ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի.13: 14-23
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ: Երեկվա մեր սերտողությունը հագեցած էր Տէր Հիսուսի կանխասացություններով և զգուշացումներով: Որքա՛ն որ մոտենում են իր կյանքի ավարտի օրերը, այնքան ավելի շատ զգուշացնելու կարիք ունի աշակերտներին: Նա աշակերտների մոտ նկատում է վախն ու կասկածը գալիք իրադարձությունների նկատմամբ: Բայց պետք է, որ նրանք հոգեպես պատրաստ լինեն, և ներքին մտահոգությունները հաղթահարեն Ի՛ր խոսքերի միջոցով: Իսկ դրա համար ամուր հավատ է պետք: Աշակերտների համար այդ բոլոր պատմածները մշուշոտ են և նրանք չեն կարող երևակայել, թե ինչպե՞ս կարող է Տաճարը կործանվել: Նրանք Քրիստոսի խոսքերի մեջ չէին տեսնում այն բաղձալի փոփոխությունը, որը սպասում էին Մեսիայի գալուց հետո: Խոսեց աշակերտների հետ երկունքի ցավերի սկզբի մասին, թե ինչե՛ր պիտի պատահեն Երուսաղեմի հետ և ինչե՛ր պիտի պատահեն աշակերտների հետ: Նաև զգուշացրեց, որ Ավետարանը պիտի քարոզվի և հատկապես հալածողների դիմաց՝ Քրիստոսին պետք է քարոզվի: Սակայն այս բոլորը պատահելուց հետո, լարված իրավիճակը մեկ այլ փուլի մեջ է մտնելու, երբ սկսվելու է սրբապղծությունը: Այսօրվա սերտողության մեջ կարծես Հիսուս Քրիստոս չի ուզում բացահայտ ասել, թե որտե՛ղ է կատարվելու սրբապղծությունը և հատկապես ինչպե՛ս է դա կատարվելու: Քանի որ ասում է, սրբապղծությունը կլինի այնտեղ, որտեղ որ չպետք է լինի, կամ ասում է, ո՛վ կարդում է, թո՛ղ իմանա: Սուրբ Գրքերը կարդացողները հիշում են մարգարեությունները գալիք սրբապղծությունների և ավերվածությունների վերաբերյալ:
Սիրելիներ, բոլորս գիտենք, որ սրբապղծությունը տեղ չունի ոչ մի բնագավառի մեջ, սակայն Տէր Հիսուս նշում է մի վա՛յր, որտեղ եթե հանկարծ սրբապղծություն կատարվի, թող մարդիկ փախչեն լեռները: Որտե՞ղ է այդ տեղը, ուր բացառում է մեր Տէրը սրբապղծության գոյությունը: Դա Տաճա՛րն է: Դա եկեղեցի՛ն է; Դա Սրբություն Սրբոցն է: Եթե աշխարհը գնա ժամանակակից սրբապղծությունների, ապա ազնիվ մարդիկ, որոնք դեմ են այդ պղծություններին, կարող են պատսպարվել եկեղեցու ներսում: իսկ եթե հանկարծ եկեղեցում ի հայտ գա սրբապղծություն, ապա աշխարհը այլև գոյություն ունենալ չի կարող: Ինչպես որ Հիսուս Քրիստոս զգուշացրեց, որ ամե՛ն մեղք կներվի, բա՛ցի Սուրբ Հոգու դեմ հայհոյությունից, այնպես էլ եթե երբևէ եկեղեցին պղծվի՝ աշխարհի ավարտը կմոտենա, քանի որ այլևս սրբվելու և մեղքերից ազատվելու տեղ չի մնա: Աստծու հետ կենդանի հաղորդակցության վայր չի լինի: Որովհետև Աստված չի բնակվում սրբապիղծ վայրերում: Իսկ ինչո՞ւ է ասում, թող լեռները փախչեն: Որպեսզի ամեն մաքուր աչք չգայթակղվի, ու ամեն մաքուր ականջ չլսի այդ մասին: Նախորդ գլխի վերջին համարը բավական մեծ մխիթարություն է կարդացողների համար, քանի որ կարդացողները տեղյակ են լինելու այս ամենին և Նա, ով համբերի մինչև վերջ նա պետք է փրկվի:
Հիմա հավանաբար ձեզնից մի քանիսի մոտ հարց առաջանա: Ապա ի՞նչ փոխեց Քրիստոս Իր աշխարհ գալով: Իր երեքամյա քարոզությամբ, Իր անասելի անպատիվ չարչարանքներով, անարգ խաչելությամբ, թաղմամբ և Հրաշափառ Հարությամբ: Չէ որ այդ արհավիրքները եղել են ինչպես Քրիստոսի ժամանակ, այնպես էլ կան իրենից հետո և առավել ևս մեր օրերում: Մենք էլ ենք տեսնում երկրաշարժեր, պատերազմներ, կեղծիք, սուտ, համաճարակ, սով, խաբեություն և այլն: Ա՛յո, այս հարցը շատերի մոտ է առաջացել ինչպե՛ս նախկինում, այնպե՛ս էլ հիմա է առաջանում: Քանի որ ինչպես նախկինում Սուրբ Գրքի գլխավոր շեշտը սխալ տեղ է դրվել և սխալ է մատուցվել հանրությանը, այնպես էլ հիմա է կատարվում քրիստոնյաների շրջանում; Եթե միայն նկատենք, թե աշխարհը ինչպե՛ս է նշում Հիսուս Քրիստոսի ծնունդը, բավական է հասկանանք, որ աշխարհը այդ մեկ օրն է հիշում, որ Քրիստոս ծնվեց և բոլորը միմյանց նվերներ բաժանեցին և ուրախացան: Հաջորդ օրվանից կյանքը մտնում է իր բնականոն հունի մեջ և Քրիստոս մոռացվում է Իր Ծնունդով: Իսկ թե ինչո՞ւ ծնվեց, դա շատերին չի մտահոգում; Նույնը վերաբերում է Հարության տոնին, որը հիշվում և նշվում է միայն որոշակի օր, այն էլ շատերի մոտ հավկիթ ներկելու ավանդական սովորությամբ: Սա՛ չէր Քրիստոսի նպատակը, որ աշխարհ եկավ, սիրելիներ, Քրիստոս աշխարհ եկավ ո՛չ թե աշխարհը փոխելու, այլ՝ իրեն հավատացող ամեն մեկ անձի սի՛րտը փոխելու, աշխարհահայացքը փոխելու, մտածելակերպը փոխելու: Իսկ երբ մարդու սիրտը փոխվի, միտքը փոխվի, աշխարհում չեն լինի այս բոլոր նշված արհավիրքները, որ տեղի են ունեցել և տեղի են ունենում մեր օրերում: Չէ՞ որ ատելությունը առաջանում է սրտի նախանձից: Ավետարանն ասում է, Պիղատոսը գիտեր, որ Հիսուսին նախանձի պատճառով խաչեցին: Կամ՝ Հեսույի բանակը պարտության մատնվեց իր բանակի ներսի ագահության և հարստության մոլուցքի պատճառով, որ Աքարը գողացել էր արծաթ ու ոսկի և թաքցրել:
Քրիստոնյան պետք է ապրի այնպես, ինչպես որ Աստված է կամենում, ոչ թե այնպես, ինչպես իրենից պահանջում են ուրիշները: Ամենևին կարևոր չէ արդարացնո՞ւմ ենք այլոց հույսերն ու քմահաճույքները, թե ոչ, այլ կարևոր է, որ Աստծու կամքն ենք կատարում; Վերջում մենք կյանքից հեռանալու ենք առանց նրանց, որոնք պահանջում էին սխալ ապրել: Դատաստանի ժամանակ էլ առանց նրանց ենք կանգնելու Տիրոջ առջև՝ պատասխան տալու: Տէր Հիսուս ասում է, որ կարդում է, թող իմանա: Մենք կարդացինք և իմացանք, ուրեմն մեզնից կպահանջվի այն, ինչ իմացանք:
Եկեղեցու հայրերն ասում են, որ Նեռը պիտի կառուցի Երուսաղեմի տաճարը և նստի այնտեղ: Իսկ Հովհան Ոսկեբերան Հայրապետը ավելացնում է, որ նեռը՝ հակաքրիստոսը թագավորելու է ո՛չ միայն Երուսաղեմի տաճարում, այլ բոլոր քրիստոնեական եկեղեցիներում և իր սպասավորները տարածվելու են ամենուր: Սա կլինի այն ժամանակ երբ սրբապղծությունը կտիրի աշխարհում: Իսկ ի՞նչ է սրբապղծությունը, եթե ո՛չ ճշմարտությունից հեռանալը և սատանային ծառայելը: Եթե եկեղեցին կանգուն մնա, մի կերպ կարող է հանդուրժել աշխարհի սրբապղծությունը՝ զերծ մնալով նրանից: Սակայն աշխարհը չի հանդուրժելու եկեղեցուն՝ իր սրբության համար:
Աշխարհի վախճանը կմոտենա, երբ սրբերի քանակը վերանա և երբ հավատացյալների թիվը պակասի: Իսկ դա անխուսափելի է, քանի որ Տէր Հիսուս հարցրեց,- Երբ գամ հավատ կգտնե՞մ աշխարհում:
Այս բոլոր բաները զգուշացվել է մարդկանց դարերով, սակայն մարդիկ մնացել են հոգևոր նույն մակարդակի վրա և գնալով ավելի իջնում է հոգևոր մակարդակը: Տէր Հիսուս ասում է լեռները փախեք այդ ժամանակ: Ի՞նչ է լեռը Ավետարանում, եթե ո՛չ հոգևոր բարձունք: Այսինքն մարդիկ պետք է բարձրանան հոգևոր կյանքի մեջ, որպեսզի կարողանան դիմակայել մեծ նեղությանը: Հղիներին և կերակրող մայրերին վա՛յ է տալիս Հիսուս Քրիստոս: Այսօր մեր հղիները և կերակրող մայրերը, որոնք ամե՛ն ինչ գիտեն, բացի Ավետարանից, չե՞ն մտահոգվում այս խոսքերից, որ իրենց նորածին երեխաներին կռապաշտությամբ են պահում, ո՛չ թե քրիստոնեաբար: Ամեն ինչ սովորեցնում են, բացի Աստծու խոսքից: Կա՞ մեկը, այսօր, որ աղոթում է այդ օրվա համար, որ ձմեռ չլինի այդ ժամանակ : Հիսուս Քրիստոս է ասում,- աղոթեք, որ ձմեռ ժամանակ չլինի դա: Այդ օրերի նեղությունները այնքան սոսկալի են լինելու, որ դրանց նմանը չի եղել արարչագործության սկզբից մինչ Քրիստոսի զգուշացնելու պահը և չի լինելու նա՛և դրանից հետո: Աստված սահմանափակում է նեղության այդ օրերը՝ Իր ընտրյալների պատճառով, քանի որ աշխարհում դեռ կան ընտրյալներ, որոնք գիտեն այս բոլորի մասին, ողբում և աղոթում են աշխարհի համար:
Այս սահմանափակումից պետք է առիթը օգտագործի անիրավ աշխարհը և գլուխը վեր բարձրացնի դեպի Աստված և ներում հայցի աշխարհը ապականելու համար: Այս ժամանակ է, որ գալու են սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ, գալու են և զարմանահրաշ գործեր կատարեն՝ մոլորեցնելու նպատակով: Իսկ մերօրյա հրաշքի կարոտ աչքեր ունեցող ժողովուրդը հավանաբար այդ գայթակղությանը ենթարկվի անտեղյակ լինելով խաբեություններից: Նույնիսկ պետք է փորձեն ընտրյալներին մոլորեցնեն, եթե կարողանան: Տէր Հիսուս Իր խոսքը ավարտում է այսպես.- Բայց դուք զգույշ եղեք, ահա առաջուց ձեզ ամեն ինչ ասացի:
Սիրելիներ, եթե այս բոլորը լսելուց հետո, դարձյալ կգտնվի մեկը, որը մտքում, կամ բարձրաձայն կասի, թե՝ Աստված դաժան է վարվում, կամ կասի Աստված ողորմած է, և թույլ չի տա, որ այս բաները մեզ պատահի, այդպիսի մարդու համար էլ Ավետարանը պատասխան ունի:
Աստված սիրում է Իր Միածնին, սակայն աշխարհի մարդկանց փրկությունը վեր դասեց Իր Որդու խաչելությունից, և թույլ տվեց, որ Իր Որդին խաչը բարձրանա և հաղթի մեղքն ու մահը:
Թույլ տվեց, որ Իր Որդին խաչը բարձրանա այդ անարգանքի պայմաններում, սակայն երբ Որդին խաչի վրա մեռավ, երկնքի զորությունները շարժվեցին՝ ի նշան անարդարության և ցավի:
Երկնքի զորությունները պիտի շարժվեն նաև երկրորդ անգամ, որովհետև աշխարհը անհաղորդ մնաց Աստծու ցավին և Նրա Միածնի խաչելությանը: Հիշե՛ք, թե երկնքի զորությունները ե՞րբ են շարժվում. Շարժվում են մեծագույն արհավիրքների ժամանակ: Նախ՝ Հիսուս Քրիստոսի խաչելության, ապա աշխարհի վախճանի ժամանակ:
Այս սրբապղծույթունների մասին, որ գրված է Դանիելի մարգարեության մեջ, մենք Մատթևոսի Ավետարանի սերտողության մեջ մանրամասն անդրադարձել եք, թե ինչպես են հեթանոսները իրենց կուռքերը տաճար մտցնում և պղծում տաճարը: Տէր Հիսուս երեք տարի քարոզեց, զգուշացրեց, և իրենից հետո առաքյալները քսան դար է քարոզում են Ավետարանները աշխարհի մարդկությանը: Իսկ հակաքրիստոսին՝ նեռին, ընդամենը երեք տարի է հնարավորություն տրվելու գործելու համար: Այդ ժամանակ պարզ կդառնա, թե ովքե՞ր են Քրիստոսի հետևորդները և ովքե՞ր են նեռի հետևորդները: Ավետարանը գրված է բոլոր ժամանակների համար, արդի է բոլոր ժամանակներում: Խոստումներն ու պատիժները նույնպես բոլոր ժամանակների համար են: Մեծ է եկեղեցու առաքելությունը քարոզության հարցում: Չափազանց մեծ է քրիստոնյաների պարտականությունը՝ պահանջելու այդ քարոզության իրականացումը: Աստված Եզեկիել մարգարեին ասում է, եթե դու իմ խոսքը չհասցնես մեղավոր մարդուն, նա կմեռնի իր մեղքի մեջ, իսկ նրա արյունը քեզնից կպահանջեմ; Իսկ եթե դու իմ խոսքը քարոզես, իսկ մեղավորը չլսի, նա կմեռնի իր մեղքի մեջ, իսկ դու կփրկես քո հոգին;
Սիրելիներ, այս ամենը իմանալուց հետո, մենք այսօր պետք է ավարտենք մեր կիսատ թողած գործը՝ զղջալ մեղքի համար, ներել մեզ նեղացնողին, օգնել կարիքավորին, լապտերի մեջ միշտ յուղ ունենալ և սպասել Տիրոջ Գալուստին՝ անկախ ժամանակից: Փառք Աստծուն՝ Հանապազօրյա Հաց հաղորդաշարի բոլոր հետևորդների համար, որոնք ամեն օր լսում են Աստծու խոսքը: Սակայն եթե համեմատենք մեր էջի հետևորդների ընդհանուր թվի հետ, ապա պատկերը տխուր է: մարդիկ շահագրգռված չեն իրենց հոգու փրկության հարցով: Աստված ողորմի և արթնացնի բոլոր քնածներին, քանի դեռ ժամանակ կա:
Ավարտենք այսօրվա սերտողությունը, որը խորը մտորելու տեղիք է տալիս՝ վերանայելու մեր տնտեսության հաշիվը ևս մեկ անգամ…
Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը մշտապես արթուն պահի ձեր սրտերն ու մտքերը Իր խոսքի հանդեպ, և Նրան փառք Հավիտյան: Ամեն:
Հարց: Կարո՞ղ ենք բոլորս աղոթել ա՛յն օրվա համար, որ ձմեռ չլինի:
Տեղեկութիւններ
Աղօթք Սուրբ Երրորդութեանը
Ո՛վ անճառելի բնութիւն, համագոյ արարչակից եւ միսանական Սո՛ւրբ Երրորդութիւն, որին դաւանել երբէք չերկմտեցի,
Որին սիրեցի եւ ծառայում եմ մանկութիւնիցս, Որի փրկութեան յոյսը միշտ ուրախացնում է ինձ,
Որին յիշելով՝ հանապազ մխիթարւում եմ հեղձուցիչ եւ խաւարական տրտմութիւնիցս:
Այցելի՛ր Քո ծառային՝ նենգաւորին յաղթութեամբ իմ հանդէպ պարծենալ չտալու, եղի՛ր ինձ զօրութիւն,
մանաւանդ՝ պատերազմի՛ր ինձ համար դառն ու խիստ ախոյեանի հետ, քանի որ իմ մտքերի ու մարմնի զօրութիւնը տկար է՝
ընդդիմանալու նրա չարախոհութեանը, սակայն երբ Քեզանով մարտնչում եմ, տկարանում է վիշապն ու հակւում ամօթով,
իսկ ես Քո պատճառով բարձրագլուխ եւ բերկրութեամբ լցուած, քանի որ Քեզ կրողները եւ ուղիղ մտքով Քո անուամբ խրախուսուածները կարող են յաղթել նրան,
որպէսզի, այս կատարելով եւ կնքելով, ըստ ճշմարտութեան արժանի լինեմ Քո ծառան կոչուելու:
Եւ իմ բերանը գոհութեամբ լցուի՝ օրհնելու Քո փառքը, Հա՛յր ճշմարիտ Քո միածին Որդու եւ Հօր մարմնացած Բա՛ն՝ Փրկի՛չ եւ Աստուա՛ծ ամբողջ երկրի,
եւ Աստուծոյ Սուրբ Հոգի՝ հաղորդ Հօր եւ Որդու բոլոր մեծութիւններում եւ գործերում՝ ըստ բնութեան նոյնը լինելով որպէս ճշմարիտը Աստուած Աստծուց,
այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: