ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 14: 43-52
ՅԻՍՈՒՍԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹԻՒՆԸ
43 Դեռ անիկա կը խօսէր, երբ Յուդան, տասներկուքէն մէկը, եկաւ եւ իրեն հետ քահանայապետներուն եւ դպիրներուն ու ծերերուն կողմէն շատ բազմութիւն՝ սուրերով ու բիրերով։ 44 Զանիկա մատնողը անոնց նշան մը տուեր էր՝ ըսելով. «Ո՛վ որ ես համբուրեմ՝ ա՛ն է, բռնեցէ՛ք զանիկա եւ զգուշութեամբ տարէք»։ 45Անիկա գալով մօտեցաւ անոր եւ ըսաւ. «Ռաբբի՛, Ռաբբի՛», ու համբուրեց զանիկա։ 46 Անոնք ձեռք զարկին անոր ու բռնեցին զանիկա։ 47 Եւ քովը կայնողներէն մէկը սուրը քաշեց ու զարկաւ քահանայապետին ծառային ու անոր ականջը մէկդի հանեց։ 48 Եւ Յիսուս ըսաւ անոնց. «Իբր աւազակի՞ վրայ ելաք սուրերով ու բիրերով զիս բռնելու։ 49 Ամէն օր ձեր քով էի ու տաճարին մէջ կը սորվեցնէի եւ զիս չբռնեցիք, բայց որպէս զի գրքերը կատարուին»։ 50 Այն ատեն բոլոր աշակերտները թողուցին զանիկա ու փախան։ 51 Երիտասարդ մը անոր ետեւէն կ՚երթար՝ մերկ մարմինին վրայ կտաւ մը առած ու երիտասարդները զանիկա բռնեցին. 52 Ան ալ կտաւը թողուց ու մերկ փախաւ անոնցմէ։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ, մենք ձեզ հետ միասին Մատթևոս Ավետարանչի հետ անցել ենք այս ճանապարհը, և կարող ենք ասել, որ ամբողջությամբ անփորձ չենք, ինչպես աշակերտները, սակայն բավական փորձառություն էլ չունենք ամեն ինչը հասկանալու համար: Հետևաբար մեր ճանապարհին որպես փորձառու առաջնորդներ կունենանք նա՛և Ղուկաս և Հովհաննես ավետարանիչներին, որպեսզի մեր հոգևոր ճամփորդությունը նպատակային լինի և մենք հասնենք մեր Տէր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետության ուսուցմանը: Երկնավոր Հայ՛ր, Դու Քո բարեհաճությունը մեզնից մի հեռացրու, որպեսզի մանր քայլերով շարժվենք դեպի Գողգոթա, դեպի հոգևոր բարձունք, և վերցնենք մեր խաչը՝ Քո սիրելի Որդուն հետևելու համար: Առաջնորդի՛ր մեզ մեր որոշման ճանապարհին և զորացրո՛ւ մեզ հասնելու մեր նպատակակետին:
Երեկվա սերտողության մեջ մենք թողեցինք Տէր Հիսուսին աշակերտների հետ միասին Գեթսեմանիի Պարտեզում՝ մատնիչի և զինված ամբոխի հանդիպման վայրում: Նաև տեսանք, որ աշակերտները սատար չկարողացան լինել իրենց Վարդապետին՝ աղոթքի պահին և քնեցին առանց աղոթքի: Վրա՛ հասավ փորձությունը: Հուդան իր ձախավեր գործ հասցրեց իր ավարտին: Քահանայապետները, օրենսգետները և ծերերը հասան իրենց կարծեցյալ հաղթական նպատակին: Վարդապետը դեռ խոսում էր աշակերտների հետ, երբ եկավ Հուդա Իսկարիովտացին՝ նրա հետևից սրերով և մահակներով զինված մի ամբոխ, որը ուղարկված էր քահանայապետների կողմից, սակայն՝ Հուդայի առաջնորդությամբ: Ձիթենյաց լեռը չափազանց ծառաշատ էր, և նրանք առանց Հուդայի միջամտության չէին կարող գտնել Քրիստոսի գտնվելու վայրը:
Քանի որ Հուդան նախապես պայմանավորվել էր, որ ո՛ւմ հետ համբուրվի, նա՛ է Քրիստոսը, և նրանք արդեն կարող էին բռնել: Մոտեցավ Հուդան Հիսուսին և ասաց,- Ռաբբի՛, Ռաբբի՛, և համբուրեց Նրան;
Իսկ զինված ամբոխը, որ հրաման էր կատարում, բռնեցին Նրան: Աշակերտներից մեկը այդ պահին սրով կտրեց քահանայապետի ծառայի ականջը՝ ի պաշտպանություն իրենց Վարդապետի: Մինչ այս պահը աշակերտների մեջ այն մտայնությունն էր, որ կռվով և սպանությամբ պիտի տեղի ունենա իրենց պատկերացրած իսրայելի թագավորությունը: Տէր Հիսուս հարց ուղղեց զինված ամբոխին, ասելով,- Ինչո՞ւ եք սրերով և մահակներով եկել, մի՞թե ավազակ եմ: Մի՞թե տաճարում ուսուցանելու ժամանակ ինձ չէիք տեսնում; բայց այսպես պետք է լիներ, որպեսզի կատարվեր ևս մեկ մարգարեություն: Աշակերտները, որ մինչ այդ պահը սրով ականջ էին կտրում, բոլորը լքեցին Վարդապետին և փախան: Տեսան, որ Տէր Հիսուս կամավոր հանձն է առնում ձերբակալությունը, վախեցան, որ իրենց էլ կբռնեին: Ավետարանիչը մի այլ երիտասարդի մասին է գրում, որը նույնպես ներկա էր այդ պահին, և իր մերկ մարմնի վրա մի սավան գցած հետևում էր ամբոխի քայլերին: Երբ փորձեցին նրան բռնել, նա թողեց իր հագուստը և փախավ նրանց ձեռքից:
Ոմանք ասում են, որ այս երիտասարդը Պողոսն էր: Ուրիշներ ասում են, որ հենց Մարկոսն է եղել այդ երիտասարդը: Սակայն Ավետարանը ոչինչ չի ասում այդ մասին:
Սիրելիներ, մենք Ավետարանները կարդում ենք և հայտնի է դառնում ավետարանիչներից մեկի հստակ վկայությունը պատահած իրադարձությունների մասին; Դրա համար ճիշտ է Ավետարանները կարդալ, առանց համեմատելու: Որպեսզի ավարտին մենք էլ մեր կարծիքը ունենանք ավետարանիչների կարծիքի վերաբերյալ: Չորս Ավետարանները այնքան խորը գրքեր են, որ նրանց ուսումնասիրության համար ողջ կյանքը բավական չէ:
Հիմա մենք դառնանք սկզբին և տեսնենք թե, ինչո՞ւ այսպես եղավ: Եկավ Աստծու Որդին, մկրտվեց ինչպես բոլոր, ծոմ պահեց, անապատում փորձվեց սատանայից, քարոզեց, ուսուցանեց, բուժեց ամենաանհավանական հիվանդությունները, փառք չփնտրեց, հասարակ ապրեց, ձկնորսների հետ կերավ ու խմեց, մեղավորներին չարհամարհեց, բոլորին սիրեց և օգնեց: Իր կատարած բոլոր գործերը համապատասխանում էր մարգարեություններին և օրենքի գրվածքները ինքն էլ պահում՝ ինչպես բոլորը: Ի՞նչ էր պակաս այսքանի հետո, որ իսրայելի ժողովրդի մեծամասնությունը նրան չհավատաց և չընդունեց: Միակ խոչնդոտը, որը Նրան տարավ Գողգոթա, ճշմարտության բացահայտումն էր: Ճշմարտությունը անիրավությամբ թաքցված էր մարդկանցից այնպես ինչպես որ մեր օրերում:
Հովհաննես Մկրտիչը բացահայտեց ճշմարտությունը և ասաց, որ չի՛ կարելի ապօրինի արարք կատարել, քանի որ քաղաքական ղեկավարի վատ օրինակը կործանիչ է ողջ ժողովրդի համար:
Հիսուս Քրիստոս բացահայտեց կրոնական առաջնորդների գործունեության ողջ կեղծիքը հանրության առջև, և կրոնական իշխանությունը միջոցներ ձեռնարկեց Քրիստոսին սպանելու համար:
Այսինքն մարդկությունը ի սկզբանե անօրենությամբ ծածկել է ճշմարտությունը ժողովրդից, իսկ երբ Ճշմարտությունը Իր ոտքով եկավ, նրանք սպանեցին նաև Ճշմարտությանը: Ճշմարտությունը նույնիսկ չի՛ հիվանդանում, ուր մնաց թե՝ մահանա: Մինչև Հիսուսի աշխարհ գալը, մեղքը կենդանու զոհաբերությամբ էր քավվում: Անբան Կենդանի չէր կարող բանական մարդու կատարած մեղքի համար պատասխանատու լինել: Պետք է իրական Ճշմարտություն, որպեսզի խաչը հանվեր և աշխարհը տեսներ, որ Ճշմարտությունը չի մահանում, և միայն Ճշմարտությունը կարող է փրկել աշխարհը: Այդ Ճշմարտության անունը Հիսուս Քրիստոս է: Քաղաքական և կրոնական իշխանության վարած քաղաքականությունը զարտուղի ճանապարհով էր, կեղծ, իրականությունից շեղված, և միայն սեփական անձի շահերը հետապնդող ճանապարհով էին առաջնորդում ժողովրդի բազմությանը: Եկավ Ճշմարիտ Ճանապարհը քայլեց՝ իր հետևից վառելով կենդանի լույսը և ի հայտ եկան բոլոր կեղծ ու մութ ճանապարհները: Այդ Ճշմարիտ Ճանապարհի անունը Հիսուս Քրիստոս է, որին խաչը հանեցին, սակայն աշխարհը տեսավ, որ ոչխարների փարախը այլ ճանապարհով մտնողները գող են և ավազակ: Փարախը ունի մեկ և միակ ուղիղ ու ճշմարիտ ճանապարհ:
Շատերն են հարցնում, - Մի՞թե ուրիշ ճանապարհ չկար մարդկության փրկությունը ապահովելու համար, որ Հիսուս Քրիստոս չխաչվեր: Ո՛չ, չկար: Որովհետև աշխարհը ապականված էր կեղծիքով, ստով, անբարոյականությամբ, կռապաշտությամբ, աստվածուրացությամբ, ատելությամբ և սպանությամբ: Միայն Արդար էր պետք ապականված աշխարհի մաքրության և փրկության համար: Այդ Միակ Արդարի և Անարատի անունը Հիսուս Քրիստոս է, որին խաչը հանեցին, որպեսզի շարունակեն ապականության մեջ ապրել: Բայց արդարությունը հիվանդանում է, սակայն չի մեռնում: Արդարությամբ է լինելու աշխարհի դատաստանը և ամեն անհատի դատաստանը: Մինչև Քրիստոս և Քրիստոսից հետո աշխարհի դատերն ու դատասնանները կեղծիքով և դրամով են եղել, դրա համար աշխարհը գնում է դեպի կործանում: Այս աշխարհի իշխանների գործունեությունը հիմնված է կեղծիքի և ստի հիման վրա: Կգա Արդար Դատավորը, կբացի Իր գրքերը և դատաստանի կնստի մեր կատարած բոլոր գործերի համեմատ:
Քրիստոսի ժամանակ էլ չէին հավատում, որ Մեսիան է եկել, քանի որ թաղված էին ստի ու կեղծիքի մեջ այն աստիճան, որ Խաչի վրա Քրիստոսին ճանաչեցի ու դավանեցին ընդամենը երկու հոգի՝ հարյուրապետը և աջակողմյան ավազակը:
Շատերն ասում են Քրիստոս գիտեր, որ չարչարանքից ու խաչելությունից հետո Հարություն է առնելու, դրա համար կամավոր գնաց խաչելության: Այ՛ո, գիտեր, և գաղտնիք չէ, որ գիտեր, քանզի Աստված է:
Մի՞թե մենք չգիտենք, որ հարություն ենք առնելու համընդհանուր Հարության օրը, ինչո՞ւ ենք սարսափում մահից: Մահվան նկատմամբ վաղը և տրտմությունը չի լքում մարդուն՝ երբ մտածում է այդ մասին:
Փառք Աստծուն, որ մենք մահանում ենք մեր մահով, ո՛չ թե խաչի վրա, կամ Քրիստոսի համար՝ նահատակությամբ: Սակայն չի գտնվի մի մարդ, որը կասի ես Քրիստոսի համար պատրաստ եմ մահվան:
Սակայն Քրիստոս քաջությամբ հանձն առավ դառնության բաժակը՝ Երկնավոր Հոր կամքի համաձայն՝ համայն մարդկության համար::
Այսօր համայն մարդկությունը ապրում է Աստծու ամենատես տեսախցիկի առջև և չի զգում դրա վտանգը: Սակայն կգա մի օր, որ տուգանքները վճարելու համար ոչինչ չենք ունենա:
Սիրելիներ, նախորդ գլխի սերտողության մեջ մենք տեսանք, որ հաստատվեց վերջին ընթրիքի Խորհուրդը, որը մեր Սուրբ պատարագի Թագ ու Պսակ՝ Սուրբ Հաղորդությունն է: Մենք տեսանք, որ Ընթրիքի ժամանակ օրհնեց Հացն ու Գինին և տվեց աշակերտներին և նրանք ճաշակեցին դրանից բոլորը: Ընթրիքից անմիջապես հետո տեսանք, որ Հուդան գնաց քահանաների մոտ՝ մատնելու: Գեթսեմանի պարտեզում երեք աշակերտները չկարողացան մի ժամ արթուն մնալ և մենակ թողեցին իրենց Վարդապետին, իսկ զինված ամբոխի ժամանման պահին, բոլորը լքեցին և փախան: Այսինքն Տիրոջ ձեռքից ստացած Սուրբ հաղորդությունը դեռ իրենց մեջ էր և Տէր Հիսուսն էլ կենդանի կանգնած է իրենց մեջ և իրենք ամենքն էլ մեղանչեցին: Բայց եկավ մի ժամանակ, երբ բոլոր աշակերտները դադարեցին մեղանչելուց և հակառակը օգնում և քարոզում էին մեղանչողներին, որպեսզի դարձի գան: Եր՞բ դադարեցին մեղանչել: Երբ որ փոխվեց իրենց ներքին մեղավոր մարդը: Երբ որ Սիմոնը Պետրոս դարձավ կատարելապես: Երբ որ Թովմասից դուրս եկավ կասկածը: Երբ որ Հակոբոսն ու Հովհաննեսը, որոնք արքայության աջ ու ձախ կողմերն էին ուզում, իրենց Քրիստոսի ծառաներ անվանեցին: Երբ Պողոսը լքեց իր փարիսեցիությունը և ամեն տեղ պատմում էր այդ ամոթալի անցյալի մասին;
Այս բոլորը փոխվեցին հանուն Հիսուսի Քրիստոսի: Մենք չենք կարող ճաշակել Նրա Սուրբ Մարմինն ու Արյունը և մնալ նույն հոգևոր կեղտոտ զգեստի մեջ: Մեր հոգևոր զգեստի վրա կեղտի բծեր կան, և բոլորը տեսնում են այդ կեղտի հետքերը, դրա համար քրիստոնեությունը գնալով նվազում է և թուլանում մեր պատճառով: Մեր հոգևոր հագուստները անհապաղ պետք է քիմ. մաքրման տալ, որը մեր խոստովանություն ու ապաշխարությունն է, մեր մեղքերի թողությունն ու լվացումն է; Մեր հոգևոր ու քաղաքական առաջնորդները նույնպես պետք է իրենց հոգևոր զգեստները լվանան աշխարհի կեղտերից, քանի որ կեղտի հետքերը տեսնում են պարզ ժողովուրդը և գայթակղվում: Ինչպես որ Հովհաննեսն էր զգուշացնում Հերովդեսին և Տէր Հիսուսն էր զգուշացնում քահանայապետներին՝ իրենց կեղծավոր վարքի համար, այնպես էլ մեր օրերում պետք է լինի, այլապես մենք նույնպես անարգած կլինենք մեր Տիրոջ թափած արդար ու անարատ Արյունը: Մենք այժմ խոսում ենք, ո՛չ թե ինչ որ երկրի ղեկավար մասին, այլ խաչի վրա մեզ համար մեռած աշխարհի Փրկչի մասին: Մենք չենք կարող Քրիստոսի Սուրբ Մարմինն ու Արյունը մեր մեջ ունենալ և ապրել մեղքի կեղտի մեջ: Կամ Քրիստո՛ս մեզնից կհեռանա, կամ մենք կհիվանդանանք ու կմեռնենք անարժանաբար հաղորդվելու համար:
Մենք էլ այսօր Հուդայի պես Քրիստոսին նվիրում ենք պատվավոր խոսքեր՝ ինչպես նա ասաց, Ռաբբի, և՛ համբուրում ենք, և՛ մատնում ենք: Մարկոս ավետարանիչը այն զգեստները թողնող և փախչող երիտասարդին պատահական չի նկարագրել իր Ավետարանում, որպեսզի փաստի, թե որքա՛ն տկար ու անպատրաստ են եղել իրենք՝ Քրիստոսին իրենց հետ ունենալով հանդերձ:
Միթե մենք էլ նույնը չենք՝ Սուրբ Հաղորդությունից հետո:
Միթե մենք էլ Պետրոսի պես չենք խոստանում և վճռական պահին ուրանում: Այո այդպես է: Բայց աշակերտների տկարությունները հանդուրժեց Տէր Հիսուս Քրիստոս, հանդուրժեց նույնիսկ ուրացությունն ու թերահավատությունը, փորձության ժամի փախուստն ու վախը, որպեսզի աշակերտները իրենք իրենց գնահատեն և վեր կանգնեն տկարությունից՝ Հարության զորությամբ: Մենք էլ որ այս օրերին գտնվում ենք Հարության ուրախության մեջ, Տէր Հիսուս սպասում է, որ մենք էլ անդրադառնանք մեզ և զորանանք Հարության զորությամբ: սիրելիներ, ավարտենք այսօրվա սերտողությունը՝ հավատարիմ մնալով մեր Տիրոջը՝ այս բոլոր իրադարձություններին ծանոթանալուց հետո: Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզ երբեք չլքի, որպեսզի դուք էլ փորձության մեջ եղած ժամանակ Քրիստոսին չլքեք մտքով, և դուրս գաք ցանկացած փորձությունից՝ Տիրոջն ապավինելով:
Հարց. Մեր կյանքի Գեթսեմանիում գտնված ժամանակ աղոթո՞ւմ ենք արդյոք երեք անգամ՝ արյուն քրտինքով:
Տեղեկութիւններ
Տե՜ր Աստված իմ
Դրոշմի՛ր հոգուս մեջ քո երկյուղը, որպեսզի մաքրությամբ եւ արդարությամբ ապրեմ, միշտ քե՛զ ունենալով մտքիս մեջ:
Իմ կամքը հոժար դարձրու բարուն եւ քո կամքին, դո՛ւ ուղղիր իմ խոսքերը, որպեսզի միշտ վայելուչն ընտրեմ:
Իմ տկար անձը մի՛ մատնիր այս աշխարհի փորձանքներին ու տագնապներին, որպեսզի չլինի որ շեղվեմ քո խոսքից եւ բարի շավիղից:
Իմ սրտի մեջ աճեցրու բոլոր առաքինությունների սերմերը, որպեսզի դրանցով ապրեմ իմ ամբողջ կյանքում:
Շնորհի՛ր, որ միշտ խոնարհ լինեմ, հեզ եւ համեստ` վարքով, բարի եւ մաքուր` խորհուրդներով, խոսքով ու գործով, ճշմարտախոս լինեմ եւ ուրիշին չվնասեմ իմ խոսքերով, հավատարիմ եւ ժրաջան լինեմ պարտականություններիս կատարման եւ մանավանդ այն դերի մեջ, որ դու տվեցիր ինձ: Որովհետեւ քո՛նն են փառքը, պատիւն ու զորությունը հավիտյանս հավիտենից:
Ամեն: