ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 16:1 -13
ՅԱՐՈՒԹԻՒՆԸ
1 Երբ շաբաթը անցաւ, Մարիամ Մագդաղենացին եւ Յակոբոսին մայրը Մարիամը եւ Սողովմէն խունկեր ծախու առին, որպէս զի երթան օծեն զանիկա։ 2 Մէկշաբթի առտուն շատ կանուխ, երբ արեւը կը ծագէր, գացին գերեզմանը 3 Ու իրարու կ՚ըսէին. «Քարը ո՞վ պիտի գլորէ մեզի գերեզմանին դռնէն», 4 (Ու նայեցան տեսան որ քարը գլորուած էր,) վասն զի շատ մեծ էր։ 5 Գերեզմանէն ներս մտնելով՝ երիտասարդ մը տեսան, որ աջ կողմը նստեր էր ճերմակ պատմուճան հագած ու զարհուրեցան։ 6 Անիկա ըսաւ անոնց. «Մի՛ զարհուրիք, Յիսուս Նազովրեցին կը փնտռէք, որ խաչուեցաւ։ Անիկա յարութիւն առաւ, հոս չէ։ Ահա այն տեղը ուր դրին զանիկա։ 7 Ուրեմն գացէ՛ք, ըսէ՛ք անոր աշակերտներուն եւ Պետրոսին, թէ ահա ձեզմէ առաջ Գալիլիա կ՚երթայ. հոն պիտի տեսնէք զանիկա՝ ինչպէս ձեզի ըսաւ»։ 8 Կիները դողով ու ապշութեամբ բռնուած՝ ելան ու փախան գերեզմանէն եւ մարդու բան չըսին, քանզի կը վախնային։
ՅԻՍՈՒՍ ՄԱՐԻԱՄ ՄԱԳԴԱՂԵՆԱՑԻԻՆ Կ՚ԵՐԵՒԻ
9 Յիսուս մէկշաբթի առտուն յարութիւն առած՝ առաջ Մարիամ Մագդաղենացիին երեւցաւ, որմէ եօթը դեւ հաներ էր։ 10 Անիկա գնաց անոնց պատմեց՝ որոնք իր հետն էին, երբ սուգ կ՚ընէին ու կու լային։ 11 Իսկ անոնք երբ լսեցին թէ կենդանի է եւ երեւցաւ, չհաւատացին։
12 Ետքը ուրիշ կերպարանքով երեւցաւ անոնցմէ երկուքին՝ որոնք քալելով արտը կ՚երթային։ 13 Անոնք գացին միւսներուն պատմեցին։ Անոնք ալ չհաւատացին։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Աստծու կամքով այսօր սկսեցինք վերջին՝ 16 րդ գլուխի սերտողությունը, որտեղ նկարագրված է մեր Տիրոջ թափուր գերեզմանի և Հարության մասին: Վերջին մի քանի օրերի Տերունական ծանր իրադարձություններին եկավ փոխարինելու բարի Ավետիսը՝ մեր Տիրոջ Հարությունը, որը մեր մնայուն ուրախությունն է, և հավիտենական հույսը մեր սրտերի:
Երեկվա սերտողության մեջ մենք տեսանք, որ շաբաթը մոտենալու պատճառով Հովսեփն ու Նիկոդեմոսը չհասցրին Քրիստոսի մարմինը օծել, ինչպես որ հարկն է, այլ միայն կտավներով փաթաթեցին և գերեզման դրեցին: Իսկ այսօր արդեն տեսնում ենք, որ շաբաթը ավարտվել է և յուղաբեր կանայք շտապում են պատրաստել իրենց խնկերը և օծման յուղերը, որպեսզի գնան գերեզման՝ կատարելու իրենց պարտականությունը՝ հարգանքի տուրքը և վերջին հրաժեշտը իրենց ննջեցյալ վարդապետի մարմնի հանդեպ: Ես ձեզ նախորդ անգամ ասացի, որ կանայք իրավունք ունեին իրենց Ուսուցչի մահից հետո նրա մարմինը օծել՝ ըստ սովորության: Գերեզման գնացին դարձյալ նույն կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի մայր՝ Մարիամը, և Սաղոմեն: Նրանք գիտեին, որ Տիրոջ մարմինը առանց օծելու է դրվել գերեզման: Այս սովորությունը հայտնի էր հրեական իրականության մեջ, քանի որ եթե հիշում եք, 14 րդ գլում կարդացինք, որ Տէր Հիսուս բորոտ Սիմոնի տանն էր, երբ մի կին ազնիվ յուղ բերեց ու լցրեց Նրա գլխին: Տէր Հիսուս ասաց,- այս կինը նախապես խնկավետեց իմ մարմինը ի նշան պատանքվելու: Նշանակում է արդեն օծումը կատարված էր ըստ նախախնամության, որովհետև հետո հարմար չէր լինելու, ինչպես որ տեսանք: Ինչ որ օրենքն էր, ամեն ինչ կատարվում էր այդպես:
Կիրակի առավոտյան արևածագին եկան գերեզման: Ճանապարհին մտահոգ էին, թե գերեզմանի քարը ո՞վ է գլորելու, քանի որ նրանք տեսել էին, որ Հովսեփն ու Նիկոդեմոսը քար էին դրել գերեզմանի առջև:
Ի միջիայլոց ովքեր Երուսաղեմում եղել են, տեսել են, որ այդ քարը հիմա էլ դրված է Գերեզմանի դռան առջև՝ Հարության տաճարի ներսում, որպես հիշեցում ավետարանական այս հատվածի:
Կանայք իրենց Վարդապետի մարմինը օծելու ցանկությունից մղված, հաշվի չէին առել, որ գերեզմանը կնքված է քահանայապետի պատվերով և գերեզմանը հսկում են հռոմեացի զինվորները: Կանայք սրտացավորեն եկել էին, սակայն նրանց արարքից հասկանալի էր, որ իրենք էլ չէին հիշում երրորդ օրվա հարության մասին:
Սակայն երբ հասան գերեզման, տեսան որ այդ մեծ քարը գլորված է: Շտապեցին ներս մտնել, և ներսում հանդիպեցին ո՛չ թե իրենց Վարդապետի պատանած մարմնին, այլ՝ սպիտակ պատմուճան հագած մի երիտասարդի, որը նստած էր գերեզմանի աջ կողմում: Վախեցան կանայք: Երիտասարդն ասաց,- մի՛ վախեցեք, դուք Հիսուսին եք փնտրում, խաչված Նազովրեցուն, և Նրանց հայտնեց, որ Հիսուս Նազովրեցին Հարություն է առել, մի՛ փնտրեք Նրան, և ցույց է տալիս այն տեղը, ուր Նա դրված է եղել: Սիրելիներ, այն բարի Ավետիսը որ մենք միմյանց փոխանցում ենք Հարության տոնին և հետհարության քառասուն օրերին, թե ,,Քրիստոս Հարյավ ի մեռելոց,, այստեղից է սկիզբ առել, հրեշտակի ավետումից:
Սպիտակազգեստ հրեշտակը հրահանգ է տալիս կանանց, որպեսզի գնան և տեղեկացնեն լուրը աշակերտներին և Պետրոսին, որ Հիսուս Գալիլիա է գնում, և այնտեղ կհանդիպեն Նրան, ինչպես որ նախապես ասել էր աշակերտներին: Ինչո՞ւ է հրեշտակը Պետրոսի անունը առանձնացնում մնացածից: Հարությունից հետո մենք էլի կհանդիպենք դրվագների, երբ Պետրոսին Տէրը երեք անգամ հարց է տալիս, հիշեցնելու համար երեք անգամյա ուրացումը, որպեսզի Պետրոսը ամբողջությամբ ընդունի իր սխալը և միավորվի մյուս աշակերտներին՝ Քրիստոսի վերջնական ներումից հետո;
Կանայք սարսափահար փախան գերեզմանից, այս խոսքերը լսելուց հետո, որովհետև շատ էին վախեցել: Գողգոթայի ճանապարհին չարչարանքների և անարգությունների պահին ոչ մի հրեշտակ չկար՝ Տիրոջ կամքով, սակայն երբ Հարություն առավ, և ամեն բան ավարտված էր արդեն, հրեշտակը նրան սպասավորում էր:
Այնուհետև Հարուցյալ Հիսուս երևում է Մարիամ Մագդաղենացուն, որին ներկայացնելու համար ավետարանիչը հիշեցնում է, որ Հիսուս նրանից յոթ դև էր հանել: Մարիամը գնաց և պատմեց նրանց, որոնք դեռ սգում և լաց էին լինում: Ավետարանն ասում է, երբ լսեցին, թե Նա կենդանի է, չհավատացին, որ երևացել է Մարիամին: Կանա՛յք եղան առաջին վկաները՝ Հարուցյալ Հիսուսին առաջին անգամ տեսնելու:
Եկեղեցու հայրերը գեղեցիկ համեմատություն են անում Հարության այս պահի համար: Ասում են, որ Ադամին առաջին տեսնողը կնոջ աչքերը եղան Եդեմի պարտեզում: Նոր Ադամին, որ Քրիստոսն է, դարձյալ կանայք տեսան հարությունից հետո առաջին անգամ: Այս փաստը գուցե աննշան երևույթ է բոլորի համար, քանի որ Հարության բարի ավետիսի համեմատ, սա անկարևոր մի բան է: Սակայն ոչինչ հենց այնպես չի եղել Ավետարանի պատմության մեջ:
Հին ժամանակներում կինը անտեսված էր ինչպես հրեաների, այնպես էլ հեթանոսների շրջանում: Եթե հիշում եք, մենք Հացի բազմացման հրաշքի մասին կարդալիս, տեսնում ենք , որ վերջում գրված է կերան այսքան մարդ՝ չհաշված կանայք և երեխաները: Այս արարքով Տէր Հիսուս բարձրացրեց կնոջ դերը հասարակության մեջ: Եթե կինը հասարակության մեջ անտեսված և մերժված էր, ապա Հիսուս Քրիստոսի համար չկա անտեսված և արհամարհված մարդ: Հատկապես հեթանոսական միջավայրում կանանց վկայությունը վավեր չի եղել և նրանց համարվել են թույլ, զգացմունքային, անվստահելի, բամբասկոտ էակներ և այլն; Քանի որ աշակերտներն էլ հրեաներ էին, նրանց էլ անհավանական թվաց կանանց բերած լուրը: Օրինակ Պողոս առաքյալը կորնթացիներին Հարության լուրը հավատացնելու համար նույնիսկ չի էլ անդրադառնում, որ առաջին կանանց երևաց, և ասում է, երևաց Պետրոսին, և մնացածին: Ինչո՞ւ չի ասում, քանի որ այս միջավայրում էր նույն վերաբերմունքն էր կանանց նկատմամբ: Իսկ Պողոսի նպատակն էր Հարության լուրը հասցնել նրանց սրտերին: Եթե ասեր կանայք են վկայել, նրանք չէին հավատալու: Առհասարակ հրեաները միշտ էլ տուժել են իրենց ծայրահեղականության համար: Եթե լուրը հասներ իրենց, որ Հարուցյալ Հիսուս երևացել է քահանայապետներին կամ օրենքի ուսուցիչներին, անմիջապես հավատալու էին, սակայն կանանց վկայությունը հուսալի չէ նրանց համար: Բայց Տէր Հիսուս երևաց մեղավոր կնոջը, ոչ թե կեղծավոր փարիսեցուն, որը չարժանացավ տեսնելու հարուցյալ Հիսուսին:
Հետո Հարուցյալ Հիսուս այլ կերպարանքով երևաց հանդ գնացողներին, և սրանք էլ եկան պատմեցին և սրանց էլ չհավատացին:
Ինչո՞ւ են մարդիկ այսքան դժվար հավատում: Մենք այս մասին շատ ենք խոսել, որ մարդ արարածը ինքնուրույն ունի այսպիսի բնություն: Մեղանչական է, կասկածամիտ է, չհավատացող է, մոռացկոտ է, և այլն: Սակայն երբ ստանում է Աստծուց շնորհ և զորություն, լցվում է Սուրբ Հոգով, փոխվում է նրա ներքին մարդը և նա նախկին սխալները թույլ չի տալիս: Չորս ավետարանիչներն էլ իրենց մասին գրել են, որ վախեցան, փախան, չհավատացին կանանց բերած լուրին , չճանաչեցին Հիսուսի հարությունից հետո և այլն: Սակայն երբ արդեն կարդում ենք առաքյալների գործերը, այնտեղ ոչ մի այդպիսի նվաստացուցիչ բան չկա գրված, որովհետև նրանց արդեն ամբողջությամբ հասել էր Քրիստոսի լույսը, զորությունը, շնորհները և Սուրբ Հոգին; Նրանք հավատալուց բացի կամավոր նահատակվեցին հանուն Հիսուսի:
Սիրելիներ, մեր սիրելի Մարկոս ավետարանիչը իր հակիրճ ոճի մեջ շատ մանրամասներ չի ներկայացնում աշակերտների գտնվելու վայրի մասին, զբաղմունքի մասին, հատկապես չի նշում Մարիամ Աստվածածնի գտնվելու և վիճակի մասին: Քանի որ մեծագույն վշտացողը Մարիամ Աստվածածինն էր: Մենք արդեն սովորեցինք նրա Ավետարանից, որ ներկայացնում է գլխավոր դեմքերին և կարևոր դեպքերը:
Աշխարհում ամենակարևոր ուրախալի լուրը Տիրոջ Հարության լուրն, քանի որ աշխարհի բնակչությանը հետաքրքրող միակ մութ հարցն այն է, թե ի՞նչ է լինելու մահից հետո: Մենք որքան էլ որ հետաքրքրված ենք մեր ներկա կյանքով, այնուամենայնիվ մեզ հետաքրքրում է, թե ինչ կա ա՛յն կյանքում, որը մենք չենք տեսնում: Մենք հիշում ենք շատ հաճախ մեր ննջեցյալներին, և մեր մտքում պահում ենք այն հույսը, որ նրանց հոգին կենդանի է և հարություն է առնելու համընդհանուր հարության օրը: Սա մարդու կյանքի գլխավոր թեման է: Ի՞նչ է լինելու մեզ հետ մահից հետո: մենք հիմա ապրում ենք քաղաքակիրթ մի ժամանակահատվածում, որտեղ ոչ ոք այդ մասին մեզ ոչինչ չի ասում, ոչ ծնողները, ոչ դպրոցը, ոչ էլ որևէ բարձրագույն ուսումնական հաստատություն: Մեզ նույնիսկ չեն սովորեցնում, թե ո՞րն է մեր այս կյանքում ապրելու նպատակը: Մեզնից միայն պահանջվում է ուսում, աշխատանք: Ո՛չ ոք չի սովորեցնում ինչպես կառուցել ամուր ընտանիք, ունենալ շատ զավակներ, և համերաշխ ապրել: Մենք ոչինչ չգիտենք մեր մասին, միայն ռոբոտի պես ամեն օր կրկնում ենք նույն բաները:
Միայն Քրիստոսի եկեղեցին է, որ կարող է մեզ բացատրել, թե ի՞նչ է մեզ սպասվում մահից հետո, և ո՞րն է մեր ապրած կյանքի նպատակը: Մենք ուտում ենք, խմում ենք, բժշկի ենք գնում, որպեսզի չմեռնենք:
Նայեք մարդկության պատմությանը սկսած առաջին մարդուց, թե ինչքան երկար են ապրել, հիմա կյանքը կարճ է, ինչո՞ւ: Մենք կառչած ենք այս կարճ կյանքից: Աստված մարդուն ստեղծել է որոշակի նպատակի համար և ստեղծել է Իր պատկերով: Եթե մենք մտածենք, որ մեր այս կյանքից հետո ոչինչ չկա, ինչպես որ բոլշևիկներն էին ասում, ապա ինչի՞ համար է այս կյանքը, և մենք ինչո՞վ ենք տարբերվում կենդանուց:
Իսկ երբ մենք այդ հարցով դիմում ենք կյանքի Արարիչին, լսում ենք ճշմարիտ պատասխանը, թե՝ դուք ստեղծված ենք հավիտենական կյանքի համար: Սա է կյանքի նպատակը, որ արարածը անխզելի կապի մեջ լինի իր Արարչի հետ՝ հավիտենական կյանքը ժառանգելու համար: Մարմինը մեզ ժամանակավոր է տված, մեր հոգին է անմահ, որ կանգնելու է Տիրոջ առջև: Տիրոջ Հարության լույսը թող միշտ լուսավորի մեր սիրտն ու հոգին, որ հիշենք, որ Աստծու արքայությունը մեր մեջ է, և մեզնից է կախված վայելել Նրա ներկայությունը: Տէր Հիսուս այսօր էլ հարցնում մեզ,- Իսկ դո՞ւք ինչ եք ասում իմ մասին, ո՞վ եմ ես; Մենք պատասխանում ենք, Դո՛ւ ես Քրիստոսը, Աստծու Միածին Որդին: Այսպե՛ս ենք ասում, բայց չենք կարդում Աստվածաշունչ, Պատարագներին գրեթե չենք մասնակցում, աղոթքի մեջ ծույլ ենք և անուշադիր: Մեր մարմնավոր նպատակները խորթ են Աստծուն, դրա համար էլ մենք չենք լսում մեր աղոթքի պատասխանը, ուրախ չենք ապրում և վախենում ենք մահից: Անորոշ է մեզ համար, թե ի՞նչ կա մահից հետո: Մահից հետո կա Հարություն և հավիտենական կյանք՝ հավատացողի համար: Ավարտենք նաև այսօրվա սերտողությունը, որը հավիտենական ուրախալի լուր էր բոլորի համար: Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը, հարության լույսը և հավիտենական կյանքի հույսը ձեր սրտերը ուրախ պահի ամենայն ժամ և Նրան փառք հավիտյանս հավիտենից:
Հարց. Ո՞րն էր Քրիստոսի ամենավերջին պատգամը աշակերտներին..