ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 11:27-33
ՅԻՍՈՒՍԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ
27 Նորէն Երուսաղէմ եկան։ Երբ տաճարին մէջ կը պտըտէր, քահանայապետները եւ դպիրները ու ծերերը անոր եկան 28 Ու ըսին անոր. «Ի՞նչ իշխանութիւնով կ՚ընես այդ բաները եւ ո՞վ տուաւ քեզի այդ իշխանութիւնը, որ այդ բաները ընես»։ 29 Պատասխան տուաւ Յիսուս ու ըսաւ անոնց. «Ես ալ ձեզի բան մը հարցնեմ, եթէ ինծի պատասխան տաք, ես ալ ձեզի պիտի ըսեմ թէ ի՛նչ իշխանութիւնով կ՚ընեմ այս բաները։ 30 Յովհաննէսին մկրտութիւնը երկինքէ՞ն էր՝ թէ մարդոցմէ։ Պատասխան տուէք ինծի»։ 31 Անոնք իրենց մէջ կը խորհէին ու կ՚ըսէին. «Եթէ ըսենք՝ Երկնքէն, պիտի ըսէ, Հապա ինչո՞ւ չհաւատացիք անոր. 32Իսկ եթէ ըսենք՝ Մարդոցմէ, ժողովուրդէն կը վախնային, վասն զի ամէնքը գիտէին թէ Յովհաննէսը ճշմարտապէս մարգարէ էր»։ 33 Ուստի պատասխան տալով՝ ըսին Յիսուսին. «Չենք գիտեր»։ Յիսուս ալ պատասխան տուաւ ու ըսաւ անոնց. «Ես ալ ձեզի չեմ ըսեր թէ ի՞նչ իշխանութիւնով կ՚ընեմ այս բաները»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելիներ. Խնդրենք Աստծու ողորմությունը Իր խոսքի բուն նպատակը հասկանալու համար և սկսենք մեր սերտողությունը տասնմեկերորդ գլխի վերջին բաժինը: Երեկվա սերտողությունը ավարտվեց Տէր Հիսուսի տաճարի մաքրման արարողությամբ, ինչը չափազանց վշտացրեց օրենսգետներին և առաջնորդներին, որոնք բարկացան, և չկարողացան ոչինչ ասել, քանի որ տաճարը լեցուն էր ուխտավորներով: Վիրավորվեցին նախ՝ որ իրենց եկամտի աղբյուրը խաթարվեց, երկրորդը, որ մարդկանց մոտ հեղինակազրկվեցին, որովհետև չհամարձակվեցին ոչինչ ասել Հիսուսին, և երրորդ, որ բացահայտվեց ժողովրդի աչքի առջև, որ տաճարը չի կարելի վերածել ավազակների որջի: Իսկ իրենք տարիներ շարունակ ժողովրդի աչքը սովորեցրել էին այդ վիճակին, իսկ մարդիկ կարծում էին, թե այդպես է կարգը: Ժողովրդին Աստծու խոսքը սովորեցնելու փոխարեն, ընտելացնում էին իրենց եկամտի աղբյուրից օգտվելու ձևերը: Արդար էր Տէր Հիսուսի ընդվզումը տաճարում տիրող անկարգության նկատմամբ, քանի որ Նա երեք տարի անդադար շփվեց մարդկանց ամենատարբեր խավերի ու հավատի տեր մարդկանց հետ և տեսավ, որ ժողովուրդը նման է հոտի, որը հովիվ չունի: Իսկ հոգևոր առաջնորդները ոչ մի բանի կարիք չունեն, քանի որ ապահովել են իրենց նյութական վիճակը, կեղծ հեղինակությունը, և շրջում են մարդկանց մեջ իբրև տերեր ժողովրդի:
Ավետարանում քանի անգամ որ մենք Հիսուս Քրիստոսին ընդվզելիս հանդիպեցինք, բոլորը կապված էր օրենսգետների, քահանայապետների և դպիրների հետ: Ո՛չ մի անգամ չտեսանք, որ Տէրը բարկանար նույնիսկ մեղավոր հեթանոսի վրա, կամ թերահավատ ժողովրդի վրա: Որովհետև ժողովրդի այդպիսի անմխիթար վիճակը առաջացել է հոգևոր առաջնորդի անտարբերությունից: Վերջին օրերին Տէր Հիսուս երեք օր հաջորդաբար եկավ տաճար, առաջին օրը Էշի վրա նստած՝ ըստ մարգարեության, երկրորդ օրը տաճարը առևտրականներից ազատելու համար եկավ և երրորդ օրը տաճար եկավ, որովհետև գիտեր, որ իր երեկվա արածը անհետևանք չէր մնալու: Շատ չուշացավ սպասումը և Նրան մոտեցան քահանայապետները, օրենսգետները և ծերերը, հավանաբար նախապես պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո: Նրանց տված հարցից հայտնի է դառնում, թե որքան վշտացած են նախորդ օրվա կատարածի համար, և միանգամից հարց են տալիս, թե՝ Ի՞նչ իշխանությամբ ես դու այդ անում, և ո՛վ տվեց քեզ այդ իշխանությունը: մենք արդեն նախորդ գլխից իմացանք, որ նրանք միջոց էին փնտրում Հիսուսին կորստյան մատնելու, սակայն նաև վախ ունեին, և չգիտեին ինչից սկսեն: Գուցե առևտուրը խանգարելու փաստը օգտագործեին որպես դատական գործ և այդտեղից սկսեին, դրա համար նախ կամեցան իմանալ ո՞վ է տվել այդ իշխանությունը, որպեսզի հանգիստ գործեն;
Տեսեք, սիրելիներ Հիսուս Քրիստոս նրանց պատասխանելուց առաջ, փորձում է նրանց բերել մի նախնական կետի, որտեղից իրենք պիտի հասկանային իրենց մոլորությունը, սակայն վերցված էր նրանցից այդ հատկությունը, որովհետև նրանք գրքերը իմանալով հանդերձ՝ մոլորության մեջ էին; Մինչ պատասխանելը Հիսուս հարց է տալիս Հովհաննեսի մասին, և ասում է, եթե դուք իմ հարցին պատասխանեք, ես էլ կասեմ, թե ի՛նչ իշխանությամբ եմ անում այդ բոլորը: - Հովհաննեսի մկրտությունը երկնքի՞ց էր, թե՞ մարդկանցից, պատասխանեցե՛ք ինձ:
Արդեն գիտեք նրանց տված բացասական պատասխանը, թեպետ գիտեին իրականությունը, սակայն այստեղ էլ վախ ունեին ճշմարտությունից, քանի որ նաև Հովհաննեսի հարցում էին մոլորության մեջ, որովհետև Հովհաննեսի մասին էլ գրված է գրքերում: Քանի որ իրենք չպատասխանեցին, չստացան նաև Հիսուսի պատասխանը Իր իշխանության վերաբերյալ: Բոլորը գիտեին, որ Հովհաննես Մկրտիչը Հիսուսից առաջ եկավ վկայելու Նրա գալուստի մասին; ամեն ինչ եղել էր այնպես, ինչպես որ գրված է: Դրա համար Տէր Հիսուս ասում է, որպեսզի իմանաք, թե որտեղից է իմ իշխանությունը, սկսենք սկզբից, ո՞վ է Հովհաննես Մկրտիչը, և ինքը ի՞նչ իշխանություն ուներ, երկնքի՞ց էր, թե՞ մարդկանցից:
Իրականում Օրենսգետները ո՛չ թե չէին հասկանում, այլ չէին ուզում հանձն առնել ճշմարտությունը, քանի որ կեղծիքով էին սկսել իրենց իշխանությունը:
Այս պարագայում Տէր Հիսուս ո՛չ թե նրանց փաստի առջև է կանգնեցնում, որ ամաչեն իրենց կեղծիքից, այլ հիմնավոր բացատրություն է տալիս, սկզբի մասին, որպեսզի գուցե դուրս գան իրենց հպարտությունից և ընկալեն վերջապես: Տէր Հիսուս գիտեր, որ նրանք ճշմարտությունը գիտեն, ուղղակի հպարտությունը և առաջնորդի հանգամանքը թույլ չէր տալիս ուրիշ մեկի ընդունելու իրենցից բարձր: Իրենց տված այդ ,,Չգիտենք,, պատասխանը նրանց նորից գցեց կրկնակի մոլորության մեջ: Չէին ընդունել Հովհաննեսին, չէին ընդունում նաև Հիսուս Քրիստոսին, որի ճանապարհը հարթել էր Հովհաննես Մկրտիչը՝ ըստ մարգարեության: Առհասարակ սուտը մի անփոփոխ հատկություն ունի. եթե առաջին սուտը դուրս եկավ բերանից, ենթական ստիպված է հաջորդ սուտը հորինել, որպեսզի ապացուցի առաջին սուտը: Ու այսպես մարդը հարկադրված դառնում է իր ստի գերին: Ուղղակի համարձակություն և խոնարհություն է պետք մեկ անգամ հրաժարվել ստից և խոսել ճշմարտությունը: Մեր Տէրը մարդկանց օգնելու և այս վիճակից դուրս գալու՝ մեկ պատվիրան տվեց, ասելով,- ճանաչեք ճշմարտությունը և այն ձեզ կազատի մեղքից: Չի՛ ասում ինչո՞ւ եք սուտ խոսել, այլ ասում է այսուհետ ճշմարտություն խոսեք և կազատվեք ձեր հորինած ստերից: Օրենսգետներին նույնպես չի մեղադրում, ստելու համար, այլ հիմքեր է տալիս, որպեսզի իրենց կեղծիքը դարձնեն ճշմարտություն:
Եթե հանկարծ օրենսգետները ասեին, որ Հովհաննես երկնքից է, ապա էլ կարիք չէր լինի, որ Հիսուս պատասխաներ իրենց հարցին, թե ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը: Արդեն հասկանալի կլիներ; Այստեղ կավարտվեր նրանց կեղծիքը և իրադարձությունները բոլորովին այլ կերպ կդասավորվեին: Սակայն նրանք իրենց տված բացասական պատասխանով առավել փակեցին իրենց հոգու աչքերը ևս անորոշ ժամանակով: եթե նույնիսկ Հիսուս ասեր նրանց ճշմարտությունը, միևնույն է, նրանք հասկանալու էին այնպես, ինչպես որ իրենք էին ուզում, ո՛չ թե որպես ճշմարտություն:
Հոգևոր առաջնորդները և մյուս կրոնաքաղաքական խմբավորումները ձևական միասնություն էին ցուցաբերում մարդկանց աչքին, սակայն նրանք ներքնապես միմյանց հետ միախորհուրդ չէին, և հարց էին տալիս, որի պատասխանը իրենց հետաքրքիր չէր, իրենք հաստատուն են իրենց համոզման մեջ:
Այսպիսի մոտեցում կա նաև որոշ աղանդավորական ուղղությունների մոտ, երբ հարց են տալիս օրինակ Մարիամ Աստվածածնի վերաբերյալ, և բացատրությունը չեն լսում, քանի որ իրենք հաստատված են իրենց սխալ տեսակետի մեջ, և նորից կրկնում են հարցը, բանավեճ առաջացնելու պատրվակով:
Փարիսեցիներին չէր հետաքրքրում թե ի՛նչ է եղել իրականում, այլ նրանց ամեն պատասխան պետք է համընկներ քաղաքական կարծիքի հետ, դրա համար իրենք միշտ ընտրում են չեզոք պատասխանները, որպեսզի պատասխանատվություն չկրեն: Նրանց իրականում նույնիսկ հետաքրքիր չէր, թե Հիսուսի իշխանությունը ումից է, այլ նրանց միակ նպատակը իրենց իշխանության ամրագրումն էր: Նրանք ուզում էին Հիսուսին ապացուցել, որ այս իրականության մեջ միայն իրենք են ,,ասողները,, ուրիշ ո՛չ ոք:
Ամեն առիթով Հիսուս Քրիստոսից տեղեկանք են պահանջում երկնքի կնիքով, որպեսզի դարձյալ երկարաձգեն իրենց կեղծ իշխանությունը:
Սիրելիներ այս երկար քննարկումից մի բան հստակ է դառնում. ճշմարտությունը երկար վիճելու կարիք չունի, բավական է մի հարց և ամբողջ կեղծիքը ի հայտ է գալիս, ինչպես որ եղավ Տէր Հիսուսի տված մեկ հարցից: Իսկ կեղծիքը անվերջ փորձում է ապացուցել, փաստել, փաստարկներ բերել՝ ասածը տեղ հասցնելու համար:
Հիմա մենք կարող ենք հա՛րց տալ քահանայապետներին, օրենսգետներին և ծերերին: Սիրելի հոգևոր առաջնորդներ, դուք որ խորհուրդ արեցիք ձեր մեջ և պատասխանեցիք,- Չգիտե՛նք: Դուք որ քահանաներ եք, օրենքի ուսուցիչներ եք, ժողովրդի հոգևոր հովիվներ եք, ռաբբիներ եք, և չգիտեք Հովհաննեսի մկրտությունը երկնքի՞ց է թե՞ մարդկանցից, որ այդքան կարևոր հարց է: Հետևաբար դուք ի՞նչ ուսուցիչ եք, և հատկապես ո՞ւմ ուսուցիչն եք: Դուք ուղղակի շահույթ ակնկալող մի կազմակերպության ղեկավարներ եք, որ զբաղեցրել եք տաճարի հսկայական տարածքը և սնվում եք այդ եկամուտով; Դրա համար էլ ոչ մի ժամանակ դուք հոգևոր ո՛չ մի թեմա չեք խոսում մարդկանց հետ:
Սիրելիներ, այս հոգևոր առաջնորդները չէին հավատում որ Հիսո՛ւսն է Քրիստո՛սը և սպասող Մեսիան, և շարունակում են սպասել մինչ օրս: Ենթադրենք, թե Քրիստոս Մեսիան չէր եկած, մի՞թե դա առիթ էր որ իրենք տաճարը դարձնեն եկամտի աղբյուր, ժողովրդին դարձնեն անգետ հնազանդներ, իրենք միայն փա՛ռք փնտրելով ման գան: Մի՞թե Մովսեսի օրենքը դա էր պահանջում իրենցից: Իհարկե ո՛չ: Եթե միայն Քրիստոսին չընդունեին, և ապրեին օրենքի կարգ ու կանոնով, այլ կլիներ, իսկ Իրենք ո՛չ Քրիստոսին ընդունեցին, ո՛չ էլ ապրեցին Աստծու խոսքով: Երբ էլ որ Մեսիան գա, միևնույն է տաճարը որպես եկամտի աղբյուր չի կարելի դարձնել: Նրանք այդպե՛ս են սպասում Մեսիային, և Մեսիային էլ պատասխան են տալու իրենց ապրած կյանքի համար:
Հիմա դառնանք մեզ: Մենք հավատացինք, որ Հիսուսն է Քրիստոսը և սպասված Մեսիան, և ամբողջ ազգով դարձանք քրիստոնյա: Մենք նաև հավատում ենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին, մեռելների Հարությանը և դատաստանին: Հա՛րց: Իսկ մենք ինչպե՞ս ենք սպասում Քրիստոսի Երկրորդ Գալուստին, մի՞թե Աստծու խոսքով ապրելով ենք սպասում, մի՞թե մեր եկեղեցիները միայն աղոթքի տուն են, մի՞թե մենք Ավետարան գիտենք և պատվիրանապահ ենք, մի՞թե մենք ապաշխարությունը որպես զսպաշապիկ միշտ ունենք մեր հագին, կամ մեր մկրտությունը որքանո՞վ է քրիստոնեական կյանքով ուղեկցվում, և էլի շատ ուրիշ փաստեր, որոնք երբ համեմատության մեջ դնենք հրեաների հետ, ապա տարբերությունը կվերանա մեր միջև: Մենք էլ մեղքի մեջ ենք սպասում Տիրոջ Երկրորդ Գալուստը, ի՞նչ օգուտ, որ մենք հավատում ենք, որ Հովհաննեսի մկրտությունը երկնքից է: Լուրջ խորհելու հարցեր են ասոնք, որոնք աղաղակում են օրնիբուն: Մենք էլ պատասխան կտանք մե՛ր ապրածի համար:
Սիրելիներ, Աստծու կամքով ավարտեցինք նաև տասնմեկերորդ գլուխը՝ Մարկոսի Ավետարանի: Դասերը շատ են, սովորելու ժամանակը քիչ է, խանգարող հանգամանքները ամենուրեք են, գայթակղությունները հեղեղված: Աստված մեզ իմաստություն տա Իր խոսքին հավատարիմ մնալ մինչև սպասված օրը, որպեսզի լսենք Տիրոջ հայրական ձայնը, թե, Եկեք իմ Հոր օրհնեալներ և ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը:
Քրիստոսի սերն ու խաղաղությունը, արքայության հույսն ու Տիրոջ խոստումը թող ձեզնից յուրաքանչյուրի հետ կլինեն. և Նրան փառք Հավիտյանս հավիտենից:
Հարց. Փարիսեցիների և հոգևոր առաջնորդների անտարբերությունը կարո՞ղ է խոչնդոտել ժողովրդի հոգևոր առաջընթացին.
Տեղեկութիւններ
Եւ արդ, Դո՛ւ, Տէ՛ր, քա՛ղցր եւ ներո՛ղ, որ ներողամիտ կոչուեցիր մեղաւորների պատճառով, որ ասացիր, թէ՝ երբ անօրէնը դառնայ, չեմ յիշի անօրէնութիւնները, որ արեց: Եւ արդ, ահա՛ մեղաւոր ծառաս եկել ընկել եմ Քո առաջ եւ թախանձելով խնդրում եմ Քեզանից ողորմութիւն. մի՛ յիշիր իմ բազում մեղքերը, իմ անօրէնութիւնները երեսովս մի՛ տուր, որ թէ՛ կամովի, թէ՛ ակամայ մեղանչեցի, թէ՛ խօսքով, թէ՛ գործով եւ թէ՛ անտեղի մտածութիւններով պղծուեցի, թէ՛ անգիտութեան եւ թէ՛ ծուլութեան եւ թէ՛ մոռացութեան պատճառով մեղք գործեցի, քանզի Դո՛ւ, Տէ՛ր, սովոր ես գթալ ու ողորմել, ներել բազում մեղքերը եւ քաւել անօրէնութիւնների ամբողջ բազմութիւնը, որ սրբեցիր պոռնիկին, ազատեցիր աւազակին, արդարացրիր մաքսաւորին եւ թեթեւացրիր մեղքերով ծանրաբեռնուածներին: Քանզի ողորմուած Աստուած ես եւ գթում ես մեղաւորներին, ովքեր հաւատքով դիմում եմ Քեզ. գթա՛, Տէ՛ր, եւ ինձ՝ բազմամեղիս, եւ փրկի՛ր թշնամու թոյնից: Փարատի՛ր, Տէ՛ր, խաւարում շրջող իմ հայեացքները, բա՛ց իմ խլացած ականջները լսելու համար, բժշկի՛ր բամբասանքներից վիրաւորուած իմ լեզուն եւ սրբի՛ր իմ սիրտը չար խորհուրդներից:
Որպեսզի Քո սրբերի դասերի հետ մեկտեղ փառավորեմ Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգու հետ միասին հավիտյանս հավիտենից: