ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 16:14:20
ՅԻՍՈՒՍ ՏԱՍՆԸՄԷԿԻՆ Կ՚ԵՐԵՒԻ
14 Վերջը տասնըմէկին երեւցաւ, երբ սեղան նստած էին ու դատապարտեց իրենց անհաւատութիւնը եւ սրտերնուն կարծրութիւնը, վասն զի որոնց՝ որ ինք երեւցաւ մեռելներէն յարութիւն առած՝ իրենք չհաւատացին։
15 Ըսաւ անոնց. «Գացէ՛ք բոլոր աշխարհ ու աւետարանը քարոզեցէք բոլոր ստեղծուածներուն։ 16 Ան որ հաւատայ ու մկրտուի՝ պիտի փրկուի եւ ան որ չհաւատայ՝ պիտի դատապարտուի։ 17 Անոնք որ կը հաւատան, այս նշանները անոնց հետ պիտի երթան. Իմ անունովս դեւեր պիտի հանեն, նոր լեզուներ պիտի խօսին. 18 Ձեռքերնին օձեր պիտի բռնեն եւ եթէ մահառիթ դեղ մը խմեն, իրենց պիտի չվնասէ. հիւանդներու վրայ ձեռք պիտի դնեն ու անոնք պիտի առողջանան»։
ՅԻՍՈՒՍ ՀԱՄԲԱՐՁԱՒ
19 Արդ Տէրը անոնց հետ խօսելէն ետքը երկինք համբարձաւ ու Աստուծոյ աջ կողմը նստաւ։ 20 Անոնք ելան ու ամէն տեղ կը քարոզէին եւ Տէրը անոնց գործակից էր ու խօսքը կը հաստատէր այն նշաններով, որոնք անոնց հետ կ՚երթային։ Ամէն։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. մենք այսօր Տիրոջ ողորմությամբ կավարտենք Մարկոսի Ավետարանի վերջին՝ 16 րդ գլխի սերտողությունը, և ե՛թե Աստված կամենա կսկսենք Ղուկասի Ավետարանը: Նախնական պայմանավորվածությունը ուժի մեջ է նա՛և Մարկոսի Ավետարանի ավարտից հետո: Խոսքը ձեզ կարճ արձակուրդ տալու մասին է: Այս արձակուրդն էլ այն նպատակով է, որ ձեր սովորած մտքերը ամփոփեք և գլխավորները վերցնելով դիմավորեք Ղուկասի Ավետարանի սերտողությանը: Այժմ տեսնենք, թե ի՞նչ է պատրաստել մեզ համար մեր սիրելի ավետարանիչը իր գրքի ավարտին:
Երեկվա սերտողությունը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության մասին էր: Իսկ հարության իրադարձությունը ոմանց ուրախություն պատճառեց, ոմանց՝ զարմանք, ոմանց՝ կասկածանք, իսկ ոմանց էլ՝ սարսափ: Հավանաբար արդեն կռահեցիք, որ սարսափի մեջ էին քահանայապետները և խորհրդի մասնակից անդամները: Հիմա նրանք իրենց սովորության համաձայն նորից պետք է խորհուրդ կազմեին և այս անգամ որոշում կայացնեին, թե ի՞նչ կարելի է անել այ՛ս անգամ արդեն հարուցյալ Հիսուսի կետ: Եթե մահապատիժը անզոր գտնվեց Հիսուսի աստվածության առջև, ապա էլ ի՞նչ մեթոդով կարող էին նրան չեզոքացնել:
Գերեզմանի մոտ զինվորների բազմության հսկումը, գերեզմանի կնքված քարը ցավոք չարդարացրին քահանայապետների հույսերը: Քրիստոս Հարություն առավ; Նրանց հիմա պետք է ավելի թարմ ուղեղով մեկ այլ նենգության ծրագիր մշակեն: Ինչպես ասում են՝ չարի խելքը գտնում է խաբեության ելքը: Իսկ հիմա կրոնական գերագույն հոգևոր խորհուրդը որոշում կայացրեց, որ զինվորներին կաշառի՝ մեծ գումար տալով, որպեսզի նրանք սուտ լուր տարածեն, թե իբրև աշակերտները եկել և գերեզմանից գողացել են իրենց Վարդապետի մարմինը, երբ զինվորները քնած են եղել: Փաստորեն զինվորները ունակություն ունեն տեսնելու նաև քնած ժամանակ: Այստեղ նորից հարց է առաջանում, եթե տեսել են, որ աշակերտները գողոնում են, ինչո՞ւ չեն բռնել նրանց, թե՞ չեն կամեցել խանգարել իրենց քունը: Այս անգամ էլ զինվորները հանցավոր համաձայնության են գալիս քահանայապետի հետ և տարածում են այդ կեղծ լուրը, վստահ լինելով, որ կուսակալի ականջին հասնելու դեպքում, քահանայապետները իրենց կպաշտպանեն, դարձյալ մեծ գումարի դիմաց: Ամեն ինչ առևտուրի մակարդակի վրա են պահում հոգևոր առաջնորդները: Զուր չէր, որ Հիսուս Քրիստոս ասաց Տաճարը առևտրի և ավազակների որջ եք սարքել:
Թողնենք հոգևոր գերագույն ատյանը իր նորագույն խարդավանքի մեջ և տեսնենք, թե ուրիշ ինչ իրարանցում է կատարվում Երուսաղեմում: Ավետարանիչը ոչինչ չի գրում, բայց մենք կարող ենք պատկերացնել, թե ի՛նչ տագնապի մեջ էր Պիղատոսը՝ հարության լուրը լսելուց հետո: Քանի որ ժամանակի ծայրագույն պատիժը խաչելությունն էր,և իրենք դա կիրառել էին Հիսուսի հանդեպ: Իսկ հիմա Հիսուս հարություն է առել այդ վիճակից: Պիղատոսը հասկացավ, որ իր թագավորությունը փոշու հատիկի հավասարվեց Քրիստոսի հարությամբ: Նույնպես և կրոնական ատյանի հեղինակությունը գետնին հավասարվեց Քրիստոսի հարությամբ: Սակայն Քրիստոսի աշխարհ գալու նպատակը մարդկանց վրա իշխանություն գործադրելը չէր, կամ մարդկանց սարսափի մեջ պահելը չէր, այլ՝ Նա կամենում էր, որ Պիղատոսները և հոգևոր առաջնորդները զգային իրենց ոչնչությունը՝ հենց իրենց գահի ու գահաթոռների վրա բազմած ժամանակ: Այդ պատճառով չերևաց ո՛չ Պիղատոսին, ո՛չ էլ առավել ևս՝ քահանայապետներին: Սա դարերի ապտա՛կն է բարձրագույն աթոռներ և գահաթոռներ զբաղեցնողներին, որպեսզի խոնարհություն ունենան: Մի օր կկանգնեն Հարուցյալ Հիսուսի առջև:
Մենք տեսանք, որ Հարությունից հետ Տէր Հիսուս անճանաչելի կերպով հայտնվում էր շատերին:
Սիրելինե, Տէր Հիսուս Ինչպես որ հայտնվեց Էմմավուսի ճամփորդ աշակերտներին, այնպես էլ հայտնվեց մյուս աշակերտներին, որոնք սեղան էին նստած: Հանդիմանեց նրանց՝ անհավատության և խստասրտության համար, որովհետև աշակերտները չէին հավատացել հարության լուրը՝ իրենց հաղորդած յուղաբեր կանանց: Այստեղ մի պահ կանգ առնենք և դա՛րձյալ զարմանաք: Տէր Հիսուս աշակերտներին չի՛ մեղադրում նրանց ուրացության, վախի, փախուստի պատճառով, այլ՝ հանդիմանում է, որ հարության լուրին չհավատացին: Այս հանդիմանությունը անմիջական սլաքով մեզ է ուղղված: Ինչպես որ աշակերտները չէին հիշում, որ երեք օր հետո հարություն է առնելու մեռելներից՝ նույնիսկ երբ կանայք լուրը տարան իրենց, այնպես էլ մենք մեր սրտում մշտապես չունենք Հարության հույսն ու լույսը: Դա արտացոլվում է մեր վարքի, կյանքի, և խոսքերի մեջ: Մենք այնքան ենք վախենում մահից, որ երբեմն խուսափում ենք խոսել այդ մասին: Իսկ ով Հարության զորությունը ունի իր սրտում, նա առավել խորհում է մահվա՛ն մասին, քան՝ կյանքի:
Տէր Հիսուսի համար անհասկանալի եղավ աշակերտների այդ պահվածքը, դրա համար հանդիմանեց նրանց, և այսօր հանդիմանում է մեզ՝ նույն պատճառով:
Մարկոս ավետարանիչը ոչինչ չի թաքցնում աշակերտների վերաբերյալ, որ չէին հասկանում, որ չէին հավատում, և նույնիսկ Հարության լուրը չհավատացին: Այսինքն կարող ենք հասկանալ, որ Քրիստոսին վկայող և Նրա խոսքերը հետագայում քարոզող մարդիկ նույնպես կարող են պատրաստ չլինել, կարևորը նրանց պատրաստակամությունն է ծառայելու;
Քրիստոսի հարությունից հետո կյանքը փոխեց իր ընթացքը՝ ինչպես հանրության, այնպես էլ յուրաքանչյուր անհատի համար: Աշակերտների գործունեությունը նոր փուլ մտավ, նրանք կարծես նորից ծնվեցին և ամեն ինչ արդեն հասկանալի է երբեմնի անուս ձկնորսներին: Քրիստոս երկար չի խոսում այլևս աշակերտների հետ և նրանց տալիս է տիեզերական առաքելության պատվերը, ասելով,- Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և քարոզեցե՛ք Ավետարանը բոլոր մարդկանց: Ով հավատա և մկրտվի, պիտի փրկվի, և ով չհավատա, պիտի դատապարտվի: Սիրելիներ, կուզեմ որ այս երկտողը անգիր սովորեք, քանի որ այս երկտողի վրա է հիմնված Քրիստոսի վարդապետությունը: Սա վերջին պատգամ էր, որ տվեց աշակերտներին իր համբարձումից առաջ: Այն աշակերտներին, որոնք չէին հավատացել Իր Հարության լուրը, սակայն ինչպես տեսնում ենք, Աստծու զորությունը ամենուրեք սրտեր է փոխում և այդ սրտերի միջոցով կյանքեր է փրկում;
Քրիստոսի պահանջը մարդկանցից անհատական է՝ ըստ իրենց կարողության և սրտի մաքրության: Օրինակ՝ աշակերտները փորձության ժամին լքել էին Իրենց Վարդապետին և փախել էին վախից, բայց ո՛չ նենգությունից: Իսկ քահանայապետները Քրիստոսին մահվան էին դատապարտել նենգության և նախանձի պատճառով: Հարությունից հետո Տէր Հիսուս գնաց ո՛չ թե Իրեն խաչողների մոտ՝ վրեժխնդիր լինելու համար, այլ՝ գնաց մաքուր սրտերի մոտ իր առաքելության նպատակը իրականացնելու և ամբողջացնելու համար: Ա՛յն, ինչ հանձնարարեց աշակերտներին՝ Ավետարանի քարոզության առումով, տրամաբանորեն քահանայապետների ուսերին պետք է դրվեր: Սակայն Աստված թիկնեղ ուսեր չի փնտրում Իր խոսքը տարածելու համար, այլ՝ մաքուր և խոնարհ սրտեր: Իսկ մաքուր սրտից խոսքը փոխանցվում է մեկ այլ մաքուր սիրտ և բնակվում է այնտեղ: Սա է Քրիստոսի պահանջի գաղտնիքը՝ մաքուր սիրտ ունենալու վերաբերյալ:
Տէր Հիսուսի աշակերտներին տված վերջին պատգամից մենք՝ քրիստոնյաներս հասկանում ենք, որ Ավետարանի ուսուցումը ճշմարիտ հավատով տիրապետելը և Մկրտության Խորհուրդը մաքուր սրտով ընդունելը՝ կլինեին նշաններ, որոնք կուղեկցեն հավատացողների կյանքերը: Այսպիսիք կարող են դևեր հանել, լեզուներ խոսել, իրենց ձեռքերում օձեր բռնել, և եթե մահացու թույն խմեն, դա նրանց չպիտի վնասի: Հիվանդների վրա ձեռք պիտի դնեն և հիվանդները բժշկվեն: Առաքյալների գործերը կարդալիս մենք այս բոլոր նշաններին հանդիպում ենք աշակերտների գործունեության ժամանակ: Դևեր հանում էին մարդկանցից՝ Քրիստոսի անունով, լեզուներ խոսեցին Պենտեկոստեի օրը և ամենքը հասկանում էին նրանց խոսած լեզուները: Պողոս առաքյալի հետ պատահեց օձի պատմությունը և նրան ոչինչ չպատահեց:
Իսկ հիվանդների վրա ձեռք դնելու և բուժելու բազում օրինակներ կան Ավետարանում, և մենք կարդում ենք այդ մասին: Աշակերտները հանձն առան խաչը և իրենց տրվե՛ց Տիրոջ զորությունն ու Սուրբ Հոգին:
Ինչո՞ւ այսօր չկան այս նշանները, որոնք պետք է ուղեկցեն մարդկանց: Որովհետև չկա այն հավատը, որի մասին վերևում ասում է մեր Տէրը, թե՝ ով հավատա և մկրտվի պիտի փրկվի: Հավատում ենք, որ Աստված կա, մկրտվում ենք, որովհետև այդպես է պահանջվում, ապրում ենք այնպես ինչպես բոլորը, չենք կարդում Աստվածաշունչ, քանի որ պետք չէ խորանալ դրանում: Սա է մեր մոտեցումը քրիստոնեությանը:
Ահա թե ինչու այսպես ենք ապրում:
Միայն Աստված գիտե այն մարդկանց, որոնք սրտով հավատում են, փափագով մկրտվում են, Ավետարանը գիտեն և ուսուցանում են, իրենց գիտցածը և սովորեցրածը ապրում են իրենց կյանքով:
Այդպիսի մարդիկ վստահաբար կունենան այն վերը նշված նշանները, որոնք պետք է ուղեկցեն հավատացողներին: Սիրելիներ, Նշանների մեջ մի ուշագրավ տող կա, որը կուզեմ վերլուծենք միասին:
Մեր Տերն ասում է. ,, Եթե մահացու թույն խմեն, դա նրանց չպիտի վնասի,, Տիրոջ խոսքը հավաստիության առումով քննարկման ենթակա չէ, հետևաբար գաղտնիքը փնտրենք մեր մեջ: Թե՛ ուղիղ իմաստով, և թե՛ փոխաբերական իմաստով հասկանալու պարագային մենք չենք կարող գնալ այդ քայլին: Ինչո՞ւ: Անշուշտ կարիք չկա թույն վերցնել խմել, մտածելով, որ Աստված է ասել, սակայն մենք այդ վստահությունը չունենք նույնիսկ փոխաբերական իմաստով մտածելու դեպքում; Եթե թույնը համարենք դառը խոսքը, որ լսենք մեր հասցեին, մեզ չի վնասի, եթե սրտում հավատում ենք մեզ Ներողին; բայց մենք չե՛նք հանդուրժում;
Իսկ եթե այս թույնը վերագրենք այսօրվա մեզ առաջարկված պատվաստանյութին, որից սարսափում է մարդկությունը: Ապա ուրեմն ինչու ենք վախենում;
Օրինակ. այսօր աշխարհում դրված է վիրուսի պատվաստանյութի հարցը ամենուրեք: Առայժմ կամավոր հիմունքներով է, և պատվաստանյութը ստանում են նրանք, որոնք կամավոր են կամեցել:
Չի կարելի ասել, որ այս կամավոր ստացողները աշխարհի ճշմարիտ հավատացյալներն են և չե՛ն վախեցել պատվաստանյութը ստանալուց: Գուցե նրանցից շատերը նույնիսկ Ավետարանի այս տողերը չեն կարդացել: Ժողովրդի մի մասը խուճապի մեջ է այս պատվաստանյութի ընդունման հարցում և վախենում է ընդունել՝ առողջությանը վնաս հասցնելու պատճառով; Մի մասն էլ կտրականապես հրաժարվում է՝ առանց բացատրության: Տէր Հիսուս ասում է, եթե թույն խմեն ինձ հավատացողները չպիտի վնասվեն: Պատվաստանյութը թույն չէ, ուրեմն ինչի՞ց ենք այդքան վախենում: Գուցե թերահավատությո՞ւնն է: Գուցե շատերս չե՞նք կարդացել այս տողերը: Գուցե չե՞նք ապրում մեր մկրտությունից հետո՝ որպես քրիստոնյա: Գուցե հավատո՛վ չենք մկրտվել: Գուցե դեռ Ավետարանը չե՞նք կարդացել: Սիրելիներ սրանք հարցեր են, որոնց լուծումը մեզնից յուրաքանչյուրի սրտում է, և միայն Աստծուն է հայտնի, թե ինչից ենք վախենում մեր կյանքում:
Աշակերտներին այս հանձնարարությունը տալուց հետո դեպի երկինք վերացավ, և նստեց Հոր աջ կողմը: Իսկ աշակերտները ելան ու քարոզեցին Ավետարանը ամբողջ աշխարհում՝ Տիրոջ գործակցությամբ և իրենց ուղեկցող բոլոր նշաններով հաստատում էին Աստծու խոսքը: Այստեղ Մարկոս ավետարանիչը ավարտում է իր հակիրճ միտք և գիրքը՝ Համբարձումը մեկ նախադասությամբ նկարագրելով: Բայց, այնուամենայնիվ մեզ հասցնում է այն միտքը, որ աշակերտները հասան այն բանին, որ Տիրոջ նշած այդ նշանները գործեց իրեն կյանքում:
Սակայն Գործ Առաքելոցում Տիրոջ Համբարձման դրվագը նկարագրելիս, առաքյալն ասում է, երբ ամպը ծածկեց Տէր Հիսուսին՝ աշակերտների տեսողությունից, նրանց աչքերը դեռ դեպի երկինք էր հառած և դիտում էին այդ տեսարանը, նրանց մոտեցան երկու սպիտակազգեստ մարդիկ, և ասացին,- Ո՛վ Գալիլիացիներ, ինչո՞ւ եք կանգնել նայում երկնքին: Այս Հիսուսը, որ երկինք բարձրացավ, մի՛ օր դարձյալ կգա՛ այնպես, ինչպե՛ս որ տեսաք Նրան՝ երկինք գնալիս:
Սիրելիներ, Տիրոջ մասին մտածելիս, կամ աղոթելիս երկինք նայելու սովորություն ունենք բոլորս: Սակայն հրեշտակը աշակերտներին ասաց ինչո՞ւ եք երկինք նայում, միթե Աստված միայն երկնքում է:
Աստված ամենուր է, և առավել ևս մեր մեջ է Աստված: Ինչպես որ Ինքը խոստացավ, ասելով,- Ահա ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը: Մեր Տիրոջ այս խոստումը թող լիացնի մեր սրտերը և ապահով դարձնի մեր կյանքերը՝ մեր աչքերը հառած դեպի մեր Տիրոջ Երկրորդ Գալուստը:
Սիրելիներ, ավարտեցինք նաև Մարկոսի Ավետարանը Աստծու մեծ ողորմությամբ: Փառք Աստծուն՝ Հանապազօրյա Հաց Հաղորդաշարի, և Իր Մարկոս ավետարանչի համար: Շնորհակալություն Մարկոս Ավետարանչին իր հակիրճ մտքերի և բովանդակալից Ավետարանի համար: Շնորհակալություն մեր ուղիղ եթերի մշտական մասնակիցներին և ընթացքում միացող բոլոր ունկնդիրներին: Աղոթեցեք ձեր Տէր Արմենի համար, որպեսզի Աստված զորացնի ինձ և ես ձեզ համար պատրաստեմ Ղուկասի Ավետարանի սերտողությունը: Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը, լույսն ու ճշմարտությունը ձեր կյանքի ուղեկիցները լինեն: Մկրտվե՛ք հավատով, կարդացե՛ք սիրով, և սպասե՛ք հույսով մեր Տիրոջը՝ ամեն ժամ: Նրան՝ Հոր և Սուրբ Հոգու հետ միասին փառք և երկրպագությունը ամե՛ն շրթներից և ամե՛ն ծնկներից:
Հարց. Ո՞ր Ավետարանից ավելի շատ տպավորվեցիք, Մատթևոսի, թե՞ Մարկոսի.