ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 15: 33-41
ՅԻՍՈՒՍԻՆ ՄԱՀԸ
33 Վեցերորդ ժամը հասածին պէս՝ բոլոր երկրին վրայ խաւար եղաւ մինչեւ իններորդ ժամը։ 34 Իններորդ ժամուն՝ Յիսուս մեծ ձայնով աղաղակեց ու ըսաւ. «Էլօի՜, Էլօի՜, լա՞մա սաբաքթանի». որ կը թարգմանուի՝ «Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ զիս թողուցիր»։ 35 Եւ քովը կայնողներէն ոմանք երբ լսեցին՝ ըսին թէ՝ Եղիան կը կանչէ։ 36 Ու մէկը վազեց սպունգ մը քացախով լեցուց ու եղէգի մը անցնելով՝ տուաւ անոր որպէս զի խմէ եւ ըսաւ. «Թող տուր, տեսնենք թէ Եղիան պիտի գա՞յ ատիկա վար իջեցնելու»։
37 Յիսուս մեծ ձայն մը հանեց ու հոգին տուաւ։ 38 Տաճարին վարագոյրը երկուքի պատռուեցաւ վերէն վար։ 39 Հարիւրապետը, որ անոր դէմ կեցեր էր, տեսնելով որ այսպէս աղաղակելով հոգի տուաւ, ըսաւ. «Արդարեւ Որդի Աստուծոյ էր այս մարդը»։ 40 Կիներ ալ կային, որոնք հեռուէն կը նայէին։ Անոնց մէջ էին Մարիամ Մագդաղենացին եւ պզտիկ Յակոբոսին ու Յովսէսին մայրը Մարիամը եւ Սողովմէն, 41 Որոնք երբ Յիսուս Գալիլիա էր, անոր ետեւէն կ՚երթային եւ սպասաւորութիւն կ՚ընէին։ Ուրիշ շատ կիներ ալ՝ որոնք իրեն հետ Երուսաղէմ ելեր էին։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ, երեկ մեր միտքը ավարտեցինք այնտեղ, որ Հիսուս Քրիստոս արդեն խաչի վրա էր՝ ավազակների հետ միասին: Իսկ ներքևում հրաշք փնտրող քահանայապետները և իրենց համախոհները հեգնանքով խոսում էին Խաչյալի հետ: Ավետարանիչն ասում է, որ Նրա հետ խաչվածներն էլ նախատում էին Նրան: Այսօրվա մեր սերտողությունը Խաչի վրա Հիսուսի մահվան մասին է, որը աշխարհի գլխավոր իրադարձությունների առանցքն է, առանց որի աշխարհում ոչինչ չի կարող ամուր հիմք ունենալ, ոչինչ չի կարող կայուն լինել, և ոչինչ չի կարող նպատակ ունենալ:
Երբ կեսօր եղավ, խավար պատեց ամբողջ երկիրը: Հիսուս խաչի վրա բարձրաձայն աղաղակեց և ասաց,- Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր: Ինչո՞ւ խավարը պատեց ողջ երկիրը: Պատասխանը բոլոր ժամանակների համար նույնն է: Առանց Հիսուս Քրիստոս աշխարհը խավարի մեջ է: Առանց Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետության մարդկությունը խավարի մեջ է; խավարը պատեց ողջ երկիրը փաստելու համար, որ Լույսը եկավ աշխարհ, դուք Նրան չընդունեցիք, Իսկ առանց Նրա ձեր բաժինը խավարն է; Որ տեսանկյունից էլ որ նայելու լինենք, ամբողջ երկիրը խավարով պատելը այլ բան չի նշանակում, քան Հայր Աստծու պատասխանը մարդկության կատարած քայլին;
Խաչելության և Հարության փաստի վրա է աշխարհը դեռ կանգուն, որովհետև դեռ կան մարդիկ, որոնք հավատում են, որ Աստված Իր Միածին Որդուն ուղարկեց աշխարհի փրկության համար, իսկ Որդին կամավոր հանձն առավ այդ խաչելությունը: Հին կտակարանի մեջ բոլոր սլաքները ուղղված են Հիսուս Քրիստոսին, մարգարեությունները բոլորը խոսում են Հիսուսի աշխարհ գալու մասին: Առակներն ու սաղմոսները Նրա մասին են: Նոր Կտակարանը սկսվում է Նրանով՝ արդեն բացահայտ: Բոլոր Ավետարանները ավարտվում եմ Նրա խաչելությամբ և հարությամբ: Աշխարհը Նրանով է սկսվել և ավարտվելու է դարձյալ Նրանով: Հետևաբար երկրին խավար պատելը Նրա ժամանակավոր բացակայությունն է խորհրդանշում: Մեր կյանքի միակ լուսավոր աղբյուրը Աստվածաշունչն է:
Մեր ուրախության և հույսի միակ աղբյուրը Պատարագի Թագ ու Պսակ՝ Սուրբ Հաղորդությունն է՝ Տիրոջ Մարմնի և Արյան խորհրդով;
Ով Հիսուս Քրիստոսին ունի իր մեջ, նրա համար նույնիսկ գիշերը խավար չէ: Խավարը պատեց նրա համար, որպեսզի խավարամիտները հասկանան, թե ի՛նչ արեցին: Հիսուս Քրիստոս խաչի վրա է:
Այս պատմությունը եղել է 2021 տարի առաջ, երբ Աստծու Որդին կամավոր խաչը բարձրացավ մարդկության մեղքերի համար: Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ եկան և տեսան Աստծու Որդու անարգ մահը և վերադարձան իրենց երկրները, տանելով լուրը նաև իրենց երկրներ: Ի՞նչ էր կատարվում այդ պահին Գողգոթայում. Ներկաները չգիտակցելով եղելության բուն խորհուրդը, կանգնած սպասում է, թե հետո ի՞նչ է լինելու: Գուցե իջնի՞ խաչից, գուցե Եղիա՞ն կգա և Նրան կազատի, գուցե հրեշտակների գնդե՞ր կգան և կոչնչացնեն նրան խաչը հանողներին, քանի որ անարդար ձևով խաչեցին Նրան; Բայց ոչինչ տեղի չի ունենում սպասողների համար: Իսկ երբ բարձր ձայնով աղաղակեց Հիսուս և հոգին ավանդեց, այդ ժամանակ երկնքից նշանները մեկը մյուսի հետևից որպես պատասխան անհավատներին՝ երևացին բոլորին:
Արևը խավարե՛ց, Տաճարի վարագույրը վերից վար պատռվե՛ց ի նշան իրական արհավիրքի: Քանի որ սովորություն ունեին մեծ աղետների ժամանակ պատռում էին իրենց հագուստները: Մինչդեռ Աստված ասում է.-
« դարձեք ինձ ձեր ամբողջ սրտով, ծոմապահությամբ, լալով ու կոծելով: Ձեր սրտերը պատռեցեք և ոչ թե ձեր հագուստները: Այո, դարձեք ձեր Տեր Աստծուն, որովհետև Նա ողորմած է և գթասիրտ…» (Հովել 2: 12):
Հրեաները սարսափեցին այդ երևույթից: Անհոգի արեգակը չկարողացավ այլևս լուսավորել ու ջերմացնել հոգի ունեցող խավարամիտներին: Ո՞վ պետք է բացատրեր այդ մարդկանց, որ այս պահին խաչի վրա ո՛չ թե մահ տեղի ունեցավ, այլ հավիտենական կյանքի հիմքը դրվեց: Քանի որ առաջին մարդու անհնազանդության պատճառով մարդկությունը խաբվեց սատանային և ողջ մարդկությունը ենթարկվեց մահվանը:
Աստծու Որդին եկավ այդ բոլորը ուղղելու համար, սակայն սպանեցին նա՛և Աստծու Որդուն: Արարածը սպանեց իր Արարչին և չզղջա՛ց: Այդ պահին բնությունը ընդվզեց մարդու արարքի դեմ, և երկրաշարժ եղավ և գերեզմաններ բացվեցին, մարդիկ խուճապահար փախան այդտեղից, կարծելով որ հիմա մի աղետ է պատահելու իրենց հետ: Բայց ո՛չ թե տաճար վազեցին Աստծուց ներում հայցելու իրենց մեծագույն մեղքի համար, ո՛չ էլ Պիղատոսի մոտ վազեցին՝ Քրիստոսի մարմինը խնդրելու համար, այլ իրենց տները վազեցին իրենց կյանքերը փրկելու համար: Բթացած է մարդկության ուղեղը այս առումով: Մարդը կարծում է, թե ինքը կարող է իր կյանքը փրկել աղետի ժամանակ: Զարմանալի է մարդ արարածը, սպանո՛ւմ է իր Փրկչին, և վախենում է իր կյանքի համար: Նախանձախնդիր հրեաները պահում են շաբաթը ծայրահեղ սրբությամբ, բայց չէն հիշում մարգարեությունների մասին: Վախեցան հրեաները, որովհետև գիտեին, որ ջրհեղեղ է եղել ժամանակին և կործանվել է մարդկությունը: Սա նրանից էր որ հավատ չկար, որովհետև օրենքի միայն արտաքին մասն էին պահում, իսկ խորքը ոչ ոք չէր ընկալում;
Բայց հակառակ հրեաների՝ գողգոթայում արթնություն նկատվեց և հարյուրապետը, որին հանձնված էր այդ խաչելության արարողության ողջ պատասխանատվությունը, հանկարծ զարմանալի արտահայտություն արեց, ասելով,- Իրո՛ք այս մարդը Աստծու Որդի էր, երբ որ տեսավ բնական աղետները: Այս ասողը հրեա չէր, այլ հեթանոս: Չգիտեր օրենք ու մարգարեությունները, իրենց մեջ չէր ապրում:
Բոլոր հրեաները տեսան, բայց հեթանոսը դավանեց Հիսուսին Աստծու որդի: Գիտե՞ք Ինչու է այդպես: Պատասխանը պարզ է: Երբ հոգևոր իշխանությունը որոշում կայացրեց Աստծու որդուն մահապատժի ենթարկելու վերաբերյալ, ժողովուրդը, որը նախորդ շաբաթ աղաղակում էր Օվսաննա, ենթարկվե՛ց հոգևոր իշխանության որոշմանը և նրանց հաճոյանալու համար պահանջեց խաչելություն:
Իսկ հարյուրապետը, որը մահապատժի պատասխանատուն էր, հանկարծ ասում է սա Աստծու որդին էր: Այս հարյուրապետի համար նշանակություն չուներ գերագույն հոգևոր խորհրդի որոշումը, ինքը հռոմեական իշխանության ենթակա մարդ էր: Բոլորը փախան վաղից, բայց հարյուրապետը իրավունք չուներ փախչելու, քանի որ պատասխանատու էր խաչյալների համար: Հիսուսին մեղադրեցին միայն ա՛յն բանի համար, որ ասաց, թե՝ Աստծու որդի եմ; Իսկ հարյուրապետը դեմ գնաց նրանց մեղադրանքին և դավանեց Հիսուսին որպես Աստծու Որդի, իսկ եթե նաև ճանաչեր Հիսուսին ավելի շատ, անպայման կդավաներ նաև՛, որ հարություն է առնելու մեռելներից:
Սիրելիներ, իրադարձությունները այնպես զարգացան, որ ամեն ինչ գլխիվայր շրջվեց կարծես: Կրոնավորները չհավատալով խաչեցին Մեսիային, իսկ հեթանոսը հարյուրապետը դավանեց որպես Աստծու Որդի: Աշակերտները վախեցան ու ցրվեցին Վարդապետին ձերբակալելուց հետո, իսկ ավազակը, որը մեծ հանցանքի համար էր պատժվել, խաչի վրա դավանեց Նրան՝ որպես Աստծու որդի:
Բացի դավանելը ընդունեց իր հանցանքը և ընդունեց նաև, որ արժանի պատիժ է կրում իր արարքի համար, և ասաց Հիսուսին, - Հիշի՛ր ինձ, երբ գաս քո թագավորությամբ;
Հիմա տեսնո՞ւմ եք, թե ովքե՞ր են տեսնում և ովքե՛ր կուրացան: Աստված լուսավորեց և՛ հարյուրապետի աչքերը, և՛ ավազակի միտքն ու հոգին: Իսկ հրեաները դարձյալ մնացին խավարի մեջ:
Ավետարանիչը պատմում է, որ Խաչի մոտ էր նաև Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի և Հովսեի մայր՝ Մարիամը և Սաղոմեն, որոնք հետևում էին Հիսուսին՝ Նրա ծառայության տարիներին: Կային նաև այլ կանայք, որոնք Հիսուսի հետ Երուսաղեմ էին եկել: Այս կանանց մասին ուրիշ ոչինչ չի ասվում, բացի նրանից, որ խաչի մոտ էին կանգնած: Գուցե այդքանը բավական էր, որ նրանք համարձակվել էին հասնել խաչի մոտ, ինչը չէին արել մյուս աշակերտները:
Սիրելիներ, եկեք միասին ամփոփենք այն, ինչը մենք տեղեկացանք Հիսուս Քրիստոսի մասին՝ երկու ավետարանիչների նկարագրությունից: Ծնվեց Հրեշտակի Ավետումով, հետապնդվեց թագավորներից, երեսուն տարեկանում մկրտվեց, փորձվեց սատանայից, ապաշխարություն քարոզեց Հրեաստանի բոլոր վայրերում, ողջ քարոզության ընթացքում հետապնդվեց նաև օրենքի ուսուցիչների և հոգևոր առաջնորդների կողմից: Չնայած դրան, բժշկեց հազարավոր հիվանդների, անդամալույծների, դիվահարների, բորոտների: Ուսուցանեց մարդկանց, սովորեցրեց ճիշտ մտածել, հասկանալ կյանքի նպատակը, չհետևել կեղծ վարդապետությանը: Անվերջ զգուշացրեց հեռու մնալ փարիսեցիների խմորից, որը ամենավտանգավորն էր: Ինչո՞ւ էր այդքան զգուշացնում փարիսեցու խմորից հեռու մնալ: Որովհետև փարիսեցու խմորը այնքան աճեց ու բազմացավ, որ Աստծու Որդուն մահվան դատապարտեցին, որպեսզի իրենց մութ անցյալը չբացահայտվի: Մեր Տէր Հիսուս Քրիստոսի կյանքն ու գործունեությունը թափանցիկ էր և բոլորի աչքի առջև:
Ինչ որ խոսում էր, խոսում էր բոլորի ներկայությամբ, եթե նույնիսկ դա հանդիմանություն էր որևէ մեկի հասցեին:
Հիմա անդրադառնանք օրվա քահանայապետների, օրենքի ուսուցիչների, ծերերի և Տաճարի հոգսերով և ժողովրդի հոգևոր կյանքով զբաղվող պատասխանատուների գործունեությանը:
Քանի՞ անգամ մենք կարդացինք Ավետարանում, որ հավաքվեց հոգևոր գերագույն մարմինը և խորհուրդ արեց: Այդ բոլոր հավաքների որոշումները միայն ծուղակ էր պատրաստված Հիսուս Քրիստոսի դեմ, իսկ վերջին որոշումը արդեն մահապատժի վերաբերյալ էր: Այսքանը արեցին Հիսուսի համար, իսկ ի՞նչ էին արել ժողովրդի հոգևոր կյանք համար: Վերցնենք ամենավերջին օրինակը Գողգոթայից: Հիսուս խաչի վրա խոսում է Իր Երկնավոր Հոր հետ, Էլոհի՛մ, Էլոհի՛մ կանչելով: Ներքևում ժողովուրդը կարծեց, թե Եղիային է ( Էլիագո) կանչում: Ժողովուրդը լսել էր որ Եղիան գալու է Քրիստոսի գալուց առաջ, սակայն դրանից ավելի չգիտեին, թե ե՞րբ է գալու, ինչի՞ համար է գալու և այլն: Հոգևոր խորհրդի անդամների պարտականությունն էր, որ ժողովրդին բացատրեին Քրիստոսի գալուստի մասին, Եղիայի գալու մասին, և առհասարակ ամեն ինչ պետք է բացատրեին մարդկանց, ինչը հերթականությամբ և պարզ գրված է Աստվածաշնչում: Իսկ մարդիկ խաչի ներքևում կանգնած, ո՛չ թե ցավ են ապրում Խաչյալի համար, այլ հետաքրքրությունից դրդված, սպասում են, կգա՞ արդյոք Եղիան, և կազատի Հիսուսին, թե՞ ոչ:
Ուսուցիչները դա չեն արել, իսկ Քրիստոս երեք տարվա մեջ հոգևոր հսկա տեղաշարժ կատարեց ժողովրդի մեջ: Հիմա հասկանալի՞ է, թե ինչո՞ւ խաչը հանեցին Նրան:
Անդրադառնանք մեկ այլ իրականության, որը մեզ դարձյալ տեղեկացնում է Ավետարանը՝ փարիսեցիների խավար գործունեությունից: Տեսանք, որ հետապնդեցին, և մահվան դատապարտեցին Հիսուս Քրիստոսին: Հիսուս Հարություն տվեց Ղազարոսին, նրանք փորձեցին սպանել նաև հարություն առած Ղազարոսին: Հիսուսի հարությունից հետո նույն ժողովականների թեթև ձեռքով քարկոծվեց և սպանվեց Ստեփանոսը: Պողոսի սպանության համար երդում կերած այն քառասուն հրեաների հետ համագործակցում էին դարձյալ քահանայապետները: Հազարապետը, որ հեթանոս է, պաշտպանում է Պողոսին, իսկ քահանայապետը որը ընտրված է ժողովրդին ուսուցանելու համար սպանությունների կողմնակից է: Հիմա այս կրոնական առաջնորդները աստվածապա՞շտ են, թե՞ մարդասպաններ են: Այ՛ս է խնդիրը:
Մենք այսօր՝ 21 րդ դարում ավելի լավ վիճակում չենք այդ առումով: Մարդիկ գնում են եկեղեցի, որպեսզի բուժում ստանան, իրենց աղոթքի պատասխանը ստանան, իրենց ընտանեկան անախորժությունները լուծվի, իրեն աղջիկը ամուսնանա և իրենց տղան լավ կին առնի, իրենց զավակը բանակում ապահով լինի, երկիրը խաղաղ լինի, լավ ղեկավար ունենանք և այլն, և այլն: Ժողովուրդը կարծում է, թե մեղքերի խոստովանությունը կիրակի օրերը բարձրաձայնելով, մեղքերը անհետանում են: Մոլորության մեն են մարդիկ՝ իրենց մեղքերի պատճառով;
Սիրելիներ, սրանք նույն արտաքին ձևապաշտություններն են, ինչ որ փարիսեցիների մոտ էր: Պետք է վերադառնալ սկզբին՝ Հովհաննես Մկրտիչը ապաշխարություն քարոզեց և պահանջեց որ ապաշխարության գործեր անեն: Հիսուս Քրիստոս ապաշխարություն քարոզեց և ասաց, եթե չապաշխարե՛ք, բոլորդ էլ կմեռնե՛ք ձեր մեղքերի մեջ: Կրթվելը միայն բարձրագույն կրթություն ստանալը չէ, այլ դա՛ս քաղել ամեն լսածից, ամեն տեսածից, ամեն մեկի արարքից: Կրթվել նշանակում է ապրել կյանքը՝ մշտապես սովորելով: Մեկ կյանքի գլխավոր անելիքն է՝ եկեղեցի՛, զղջո՛ւմ, աղո՛թք , ներո՛ւմ: Մնացածը կստացվի ինքնստինքյան՝ այս առաքինությունները ձեռք բերելուց հետո: Այսքանով ավարտենք, Չեմ ուզում շատ ծանրաբեռնել ձեզ: Նպատակս է, որ օրվա թեման յուրացնեք և կատարեք:
Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզ մղի ապաշխարության գործերի և ձեր կյանքը պատրաստի Տիրոջ հետ հանդիպման երանելի ժամանակին: Հանուն հավիտենական կյանքի ներեք, սիրեք, և հետևեք Քրիստոսի ճշմարիտ վարդապետությանը: Փառք Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս հավիտենից:
Հարց. Ի՞նչ մասերից է կազմված ապաշխարությունը.