ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 13: 1-13
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լո՛ւյս, Հանապազօրյա Հացի սիրելի՛ ունկնդիրներ. Նայելով մեր Տիրոջ կյանքի երեք տարիների արդյունավետ գործունեությանը, կարելի է վստահ ասել, որ այն առավել է՝ Իրենից հետո քարոզած երկու հազար տարիների արդյունքից: Նրա արտաբերած ամեն մի նախադասություն հետագայում դարձել է մի մեծ քարոզի թեմա, մի գաղափարախոսություն և կյանքի հիմք հանդիսացող բարոյական օրենք; Աշխարհի ամենամեծ ուրախության պատճառը Հիսուս Քրիստոսն է, և այդ ուրախությունն այն է, որ Նա գերեզմանում չէ, և Իր գերեզմանը թափո՛ւր է: Հիսուս Քրիստոսի երեքամյա ծառայության ամեն մի դրվագ մեզ հիացմունքից տեղափոխում է զարմանքի է, այնտեղից էլ՝ ուրախության, այնտեղից էլ՝ հույսի ու սիրո: Հետևաբար մեր Տիրոջ անվան հետ կապված տոները հատուկ օրերի նշելու տոներ չեն, այլ այդ հիշատակությունները հիմքն են մեր ապրած կյանքի, որոնք պետք հիշենք ամեն օր, ինչպես որ ամեն օր կարդում ենք Ավետարանը; Տէր Հիսուս մեզ էլ առաջարկում նույն հարությունը և Ղազարոսի պես մեզ էլ է ասում վե՛ր կացեք ձեր գերեզմաններից և մի՛ մնացեք խավարի մեջ, քանի որ ես հաղթեցի մահը: Իսկ մենք չենք կարողանում հաղթել մահին, քանի որ չենք կարողանում հաղթել մեղքին, որը մահ է ծնում;
Ի՛նչ որ մարդկությունը արել է Քրիստոսի հանդեպ՝ մինչ օրս, նույնը պետք է հանդուրժի, որ այլոք անեն իր հանդեպ, և պետք է ների այնպես, ինչպես Քրիստոս ներեց իրեն խաչողներին:
Սա է կյանքի բանաձևը, որ տվեց մեզ մեր Տերը՝ նախ՝ չմեղանչելու, ապա ներելու վերաբերյալ:
Երեկվա սերտողությունը մեզ տեղեկացրեց, որ Հիսուս Քրիստոս երկար մնաց տաճարում, զննեց ամեն բան, ուսուցանեց ժողովրդին, բանավեճ ունեցավ կրոնական առաջնորդների հետ և դուրս եկավ տաճարից:
Աշակերտները փորձեցին մոռացնել տալ տաճարում տեղի ունեցած տհաճ իրադարձությունները և Հիսուսի ուշադրությունը շեղեցին Տաճարի գեղեցկության վրա, որը ըստ աղբյուրների չափազանց մեծ էր և աննկարագրելի գեղեցիկ: Հիսուս Քրիստոսին չհրապուրեց տաճարի ո՛չ մեծությունը և ո՛չ էլ առավել ևս՝ ճարտարապետական գեղեցկությունը, այլ Նա մտահոգ էր աղոթքի տան ներսի բովանդակության համար, որը նախորդ օրը ավազակների որջ էր անվանել; Այսօր հարության տաճարն էլ շատ գեղեցիկ է կառուցված, Քրիստոսի թափուր գերեզմանի համար ուրախանալու փոխարեն մարդիկ դեռ կրակ հանելու համար կռիվներ են առաջացնում և լույսը հանելու համար իրարանցում է տեղի ունենում տաճարի մեջ, թե ո՞վ առաջինը հանեց: Տաճարում այնպիսի աղմուկ է առաջանում, որ սխալ կլինի մտածել, թե մեկը աղոթում է այդ պահին, որ Քրիստոս հարություն է առել և այլևս գերեզմանում չէ: Ինչպես որ Քրիստոսի ժամանակ ժողովրդի հոգևոր լուսավորությունը անտեսված էր, նույնպես և հիմա ուխտավորների ուշադրությունը միայն արտաքին լույսը հանելու վրա է սևեռված, միայն թե իրենց մոմերը գերեզմանից դուրս բերված լույսով վառեն: Հարությունից օրեր անց այդ խանդավառությունը կորում մարդկանց մեջ: Գիտեք ինչո՞ւ: Որովհետև Իրական լույսը թողած, արհեստական լույսի հետևից են գնացել, իսկ արհեստական ամեն բան ժամանակավոր է: Պատկերացրեք, որ Հարության տաճարի լուսահանության արարողությանը Քրիստոս դիտում է վերևից: Ի՞նչ կմտածի այդ ժողովրդի մասին, որը նույն կերպ է վարվում ամեն տարի՝ այդ օրը
Վերադառնանք աշակերտների մոտ, որոնք նկարագրում են տաճարի գեղեցկությունը, ասելով,- Վարդապե՛տ, ինչպես՛ի քարեր են սրանք, և ինչպես՛ի շինվածք: Իսկ Հիսուս նրանց ասաց,- Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դրանց քարը քարի վրա չպիտի թողնվի, որ չքանդվի: Ի՞նչ զգացին Գալիլիայից եկած աշակերտները, որոնք այդպիսի հսկա շինություն տեսած չէին իրենց կյանքում, որ տեսել էին Երուսաղեմի կենտրոնում: Տէր Հիսուս այդ խոսքերով նրանց կամեցավ ասել, որ դուք տեսնում եք տեսանելի տաճարը և զարմանում եք նրա գեղեցկությունից, սակայն չե՛ք կարող տեսնել ա՛յն, ինչ պիտի պատահի այս տաճարի հետ:
Այստեղ Մարկոս ավետարանիչը մի պահ ընդհատում է խոսակցությունը, սակայն աշակերտների համար մութ մնաց, թե ինչո՞ւ այդպես ասաց Վարդապետը:
Ձիթենյաց լեռը բարձրացան, որի բարձունքից ավելի պարզ է երևում տաճարի գեղեցկությունը: Աշակերտները առիթը բաց չթողեցին և հարց ուղղեցին Վարդապետին,- Ասա՛ մեզ, ե՞րբ պիտի լինի այդ և ի՞նչ կլինի նշանը, երբ որ կատարվելու լինի այդ բոլորը: Դարձյալ սարսափը պատել էր աշակերտներին այն առումով, որ այդ հսկա կառույցը քանդվելու պարագային Երուսաղեմից հետք չէր մնա, նաև հաշվի առնենք, որ նրանք վախեցած էին Երուսաղեմ գալուց առաջ, կատարվելիք դեպքերի պատճառով: Դեռ Տաճարի քանդվելու մասին լուր չունեին; Նշանների մասին էին հարցնում, որպեսզի նախապես իմանան, թե ե՞րբ է լինելու: Չնայած բոլորս էլ սիրում ենք նախապես իմանալ, այ՛ն, ի՛նչ պիտի պատահի մեզ հետ, որպեսզի պատրաստվենք: Ինչպես որ ժողովուրդն է ասում,- եթե իմանամ որտեղ եմ ընկնելու, այնտեղ ծղոտ կլցնեմ:
Նույն վիճակում աշակերտներն են: Մենք էլ այսօ, օր առաջ կամենում ենք իմանալ, թե ինչով պիտի ավարտվի այս խառնաշփոթ ընտրությունները և ո՞վ է լինելու հաջորդ ղեկավարը:
Աշակերտների հարցին Քրիստոս տվեց բոլորովին այլ պատասխան՝ ասելով,- Զգո՛ւյշ կացեք, ո՛չ ոք ձեզ չխաբի, որովհետև շատեր պիտի գան իմ անունով և ասեն՝ ե՛ս եմ Քրիստոսը, և շատերին պիտի մոլորեցնեն: Մի՞թե սա էր աշակերտների հարցի պատասխանը: Արդյո՞ք Քրիստոս պատասխանեց աշակերտների տված հարցին, որ քարե կառույցի մասին էր: Ո՛չ: Ավելի վերին բաների մասին խոսեց: Եթե աշակերտները մտահոգ էին քարե կառույցի քանդվելու համար, ապա Տէր Հիսուս զգուշացրեց, որ մտահոգվեն իրենց հոգու տաճարների համար, որոնք կարող են խաբվել կեղծ ուսուցանողների կողմից և կորստյան մատնվեն, որը ավելի թանկ է քան այդ գեղեցիկ կառույցը: Տէր Հիսուս Նույն պատասխանը կտար նա՛և մեզ՝ այսօ՛ր, վաղվա մասին հետաքրքրվողներիս, որպեսզի ինքներս մեր անձերի նկատմամբ զգույշ լինենք, որ չխաբեն:
Սիրելիներ, Գործ Առաքելոցում մի գեղեցիկ նկարագրություն կա կեղծ ուսուցանողների վերաբերյալ, կարող եք կարդալ 19 րդ գլխում, երբ Պողոսը շրջում և ուսուցանում էր Եփեսոսի մարդկանց, նույնիսկ նրա քրտինքը չորացած թաշկինակը կամ վարշամակը հիվանդների մոտ էին տանում և հիվանդներից հեռանում էր ախտերը և չար ոգիները դուրս էին գալիս նրանցից: Շրջիկ հրեաներից ոմանք, որ երդվեցնողներ էին, յ
հանդգնեցին Տէր Հիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողների վրայ՝ ասելով. «Երդուեցնում եմ ձեզ Յիսուսով, որին քարոզում է Պօղոսը»: Այս անողները հրեա քահանայապետի եոթ որդիներն էին: Չար ոգին պատասխանեց ու նրանց ասաց. «Յիսուսին գիտեմ եւ Պօղոսին ճանաչում եմ. բայց դուք ո՞վ էք»: Եւ այն մարդը, որի մէջ չար ոգի կար, վազեց նրանց վրայ եւ երկուսին էլ բռնելով՝ գետնին զարկեց նրանց. այնպէս որ նրանք մերկ եւ վիրաւոր փախան այդ տնից: Եւ այս բանը յայտնի դարձաւ Եփեսոսում բնակուող բոլոր հրեաներին ու հեթանոսներին: Եւ նրանց բոլորի մէջ ահ ընկաւ. եւ Տէր Յիսուսի անունը փառաւորւում էր:
Քրիստոսի անունից հանդես եկող կեղծ մարգարեներ բոլոր ժամանակներում էլ եղել են և կան: Դրա համար աշակերտներին զգուշացնում է, որպեսզի հեռու մնան նրանցից: Այս լեռան վրա նստած ժամանակ, աշակերտներին տեղեկացնում է նաև այն սոսկալի իրադարձությունների մասին, որոնք պետք է տեղի ունենան; Դրանք են՝ պատերազմների ձայները, իմիջիայլոց՝ եթե հեռուստացույցով օրվա համաշխարհային լուրերը լսենք, նույն բանն են ասում: Ազգ՝ ազգի և թագավորություն թագավորության դեմ դուրս գալը, երկրաշարժները, սովը, համաճարակը, խռովությունները, և այս բոլորը դեռ սկիզբն է, ո՛չ վախճանը:
Քրիստոսի ժամանակ եղել է, որ թագավորություն թագավորության դեմ դուրս գա, բայց այստեղ համաշխարհային ընդվզումների մասին է խոսքը:
Սակայն դուք մի՛ կենտրոնացեք այդ բաների վրա,- ասում է Վարդապետը,- այլ զգուշացեք ձեր անձերից, քանի որ ձեզ էլ պիտի մատնեն ատյաններին և ժողովարաններում պիտի տանջվեք: Կուսակալների և թագավորների առջև պիտի կանգնեք և Իմ անվան համար վկայություն պիտի տաք: Այսինքն՝ աշակերտները ինքնանպատակ չեն հայտնվելու կուսակալների առջև, այլ՝ որպեսզի Քրիստոսի քարոզեն:
Բայց նախ՝ Ավետարանը պիտի քարոզվի հեթանոսների մեջ:
Ո՞վ կկամենար լսել այսպիսի լուրեր: Ի՛նչ խառնաշփոթ է աշակերտների գլխում պատկերացնո՞ւմ եք: Աշակերտները հասկացան, որ իրենք արդեն մնալու են Երուսաղեմում մինչև իրենց Վարդապետի հետ պատահի այն, ինչ ասում էր օրեր առաջ: Նախանձելի չէ՛ այս պահին աշակերտների վիճակը: Բայց այստեղ մի մխիթարիչ լուր է տալիս աշակերտներին, ասելով,- բայց երբ ձեզ տանեն հանձնելու, հոգ մի արեք և մի մտածեք, թե ի՛նչ եք խոսելու, այլ ի՛նչ որ ձեզ տրվի այդ նույն ժամին, այ՛ն եք խոսելու, որովհետև դուք չե՛ք խոսողը, այլ՝ Սուրբ Հոգին :Վերը կարդացինք, որ Պողոս առաքյալը արդեն այդ վիճակի մեջ էր և Սուրբ հոգին նրան առաջնորդում էր, խոսել Քրիստոսի անունով, բուժել նրա անունով, և դևեր հանել Նրա անունով: Իսկ կեղծ մարգարեներին վռնդեցին հենց չար ոգիները:
Այդ օրերին եղբայրն իր եղբորը մահվան պիտի մատնի և հայրը որդուն:Որդիները իրենց հայրերի դեպ պիտի ելնեն ու նրանց սպանեն; Գիտեք ինչո՞ւ պիտի սպանեն: Որովհետև եթե հրեա ընտանիքի որդին հավատա աշակերտների քարոզությանը և դառնա դեպի Քրիստոս, նրա հայրն ու եղբայրները նրա դեմ պիտի ելնեն ու սպանեն նրան; Եթե հրեան իսլամ ընդունի կամ բուդիստ դառնա, այդքան չի քարկոծվի, որքան որ Քրիստոսին դառնա: Եթե մեկը հալածվում է Քրիստոսին հետևելու համար, ապա վստահ թող լինի, որ իր ճանապարհը շիտակ է և ավետարանական է:
Դրա համար է ասում, որ Իմ անվան համար ատելի կդառնաք հեթանոսների և հրեաների մեջ: Բայց ո՛վ մինչև վերջ համբերի, նա կփրկվի: Այս բոլոր կանխասացությունները աշակերտների տված հարցի պատասխաններն էին: Այդ պահից արդեն աշակերտները ո՛չ թե տաճարի, այլ իրենց անձերի անվտանգության մասին էին մտածում: Ինչը պետք է անենք նա՛և մենք: Եթե մեր սրտերի մեջ հավատք չունենանք, մեզնից էլ կվերցվի մեջ գեղեցիկ տաճարները, քանի որ հավատքն է պահում տաճարը, ո՛չ թե տաճարը՝ հավատք:
Սովետական տարիներին հավատք չկար, տաճարները ծառայում էին որպես պահեստներ, անասնագոմեր, և այլ կենցաղային ծառայության տարածքները: Այնպես որ հոգևոր տաճարն է, որ պետք է կանգուն պահի քարե տաճարը: Տաճարների առատությունն էլ չի նպաստում իրենց կայունությանը, այլ միայն ճշմարիտ հավատն առ Աստված:
Սիրելիներ, մենք տեսանք, որ վախվորած աշակերտները, որ սարսափահար լսում էին իրենց հետ պատահելիք դեպքերի մասին, բոլորն էլ քաջաբար մինչև վերջ համբերեցին և փրկվելուց բացի անթառամ պսակների արժանացան: Հարյուրապատիկն էլ ստացան, հազարապատիկն էլ: Այ՛ո չարչարանքի միջոցով ստացան, իսկ մի՞թե որևէ լավ բան հնարավոր է ստանալ առաջ ջանքի, իհարկե ո՛չ:
Քրիստոսի գալիք կանխասացությունների ժամանակ այնքան վախեցած էին, որ նույնիսկ հարց չտվեցին, թե ի՞նչ Ավետարանի մասին է խոսքը, որ պետք է քարոզվի հեթանոսների մեջ:
Նրանք որտեղի՞ց պետք է իմանային, որ իրե՛նք են այդ ավետարանիչները և իրենք են այդ քարոզողները:
Սիրելիներ, մենք տեսանք, նաև որ Քրիստոսի կյանքի վերջին օրերն են, և բուռն քննարկումներ են տեղի ունենում, հարցեր են տալիս, պատասխաններ են ակնկալում, ոմանք վեճի են բռնվում, իսկ Տէր Հիսուս հանգիստ կատարում է Իր կանխասացությունները, այն նմանեցնելով երկունքի, որը շուտով պիտի ծնի մի նոր բան; Աշակերտներին հայտնում է իրենց գլխավոր անելիքները, այն է՝ զգույշ լինել իրենց անձերի նկատմամբ, և հալածանքների ժամանակ անվախ՝ Քրիստոս քարոզել: Ասելիքը շատ է այս գլխում, վերցնելիքը՝ առավել ևս: Ավարտենք այստեղ մեր սերտողությունը, ակնկալելով Աստծու ողորմությունը՝ վաղը շարունակելու պայմանով; Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն, որպեսզի դուք էլ ամենահարմար առիթով վկայեք Քրիստոսի մասին՝ փափագող ականջի համար:
Հարց. Ո՞ր տաճարի մասին է խոսքը, առաջի՞ն թե՞ երկրորդ:
Տեղեկութիւններ
Ապաշխարութեան աղօթք
Տէ՛ր երկնքի եւ երկրի Յիսուս Քրիստոս, իշխա՛ն կեանքի եւ մահուան, դատաւո՛ր կենդանիների եւ մեռեալների, յո՛յս եւ ապաւե՛ն իմ հոգու, Քեզ եմ մատուցում իմ աղօթքի երկրպագութիւնը եւ աղերսները: Լսի՛ր ինձ եւ քաւի՛ր իմ մեղքերը, որ միա՛կդ ես առանց մեղքերի, որ միա՛կդ ես սուրբ եւ սուրբերի մէջ բնակւում, որ միա՛կդ ես գթած ու ողորմած: Ողորմի՛ր ինձ, Ստեղծի՛չ իմ, եւ օրհնի՛ր ինձ: Հաշտուի՛ր ինձ հետ, կենսատո՛ւ իմ, եւ արքայութեանդ էջ յիշի՛ր ինձ, ինչպէս աւազակին: Դարձի՛ր դէպ ինձ, Փրկի՛չ իմ Աստուած, եւ դարձրո՛ւ ինձանից Քո ցասումը: Բարկութեամբդ մի՛ խրատիր ինձ եւ Քո ցասումով մի՛ յանդիմանիր:
Մի՛ բարկացիր ինձ վրայ յաւիտեան եւ մի՛ յիշիր իմ չարիքները եւ մի՛ պարտաւորիր ինձ ըստ իմ անօրէնութիւնների: Մի՛ վարուիր ինձ հետ ըստ իմ մեղքերի եւ մի՛ հատուցիր ինձ ըստ իմ անօրէնութեան: Մի՛ զրկիր ինձ Քո երեսից եւ մի՛ դատապարտիր ինձ, քանի որ ես ինքս գիտեմ, որ յանցաւոր եմ իմ մանկութիւնից եւ անպատասխան եմ Քո առջեւ:
Բայց Դո՛ւ, Թագաւո՛ր հզօր եւ անոխակալ, որ մեղաւոր կնոջ յանցանքները ներեցիր, ների՛ր իմ՝ մեղաւոր եւ անօրէն Քո ծառայի, պարտքերը: Քանզի Քո առատ բարերարութիւնն այնժամ է երեւում, երբ ողորմում ես ինձ, որ արժանի չեմ Քո ողորմութեանը, երբ ինձ ցոյց ես տալիս գթութիւնդ, որ արժանի եմ բիւր տանջանքների, քանի որ իմ բոլոր օրերն անցկացրեցի չարութեան մէջ եւ չմնացի Քո հրամանով:
Եւ յանուն Քո մեծ ու փառաւորեալ թագաւորութեան դատաստան մի՛ մտիր Քո ծառայի հետ եւ մի՛ հատուցիր ինձ ըստ իմ բազում անօրէնութիւնների: Այլ շնորհի՛ր ինձ աջակողմեան դասի արժանաւոր եւ կատարեալ հոգիների հետ լուսեղէն ամպերին բազմած բարձրանալ օդի միջով Քեզ ընդառաջ եւ Քո սիրելիների եւ կամարարների հետ ուրախացրո՛ւ յարազուարճ ուրախութիւններում եւ առատապարգեւ փառքովդ փառաւորի՛ր ինձ արդարների երամներում՝ նրանց հետ բնակեցնելով Քո երկնային արքայութեան մէջ՝ Վերին Երուսաղէմում: Որպէսզի, նրանց հետ ձայնակցելով, փառաւորեմ Քեզ Հօր եւ Սուրբ Հոգու հետ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: