ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 12:28-44
ՄԵԾ ՊԱՏՈՒԻՐԱՆՔԸ
28 Դպիրներէն մէկը եկաւ ու մտիկ կ՚ընէր անոնց՝ երբ վիճաբանութիւն կ՚ընէին ու երբ տեսաւ թէ աղէկ պատասխան տուաւ անոնց, հարցուց անոր ու ըսաւ. «Ո՞րն է բոլոր պատուիրանքներուն առաջինը»։ 29 Յիսուս պատասխանեց անոր. «Բոլոր պատուիրանքներուն առաջինը այս է. ‘Լսէ՛, ո՛վ Իսրայէլ, մեր Տէր Աստուածը մէկ Տէր է’. 30 ‘Եւ քու Տէր Աստուածդ սիրես քու բոլոր սրտովդ եւ քու բոլոր անձովդ ու քու բոլոր մտքովդ եւ քու բոլոր զօրութիւնովդ’։ Ասիկա է առաջին պատուիրանքը։ 31 Ու երկրորդը ասոր նման. ‘Քու ընկերդ սիրես քու անձիդ պէս’. ասոնցմէ մեծ ուրիշ պատուիրանք չկայ»։ 32 Դպիրը ըսաւ անոր. «Աղէկ, վա՛րդապետ, շիտակ խօսեցար թէ Աստուած մէկ է եւ անկէ զատ ուրիշ մը չկայ. 33 Եւ բոլոր սրտով ու բոլոր մտքով եւ բոլոր անձով ու բոլոր զօրութիւնով զանիկա սիրելը ու ընկերը իր անձին պէս սիրելը ամէն ողջակէզներէ ու զոհերէ աւելի է»։ 34 Յիսուս տեսնելով որ անիկա խելացութիւնով պատասխան տուաւ, ըսաւ անոր. «Աստուծոյ թագաւորութենէն հեռու չես»։ Եւ ա՛լ ուրիշ մէկը չէր համարձակեր անոր բան մը հարցնել։
ՄԵՍԻԱՅԻՆ ՀԱՐՑԸ
35 Երբ Յիսուս տաճարին մէջ կը սորվեցնէր՝ ըսաւ. «Դպիրները ինչպէ՞ս կ՚ըսեն թէ Քրիստոս Դաւիթին որդին է։ 36 Ինք՝ Դաւիթ Սուրբ Հոգիով կ՚ըսէ. ‘Տէրը իմ Տէրոջս ըսաւ, Նստէ իմ աջ կողմս. մինչեւ քու թշնամիներդ ոտքերուդ պատուանդան ընեմ’։ 37 Ուրեմն Դաւիթ ինք որ զանիկա Տէր կը կոչէ, ի՞նչպէս անիկա անոր որդին կ՚ըլլայ»։ Ժողովուրդէն շատերը յօժարութեամբ մտիկ կ՚ընէին անոր։
ՅԻՍՈՒՍ ԴՊԻՐՆԵՐԷՆ Կ՚ԶԳՈՒՇԱՑՆԷ
38 Իր վարդապետութեանը մէջ կ՚ըսէր անոնց. «Զգուշացէ՛ք դպիրներէն, որոնք կ՚ուզեն փառաւոր հանդերձներով պտըտիլ եւ շուկաներուն մէջ բարեւներ կը փնտռեն 39 Ու ժողովարաններուն մէջ առաջին աթոռները եւ ընթրիքներու մէջ՝ առաջին բազմոցները. 40 Որոնք որբեւարիներուն տուները կ՚ուտեն ու մարդոց երեւնալու համար աղօթքը կ՚երկնցնեն։ Ասոնք աւելի դատապարտութիւն պիտի ընդունին»։
ՈՐԲԵՒԱՐԻԻՆ ՆՈՒԷՐԸ
41 Եւ Յիսուս գանձանակին քով նստած՝ կը նայէր թէ ժողովուրդը գանձանակին մէջ ի՛նչպէս ստակ կը ձգէ։ Շատ հարուստներ շատ բան ձգեցին։ 42 Աղքատ որբեւարի մըն ալ եկաւ ու երկու լումայ ձգեց, որ նաքարակիտ մը կ՚ընէ։ 43 Իր աշակերտները իրեն կանչելով՝ ըսաւ անոնց. «Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, թէ այս աղքատ որբեւարին գանձանակը ստակ ձգողներուն ամենէն աւելին ձգեց. 44 Վասն զի ամէնքը իրենց աւելցածէն ձգեցին, բայց ասիկա իր չքաւորութենէն՝ ունեցածին բոլորը ձգեց՝ իր բոլոր ապրուստը»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ: Երեկվա սերտողության մեջ տեսանք, որ Տէր Հիսուս գտնվում է Տաճարի մեջ և զբաղված է ժողովրդին ուսուցանելու գործով, և այդ պահին մեկը մյուսի հետևից իրենց անտրամաբանական հարցերով գալիս էին Հիսուսի մոտ, նախ՝ փարիսեցիները և հերովդեսականները, հետո սադուկեցիները, իսկ այսօրվա սերտողությունը սկսվում է այլ փուլով՝ օրենսգետի հետաքրքիր հարցումով, որը ներկա էր գտնվել նախորդների հետ վիճաբանության ժամանակ, և ուշադիր լսել էր ամեն ինչ: Մոտեցավ Հիսուսին և հարց ուղղեց Նրան,- Ո՞ր պատվիրանն է առաջինը: Օրենքի ուսուցիչները գիտեին, որ գոյություն ունի 613 պատվիրան, և նրան հետաքրքրեց, թե Տէր Հիսուս ո՞րն է համարում դրանցից առաջինը: Այդ բոլոր պատվիրանները պետք է իմանային և կատարեին ժողովուրդը: Բնականաբար բոլորը չգիտեին և բոլոր չէին որ պահում էին այդ պատվիրանները; Ճիշտ այնպես, ինչպես որ մեր պարագայում է այսօր; Հիմնականում հիշվում է՝ մի՛ սպանիր, մի՛ շնացիր, մի գողացիր, սակայն երեքն էլ չեն պահում
Զարմանալի է, որ օրենսգետը նման հարց է տալիս, սակայն նրա տված հարցի մեջ որևէ վատ միտում չկա, ուղղակի հիացած է Վարդապետի իմաստությամբ և ուզում է հաստատվել իր գիտեցածի մեջ: Տէր Հիսուսն էլ սիրով է պատասխանում նրա հարցին, հիշեցնելով առաջին և երկրորդ պատվիրանները, թե՝ - Ամենից առաջինն է, Լսի՛ր Իսրայել, մեր Տէր Աստվածը միա՛կ Տէրն է, և դու պիտի սիրե՛ս քո Տէր Աստծուն քո ամբո՛ղջ սրտով, քո ամբո՛ղջ հոգով, քո ամբող՛ջ մտքով, և քո ամբո՛ղջ զորությամբ: Սա է առաջին պատվիրանը, և երկրորդը նման է սրան. դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի նման: Չկա ուրիշ պատվիրան ավելի մեծ, քան սրանք: Այսինքն գլխավոր պատվիրանները համարվում են՝ մարդ- Աստված և մարդ- մարդ հարաբերությունների պատվիրանները: Ղևտական ողջ գիրքը այս պատվիրանների մասին գրված: ,,Լսի՛ր Իսրայել,, արտահայտությունը հրեաների համար ,,հավատամքի,, զորություն ունեցող մի բան է, քանի որ ամեն պատվիրանից առաջ ասվում է, Լսի՛ր Իսրայել:
Օրենսգետը շատ հավանություն տվեց Վարդապետի ճշմարիտ խոսքին, և ասաց, որ այդ պատվիրանները կատարումը առավել է, քան ողջակեզներն ու զոհերը: Չմոռանանք, որ այս խոսակցությունը տեղի է ունենում Տաճարի մեջ և այս խոսքերը ասողը օրենսգետ է, և նա տաճարի մեջ միայն ողջակեզ և զոհ է տեսնում: Հիսուսին դուր եկավ օրենսգետի իմաստուն պատասխանը և նրան ասաց,- հեռու չե՛ս Աստծու արքայությունից: Զարմանալի է, նախորդ գլխում հարուստ երիտասարդին ասաց, գնա վաճառիր քո ողջ ունեցվածքը, բաժանիր աղքատներին, և հետևիր ինձ ,եթե հավիտենական կյանք ես ուզում; Իսկ այս օրենսգետին ասում է հեռու չես Աստծու արքայությունից: Ի՞նչ նոր բան ասաց օրենսգետը, որ արժանացավ Հիսուս Քրիստոսի ուշադրությանը:
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչպե՞ս կարող էր օրենսգետը այդպիսի պատասխան տալ: Բոլորս համոզված ենք, որ օրենսգետը հազարավոր անգամներ կարդացել և լսել էր առաջին և երկրորդ և առհասարակ բոլոր պատվիրանները, քանի որ նրանց պարտականությունն էր կարդալ և ուսուցանել: Բայց այս անգամ ուրիշ կերպ հասկացավ պատվիրանը, կարծես թե այս անգամ լսելու ականջով լսեց ու հասկացավ պատվիրանի իրական իմաստը, ո՛չ թե կրկնեց ինչպես որ հավանաբար իրենք անում են: Ոչ միայն իրենք, այլ շատերս ենք հիմնականում կրկնում, առանց խորքը մտնելու և հասկանալու:
Վարդապետը ո՛չ միայն պատվիրանը փոխանցեց օրենսգետին, այլ զգաց նրա հոգում պատվիրանը հասկանալու ցանկությունը, այլապես չէր հարցնի, թե ո՞րն է առաջին պատվիրանը: Օրենսգետը ամեն օր տեսնում էր որ հազարավոր ողջակեզներ են արվում մարդկանց մեղքերի համար, սակայն մարդիկ դարձյալ ապրում են իրենց մեղքերի մեջ, հետո նորից են անում ողջակեզ և զոհ ու այդպես ապրում են իրենց կյանքը՝ իսկ պատվիրանը անգիր գիտեն և իրենց պետք չի գալիս: Մինչդեռ Աստված շեշտը դնում է լսելու վրա և ասում է,- Լսի՛ր Իսրայել, ինչ որ ասում եմ քեզ.
Օրենսգետը ա՛յդ պահին հասկացավ, որ եթե մարդը ամբողջ սրտով, հոգով, մտքով և իր ամբողջ զորությամբ սիրի Աստծուն, ապա այդպիսի մարդը ուրիշ աստված չի փնտրի իր համար և չի երկրպագի, այլ կընդունի միայն Միակ Տէր Աստծուն, իսկ եթե սիրի նաև իր մերձավորին, ապա երբեք չի սպանի նրան, նրա ունեցվածքի վրա աչք չի ունենա, նրա կնոջ հետ չի շնանա և այլն: Այսինքն հիմա՛ հասկացավ, որ այս երկու պատվիրանից է կախված մնացած պատվիրանների կատարումը և իրապես պատվիրանների կատարումը առավել է զոհից ու ողջակեզից: Օրենսգետն էլ կարող է բազում անգամներ լսել միևնույն պատվիրանը, սակայն մի՛ անգամ այ՛լ կերպ ընկալի պատվիրանը: Դա կարող է պատահել մեզնից յուրաքանչյուրի հետ, շատ անգամներ կարող ենք կարդալ միևնույն հատվածը, սակայն մի անգամը ա՛յլ կերպ ընկալել: Այս մասին է ասում մեր Տէրը, թե՝ լսելու ականջ ունեցե՛ք, և տեսեք, թե ինչպե՛ս եք հասկանում: Այս օրենսգետը այլևս հեռու չէր Աստծու արքայությունից: Այսինքն Աստծու արքայությունը որոշակի գումարով գնվելիք մի բան չէ, կամ մրցույթ չէ, որ արագ վազողը հասնի և հաղթի, այլ յուրաքանչյուրիս մոտիկ մի բան է, որին կարող ենք հասնել մեղքի հանդեպ ունեցած մեր տկարությունից ազատվելու պարագային:
Սիրելիներ, քանի որ ուսուցումը դեռ տաճարի մեջ էր, Տէր Հիսուս օգտվելով առիթից հարց ուղղեց ժողովրդին, իմանալու համար, թե ինչ մակարդակի վրա է նրանց գիտելիքը՝ Օրենքի գրքերի և մարգարեությունների վերաբերյալ: Կենդանի շփման միջոցով շատ ավելի գիտելիք էր փոխանցում պարզ ժողովրդին, որոնք լսելու մեծ ցանկություն ունեին, հատկապես որ հասկանում էին իրենց Վարդապետին:
- Ինչպե՞ս են ասում օրենսգետները, թե Քրիստոս Դավթի որդին է, երբ Դավիթը Սուրբ Հոգով ասում է, Տէրն իմ Տիրոջը ասաց նստիր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին քո ոտքերի համար պատվանդան դնեմ; Եթե Դավիթը Քրիստոսին Տէր է կոչում, ինչպե՞ս Քրիստոս նրա որդին կլինի: Մի՞թե հնարավոր է որ ժառանգը տեր լինի իր նախորդին: Տէր Հիսուս կամենում էր նրանց հասցնել պարզ ճշմարտությունը, որպեսզի նրանք մեխանիկորեն չկրկնեն այն ինչ ասում են իրենց նախնիները, այլ հավատան Աստծու նախախնամությանը, որ Քրիստոս գալու է Դավթի սերնդից, սակայն Քրիստոս կար մինչև Դավթի լինելը: Դավիթը Սուրբ հոգուց գիտեր այդ մասին և գրել է, որ Քրիստոս իր Տէրն է: Նրանք Դավթի խոսքին անվերապահ հավատում էին, սակայն չէին ընկալում հերթականությունը: Իսկ Ժողովուրդը Նրան սիրով էր լսում, քանի որ բացատրում էր նրանց օրինակներով, առակներով, հարցերով;
Երկար մնաց Տէր Հիսուս տաճարի մեջ, քանի որ Մարկոս ավետարանիչը հերթով նկարագրում է, թե ի՛նչ իրադարձություններ ևս տեղի ունեցան տաճարի ներսում: Տէր Հիսուս պատասխանում է իր մոտ եկած՝ կրոնական առաջնորդներից լիազորված մարդկանց, այնուհետև ուսուցանում է ժողովրդի բազմությանը, եթե խանգարող չի լինում, պարբերաբար նաև աշակերտներին է ուղղություններ տալիս իրենց հետագա քարոզության փորձառության համար: Այդ ընթացքում, ըստ նկարագրության տաճարի մեջ շրջում են նաև այլ օրենսգետներ, որոնք զուգված են աչքի ընկնող զգեստներով, և հարգանքի ողջույններ են ակնկալում: Տէր Հիսուս տեսնելով նրանց, աշակերտներին զգուշացրեց, որ հեռու մնան այդպիսիներից, քանի որ նրանց վարդապետության մեջ կեղծիք կա այն առումով, որ առաջին աթոռներ են փնտրում, Ընթրիքների ժամանակ հատուկ պատվո տեղեր են փնտրում, մտնում են այրիների տները և ցուցադրաբար երկարացնում են իրենց աղոթքները: Նրանք այդ բոլորը անում էին ի տես մարդկանց, ո՛չ թե անհրաժեշտությունից դրդված:
Քանի որ հասարակությունն էր տասանորդով պահում իրենց հոգևոր սպասավորներին և նրանք պարտավոր էին ամեն ինչը կարգ ու կանոնով կատարել: Բայց կարգն ու կանոնը ձևական ու ցուցադրական պահանջ չունի: Կարգ ու կանոն է, երբ կրոնական սպասավորի նպատակն է հավատացյալին հասցնել Աստծու խոսքը և ցույց տալ Աստծու ճշմարիտ ճանապարհը, մնացած կեղծավորությունները որ արվում էին, ավելորդ էր: Հիսուս իր աշակերտներին այդ օրինակն է տալիս, քանի որ օրեր հետո Վերջին ընթրիքի ժամանակ, Ինքը ո՛չ թե պատվո տեղ էր փնտրելու, նստելու համար, այլ աշակերտների ոտքերն էր լվանալու՝ որպես խոնարհ ծառայությունը: Նա՛և, որպեսզի հետագայում աշակերտները իրենց քարոզության ժամանակ չանեն նման բաներ, քանի որ իրենք էլ են իշխանություն ստանալու իրենց ծառայության մեջ; Որովհետև կեղծավորությունն ու երեսպաշտությունը հոգևոր կյանքի մեջ խիստ դատաստանի է արժանի:
Հիսուս Քրիստոս կանգնած է Տաճարի գանձանակի առջև և դիտում է, թե ինչպես են ժողովուրդը դրամ գցում գանձանակի մեջ: Իր աչքի առջև դրամ էին գցում և մեծահարուստներ և աղքատներ և միջին խավի մարդիկ: Ոմանք ցուցադրաբար, ոմանք՝ շատ, ոմանք՝ քիչ: սակայն Տէր Հիսուսի ուշադրությունը գրավեց մի այրի կին, որը երկու լումա գցեց գանձանակի մեջ, որը չնչին է այդ օրերի համար:
Կանչեց Տէրը Իր աշակերտներին և մատնացույց արեց այդ կնոջ օրինակը, որը իր չքավորությունից էր գցել իր վերջին ունեցածը, որ իր ապրուստն էր: Աշակերտներին այս օրինակը տալիս է այն պատճառով, որ նրանք Աստծու ծառայության մեջ նվիրաբերեն ի՛նչ որ ունեն՝ ժամանա՛կ, գիտելի՛ք, կամեցողությո՛ւն, պատրաստակամությո՛ւն և այլն: Սա նաև օրինակն է այն բանի, որ օրեր հետո Ինքն է նվիրելու մարդկության փրկության համար Իր ամենավերջինը՝ Իր թանկ կյանքը, ընդ որում՝ կամավոր: Կանգնել էր Տէրը Տաճարում, և դիտում էր, թե ինչպես է անցնում տաճարով կեղծավորության շքերթը, հարգանք որսալով, պատիվ ակնկալելով, և ցուցադրաբար նաև մարդկանց համար աղոթք անելով:
Ամփոփենք այսօրվա մեր բազմաբնույթ սերտողությունը և դարձյալ սովորենք մեր դասերը, նախ՝ առաջին, և հատկապես երկրորդ պատվիրանից, քանի որ միայն Աստծուն ճանաչելը բավարար չէ, քանի որ դևերն էլ են ճանաչում, ըստ Հակոբոս առաքյալի խոսքի, այլ պետք է սիրենք մեր նմանին, որը պակաս դժվար չէ, քան սիրել Աստծուն ամբողջ սրտով, հոգով, և զորությամբ: Մենք հավատում ենք այնպե՛ս, ինչպես որ ապրում ենք, և ապրում ենք այնպե՛ս ինչպես որ հավատում ենք: Մեր ծառայությունը որտեղ որ լինի պետք կատարենք հանուն Աստծու սիրո և ամենայն նվիրումով՝ մինչև մեր վերջին կարողությունը, ինչպես որ այրի կինը: Պատվիրանապահությունը վե՛ր է ամեն տեսակ բարեպաշտական սովորություններից: Աստծու արքայության կարիքը ունենք նաև մենք, կատարյալ լինելու ձգտումը պահանջվում է նա՛և մեզնից: Առատաձեռն Աստծուց կստանանք խոստումը նաև մենք, եթե սրտի մաքրությամբ անենք այն ամենը ի՛նչ որ այսօր կարդացինք ու լսեցինք: Շնորհակալություն Մարկոս ավետարանչին, գեղեցիկ հերթականությամբ նկարագրելու համար: Փառք Աստծուն, որ մեզ նույնպես արժանացրեց բաժնեկից լինել Իր Տերունական գործընթացին: Ուժ, կարողություն բոլորիս՝ պատվիրանապահության մեջ: Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն և Նրան փառք հավիտյան. Ամեն.
Հարց. Պատվիրաններից քանի՞սն են վերաբերում մարդ- մարդ հարաբերություններին:
Տեղեկութիւններ
Լսի՛ր, Տէ՛ր, Քո անարժան ծառայի աղօթքներն ու խոնարհեցրո՛ւ Քո ունկն իմ պաղատանքներին, որ ասացիր. «Փնտրէ՛ք եւ կգտնէք, բախեցէ՛ք, եւ կբացուի ինձ համար»:
Եւ այժմ բա՛ց իմ առջեւ, Տէ՛ր, Քո ողորմութեան Դուռը, որ ողբալով կանչում եմ Քեզ, եւ մի՛ անտեսիր իմ մեղաւոր անձի աղաչանքները, որ չեկար կանչելու արդարներին, այլ՝ մեղաւորներին ապաշխարութեան: Եւ արդ, խոնարհուած հոգով, փշրուած սրտով ամօթալից երեսով պաղատում եմ Քո անոխակալ տէրութեանը եւ ատեան դնելուց առաջ աղաչում եմ եւ նախքան դռան փակելը եւ անփոփոխելի վճիռ սահմանելն իմ արտասուքը Քո առջեւ հեղում, ողորմա՛ծ Տէր, քա՛ղցր եւ անյիշաչա՛ր եւ ներողամի՛տ՝ արարածներիդ հանդէպ: Յիմար կոյսերի հետ մի՛ դատապարտիր ինձ՝ փակելով ողորմութեանդ դուռը, եւ չար ու վատ ծառայի հետ մի՛ առաքիր ինձ արտաքին խաւարն, ուր աչքերի լաց է եւ ատամների կրճտում: Մի՛ հեռացրու ինձ Քո սիրելիների դասից եւ տարագիր մի՛ արա երանաւետ յաւիտենական կեանքից: Անբաժին մի՛ հանիր ինձ հայրենի ժառանգութիւնից, որ պատրաստել ես Քո սուրբերի համար աշխարհի սկզբից, եւ մի՛ զրկիր ինձ երկնաւոր հարսնարանից: Որպէսզի, նրանց հետ ձայնակցելով, փառաւորեմ Քեզ Հօր եւ Սուրբ Հոգու հետ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: