ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 12: 13- 27
ՏՈՒՐՔ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՐՑԸ
13 Եւ Փարիսեցիներն ու Հերովդէսեանները քանի մը հոգի ղրկեցին անոր, որպէս զի խօսքով բռնեն զանիկա։ 14 Անոնք եկան ու ըսին անոր. «Վա՛րդապետ, գիտենք թէ ճշմարտասէր ես եւ մէկո՛ւն համար հոգդ չէ, քանզի մարդոց երեսպաշտութիւն չես ըներ, հապա ճշմարտութեամբ Աստուծոյ ճամբան կը սորվեցնես. Կայսրին տուրք տալ օրինաւո՞ր է։ Տա՞նք թէ չտանք»։ 15 Յիսուս գիտնալով անոնց կեղծաւորութիւնը՝ ըսաւ անոնց. «Ինչո՞ւ զիս կը փորձէք։ Բերէ՛ք ինծի դահեկան մը որ տեսնեմ»։ 16 Անոնք բերին։ Ըսաւ անոնց. «Որո՞ւնն է այս պատկերը ու գիրը»։ Անոնք ըսին. «Կայսրին»։ 17 Յիսուս պատասխան տալով ըսաւ անոնց. «Ա՛յն որ Կայսրինն է՝ Կայսրին տուէք եւ ա՛յն որ Աստուծոյն է՝ Աստուծոյ տուէք»։ Ու զարմացան անոր վրայ։
ՅԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ
18 Անոր քով եկան սադուկեցիներ, որոնք կ՚ըսեն թէ յարութիւն չկայ եւ անոր հարցուցին՝ ըսելով. 19 «Վարդա՛պետ, Մովսէս մեզի գրեց թէ՝ ‘Եթէ մէկուն եղբայրը մեռնի ու կինը ձգէ եւ զաւակ չունենայ, անոր եղբայրը առնէ անոր կինը եւ իր եղբօրը զաւակ տայ’։ 20 Արդ եօթը եղբայրներ կային։ Առաջինը կին առաւ ու մեռաւ եւ զաւակ չունեցաւ։ 21 Երկրորդը առաւ զանիկա ու մեռաւ։ Ան ալ զաւակ չունեցաւ. նոյնպէս ալ երրորդը։ 22 Ու եօթն ալ զանիկա առին եւ զաւակ չունեցան. ամենէն ետքը կինն ալ մեռաւ։ 23 Ուրեմն յարութեան ատեն, երբ յարութիւն առնեն, անոնցմէ որո՞ւն կինը պիտի ըլլայ. վասն զի եօթն ալ զանիկա կին ունեցան»։ 24 Յիսուս պատասխան տալով՝ անոնց ըսաւ. «Ատոր համար չէ՞ որ մոլորած էք, որ ո՛չ գրքերը գիտէք եւ ո՛չ Աստուծոյ զօրութիւնը։ 25 Քանզի երբ մեռելներէն յարութիւն առնեն, ո՛չ կին կ՚առնեն եւ ո՛չ էրկան կը տրուին, հապա երկնքի հրեշտակներուն պէս կ՚ըլլան։ 26 Բայց մեռելներուն համար՝ թէ յարութիւն կ՚առնեն, Մովսէսին գրքին մէջ չէ՞ք կարդացեր մորենիին վրայ, ի՛նչպէս Աստուած անոր խօսեցաւ՝ ըսելով. ‘Ես եմ Աբրահամին Աստուածը եւ Իսահակին Աստուածը ու Յակոբին Աստուածը’։ 27 Անիկա մեռելներուն Աստուածը չէ, հապա կենդանիներուն. ուրեմն դուք խիստ մոլորած էք»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ.Երեկվա չար մշակների առակը լսեցին փարիսեցիները, վրդովվեցին իրենց հոգում և լռելյայն հեռացան:Հեռացան, սակայն իրենց ներսի չարությունը անվերջ նենգ ծրագրեր և որոշումներ էր գործել տալիս իրենց: Գնացին այդտեղից և ուղարկեցին մի քանի ուրիշ փարիսեցիներ և հերովդեսականներ, որպեսզի իրենց հարցերով մի կերպ կարողանան ծուղակ պատրաստել Քրիստոսի համար: Այս անգամ էլ սրանք լիազորված քահանայապետներից դուրս եկան բանավեճի Տիեզերքի Մեծագույն Օրենսգետի հետ: Սրտներում՝ նենգություն, իսկ շրթներին քծնանք ունենալով՝ դիմեցին Վարդապետին, որին չէին հետևում երբեք:
Ուշադրություն դարձրեք, թե ի՛նչ նախաբանով են սկսում իրենց ասելիքը,- Վարդապե՛տ, գիտենք, որ դու ճշմարտասեր ես, և չես քաշվում ո՛չ ոքից, նաև հիմնավորում են իրենց բառերը, ասելով,- որովհետև մարդկանց աչառություն չես անում, այլ ճշմարտությամբ Աստծու ճանապարհն ես ուսուցանում, արդ, ասա մեզ, օրինավո՞ր է հարկ տալ կայսրին, տա՞նք, թե՞ չտանք:
Սիրելիներ, եթե մենք, կարդացողներս ենք զգում նախաբանի կեղծիքը և հարցի չար միտումը, ապա պատկերացնենք, թե ի՞նչ է զգում Հիսուս Քրիստոս, որ կարիք չունի նույնիսկ լսելու, որովհետև նրանց սրտերն է տեսնում միանգամից: Նախ՝ փարիսեցին ու հերովդեսականը, որ միաբանվել են իրենց առաջնորդի ցուցումով՝ արդեն կեղծիք է, քանի որ հերովդեսականը հարց է տալիս տուրք տալու մասին, ինչը անտրամաբանական է: Հերովդեսականները պատկանում էին Հերովդեսի քաղաքական կուսակցությանը և պաշտպանում էին Հերովդեսի շահերը: Ո՞րն էր նրանց նպատակը տուրքի մասին հարց տալ, եթե ո՛չ նենգությունը: Փարիսեցիներն էլ ենթարկվում էին հոգևոր առաջնորդներին և տեղյակ էին, որ իրենց առաջնորդները տաճարում մերկացվել են Քրիստոսի կողմից՝ տաճարը ավազակների որջ սարքելու համար:
Այս երկու կրոնաքաղաքական ուժերի միացությունը հնարավո՞ր է բարի նպատակով եկած լինեն: Անշո՛ւշտ ո՛չ:
Այս տողերը կարդացողի մոտ միանգամից հարց է առաջանում. Եթե այդպես գնահատում եք Վարդապետի արժանիքները և վստահ եք, որ Նա Աստծու ճանապարհն է ուսուցանում, ինչո՞ւ այդ դեպքում չեք հետևում Նրան, այլ հետևում եք նրանց, որոնք նախնիների ավանդության հետևորդներ են և անտեսում են Աստծու ճանապարհի ուսուցումը: Պատկերացրեք, որ հարկային դաշտի պատասխանատուն մեզ հարց տա հարկերի մասին, թե արդյո՞ք օրինավոր է, որ հարկ ենք տալիս: Նմանատիպ մի զավեշտալի հարց էլ սրանք էին պատրաստել:
Ամեն անգամվա պես հստակ էր Հիսուս Քրիստոսի ուղղած հարցը, և հետո տված բացատրությունը: - Կեղծավորները, ինչո՞ւ եք ինձ փորձում,- ասաց Հիսուս, մի դահեկան ուզելով նրանցից: Ցույց տվեց բոլորին դահեկանի վրա կայսրի պատկերը և հանգիստ ասաց,- Գնացե՛ք տվե՛ք կայսրինը՝ կայսեր, և Աստծունը՝ Աստծուն: Ահա մի պատասխան ևս, որը լռեցրեց փորձիչներին, հիացրեց լսողներին և ինչպես միշտ զարմացրեց նաև մեզ: Հերովդոսականների տված հարցը քաղաքական էր և անկարելի է որևէ պատասխան տալ չառնչվելով քաղաքականության հետ: Նրանք ակնկալում էին, որ Հիսուս կբացառի կայսրին տուրք տալու օրենքը, քանի որ Ինքը ժողովրդասեր է, իսկ ժողովուրդը անվերջ ընդվզում է Հռոմի կայսրության հարկերի և տուրքերի դեմ: Եթե մերժի այս օրենքը, դա հիմնավոր պատճառ կհանդիսանա կայսրին զեկուցելու Քրիստոսի պատասխանը; Իսկ դա իր հերթին հիմնավոր պատճառ կլինի Վարդապետին ձերբակալելու, ինչը փարիսեցիների երազած ծրագիրն էր:
Իսկ եթե հանկարծ Հիսուս ասեր, այո՛ պարտադիր պետք է տուրք տաք կայսրին, ժողովրդի մեջ ընդվզում կառաջանար, և Հիսուս կկորցներ իր համբավը, ինչը նույնպես հոգևոր առաջնորդների երազանքն էր:
Այս անգամ էլ նրանց ցանկությունը խափանվեց ո՛չ թե իրենց անհեռանկար հարցադրման համար, այլ որովհետև իրենք Քրիստոսի ճշմարիտ բնութագրի բառերը փորձեցին կեղծավորաբար որպես ծուղակ օգտագործել՝ իրենց համար հարմար պատասխան ստանալու համար: Նրանք Քրիստոսի առջև ներկայացան իբրև տուրքերից դժգոհող մարդիկ, կարծես նա՛և ժողովրդի աչքին բարձրանալու պատրվակով, Իբրև Քրիստոսի համախոհներ, որ գնահատում են Իրեն: Չիմանալով, որ Հիսուս Քրիստոս տեղյակ է բոլոր խավերի խարդախություններից: Ուղղակի այդ խավերի մարդիկ տեղյակ չեն, որ Քրիստոս եկել է նրանց իրենց խարդախություններից ազատելու համար:
Նաև մի ուշագրավ փաստ արձանագրվեց այդ հարցադրման ժամանակ: Տէր Հիսուս ասաց, ինձ մի դահեկան բերե՛ք, որ տեսնե՛մ: Անմիջապես տվեցին, քանի որ ունեին իրենց մոտ, իսկ Հիսուս չուներ իր մոտ դահեկան և ուզում էր տեսնել, քանի որ իրեն պետք չէր դահեկանը, նա չգիտեր, թե որտե՞ղ է ճաշելու և որտե՞ղ է քնելու: Նայեց կայսրի պատկերին և ասաց, քանի որ սա պատկանում է կայսրին և դուք սիրում և օգտագործում եք դա, ուրեմն տվեք տուրքը իր տիրոջը: Բայց մի անտեսեք Աստծուն տալ իրեն պատկանող բաները: Աստված մեզ անմահ հոգի է տվել, սիրտ և մտածելու կարողություն է տվել, իսկ սա նշանակում է, որ մեր միտքը չի կարող զբաղված լինել մեղավոր մտածումներով, կեղծավոր մտքերով, մեր սիրտը պետք է պարունակի իր մեջ Աստծու սերն ու խոսքը, մեր հոգին պետք է իր ամբողջ զորությամբ սիրի և հնազանդվի Աստծուն: Իսկ դահեկանը գործածեք ձեր մարմնի պետքերի համար և վճարեք կայսրի տուրքը՝ կայսրին: Աստծու ժողովուրդը հայտնվել էր Հռոմի լծի տակ, և պարտադրված պետք է վճարեր հարկեր, մինչդեռ այդ ժողովուրդը պատկանում Աստծուն: Տէր Հիսուս հակասություն չի տեսնում իշխանությանը ենթարկվելու մեջ, հետագայում նաև Պողոս առաքյալն էլ նույնն է ասում, և վերջապես մենք էլ ենք այդպես ապրում այսօր:
Պետական տուրքերը վճարում ենք, և դա մեզ չի խանգարում որ հոգով ու սրտով Աստծուն ծառայենք: Պատվիրանապահությունը չի խոչնդոտում հարկատուին, այլ հակառակը՝ պատվիրանապահը պարտաճանաչ կերպով ժամանակին վճարում է պահանջված հարկերը: Թեպետ հերովդեսականներն ու փարիսեցիները միայն կայսրին տրվելիք տուրքի մասին հարց տվեցին, սակայն Քրիստոս ակնարկեց, որ դուք միայն մարմին չեք, այլ նաև հոգի ունեք, որը Տիրոջ առջև է կանգնելու Դատաստանի օրը, հետևաբար հաշվետո՛ւ եղեք նա՛և Աստծուն:
Սիրելիներ, կարծես թե ավարտվեց տհաճ խոսակցությունը փարիսեցիների և հերովդեսականների հետ, որը նրանց համար շատ օգտակար էր, եթե ընդունեին ճշմարտությունը: Բայց սրանով չավարտվեց պարզաբանումները: Հիմա էլ եկան սադուկեցիները: Իսկ սա այն երրորդ խմբավորումն է, որը չի հավատում մեռելների հարությանը, Սրանք էլ հարության վերաբերյալ էին հարց պատրաստել: Զարմանալի է, որ հարց են տալիս մի բանից, որի մեջ իրենք հաստատված են, և ունեն իրենց ուրույն կարծիքը: Սադուկեցիներին հետաքրքրում էր, թե ի՞նչ է լինելու այն կնոջ կարգավիճակը հարությունից հետո, որին յոթ եղբայրները որպես կին ունեցան: Սա իր տեսակի մեջ շատ ծանոթ հարց է, ոչ թե իր բնույթով, այլ՝ տրամաբանությամբ: Քանի որ այսօր քահանաներին ուղղված հարցերի մեծամասնությունը վերաբերում է ո՛չ թե սեփական անձի մեղքերին, թերահավատությանը, կամ տկարություններին, այլ՝ թե՝ արդյո՞ք փրկվելու են մուսուլմանները, ինչ կլինի դատաստանի ժամանակ բուդիստներին, Աստված կների՞ արդյոք աղանդավորներին, կամ աթեիստների վիճակը ի՞նչ կլինի Երկրորդ Գալուստին: Ո՛չ ոք չի հարցնում, ինչպե՞ս անեմ, որ այս օրը ավարտվի և ես սուտ չխոսեմ, կամ չնախանձեմ, կամ չչարախոսեմ:
Հիմա սադուկեցիները թողել են իրենց հոգսը, որ անհավատ են հարության նկատմամբ, մտահոգված են մի կնոջ հարցով, բայց ո՛չ թե բացատրություն լսելու և հավատը զորացնելու, այլ առավել հաստատվելու իրենց մոլորության մեջ: Տէր Հիսուս նրանց հանդիմանում է այն բանի մեջ, որ չգիտեն ինչպե՛ս գրքերը, այնպե՛ս էլ Աստծու զորությունը, որովհետև մոլորության մեջ են: Քանի որ մեռելները հարություն առնելուց հետո ոչ կին են առնելու, ո՛չ էլ մարդի են գնալու, այլ՝ լինելու են հրեշտակների պես, որ երկնքում են: Մեր եկեղեցու հայրերը այս մտքի վրա շատ պարզաբանումներ են տվել, ասելով, որ հարությունից հետո մարդիկ կլինեն ո՛չ թե հրեշտակներ, այլ հրեշտակների նման, չե՛ն ունենա մարմնական ցանկություններ, սակայն չի վերանա սեռը, այլ՝ տղամարդը կմնա տղամարդ, իսկ կինը՝ կին՝ ուղղակի կլինեն առանց ցանկությունների:
Իսկ հարությանը չհավատացող սադուկեցիներին, որոնք Սուրբ Գրքերին տեղյակ աստվածաբաններ էին, տէր Հիսուս ուղղակի հարց տվեց.- դուք չե՞ք կարդացել Մովսեսի գրքերը, թե ինչպե՛ս մորենու դրվագում Աստված խոսում է Մովսեսի հետ և հայտնում, որ Ինքը Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածն է: Իսկ այս այրերը շատ վաղուց արդեն մահացած են: Մի՞թե Աստված իրեն մեռելների Աստված է համարում: Աստված ողջերի Աստված է, իսկ դուք խիստ մոլորության մեջ եք դեռևս:
Իսկ ի՞նչ էր այս կնոջ տարօրինակ ամուսնության պատմությունը: Հրեական հին աղբյուրները պատմում են, որ այդ ժամանակ կար ժառանգականության խնդիր; Ենթակայի համար չկար ավելի անպատվաբեր մահ, քան՝ երբ մահանար առանց ժառանգ թողնելու: Նրանք կարծում էին, որ իրենց անունը ջնջվեց և վերացավ աշխարհի երեսից, քանի որ իրենցից հետո չկա ժառանգ, որ հիշի իրենց անունը: Իսկ ինչո՞ւ էին ամուսնանում իրենց մեռած հարազատի կնոջ հետ: Սա էլ մի ուրիշ ծայրահեղություն է: Որպեսզի իր ունեցվածքին օտարը չտիրանա և իր ժառանգությունը շարունակվի: Եթե ամուսնանար մեռած եղբոր կնոջ հետ և զավակ ունենար, ապա առաջնեկը պիտի կոչվեր մեռածի անունով՝ որպես նրան հիշատակ: Այս կենցաղով ապրող մարդիկ ուղղակի խավար մեջ են և նրանց համար հարության գաղափարը անհասկանալի լինելուց բացի նաև անհավատալի է; Սադուկեցիները դրանց հետևորդներն էին, դրա համար հավատում էին, որ Աստծու օրհնությունը միայն այս կյանքի համար է, իսկ հարությունը ուղղակի ֆանտազիա է և անհավանական: Պատկերացրեք, որ կինը հերթով ամուսնացել է բոլոր յոթ եղբայրների հետ և դա մեղք չի համարվել, այլ՝ հակառակը իբրև հետևել են օրենքին: Սադուկեցիները էլ ինչպե՞ս կհասկանային կամ կհավատային հարությանը՝ իրենց կարծրացած մտքերով:
Տէր Հիսուս հստակ տալիս է բացատրությունը հարությունից հետո հետաքրքրվողների համար: Հարությունից հետո չի լինելու ինչպես որ այժմ է աշխարհը շարունակվում որդեծնությամբ և մահով; Այն ժամանակ մահ չի լինելու, հետևաբար չի լինելու նաև որդեծնություն: Երբեմն մարդիկ տխրում են այս առիթով, երբ լսում են, որ այն ժամանակ չի լինելու ամուսնություն և որդեծնություն; Իսկ ես իրենց ասում եմ, եթե ափսոսում եք, որ հարությունից հետո չի՛ լինելու ամուսնություն և որդեծնություն, ապա նայեք ձեր շուրջը՝ ամունալուծությունների քանակին, և մանկատների քանակին, և ամուր պահեք այն, ինչ որ Աստված պարգևել է ձեզ այս կյանքում, և վստահ եղեք, որ առավելը կունենաք ա՛յն կյանքում; Չէ՞ որ Աստված միշտ ավելիով է տալիս մարդ արարածին, որը հնազանդ է Աստծուն:
Սիրելիներ, փորձեմ ամփոփել այսօրվա ծավալուն թեման՝ ընդգծելով գլխավոր միտքը: Այսպիսով, չորս տարբեր խմբավորումներ, որոնք թշնամի էին միմյանց, այժմ միավորվել են և ունեն մեկ ընդհանուր թշնամի՝ Հիսուս Քրիստոս, որ ճշմարիտ Քահանայապետ է և լուսաբանում է սուրբ գրքերը, որոնք խեղաթյուրել են իրենք՝ իրենց չիմացության պատճառով: Սադուկեցիների տված հարցը քաղաքական չէ՛ր, ինչպես որ հերովդեսականներինը, սակայն այստեղ էլ վտանգը մեծ էր, մարդիկ մտածում են, որ այս կյանքն է միայն իրենց տրված ապրելու համար, հետևաբար պետք է վայելեն որքան կարող են: Իսկ այդ պարագայում մեղքերը անխուսափելի են: Սիրելիներ, մեր հավատի հիմքը հարությունն է, եթե հարություն չկա, ուրեմն մենք կենդանի Աստծու հետ շփում չունենք նաև այսօ՛ր: Իսկ Աստված ասում է,- Ե՛ս Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը: Իսկ Աստծու սիրելի Որդին մեզ ասում է, Ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը: Փա՛ռք Աստծուն Իր խոստման համար, Իր Հարության համար և առավել փառք՝ Իր երկրորդ գալուստի համար: Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը Իր Հարության հույսի հետ միասին պարուրի ձեր սրտերը և հաստատուն մնաք ձեր հավատի ու բարի գործերի մեջ, և Նրան փառք Հավիտյան. Ամեն
Հարց. Ինչո՞ւ են այս խմբավորումները հետապնդում Հիսուս Քրիստոսին:
Տեղեկութիւններ
Դու իմ Հայրն ես ու Տէրը, արարիչը եւ ստեղծողը, ո՜ւմ մօտ գնամ կամ ումի՜ց խնդրեմ օգնութիւն: Մեղա՜յ Քեզ, խոստովանում եմ Քեզ եւ աղաչում ՝մի՛ մերժիր ինձ Քո ողորմութիւնից եւ մի՛ զրկիր Քո երեսից: Աղաչում եմ Քեզ՝ բարերար Տիրոջդ եւ իմ բազմագութ Արարչիդ՝ յաւիտենական ամօթով ինձ մի՛ ամաչեցրու եւ [Դատաստանի] մեծ Օրը ինձ մի՛ դատապարտիր, տիեզերական հրապարակիդ առաջ ինձ մի՛ յանդիմանիր, անողորմ տանջանքներով մի՛ տանջիր եւ սոսկալի գեհենովդ մի՛ պատուհասիր: Այլ փրկի՛ր հրացայտ հնոցներից եւ հրեղէնների հրահոսան գետերից, չարաժանիք որդերից, անթափանց խաւարից, դառը դատաստաններից եւ աններելի տանջանքնեից, անքակտելի կապանքներից եւ հանապազորդ նեղութիւններից, միշտ ողբալուց եւ ատամներ կրճտացնելուց: Այլ գթա՛ մեղքերով վիրաւորուածիս եւ բժշկի՛ր անօրէնութեամբ հիւանդացածիս: Ընդունի՛ր ինչպէս հայհոյողին եւ հալածչին, փարատի՛ր իմ մեղքերի բազմութիւնը, սրբի՛ր ինձ պղծութիւնից, ինչպէս պոռնիկին, եւ արդարացրո՛ւ, ինչպէս մաքսաւորին: Ողորմի՛ր, ինչպէս քանանացուն, եւ ների՛ր իմ յանցանքներն, ինչպէս աւազակին:
Բնակեցրո՛ւ ինձ սուրբերի դասի եւ Քո կամարար արդարների խորանների մէջ, անանց կեանքի վայելչութեան եւ անբաւ ուրախութեան բարիքների մէջ՝ ի Տէր մեր Յիսուս Քրիստոս, Որին, փա՜ռք յաւիտեան: