ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 14: 1-11
ԴԱՒ ՅԻՍՈՒՍԻՆ ԴԷՄ
1 Երկու օր յետոյ զատիկ ու բաղարջակերք էր. եւ քահանայապետներն ու դպիրները կը խորհէին թէ ի՞նչ նենգութեամբ բռնեն զանիկա ու մեռցնեն։ 2 Բայց կ՚ըսէին. «Ոչ տօնին ատենը, որպէս զի ժողովուրդին մէջ խռովութիւն չըլլայ»։
ՅԻՍՈՒՍԻՆ ՕԾՈՒՄԸ ԲԵԹԱՆԻԱՅԻ ՄԷՋ
3 Երբ ինք Բեթանիա էր՝ բորոտ Սիմոնին տունը՝ սեղան նստած, կին մը եկաւ, որ շիշ մը պատուական սուղ նարդոսի իւղ ունէր։ Կոտրեց այն շիշը ու իւղը անոր գլխուն վրայ թափեց։ 4 Կային ոմանք, որ կը նեղուէին ու կ՚ըսէին. «Ինչո՞ւ համար եղաւ այդ իւղին կորուստը, 5 Քանզի այդ [իւղը] երեք հարիւր դահեկանէն աւելի կրնար ծախուիլ ու աղքատներուն տրուիլ»։ Եւ սաստիկ կը յանդիմանէին զանիկա։ 6 Բայց Յիսուս ըսաւ. «Թող տուէք ատոր, ինչո՞ւ անհանգիստ կ՚ընէք, ատիկա բարի գործ մը գործեց ինծի։ 7 Վասն զի աղքատները ամէն ատեն ձեզի հետ ունիք ու երբ ուզէք՝ կրնաք անոնց բարիք ընել, բայց զիս ամէն ատեն չունիք։ 8 Ատիկա ինչ որ ունէր՝ ըրաւ։ Առաջուընէ իմ մարմինս օծեց իմ թաղումիս համար։ 9 Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, թէ բոլոր աշխարհի մէջ, ուր որ այս աւետարանը կը քարոզուի, ատոր ըրածն ալ պիտի յիշուի՝ իրեն յիշատակ ըլլալու համար»։
ՅՈՒԴԱՆ ՅԻՍՈՒՍԸ ՄԱՏՆԵԼ ԿԸ ՀԱՄԱՁԱՅՆԻ
10 Յուդա Իսկարիովտացի, տասներկուքէն մէկը, գնաց քահանայապետներուն, որ զանիկա մատնէ անոնց։ 11 Անոնք ալ լսելով ուրախացան ու իրեն ստակ ալ խոստացան։ Ան կը փնտռէր յարմար պատեհութիւն մը, որ մատնէ զանիկա։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Երեկվա սերտողության մեջ մենք լսեցինք բազմաթիվ արթնության կոչեր՝ գալիք փորձություններին դիմագրավելու պատճառով, որովհետև փորձությունները անպայման գալու են, իսկ Քրիստոսին հավատացող մարդիկ պետք է կարողանան համբերել մինչև վերջ: Մինչև այս գլխին հասնելը մենք բավական ծանոթացանք օրեցօր զարգացող իրադարձություններին և կածես մենք էլ աշակերտների հետ միասին քայլում ենք Հիսուս Քրիստոսի հետ: Տեսնում ենք, թե՝ ինչպես են քահանայապետները ստվերի պես հետապնդում Քրիստոսին, քանի որ գիտեին, որ Նա ճիշտ է խոսում ամեն բան, հա՛տկապես տաճարը ավազակների որջ անվանելու փաստը: Իրենք շատ լավ գիտեին, որ իրենց արարքը՝ տաճարում առևտուր անելու, անթույլատրելի է, սակայն նաև շատ լավ գիտեին, որ մինչ այդ պահը ո՛չ ոք չէր համարձակվել իրենց նկատողություն անել տաճարում առևտուր անելու համար: Իրենք նաև համոզված էին, որ միայն Մեսիան իշխանություն ունի այդպիսի արգելանք դնի իրենց վրա, դրա համար հարցնում էին, թե ի՞նչ իշխանությամբ ես դա անում: Մենք տեսանք նաև պարզ ու անուս ժողովրդին, որը Քրիստոսից միայն բժշկություն էր ակնկալում: Եղան նաև մարդիկ, որոնք սիրով լսում էին Նրա ուսուցումները:
Մի խոսքով ամեն ինչ մեզ համար պարզ է, թե ո՞րն է չար միտում, ո՞րն է ազնիվ մոտեցում: Մենք գիտենք նաև Հիսուս Քրիստոսի վերաբերմունքն ու տրամադրվածությունը այդ բոլոր մարդկանց նկատմամբ: Աշակերտները Հիսուսի հետ են, ո՛ւր որ նա գնում, և կարծես ամեն նոր տեղ գնալիս, աշակերտները կարծում են, թե դա վերջին հանդիպումն է: Մարկոս ավետարանիչը մեզ ուղեկցեց մինչև այս պահը, որ Մեծ տոնին մնացել է ընդամենը երկու օր, և Երուսաղեմ քաղաքը լցված է հազարավոր ուխտավորներով: Նախորդ սերտողությունների ժամանակ ես ձեզ ասացի, որ աշխարհի բոլոր ծայրերից հրեաները հավաքվում են Երուսաղեմ՝ մեծ շուքով նշելու իրենց Զատիկը, որ նաև կոչվում էր Բաղարջակերաց տոն: Այս տոնը Նրանք նշում են ամեն տարի ի նշան Եգիպտոսի գերությունից ազատագրվելու : Հիշո՞ւմ եք, Տաճարի մեջ լումայափոխներ կային, որոնց Տէր Հիսուս վռնդեց: Գիտե՞ք թե ինչո՞ւ էին այդ լումայափոխները տաճարում նստում: Որովհետև դրսից եկած ուխտավորները իրենց երկրի դրամներով էին գալիս Երուսաղեմ, և որպեսզի տաճարում զոհաբերություն կատարեին, պետք է որ իրենց ձեռքի դրամը փոխեին Երուսաղեմի դրամով, որը կոչվում է Շեկել: Սա ուղղակի հիշեցման կարգով ձեզ ասացի, որ իմանաք, թե ո՛րը ինչի՞ համար է տեղի ունեցե:
Հոգևոր առաջնորդների լարվածությունը և ատելությունը Քրիստոսի նկատմամբ չի մեղմացել առհասարակ, հակառակը մտահոգվում են այն բանի համար, որ կարող էին ավելի արագ սպանել նրան, եթե տոնը մեջտեղ չգար: Իսկ տոնը խանգարում էր նրանով, որ Երուսաղեմը բազմամարդ էր այդ օրերին և անկարելի էր որ ժողովրդի մեջ խռովություն առաջանա. Տեսեք նրանց չար միտումը. նախ՝ Հիսուսին սպանելու հարցում, երկրորդը՝ ո՛չ թե ժողովրդի սիրելիին սպանելու համար էին վախենում, այլ հռոմեական զինված ուժերից, որովհետև աղմուկի դեպքում անմիջապես կլցվեին Երուսաղեմ: Կարելի էր մի հարց տալ քահանայապետին,- Եթե ձեր որոշումը նենգ է, ինչո՞ւ եք անում, իսկ եթե արդար բան է, ինչո՞ւ տոնին չեք անում, որ բոլորը տեսնեն; Քահանայապետերը ժամ առաջ ուզում էին սպանել Հիսուսին, քանի որ ժողովուրդը շրջվել էր Հիսուսի կողմը, և հավատում էր Նրան: Իսկ Տէր Հիսուս ժողովրդի ներկայությամբ էր մերկացնում փարիսեցիներին և բացահայտում նրանց իրական կերպարը, որպեսզի ժողովուրդը չխափվեին քահանայապետի կոչումից: Սիրելիներ, ուշադիր եղեք այստեղ, Աստծու Որդին, որը սպասված Մեսիան էր, մերկացնում, քննադատում էր քահանայապետին՝ չխնայելով նրան, որպես տարվա քահանայապետ, կամ Աստծու օծյալ: Եթե սխալ է տարվա քահանայապետը, ուրեմն պետք է պատասխան տա իր սխալի համար, որովհետև քահանայապետի գաղջության պատճառով ժողովուրդը չկարողացավ միանգամից ճանաչել Մեսիային ու ընդունել: Իսկ եթե մեր օրերում փորձենք օրվա քահանայապետի որևէ բացթողում մատնացույց անել ի շահ եկեղեցու և հավատացյալի կրթության, անպայման հայտնվում են կաթողիկոսական լիազորներ և ասում, որ Աստծու օծյալին չի՛ կարելի նկատողություն անել: Մինչդեռ Հիսուս Քրիստոս նրանց սպիտակեցրած գերեզման էր անվանում իրենց վարքի պատճառով: Մինչդեռ ամենամեծ վտանգը քահանայապետի սխալ գործունեություն ծավալելու մեջ է կայանում, քանի որ բոլորը նրան են ենթարկվում: Ինչևէ: Տեսնենք, թե ի՞նչ զարգացումներ եղան հետո, երբ օրենսգետները դեռ խուճապի մեջ են՝ իրենց որոշումների հետաձգվելու պատճառով: Իսկ Տէր Հիսուս այս պահին Բեթանիայում էր՝ բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, իմանալով որ դա՛վ է պատրաստվում իր սպանության համար: Սա այն բորոտ Սիմոնն էր, որ բուժվել էր Հիսուսի ձեռքով: Տեսեք սիրելիներ, Երուսաղեմում Քրիստոսին ընդունող չկար, Նա կամ Ղազարոսի տանն էր, իսկ այսօր էլ Սիմոնի տանը: Չնայած, որ Բեթանիան շատ մոտ էր Երուսաղեմին: Բայց Տէր Հիսուս նախընտրում էր պարզ մարդկանց հետ սեղան նստել:
Այդ ժամանակ Սիմոնի տուն եկավ մի կին, որը ձեռքին ուներ Նարդոսի թանկարժեք յուղով լեցուն մի շիշ: Բերեց և այդ յուղը թափեց Հիսուսի գլխին: Մի պահ կանգ առնենք այստեղ, և տեսնենք, թե ո՞վ էր այս կինը: Ի՞նչ իրավունք ուներ դա անելու, և ի՞նչ է սա խորհուրդը: Մեկնիչներից ոմանք ասում են, որ այս կինը Մարիամ Մագդաղենացին է եղել, մյուսները ասում են, որ անբարո կին է եղել, սակայն Մարկոս ավետարանիչը ասում է մի կին եկավ, և մենք համամիտ ենք Մարկոս ավետարանչի հետ, քանի որ այստեղ կնոջ ինքնությունը չէ՛ կարևոր, այլ Քրիստոսի խոսքը: Ավանդությունն ասում է, որ հրեա կանայք սովորության համաձայն, իրենց տնտեսած խնայողությունից անպայման իրենց համար այդ թանկարժեք յուղից ունենում էին՝ որպես մարմնի խնամքի միջոց: Մի՛ զարմացեք, որովհետև այսօր մարմնի խնամքի պարագաները անթիվ անհամար են դրա համեմատ; Այս կինը որոշեց, որ իր համար ամենաթանկը պետք է նվիրաբերի Հիսուս Քրիստոսին, և յուղով օծեց Նրա գլուխը: Աշակերտները հավանություն չտվեցին կնոջ արարքին, քանի որ կարծեցին, որ կարելի էր վաճառել, և աղքատներին կարելի էր օգնել դրանով: Գուցե չմտածեցին, որ այդ կինը աղքատների տե՛ղն էլ գիտեր, Հիսուսի տե՛ղ էլ գիտեր, եթե Հիսուսի համար է բերել, ուրեմն իրենից էր զրկել, որ բերել է իր համար ամենաթանկը:
Գիտեք, սիրելիներ, կարելի է գեղեցիկ զուգահեռներ տանել արարչագործության սկզբից մինչև Քրիստոսի հարություն՝ կանանց դերի վերաբերյալ: Աշխարհում առաջինը կնոջ աչքերը տեսան տղամարդուն՝ Ադամին: Առաջինը կինը օծեց աշխարհի Փրկչի գլուխը: Առաջինը սամարացի կնոջը հայտնեց, որ Ինքն Հիսուս Քրիստոսը: Տէր Հիսուս հարությունից հետո առաջինը կնոջը երևաց:
Ա՛յս կնոջ արարքը պիտի պատմվի ամբողջ աշխարհում, երբ քարոզվի Ավետարանը:
Մեկ այլ տեսանկյունից էլ կարելի է նայել այս երևույթը: Կինը գիտեր, որ այդտեղ գտնվողը Հիսուս Քրիստոսն է, գուցե սա զղջման և հատուցման լավագույն օրինակ է նաև, չգիտենք: Բայց կարող ենք մտածել, որ զղջացող կինը օծեց Մեսիային գլուխը, մինչդեռ քահանայապետերը պատրաստվում են սպանել Մեսիային:
Երբ աշակերտները զայրանում էին կնոջ վրա, նրա թույլ տված շռայլության համար, Տէր Հիսուս նորից հիշեցրեց աշակերտներին, որ Ինքը միշտ իրենց հետ չի՛ լինելու, սակայն աղքատները մնայուն ներկայություն են հասարակության մեջ, կարող են օգնել նրանց, երբ որ կամենան: Այստեղ ևս մի գեղեցիկ դաս ունենք մենք, երբ մատնացույց ենք անում հարուստի ունեցվածը, թե ինչո՞ւ չի բաժանում աղքատներին:
Այս մտքի վերաբերյալ մի գեղեցիկ պատում կա, ասում է, մի քահանա, ողորմության թեմայի մասին քարոզի ժամանակ իր հավատացյալներին հանձնարարում է, որ հաջորդ օրը, երբ տնից դուրս գան, առաջին պատահած աղքատին տասը դոլար տան և անցնեն, առանց մանրամասնելու, թե ինչումն է բանը և հեռանան, որպեսզի հաջորդ կիրարկի օրը կքննարկենք այդ թեման ավելի մանրամասն: Կիրակի օրը եկեղեցին գրեթե դատարկ էր: Ո՞ւր էին օգնողները: Լա՛վ, չշեղվենք բուն թեմայից:
Իսկ կնոջ արարքը բարի գործ համարեց իր համար Տէր Հիսուս, թեպետ ասաց, որ դա արեց ի նշան պատանքվելու: Մինչ բորոտ Սիմոնի տանը Հիսուս Քրիստոսի մահվան և պատանքվելու խորհրդանիշ օծումը կատարվեց, այս բարի գործին զուգահեռ կատարվեց ևս մեկ չար գործ: Հուդան գնաց հանդիպելու քահանայապետների հետ, որպեսզի պայմանավորվի մատնության գնի մասին: Իսկ նրանք անչափ ուրախացան, երբ լսեցին այդ մասին, քանի որ Հուդան ամենահարմար թեկնածուն էր, որովհետև մանրամասն գիտեր Հիսուսի գրաֆիկը, թե ո՛ր ժամին որտե՛ղ է լինում: Նրանք Հուդային դրամ խոստացան, Հուդան նրանց արդարի արյուն խոստացավ: Պայմանագիրը կնքված է չարի կնիքով:
Սիրելիներ փառք Աստծուն, որ ավետարանիչների միջոցով այս աշխարհացունց պատմությունը հասավ մեզ և մենք տեղեկացանք, թե չար ուժերի միավորումը ի՛նչ արհավիրք կարող է գործել; Այսօր էլ միայն Աստծուն է հայտնի, թե փակ դռների հետևում քանի հուդա մատնում են արդարներին: Այսօր էլ միայն Աստված գիտե, թե քանի՞ օրենսգետ պատրաստ են վճարել հուդային, որը իրենց ձեռքը կհանձնի, իրենց գերազանցող մրցակցին:
Սիրելիներ 14րդ գլուխը բավական ծանր իրադարձություններով հարուստ գլուխ է և մոտենում են Տիրոջ կյանքի ավարտի օրերը: Ի՞նչ կարող ենք վերցնել այսօրվա՛ սերտողությունից: Նախորդ գլուխներում տեսանք, թե՝ Հիսուսին մոտեցող և Աստծու արքայության մասին խոսող մարդկանցից՝ որին ի՛նչ պայման առաջարկվեց: Օրինակ Հարուստին առաջարկվեց վաճառել ունեցվածքը, հավիտենական կյանքի համար, օրենսգետին ասաց, թե՝ մոտ ես Աստծու արքայությանը, երբ նա ընդամենը մեկ պատվիրան ասաց: Երկու աշակերտներին իր բաժակն ու իր մկրտությունը առաջարկեց՝ իր աջ ու ձախում նստելու համար: Իսկ այս կինը, նույնիսկ մի բառ չխոսեց: Ուղղակի լուռ կատարեց իր մտքում եղածը, որը նույնպես մեզ հայտնի չէ: Իսկ այս կինը արժանացավ աշխարհով մեկ քարոզվելու և նրա մասին պատմելու: Չնայած, որ նրա անունն էլ գրված չէ, սակայն երևույթը՝ օրինակելի է: Սա ևս մեկ դաս է, հասկանալու համար, որ բոլորից նույնը չի պահանջվում Աստծու արքայությունը մտնելու համար:
Այս գլխի մեջ ևս մի կարևոր, բայց գաղտնի քայլ կատարվեց: Սիմոնի տանն են բոլորը: Հանկարծ Հուդան առանձնանում է և որոշում է կայացնում Հիսուսին քահանայապետներին մատնելու, և գնում է նրանց մոտ: Ի՞նչ կատարվեց Հուդայի հետ, ո՛չ ոք չգիտե, քանի որ չարի քայլերը անկանխատեսելի են:
Գուցե լուռ հետևում էր Հիսուսին, և տեսավ, որ նա իր մահվան մասին է խոսում այդ կնոջ արարքից հետո, և ո՛չ մի ակնկալիք չտեսավ Հիսուսի խոսքերի մեջ, թագավորին վայել: Հատկապես, որ երեք հարյուր դահեկանի յուղը չափսոսեց իր գլխին թափելու համար: Հովհաննես առաքյալը հիշեցնում է, որ կնոջ վրա առաջին բարկացողը Հուդան էր՝ յուղի վատնելու պատճառով; Գուցե Հուդան մտածում էր, որ շուտով Հիսուս մահանալու է, հիմա իսկական ժամանակն է, որ հրեշտակների գնդեր հրավիրի երկնքից և փրկի իրե՛ն և իրե՛նց, բայց տեսնում է, որ Հիսուս բոլորովին այլ քայլեր անում: Որոշեց իր մտքում, որ սա չի կարող Մեսիա լինել և գնաց մատնելու, քանի որ սատանան արդեն տեղավորվել էր նրա սրտում, մտքում, և քայլերի մեջ; Սիրելիներ, մենք չենք կարող չարին հասկանալ, բայց կարող ենք հասկանալ, որ նա կա, գործում է, և մենք այսօր բավական խոսեցինք այդ մասին: Ավարտենք այստեղ մեր սերտողությունը, և հետաքրքրությամբ սպասենք վաղվա զարգացող իրադարձություններին:
Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն, որպեսզի այս կնոջ լուռ զգացողությունը ունենաք զղջման պահին և ձեր կատարյալ զղջումը գնահատվի Հիսուս Քրիստոսի կողմից, և Նրան փառք հավիտյանս հավիտենից: Ամեն.
Հարց. Ի՞նչ տոն է Զատիկը հրեաների համար:
Տեղեկութիւններ
Աղօթք Միածին Որդուն
Ամէն կողմից տարակուսանքներով շրջապատուած՝ սրտով պղծուածներս եւ ունկնդրութեան կարօտեալներս Քեզ ենք նայում, մեր տկար բնութիւնը կրած քահանայապե՛տդ Յիսուս:
Ո՜վ Դու, որ մեզ համար մեղապարտ եղար, որպէսզի մենք Քեզանով արդարանանք: Ո՜վ Դու, որ մեզ համար երկրաւոր եղար, որպէսզի մենք Քեզանով երկնաւորներ լինենք:
Ո՜վ Դու, որ մեզ համար հաց եղար, որպէսզի մենք, Քեզ ճաշակելով, սրբուենք: Տո՛ւր Քո ցաւերով լի Մարմինը՝ ամենայն սրտի սրբարար կերակուր:
Մատռուակի՛ր Քո Արեան անմեղ վտակը՝ կաթեցնելով ի յագուրդ անմեղութեան մարդկանց որդիների:
Մեկնի՛ր աշխարհի ծովում թաղուածներիս Քո փրկական խաչը՝ առ Քեզ վեր հանող:
Կարօտ ենք շնորհի, սփռի՛ր, լքուած մնացինք գործերից, քաւ՛ր, խարխափում ենք խաւարում, ճառագայթի՛ր, ընկանք հաւատից, հաստատի՛ր:
Դո՛ւ ես յոյս, Դո՛ւ ես լոյս, Դո՛ւ ես կեանք, Դո՛ւ ես քաւութիւն, Դո՛ւ ի՛նքն իսկ անմահութիւն:
Քեզ են սպասում Քո շնորհներին ապաւինողները, Քեզանից փրկութիւն ստանալու կարօտ են Քո Մարմնին խառնուածները,
Քեզ ունի որպէս քաւիչ քահանայ Քո Արեամբ գնուած Քո հօտը:
Նայի՛ր ամենքին, սփոփի՛ր մեր տարակուսանքները Քո չարչարանքներով,
հանդարտեցրո՛ւ մեր խռովութիւնը Քո խաղաղութեամբ,
հանգստացրո՛ւ մեր հոգնութիւնը Քո օթեւաններում, ուր Դու գնացիր, ո՜վ Տէր, եւ խոստացար:
Արժանացրո՛ւ իւրայիններիդ փառաւորել Քեզ այդտեղ Հօր եւ Սուրբ Հոգու հետ յաւիտեանս. ամէն: