ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 14: 12-26
ՅԻՍՈՒՍ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՈՒՆ ՀԵՏ ԶԱՏԻԿԸ Կ՚ՈՒՏԷ
12 Բաղարջակերաց առաջին օրը, երբ զատիկը կը մորթէին, անոր աշակերտները ըսին իրեն. «Ո՞ւր կ՚ուզես որ երթանք պատրաստենք՝ որպէս զի զատիկը ուտես»։ 13 Յիսուս իր աշակերտներէն երկուքը ղրկեց ու ըսաւ անոնց. «Գացէ՛ք քաղաքը ու ձեզի մարդ մը պիտի պատահի՝ որ ուսին վրայ ջուրի սափոր մը կը տանի, գացէ՛ք անոր ետեւէն։ 14 Ուր որ մտնէ, տանը տիրոջը ըսէք. ‘Վարդապետը կ՚ըսէ, Ո՞ւր է օթեւանը, ուր աշակերտներուս հետ մէկտեղ կարենամ զատիկը ուտել’։ 15 Ան ալ ձեզի յարդարուած ու պատրաստ մեծ վերնատուն մը պիտի ցուցնէ. հոն պատրաստեցէք մեզի»։ 16 Աշակերտները գացին ու քաղաքը մտան եւ ինչպէս իրենց ըսաւ՝ այնպէս գտան եւ զատիկը պատրաստեցին։
17 Իրիկունը, տասներկուքին հետ մէկտեղ գնաց հոն։ 18 Երբ սեղան նստան եւ կ՚ուտէին, ըսաւ Յիսուս. «Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի թէ ձեզմէ մէկը որ հիմա ինծի հետ կ՚ուտէ, զիս պիտի մատնէ»։ 19 Անոնք սկսան տրտմիլ ու մէկիկ մէկիկ ըսել անոր. «Միթէ ե՞ս եմ». եւ ուրիշ մը՝ «Միթէ ե՞ս եմ»։ 20 Անիկա պատասխան տուաւ ու ըսաւ անոնց. «Տասներկուքէն ան, որ ինծի հետ իր ձեռքը պնակը խոթեց։ 21 Յիրաւի Որդին մարդոյ կ՚երթայ, ինչպէս գրուած է իրեն համար. բայց վա՜յ այն մարդուն, որուն ձեռքով Որդին մարդոյ կը մատնուի։ Աղէկ էր այն մարդուն որ ծնած չըլլար»։
ՏԷՐՈՋԸ ԸՆԹՐԻՔԸ
22 Երբ անոնք կ՚ուտէին, Յիսուս հաց առաւ, օրհնեց ու կտրեց եւ տուաւ անոնց ու ըսաւ. «Առէ՛ք, ա՛յս է իմ մարմինս»։ 23 Եւ գաւաթը առաւ, գոհացաւ ու տուաւ անոնց։ Ամէնքն ալ խմեցին անկէ։ 24 Ըսաւ անոնց. «Ասիկա է իմ արիւնս նոր ուխտի, որ շատերու համար պիտի թափուի։ 25 Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, Ասկէ յետոյ որթին բերքէն բնաւ պիտի չխմեմ մինչեւ այն օրը, երբ նոր գինին խմեմ Աստուծոյ թագաւորութեանը մէջ»։ 26 Օրհնութիւն մը երգելէ յետոյ Ձիթենեաց լեռը ելան։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս և բարի օր եմ մաղթում մեր եթերաժամի բոլոր մասնակիցներին: Երեկվա սերտողությունից մենք սովորեցինք, որ Աստված յուրաքանչյուրից պահանջում է ըստ իր կարողության և երկնքի արքայություն մտնելու դռները տարբեր են, և այդ դռները բացվում են բախողների առջև: Իրադարձությունները շարունակում են մնալ ծայրահեղ լարված վիճակում, մենք տեսանք, որ Հուդան արդեն հանցավոր համաձայնության է եկել քահանայապետների հետ՝ Հիսուսին մատնելու համար, իսկ վերջիններս Նրան սպանելու հարցում: Երուսաղեմը բազմամարդ է, և սպասված տոնի առաջին օրն է: Աշակերտները կամենում են իմանալ, թե որտե՞ղ կցանկանա զատկական ընթրիքը ուտել իրենց Վարդապետը: Տէր Հիսուս աշակերտներին մի զարմանալի հանձնարարություն է տալիս, իսկ աշակերտները առանց զարմանալու կատարում են այդ առաջադրանքը: Սա խոսում է այն մասին, որ Մարկոս ավետարանիչը կարևոր չի համարել մանրամասները գրել այս մասին, դրա համար թռուցիկ ներկայացրել է իրավիճակը, որ աշակերտները պետք է գնային քաղաք, և այդ պահին իրենց պետք է հանդիպեր մի մարդ, որի ուսին ջրի սափոր կա, և այդ մարդը, ո՛ր տունը որ մտներ, այդ տանտիրոջը աշակերտները պետք է ասեին վարդապետի ցանկությունը, և տանտերը նրանց ցույց կտար այդ իջևանը: Վարդապետը նույնիսկ նկարագրում է այդ վերնատան գեղեցիկ զարդարված լինելը: Ավետարանիչն ասում է, եկան այդ քաղաքը, գտան այդ վերնատունը, ինչպես որ ասել էր Վարդապետը, և պատրաստեցին զատկական ընթրիքը:
Մենք լավագույն դեպքում կարող ենք ենթադրել, քանի որ իրենք Բեթանիայում են, և այդ քաղաքը կարող է լինել Երուսաղեմը, իսկ թե ինչպե՞ս հանդիպեցին այն սափորով մարդուն՝ առանց զանգելու, կամ նախնական պայմանավորվածության, դժվա՛ր է կռահել: Միայն մի բան գիտեք, Տիրոջ բոլոր քայլերի մեջ խորհուրդ կա, որը պետք է հասկանալ: Սակայն հրեական ավանդությունը նույնպես չունի բացատրություն այս անորոշ հասցեի տիրոջ վերաբերյալ, բայց բացառում է, որ տղամարդը իր ուսին սափոր ունենար, քանի որ այդ պարտականությունը միայն կանանց էր վերապահված: Եթե կարիքը լինի, Տէրը մի օր կլուսաբանի մեզ համար այս հատվածի նշանակությունը, թե ինչի՞ համար էր պետք, որ արձանագրվել է այս մանրուք թվացող երևույթը: Այս պատմությունը նման է նախորդ գլխում հանդիպած ծաղկազարդի օրվան, երբ աշակերտներին ասաց, գնացեք մոտակա գյուղը և մի էշ կհանդիպեք ձեզ, արձակեք և բերեք: Գուցե սա էլ մի ուրիշ մարգարեություն է: Սիրելիներ, մեզ ավելի կարևոր է իմանալ Զատկական ընթրիքի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունը, որը հիմք հանդիսացավ նա՛և մեզ համար այսօր՝ Սուրբ Պատարագի և Հաղորդության Խորհրդի համար:
Երեկո եղավ, և Տէր Հիսուս Իր տասներկու աշակերտների հետ միասին եկան նշված վայրը, ուր պատրաստված էր զատկական ընթրիքը: Սեղան նստեցին բոլորը միասին, քանի որ Պասեքը սիրելի և սպասված մեծ տոն է հրեա ազգի համար: Քանի որ կարդացինք, որ բոլոր վայրերից Երուսաղեմ էին եկել հատուկ տոնին մասնակցելու և իրենց զոհաբերությունները կատարելու՝ մեկ անգամ ևս հիշելու իրենց ազատագրումը եգիպտոսի գերությունից: Աշակերտները դեռ ուտում էին, երբ Վարդապետը ընդմիջեց իր խոսքով, ասելով,- Ճշմարի՛տ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկը մատնելու է ինձ. նա, ով ինձ հետ իսկ ուտում է: Բոլորը սթափվեցին, բնականաբար դադարեցին ուտելուց, և շատ տրտմեցին: Ավետարանն ասում է,- մեկը մյուսի հետևից հարցնում են,- Մի՞թե ես եմ:
Սիրելիներ, մի պահ անդրադառնանք մի նրբության, որ ավետարանիչը հատուկ շեշտով նշել է, որ Հիսուս տասներկուսի հետ միասին էին: Իսկ սա նշանակում է, որ Հուդան նույնպես այդ սեղանի շուրջ էր: Ներքուստ իմանալով, որ արդեն խոստացել է մատնել Վարդապետին՝ ամենահարմար պահին: Հետևաբար վերջին ժամերին առավել պետք է ներկա լինի բոլոր հավաքներին, որպեսզի ստույգ տեղեկություն ունենա Վարդապետի գտնվելու վայրի մասին, որպեսզի տեղեկացնի քահանայապետներին: Այսպիսի ծանր հանցանք գործած մարդը կարող է հանգիստ նստել սեղանի շուրջ և հաց կիսել նրա հետ՝ ում մատնել է:
Աշակերտների զարմացած հարցից, թե՝ մի՞թե ես եմ, հայտնի է դառնում, որ իրենք անտեղյակ են ամեն բանից: Այստեղ նույնիսկ Պետրոսը իր սովորության համաձայն չի բացառում մատնություն փաստը:
Կարծես բոլոր աշակերըները վստահություն չունեն իրենց անձերի վրա, որ կարո՛ղ է դա իրենց հետ պատահել:
Ի՞նչ նշանակություն ունի ամեն տարի տոնել գերությունից ազատվելու ուրախությունը, երբ մարդը գերի է մեղքին: Այդ պահին իրենք ազատության մեջ են և տոնում են այդ ազատությունը, բայց բոլորն էլ ծառա են մեղքին՝ յուրաքանչյուրը իր չափով: Մենք հիմա հանգիստ խոսում ենք այդ մասին, որովհետև արդեն գիտենք պատմության մանրամասները, սակայն աշակերտները անտեղյակ են կատարվածից, և Գուցե չեն էլ նկատել, որ բորոտ Սիմոնի տնից Հուդան դուրս եկավ ու գնաց մատնելու: Չէին կարող կասկածել Հուդայի վրա, քանի դեռ չէին իմացել ճշմարտությունը: Տէր Հիսուս նորից խախտում է անորոշ լռությունը, և ասում,- Տասներկուսիցդ մե՛կը, որ ձեռքը ինձ հետ մտցրեց պնակի մեջ: Ճիշտ է, որ մարդու Որդին կգնա այս աշխարհից, ինչպես որ նրա մասին գրված է. բայց վա՛յ այն մարդուն, որի ձեռքով մարդու Որդին կմատնվի. լա՛վ կլիներ նրան, եթե այդ մարդը ծնված չլինե՛ր անգամ: Վստահ եմ, սիրելիներ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտովի իրեն պատկերացնում է այդ սեղանի շուրջ, և ճիշտ է անում, քանի որ այս Տիրոջ այս խոսքը վերաբերում է բոլորիս: Եթե մարդը իր կյանքում պետք է այսպիսի մի վատ արարք գործի, ավելի լավ է չծնվի, քանի որ նրա վախճանը ավելի վատ է լինելու:
Տէր Հիսուսի այս խոսքերը վերաբերում է ո՛չ միայն աշակերտներին, այլ՝ այսօր նաև մեզ՝ որ հարության տոն են նշում մեծ շուքով, բայց մեռած ենք մեղքերի մեջ: Քառասուն օր եկեղեցիներում բարձրաձայնում ենք ,, Քրիստոս հարյա՛վ ի մեռելոց,, և լսում ենք պատասխանը, թե՝ ,, Օրհնեալ է հարությունը Քրիստոսի: Այնուհետև եկեղեցուց դուրս գալուց հետո, զատկական ընթրիքի ժամանակ արդեն իսկ Քրիստոսի անունը չի հիշվում այդ սեղանին, էլ ուր մնաց, թե գործերի մեջ հիշվի:
Տէր Հիսուս նույնը կամեցավ աշակերտներին հասկացնել, որ ազատությունը միայն սեղանի պարունակությամբ տոնելը չէ, դուք ազատ չեք մեղքից ո՛չ մեկդ այս պահին, չնայած որ դուրս եք եկել Եգիպտոսի գերությունից: Դուրս եք եկել, սակայն չեք հիշում, որ փրկվեցին նրանք, որոնց դռների վրա գառան արյունն էր քսված՝ որպես նշան իսրայելացիների:
Անշուշտ զատկական ընթրիքի երեկոն արդեն տոնական չէր, բայց խորհուրդը պետք է կատարվի, քանի որ ժամեր անց մոտենալու է փորձության պահը: Հաց վերցնելով՝ օրհնեց և կտրեց, տվեց նրանց և ասաց,- ,,Առե՛ք, ա՛յս է Իմ Մարմինը,, այնուհետև բաժակը վերցնելով՝ գոհություն հայտնեց, տվեց նրանց, և բոլորն էլ նրանից խմեցին; Եվ Հիսուս նրանց ասաց,-,, Ա՛յս է նո՛ր ուխտի իմ արյունը, որ կթափվի շատերի համար: Այնուհետև դուրս եկան և գնացին ձիթենյաց լեռը…
Սիրելիներ, ձեզնից ո՞վ է հիշում այս խոսքերը՝ սուրբ հաղորդություն ստանալուց առաջ: Եթե հիշում եք այս խոսքերը, ապրում եք այս պահը՝ ընթրիքի պահին, ուրեմն մի կասկածեք, որ ձեր ստացած Սուրբ Հաղորդությունը կլինի ձեր մեղքերին քավություն և թողություն. և դուք այն շատերից մեկն եք, որոնց համար թափվեց Տիրոջ Սուրբ արյունը: Իսկ եթե չեք հիշում այս պահը՝ հաղորդվելուց առաջ, անդրադարձեք անպայման դրան և շտկեք ձեր սխալը, որովհետև դուք չեք հայտնվի այն շատերի ցանկի մեջ, որոնց համար թափվեց Տիրոջ Սուրբ արյունը: Եթե ուշադրությամբ լսեցիք, Տէր Հիսուս ասաց, Իմ արյունը կթափվի շատերի համար, չասաց՝ բոլորի համար: Այսինքն նրանց համար, ովքեր արժևորում են Հիսուսի մահը՝ իրենց մեղքերի պատճառով: Եվս մեկ կարևոր իրողություն կա այս ընթրիքի սեղանի հավաքույթի մեջ: Տէր Հիսուս գիտե, որ ժամեր հետո խաչն է բարձրանալու, բայց գոհություն է հայտնում Հորը՝ բաժակը վերցնելով: Մեզ մոտ այս մշակույթը չի ձևավորվում, որ հաց ուտելուց առաջ և հետո գոհություն հայտնենք մեզ կյանք Պարգևողին, մեր մեղքերի համար խաչը Բարձրացողին և հետո ունենք և խմենք: Տէր Հիսուս Գիտե, որ մարդ արարածի համար ուտելն ու խմելը կենսական նշանակություն ունեցող և ամեն օր կրկնվող երևույթ է, դրա համար հաստատեց խորհուրդը, որ դա անենք Իր հիշատակի համար, որպեսզի մեր մտքերը միշտ արթուն մնա ո՛չ միայն զատկական սեղանին, կամ պատարագի խորհրդին, այլ՝ ամեն ժամ, քանի որ մեր կյանքն է դա, ո՛չ թե արարողություն:
Սիրելիներ, բոլորս համոզված ենք, որ Տէր Հիսուս չէր կամենա այդպիսի անարգ մահով մահանալ, սակայն դա Երկնավոր Հոր Կամքն էր, որ լիներ մարդկության համար: Սա պատահել է, 2021 տարի առաջ: Մենք չգիտենք, թե այս երկու հազար տարին Տիրոջ համար ինչքա՞ն ժամանակ է, բայց պատվեր ունենք մի՛շտ արթուն լինելու: Մենք այսօր հոգնել ենք սպասելուց, և արդեն արթուն չենք սպասում Տիրոջը: Հիշեք, թե ի՛նչ պատահեց անապատում, երբ Մովսեսը լեռ բարձրացավ և ուշացավ քառասուն օր: Մարդիկ հոգնեցին սպասելուց, և իրենց համար հորթ ձուլեցին, և պատմությունը գիտեք, թե ինչ պատահեց իրենց հետ:
Հուդան ակնկալում էր Քրիստոսից թագավորություն և իր համար հարմար մի պաշտոն, բայց հոգնեց սպասելուց, և սատանան օգտագործեց նրա ներքին անձնական ցանկությունը և համբերելու անկարողությունը ու մոտեցավ Հուդային: Սատանան հուշարար է իր գեղեցիկ առաջարկներով, սակայն ո՛չ բռնանալով: Եթե սատանան իշխանություն ունենար իր ուժերով մարդուն տապալելու, երբեք մի կասկածեք, որ դա արել էր վաղուց: Ուղղակի սատանան կարող է մոտենալ մարդուն՝ միայն մարդու ներքին չար մտածումների, չար խորհուրդների և չար ծրագրերի միջոցով:
Այսօր մեր երկիրը կանգնած է լրջագույն խնդրի առջև, առջևում նոր ընտրություններ են: Յուրաքանչյուրը իր սուտը գեղեցիկ փաթեթավորված ներկայացնում է հանրությանը՝ հերթական ծուղակի համար:
Իսկ մի՞թե մեր հանրությունը իր հոգևոր առաջնորդի հետ միասին միայն Աստծու կամքն է խնդրում ապաշխարությամբ, որպեսզի գուցե Աստված ների մեզ և մի աստվածավախ առաջնորդ ընտրի մեզ համար:
Տէր Հիսուս միայն Երկնավոր Հոր կամքը խնդրեց՝ խաչվելուց առաջ: Մենք անվերջ խաչվում ենք, սակայն Աստծու կամքը չենք փնտրում: Հեսուն առանց Աստծու կամքը հարցնելու ուխտ կնքեց Գաբավոնացիների հետ, և նրանք իրեն խաբեցին նենգաբար: Մովսեսից հետո Հոսուն պետք է առաջնորդեր ժողովրդի մնացորդին դեպի խոստացված երկիր: Տէր Հիսուսի նոր ուխտը դրա շարունակությունն է, որը կատարվեց Իր արյունով՝ Իրեն հավատացողների համար: Զատկական սեղանի վրա կար խորհրդանիշներ՝ ի նշան Եգիպտոսից դուրս գալու, դառը խոտը որպես հիշողություն Եգիպտոսի դառը կյանքի, և զատկական գառը՝ որը Հիսուս Քրիստոսի խորհուրդն է նոր ուղտի համար և հացը, որը նույնպես Քրիստոսի մարմնի խորհուրդն է:
Սիրելիներ այն, ինչ պատահել է քսան դար առաջ, դժբախտ պատահար չէր: Հիսուս Քրիստոս կամավոր գնաց այդ զոհողությանը իր Երկնավոր Հոր կամքի համաձայն: Այլապես կնզովեր Հուդային՝ թզենու պես և դուրս կաներ վերնատնից, սակայն նույնիսկ Հուդային հնարավորություն տրվեց զերծ մնալու մեղքից: Այսօր էլ աշխարհում ամեն ինչ կատարվում է Աստծու թույլատու կամքի համաձայն: Ուղղակի Աստված հետևում է, թե մարդկանցից ո՛վ ո՞ւմ դերում է, և ներկա ժամանակը այն հնարավորությունն է, որպեսզի հուդաները զղջան, բայց անհուսությունից չմեռնեն: Քահանայապետները հավատան, որ Գալու է Տէրը Երկրորդ անգամ և այլևս չի բացատրելու օրենքն ու մարգարեությունները, և Ավետարանները: Որպեսզի Եկեղեցու սպասավորները հիշեն ամեն օր, որ Տէրն ասաց, եթե սիրո՛ւմ եք Ինձ, արածեցրեք իմ ոչխարներին: Իսկ Քրիստոսի հոտը պարտավոր է արթուն լինել ամեն ժամ և աղոթել, որպեսզի փորձության ժամին պատվով դուրս գան այնտեղից: Քրիստոսն է Աստծու Գառը, որ վերցրեց մեր մեղքերը Իր վրա…
Սիրելիներ, ավարտենք այսօր մեր սերտողությունը Ավետարանի լուսեղեն մտքերը ամփոփելով:
Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզ երբեք չլքի, որպեսզի Իր Մարմնի և Արյան Հաղորդության ժամանակ ձեր միտքը արթուն լինի այս խոսքերի նկատմամբ: Իսկ մեր Տէր Հիսուս Քրիստոսին վայել է փառքը, իշխանությունը և զորությունը՝ Հոր և Սուրբ հոգու հետ միասին:
Հարց. Ո՞րն է Նոր ուխտը՝ քրիստոնյաներիս համար:
Տեղեկութիւններ
Եւ արդ, Տէր իմ, լուա՛ ինձ մեղքերից եւ մաքրի՛ր այս գարշաշաղախ տիղմից: Քեզ խնդրեցի եւ Քեզ եմ աղաչում, լցրո՛ւ իմ փագման կարօտութիւնը, խառնի՛ր ինձ սուրբերի դասին եւ արդարների ժողովին, ովքեր յարաժամ վայելում են Քո ցանկալի տեսութիւնը: Եւ չեմ հայցում, ինչպէս համարձակերես բարեգործ մէկը, այլ՝ աղերսելով թախանձում, ինչպէս պարտապանը եւ բազմամեղը: Չեմ համարձակւում ինչպէս մաքուրը, այլ՝ աղաչում՝ մաքրի՛ր իմ գարշահոտութիւնը Քո մաքրութեամբ, քանզի բռնուած եմ իմ անթիւ մեղքերի բազմութիւններով, եւ իմ անօրէնութեան ամբոխներն ինձ հանապազ հեղձում են, սիրտս ճմլում եւ մարմինս ու ոսկորներս հալեցնում ու մաշեցնում. ուստի հանապազ թախանձում եմ՝ պաղատելով, աղաչելով եւ աղերսելով, քանզի Դու իմ Հայրն ես ու Տէրը, արարիչը եւ ստեղծողը, և Քեզ վայելում է փառքը, պատիվը, իշխանությունը և զորությունը հավիտյանս հավիտենից.