորը՝ Հովհաննես Մկրտչին, Առաքյալներին և Երկնքի Արքային՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսին: Եկեղեցին նաև քարե տաճար է, որտեղ քրիստոնյաները պետք է հավաքվեն միասնական աղոթքի համար, միմյանց օգտակար լինելու համար, ինչպես որ առաջին դարի եկեղեցին էր՝ առաքյալների տնօրինությամբ: Եկեղեցին միայն մոմ վառելու տեղ չէ: Ի՞նչ է այդ մոմը, որ վառում եք, գիտե՞ք: Մոմը նույն մարդն է: եթե մոմը դրված մնա իր տեղում տարիներով, ոչ մեկին պետք չէ, և դրած տեղում էլ լույս չի տա: Մոմի մեջ թել կա, որ վառվում է և այդ թելը պատած է մեղրամոմի Ոսկ կոչվող նյութով: Այդ ոսկը թելի մարմինն է, իսկ թելը, որը լույս է տալիս, Սուրբ հոգու խորհրդանիշն է:
Նույնպես էլ մարդը, որը մարմին ունի և նրա մեջ սուրբ հոգին է բնակվում, որը լուսավորում մարդու ողջ կյանքը: Հետևաբար մոմը՝ առանց աղոթքի, ոչինչ է: Նույնպես էլ մարդը առանց Աստծու հետ հաղորդակցության, ոչինչ է, և չի կարող Քրիստոսի բուրմունքը ունենալ, չի կարող աղ լինել, չի կարող լույս լինել, չի կարող որևէ համեղ պտուղ ունենալ: Այսօրվա սերտողության գեղեցիկ պատգամներն ու պատվիրանները դարձնենք մեր սեփականությունը, որպեսզի ըստ Տիրոջ խոստման մեր գոգը լցվի առատ հոգևոր պարգևներով՝ ա՛յն չափով, ինչով որ չափել ենք մենք ուրիշների համար: Չլինենք կեղծավորների պես, թաքցնենք մեր աչքի գերանը, և մատնացույց անենք ուրիշի աչքի փուշը: Ավարտենք այստեղ մեր սերտողությունը և եթե հանկարծ վաղը առիթ լինի մեկին դատելու, և մենք դատենք, առանց հիշելու այսօրվա դասը, ուրեմն մենք էլ տարբեր չենք նրանցից, որոնք դատում են առավոտից մինչ երեկո, անտեսելով Աստծու այս լուսավոր պատվիրանները:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի կատարելություն ունենանք գոնե այս մեկ պատվիրանի մեջ՝ ,,Մի դատեք,,