ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 15:42- 47
ՅԻՍՈՒՍԻՆ ԹԱՂՈՒՄԸ
42 Երբ իրիկուն եղաւ, այն օրը ուրբաթ էր, այսինքն շաբաթին առջի օրը, 43 Յովսէփ Արիմաթացի, երեւելի խորհրդական մը, որ ինքն ալ Աստուծոյ թագաւորութեանը կը սպասէր, եկաւ ու համարձակելով՝ Պիղատոսին քով մտաւ եւ Յիսուսին մարմինը խնդրեց։ 44 Պիղատոս զարմացաւ որ արդէն մեռած է։ Հարիւրապետը իրեն կանչելով՝ հարցուց անոր. «Շա՞տ ատեն է որ մեռաւ»։ 45 Երբ ան ստոյգը իմացաւ հարիւրապետէն, մարմինը Յովսէփին շնորհեց։ 46Յովսէփ կտաւ գնեց ու զանիկա վար իջեցնելով՝ կտաւով փաթթեց ու դրաւ գերեզմանի մը մէջ՝ որ քարէ փորուած էր եւ քար մը գլորեց գերեզմանին դուռը։ 47 Իսկ Մարիամ Մագդաղենացին ու Յովսէսին մայրը Մարիամը տեսան այն տեղը, ուր դրուեցաւ։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի բարեպաշտ հավատացյալ քույրեր և եղբայրներ: Փառք Աստծուն, որ բոլորս արժանացանք տեսնելու նաև այսօրվա լուսաբացը, և միասին խորհելու Աստծու խոսքի շուրջ:
Մեր ժամանակները գնալով մտնում են անորոշ փուլ, մենք պետք է միշտ արթուն լինենք այդ առումով:
Չինական իմաստությունն ասում է,-
Դժվար ժամանակները ծնում են ուժեղ մարդիկ:
Ուժեղ մարդիկ ստեղծում են բարի ժամանակներ:
Բարի ժամանակները ծնում են թույլ մարդիկ:
Թույլ մարդիկ ստեղծում են դժվար ժամանակներ:
Մենք հիմա ապրում ենք դժվար ժամանակներում, և ըստ իմաստունի խոսքի տրամաբանության պետք է, որ հիմա ծնվեն ուժեղ մարդիկ: Սակայն մենք տեսնում ենք, որ և ժամանակներն են դժվար, և ուժեղներ չեն ծնվում, և նույնիսկ ուժեղներն են թուլանում: Պատմությունը անվերջ կրկնվում է այնպես, ինչպես որ քառասուն տարի անապատում դեգերեց հրեա ժողովուրդը՝ իր անհնազանդության պատճառով, մինչև որ այդ սերունդը վերացավ: Ցանկացած ժամանակներում կարող են ծնվել ուժեղ մարդիկ, եթե այդ մարդկանց դաստիարակեն հզոր հոգևոր մարդիկ: Աստվածաշնչի պատմությունը մեզ ցույց է տվել բոլոր ժամանակների և հաղթանակները և պարտությունները: Հաղթանակները եղել են Աստծուն հնազանդ ժողովրդի համար, իսկ պարտությունները միշտ արձանագրվել են Աստծուց հեռացած ազգերի մոտ:
Երբ մարդիկ գիտակցաբար վանում են չարը և ձգտում են դեպի բարին, այստեղ հաղթանակը անխուսափելի է: Այդ հաղթանակը առաջին պետք է տեսնի եկեղեցին, որովհետև եկեղեցուն պետք են հզոր հավատքի տեր մարդիկ, ո՛չ թե հզոր ֆինանսական կարողությունների տեր մարդիկ: Իսկ հզոր հավատքը եկեղեցին պետք է ներարկի մարդկանց մեջ: Երուսաղեմը աշխարհի համար կենտրոն է համարվում այն առումով, որ հավատքի հիմքը այնտեղ դրվեց: Աշխարհի Փրկիչը այնտեղ քարոզեց, բոլոր առաքյալները այնտեղից սկիզբ առան ու ցրվեցին աշխարհով մեկ: Այնտեղ հաստատվեց առաջին եկեղեցին: Հին կոչվում էին այն եկեղեցիները, որոնք հաստատվել էին առաքյալների կողմից: Մեր օրերում եկեղեցիները շատացան և այդ տարբերությունը վերացավ:
Հիմա մեր դժվար ժամանակներում կյանքը ավելի դժվար է դառնում գնալով, քանի որ տկար է հավաքը: Իսկ երբ հավատքը տկար է, մարդկանց մեջ վախն ու կասկածը շատանում է: Թվում էր, թե Քրիստոսի հետ քայլող աշակերտները պետք է որ հզոր լինեն, բայց այդպես չեղավ, մինչև նրանք Աստծու սուրբ Հոգու զորությունը չստացան; Նույնը վերաբերում է բոլոր մարդկանց: Սուրբ Հոգու զորությունը միայն աշակերտների մենաշնորհը չէր, Սուրբ Հոգին կարող է բնակվել իրեն փնտրողի և ցանկացողի սրտում:
Երեկվա սերտողության մեջ մենք տեսանք, թե Քրիստոսին ովքեր էին շրջապատել Գողգոթայում և ինչպես էին իրենց դրսևորում ըստ իրենց հավատքի: Ովքեր, որ պետք է խաչի մոտ լինեին, իրենց Վարդապետի ոտքերի մոտ, նրանք բացակա էին, իսկ նրանք, որոնք առհասարակ որևէ կապ չունեին Քրիստոսի հետ սատար եղան Քրիստոսին և դավանեցին Նրա Աստծու Որդի լինելը:
Այսօրվա սերտողության մեջ հանդիպում ենք բոլորովին այլ դեմքեր, որոնք այս ողջ ընթացքում չեն երևացել Քրիստոսի շուրջը, կրոնական հոգևոր խորհրդի և հռոմեական կայսրության սարսափից:
Օրը ուրբաթ էր և Տէր Հիսուս խաչի վրա մահացած էր: Մենք նախորդ սերտողություններից հիշում ենք, որ մահացածին խաչից իջեցնում էին և դին հարազատին չէին տալիս, ըստ իրենց հաստատած օրենքի: Հիսուս մահացած էր և պետք էր խաչից իջեցնել: Այդ օրենքների մասին գիտեր նաև Հովսեփ անունով բարեպաշտ մի մարդ, որը Քրիստոսի գաղտնի հետևորդներից է եղել: Հանկարծ հայտնվում է արիմաթիացի այս Հովսեփը, և մեծ համարձակություն դրսևորելով դիմում է Պիղատոսին՝ Քրիստոսի մարմինը իջեցնելու խնդրանքով: Ո՞վ էր այս Հովսեփը: Ավետարանն ասում է, որ նա հրեաների ժողովի անդամ էր, որը չէր միաբանվել քահանայապետների չար ծրագրերին ու գործերին: Նաև ասում է, որ Հովսեփն էլ էր սպասում Աստծու արքայությանը: Բավական վտանգավոր իրավիճակում գտնվող պարկեշտ այս մարդը մի կողմ դրեց իրեն սպասվող վտանգը և գնաց Պիղատոսի մոտ՝ խնդրանքով: Որտե՞ղ էր վտանգը: Նախ՝ Հովսեփը հրեական սինոդի անդամ էր, և չէր միաբանվել առաջնորդների չար ծրագրին: Երկրորդը պարզվեց, որ գաղտնի հետևել է Հիսուսին: Հետո նա համարձակվեց տոնից առաջ հեթանոսի տարածք մտնել, ինչ չարեցին քահանայապետները, որպեսզի չպղծվեն: Հեթանոսի մոտ մտնելը նրանք համարում էին պղծություն, սակայն Արդարի հանձնեցին հեթանոսին, որպեսզի խաչը հանեն: Սա է խմորը փարիսեցիների, որից պետք է զգուշանալ բոլոր ժամանակներում: Իսկ իր այս վերջին քայլը փաստում է այն մասին, որ հավատացել է Հիսուսին անվերապահ:
Հովսեփը չիմանալով Պիղատոսի դիրքորոշումը այս հարցի շուրջ, նա՛և հակառակ կանգնելով քահանայապետների կայացրած որոշմանը, համարձակություն ունեցավ իր գործով ապացուցելու, որ հավատում է Հիսուսին՝ որպես Աստծու Որդի:
Պիղատոսը զարմացավ, որ Հիսուս այդքան շուտ է մահացել, և հարյուրապետի միջոցով ճշտեց Հիսուսի մահվան իսկությունը: Սա էլ այն հարյուրապետն էր, որ հավատաց և բարձրաձայնեց, որ խաչյալը իրոք Աստծու Որդին էր: Պիղատոսը գիտեր, թե Քրիստոսին նախանձից են մատնել: Հարյուրապետը հավատացել էր Քրիստոսին: Իսկ Հովսեփը, գաղտնի հետևում էր Քրիստոսին: Այս երեք այրերը հայտնվել են մի տեղում: Երեքն էլ իրենց մտքում հավատում են, ուղղակի բարքերին տուրք տալու պատճառով լռում են՝ հաճոյանալով որոշում կայացնողներին: Հովսեփը թույլտվություն ստացավ մարմինը խաչից իջեցնելու: Հովհաննես ավետարանիչը, որը ներկա է գտնվել խաչի մոտ, արձանագրել է, որ Հովսեփի հետ եղել նաև հրեաների ժողովից՝ այն Նիկոդեմոսը, որը գիշերով Հիսուսի մոտ էր եկել: Սա այն Նիկոդեմոս էր, որ չէր հասկացել վերստին ծնունդը և Տէր Հիսուս նրան ասաց, դու ինչպե՞ս ես հրեաների վարդապետ և չես հասկանում այս բաները:
Այստեղ կարող ենք մի գեղեցիկ փաստ արձանագրել: Ուրեմն հայտնի աշակերտները թաքնվել են վախից, իսկ թաքուն աշակերտները հայտնվել են քաջությունից:
Իջեցրին մեր Տիրոջը խաչից, նախապես գնված կտավներով փաթաթեցին և դրեցին ժայռափոր գերեզմանի մեջ, որը Հովսեփը պատրաստել էր իր համար: Ավանդությունն ասում է, որ Հովսեփը շատ հարուստ մարդ էր, և միայն հարուստ մարդիկ կարող էին իրենց թույլ տալ այդպիսի գերեզման ունենալ: Հովսեփը գաղտնի հետևել Հիսուսի վարդապետությանը և հավատում էր որ Քրիստոս հարություն է առնելու: Քրիստոսի մարմինը իր գերեզմանում դնելով, օրհնվեց նաև Հովսեփի գերեզմանը, որը հետագայում պետք է ծառայեր իր համար: Գերեզմանի դռանը մի մեծ քար գլորեցին: Իսկ այդ ժամանակ կանայք, որոնք ողջ ժամանակ գողգոթայում էին, հետևեցին և տեսան թե ո՛ւր դրվեց իրենց Վարդապետը:
Սիրելիներ ինչպես տեսաք ամեն ինչ արվեց շատ արագ, քանի որ հրեաների շաբաթը մոտենում էր: Չկարողացան օծել Նրա մարմինը, քանի որ ուրբաթ երեկո էր արդեն: Մենք այստեղ կարող ենք արձանագրել ևս մեկ խարդախություն, որը կատարվեց քահանայապետների և օրենսգետների ձեռքով; 15 րդ գլխի առաջին մասում կարդացինք, որ ամբողջ ատյանը խորհուրդ անելով, կապեցին Հիսուսին և հանձնեցին Պիղատոսին: Փաստորեն ամբողջ ատյանի մեջ եղել են մարդիկ, որոնք համաձայն չեն եղել իրենց որոշման հետ և հրաժարվել են իրենց համաձայնությունը տալ, իսկ քահանայապետը ներկայացրեց, որ, ամբողջ ատյանի որոշումն էր դա: Սա էլ շատ ծանոթ երևույթ է մեզանում ընդունված: Հովսեփի այս մեկ քայլը բազում գաղտնիքներ բացահայտեց մեզ համար: Նա գաղտնի էր հետևել և հիմա Հիսուսի մահից հետո առավել ևս կարիք չկար բացահայտելու իր աշակերտ լինելը: ժողովրդի բազմությունը հետևում էր Հիսուսին՝ ակնկալիքով, որ կբուժվեն, իսկ ի՞նչ էր ակնկալում Հովսեփը, երբ Հիսուսի մահից հետո իրեն բացահայտեց, որն ավելի վտանգավոր էր: Պարզապես Նրա հավատքի գործերն էին ցույց տալիս այս գործողությունները:
Եկեղեցուն այսպիսի հավատավոր մարդիկ են պետք, որպեսզի եկեղեցին ամուր լինի: Հովսեփն ու Նիկոդեմոսը չվախեցան իրենց հեղինակության համար, և բացահայտեցին իրենց; Կանայք չվախեցան հեթանոս զինվորների ներկայությունից և մնացին մինչև վերջ: Նույնիսկ Պիղատոսը վերջի քայլը կատարեց, ի նշան անդրադարձի: Միակ անդրդվելին և քարսիրտը մնացին հոգևոր առաջնորդները, որոնք կարգված էին մարդկանց հոգևոր և բարոյական կյանքի պատասխանատուներ:
Տէր Հիսուս տվեց պատվիրանը՝ ,,Սիրիր քո թշնամուն,, և անձամբ կատարեց խաչի վրա, ներելով Իրեն խաչողներին: Իսկ խաչողները մինչև վերջին պահը հրաշք էին պահանջում Խաչյալից: Սիրելիներ, Քրիստոսից հետո մենք ականատես եղանք, թե որքան կամավորներ նահատակվեցին հանուն հավատքի և համալրեցին Հաղթական Եկեղեցու սրբերի շարքերը: Մենք այսօր չունենք հավատքի համար հալածող թշնամիներ, սակայն մենք չենք սիրում նույնիսկ մեր մերձավորներին: Քանի որ մենք չենք հասկանում Աստվածաշունչը, չգիտենք մեր պահանջը եկեղեցուց և եկեղեցականից: Մենք աղոթքները կարդում կամ կրկնում ենք մեխանիկորեն: Մինչդեռ Տէր Հիսուս ասում է աղոթեք, որ ձմեռ չլինի, և ես կլսեմ ձեր խնդրանքը: Հասկանում ենք, որ խոսքը միայն եղանակի մասին չէ, այլ հավաքական աղոթքի մասին է:
Իսկ այսօր մեր ոտքերը մեզ եկեղեցի տանում են միայն մեր խնդիրների պատճառով և ակնկալիքով ենք դիմում Աստծուն, ինչպես որ ժողովրդի բազմությունն էր դիմում Հիսուսին: Մենք էլ այն ժողովրդի պես Աստծու աղոթքի տուն ենք գնում, տանելով մեր խնդիրները: Այս կամ այն սրբապատկերի առջև մոմ ենք վառում և հեռանում: Մենք Աստծուն չենք փնտրում եկեղեցում և լաց չենք լինում մեր գործած մեղքերի համար, մեր ապրած կյանքի համար: Փարիսեցիներն էլ էին այդպես անում, որ չճանաչեցին Աստծուն՝ իրենց առջև կանգնած: Որովհետև նրանց Աստված պետք չէր, նրանք ամեն ինչ ունեին արդեն, և իրենց մեղքերը իրենց այլևս չէր խանգարում: Բոլորից շատ էին կարդում, տասանորդ էին տալից, ժամերով աղոթում էին, բայց իրենց աղոթած Աստծու Որդուն սպանեցին;
Իր ծառայության երեք տարիների ընթացքում շատերը հանդիպեցին Հիսուս Քրիստոսի ճանապարհին:
Հանդիպես Հովհաննես Մկրտչին, որը իրենից առաջ էր եկել, և իրենից շուտ մահացավ:
Նույնիսկ ընկած հրեշտակը՝ սատանան մոտեցավ Նրան փորձելու համար, և պարտվեց Քրիստոսի իմաստությունից: Հիսուսին մոտեցան նաև առաջին և վերջին քահանայապետները՝ վարձկաններ, որոնք հովիվներ չէին, և ոչխարների հոգս էլ նրանց վրա չէր, և այդ վարձկանները Տէր Հիսուսին հեթանոսների ձեռքը մատնեցին: Նրանց միայն հետաքրքրում էր, թե ինչ իշխանությամբ է այդ բոլոր անում Հիսուս: Հիսուսից առաջ Հովհաննեսին էին տալիս այդ հարցը: Չկարողացան հանդուրժել Քրիստոսի աստվածությունը և իմաստությունը:
Հիսուսին հանդիպեցին տասներկու աշակերտներ, որոնց Ինքը ընտրեց; Նրանցից մեկը մատնիչ դուրս եկավ;
Յուղաբեր կանայք հանդիպեցին, որոնք մինչև վերջ հավատարիմ մնացին: Իր մահից հետ Հովսեփն ու Նիկոդեմոսը հայտնվեցին, ի նշան իրենց ծածուկ հավատքի: ինքը Քարոզեց Տաճարում շատերի համար:
Շատերը հանդիպեցին Իր ճանապարհին, որոնց հնարավոր չէ թվարկել: Բայց մեզ համար կարևոր է, թե ի՞նչ ասաց Հիսուս՝ իրեն ուղղված հարցերի դիմաց: Երբեք վախ չունեցավ, քանի ճշմարտությունն էր: Սատանային պարտության մատնեց, սակայն կրոնավորների ամբաստանությունից չխուսափեց, քանի որ Իր համար թանկ էր ժողովրդի փրկությունը: Հիսուս Քրիստոսի արտաբերած յուրաքանչյուր խոսք պետք է մեր կյանքի անկյունաքարը լինի, որպեսզի հավատարիմ լինենք Հովսեփի պես՝ առանց ակնկալիքի:
Այսօր ավարտեցինք Մարկոսի ավետարանի նախավերջին՝ 15 րդ գլուխը, որտեղ նկարագրված էր մեր Տիրոջ չարչարանքները, խաչելություն և մահը:
Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը, Նրա մշտավառ խոսքն ու պատվիրանը զարդարեն մեր սրտերը, մեր մտքերը, մեր լեզուները, մշտապես Նրան դավանելու որպես Աստծու Միածին Որդի, որպես Տիեզերքի Փրկիչ և յուրաքանչյուրիս անհատական Փրկիչ:
Հարց. քանի՞ գլուխ է Մարկոսի Ավետարանը.