ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 14 : 27-42
ՅԻՍՈՒՍ ՊԵՏՐՈՍԻՆ ՈՒՐԱՆԱԼԸ ԿԸ ԳՈՒՇԱԿԷ
27 Յիսուս ըսաւ անոնց. «Ամէնքդ ալ այս գիշեր իմ վրայովս պիտի գայթակղիք. վասն զի գրուած է թէ ‘Հովիւը պիտի զարնեմ ու ոչխարները պիտի ցրուին’։ 28 Բայց յարութիւն առնելէս ետքը ձեզմէ առաջ Գալիլիա պիտի երթամ»։ 29 Պետրոս ըսաւ անոր. «Թէպէտ ամէնքն ալ գայթակղին, բայց ո՛չ ես»։ 30 Յիսուս ըսաւ անոր. «Ճշմարիտ կ՚ըսեմ քեզի, որ դուն ալ այս գիշեր՝ դեռ հաւը երկու անգամ չխօսած՝ երեք անգամ զիս պիտի ուրանաս»։ 31 Պետրոս աւելի կը պնդէր ու կ՚ըսէր. «Թէեւ քեզի հետ մեռնիլ ալ պէտք ըլլայ ինծի, բնաւ քեզ պիտի չուրանամ». նոյնպէս կ՚ըսէին բոլորն ալ։
ՅԻՍՈՒՍ ԳԵԹՍԵՄԱՆԻԻ ՄԷՋ Կ՚ԱՂՕԹԷ
32 Եկան այն տեղը որուն անունը Գեթսեմանի էր ու ըսաւ իր աշակերտներուն. «Հո՛ս նստեցէք, մինչեւ որ ես աղօթք ընեմ»։ 33 Իրեն հետ առնելով Պետրոսը ու Յակոբոսը եւ Յովհաննէսը, սկսաւ խռովիլ եւ վշտանալ։ 34 Այն ատեն ըսաւ անոնց. «Իմ անձս մեռնելու չափ տրտում է. հո՛ս կեցէք եւ արթուն մնացէք»։ 35 Քիչ մը առջեւ երթալով՝ իր երեսին վրայ գետինը ինկաւ եւ աղօթք ըրաւ, որ եթէ կարելի է, այն ժամը իրմէ անցնի։ 36 Եւ ըսաւ. «Աբբա՛ Հայր՝ ամէն բան քեզի հնարաւոր է, այս գաւաթը ինծմէ անցուր. բայց ո՛չ թէ ինչպէս ես կ՚ուզեմ, հապա ինչպէս դուն կ՚ուզես»։ 37 Երբ եկաւ ու զանոնք քնացած գտաւ՝ ըսաւ Պետրոսին. «Սի՛մոն, կը քնանա՞ս, չկրցա՞ր ժամ մը արթուն կենալ։ 38 Արթո՛ւն կեցէք եւ աղօթք ըրէք, որպէս զի փորձութեան մէջ չմտնէք. հոգին յօժար է, բայց մարմինը տկար»։ 39 Նորէն գնաց աղօթք ըրաւ՝ նոյն խօսքը ըսելով։ 40 Եւ դարձաւ ու զանոնք նորէն քնացած գտաւ, վասն զի աչքերնին ծանրացած էր եւ չէին գիտեր թէ ի՞նչ պատասխան տան անոր։ 41 Երրորդ անգամ ալ եկաւ ու ըսաւ անոնց. «Ասկէ յետոյ քնացէ՛ք ու հանգչեցէ՛ք. բաւական է, ժամը հասաւ, ահա Որդին մարդոյ մեղաւորներուն ձեռքը պիտի մատնուի։ 42 Ելէ՛ք երթանք։ Ահա մօտեցաւ անիկա որ զիս պիտի մատնէ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ, շարունակենք մեր սերտողությունը և տեսնենք, թե ի՞նչ ասելիք ունի մեզ այսօրվա՛ ավետարանական ընթերցումը: Երեկվա սերտողությամբ տեղեկացանք, որ Հուդան արդեն կատարել էր իր խավար գործարքը՝ հոգևոր առաջնորդների հետ, սակայն աշակերտների հետ ճաշակում էր զատկական խորհրդավոր ընթրիքը՝ Տիրոջ օրհնությամբ: Ժողովրդական մի իմաստուն խոսք կա, որն ասում է,- Գայլի հետ գառն է ուտում, գառի տիրոջ հետ ողբում է կորստի համար: Հուդան քահանայապետների հետ հանցավոր համաձայնության է գալիս, իսկ ընկերների հետ վայելում է Տիրոջ օրհնությունը: Այսպիսի մարդկանց թիվը քիչ չէ՛ նաև մեր իրականության մեջ, որոնք փորձում են երկու տիրոջ ծառայել, չիմանալով, որ ծածուկ բաները հայտնվում են Աստծու լույսի ներքո: Երեկվա Խորհրդավոր ընթրիքի ժամանակ, Տէր Հիսուս հայտնեց աշակերտներին, որ տասներկուսից մեկը Իրեն մատնելու է, սակայն մատնիչի անունը չտվեց: Իսկ այսօրվա Ավետարանի մեջ զգուշացնում է, որ գիշերը բոլոր աշակերտները գայթակղվելու են Իր պատճառով, որովհետև պետք է կատարվի ևս մեկ մարգարեություն, որ գրված է,- ,,Պիտի հարվածե՛մ Հովվին, և ոչխարները պիտի ցրվեն,,:
Այստեղ Տէր Հիսուս այլևս շատ մանրամասների չի անդրադառնում, այլ՝ միայն զգուշացնում է, որ Իր Հարությունից հետո կգնա Գալիլիա: Ինքը դեռ ողջ է, աշակերտների առջև կանգնած, բայց խոսում է Իր Հարության մասին: Ընդ որում չի ասում, որ դուք ցրվելու եք և ձեզ ձեզնից կհեռանամ, այլ ասում կգնամ Գալիլիա և հայտնում է Իր տեղը: Սա ևս չի՛ զարմացնում աշակերտներին:
Երեկվա մատնության տխուր լուրը սրտում, Պետրոսը այս լսելուց հետո այլևս չդիմացավ և ասաց,- ,,Թեկուզ բոլորն էլ գայթակղվեն, բայց ես չե՛մ գայթակղվի,,: Այս խոսքերը որ Պետրոս ասաց, անշուշտ սրտանց ասաց, և կասկած չկա դրանում: Սակայն Տէր Հիսուս փաստեց Պետրոսին, որ միշտ չէ, որ խոսքը գործ է դառնում, քանի որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ պիտի ուրանաս Ինձ: Այս աքլորականչը խորհրդանիշն է այն բանի, որ լուսադեմին մինչ աքլորի կանչելը կրոնասեր հրեաները անպայման կրկնում էին Մովսեսի օրենքի գլխավոր պատվիրանը՝ թե՝,, Լսիր Իսրայել, մեր Տէր Աստված միակ Տէրն է, և դու պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ զորությամբ,,: Պետրոսը հրեա էր և գիտեր այս մասին: Տէր Հիսուս հիշեցրեց Պետրոսին, որ մինչ այլոք լուսադեմին դավանում են Աստծուն, դու պիտի ուրանաս Ինձ: Ինչի՞ հիման վրա էր Պետրոսը այդպես պնդում, որ չի ուրանալու Քրիստոսին, կիմանանք քիչ անց: Քրիստոս Հուդային չասաց, որ դո՛ւ ես մատնելու, իսկ Պետրոսին ասաց, որ ուրանալու ես երեք անգամ:
Իսկ Պետրոսը շարունակում էր պնդել, որ եթե հարկ լինի նույնիսկ մեռնելու, դարձյալ չի ուրանա: Ո՛չ միայն Պետրոսը, այլ մնացած աշակերտներն էլ նույնն էին ասում; Տէր Հիսուս հերթով հայտնում է ամենքին, թե ո՛վ ինչպես է լքելու իրեն, սակայն աշակերտները չեն ընդունում այն փաստը, որ գայթակղվելու են, քանի որ իրենք էլ ուշադիր չէին լսում Տիրոջ ամեն խոսքը, և հատկապես այն, որ ասում է,- ուշադիր եղեք, թե ինչպե՞ս եք լսում: Օրինակ՝ Աջ և ձախ կողմերում նստող եղբայրները խոստացել էին, որ կխմեն այդ բաժակը և կմկրտվեն այդ մկրտությամբ, այդ պատճառով չէին պատկերացնում, որ կարող են գայթակղվել: Քանի որ ուշադիր չլսեցին, որ Տէր Հիսուս այդ ժամանակ իրենց ասաց,- Չգիտե՛ք, թե ի՛նչ եք խնդրում:
Այստեղ Տէր Հիսուս Պետրոսին ասաց, որ Հարությունից հետո գնալու է Գալիլիա, Պետրոսը դարձյալ չլսեց և առավել ևս չմտապահեց այս խոսքը: Քանի որ երբ յուղաբեր կանայք հարությունից հետո լուր տարան աշակերտներին, որ Վարդապետն ասում է, ե՛ս գնում եմ Գալիլիա, Պետրոսը դարձյալ վազեց գերեզման, քանի որ չէր հիշում, որ արդեն երկու անգամ ասվեց նույն խոսքը: Հիսուս Քրիստոս ո՛չ մի բառ աննպատակ չի հնչեցրել, բոլորը ուշադրությամբ լսելու արժանի խոսքեր են, սակայն տեսնում ենք, որ կամ ուշադիր չեն լսում, կամ չեն մտապահում: Աշակերտների հետ այս խոսակցությունը ավարտվեց, և նրանք միասին եկան Գեթսեմանի կոչվող պարտեզը, և Հիսուս աշակերտներին պատվիրեց սպասել իրեն այդտեղ, իսկ Ինքը իր հետ վերցրեց Պետրոսին, Հովհաննեսին և Հակոբոսին և նրանց հայտնեց մի շատ տխուր լուր, ասելով,- Տխո՛ւր է հոգիս մեռնելու աստիճան... Սա շատ ծանր խոսք է, որ իրենք երբևէ չէին լսել իրենց Վարդապետի բերանից: Ասաց այս խոսքերը Վարդապետը, պատվիրեց երեքին արթուն մնալ և աղոթել:
Իսկ Ինքը միայնակ գնաց աղոթելու: Ավետարանն ասում է փոքր ինչ առաջ գնալով, երեսնիվայր գետին ընկնելով աղոթում էր, որ եթե կարելի է այդ ժամը իրենից հեռանա, և ասում էր,- Աբբա Հայր, ամեն ինչ քեզ կարելի է, այս բաժակը ինձնից հեռացրու, բայց ո՛չ թե ինչպես ես եմ կամենում, այլ՝ ինչպես Դու ես կամենում: Աղոթեց առաջին անգամ, եկավ, բայց աշակերտներին քնած գտավ...
Սիրելիներ, մի պահ թողնենք աշակերտներին քնած վիճակում, իսկ Տէր Հիսուսին՝ մահու չափ տխուր և միասին վերլուծենք այս երևույթը; Մարկոս ավետարանիչը, որ ներկայացնում է Պետրոսի վկայությունները, նկարագրում է, որ Տէր Հիսուս փոքր - ինչ առաջ գնալով ընկավ երեսի վրա և աղոթեց: Իսկ երեք աշակերտները Իրենից շատ հեռու չէին և լսում էին, թե ի՛նչ աղոթում: Ինչպե՞ս կարողացան քնել, այդ խոսքերը լսելուց հետո, հատկապես, որ իրենց էլ էր պատվիրել արթուն մնալ և աղոթել: Կամ՝ ժամեր առաջ, Վարդապետը իրենց զգուշացրեց, որ բոլորդ գայթակղվելու եք Իմ պատճառով: Նույն Պետրոսը հակաճառում էր, ասելով՝ չի՛ կարող պատահել այդպիսի բան: Նույնիսկ Պետրոսին ասաց, որ դո՛ւ ուրանալու ես ինձ: Այս խոսակցությունը տեղի է ունեցել ժամերի ընթացքում: Ուրեմն ի՞նչ կատարվում մարդու հետ, որ մարդի չի կառավարում իրեն՝ նույնիսկ այսպիսի հորդորներ լսելուց հետո:
Կա՛մ ուշադիր չեն լսում Վարդապետի խոսքերը, կա՛մ լսում են, չեն հասկանում, կամ էլ դեռ այնքան տկար են, ու մարմնավոր, որ թույլ են տալիս սատանան իշխի իրենց վրա:
Սիրելիներ, գիտե՞ք ինչու ենք մենք վերլուծում այս երևույթը: Ո՛չ անշուշտ դատելու կամ քննադատելու աշակերտների արարքը, քա՛վ լիցի: Որովհետև նույն վիճակում մենք ենք: Աշակերտները անփորձ էին այդ իրադարձությունների մեջ, իսկ մենք բավական փորձառու ենք և հազարավոր անգամներ ենք լսել այս նույն զգուշացումներն ու պատգամները: Մենք էլ ուշադիր չենք լսում Աստծու խոսքը, լսում ենք, հետո մոռանում ենք: Առանց աղոթքի քնում ենք, Ավետարան կարդալիս անվերջ հորանջում ենք: Մենք էլ ենք թույլ տալիս, որ չարը իր գործն անի մեր օգնությամբ, մեր ծուլությամբ, մոռացկոտությամբ;
Հիմա անդրադառնանք Տէր Հիսուսի աղոթքին, և մեր մարդկային հետաքրքրությամբ փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ էր խնդրում Երկնավոր Հորը, իրենից հեռացնելու այդ բաժակն ու այդ ժամը:
Մենք Ավետարանից գիտենք, որ Հիսուս աշխարհ էր եկել հենց ա՛յդ պատճառով, որպեսզի խմի այդ բաժակը, քանի որ գրված է այդ մասին; Թեպետ մեզ միշտ հետաքրքիր է եղել իմանալ, թե Տէր Հիսուս արդյոք ի՞նչ է աղոթում, երբ առանձնանում է միայնության մեջ, բայց կարող ենք ենթադրել աղոթքի բովանդակությունը, հետևելով Նրա երեք տարիների մատուցած ծառայության, ճշմարիտ վարդապետության ուսուցման, և դրա դիմաց հոգևոր առաջնորդներից ստացած կասկածանքի, վիրավորանքի ու դավադրության չար միտումներին: Ինչո՞ւ չէ նաև աշակերտների այս անպատրաստ վիճակին; Կարծես թե կամենար ասել Հորը, ես Քո տված բաժակից չեմ խուսափում, ուղղակի այս սերունդը արժանի չէ, որ ես այս անարգ մահով մահանամ: Թեպետ մեր Տերը այս բառերը չասաց աղոթքի ժամանակ, ուղղակի մենք կարող ենք ենթադրել: Սակայն սխալ չէր լինի, եթե նույնիսկ ասեր, քանի որ հետագայում տեսանք, որ նրանք մնացին անդրդվելի իրենց քարացած սրտերի հարցում: Իրականում աշխարհը իր պատմությամբ արժանի չէր, որ Հիսուս Քրիստոս այդպես անարգվեր և խաչվեր, հատկապես, որ աշխարհը չի ընդունում իր մեղքը և հեռու է ապաշխարության խորհրդից:
Փառք Աստծուն Քրիստոսին հավատացող և դավանող բոլոր հոգիների համար: մենք հետագայում տեսանք, թե որքան նահատակներ եղան Քրիստոսի անվան համար, որքան քարկոծումներ և մահապատիժներ կատարվեցին Հիսուսի անվան քարոզության համար:Դրա համար զատկական ընթրիքի ժամանակ ասաց, որ Իմ արյունը կթափվի շատերի համար, այսինքն՝, ո՛չ բոլորի: Քանի որ Սրտագետ Աստված գիտեր, որ աշխարհում լինելու էր անհավատություն, կռապաշտություն և ուրացումներ: Ինչևէ: Վերադառնանք Գեթսեմանի Պարտեզ, և տեսնենք, թե ի՞նչ կատարվեց այնտեղ: Առաջին աղոթքից հետո եկավ Տէր Հիսուս ու աշակերտներին քնած գտավ, և Պետրոսին ասաց, Սիմոն, ննջո՞ւմ ես, չկարողացա՞ր մեկ ժամ արթուն մնալ: Ինչո՞ւ հատկապես Պետրոսին դիմեց, և ինչո՞ւ Սիմոն կոչեց: Մի՛ քնեք,- ասում է Տէրը, քանի որ հոգին հոժար է, իսկ մարմինը տկար է: Վե՛ր կացեք ու աղոթք արե՛ք: Սակայն նրանք չկարողացան արթուն մնալ երեք անգամ զգուշացնելու հետո նույնիսկ, և նրանց աչքերը ծանրացել էին և պատասխան չունեին Հիսուսին տալու, իրենց տկարության պատճառով: Մեկ ժամ աղոթք էր անում մեր Տէրը և գալիս էր աշակերտների մոտ և դարձյալ նրանց քնած գտնում: Գուցե հոգին հոժար էր արթուն մնալու, սակայն մարմինը միշտ տկար է առաքինության համար, աղոթքի համար, բարիքի համար: Մեզնից որևէ մեկը կարո՞ղ է մեկ ժամ ուշադրությամբ աղոթել: Մեծ պատասխանատվություն է:
Սիրելիներ, գուցե այս երեք աշակերտների արթուն մնալը կամ աղոթելը կարևոր էր Քրիստոսի համար, կամ որևէ նշանակություն ուներ, որ զգուշացնում էր: Մենք չգիտենք, սակայն հետո հայտնի դարձավ, թե որքան կարևոր էր աղոթքը հենց իրենց համար, որպեսզի չգայթակղվեին այդ գիշեր: Երբ երրորդ անգամ էլ նրանց քնած տեսավ, ասաց,- Քնեցե՛ք այսուհետև և հանգստացե՛ք, քանի որ վախճանը հասել է, եկավ ժամը, և ահա մարդու Որդին մատնվում է մեղավորների ձեռքը, և ահա մոտենում է նա, ո՛վ ինձ մատնելու է: Այս խոսքերը լսելուց հետո վեր կացան և այլևս չքնեցին: Սկզբից ասաց արթուն կացե՛ք, իսկ նրանք քնեցին: Իսկ հիմա ասում է, քնե՛ք, իսկ նրանց աչքերից փախավ քունը: Նույնիսկ անզեն աչքով կարելի է տեսնել սատանայի դասավորած քայլերը՝ աշակերտներից յուրաքանչյուրի համար պատրաստված: Սատանան նրանց ականջին երկար շշնջաց, թե քնե՛ք, քնե՛ք: Իսկ հետո շշնջաց, թե վե՛ր կացեք և փախեք, քանի որ գալիս են ահա ձեզ բռնողները: Այսպես է աշխատում սատանան՝ առանց բռնության և առանց ուժ գործադրելու: Ահա թե ի՛նչ է նշանակում ուշադրությամբ չլսել Աստծու խոսքը, ներքուստ թույլ տալ, որ սատանան կարգավորի մեր հարցերը, և փորձության պահին խուճապի մատնել տա: Քրիստոսի չարչարանքները բոլոր մարդկանց համար չէր, որ փրկություն եղավ, ոմանց համար նույնիսկ դատապարտություն եղավ, քանի որ չհավատացին: Ինչպես որ խաչը հավատացողների համար փրկություն եղավ իսկ անհավատների համար կործանում:
Սիրելիներ եթե ամփոփելու լինենք մեր սերտողության միտքը, ապա այստեղ նույնպես օգտակար դասեր կար մեզ համար սովորելու: Առաջինը և գլխավորը այն է, որ աղոթքի մեջ միայն Աստծու կամքը խնդրենք, ինչպես որ Տէր Հիսուս խնդրեց Երկնավոր Հոր կամքը: Երկրորդ կարևոր դասը, որ կարող ենք սովորել այն է, որ երբեք չվստահենք մեր ուժերին ու խոսքերին, ինչպես որ ասեց և չկարողացավ պահել Պետրոսը:
Եվ երրորդ կարևոր դասն այն, որ այսօր էլ է հնչում Տիրոջ պատվիրաններն ու հորդորները աղոթքի և արթնության վերաբերյալ, եթե մենք քնած ենք աշակերտների պես, ապա արժանի չենք հաղորդվելու Նրա Սուրբ Մարմնի և արյան Հաղորդությանը:
Տեր Հիսուս գիտեր, որ աշակերտները լքելու իրեն, գիտեր, որ քնելու են աղոթքի պահին, սակայն չհեռացավ նրանցից այս բոլորը կատարվելու հետո նույնիսկ: Այս երևույթ հատկապես մեծ մխիթարություն մեզ համար, որ Աստված գիտե մեր տկարությունները և երբեք մեզ չի լքում: Սա է, որ մեզ պատասխանատվության է կանչում ամեն ժամ, քանի որ մենք ամեն հարցում դիմելիս ստանում ենք մխիթարություն:
Երբ մենք տրտում ենք, Քրիստոսով մխիթարվում ենք: Երբ մենք նեղության մեջ ենք, Քրիստոսով հուսադրվում ենք: Երբ մենք փորձության մեջ ենք, Քրիստոսով զորանում ենք: Իսկ երբ Քրիստոս տրտում էր և մահու չափ տխուր, այդ պահին ո՛չ ոք նրա կողքին չգտնվեց՝ նույնիսկ երեք աշակերտները: Մենք էլ այսօր պատվիրան ունենք արթուն մնալու և աղոթելու:
Ավարտեցինք այսօրվա մեր սերտողության հատվածը: Մոտենում ենք ավելի ծանր բաժինների: Աստված մեզ ուժ, կարողություն, համբերություն տա, այս բոլորը սրտով հասկանալու, սրտով փոխանցելու, և սրտով ընդունելու համար: Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն, որպեսզի հոգևոր կյանքում արթուն լինեք: Աղոթքի պահին Աստծու կամքը խնդրեք, իսկ որոշում կայացնելիս չվստահեք ձեր ուժերին ու խոսքին՝ առանց Աստծու:
Հարց. Ինչո՞ւ հատկապես Պետրոսին դիմեց, և ինչո՞ւ Սիմոն կոչեց, երբ տեսավ որ քնած են.
Տեղեկութիւններ
Տե՜ր Աստված իմ, հզոր եւ գթած, դու, որ քո անսահման սիրով ինձ ոչնչից ստեղծեցիր քո անիմանալի պատկերով եւ բարի պարգեւներով հոգում ես իմ բոլոր պետքերը, ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում քեզ ամեն բանի համար, որ տվեցիր ինձ ծննդյանս օրից մինչեւ այսօր: Բայց որովհետեւ մարդկային հանցանքների բերումով ապականված, տկար եւ սխալական բնություն ունեմ` աղաչո՜ւմ եմ ինձ քո շնորհքը եւ իմաստությունը տուր եւ քո զորությունը օգնական դարձրու ինձ, որպեսզի կարողանամ միշտ քո պատվիրանների փրկարար շավիղների մեջ քայլել եւ համակերպվեմ քո կամքին եւ օրենքին, որպեսզի զերծ մնամ հոգու ու մարմնի բոլոր վտանգներից ու փորձանքներից, հեռու մնամ բոլոր անմիտ սխալներից, համառության մոլությունից, անկարգ ցանկություններից եւ սեփական քմահաճույքներից: Որովհետեւ քո՛նն են փառքը, պատիւն ու զորությունը հավիտյանս հավիտենից:
Ամեն: