ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 13:24-37
ՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ ԳԱԼՈՒՍՏԸ
24 «Բայց այն օրերը այն նեղութենէն յետոյ արեգակը պիտի խաւարի ու լուսինը իր լոյսը պիտի չտայ։ 25 Եւ աստղերը երկնքէն պիտի թափթփին ու երկնքին մէջի զօրութիւնները պիտի շարժին։ 26 Այն ատեն Որդին մարդոյ պիտի տեսնեն ամպերու մէջ եկած մեծ զօրութեամբ եւ փառքով։ 27 Այն ատեն իր հրեշտակները պիտի ղրկէ եւ իր ընտրեալները պիտի ժողվէ չորս հովերէն, երկրի ծայրէն մինչեւ երկնքի ծայրը»։
ԹԶԵՆԻԻՆ ԴԱՍԸ
28 «Թզենիէն առակ մը սորվեցէք. երբ անոր ոստերը կը կակուղնան ու տերեւները կը ցցուին, կը հասկնաք թէ՝ ամառը մօտ է։ 29 Նոյնպէս ալ դուք երբ այս բաները եղած տեսնէք, գիտցէք թէ մօտ է դռներուն քով։ 30 Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, թէ այս ազգը պիտի չանցնի, մինչեւ որ այս ամէն բաները ըլլան։ 31 Երկինք ու երկիր պիտի անցնին, բայց իմ խօսքերս բնաւ պիտի չանցնին»։
ՈՉ ՈՔ ԳԻՏԷ ՕՐԸ ԵՒ ԺԱՄԸ
32 «Իսկ այն օրուան ու ժամուն համար մէ՛կը չի գիտեր, ո՛չ երկնքի մէջ եղող հրեշտակները եւ ո՛չ Որդին. հապա՝ միայն Հայրը։ 33 Զգո՛յշ կեցէք, արթո՛ւն մնացէք եւ աղօթք ըրէք, վասն զի չէք գիտեր ատենը ե՞րբ է։ 34 Ինչպէս օտար երկիր գացող մարդ մը իր տունը կը թողու ու իր ծառաներուն իշխանութիւն կու տայ եւ ամէն մէկուն իր գործը ու դռնապանին կ՚ապսպրէ որ արթուն կենայ։ 35 Ուրեմն արթուն կեցէք, վասն զի չէք գիտեր թէ ե՞րբ պիտի գայ տանտէրը, իրիկո՞ւնը՝ թէ կէս գիշերին՝ հաւախօսի՞ն՝ թէ առտուն։ 36 Չըլլայ որ յանկարծակի գայ ու ձեզ քունի մէջ գտնէ։ 37 Եւ ինչ որ կ՚ըսեմ ձեզի՝ ամենուն կ՚ըսեմ. ‘Արթո՛ւն կեցէք’»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Երեկ մենք ծանոթացանք մեծ նեղության օրերի՝ թերևս մի քանի սոսկալի արհավիրքների հետ, որոնք վերաբերում են ինչպես տաճարի ավերմանն ու Երուսաղեմի գրավմանը, նույնպես էլ վերաբերում են մեր օրերին և դեպի աշխարհի վախճանը գնացող ժամանակաշրջանին; Մեղքերը չեն փոխվել դարերի ընթացքում, ուսուցումը չի դադարել դարերի ընթացքում, արհավիրքները չեն դադարել դարերի ընթացքում, նույնպես և անփոփոխ են մնացել Աստծու նախազգուշացումները վախճանի մասին և խոստումները իրեն հետևողներին: Աշխարհի գլխավոր իրադարձությունը եղել է և մնում է Հիսուս Քրիստոսի Հարության ուրախությունը:
Հանապազօրյա Հաց հաղորդաշարի հետևորդներս մեր առջև նպատակ ենք դրել սերտել Ավետարանները, ավելի լավ հասկանալու համար Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու նպատակը մեր կյանքից ներս: Մեր միակ և եզակի գլխավոր նպատակն է հանդիպել մեր Փրկչին: Եթե որևէ մեկին թվում է, թե այդ նպատակը անհասանելի է, թող չփոխի նպատակը, այլ փոխի նրան հասնելու մեթոդն ու ձևերը: Մենք արդեն ճանապարհ ենք ընկել և մեզ ոչինչ չի կարող խանգարել հասնելու նպատակակետին: Հակառակը, պետք է ճանապարհից մեզ հետ վերցնենք նրանց, որոնք հետաքրքրված են մեր ուղևորությամբ: Աստված իրեն փնտրողների ճանապարհը ուղիղ է անում, և արդարության ճանապարհը փնտրողներին օգնում է հաղթահարել ընթացիկ խոչնդոտները՝ առանց վնասվելու:
Այսօրվա սերտողության մեջ Մարկոս ավետարանիչը խոսում է Մարդու Որդու գալուստի մասին, և ասում է, որ այդ նեղություններից հետո արեգակը պիտի խավարի, և լուսինն իր լույսը չպիտի տա: Աստղերը երկնքից վայր պիտի թափվեն, և երկնքում զորությունները պիտի շարժվեն;
Երեկվա սերտողությունն այն մասին էր, որ Հիսուս Քրիստոս աշակերտներին հայտնում է մի մարգարեություն, որը պիտի կատարվի Իրենից մոտ քառասուն տարի հետո: Աշակերտները լսեցին, գուցե նաև հասկացան, սակայն ապրեցին այդ խոսքերը, երբ որ իրենց աչքերը տեսան այդ ավերվածությունները և այն հալածանքները, որոնց մասին զգուշացնում էր իրեն Վարդապետը: Աշակերտները նախ՝ լսեցին, հետո ականատես եղան ու զարհուրած գրեցին Ավետարանները՝ հետագա սերունդների համար: Մենք, որ հետագա սերունդներից ենք, հիմա կարդում ենք և աշակերտների տեսածի մասին և այն, ինչ որ պիտի պատահի մեզ հետ: Սակայն նայելով աշխարհի կառավարման ձևին, ամենևին չի երևում, որ հետագա սերունդները ակնածանք ունենք Սուրբ Գրքի գրվածքի և առհասարակ Հիսուս Քրիստոսի խոսքի հանդեպ: Երկրների ղեկավարները իրենց առավել են դասում Աստծուց, և պատերազմով պատժում են՝ ո՛ւմ չեն սիրում, օգնում են ում ուզում են: Անում են՝ այն, ինչ կամենում են, և ոչ թե այն ինչ անհրաժեշտ է: Քրիստոնեական եկեղեցին աստիճանաբար մտնում է Էկումենիկ շարժման մեջ, որտեղ հավաքված մարդկանց մեծամասնությունը համախոհ չեն Հիսուս Քրիստոսի վարդապետությանը, այլ՝ մոտ են ժամանակակից քաղաքակրթության առաջարկած դրույթներին: Այս բոլորը կատարվում է Աստծու ամենատես աչքի առջև:
Եթե հետևենք աշխարհի անցուդարձին, ապա հասկանալի կլինի, թե ինչու պետք է այդ օրերին արևը խավարի և լուսինը իր լույսը չպիտի տա: Կամ ինչու աստղերը պիթի թափվեն երկնքից: Եթե չմտնենք աստվածաբանական խորը վերլուծությունների մեջ, այլ պարզ մարդկային տրամաբանությամբ կռահենք, ապա ինչո՞ւ արեգակը պետք է շարունակի լուսավորել և ջերմացնել մարդկությանը, եթե մարդկությունը չի տեսնում նրա լույսը, չի գնահատում նրա ջերմությունը, չի հիանում աստղալից երկնքի գեղեցկությամբ: Աստված ամեն ինչ ստեղծեց մարդկության համար, եթե մարդկությունը դրանք չի գնահատում, այն նորից կվերցվի այնպես ինչպես վերցվեց մարդուց իր մեկ քանքարը, որը թաքցրել էր հողի մեջ: Սրանք դեռ երևելի բաներն ենք, իսկ իմանալի բաները, որ Աստծու խոսքն է, ու մարգարեություններն են՝ սրա՛նք էլ են անտեսված: Ուրեմն մենք արժանանալու ենք նրա, ինչը վաստակել ենք:
Ւսկ եթե պատահի, որ մենք արժանանաք տեսնել Մարդու Որդուն՝ եկած ամպերի վրայով, զորությամբ և բազում փառքով, Ինչ կանեն մեզնից նրանք, որոնք միայն հարստահարել են, միայն կողոպտել են, միայն վշացրել են և միայն կուտակել են անսահման հարստություն: Չէ որ այդ պահին, այլևս այդ հարստությունը չի օգնի իրենց, ոչ էլ կարող են աղքատներին բաժանել՝ ժամանակի ավարտի պատճառով: Այս մարդիկ չեն կարող ասել, թե մենք չենք լսել աշխարհի վախճանի մասին, քանի որ ամենաշատը իրենք են վախենում աշխարհի վախճանից՝ իրեն կուտակածի համար: Իսկ Ավետարանն ասում է, որ Աստված իր հրեշտակներին պիտի ուղարկի և աշխարհի չորս ծագերից հավաքեն իր ընտրյալներին:
Տեր Հիսուս բերում է նաև թզենու օրինակը, որպես առակ, և ասում է նրանից սովորեք; Ի՞նչ կարելի է սովորել թզենուց: Ասում են, որ թզենին բոլոր ծառերի համեմատ առավել ջերմազգայուն է, այս ծառը ամենաշուտն է զգում օդի ջերմաստիճանի տաքացումը և դրան որպես պատասխան փափկում են նրա ոստերը և դուրս են գալիս տերևները: Աշակերտներին և մեզ ասում է սովորեք թզենուց:
Այսինքն մենք մեր հավատքի մեջ պետք է ունենանք թզենու զգացողությունը՝ մոտակա վտանգի և փորձության նկատմամբ: Նախորդ համարներում Հիսուս Քրիստոս բազում օրինակներ և նշաններ բերե՝ որոնք վերաբերում են մեծ նեղություններին, սակայն յուրաքանչյուր նեղություն նկարագրելուց հետո, ասում զգույշ եղեք չխաբվեք, արթուն եղեք, քանի որ չգիտեք երբ է լինելու: Այս բոլոր բաները անպայման կատարվելու են, քանի ու ասում է,- Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի: Այս խոսքերը փաստում են այն մասին, որ արհավիրքը անխուսափելի է, ուղղակի պետք է արթուն լինել նաև քնած ժամանակ: Աղոթքն ու հսկումը որպես զենք է առաջարկում Հիսուս Քրիստոս, քանի որ այդ ժամանակները հայտնի չեն ոչ ոքի, բացի Հորից:
Դարձյալ մի առակ է պատմում հեռու գնացած մարդու մասին, որը իր ծառաներին իշխանություն է տալիս յուրաքանչյուրին իր գործի մեջ, և դռնապանին պատվիրում է որ արթուն լինի: Արթուն եղեք,- ասում է մեր Տերը,- քանի որ չգիտեք, թե տանտերը երբ կգա, երեկոյա՞ն, կեսգիշերի՞ն, թե՞ աքլորականչին: Լավ կլինի, որ երբ գա որևէ մեկին քնած չգտնի: Այս խոսքերը ասում էր աշակերտներին, քանի որ նրանց հետ է, սակայն հետո ավելացնում է,- բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում՝ արթուն կացեք:
Այդ ամենքի մեջ մտնում ենք նաև մենք: Հիմա մենք լսեցինք, թե ինչեր պիտի պատահի երկնքում և երկրի վրա, նաև լսեցինք քրթուն մնալու հորդոը: Սակայն սա ամենևին չի նշանակում, որ մենք պետք է պառկենք մեջքի վրա, մեր ձեռքերը ծալենք և սպասենք, թե աստղերը երբ են երկնքից թափվելու, կամ երբ է արեգակը խավարելու, կամ հետևենք, թե որ օրը լուսինը լույսը չի տալու: Գուցե սրանք նույնպես փոխաբերական իմաստներ ունեն, որի գլխավոր ասելիքը մարդու արթնությունն է իր անձի վերաբերյալ: Իր սեփական կյանքի հաշվետվությունը միշտ պատրաստ պահելու մասին է: Պարտքերը ամեն օր մարելու մասին, առանց ներելու անկողին չմտնելու մասին է: Աղոթքն ու հսկումը, սուրբ Գրքի ընթերցանությունն ու սերտողությունը, Պատարագի մասնակցությունը և Սուրբ Հաղորդությանը մեզ կօգնեն մեր կյանքը արթնության մեջ պահել, անտարբեր չլինել ուրիշի ցավի: Այսպիսի մարդու համար սարսափելի չէ նեղություններն ու գալիք փորձությունները, քանի որ այսպիսիք տեղյակ են, որ Մարդու Որդին Իր հրեշտակների միջոցով կգտնի իրենց և կհավաքի մի տեղում: Արթուն մարդը նա է, որին երբ կանչեն, վազի, ինչպես կույրը, որին կանչեց: Արթուն քրիստոնյան նա է, որը ոչնչով կապված չէ նյութի հետ, և ցանկացած կանչին կրող է թողնել և չափսոսալ: Մեզնից թաքցված է Տիրոջ երկրորդ Գալուստի օրը միայն այն պատճառով, որպեսզի մենք անվերջ սպասման մեջ լինենք; Երբ հյուր ենք սպասում և գալու օրը չգիտենք, միշտ հավաքած է տունը և ինչ որ բան պատրաստ կա հյուրասիրելու:
Այս աշխարհը Տէր Ունի, և այս բաները ասում է աշխարհի Տէրը, ո՛չ թե հայտնում են ՄԱԿ ի գրասենյակից:
Մենք ապրում ենք այս երկրագնդի վրա, բայց տերը չենք: Եթե նույնիսկ տուն ենք գնել և ապրում ենք այդ տանը, դարձյալ դա մեր սեփականությունը չէ, առավել ևս երբ տունը վարձով ենք վերցրել: մեր սեփականությունն այն է, ինչը մեր ձեռքով են ստեղծել: Աստված է միակ սեփականատերը Տիեզերքի:
Առակի մեջ ասում է, հեռու երկիր գնացած մարդը իր ծառաներին իշխանություն տվեց յուրաքանչյուրին իր գործը, իս դռնապանին պատվիրեց արթուն լինել: Ի՞նչ է դուռը և ո՞վ է դռնապանը: Դուռը մեր բնակավայրի ապահովության երաշխիքն է, մենք էլ դռնապանն ենք մեր հոգևոր անվտանգության; Այս պատվերը մեզնից յուրաքանչյուրին է ուղղված:
Այն բոլոր նեղությունները ինչի մասին կարդացինք, որ եղել են արդեն կամ պետք է լինեն, թող մեզ երբեք չմտահոգեն այն առումով, որ ամեն նեղություն և փորձանք, որ պատահում է մեր կյանքում, մեր շահի համար է, մեզ արթնացնելու համար է, մեզ խրատելու համար է: Մեր երկիրը այսօր հայտնվել է ծանր փորձության մեջ և շարունակում է մնալ դեռ անորոշ ժամանակով: Մենք միմյանց մեղադրելուց և վիրավորանքից բացի ո՛չ մի վերլուծություն չենք անում, թե ինչո՞ւ ենք այս վիճակում: Գուցե այս բաները նրա համար են, որպեսզի արթնանաք և ազատվենք գալիք ավելի մեծ փորձությունից: Երկար խոսեցինք արհավիրքների մասին, և որպես վերջաբան, ձեզ մի առակ պատմեմ թեմային հարմար, և ավարտենք մեր այսօրվա սերտողությունը, գնահատելով ամեն մի մանրուք, որը պատահական չի լինում:
Թագավորը մի հավատարիմ խորհրդական է ունենում և առանց նրա ո՛չ մի գործ չի ձեռնարկում, սակայն խորհրդականի մոտ մի բան կար, որ դուր չէր գալիս թագավորին: Արեգակը դուրս էր գալիս, ասում էր շատ լավ է և օգտակար է սա, անձրև էր գալիս, ասում էր շատ լավ է և օգտակար է սա: Բոլոր իրավիճակներում ասում էր շատ լավ է, և սա շատ օգտակար է: Թագավորը որսի գնալիս, անպայման իր հետ տանում էր խորհրդականին: Մի օր որսորդական զենքերը պատրաստելու ժամանակ անզգուշաբար կրակում է և թագավորի մատը կտրվում, ընկնում է:
Ցավից մռնչում է թագավորը և գոռում,- Միայն հիմա էլ չասես, թե շատ լավ է օգտակար է սա:
- Չե՛ս հավատա, որ ասեմ թե ինչքան օգտակար է սա, թագավորն ապրած կենա:
- Քեզ բանտ նետել կտամ, և դու դարձյալ կասես, որ շատ օգտակար է սա, ասում է կատաղած թագավորը:
Վերադառնում են և թագավորը հրաման է տալիս խորհրդականի բանտարկում են: Անցնում է ժամանակ, թագավորը հաշտվում է այն մտքի հետ, որ մատը չկա, ցավն էլ անցել է, և նորից որսի է գնում՝ առանց խորհրդականի: Անտառում ընկնում է վայրի ցեղերի ձեռքը և նրան տանում են իրենց աստծուն զոհաբերելու համար: Թագավորը շատ է տխրում և մտահոգվում, բայց եղածը եղած է: Հանկարծ մարդակերներից մեկը նկատում է, որ թագավորի մի մատը չկա: Հայտնում են իրենց ցեղապետին այդ մասին , իսկ ցեղապետը ասում է, որ մեր Աստծուն զոհաբերվող ամեն բան պետք է կատարյալ լինի, բաց թողեք դրան, քանի որ արատավոր է: Պատկերացնո՞ւմ եք թագավորի ուրախությունը: Վերադարձին հանկարծ հիշում է իր խորհրդականին, որը միշտ ասում էր, շատ օգտակար է, դա: Անմիջապես հրամայում է նրան ազատ արձակել և իր մոտ բերել: Պատմում է թագավորը իր հետ պատահածի եղելությունը և ներողություն է խնդրում խորհրդականից, որ բանտարկել է իրեն այդքան ժամանակ, իսկ սա ասում է, հոգ չէ, քանի որ շատ օգտակար էր դա ինձ համար:
- Ի՞նչն էր օգտակար, քեզ ազատությունից զրկել եմ, դու ասում ես օգտակար էր, խնդրում եմ բացատրիր քո խոսքի գաղտնիքը, նորից բարկանում է թագավորը:
- Երբ քո վրա հարձակվեցին, դու արդեն համոզվեցիր, որ օգտակար էր քեզ համար քո մատի բացակայությունը:
- Իսկ որ ինձ բանտարկեցիր, օգտակար էր ինձ համար, քանի որ եթե ես քեզ հետ լինեի, ինձ էին զոհաբերելու, քանի որ ես արատավոր չեմ:
Այնուհետև թագավորը նույնպես օգտագործում էր այդ արտահայտությունը և ասում, որ Աստված գիտե, թե ե՛րբ ի՛նչ է անում և բոլորը օգտակար է, թեկուզ վատ բան է:
Սիրելիներ, թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն, ձեր միտքը և հոգևոր աչքերը միշտ արթուն պահելու համար:
Հարց. Դուք կուզեի՞ք իմանալ այդ օրվա և ժամի մասին, եթե այո, ապա հիմնավորեք:
Տեղեկութիւններ
ՄԵՐ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ ԱՂՕԹՔԸ
Փրկի՛չ աշխարհի Քրիստոս, աղաչում եմ Քեզ, նայի՛ր ինձ եւ ողորմի՛ր ինձ, փրկի՛ր ինձ իմ բազում անօրէնութիւններից, քանզի անագեցի բոլոր բարիքները, որ շնորհեցիր ինձ իմ մանկութիւնից ի վեր: Ինձ՝ տխմարիս, տգէտիս եւ յիմարիս, դարձրեցիր գիտութեամբ լի անօթ, Քո շնորհն առատացաւ իմ մէջ եւ յագեցրեց իմ քաղցն ու զովացրեց իմ ծարաւը, լուսաւորեց իմ խաւարած միտքը, թափառումներից հաւաքեց իմ խորհուրդները եւ լցրեց իմ սիրտը: Այժմ երկրպագում եւ աղաչում եմ ծունկի եկած եւ հայցում՝ վկայելով Քո բարերարութեան մասին. կատարի՛ր ինձ համար Քո շնորհի խոստումը եւ պահի՛ր այն Քո գանձի մէջ, որպէսզի դարձեալ տաս ինձ այն Օրը:
Մի՛ բարկանա ինձ վրայ, Մարդասէ՛ր, քանզի չեմ դիմանում Քո սպառնալիքներին: Ուստի թախանձելով աղաչում եմ, քանզի չափից առաւել առատացաւ շնորհն իմ մէջ, քանի որ լեզուս տկարացաւ՝ չկարողանալով խօսել Քո շնորհի մասին: Սարսափեց նաեւ իմ միտքը՝ չտանելով նրա ալիքների բազմութիւնը:
Օրհնուած Հօրդ կերպարա՛նք եւ ճառագա՛յթ, դադարեցրո՛ւ դէպի ինձ եկող շնորհի հոսանքները, քանզի ինչպէս բորբոքուած հուր բոցակիզում են իմ երիկամներն ու սիրտը: Յետոյ այնտեղ դարձեալ պարգեւի՛ր ինձ այն եւ պահի՛ր ինձ Քո արքայութեան մէջ, մի՛ յիշիր իմ անօրէնութիւնները, յանդգնում եմ հայցել՝ տո՛ւր ինձ իմ խնդրածները, եւ Յայտնութեան Օրն իմ օթեւանը թող օրհնուի Քո Հօր կողմից: Շնորհի՛ր ինձ, Քրիստո՛ս, իմ հայցուածերը, քանզի միայն Դու ես ինձ կեանք տուողը: Եւ Քեզ փա՜ռք յաւիտեանս յաւիտենից. ամէն: