ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 1: 1-25
ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ
1 Որովհետեւ շատերը մեր մէջ հաստատ գիտցուած բաներուն վրայով եղած պատմութիւնը կարգի դնելու ձեռք զարկին, 2 Ինչպէս սկիզբէն աչքով տեսնողները եւ խօսքին սպասաւոր եղողները աւանդեցին մեզի, 3 Ես ալ որ սկիզբէն այն ամէն բաներուն ճշդութեամբ տեղեկացեր էի, յարմար դատեցի կարգաւ գրել քեզի, ո՛վ պատուական Թէոփիլոս, 4 Որպէս զի սորված բաներուդ ստուգութիւնը իմանաս։
ԱՒԵՏՈՒՄՆ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԿՐՏՉԻՆ ԾՆՈՒՆԴԻՆ
5 Հրէաստանի Հերովդէս թագաւորին օրերը Աբիայի դասակարգութենէն Զաքարիա անունով քահանայ մը կար, որուն կինը Ահարոնին աղջիկներէն էր եւ անունը՝ Եղիսաբէթ։ 6 Երկուքն ալ Աստուծոյ առջեւ արդար էին եւ Տէրոջը բոլոր պատուիրանքներուն ու իրաւունքներուն մէջ անարատութեամբ կը քալէին։ 7Զաւակ չունէին, վասն զի Եղիսաբէթ ամուլ էր ու երկուքն ալ օրերնին անցուցած էին։
8 Երբ Զաքարիա իր դասակարգութեան օրերը հասնելուն քահանայական պաշտօնը կը կատարէր Աստուծոյ առջեւ, 9 Քահանայութեան սովորութեանը պէս իրեն ինկաւ որ Տէրոջը տաճարը մտնէ եւ խնկարկութիւն ընէ։ 10 Ժողովուրդին բոլոր բազմութիւնը դուրսը աղօթքի կայներ էին խունկին ատենը։ 11 Տէրոջը հրեշտակը անոր երեւցաւ ու կայնեցաւ խունկի սեղանին աջ կողմը։ 12 Զաքարիա երբ տեսաւ, շփոթեցաւ ու անոր վրայ վախ մը ինկաւ։ 13 Հրեշտակը ըսաւ անոր. «Մի՛ վախնար, Զա՛քարիա, վասն զի քու աղօթքդ լսուեցաւ։ Քու կինդ Եղիսաբէթ քեզի որդի մը պիտի ծնանի ու Անոր անունը Յովհաննէս պիտի դնես։ 14 Քեզի ուրախութիւն ու ցնծութիւն պիտի ըլլայ եւ շատեր անոր ծնանելուն համար պիտի ուրախանան։ 15 Վասն զի Տէրոջը առջեւ մեծ պիտի ըլլայ։ Բայց գինի եւ օղի պիտի չխմէ եւ իր մօրը որովայնէն Սուրբ Հոգիով պիտի լեցուի. 16 Իսրայէլի որդիներէն շատերը իրենց Տէր Աստուծոյն պիտի դարձնէ։ 17 Ինք անոր առջեւէն պիտի գայ Եղիային հոգիովը ու զօրութիւնովը, հայրերուն սրտերը որդիներուն վրայ դարձնելու եւ անհնազանդները՝ արդարներուն իմաստութեանը, որպէս զի Տէրոջը բարեկարգ ժողովուրդ մը պատրաստէ»։ 18 Զաքարիա ըսաւ հրեշտակին. «Ինչո՞վ գիտնամ այդ բանը, որովհետեւ ես ծեր եմ ու իմ կինս իր օրերը անցուցած է»։ 19 Հրեշտակը պատասխան տալով ըսաւ անոր. «Ես եմ Գաբրիէլը, որ Աստուծոյ առջեւ կը կայնիմ ու ղրկուեցայ քեզի խօսելու եւ այս բաներուն աւետիսը քեզի տալու։ 20 Ահա համր պիտի ըլլաս դուն ու պիտի չկրնաս խօսիլ մինչեւ այն օրը՝ երբ այս բաները ըլլան, քանզի չհաւատացիր իմ խօսքերուս, որոնք իրենց ատենին պիտի կատարուին»։ 21 Ժողովուրդը Զաքարիային կը սպասէր եւ կը զարմանային անոր տաճարին մէջ ուշանալուն համար։ 22 Երբ դուրս ելաւ, չէր կրնար խօսիլ անոնց հետ. ասով իմացան թէ տաճարին մէջ տեսիլք մը տեսած է։ Ինք նշանով կը խօսէր անոնց հետ եւ համր կը կենար։ 23 Երբ իր պաշտօնին օրերը լմնցան, իր տունը գնաց։ 24 Այն օրերէն ետքը անոր կինը Եղիսաբէթ յղացաւ ու հինգ ամիս ինքզինք կը պահէր եւ կ՚ըսէր. 25 «Այսպէս ըրաւ ինծի Տէրը այս օրերուս, իմ վրաս նայեցաւ նախատինքս մարդոց մէջէն վերցնելու համար»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ: Փառք Աստծուն այս առավոտի համար, խնդրենք Տիրոջ ողորմությունը առաջիկա օրը խաղաղությամբ և առանց մեղքերի անցկացնելու համար: Աստծու բարի կամքով այսօր սկսում ենք Ղուկասի Ավետարանի սերտողությունը. Մենք արդեն ծանոթ ենք Մատթևոս և Մարկոս ավետարանիչների գրելու ոճին և նպատակին: Այժմ ծանոթանանք մեր սիրելի Ղուկաս ավետարանչի գրելու և՛ նպատակին և՛ սկզբունքին: Ավետարանների հավիտենական պատգամը ժամանակակից մարդու մտքին ու սրտին հասցնելու համար չորս ավետարանիչները Սուրբ Հոգու շնորհով կարողացել են լավագույն ձևով այն ներկայացնել իրենց ընթերցողին: Ղուկասը հույն բժիշկ էր, ըստ պատմագրության՝ քահանայական ցեղից, աշակերտել է Պողոս առաքյալին, դարձել նրա հավատարիմ գործակիցը և շատ անգամ ճանապարհորդել նրա հետ:
Ղուկասի Ավետարանը Հիսուսին ներկայացնում է որպես Իսրայելի և մա՛նավանդ ամբողջ մարդկության Փրկչի: Ավետարանի սկզբում հանգամանորեն նկարագրված են Հովհաննես Մկրտչի ու Հիսուսի ծնունդների ավետումն ու ծննդյան հանգամանքները: Ղուկասի Ավետարանի հիմնական պատգամը Քրիստոսի աստվածային ծագման և փրկության համաշխարհային նշանակության մասին է: Ղուկասի Ավետարանում նաև հատուկ ձևով արտացոլված է Աստծու սերը մանավանդ խոնարհ դասի մարդկանց նկատմամբ: Այս Ավետարանը հաճախ կոչվել է ,,Մեղավորի Ավետարան,,:
Դա խոնարհների, աղքատների, զրկվածների, այրիների, և օտարականների Ավետարանն է: Այս Ավետարանը առավել ամբողջական կերպով տալիս է Հիսուսի կյանքի պատմությունը՝ սկսած Հովհաննես Մկրտչի ծնունդից մինչև Հիսուսի հարություն: Հեղինակի նպատակն է եղել Հիսուսի կյանքի դեպքերը պատմել կանոնավոր դասավորումով: Ղուկաս ավետարանիչը նաև հեղինակն է ,,Գործք Առաքելոց,, գրքի, որում պատմում է քրիստոնեության տարածման և զորացման պատմությունը: Ղուկասի Ավետարանը հատկանշական է նրանով, որ մի շարք դրվագներ և առակներ կարող ենք գտնել միայն այստեղ:
Ես միտումնավոր չեմ նշում թե ո՛ր առակներն են միայն այստեղ հանդիպելու, որպեսզի նաև անակնկալ լինի ձեզ համար: Որոշ պնդումներ կան, որ ասում են Ղուկասը աշակերտ չէր, և չի՛ տեսել Հիսուսին:
Սակայն կան նաև տեսակետներ, որ նա եղել է 72 աշակերտներից մեկը և Էմմավուսի Ճամփորդող երկու աշակերտներից մեկն է; Բայց մեզ համար կարևոր է, որ Ղուկասի ավետարանը հասել է մեզ և մենք այսօր կարողանալու ենք օգտվել նրանից և վայելել այդ հաճույքը:
Չորս Ավետարանների մեջ Ղուկասի Ավետարանը ամենից ավելի հունական շունչ ունի:
Նկատի ունենալով այն ընթերցողների շրջանակը, որոնք բավարար չափով տեղյակ չեն իսրայելական առանձնահատուկ ավանդություններին, նա աշխատում է, որ իր խոսքը լինի հստակ, և ձգտում է բացատրել այն ամենը, ինչը կարող էր տարօրինակ թվալ նրանց՝ տարբեր մշակույթների պատճառով: Իսկ այսօրվա մարդու համար Ղուկասի ավետարանը անհամեմատ ավելի մատչելի ավետարան է, և կազմված է 24 գլխից:
Նախաբանի մեջ Ղուկաս ավետարանիչը իր ավետարան գրելու նպատակի մասին պատմում է ոմն գերազանց Թէոփիլեին, որը ըստ Մաղաքիա Օրմանյանի՝ նույն Պողոս առաքյալն է:
Նաև ավանդությունն ասում է, որ Ղուկասն ու Պողոսը մտերիմ ընկերներ են եղել: Շարադրանքից հասկանալի է, որ Ղուկասը պատահական մարդ չէ այդ ժամանակվա պատահած իրադարձությունների մեջ, և քանի որ շատերն են ձեռնամուխ եղել գրելու այդ մասին, ինքն էլ չի կամեցել անմասն մնալ այդ գործից: Հստակ է, որ Ղուկասին մանրամասն պատմել են Հիսուսի հետ կատարված դեպքերի իրական ականտեսներն ու սպասավորները: Ինքն էլ նրանցից ներշնչված կամեցել է իր ծառայությունը բերել այդ գործին; Լինելով մասնագիտությամբ բժիշկ, Ղուկասին առավել հետաքրքրել են բժշկությունները և հատկապես բժշկության մեջ անհավանական թվացող հիվանդությունների բուժումները, ինչպես օրինակ ի ծնե կույրի բուժումը և այլն: Ղուկասի դիմելու ձևից հասկանալի է դառնում, որ Թեոփիլեն նույնպես հետևորդ է, կամ աշակերտ՝ Հիսուսին: Այնուհետև շարունակում է իր խոսքը՝ պատմելով Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետիսի մասին:
Հրեաստանում թագավորում էր Հերովդեսը և նրան ժամանակակից էր քահանայական ընտանիքից Զաքարիա անունով մի քահանա, որը ամուսինն էր Եղիսաբեթի, որը Ահարոնի դուստրերից էր:
Բարեպաշտ մարդիկ էին սրանք, և Աստծու առաջ ապրում էին արդար ու անարատ կյանքով: Ընթանում էին Տիրոջ պատվիրանների և օրենքների ճանապարհով: Եղիսաբեթի ամլության պատճառով նրանք զավակ չունեին, և արդեն առաջացած տարիքում էին: Տաճարում խնկարկելու քահանայական պարտականության օրն էր և Զաքարիային վիճակվեց տաճար մտնել և խնկարկել: Ինքը խնկարկում էր տաճարում, իսկ ժողովրդի բազմությունը գավթում աղոթքի էր կանգնած: Տիրոջ հրեշտակը երևաց Զաքարիային՝ խնկերի սեղանի աջ կողմում կանգնած: Վախեցա՛վ Զաքարիան և խռովվեց իր մեջ: Ինչպես որ ամեն տեղ, այնպես էլ Զաքարիայի պարագային երբ Տիրոջ հրեշտակը հայտնվեց, Զաքարիան վախեցավ: Հրեշտակն ասաց,- Մի վախեցիր, Զաքարիա, որովհետև քո աղոթքը լսելի եղավ. քո կինը՝ Եղիսաբեթը մի որդի կծնի քեզ, և նրա անունը Հովհաննե՛ս կդնես:
Քիչ առաջ ես ձեզ համար կարդացի այս հատվածը, թե ինչպես է հրեշտակը նկարագրում դեռ չծնված Հովհաննեսին, և հայտնում է Զաքարիային նրա աշխարհ գալու նպատակը, նրա կենցաղավարությունը, և նրա մեծամեծ գործերը: Զաքարիան լինելով քահանա, արդար ու անարատ կյանքով ապրելով հանդերձ, տարակուսանք ունեցավ իր մեջ՝ իրենց առաջացած տարիքի պատճառով, և հայտնեց այդ մասին Գաբրիել հրեշտակին՝ թե ինքն ու Եղիսաբեթը ծե՛ր են արդեն: Որպես նշան այդ բանի հրեշտակը հայտնեց Զաքարիային, որ մինչ զավակի ծնունդը ինքը համր կլինի և չի խոսի: Այսինքն Զաքարիան նշան հայցեց, իսկ հրեշտակը որպես նշան՝ նրան համրություն տվեց նրան: Սիրելիներ, եկեք անդրադառնանք սկզբին, երբ Զաքարիան տաճարն էր խնկարկում: Նա ո՛չ միայն խնկարկում էր, այլ նաև մտքում խոսում էր Աստծու հետ և պատմում էր Աստծուն իր համար շատ ցավոտ մի հարցի մասին, որը երկար տարիներ զբաղեցրել է նրա միտքն ու սիրտը: Դա Եղիսաբեթի անպտղությունն էր, որը Զաքարիայի աղոթքի բուն թեման էր:
Հրեաների մոտ անժառանգ ամուսինները հասարակության մեջ հարգված չէին և նույնիսկ զոհաբերությունների ժամանակ վերջին տեղերում պետք է կանգնեին; Այդ փաստը Զաքարիային մեծ մտահոգություն էր պատճառում: Տրամաբանական է, որ ամուսինների աղոթքի բուն թեման զավակ ունենալու ցանկությունն է եղել տարիներ շարունակ: Միամտություն կլինի կարծել, որ Զաքարիան խնկարկության ժամանակ զավակ խնդրեց Աստծուց: Հակառակը՝ ո՛չ թե զավակ էր խնդրում, այլ անզավակության ցավերի մասին էր պատմում Աստծուն, քանի որ երիտասարդ տարիներին չէր ստացել իր աղոթքի պատասխանը:
Զաքարիան պետք է հստակ իմանար, որ Աստված մեր խնդրանքին արձագանքում է ո՛չ թե այն ժամանակ, երբ մենք ենք ուզում, այլ այն ժամանակ երբ դրա կարիքը կա և հասունացել է կատարելու ժամանակը:
Իսրայելի համար հասունացել էր ժամանակը, որպեսզի Աստված իր Միածին Որդուն ուղարկի աշխարհ: Իսկ Նրա ճանապարհը հարթելու համար մի Հովհաննես էր պետք, որը պետք է ծնվեր արդար ու անարատ մարդկանցից: Հովհաննեսը Աստծո՛ւն էր պետք, ո՛չ թե Զաքարիային ու Եղիսաբեթին: Այնպես, ինչպես մեր զավակները Աստծո՛ւն են պատկանում, ո՛չ թե մեզ: Իսկ մենք երբեք կամավոր չենք տալիս նրանց Աստծու ծառայության համար, այլ համարում ենք մեր սեփականությունը և տնօրինում ենք նրանց կյանքը: Ե՞րբ լսելի եղավ Զաքարիայի աղոթքը Աստծու առաջ: Նրա աղոթքը մի՛շտ լսելի է եղել Աստծու առջև՝ համբերատարության պատճառով, քանի որ աղոթել է մի ո՛ղջ կյանք և սպասել: Մենք տասը րոպեից ավել չենք կարողանում աղոթել և մի քանի օրից ավել չենք կամենում սպասել աղոթքի պատասխանին:
Աշխարհ էր գալու մեկը, որի գալու նպատակը հայտնի է, անունը հայտնի է, և նրա ծնունդը ուրախություն կպատճառի բոլորին, քանի որ նա Տիրոջ առջև մեծ պիտի լինի: Նույնիսկ նրա ուտելու և խմելու ժուժկալությունն է հայտնի արդեն: Դեռ մոր որովայնում սուրբ հոգով պիտի լցվի: Հովհաննեսի գալուստը Իսրայելի ժողովրդից շատերին պիտի դարձնի իրենց Տէր Աստծուն; Հովհաննեսը իր գալուստով պետք է նպաստեր, որ անհնազանդները դառնային արդարների իմաստությանը: Որպեսզի հայրերի սրտեր դարձնի դեպի որդիները:
Մի խոսքով Տիրոջ համար մի ժողովուրդ պիտի պատրաստի: Հիմա հասկանալի է, թե ե՞րբ, և հատկապես ինչո՞ւ համար պետք է ծնվեր Հովհաննեսը, որը Եղիայի հոգով ու զորությամբ էր գնալու Տիրոջ առջևից: Հովհաննեսը իսրայելի անհնազանդ ժողովրդին ապաշխարության կանչելու համար էր գալիս, որպեսզի այդ ժողովրդին պատրաստի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին դիմավորելու համար:
Ի՛նչ անասելի ուրախություն ապրեց Զաքարիան, երբ հրեշտակի ավետիսը լսեց իր զավակի ծնունդի մասին: Ի՛նչ կանխասացություն, որ լսեց հրեշտակից Հովհաննեսի ծնունդի մասին, ոչի՛նչ չհասկացավ Զաքարիան: Նույնիսկ չընդդիմացավ, երբ իմացավ, որ համր է դառնալու, մինչև զավակի ծնունդը: Այդչափ ուրախացել էր Զաքարիան: Մի՞թե այդչափ կուրախանար, երբ իմանար, որ գլխատվելու է իր զավակը՝ իր արդարության համար: Մի՞թե Աստծուց զավակ կխնդրեր, եթե իմանար, որ ծեր տարիքում ծնված զավակը զոհ է դառնալու ժամանակի անօրենությանը: Գուցե Զաքարիան երազեր, որ Եղիսաբեթը այդպես էլ ամուլ մնար, քան՝ ծներ: Մենք չգիտենք, քանի որ Զաքարիան էլ մարդ էր մեզ պես: Մե՛զ է պետք հասկանալ Զաքարիային, Աբրահամին, Մովսեսին, որոնց զավակներին պահանջեց Աստված՝ նրանց հավատը ստուգելու համար: Արդար էր Զաքարիան, սակայն հրեշտակը չխնայեց նրան և նա համր դարձավ իր մի հարցի համար, որ չհավատաց, թե դա կարող է պատահել ծեր տարիքում:
Սիրելիներ, մենք երկար զրուցեցինք Զաքարիայի և հրեշտակի երկխոսությունից և մոռացանք, որ ժողովուրդը տաճարի գավթում Զաքարիային է սպասում, և զարմանում է, որ նա այդքան ուշացավ: Իսկ երբ դուրս եկավ, արդեն համր էր և չէր կարողանում խոսել նրանց հետ; Ժողովուրդը ենթադրեց, որ նա տաճարում մի տեսիլք է տեսել և պապանձվել է: Զաքարիան մի կերպ նշանացի խոսում էր նրանց հետ:
Լրացան իր պաշտամունքի օրերը և նա վերադարձավ իր տունը: Այդ օրերից հետո նրա կինը՝ Եղիսաբեթը հղիացավ: Իր տարիքի պատճառով Եղիսաբեթը հինգ ամիս շարունակ թաքցնում էր իր հղությունը և ինքն իրեն ասում,- Այս ի՞նչ բան արեց Տէրը ինձ համար իմ այս օրերին, երբ նայեց ինձ վրա՝ վերացնելով իմ նախատինքը մարդկանց միջից: Ուրախ էր նաև Եղիսաբեթը, և առավել ուրախ էր, որ մարդկանց միջից վերացավ իր անպտղության նախատինքը:
Ո՛չ ոք չգիտե, թե՝ Աստված ե՞րբ կայցելի իրեն, և հատկապես ինչպե՞ս կայցելի և ի՞նչ նպատակով կայցելի: Եղիսաբեթն ու Զաքարիան անարատ մարդիկ էին, Աստված այցելեց նրանց իրենց առաջացած տարիքում: Աբրահամն ու Սառան արդար էին Տիրոջ առջև, և Աստված այցելեց նրանց իրենց առաջացած տարիքում: Զավակ պարգևեց թե՛ մեկին, և թե՛ մյուսին, առանց հաշվի առնելու նրանց տարիքը:
Աստված հաշվի չի առնում տարիքը երբ կանչում է ծառայության: Վառ օրինակը ունենք Դավիթ թագավորի ընտրության: Նա՛և Աստված տարիքը հաշվի չի առնում երբ առնում է հոգին: Նաև Մովսեսի օրինակը;
Չէ՞ որ այդ ժամանակ մարդիկ ապրում էին շատ ավելի երկար; Աստված այդքան նախասահմանեց Մովսեսի համար: Թեկուզ Հովհաննես Մկրտչի օրինակը:
Սովորե՛նք Աստվածաշնչից: Սովորե՛նք հավատքի հերոսներից, որոնք իրենց կյանքը նվիրաբերել են Աստծու ծառայության մեջ և սիրելի են եղել Աստծուն և լսելի են եղել նրանց աղոթքները: Այստեղ ավարտենք մեր առաջին սերտողությունը Ղուկասի ավետարանից, որը պատմեց մեզ Հովհաննես Մկրտչի ծննդյան գեղեցիկ ավետիսի մասին:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թող աներկյուղ պահի մեր սրտերը ամենայն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որին վայել է հավիտենական փառքը: