ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 15: 16:32
ԶԻՆՈՒՈՐՆԵՐԸ ՅԻՍՈՒՍԸ ԿԸ ԾԱՂՐԵՆ
16 Զինուորները ներս տարին զանիկա գաւիթը, այսինքն պալատը եւ բոլոր գունդը մէկտեղ կանչեցին, 17 Ու հագցուցին անոր ծիրանիներ եւ փշեղէն պսակ հիւսելով՝ անոր գլուխը դրին։ 18 Ու սկսան բարեւ տալ անոր ու ըսել. «Ողջո՛յն քեզ, Հրէից թագաւոր»։ 19 Անոր գլուխը եղէգով կը ծեծէին ու կը թքնէին անոր վրայ եւ ծունկի վրայ գալով երկրպագութիւն կ՚ընէին անոր։ 20 Երբ ծաղր ըրին զանիկա, ծիրանիները վրայէն հանեցին եւ իր հանդերձները հագցուցին անոր ու դուրս հանեցին զանիկա՝ որպէս զի խաչը հանեն։
ՅԻՍՈՒՍ ԽԱՉԻՆ ՎՐԱՅ ԳԱՄՈՒԵՑԱՒ
21 Եւ Սիմոն Կիւրենացին, Աղեքսանդրոսին եւ Ռուփոսին հայրը, որ ատկէ կ՚անցնէր արտէն եկած, ստիպեցին որ անոր խաչը վերցնէ։ 22 Ու տարին զանիկա Գողգոթա ըսուած տեղը, (որ կը թարգմանուի Գանկի տեղ,) 23 Եւ անոր զմուռսով խառնուած գինի տուին որ խմէ, բայց ինք չառաւ։ 24 Ու խաչը հանեցին զանիկա եւ անոր հանդերձները բաժնեցին՝ անոնց վրայ վիճակ ձգելով թէ՝ ո՞վ ի՛նչ պիտի առնէ։ 25 Ժամը երեքն էր ու խաչը հանեցին զանիկա։ 26 Անոր յանցանքի գիրը գրուած էր թէ «Հրէից թագաւորն է»։ 27 Ու անոր հետ երկու աւազակ խաչը հանեցին. մէկը անոր աջ կողմը ու միւսը ձախ կողմը։ 28 Եւ կատարուեցաւ գրուածը որ կ՚ըսէ. «Անօրէններու հետ սեպուեցաւ»։ 29 Եւ անոնք որ կ՚անցնէին՝ կը հայհոյէին անոր, գլուխնին կը շարժէին ու կ՚ըսէին. «Աւա՜ղ որ տաճարը կը քակէիր եւ երեք օրուան մէջ կը շինէիր։ 30 Ինքզինքդ ազատէ՛ ու իջի՛ր խաչէն»։ 31 Նոյնպէս ալ քահանայապետները դպիրներուն հետ իրենց մէջ ծաղր ընելով՝ կ՚ըսէին. «Ուրիշները ազատեց, ինքզինք չի կրնար ազատել։ 32 Այդ Քրիստոսը, Իսրայէլի թագաւորը, թող հիմա խաչէն վար իջնէ, որպէս զի տեսնենք ու հաւատանք»։ Եւ իրեն հետ խաչուողները կը նախատէին զանիկա։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ, մենք այսօր նույնպես պետք է խոսենք անարդարության մասին, անօրենության մասին և մեր Տէր Հիսուս Քրիստոսի խաչելության մասին: Քանի անգամ էլ որ կարդանք Ավետարանների վերջաբանը, նույն ցավոտ զգացողությունն ենք ունենում Արդարի հանդեպ կայացրած որոշման պատճառով. Ավետարանի ամենօրյա ընթերցանությունը նաև նրանով է արժևորվում, որ ամեն անգամ կարդալիս մարդը իրեն հարց է տալիս, մի՞թե բանական մարդը ընդունակ է նման արարքի: Այո՛ ընդունակ է այն մարդը, որը Աստծուն միայն իր շրթների վրա ունի՝ այն էլ ցուցադրական:
Երեկվա սերտողության մեջ մեր միտքն ավարտվեց այնտեղ, Պիղատոսը վերջնական որոշում կայացրեց Հիսուսին ծեծելու և խաչը հանելու պահանջի մեջ, քանի որ քահանայապետների պարտադրանքով ժողովուրդը այդպես պահանջեց: Իսկ Տէր Հիսուս լուռ էր, և չէր պատասխանում ո՛չ զրպարտություններին, ո՛չ էլ հարցեր տվողներին:
Սիրելիներ, մենք այսօր միջազգային լուրերով լսում ենք աշխարհի անցուդարձի մասին; Ամենքս մեր երկրում լսում ենք օրվա լուրերը: Ամենքս մեր ընտանիքում տեսնում ենք, թե ի՛նչ է կատարվում մարդկային հարաբերություններում: Ամենաշատ հնչող հարցերից մեկն այն է, որ ցանկացած արհավիրքի մասին լուր լսելիս, մարդը հարցնում է, բայց ինչո՞ւ պատահեց սա: Հիշե՛նք այս հարցը և շարունակենք մեր սերտողությունը հետագա զարգացումների վերաբերյալ:
Պիղատոսի որոշումից հետո հռոմեական զինվորները Հիսուսին տարան պալատի ներսում գտնվող բակը և հավաքեցին ողջ գունդը՝ որպեսզի բոլորը օգտվեն հրեաների թագավորին ծաղրելու հնարավորությունից: Հռոմեական զինվորները ծառայություն էին մատուցում այդտեղ և անծանոթ էին օտար կրոնի մանրամասներին, և հատկապես չգիտեին, թե ո՛վ է կանգնած իրենց առջև: Նրանք Հիսուսի հետ վարվեցին այնպես, ինչպես որ վարվում են մի խռովարար ավազակի կամ հանցագործի հետ: Կուսակալի բակում տեղի ունեցածը դուրս էր օրենքից, և դա միայն զինվորների ծաղրը բավարարելու համար էր: Ինչ որ զինվորները արեցին Հիսուսի հետ, չի արդարացնում այն հանգամանքը, որ նրանք անտեղյակ էին հրեական կրոնին: Չ՞է որ նրանք նույնպես մարդ են, և իրենց դիմաց կանգնած էլ մարդ էր, չասելու համար՝ Աստված: Բայց գայթակղությունը եկել է չնախատեսված տեղից՝ Աստծու տան պատասխանատուներից: Վա՛յ նրան,- ասում է Տէրը,- ում միջոցով կգա գայթակղությունը: Մինչ այս պահը տեսեք, թե որքան մարդկանց համար դարձան գայթակղության առիթ քահանայապետները:
Ավետարանիչը նկարագրում է, որ զինվորները Հիսուսին հագցրին կարմիր հագուստ և վրան գցեցին թագավորին վայել ծիրանի, ու գլխին փշերից պատրաստած պսակ դրեցին: Սկսեցին ծաղրել նրան և ասել,- Ողջույն քեզ, հերաների թագավոր, և ծնկի գալով՝ երկրպագում էին նրան, առանց հասկանալու, որ կատարվածը ևս մարգարեություն է, և նա ոչ միայն հրեաների, այլ՝ Տիեզերքի թագավորն է;
Հարվածում էին գլխին եղեգով, և թքում էին Նրա երեսին: Ինչքան տևեց այս վայրագությունը, չգիտենք, Ավետարանն ասում է, որ զինվորները ծաղրուծանակի բավականությունից հետո, հանեցին այդ զգեստները և հագցրին իր նախկին հագուստը՝ ու դուրս տարան, որ խաչը հանեն;
Սիրելիներ, այս տեսարանը պատկերացնելուց հետո, եթե ձեր սրտում չարություն առաջացավ զինվորների նկատմամբ, ապա մի պահ մտածենք, որ զինվորները կրոնից դուրս մարդիկ են և Իրական Աստծուն չէին ճանաչում: Իսկ ինչ գնահատական կարելի է տալ Տաճարը սպասարկող քահանայապետներին, որոնք Աստծու ընտրյալ ժողովրդի մաս են կազմում, և նրանց սերունդներն են այսօր ապրում Իսրայելում և Երուսաղեմում: Երբ մարդուն զենքով սպանում են, նա չի հասցնում շատ բան հասկանալ, և սա համարվում է ծանր հանցագործություն: Սակայն երբ մարդու Որդու հետ վարվեցին անասելի ծաղրուծանակով, հարվածելով, թքելով և վիրավորելով, և հետո էլ խա՛չը հանեցին, որպեսզի զգա իր ահավոր մահը՝ սա արդեն քառակի դաժանություն է, որը ներեց մեր Տէրը խաչի վրա:
Այստեղ կարո՛ղ ենք հիշել վերևում մտապահած հարցը՝ թե՝ ինչո՞ւ է այսինչ բանը պատահում մեզ հետ...
Համայն մարդկությունը մասնակից է այս հրեշավոր ոճրագործությանը, և այսօր համայն մարդկությունը կարիք ունի վերհիշելու իր մեղքերը՝ մե՞ծ, թե՞ փոքր, նշանակություն չունի:
Գրվածները կատարվում են մեկը մյուսի հետևից, և ո՛չ ոք չի նկատում, քանի որ ամենքը իր դերն է կատարում այդ ձախավեր գործի մեջ: Զմուռսով խառնված գինի տվեցին Հիսուսին խմելու համար, սակայն Նա հրաժարվեց: Քանի որ ասել էր՝ չեմ խմելու որթատունկի բերքից մինչև այն օրը, երբ կխմեմ նոր գինին Աստծու արքայության մեջ: Հրաժարվեց նաև ամբողջությամբ մերժելով ցավը հանգստացնող այդ գինու և զմուռսի խառհուրդը, որը իբրև ցավազրկող օգնություն էին տալիս խաչյալներին:
Տարան Տէր Հիսուսին Գողգոթա, և քանի որ ծեծից հետո Նա չէր կարողանում Իր խաչը տանել, զինվորները ստիպեցին, որ Քրիստոսի խաչը իր ուսերին տանի ոմն Սիմոն Կյուրենացին, որը անցնում էր այդ վայրով; Հավանաբար Մարկոս ավետարանիչը ճանաչում է այս մարդուն, քանի որ նրա որդիների անուններն էլ է հիշատակել, որպեսզի իմանան, թե ո՛վ է եղել խաչափայտը տանողը:
Երկու խոսքով ձեզ նկարագրեմ թե՝ ի՞նչ է նշանակում այս երևույթը, երբ մեղադրյալը իր ուսին է տանում խաչը: Նախ՝ խաչելության վայրում մշտապես կանգնած է ուղղահայաց փայտը, որն անշարժ է: Իսկ մեղադրյալի ուսին դնում են հաջորդ փայտը, որը հորիզոնական դիրքով տեղադրելու ժամանակ ստացվում է խաչ, և այդ երկրորդ փայտը, ըստ աղբյուրների կազմում է մոտ հիսուն կիլոգրամ: Ֆիլմերում մենք տեսնում ենք, որ մեղադրյալը իր ուսին կրում է խաչն ամբողջությամբ, բայց դա այդպես չէ: Քանի որ խաչելությունը համատարած պատիժ էր, այդ վայրում մշտապես կանգնած էր ուղղահայաց փայտը: Սիմոն Կյուրենացուն անակնկալ կերպով բաժին հասավ իր ուսին կրելու Տիրոջ խաչափայտը, որը երբեք չէր կարող երևակայել: Այնպես, ինչպես Բարաբբան չէր կարող երևակայել, որ կարող է ինքը ազատ արձակվել՝ արդարի փոխարեն: Զարմանալի են դեպքերն ու դեմքերը Ավետարանում:
Խաչը հանեցին Տէր Հիսուսին և նրա հագուստները բաժանեցին միմյանց վիճակ գցելով: Ավետարանիչը շատ մանրամասներին չի անդրադարձել, սակայն նշել է դատապարտության մասին գրությունը, որը գրվեց Պիղատոսի ձեռքով: Ո՛չ մի հանցանք չգտան Նրա վրա և հանցապարտության տախտակի վրա գրեցին ճշմարտությունը՝ Հրեաների Թագավոր: Հանցապարտության տախտակների վրա մեղադրյալի հանցանքի մասին գրելը ընդունված կարգ էր: Հանցագործին խաչելուց առաջ նրա վզից կախում էին տախտակը, որի վրա գրված էր օրինակ՝ խռովարար, կամ մարդասպան: Իսկ Հիսուսի պարագային չգտնվեց հիմնավոր մեղադրական պատճառ՝ որպեսզի գրեին նրա տախտակի վրա, և գրեցին այն, ինչ գրեցին:
Բազում վիրավորանքները, թուքը, հարվածները, անպատվությունը դեռ չէին հագեցրել քահանայապետների վրեժխնդրությունը, և Քրիստոսին խաչեցին երկու ավազակների մեջտեղում: Այստեղ էլ օրենքի գրքերը անգիր սովորածները չհասկացան, որ կատարվեց ևս մեկ մարգարեություն, թե՝ անօրենների հետ դատվեց: Ի՞նչ աստիճանի կարող են մարդիկ սատանային ծառա լինել, որ նույնիսկ խաչի վրա խաչված մարդուն ծաղրի ենթարկեն: Հայհոյում էին խաչյալ Հիսուսին և կրկնում էին քահանայապետների պատրաստած զրպարտությունը, թե՝ ,, Վա՛հ, որ քանդում էիր տաճարը և երեք օրում շինում, ազատիր ինքդ քեզ, և իջիր այդ խաչից,,: Այս խոսքերը ասողները այն վարձու մարդիկ էին, որոնք առաջնորդների հրահանգով զրպարտում էին Պիղատոսի առջև, իսկ հիմա ծաղրում են Հիսուսին խաչի վրա՝ հաճոյանալով քահանայապետներին: Դարձյալ հիշենք, որ այս մարդկանց համար էլ առաջնորդները եղան գայթակղության պատճառ, քանի որ նրանք կրկնում են քահանայապետի ասած սուտը:
Սիրելիներ, Գողգոթայի խաչելության վայրում էին նաև քահանայապետները և օրենքի ուսուցիչները: Զարմանք է պատճառում մեզ քահանայապետների ծաղրական պահանջը Հիսուսից՝ խաչի վրա, թե՝
,, Ուրիշներին ազատեց, ինքն իրեն չի՛ կարողանում ազատել: Այդ Քրիստոսը՝ իսրայելի թագավորը, թող այժմ իջնի խաչից, որպեսզի մենք հավատանք դրան; Իսկ ի՞նչ եք կարծում, եթե Քրիստոս խաչից իջներ, միթե նրանք պիտի հավատային: Իհարկե ո՛չ: Չէ՞ որ մինչ այդ պահը խաչից իջած էր, և Նրա բոլոր գործողությունները մինչև խաչ և նաև խաչի վրա մարգարեական էին և շարունակում են լինել: Եթե խաչից իջներ, այս անգամ էլ նախորդի նման կասեին, թե Բեէղզեբուղի հետ է համագործակցում, դրա համար կարողացավ իջնել:
Մինչդեռ իրենք հնազանդվեցին սատանային և աղաղակեցին,- Խա՛չը հանիր դրան: Հիմա ենթարկվելով սատանային, ասում են, թո՛ղ իջնի խաչից, որ հավատանք:
Մի՞թե կգտնվի մի մարդ, որը միամտորեն կհավատա, որ այս քահանայապետներն ու օրենքի ուսուցիչները որևէ կապ ունեն կրոնի, սուրբ Գրքերի և առհասարակ Աստծու հետ; Անհավատալի է: Միթե չէին հիշում այն խոսքերը, որ Տէր Հիսուս ասում էր բոլորին, թե՝ «Բայց Ասում եմ ձեզ, թե մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետև քո խոսքով պիտի դատվես և քո խոսքով պիտի արդարանաս»։ Մատթ.12:36
Նույնիսկ Քրիստոսի խաչելությունից ու Հարությունից հետո այս նույն քահանայապետները չեն հանգստացել վրեժի ծարավից, ու հետո էլ սկսել են առաքյալներին հալածել Քրիստոսի անունը տալու համար:
Ձեզ մի փոքրիկ հատված հիշեցնեմ Գործք Առաքելոցից, երբ Պողոս առաքյալին կանգնեցրին ատյանի առջև՝ մեղադրելու Քրիստոս քարոզելու համար: Անանիա քահանայապետը հրամայեց սպասավորներին, որ խփեն Պողոսի բերանին: Այն ժամանակ Պողոսը նրան ասաց. «Աստուած է քեզ խփելու, սպիտակեցրա՛ծ պատ. եւ դու նստում ես, որ օրէնքի համաձայն ինձ դատես, մինչդեռ հրամայում ես, որ օրէնքից դուրս ինձ հարուածեն»: Գործք.23:2
Սիրելիներ, նկատեցի՞ք, որ Պողոս առաքյալը նորից շեշտը դնում է նույն տեղում, ինչ որ Տէր Հիսուսն է մեղադրում կրոնական առաջնորդներին՝ իրենց օրենքը խախտելու անօրենության համար:
Այստեղ կարող ենք ևս մեկ անգամ հիշել վերևի հարցը, թե ինչո՞ւ պատահեց այսինչ բանը մեզ հետ:
Բոլոր անարդարությունները, ծաղրը, հեգնանքը թուքը, ապտակը, խաչելությունը, զրպարտությունը ի մտի ունենալով միայն կարող ենք հասկանալ, որ այս աստիճան զորավոր ներումը միայն կարող էր փրկության պատճառ դառնալ մարդկության համար, ուրիշ ոչինչ:
Բոլոր պատահածները կարծես թե քիչ էին, Նրան նախատում էին նաև նրա հետ խաչվածները…
Սիրելիներ, ինչո՞ւ է կարևոր, որ դուք Ավետարանը կարդալիս ճիշտ շեշտադրում անեք: Նայենք այսօրվա սերտողության մեջ որտեղ է շեշտը: Նայեք գլխավոր դերակատարներին այս արհավիրքի մեջ: Դրանք քահանայապետներն են, որոնց պատճառով ժողովուրդը դարձավ խաժամուժ ամբոխ և ենթարկվելով սխալ հրահանգի աղաղակեց,- Խա՛չը հանիր դրան; Մենք որպես հասարակության մեկական անդամ, պետք է իմանանք, թե ումից ի՞նչ պահանջենք: Մեր գլխավոր պահանջը հոգևոր է, քանի որ մենք Աստծուն ենք պատկանում: Եթե հանրությունը հոգևոր կրթություն չի ստանում, և Աստծուն ճանաչում է միայն անունով, այդպիսի հասարակությունը միշտ գոռալու է ,- խա՛չը հանիր դրան: Ուրեմն մենք հիշենք մեր ամենափորք համարվող մեղքը, զղջանք դրա համար, պահանջենք, որ մեզ կրթեն հոգևոր գիտելիքով և մեզ ուղղորդեն ապրելու ապաշխարության կյանքով, ո՛չ թե մեր կամքով:
Ավարտենք մեր սերտողությունը այստեղ և մնանք մտորումների մեջ՝ մեր այսօրվա մեր սովորած դասի շրջանակներում: Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը, արդարությունն ու համբերատարությունը ձեր մշտական ուղեկիցը լինեն՝ որպեսզի որոշումներ կայացնելիս զերծ մնաք հանիրավի մեղադրանքներից:
Հարց. Դուք կարծո՞ւմ եք, որ ի սկզբանե քահանայապետների մեղքով խեղվել է Աստծու խոսքը: