ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 15: 1-15
ՅԻՍՈՒՍ ՊԻՂԱՏՈՍԻՆ ԱՌՋԵՒ
1 Առտուն՝ շուտ մը քահանայապետները՝ ծերերուն ու դպիրներուն հետ եւ բոլոր ժողովն ալ խորհուրդ ըրին, Յիսուսը կապեցին ու տարին մատնեցին Պիղատոսին։ 2 Պիղատոս հարցուց անոր ու ըսաւ. «Դո՞ւն ես Հրէից թագաւորը»։ Անիկա ալ պատասխան տալով՝ ըսաւ անոր. «Դո՛ւն կ՚ըսես»։ 3 Եւ քահանայապետները շատ ամբաստանութիւն կ՚ընէին անոր վրայով։ 4 Պիղատոս նորէն հարցուց անոր՝ ըսելով. «Պատասխան մը չե՞ս տար. նայէ ո՞րչափ քեզի դէմ կը վկայեն»։ 5 Յիսուս տակաւին պատասխան մը չտուաւ, այնպէս որ Պիղատոս զարմացաւ։
ՅԻՍՈՒՍ ՄԱՀՈՒԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԱԾ
6 Տօնին ատենը կապուած մը կ՚արձակէր անոնց, ո՛րը որ իրենք ուզէին։ 7 Մէկը կար Բարաբբա անունով՝ իր ընկեր խռովարարներուն հետ կապուած, որոնք խռովութեան ատենը մարդասպանութիւն ըրեր էին։ 8 Ժողովուրդը աղաղակելով՝ սկսաւ խնդրել որ ընէ, ինչպէս միշտ կ՚ընէր իրենց։ 9 Եւ Պիղատոս անոնց դարձաւ ու ըսաւ. «Կ՚ուզէ՞ք որ Հրէից թագաւորը արձակեմ ձեզի»։ 10 Քանզի գիտէր թէ քահանայապետները նախանձի համար մատներ էին զանիկա։ 11Քահանայապետները ժողովուրդը գրգռեցին որ խնդրեն Բարաբբան արձակել։ 12 Նորէն Պիղատոս հարցուց ու ըսաւ անոնց. «Հապա Հրէից թագաւորը ի՞նչ կ՚ուզէք որ ընեմ»։ 13 Անոնք աղաղակեցին. «Խա՛չը հանէ ատիկա»։ 14 Պիղատոս ըսաւ անոնց. «Բայց ի՞նչ չար գործ ըրած է ատիկա»։ Անոնք ա՛լ աւելի կ՚աղաղակէին ու կ՚ըսէին. «Խա՛չը հանէ ատիկա»։ 15 Պիղատոս ժողովուրդը գոհացնել ուզելով՝ Բարաբբան արձակեց անոնց ու Յիսուսը ծեծելով՝ անոնց ձեռքը տուաւ որպէս զի խաչուի։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Չկա՛ ավելի օգտակար գործ, քան վաղ առավոտյան բացել Ավետարանը և կարդալ մի գլուխ և ողջ օրը խորհել կարդացածի մասին, և երեկոյան փառք տալ Աստծուն՝ սովորածի համար: Կարդացինք այսօրվա սերտողության թեման, և այսօրվա մտածելու և խորհելու նյութն էլ ունենք արդեն: Հիմա միասին վերլուծենք Քահանայապետի բակում տեղի ունեցող լարված իրավիճակը: Մի կողմից քահանա առաջնորդները հարցաքննում և ամբաստանում են Հիսուս Քրիստոսին, մյուս կողմից հարցաքննում են Պետրոսին, որպեսզի նրան էլ բռնեն, սակայն Պետրոսը վախից ուրանում է, թե՝ չի ճանաչում Հիսուսին: Այդ լարված մթնոլորտում անցավ գիշերը քահանայապետի բակում, և վաղ առավոտյան հոգևոր խորհուրդը որոշում կայացրեց կապյալ Հիսուսին հանձնել Պիղատոսին: Պիղատոսը լպրձուն քաղաքագետ էր և ուզում էր բոլորին դուր գալ: Քանի որ ինքը թագավորի տեղակալն էր, ծաղրելով հարցրեց Հիսուսին,- Դո՞ւ ես հրեաների թագավորը: Տէր Հիսուս հակիրճ պատասխանում է, թե՝ ,,Դու ասում ես,,:
Ինչո՞ւ էր Պիղատոսին այս հարցը ամենաշատը հետաքրքրում: Ինչպես նշեցի նա տեղակալն էր թագավորի: Իսկ եթե Հիսուս Քրիստոս իրեն հռչակեր թագավոր, և բարձրաձայներ այդ մասին, ուրեմն նա վտանգ էր ներկայացնում այդ թագավորությանը, որի պահապանը ինքն էր: Ինչպես տեսնում ենք, թե՛ քաղաքական, թե՛ կրոնական այրերը կառչած են իրենց պաշտոններից՝ նույնիսկ անմեղ արյան գնով:
Այնուհետև Պիղատոսի ո՛չ մի հարցին չպատասխանեց Տէր Հիսուս, այնպես, որ նա զարմացավ, որ ինքնապաշտպանության այսպիսի հնարավորությունը անտեսում է Հիսուս՝ Իր լռությամբ: Այդ առիթը օգտագործելով քահանայապետները սկսեցին առավել նորանոր զրպարտություններ անել Նրա համար Պիղատոսի և ժողովրդի առջև:
Քանի որ զատկական մեծ տոն էր Երուսաղեմում, և հրեական օրենքով նշանավոր տոներին համաներում էր տեղի ունենում, և մի կալանավոր ազատ էին արձակում, իհարկե ո՛ւմ անունը որ տար ժողովուրդը:
Տոնին կալանավոր ազատ արձակելու սովորությունը ավելի շատ հրեական է, քան հռոմեական, որովհետև հրեական աղբյուրները պատմում են, որ հրեա ժողովուրդը ազատագրվել է գերությունից այդ տոնի առթիվ, Իսահակը ազատվել է զոհաբերվելուց՝ այդ տոնի առթիվ: Դրա համար այդ օրենքը գործում էր մինչ այդ պահը: Իսկ բանտարկյալների մեջ կար Բարաբբա անունով մի հանցագործ, որը մեղադրվել էր խռովությունների ժամանակ՝ սպանության մեջ: Երբ Պիղատոսը հեգնանքով հարցրեց ժողովրդի բազմությունը, թե արդյո՞ք կամենում են, որ ազատ արձակի հրեաների թագավորին, ամբոխը աղաղակեց և պահանջեց Բարաբբայի արձակումը:
Նույնիսկ Պիղատոսը գիտեր, որ քահանայապետները Հիսուսին իր առջև են բերել նախանձից ու ատելությունից դրդված, և կամեցավ Հիսուսին ազատ արձակել տոնի առթիվ: Ինչո՞ւ քահանայապետները նախանձեցին Քրիստոսին: Չէ որ տաճարի իշխանությունը նրա՛նց ձեռքում էր: Ժողովրդի վրա մեծ ազդեցություն ունեին, Բիզնեսներ ունեին, և ամեն ինչով ապահովված էին: Նախանձեցին, որովհետև Քրիստոս մեծ ժողովրդականություն էր վայելում իր իմաստության շնորհիվ, մարդկանց հանդեպ անկեղծ սեր ուներ, և ջանում էր ժողովրդի հոգևոր աչքերը բացել: Ահա սրանք էին նախանձի և ատելության հիմնական պատճառները, քանի որ Հիսուսի ներկայությամբ իրենց հեղինակությունը օրեցօր նվազում էր, և Տէր Հիսուս բացահայտում էր իրենց կեղծավորությունը և անարժանությունը Մովսեսի աթոռի նկատմամբ:
Պիղատոսը տեսավ, որ ամբոխին համոզողները դարձյալ քահանայապետներն են և նրանց ցուցումով են բղավում Բարաբբայի ազատ արձակել: Նախանձի երևույթն էլ կարելի է բնութագրել որպես պղծություն՝ որը տեղ էր գտել այնտե՛ղ, ուր չպետք է լիներ: Նախանձն ու ատելությունը ամբողջությամբ իրենց իշխանության տակ են պահում հոգևոր առաջնորդներին; Սրանից ավելի մեծ աղետ չի կարող լինել, երբ Աստծու տան պատասխանատուները մահապատժի ենթարկեն Աստծու Որդուն. Այս նախանձի աղետին հետևեց սպանությունը: Ներկաների մի մասը անտեղյակ էին իրականությունից, քանի որ տոնի առիթով են Երուսաղեմում գտնվում և շատ մանրամասներ չէին տիրապետում: Մի մասը քահանայապետի ցուցումով բղավողներ են՝ նման այն մարդկանց, որոնք դրամ վերցնելով գովում, կամ պաշտպանում են այս կամ այն կուսակցության առաջնորդին: Մի մասն էլ անտարբեր են եղածի նկատմամբ՝ մեր ժողովրդի մեծամասնության նման: Պիղատոսը քաղաքական գործիչ է, և նժարի ծանր կողմին է հետևում: Հիսուս Քրիստոս փաստորեն գիտեր, որ խաչվում է նաև ա՛յս մարդկանց համար:
Կանգնած է ատյանում Գերագույն Ճշմարտությունը, և նրա առջև տարբեր դերեր են խաղում կեղծիքը, սուտը, զրպարտությունը, աչառությունը, ծաղրը, նենգությունը, ատելությունն ու նախանձը:
Ի՞նչ էր զգում Հիսուս Քրիստոս այդ պահին: Նրա աչքի առջև էր ապականված աշխարհը՝ Աստծուց անտեղյակ: Նույնն էր, ինչ որ Նոյի օրոք, նույնն էր ինչ որ բաբելոնում:
Պիղատոսը փորձում է իր հարցը այլ կերպ ձևակերպել, գուցե դրանով շարժի քահանայապետի գութը, և ասում է,- Իսկ ի՞նչ եք ուզում, որ անեմ հրեաների թագավորին: Ամբոխը աղաղակեց,- Խա՛չը հանիր դրան; Ապշե՛ց Պիղատոսը: - Ի՞նչ չար բան է արել,- հարցրեց նա: Իսկ նրանք անլռելի ձայնով բղավում են,- Խա՛չը հանիր դրան: Պիղատոսը ընտրեց վատագույն տարբերակը՝ գոհացնել ամբոխին, և ազատ արձակեց Բարաբբային; Իսկ Հիսուսին ծեծել տալով նրանց ձեռքը հանձնեց, որպեսզի խաչը հանեն Նրան; Երբ ամբոխը կամակատար է, արհավիրքն անխուսափելի է:
Սիրելիներ, եթե ուշադիր եղաք, Մարկոս ավետարանիչը այս իրադարձությունների ժամանակ չի հիշատակել փարիսեցիների անունը, քանի որ նրանք չեն մասնակցել այս անարդար դատավարությանը:
Նրանք գիտեին, որ խախտվել է օրենքը և և Հիսուս Քրիստոս ողջ գիշեր մնացել է քահանայապետի բակում, և որևէ հիմնավոր մեղադրանք չի գտնվել նրա վրա: Իսկ օրենքը պահանջում էր այդ դեպքում առավոտյան ազատ արձակել: Սակայն լուսադեմին Նրան տարան Պիղատոսի մոտ: Փարիսեցիները գիտեին այդ օրենքի մասին և անմասն մնացին արդար արյան զրպարտությունից: Մարկոսը նույնպես գիտեր այդ օրենքի մասին, դրա համար չի ներկայացնում փարիսեցիներին: Փաստորեն Ի սկզբանե Հիսուսի սպանության ծրագրի գլխավոր հերոսները քահանայապետներն են և անդրդվելի մնացին մինչև վերջ:
Սիրելիներ, հրեա մեկնաբանները այս հատվածը մեկնաբանելիս, անկեղծորեն ասում են, որ իրենց պատմության մեծագույն աղետները պատահել են հենց այս պատճառով, որ իրենց քահանայապետները զրպարտությամբ խաչել են Աստծու Որդուն: Սակայն իրենց մեղքը մի փոքր մեղմացնելու համար, ասում են, որ Պիղատոսի ատյանի բակում, որտեղ Հիսուսին մահվան վճիռ կայացրին, շատ փոքր էր և հազիվ թե մի քառասուն կամ հիսուն մարդ տեղավորվեր, որոնք գոռում էին խաչը հանիր: Այդ պատճառով պետք չէ ամբողջ ժողովրդին մեղադրել այդ հարցում;
Հասկանալի է նրանց անհանգստությունը այդ մասին, որովհետև ո՛չ մի ազգ չի կամենա իր վրա կրել աստվածասպան պիտակը: Բայց ի՞նչ նշանակություն ունի թե քանի՞ մարդ էր բղավում այդ բակում, երբ ձուկը գլխից է հոտած: Այդ շարժման առաջնորդները քահանայապետներն էին, որոնք դրդում էին ամբոխին՝ աղաղակել՝ թե, խա՛չը հանիր դրան: Քահանայապետները կարգվել էին ժողովրդի վրա, որպեսզի նրանց հոգևոր կարիքները հոգային: Հեսուի գիրքն ասում է, որ Ղևիի ցեղը ընտրվեց որպես քահանայական ցեղ և Աստված նրանց ժառանգություն չտվեց խոստացված երկրում, քանի որ նրանց ժառանգությունը Աստված էր:
Հիմա Աստծու ժառանգորդները սպանում են Աստծուն: Ինչո՞վ կարելի է արդարացնել այս իրականությունը: Բոլոր դատաստանները Աստծուն են, ուղղակի մենք վերլուծում ենք եղած մեկնաբանություններ:
Մենք էլ մեր հերթին մեծ մեղքի բաժին ունենք այսօր Քրիստոսին դավանելու և սատանային ծառայելու հարցում; Մենք այն արդար ազգը չենք, որ հրեաներին մեղադրենք: Նայենք մեր տաճարներին, մեր քահանայապետներին, մեր ժողովրդի հոգևոր կյանքին և լուռ մնանք Աստծու առջև...
Սիրելիներ, այս և հաջորդ գլուխները շատ ծանր գլուխներ են խորհելու և վերլուծելու համար: Բայց իրականությունը պետք է լուսաբանվի, որպեսզի մարդիկ տեսնեն, թե իրենց վտանգը որտեղից է գալիս: Քահանայապետը զրպարտեց Հիսուսին՝ Պիղատոսի առջև , ասելով, խռովություն է գցում ժողովրդի մեջ, չնայած Պիղատոսը Նրա մեջ քաղաքական խռովարար չտեսավ, և կամեցավ ազատ արձակել:
Իսկ իրական խռովարարը, որ Բարաբբան էր, ազատ արձակվեց քահանայապետների դրդումով: Երբ իշխանությունը անազնիվ ու անաստված մարդկանց ձեռքում է, ճշմարտությունը թաքցվելու է անիրավությամբ: Առաջին դարում ճշմարտությունը թաքցրին և Կենդանի Քրիստոսին խաչը հանեցին, իսկ 21 րդ դարում խեղում են Քրիստոսի ճշմարիտ վարդապետությունը և ժողովրդին են խաչը հանում, որովհետև իշխանության գլուխ դարձյալ անհավատ ու նյութապաշտ առաջնորդներ են բազմած:
Մարկոս ավետարանիչը ուշադրություն է դարձնում մարդկանց դերերի վրա, թե ո՛վ, ի՛նչ տեղ է զբաղեցնում այս խառնաշփոթի մեջ: Հիսուս ամբաստանված է գերագույն հոգևոր խորհրդի կողմից և կագնած է քաղաքական իշխանության առջև՝ մեղադրանքի: Լուռ է: Ինչո՞ւ չի պատասխանում ամբաստանություններին, կամ Պիղատոսի հարցերին: Չի՛ պատասխանում, որովհետև գիտեր, որ մահվան վճիռը կայացված է, և ոչ մի պատասխան այլևս վավեր չէր համարվելու այդ պահին: Նախանձի առավել փայլուն օրինակ մենք չենք հանդիպել մեր կյանքի տարիներին: Զուր չէ, որ նախանձը տեղ է գտել մահացու մեղքերի երկրորդ շարքում: Տեսեք, սիրելիներ, Պիղատոսը կարող էր այլ որոշում կայացնել, քանի որ Հռոմի իշխանավոր էր: Սակայն նա որոշում կայացրեց ժողովրդին դուր գալու համար, ո՛չ թե արդարությունը պաշտպանելու համար: Այսինքն կամազուրկ ժողովրդի ձեռքով գործել տվեցին արհավիրք: Սա մեզ բավական ծանոթ երևույթ է, քանի որ, ով կամենում է իր կեղտոտ ծրագիրը առաջ տանել, նախ փնտրում է ժողովրդի բարեհաճությունը, հետո հարցը լուծում է իբրև ժողովրդի համաձայնությամբ, որպեսզի ժողովուրդը չընդվզի: Բայց ինչպես տեսնում ենք դարեր շարունակ ժողովուրդը օգտագործվում է առաջնորդների կողմից, և չի զգում վտանգը:
Հաճոյացավ Պիղատոսը ժողովրդին և որոշում կայացրեց Արդարին ծեծել և խաչը հանել: Դրդեցին քահանայապետները ժողովրդին և նրանք խռովարարին ընտրեցին Խաղաղարարի փոխարեն;
Պաշտոններ կան որոնք չի կարելի փողով գնել, որովհետև կաշառքով գնված պաշտոնում հայտնված անձը չի կարող ազնիվ լինել, որովհետև նախ՝ մտածում է իր կաշառք տված գումարը վերականգնելու մասին: Իսկ դա լինում է պարզ ժողովրդին կեղեքելու հաշվին; Մովսեսի օրենքի համաձայն պետք է ընտրվեր մե՛կ քահանայապետ, ծառայեր Աստծուն և ժողովրդին մինչև իր կյանքի ավարտը:
Նույնիսկ օրվա քահանայապետի մահվան առիթով նույնպես համաներում է շնորհվել կալանավորներին; Այսինքն քահանայապետը մե՛կն է եղել, հարգվա՛ծ է եղել, ծառայասե՛ր է եղել, արժանավո՛ր է եղել և ծառայել է Աստծուն՝ ծառայելով ժողովրդին: Իսկ Քրիստոսի օրերին այդպես չէր: Հռոմեական իշխանությունը վաճառում էր այդ պաշտոնը, դրա համար Ավետարաններում քահանայապետի պտոնի մասին հոգնակիով է խոսվում՝ ասելով, քահանայապետներ: Հետևաբար Մովսեսի աթոռին կաշառքով նստած քահանայապետները այլ որոշում չէին կարող կայացնել Աստծու Որդու համար, և այլ բան չէին կարող անել ժողովրդին, քան անտարբերության մատնել: Պաշտոններ կան, որոնց կաշառքով նստելու պարագային ժողովուրդը սրի է քաշվում նախ՝ հոգևոր իմաստով, հետո բարոյական իմաստով, ապա ֆիզիկական իմաստով;
Ուսուցիչը, բժիշկը և հոգևորականը կաշառքով ընտրվելու դեպքում այդ երկրի ժողովուրդը հոգեպես մահացած ժողովուրդ է:
Սիրելիներ մենք սերտեցինք 15 րդ գլխի առաջին մասը, և մեր աչքի առջև տեսանք աշխարհի մեծագույն անարդարությունը: Թող այսօրվա մեր դասը լինի արդարության մասին: Այս օրինակը թող չհեռանա մեր աչքի առջևից՝ մեր կյանքի բոլոր օրերին, որովհետև երբ քրիստոնյան մոռանա, թե ինչպես վարվեցին Արդար Քրիստոսի հետ, չի կարող դիմանալ իր հետ պատահած որևէ դժվարության: եթե քրիստոնյան մոռանա, թե ինչպես վարվեցին Քրիստոսի հետ, և արդյունքում ի՛նչ եղավ, ապա ինքը նույնպես անարդար կվարվի ամենահարմար առիթով՝ օգտագործելով իր լծակները;:
Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը, Իր մեծագույն արդարության հետ ողողի ձեր կյանքը, որպեսզի դուք էլ իմանաք ձեր լռելու ժամանակը և խոսելու ժամանակը, խաչվելու ժամանակը և հարություն առնելու ժամանակը:
Հարց. Որո՞նք են մահացու մեղքերը, թվարկե՛ք: