ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 14: 53- 72
ՅԻՍՈՒՍ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԻՆ ԵՒ ԺՈՂՈՎԻՆ ԱՌՋԵՒ
53 Տարին Յիսուսը քահանայապետին, անոր քով ժողվուեցան բոլոր քահանայապետները եւ ծերերը ու դպիրները։ 54 Պետրոս հեռուէն անոր ետեւէն գնաց մինչեւ ներսը, քահանայապետին գաւիթը սպասաւորներուն հետ նստաւ ու կրակին քով կը տաքնար։ 55 Քահանայապետներն ու բոլոր ժողովը Յիսուսին դէմ վկայութիւն կը փնտռէին, որպէս զի զանիկա մեռցնեն եւ չէին գտներ. 56 Վասն զի շատեր սուտ վկայութիւն կ՚ընէին անոր դէմ, բայց վկայութիւնները իրարու համաձայն չէին։ 57 Ոմանք ելան սուտ վկայութիւն կ՚ընէին անոր դէմ ու կ՚ըսէին. 58 «Մենք լսեցինք ատկէ, որ կ՚ըսէր, ‘Ես այդ ձեռագործ տաճարը պիտի քակեմ եւ երեք օրուան մէջ ուրիշ մը պիտի շինեմ առանց ձեռագործի’»։ 59 Բայց այնպէս ալ իրենց վկայութիւնը համաձայն չէր։ 60 Եւ քահանայապետը մէջտեղը ոտքի ելլելով՝ հարցուց Յիսուսին ու ըսաւ. «Պատասխան մը չե՞ս տար. ի՞նչ կը վկայեն ասոնք քեզի դէմ»։ 61 Բայց ան լուռ կը կենար եւ պատասխան մը չէր տար։ Քահանայապետը նորէն կը հարցնէր անոր ու կ՚ըսէր. «Դո՞ւն ես Քրիստոսը, օրհնեալ Աստուծոյ Որդին»։ 62 Յիսուս ըսաւ. «Ես եմ. ու պիտի տեսնէք Որդին մարդոյ Զօրութեան աջ կողմը նստած ու երկնքի ամպերովը եկած»։ 63 Քահանայապետը իր հանդերձները պատռեց ու ըսաւ. «Ալ ի՞նչ պէտք են մեզի վկաներ։ 64 Ատոր հայհոյութիւնը լսեցիք. ձեզի ի՞նչպէս կ՚երեւնայ»։ Ամէնքը դատապարտեցին զանիկա՝ թէ մահապարտ է։ 65 Ոմանք սկսան թքնել ու անոր երեսը ծածկել եւ բռունցքով ծեծել ու ըսել. «Մարգարէացի՛ր»։ Սպասաւորները ապտակ կը զարնէին անոր։
ՊԵՏՐՈՍ ՅԻՍՈՒՍԸ Կ՚ՈՒՐԱՆԱՅ
66 Պետրոս վարը գաւիթն էր։ Քահանայապետին աղախիններէն մէկը եկաւ 67 Ու տեսնելով Պետրոսը որ կը տաքնար՝ նայեցաւ անոր ու ըսաւ. «Դո՛ւն ալ Յիսուս Նազովրեցիին հետ էիր»։ 68 Բայց անիկա ուրացաւ ու ըսաւ. «Չեմ գիտեր եւ չեմ հասկնար թէ դուն ի՞նչ կը խօսիս»։ Երբ դուրս ելաւ գաւիթին դրանը առջեւ, հաւը խօսեցաւ։ 69 Եւ աղախինը նորէն տեսաւ զանիկա ու սկսաւ շուրջը կայնողներուն ըսել. «Ա՛ս ալ անոնցմէ է»։ 70 Եւ անիկա նորէն ուրացաւ։ Ու քիչ մը ետքը՝ նորէն հոն կայնողները ըսին Պետրոսին. «Արդարեւ դուն անոնցմէ ես, վասն զի Գալիլիացի ես եւ քու խօսուածքդ ալ նման է անոնց»։ 71 Բայց անիկա սկսաւ անիծել ու երդում ընել՝ ըսելով. «Ես այն մարդը չեմ ճանչնար, որուն համար դուք կ՚ըսէք»։ 72 Իսկոյն երկրորդ անգամ հաւը խօսեցաւ։ Պետրոս միտքը բերաւ այն խօսքը, որ Յիսուս իրեն ըսեր էր. «Դեռ հաւը երկու անգամ չխօսած՝ դուն երեք անգամ պիտի ուրանաս զիս»։ Ու սկսաւ լալ։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի բարեպաշտ հավատացյալներ և Աստծու խոսքի մշտական ունկնդիրներ: Շարունակենք մեր սերտողությունը երեկվա ընդհատված մասից, երբ աշակերտները լքեցին Վարդապետին՝ թողնելով Նրան՝ մահակներով ու սրերով զինված հակառակորդների մոտ: Այսօրվա սերտողության մեջ ավետարանիչը պատմում է, որ Տէր Հիսուս արդեն ատյանի առջև է կանգնած որպես մեղապարտ: Հավաքվել են Հիսուսի ձերբակալության գլխավոր դերակատարները՝ Կայափա քահանայապետի մոտ և հարցաքննում են Հիսուսին; Աշակերտները վախից փախել էին, սակայն Պետրոսը հեռու չէր գնացել և հեռվից հետևում էր իրադարձությունների զարգացման ընթացքին: Մի կերպ կարողացել էր ամբոխի հետ միասին մտնել քահանայապետի գավիթը, և կրակի մոտ նստած տաքանում էր: Ամբողջ ատյանը վկայություն էին փնտրում, որպեսզի ամբաստանեն և սպանեն Հիսուսին: Չէին կարողանում գտնել, քանի որ սուտ վկայությունները չեն կարող միանման լինել: Մեկը մի բան է ասում, մյուսը մեկ այլ, քանի որ հորինված ստեր են;
Իսկ այն վկայությունը, որ իբրև Քրիստոս ասել է, թե կքանդեմ այս ձեռակերտ տաճարը, և կշինեմ մեկ ուրիշը՝ անձեռակերտ: Այս վկայությունը նախ՝ կեղծ էր, որովհետև Հիսուս այդպես չէ ասել, այլ իր մարմնի տաճարի մասին էր ասել, որ սպանեք, երրորդ օրը հարություն կառնի: Սակայն եթե նույնիսկ ճիշտ լիներ, որևէ վտանգ չէր ներկայացնում, քանի որ մարդկային պատկերացմամբ անկարելի էր, որ մի մարդ կարողանա այդ հսկայածավալ տաճարը քանդել: Հետևաբար այս վկայությունը անհիմն համարվեց: Այդ ժամանակ քահանայապետը մեջտեղ եկավ և Հիսուսին դիմեց հարցով, ասելով,- Ոչինչ չե՞ս պատասխանում, այդ ինչե՛ր են վկայում քո մասին: իսկ Հիսուս լուռ էր և չէր պատասխանում ոչինչ: Սուտ վկայությունների և կեղծ դատական ատյանի առջև լավագույն պատասխանը լռելն է;
Դարձյալ քահանայապետը խախտեց լռությունը և հարցրեց,- Դո՞ւ ես Քրիստոսը՝ օրհնեալ Աստծու Որդին: ,,Դո՛ւ ասացիր թե ե՛ս եմ, պատասխանեց Քրիստոս, բայց պիտի տեսնեք մարդու որդուն՝ Ամենազոր Աստծու աջ կողմում նստած, և երկնքի ամպերի վրայով եկած: Սիրելիներ, այստեղ Քրիստոս դավանեց այն, ինչը որ երկար ժամանակ քահանայապետները սպասում էին լսել Հիսուսից: Հիսուս դավանեց, որ Ինքն է օրհնեալ Աստծու Որդին, և նրանք պիտի տեսնեն Իրեն՝ նստած Աստծու աջ կողմում: Ուզում էին լսել այս խոսքերը երեք տարի շարունակ, հիմա լսեցին և քահանայապետը պատռեց իր պատմուճանը՝ լսածը հայհոյություն համարելով: Ուրեմն նրանց հետաքրքիր չէր ճշմարտությունը: Նրանց միայն պատճառ էր պետք Հիսուսին սպանելու իրենց նախանձի և վրեժխնդրության համար:
Այս երևույթը անծանոթ չէ նաև մեր օրերում: Երբ բացահայտվում է մեկի կեղծ նկարագիրը, այդ մարդը սկսում է հետապնդել բացահայտողին և իր իշխանությունը գործադրում է հնարավորինս ցավ պատճառել և վնաս հասցնել բացահայտողին:
Երեք տարի շարունակ այս նույն հարցը տվեցին Քրիստոսին և պատասխանը ստացան ամենատարբեր եղանակներով, մարգարեությունների կատարման միջոցով, հրաշքների և բժշկությունների միջոցով, և հիմա նորից նույն հարցն է տալիս: Քահանայապետը պատռեց իր պատմուճանը և իբրև թե մի հիմնավոր վկայություն լսեց, և ասաց,- Էլ ի՞նչ պետք են մեզ վկաներ: Ամենքդ լսեցիք դրա բերանից հայհոյությունը: Ձեզ ինչպե՞ս է թվում: Տեսեք, թե ի՞նչ հարց է տալիս ներկաներին, որոնց ինքն է հավաքել ատյանում՝ կեղծ վկայություն տալու համար: Բնականաբար նրանք միաբերան պետք է ասեին՝ այո հայհոյություն է Քրիստոսի ասածը: Այդպես էլ եղավ, քանի որ բոլորը դատապարտեցին Նրան, թե՝ մահապարտ է;
Սիրելիներ, եթե աշխարհի բոլոր անարդարությունները միասին վերցնենք, այս մեկը իր ծանրությամբ կկշռի բոլոր անարդարություններին: Ինչպես որ ժողովուրդն է ասում,- ցանկացած մարդու եթե մեղադրանք առաջադրեն, մտքում մի պահ կհիշի մի մեղք, որի համար կարող էին իրեն մեղադրել: Սակայն Հիսուս Քրիստոսի պարագան բոլորովին այլ է, Նա անմասն է մեղքից ընդհանրապես, և այս պահին կանգնած է մեղավորների ատյանի առջև՝ դատապարտվելու: Երբ Գեթսեմանի պարտեզում զինված մարդիկ եկան Նրան բռնելու, նրանց զգուշացրեց, որ այս բանը եղավ, որպեսզի կատարվի մարգարեների գրվածքները, թե՝ պիտի հարվածեմ հովվին և ոչխարները պիտի ցրվեն: Սակայն օրենքի ուսուցիչները այնքան էին զանց արել մարգարեությունները, որ նույնիսկ հիշեցնելուց հետո չէին տեսնում իրենց մոլորությունը:
Նրանք այնքան էին տարված Հիսուսին սպանելու մոլուցքով, որ նույնիսկ անտեսեցին կրոնական ատյանի օրենքը, որով դատապարտյալի մահվան որոշումը չի կարելի նույն օր կայացնել, այլ պետք է անցնի որոշ ժամանակ և հանգամանքները մանրամասն ուսումնասիրվի և հետո միայն կայացվի մահապատժի որոշումը: Այս հոգևոր առաջնորդները այնքան կուրացած էին իրենց իշխանությունը պահելու փառքով, որ նաև մոռացան, որ առջևում մեծ տոնն է, և իրենք որոշել էին տոնից հետո կատարեն իրենց չար գործը:
Սակայն Աստծու նախախնամությամբ ամեն բան կատարվում է ժամանակին և նպատակային; Քահանայապետի կեղծ վկայությունից հետո ոմանք սկսեցին թքել Հիսուսի երեսին, շորով գլուխը ծածկել, և բռունցքով հարվածել գլխին և ասել,- մարգարեացի՛ր մեզ, Քրիստոսդ, թե ո՞վ էր որ քեզ խփեց: Դաժան ծաղրի պահին նույնիս հրաշք են փնտրում Հիսուսի մեջ:
Քահանայապետի սպասավորները ապտակում էին Նրան: Ի միջիայլոց թքելու վատ սովորությունը հրեաների մոտ պահպանվել է մինչև մեր օրերը: Քրիստոնեական ուխտագնացությունների ժամանակ հոգևորականները խուսափում են փողոցում քայլերիս ազատ կրեն իրենց լանջախաչը, որովհետև ծայրահեղական հրեաներ կան, որոնք խաչ տեսնելիս թքում են խաչի վրա, դրանով արտահայտելով իրենց ատելությունն ու ծայրահեղականությունը:
Ուղղափառ եկեղեցու ավանդությունն ասում է, որ այդ հարվածող սպասավորների մեջ էր նաև քահանայապետի այն ծառան, որի ականջը Պետրոսը սրով կտրեց Գեթսեմանիի պարտեզում, իսկ Քրիստոս բժշկեց նրա կտրված ականջը: Բոլորն են ծառայում քահանայապետների քմահաճույքներին:
Միայն Աստված կարող է հանդուրժել այսպիսի անարգանք ու ծաղր, վիրավորանք ու ֆիզիկական ցավ, զրպարտություն և կեղծիք միաժամանակ: Երեք տարի շարունակ Հիսուս Քրիստոս բացահայտեց կրոնական առաջնորդների կեղծ բարեպաշտությունը և նրանք կարծեցյալ առաջիններից դարձան իրական վերջիններ՝ ժողովրդի աչքի առջև: Հիմա հերթը իրենցն է վրեժխնդիր լինելու ճշմարտությունը բացահայտելու համար: Սակայն եթե մեկը կանչված է առաջին լինելու, թեպետ հարկադրաբար նրան դարձնեն վերջին՝ թքելով, ապտակելով, զրպարտելով և այլն, Նա չի դառնա վերջին՝ իր արտաքին նվաստացումներով, քանի որ նա հոգո՛վ է առաջին:
Սիրելիներ, հիմա պատկերացրեք, որ ի մի է հավաքվել է հոգևոր էլիտան, և նրանց մեջ չկա մի ազնիվ մարդ, որի խիղճը իրեն դատապարտի այս արարքի համար: Սա այն էլիտան է, որին հանձնված է ժողովրդի հոգևոր կրթությունն ու դաստիարակությունը, սուրբ գրքերի լուսաբանումն ու տարածումը: Պատկերացրեք, որ արդարությունը ընկել է ավազակախմբի ձեռքը և նրա հետ վարվում են այնպես, ինչպես որ կամենում են: Օրհնեալ Աստծուն ճանաչող հոգևոր դասը այսպես է վարվում այգու տիրոջ Որդու հետ: Այսքան կեղծ վկայողների մեջ նույնիսկ չգտնվեց բավարար մի կեղծ վկայություն, որի հիման վրա կարողանային մահվան դատապարտել Հիսուսին:
Այս տողերը կարդալիս ամեն մարդ իր մտքում կարող է մտածել,- եթե այսօ՛ր լինի աշխարհի վախճանը, արժա՛ն է և իրա՛վ, քանի որ մարդկությունը վաստակել է իր համապատասխան պատիժը:
Բայց Աստված համբերեց թուքը՝ իր սուրբ երեսին, և համբերում է նաև հիմա, միայն թե ամեն մարդ զղջա և փրկվի:
Սիրելիներ սա այն դեպքն է, երբ գերագույն հոգևոր խորհուրդը մահապատժի դատավճիռը նախապես կայացրել է, առանց կարծեցյալ մեղադրյալին լսելու, և այժմ հարմար մի մեղադրանք են հորինում, կամ փնտրում, որպեսզի արդարացնեն իրենց կայացրած որոշումը:
Իսկ Տէր Հիսուս իր պատասխանով օգնեց նրանց արագ կայացնել մահվան դատավճիռը, ասելով՝ այ՛ո ես եմ օրհնեալ Աստծու Որդին: Փաստորեն Հիսուս Քրիստոս մահվան դատապարտվեց ո՛չ թե որևէ սխալ արարքի կամ գործերի համար, այլ՝ որովհետև Աստծու որդին էր:
Սիրելիներ Երուսաղեմի տաճարը, որ միակն է այդ ժամանակ, գտնվում էր այսպիսի գերագույն հոգևոր խորհրդի ձեռքին, իսկ նրանց գործերից կարելի է կռահել տվյալ ժամանակի մարդկանց հոգևոր մակարդակի մասին; Աստված թույլ տվեց, որ 70թ կործանվի աշխարհի միակ խոշոր տաճարը, որի առաջնորդները մահվան դատապարտեցին Իր Միածին Որդուն: Այնուհետև՝ Քրիստոսից հետո աշխարհում սկսեցին շատանալ տաճարներն ու եկեղեցիները, որոնց հիմնադիրները եղան առաքյալները և հաջորդաբար փոխանցեցին հետագա սերունդներին: Հիմա էլ պետք զգույշ լինել Աստծու տունը ավազակի որջ չսարքելու համար:
Այսքանը հոգևոր առաջնորդների մասին, իսկ հիմա տեսնենք, թե ի՛նչ վիճակում է Պետրոսը: Սկզբից մենք կարդացինք, որ Պետրոսը եկել և տեղավորվել էր քահանայապետի գավթի կրակի մոտ և ակնապիշ հետևում էր, թե ինչպես են վարվում իր Վարդապետի հետ, որից ինքը մեծ ակնկալիք ուներ:
Վախեցավ Պետրոսը, այս բոլորը տեսնելուց հետո; Եթե հիշում եք, մենք շատ մանրամասն խոսել ենք Պետրոսի հոգեվիճակի մասին այս գավթում նստած ժամանակ, երբ կանայք նրան հայտնում են, որ ճանաչում են իրեն, որ ինքն էլ Հիսուսի հետ է եղել: Այս գավթում նստած ժամանակ Պետրոսը երեք անգամ հրաժարվեց, թե ճանաչում է Հիսուսին: Բայց նրա բառապաշարից հասկացել էին, որ ինքը Գալիլիայից է: Երրորդ անգամ նույնիսկ նզովք արեց և երդվեց, որ չի ճանաչում Հիսուսին: Աքաղաղը երկու անգամ հիշեցրեց Պետրոսին, որ ուրացավ Տիրոջը երեք անգամ: Պետրոսը հիշեց վարդապետի խոսքերը իր ուրանալու վերաբերյալ: Ավետարանն ասում է,- Եվ սկսեց լալ: Պետրոսի այս մեծ անկումը պատճառ դարձավ նրա հետագա մեծ վերելքին: Սիրելիներ, աշխարհում բոլոր ճանապարհները կարող են մի օր փակվել, բոլոր դռները կարող են փակվել, բայց հավատացեք, որ զղջման և արտասուքի դռները միշտ բաց են լինելու մինչև աշխարհի վախճանը: Պետրոսը երկու պատճառով կարող էր դառնապես լացել: Նախ՝ որ Տիրոջն էր ուրացել: Այն դեպքում, երբ անձամբ էր լսել Վարդապետից, որ ով ինձ ուրանա մարդկանց առաջ, ես էլ իրեն կուրանամ իմ հոր առաջ, որ երկնքում է: Իսկ երկրորդ՝ լացեց իր գնահատականի համար, որ իր անձի մասին այդպիսի կարծիք է ունեցել և իր խոսքի հանդեպ այդպիսի վստահություն է ունեցել ժամանակին, որը բացահայտվեց Տիրոջ ուրացությամբ: Տէրը բոլորիս գիտե, կարիք չկա ո՛չ մեծամտանալու, ոչ էլ կեղծ բարեպաշտ խաղալու:
Հոգևոր առաջնորդները կարծում էին, թե իրենք բարեպաշտ են, սակայն չգիտեին, որ իրենց ամենամեծ ու վտանգավոր թշնամին ո՛չ թե Հիսուս Քրիստոսն էր, այլ՝ հենց իրենք էին իրենց մեծ թշնամին:
Սիրելիներ մենք տեսանք, թե ովքե՛ր են եղել Հիսուս Քրիստոսի կողքին Իր ծառայության տարիներին: Առաքյալները մեղանչեցին, բայց ո՛չ նենգաբար, բացի Հուդայից, որը անհուսության մեջ մեռավ:
Օրենքի ուսուցիչները մեղանչեցին նենգաբար, կեղծիքով, և սուտ վկայություններով:
Տէր Հիսուս Հոգեգալստից հետո բացեց աշակերտների մտքերը, որպեսզի հասկանան Գրքերը, իսկ քահանայապետների հոգու աչքերը այդպես էլ փակ մնացին մինչ օրս:
Ավարտեցինք Աստծու ողորմությամբ նաև 14 րդ գլխի սերտողությունը, և գրեթե հասանք Գողգոթա: Թող Աստված չկամենա, որ մեզնից մեկը հայտնվի աշակերտների հոգեվիճակում, ,,էլ չեմ ասում հոգևոր առաջնորդների,, բայց եթե հանկարծ պատահի, հիշենք որ ապաշխարության դուռը միշտ բաց է, Տէր Հիսուս Քրիստոս միայն ապաշխարող սիրտ է փնտրում՝ ներելու համար: Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն, որպեսզի դուք էլ անարդար փորձության ժամին կարողանաք լռել: Երբեմն լռելը լավագույն պատասխանն է անզգամին:Կամ Պետրոսի նման կարողանանք զղջալ նույն պահին:
Հարց. Ե՞րբ աշակերտները ամբողջությամբ հասկացան Հիսուսի ողջ վարդապետությունը.
Տեղեկութիւններ
Տե՜ր Աստված իմ
Թող արդար, բարեմիտ, իրավունքը սիրող եւ ողորմած լինեմ իմ բոլոր գործերի մեջ եւ ընկերներիս հանդեպ իմ արարքների մեջ, մեծարող եւ հնազանդ լինեմ ծնողներիս եւ մեծերիս, բարի, քաղցր եւ սիրալիր` բոլոր մարդկանց հանդեպ եւ պատրաստ լինեմ մարդկանց անելու այն, ինչ որ ուզում եմ, որ ուրիշները անեն ինձ:
Քո անհուն խնամքով դո՛ւ հոգա իմ հոգեւոր ու մարմնավոր պետքերը եւ այնպես արա, որ ամեն բանի մեջ քե՛զ հուսամ եւ ապավինեմ:
Թույլ տուր, որ միշտ շնորհակալություն հայտնեմ ինձ տված բոլոր պարգեւներիդ համար եւ գոհունակ սրտով բավարարվեմ իմ վիճակով ու պայմաններով:
Հեռո՛ւ պահիր ինձ ծուլությունից եւ պարապությունից:
Փրկի՛ր ինձ չար ընկերներից, չար օրինակներից եւ բոլոր վտանգներից ու փորձություններից: Եւ ընդունի՛ր հորս եւ մորս, եղբայրներիս եւ քույրերիս, ամբողջ ընտանիքիս եւ բարեկամներիս, ինչպես նաեւ բոլոր մարդկանց համար իմ խնդրանքը, բոլորին էլ հիշիր քո սիրո մեջ եւ բոլորին առատօրեն տո՛ւր քո բարի պարգեւները, թե՛ այստեղ, եւ թե հավիտենական կյանքում, որովհետեւ քո՛նն են փառքը, պատիւն ու զորությունը հավիտյանս հավիտենից:
Ամեն: