ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 6:27-36
ԹՇՆԱՄԻՆԵՐՈՒՆ ՀԱՆԴԷՊ ՍԷՐ
27 Բայց կ՚ըսեմ ձեզի որ մտիկ կ՚ընէք. «Սիրեցէք ձեր թշնամիները, ձեզ ատողներուն բարիք ըրէք, 28 Ձեզ անիծողները օրհնեցէք, ձեզի նեղութիւն տուողներուն համար աղօթք ըրէք։ 29 Թէ որ մէկը քու ծնօտիդ զարնէ, միւսն ալ մօտեցուր անոր. եթէ ան քու վերարկուդ քեզմէ հանէ, մի՛ արգիլեր անկէ շապիկդ ալ։ 30 Ամէն ինչ, որ քեզմէ կ՚ուզէ՝ տուր ու քու բաներդ առնողէն զանոնք մի՛ պահանջեր։ 31 Ինչպէս կ՚ուզէք որ մարդիկ ձեզի ընեն, դուք ալ անոնց այնպէս ըրէք։ 32 Եթէ դուք ձեզ սիրողները սիրէք, ի՞նչ շնորհք կ՚ունենաք. վասն զի մեղաւորներն ալ կը սիրեն զիրենք սիրողները։ 33 Եթէ դուք ձեզի բարիք ընողներուն բարիք ընէք, ի՞նչ շնորհք կ՚ունենաք. վասն զի մեղաւորներն ալ նոյն բանը կ՚ընեն։ 34 Եթէ այնպիսի մարդոց փոխ տաք՝ որոնցմէ յոյս ունիք ետ առնելու. ի՞նչ շնորհք կ՚ունենաք. վասն զի մեղաւորներն ալ մեղաւորներուն փոխ կու տան, որպէս զի նոյն չափով ետ առնեն։ 35 Այլ սիրեցէք դուք ձեր թշնամիները ու բարիք ըրէք եւ փոխ տուէք առանց փոխարէնը բան մը սպասելու եւ ձեր վարձքը շատ պիտի ըլլայ ու Բարձրեալին որդիները պիտի ըլլաք, վասն զի անիկա բարերար է ապերախտներուն ու չարերուն։ 36 Ուրեմն գթած եղէք, ինչպէս ձեր Հայրն ալ գթած է»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ, երեկվա սերտողությամբ տեղեկացանք, որ մենք ազատ ենք մեր առջև դրված ընտրության մեջ՝ ընտրելու երանիները կամ՝ վայերը: Նաև կարդացինք, որ յուրաքանչյուր երանիի կողքին կար հակադարձ վայը: Եթե քրիստոնյան խոնարհ է, իր կյանքում քաղցն ունի Աստծու խոսքի հանդեպ, ողբում ու լալիս է իր և այլոց մեղքերի համար, և այդ պատճառով հալածվում է մարդկանցից, թող այդպիսի քրիստոնյան ուրախանա և ցնծա, որովհետև այդպիսի քրիստոնյայի վարձը մեծ է երկնքում, և Աստծու Սուրբ Հոգին այսպիսի մարդուն առաջնորդում է արդարության ճանապարհով: Իսկ այն քրիստոնյան, որը իր կյանքի ընթացքում կողոպուտից հարստացած է, որկրամոլությունից հագեցած է, ամբարտավանությունից ծիծաղում է, և ակնկալում է իր հանդեպ մարդահաճություն և գովեստի խոսքեր, ուրեմն վա՛յ այս տեսակ քրիստոնյային, քանի որ կրելով Աստծու անունը, ծառայում է մամոնային: Նրա ապրած յուրաքանչյուր օրը մեծ պարգև է Աստծուց՝ ապաշխարելու, և դարձի գալու համար: Սա երեկվա սերտողության թեման էր: իսկ նախորդ օրը մենք սովորեցինք մեր Տիրոջից, որ գլխավոր գործ սկսելուց առաջ պետք է աղոթքի կանգնենք և հայցենք Տիրոջ կամքը: Նախորդ մտքերը միտումնավոր հիշեցրի, որովհետև այսօրվա սերտողությունը հիմնված է նախորդ դասերի ուսուցման վրա: Տէր Հիսուս կարևոր հերթականությամբ է Իր ուսուցումները վարում, քանի որ առանց նախորդ առաքինության հաջորդ առաքինությունը դժվար է ձեռք բերել:
Այսօրվա մեր սերտողությունը թշնամիների հանդեպ ունեցած սիրո մասին է: Այս թեման քրիստոնյաների կողմից չընկալված, չպահված, և անկարելի թվացող մի պատվիրան է: Տէր Հիսուս խոսում է աշակերտների և ներկա բազմության հետ և ասում է,- Բայց Ասում եմ ձե՛զ, դո՛ւք, որ լսում եք Ինձ, սիրեցեք ձեր թշնամիներին, ձեզ ատողներին բարություն արեք, օրհնեցեք ձեզ անիծողներին, և ձեզ նեղողների համար աղոթեցեք: Այս խոսքերը այս պահին վերաբերում են մեզ, քանի որ մենք ենք լսում այս պահին; Փորձենք նախադասություն առ նախադասություն վերլուծելով առաջ գնալ, քանի որ մեր հասարակության ցավոտ հարցն է, յուրաքանչյուր ընտանիքի ցավոտ հարցն է, և նաև յուրաքանչյուր անհատի համար՝ թշնամուն սիրելու կամ ներելու խնդիրը լուծված չէ: Տեսեք, սիրելիներ, Հիսուս Քրիստոս երկարատև աղոթքով ընտրեց տասներկու աշակերտներ՝ Իր խոսքի քարոզության համար: Այդ աշակերտներին հանգամանալից ուսուցանում է հոգևոր և բարոյական կանոնները, որպեսզի նրանք քարոզության ժամանակ դժվարության, վիրավորանքի, կամ ատելության հանդիպելիս կարողանան դիմակայել դժվարությանը, ո՛չ թե իրենց անձերի ինքնասիրությունը պաշտպանելու, այլ Աստծու խոսքը տեղ հասցնելու համար: Եթե հետագայում աշակերտները իրենց վիրավորողներից նեղանային, կամ իրենց հալածողներից խռովեին և դադարեին քարոզությունը, այսօր մենք ոչ մի օրինակ չէինք ունենա սովորելու համար: Եթե առաքյալները վրեժխնդիր լինեին իրենց թշնամիների նկատմամբ, ապա շատ շուտով Ավետարանի լույսը կմարեր: Դրա համար Տէր Հիսուս կրկնակի է զգուշացնում, որ ատելությանը ատելությամբ չպատասխանեն, այլ բոլոր իրավիճակներում ցուցաբերեն հզորություն:
Քրիստոսի ասածների վառ օրինակը աշակերտները հետագայում տեսնելու էին խաչի վրա, թե ինչպես էր Նա հերում հայցում Իրեն խաչողների համար Իր Երկնավոր Հորը: Որպեսզի աշակերտները, և նաև բոլոր ժամանակի մարդիկ չասեն, թե դժվար է սիրել թշնամուն և անկարելի է պահել այդ պատվիրանը, Տէր Հիսուս ասում է,-Ինչպես կամենում են, որ անեն ձեզ մարդիկ, այնպես արեք և դուք նրանց: եթե դուք կամենում եք, որ ձեր թշնամին ձեր հանդեպ լինի դաժան և անխիղճ, ապա դուք էլ նույնը արեք: Այսպես մանրամասն բացատրում է աշակերտներին՝ ըստ Երեմիայի մարգարեության, որն ասում է,-
«Իմ օրէնքները նրանց մտքի մէջ եմ դրոշմելու, դրանք նրանց սրտերի մէջ եմ գրելու, նրանց համար Աստուած եմ լինելու, իսկ նրանք ինձ համար լինելու են ժողովուրդ, իսկ եթէ իմ աչքի առաջ այս օրենքները դադարեն գործելուց, ապա Իսրայէլի ազգն էլ, - ասում է Տէրը, - իմ աչքի առաջ ընդմիշտ պիտի դադարի ազգ լինելուց»: Երեմ.31:34 Սիրելիներ, մենք այս մարգարեության վրա մի պահ կանգ առնենք՝ սթափվելու համար: Աստծու խոսքը հավերժական է և ուժի մեջ է բոլոր դարերի և ժամանակների համար: Հետևաբար այն գործում է նաև մեր օրերում, մեր հայրենիքի համար: Իսրայելի փոխարեն մենք հանգիստ կարող ենք ասել Հայաստան; Եթե աստվածային օրհնություններին անհամբեր սպասում ենք, ապա պատրաստ պետք է լինենք նաև հանդիմանություններին;
Մեր հայրենիքում տեղին ունեցող ներկա իրադարձությունները ամբողջությամբ հակասում պատվիրանին և դեմ է Աստծու յուրաքանչյուր խոսքին: Ես արտաքին թշնամու մասին չեմ խոսում, որը թշնամի է մնում հավիտյան: Ես խոսում եմ ներքին թշնամության մասին, որը օրեցօր թեժանում է քրիստոնյա կոչվող հասարակության բոլոր շերտերի միջև: մեր հանրությունը չի ժխտում, որ քրիստոնյա է, սակայն ապրում է հակաքրիստոնեական օրենքներով: Մեզ պատվիրված է սիրել, բարություն անել, օրհնել և աղոթել մեզ նեղողների համար: Իսկ մենք ատում ենք, անիծում ենք, վրեժխնդիր ենք լինում և հակահարված ենք տալիս ավելի ուժեղ: Ցավալին այն է, որ ատելությունը մի ուղղությամբ չէ, այլ՝ բոլոր ուղղություններով: Ոչ միայն գործող իշխանության, այլ՝ նաև նախորդ իշխանության անդամների և ողջ ժողովրդի մեջ է մտած ատելություն;
Սա նրանից է, որ մենք չենք լսում, թե Աստված ի՞նչ է ասում մեզ: Եթե մենք երեկվա երանիները չունենանք մեզ համար որպես զենք՝ պաշտպանվելու և հարձակվելու համար, ուրեմն ամեն ինչ ձախողված է: Եթե մենք Աստվածաշունչ իմանայինք, ապա մեր քայլերը կկատարեինք ըստ Աստվածաշնչի և շահած դուրս կգայինք: Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչո՞ւ է մեզ պատահում այսքան դաժան փորձություններ: Սգավորներին երանի էր տալիս Հիսուս Քրիստոս, որովհետև նրանք ողբում և լալիս են իրենց մեղքերի համար, իսկ մենք՝ մոռացած մեր մեղքերը այլոց մեղքերի համար երկիրը վերածել ենք պատերազմի դաշտի: Այնպիսի տպավորություն է, որ մենք արտաքին թշնամի չունենք, մեր թշնամիները միայն ներսում են: Դանիել մարգարեն ասում է.- Բարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա, այն տալիս է, ում որ կամենա, և մարդկանցից ամենաանարգին բարձրացնում է դրա վրա: Դան.4:14
Մեր ժողովուրդը երբե՛ք չհամախմբվեց աղոթքի միաբանությամբ՝ կարևոր որոշում կայացնելուց առաջ, ինչպես որ նախորդ օրը սովորեցինք մեր Տիրոջից՝ աշակերտներ ընտրելուց առաջ՝ երկարատև աղոթքից: Աստվածաշնչից մեզ ծանոթ են դրվագներ, երբ Աստված խստասիրտ է դարձնում թագավորներին՝ ժողովրդին դարձի բերելու համար: Մարգարեները տեսել են Աստծու զորությունը և ժողովրդի անհավատարմությունը Աստծու նկատմամբ: Գրել են այդ մասին, որ մենք կարդանք և առաջնորդվենք դրանցով; Աստված թույլ տվեց, որ Սողոմոնի տաճարը կործանվի Նաբուգոդոնոսոր արքայի կողմից, որպեսզի ժողովուրդը դառնա դեպի Աստված:
Այս բոլոր պատվիրանները, որ տալիս է աշակերտներին, մեր կենցաղում պատահող ամենօրյա անլուծելի հարցերն են, որոնց պատճառով ամեն օր ավելանում է թշնամությունը մարդկանց շրջանում: Քարոզը քիչ է, Աստծու խոսքի մեկնաբանությունը պարզ ապրելակերպի վերաբերյալ՝ բացակայում է, մարդկանց սովորեցնելու մշակույթը վերացել է: Եթե աշխարհը բարեկարգ վիճակում լիներ, կարիք չէր լինի, որպեսզի Աստված մարդանար, առավել ևս խաչվեր: Եթե Աստծու խաչելությունից ու Իր տված պատվիրաններից աշխարհը բարեկարգվեր, ապա աշխարհի վախճանը չէր լինի: Ուրեմն աշխարհը արդեն արժանի է իր վախճանին, ոչ թե Աստծու բերած փրկությանը: Մենք ոչնչից չենք սովորում, չնայած, որ մեծագույն աղետները մեր պատմության ճակատին է գրված: Աստծու խոսքը անտեսելու և անհանդուրժողականության պատճառով է մեր երկրում պատահած ամեն մի փորձություն: Աշակերտներին սովորեցնում է, որ մի երեսին խփեն, մյուսը դարձնեն, բաճկոնը վերցնողին չընդդիմանան, վերցրածը հետ մի պահանջեք և այլն: Այս պատգամները տալով Տէր Հիսուս ցույց է տալիս արդարության ճանապարհը, որը տանում է դեպի Աստված, և շեղում է նրանց միտքը և ճանապարհը հեթանոսների կյանքից: Մի գեղեցիկ օրինակ կա այս մասին, որը բերել եմ ձեզ նախորդ սերտողություններում: Ասում է, - եթե դրամ ես տալիս մեկին և դիմացը տոկոս ես վերցնում, քո արարքը նման է Հուդային: Եթե դրամ ես տալիս մեկին և հետ ես վերցնում՝ այնքան որքան տվել ես, քո արարքը նման է Ադամին: Իսկ երբ դրամ ես տալիս, ու այլևս հետ չես վերցնում, քո արարքը նման է Աստծուն: Եթե սիրեք միայն նրանց, որոնք ձեզ են սիրում, հեթանոսներից տարբեր չեք լինի: Քանի որ սերը ծառայություն է բոլորի նկատմամբ, ո՛չ թե ընտրովի է: Սիրո պատվիրանը մեզ շուկայական հարաբերություններից տեղափոխում է ծառայության դաշտ, որը իրական սիրո դրսևորումն է: Առանց միմյանց ծառայելու՝ սիրո մասին պատկերացումը անիրական է, խեղված է, ձևական է և ժամանակավոր է:
Այսպիսի սիրո դրսևորումը մեզ մոտեցնում է աստվածային սիրո օրինակին, քանի որ Աստված սիրում է բոլորին հավասարապես, և կամենում է բոլորի փրկությունը հավասարապես: Ինչպես որ մի մայր ավելի հոգատար է իր հիվանդ երեխային, քան առողջին, որովհետև հիվանդը ավելի շատ ուշադրության կարիք ունի:
Հիմա մենք Աստծո՞ւն ենք ուզում նմանվել, թե հեթանոսներին ու մեղավորներին: Այսպես է Ավետարանի ուսուցումը, նախ տալիս է քեզ ապրելու բանաձևը, ապա՝ ավարտին՝պարգևները: Աստված մեր կյանքում մեզ հանդիպեցնում է բազում փորձությունների և ստուգում է մեր համբերությունը, հավատարմությունը, նվիրվածությունը և այլն: Եթե չենք դիմանում և ընդվզում ենք, ապա դարձյալ ժամանակ է տալիս ապրելու և ուղղելու սխալը: ժամանակ անց նորից է ստուգում մարդուն՝ մեկ այլ փորձությամբ, տեսնելու համար մարդու կյանքում կա՞ արդյոք դրական տեղաշարժ: Քրիստոնյան չի կարող նույն կերպ լինել: Նա անվերջ շարժման մեջ պետք է լինի՝ դեպի առաջ: Քրիստոս կամենում է, որ մենք Բարձրյալի որդիներ լինենք և մեր վարձը երկնքում շատ լինի: Կամենում է, որ մենք գթասիրտ լինենք մեր Երկնավոր Հայրն է գթասիրտ և բարեհաճ՝ չարերի և ապերախտների հանդեպ: Որքան էլ որ մենք Ոսկե Օրենքը շատ հաճախ օգտագործում ենք մեր խոսակցության մեջ, սակայն դա դեռ չի նշանակում, որ մենք պատրաստ ենք այն կիրառելու մարդկային հարաբերություններում: Ի՛նչ բառերով, որ մենք ենք հանդիմանում դիմացինին, արդյո՞ք կկամենանք, որ մեզ վերադարձնեն այդ բառերը: Իհարկե՝ ո՛չ: Ուրեմն հստակ է, որ այս պատվիրաններից ցանկացածը կարող է կատարել այն քրիստոնյան, որի կյանքում դրական տեղաշարժ է կատարվել Աստծու խոսքից:Եթե Ավետարանի պատգամը մարդու կյանքում փոփոխություն չի կատարում, անկարելի է որ մարդը կարողանա կատարել այս պատվիրաններից թեկուզ ամենափոքրը:
Նաև աղոթքի պակասից է, որ մենք չեն կարողանում հասնել պատվիրանապահության: Հիսուս Քրիստոս մեզ դա էլ է սովորեցրել, որ անդադար պետք է աղոթենք: Այսինքն մեր միտքը չպետք է կտրվի Աստծու հետ խոսելուց: Ո՞վ է մեզ խանգարում, որ մեր մտքում ամբողջ օրը կրկնենք,- Տէր Աստված, ողորմիր, Տեր Աստված օգնիր, Տեր Աստված շնորհիր, Տեր Աստված ուժ տուր ինձ չտրտմեցնեմ Սուրբ Հոգուն՝ իմ մեջ: Մեր մտքում չի ամրագրվում այն փաստը, որ Քրիստոս մեզ համար մեռավ, որն է մեր առաքելությունը վարձահատույց լինելու:
Մեր դրսևորումները աշխարհի իրական պատկերն են, ինչպիսին ուզում ենք տեսնել աշխարհը, այնպես էլ ապրում ենք: Եթե երբևէ անդրադառնանք մեր օգտագործած անիմաստ խոսքերին և մտքերին, որոնք դուրս են գալիս մեր սրտից ու մեր շրթներից, ապա կտեսնենք, որ մենք ակամայից անտեսել ենք մի կարևոր պատվիրան, թե՝<<Քո խոսքերով կարդարանաս և քո խոսքերով կդատապարտվես>>: Մտթ.12:37
Մենք՝ մարդիկս հակված ենք մեղանչելու մեր մտքերում: Այդ իսկ պատճառով, Նա, ով մեկ առ մեկ ստեղծեց մեր սրտերը, իմանալով, որ մեղքերի մեծամասնությունը գործվում է դիտավորության նպատակով, որպես առաջին պատվիրան տվեց սրտի խորքերի մաքրությունը: Կամեցավ, որ առավել ուշադրություն և հսկողություն գործադրենք մեր այն մասի վրա, ուր առավել հեշտությամբ ենք մեղանչում: Ինչպես որ հեռատես բժիշկներն են նուրբ անձանց զգուշացնում հորդորներով, որոնք ունակ են կանխելու չարիքը, այնպես էլ Նա, որ հոգատար է բոլորի նկատմամբ, հոգիների ճշմարիտ Բժիշկը, խստագույն զգուշություն պատվիրեց մեր այն մասերում, որոնք ճանաչում է որպես առավել հակված մեղանչելու: Աստված մեզնից պահանջում է հավա՛տք, սեր՝ միմյանց նկատմամբ և պատվիրանապահություն: Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրե՛ք միմյանց, ասաց մեր Տերը՝ ավելացնելով, որ ավելի մեծ սեր չկա, քան մեկը իր անձը տալիս է ընկերոջ համար: Քանի ժամ էլ որ խոսենք պատվիրաններից, միևնույն է մեծագույնը՝ սերն է, և սերը ծառայությունն է: Ավարտենք մեր սերտողությունը, բայց չավարտենք մտածել մեր անձերի փոփոխության մասին:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի կարողանանք սիրել միմյանց՝ ըստ Աստծու պատվիրանի, ոչ թե մեր պատկերացմամբ: