ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 12: 1- 12
ԱՅԳԻԻՆ ՄՇԱԿՆԵՐՈՒՆ ԱՌԱԿԸ
1 Ապա շարունակեց առակներով խօսիլ անոնց հետ ու ըսել. «Մարդ մը այգի տնկեց, անոր շուրջը ցանկ քաշեց, հնձան փորեց, աշտարակ շինեց եւ զանիկա մշակներու յանձնեց ու ինք օտար երկիր մը գնաց։ 2 Ատենին ծառայ մը ղրկեց մշակներուն, որպէս զի մշակներէն այգիին պտուղէն առնէ։ 3 Իսկ անոնք բռնեցին, ծեծեցին զանիկա, պարապ ճամբեցին։ 4 Նորէն ուրիշ ծառայ մըն ալ ղրկեց անոնց։ Զանիկա քարկոծելով գլուխը վիրաւորեցին ու անարգուած ճամբեցին։ 5 Դարձեալ ուրիշ մը ղրկեց։ Զանիկա սպաննեցին։ Շատ ուրիշներ ալ ղրկեց, որոնցմէ մէկ քանիները ծեծեցին ու մէկ քանիները սպաննեցին։ 6 Ուստի՝ սիրելի որդի մըն ալ ունենալով, վերջապէս զանիկա ալ ղրկեց անոնց՝ ըսելով. «Թերեւս ամչնան իմ որդիէս»։ 7 Բայց այն մշակները ըսին իրարու. «Ասիկա է ժառանգորդը. եկէք զանիկա սպաննենք ու ժառանգութիւնը մերը ըլլայ»։ 8 Բռնեցին զանիկա ու սպաննեցին ու այգիէն դուրս հանեցին։ 9 Ուստի այգիին տէրը ի՞նչ պիտի ընէ։ Պիտի գայ ու կորսնցնէ մշակները եւ այգին ուրիշներու պիտի տայ։ 10 Այս գիրը չէ՞ք կարդացեր, թէ ‘Այն քարը, որ շինողները անարգեցին, անիկա անկիւնին գլուխը եղաւ’. 11 Ասիկա Տէրոջմէն եղաւ եւ զարմանալի է մեր աչքերուն»։
12 Մտածեցին բռնել զանիկա, բայց ժողովուրդէն վախցան, քանզի իմացան որ այն առակը իրենց համար ըսաւ եւ ձգեցին զանիկա ու գացին։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս սիրելի ունկնդիրներ, այսօրվա մեր թվերը հետաքրքիր նմանություն ունեն: Ամսի տասներկուսն է, տասներկուերորդ գլուխ է, սերտողությունը մինչև տասներկու համար է; Ուրեմն մեր սերտողությունը սկսենք տասներկու առաքյալների բարեխոսությամբ, և փառք Աստծուն նրանցից յուրաքանչյուրի նվիրական ծառայության համար, որ այսօր մենք կարծես ներկա ենք բոլոր տերունական իրադարձություններին իրենց ջանքերի և Աստծու սուրբ Հոգու շնորհիվ:
Երեկ՝ տաճարի բանավեճի ժամանակ փարիսեցիները մնացին անպատասխան Տէր Հիսուսից, քանի որ իրենք էլ չպատասխանեցին Նրա տված հարցին:
Այսօր մեր սերտողության թեման այգեպանի և չար մշակների մասին է: Այս անգամ Հիսուս սկսեց առակներով խոսել նրանց հետ՝ Տաճարի մեջ ժողովրդի ներկայությամբ: Առակի բովանդակությունը համառոտ ներկայացնեմ, թեպետ կարդացի ձեզ համար: Մի մարդ այգի տնկեց, շուրջը ցանկապատ քաշեց, հնձանի փոս փորեց, աշտարակ շինեց, վարձակալության տվեց մշակներին և գնաց իր գործերով մի ուրիշ երկիր: Այս բոլոր գործողությունները և հարմարությունները ստեղծեց այգեպանը, որպեսզի մշակների համար հարմարավետ լինի և նրանք միայն աշխատեն և առատ բերք ստանան: Որոշ ժամանակ անց մի ծառա ուղարկեց, որ իր այգու պտղից վերցնի: Մեզնից որևէ մեկը, եթե վարձակալությամբ տալիս, կամ վերցնում է մի տարածք, քաջատեղյակ է, որ գործում են որոշակի պայմաններ, որոշակի պայմանավորվածությունները: Այս այգեպանը նույնպես ունեցել է այդ պայմանները: Սակայն նրա ուղարկած ծառային ծեծեցին և ձեռնունայն ուղարկեցին: Երբ ուղարկեց երկրորդ ծառային, սրա գլուխը կոտրեցին և անարգելով ճանապարհեցին: համբերատար այգեպանը երրորդին ուղարկեց, սրան էլ սպանեցին, և դրանից հետո շատերին ուղարկեց, ոմանց ծեծում էին, ոմանց էլ սպանում:
Այգեպանը ոչ մի պատիժ չի կիրառում, այլ ուղարկում է իր սիրելի որդուն, որպեսզի մշակները ամաչեն իր որդուց և այգեպանից, և դադարեն իրենց այդ անարգությունները այգու տիրոջ հանդեպ: Մշակներին ավելի մտահոգեց այգեպանի ժառանգի գալուստը, և նրանք հասկացան, որ ժառանգը տեր է կանգնելու այգուն, նենգաբար սպանեցին նաև ժառանգին և այգուց դուրս դրացին նրան, որպեսզի ողջ ժառանգությունը մնա իրենց: Այստեղ անմիջապես Տէրը հարց տվեց ներկաներին, թե՝ երբ այգու տերը վերադառնա, ի՞նչ կանի մշակներին; Բոլորը պատասխանում են,- կսպանի մշակներին և այգին կտա ուրիշ մշակների: Եթե հարցը մեզ ուղղվեր, մենք էլ նույն պատասխանը պետք է տայինք: Սակայն տէր Հիսուս ավելացնում է,- Դուք չե՞ք կարդացել գրքի այն խոսքը, (նկատի ունի 117:21 սաղմոսը) թե՝ այն քարը որ կառուցողները անարգեցին, դարձավ անկյունաքար: Լսեցին այս խոսքերը փարիսեցիները, շատ լավ հասկացան, որ այդ առակը իրենց է վերաբերում, սակայն ժողովուրդը շատ էր, վախեցան ու այս անգամ էլ թողեցին հեռացան: Ահա այսպիսին էր առակը, որը իրենից հետո թողնում է շատ ու շատ հարցեր: Ամենապարզ մեկնությունը որ կարող է անել առակը լսող յուրաքանչյուր անձ, այն է, որ խոսքը Իսրայելի մասին է, որը վստահված էր քահանաներին, փարիսեցիներն, և նրանք պտուղ չտվեցին, այլևս Իսրայելը չի կարող համարվել Աստծու ընտրյալ ազգ: Ինչպես որ թզենու պարագան էր, որ անիծեց Տէր Հիսուս, և ասում են դա խորհրդանիշն է Իսրայելի:
Ինչպես որ թզենու առակի սերտողության ժամանակ մենք անդրադարձանք առակի այլակարծությանը, նույնը կարող ենք անել բոլոր առակների վերաբերյալ: Յուրաքանչյուր ազգ և անհատ կարող է իրեն տեսնել այս առակի մեջ: Բոլոր ազգերին տրվեց բացառիկ հնարավորություն՝ Սուրբ Գիրքը: Բոլոր ազգերից դուրս եկան սրբեր և բոլոր ազգերից հայտնվեցին մարդիկ, որոնք սպանեցին ու անարգեցին այդ սրբերին: Մեր հողի վրա են սպանվել Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալները: Այստեղ ո՛չ թե հրեաների շահերը պաշտպանելու հարց է, այլ նույն երևույթը կատարվել է բոլոր ազգերի մեջ: Հրեաները ֆիզիկապես սպանեցին Հիսուս Քրիստոսին, մյուս ազգերը որ անտեսում են Աստծու պատվիրանները, բարոյապես են սպանում Նրան: Այո դեպքը կատարվել է Երուսաղեմում՝ հրեաների ձեռքով: Սակայն մենք մտածում ենք լայնախոհ կերպով հիմք ունենալով Ավետարանի ողջ ճշմարիտ ուսուցումը: Տէր Հիսուս ծնվել է հրեա ընտանիքում, իր աշակերտները հրեաներ են, մի տեղում ասում է, պատշաճ չէ մանուկների հացն առնել, տալ շներին, նկատի ունի հրեաներին:Կամ մեկ այլ տեղում ասում է ,- Ես եկա Իսրայելի կորած ոչխարների համար: Տէր Հիսուս պատրաստ էր Իր կյանքը տալ և տվեց ոչ միայն իսրայելի, այլ համայն մարդկության համար: Եթե համայն մարդկության փրկության համար տվեց իր կյանքը, ուրեմն համայն մարդկությունն է մեղքի մեջ:
Միթե այգեպանը այդքան շատ կարիք ուներ պտղի, որ համարձակվեց իր սիրելի որդուն ուղարկի մարդասպանների մեջ՝ հանուն բերքի: Եթե այգին Իսրայելն է, ուրեմն այգեպանը Աստված է, և շատ մտահոգ է, որ այդ այգին անպայման պտուղ տա՝ թեկուզ իր սիրելի որդու սպանվելու հաշվին: Տարբեր տեսանկյուններից կարելի է նայել այս առակին և չփնտրել, թե ո՞վ է մեղավոր, այլ նայել այսօ՛ր ինչ վիճակ է; Որքանով է այսօր աշխարհի այգին պտղատու, և որքանով է այսօր աշխարհը հարգալից՝ այգեպանի սիրելի Որդու նկատմամբ: Հեշտ է մատնացույց անել մեկին՝ մեղքի մեջ, սակայն շատ դժվար է տեսնել սեփական մեղքը:
Ինչո՞ւ Տէրը պատմեց հատկապես այս առակը, Իրեն սպանելուց առաջ: Սա ևս նամակ էր օրվա քահահայապետներին՝ որպեսզի իրենց որոշումները կայացնելիս լուրջ մտածեն; Նամակ է նաև մեզ այսօր՝ Աստծու համբերատարությանը շահագործելու առումով: Աստված պտուղ է սպասում բոլոր ժամանակներում, քանի որ բոլոր հնարավորությունները ստեղծել է մարդկության համար:
Երեկվա սերտողության մեջ մենք տեսնում ենք, որ փարիսեցիները տաճարի մեջ հանդիմանում են Հիսուսին Նրա իրավունքի համար և հարցնում են, թե ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը; Այս առակի մեջ կարծես նմանություն կա, երբ փարիսեցիները լսեցին առակը հասկացան, որ իրենց մասին է, ուզում էին սպանել այգեպանի սիրելի որդուն:
Օրթոդոքս հրեաները այս առակի մասին խոսելիս, ասում են, որ անկյունաքար ասելով Տէր Հիսուս նկատի ուներ նաև Հովսեփին, որին եղբայրները վաճառեցին եգիպտացիներին և իրենց հորը՝ Հայր Հակոբին լուր տարան, որ սպանվել է: Սակայն դա պատահեց, և հետագայում Հովսեփը փրկեց Իսրայելը սովից; Այո այդպես եղավ Աստծու նախախնամությամբ, և Հովսեփը ինքը եղբայրներին ասում է, որ Աստված նախախնամեց, որ ձեր փրկության հարցը լուծվի: Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ կարելի էր Հովսեփին վաճառել նախանձից: Կամ Հիսուս Քրիստոսին խաչելության դատապարտել, նախանձից, որպեսզի մարդկության փրկությունը իրագործվի: Այդ դեպքում ինչո՞ւ Տէր Հիսուս ասաց,- վա՛յ նրան ում ձեռքով կգա գայթակղությունը: Կամ այս առակի ավարտին հարցնում է, - երբ այգու տերը գա ի՞նչ կանի: Աստված բոլոր ժամանակներում նույնն է պահանջում մարդուց, ապահովելով նրա համար բոլոր հնարավոր գործիքները՝ առատ պտուղ տալու համար: Իսկ մարդ արարածը բոլոր հնարավորություններից ուզում է օգտվել, իսկ պատասխանատվությունից և պատվիրանապահությունից՝ ոչ: Մենք էլ շատ հաճախ ամեն ինչից ուզում ենք օգտվել և ասում ենք, սա մեր կյանքն է, մենք ինչպես կուզենք, այնպես էլ կդասավորենք: Հետո երբ սկսվում են խնդիրները, մենք մոռանում ենք սկզբնաղբյուրը՝ մեղքի և ուզում ենք հասկանալ, թե ինչո՞ւ է մեր կյանքը այսքան տխուր և անհաջող: Կան կանոններ, որոնք պետք է պահվի սրբությամբ: Այգին պետք է պտուղ տա, այդ պտուղը պետք է գոհացնի այգու տիրոջը:
Կյանքը գեղեցիկ քարտեզ ունի գծված մարդկության համար: Կյանքը սկիզբ առավ Եդեմի պարտեզից, մեղքի պատճառով վտարում եղավ: Շատ երկար ու տանջալից եղավ մարդու ճանապարհը մինչև Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այնուհետև եղավ Նրա կյանքի կարճ, բայց շատ հարուստ կենսագրությունը: Մկրտություն, քարոզ, խաչելություն, մահ և հարություն: Փոխվեց աշխարհի ընթացքը, մենք հիմա անցած պատմությանը պետք է նայենք Հարության լույսի շողերի ներքո, որպեսզի հասկանանք մեր անցած ճանապարհի նպատակը: Քրիստոսից հետո ամեն ինչ հիմնվեց հարության գաղափարի վրա: Ինչպես Ավետարանները, այնպես էլ Գործք Առաքելոցը և Պողոսի նամակներն ու առաքելական թղթերը: Մենք հիմա Հին Կտակարանը կարդում ենք հարության լույսի ներքո, և հասկանալի է դառնում: Մեր կյանքը, որ մենք ապրում ենք, պատկանում է Հիսուս Քրիստոսին, և առանց Նրա հաստատած կանոններին ամեն ինչ ձախողում է: Սակայն մեղքը մարդուն միշտ հիշեցնում է, որ կյանքը քոնն է, կարող ես վարվել քո ուզած ձևով: Այնպես, ինչպես չար մշակներն էին ուզում ապրել իրենց կյանքը, իրենց ճանապարհից վերացնելով խանգարողներին:
Մենք էլ ենք կարծում, որ այգին պետք է վերցվի և տրվի ուրիշ մշակների, իսկ չար մշակները պատժի ենթարկվեն: Սակայն չէ՞ որ մենք էլ ենք ստացել ամեն ինչ Աստծուց, և գործածում ենք մեր կարիքների համար և չենք փառավորում Աստծու անունը և Աստված չի տեսնում մեր պտուղը: Առակի մեջ ասում է ցանկապատ քաշեց այգու շուրջը: Ի՞նչ է ցանկապատը, եթե ոչ պաշտպանիչ շերտ այգու համար, այսինքն եթե այգին Իսրայելն է, ուրեմն պատվիրանը նրա ցանկապատն է՝ ապահովության համար, չարի ու բարու համար: Այս պարագայի համար համապատասխանում է նախավերջին պատվիրանը, թե՝ մի ցանկացիր և աչք մի ունեցիր ուրիշի ունեցվածքի վրա: Սակայն մշակները ուզում էին խլել ողջ ժառանգությունը՝ սպանելով այգեպանի սիրելի որդուն; Այս առակի մեջ կանք կարող ենք գտնել մեզ այն առումով, որ Աստված մեզ տվել է շնորհներ, ոմանց պաշտոնները, ոմանց կոչումներ, իսկ բոլորիս՝ կյանք: Ինչպես ենք մենք մեր կյանքը ծառայեցնում Աստծու խոսքի համաձայն, այնպիսի մշակ էլ կարող ենք լինել Աստծու համար: Հետևաբար մենք, որ այսօր լսում ենք այս և այլ առակներ, առավել կարիք ունենք մեր սիրտը մշակելու քան մեր հողը:
Սիրելիներ, ինչպես որ իսրայելացիները քառասուն տարի շրջեցին անապատում՝ մեկ նպատակի համար, այն է հնազանդություն Աստծու խոսքին, որպեսզի մտնեին խոստացված երկիրը: Բոլորս ունենք խոստացված երկիր, բոլոր ունենք անապատ, բոլոր ունենք Աստծու խոսքի պատգամները: Անկարելի է, որ կավը բրուտին հակաճառի, որովհետև եթե բրուտը դեն նետի կավը, կդառնա ոտքի կոխան և կկորչի: Իսկ հնազանդվելու դեպքում կավից գեղեցիկ անոթներ կարող է ստանալ բրուտը: Սիրելիներ ավարտենք մեր սերտողությունը այս առակի վերաբերյալ, և վերցնենք մեր դասը նաև այսօր: Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուր հետ լինենք և Նրան փառք հավիտյանս հավիտենից:
Հարց. Ո՞րն է առակի բուն ասելիքը:
Տեղեկութիւններ
Աղօթք Հովհան.Մանդակունի
Ո՜վ անեղ եւ անստեղծ, Արարի՛չ բոլոր արարածների, Ում ո՛չ երկիրը կարող է տանել, եւ ո՛չ էլ երկինքը՝ ընդգրկել, այլ վեր ես, քան երկինքը, եւ [երկրի] ծագերից էլ այն կողմ, եւ բոլոր երեւելիները եւ աներեւոյթները Քեզանով են բովանդակուած: Դու տիրում ես բոլորին, եւ Քո հրամանը կառավարում է բոլոր արարածներին, Դու աղքատացնում ես եւ Դու՝ հարստացնում, հարուածում եւ Ինքդ բժշկում, Դու ես սատանայից վտանգուածիս սփոփիչը եւ մեղքերով հիւանդացածիս առողջացնողը, Դու ես աղօթքներն ընդունողը եւ խնդրւածքները կատարողը: Խոնարհեցրո՛ւ, Տէ՛ր, Քո ունկը եւ լսի՛ր Քո ծառային, տե՛ս, Տէ՛ր, իմ տառապանքները եւ ընդունի՛ր ինձ գթութեամբ, ինձ մի՛ խրատիր Քո բարկութեամբ եւ Քո ցասումով մի՛ յանդիմանիր, քանզի Աստուած ես գթութեան, գթա՛ եւ ինձ՝ մեղաւորիս, որ բազում հեծեծանքներով եւ պաղատանքներով աղերսում եւ աղաչում եմ Քեզ: Քանզի կարեվէր եմ մեղքերով եւ ցաւահարուած՝ անօրէնութեամբ, չարաչար ախտերով՝ յանցանքների մէջ, եւ պիղծ խորհուրդներով՝ ամբարշտութեանս մէջ, գարշ հոգովս՝ աղտոտուած, եւ մեղսաթաթած մարմնովս՝ զազրացածմ ամօթահար երեսով կանգնած Քո առաջ եւ ամօթով՝ տեսնողների առաջ: Բնակեցրո՛ւ ինձ սուրբերի դասի եւ Քո կամարար արդարների խորանների մէջ, անանց կեանքի վայելչութեան եւ անբաւ ուրախութեան բարիքների մէջ՝ ի Տէր մեր Յիսուս Քրիստոս, Որին, փա՜ռք յաւիտեան: