ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 11: 12- 26
ՅԻՍՈՒՍ ԹԶԵՆԻՆ Կ՚ԱՆԻԾԷ
12 Հետեւեալ օրը Բեթանիայէն կ՚ելլէին, անօթեցաւ 13 Եւ հեռուէն տերեւալից թզենի մը տեսնելով գնաց, խորհելով թէ վրան բան մը կը գտնէ, բայց երբ անոր քով գնաց՝ տերեւներէն զատ բան չգտաւ, վասն զի դեռ թուզի ատենը չէր։ 14 Այն ատեն ըսաւ անոր. «Ասկէ յետոյ մէկը քեզմէ պտուղ չուտէ յաւիտեան»։ Իր աշակերտները լսեցին։
ՅԻՍՈՒՍ ՏԱՃԱՐԸ Կ՚ԵՐԹԱՅ
15 Երբ հասան Երուսաղէմ, Յիսուս տաճարը մտնելով՝ դուրս հանեց զանոնք, որ տաճարին մէջ կը ծախէին ու կը գնէին։ Ստակ փոխողներուն սեղաններն ու աղաւնի ծախողներուն աթոռները կործանեց 16 Եւ թող չտուաւ, որ մէկը տաճարին մէջէն աման մը անցնէ 17 Եւ սորվեցուց անոնց ու ըսաւ. «Գրուած չէ՞ թէ ‘Իմ տունս աղօթքի տուն պիտի կոչուի բոլոր ազգերուն’, բայց դուք անիկա աւազակներու այր ըրիք»։ 18 Դպիրներն ու քահանայապետները զայս լսելով՝ կը փնտռէին թէ ի՛նչպէս կորսնցնեն զանիկա, քանզի անկէ կը վախնային. վասն զի բոլոր ժողովուրդը զարմացեր էր անոր վարդապետութեանը վրայ։ 19 Իրիկունը քաղաքէն դուրս ելաւ։
ԹԶԵՆԻԻՆ ԴԱՍԸ
20 Առտուն երբ անկէ կ՚անցնէին, թզենին տեսան արմատէն չորցած։ 21 Պետրոսին միտքը եկաւ ու ըսաւ անոր. «Ռաբբի՛, ահա՛ թզենին որ անիծեցիր՝ չորցեր է»։ 22 Յիսուս պատասխան տալով՝ ըսաւ անոնց. «Աստուծոյ վրայ հաւատք ունեցէք. 23 Քանզի ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, ‘Ով որ այս լերան ըսէ՝ «Ելի՛ր ու ծովը ինկի՛ր» եւ իր սրտին մէջ չերկմտի, հապա հաւատայ թէ ի՛նչ որ ըսէ՝ կ՚ըլլայ, պիտի ըլլայ անոր ինչ որ ըսէ’։ 24 Ասոր համար կ՚ըսեմ ձեզի. ‘Ի՛նչ բան որ աղօթքով կը խնդրէք, հաւատացէք թէ պիտի առնէք եւ պիտի ըլլայ ձեզի’։ 25 Երբ աղօթքի կը կայնիք, ներեցէ՛ք եթէ մէկուն դէմ բան մը ունիք, որպէս զի ձեր Հայրն ալ՝ որ երկինքն է՝ ներէ ձեզի ձեր յանցանքները։ 26 Իսկ եթէ դուք չներէք, ձեր Հայրն ալ որ երկինքն է, պիտի չներէ ձեր յանցանքները»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիր, մեզ նոր միացողներին տեղեկացնեմ, որ ուղիղ եթերում Հանապազօրյա Հաց հաղորդաշարն է, և սերտում ենք Մարկոսի Ավետարանը: Նախորդ գլխում մենք կարդացինք, որ Հիսուս Քրիստոս մտավ Երուսաղեմ ժողովրդի բազմության հետ, մտավ նաև Տաճար և Ավետարանիչն ասում է, նայեց իր շուրջը ամեն ինչի վրա: Քանի որ արդեն երկո էր, տասներկու աշակերտների հետ բարձրացավ Բեթանիա: Խոսքը այն տաճարի մասին է, որ կառուցվել է Հերովդես մեծի օրոք, չափերով ահռելի մեծ էր և ասում են, որ մեկ օրը բավական չէր ամբողջությամբ մեջը շրջելու և տեսնելու համար: Տէր Հիսուս միայն նայեց տաճարին՝ վաղը նորից վերադառնալու ակնկալիքով:
Երբ հաջորդ օրը վերադարձան Բեթանիայից, ճանապարհին քաղց զգաց և թզենու պտղից կամեցավ ուտել, սակայն թզենին անպտուղ տեսավ, չնայած փարթամ տերևներով էր պատված: Խոսքը ուղղեց թզենուն և ասաց,- Էլ քեզնից ո՛չ ոք պտուղ չուտի հավիտյան: Աշակերտները լսեցին այս խոսքերը: Նաև Ավետարանն ասում է,- որովհետև տակավին թզի ժամանակը չէր: Ուրեմն ինչպե՞ս էր Տէր Հիսուս ակնկալում պտուղ, եթե դեռ ժամանակը չէր: Կամ ինչո՞ւ անիծեց, եթե դեռ ժամանակ կար որ պտուղը հասներ: Մենք մինչև հիմա տեսել ենք, որ Տէր Հիսուս միշտ և ամեն տեղ բարիք է գործում, և բազմացնում է, ինչո՞ւ այստեղ հակառակը արեց թզենուն;
Այսօրվա սերտողության մեջ երեք կարևոր իրադարձություն է տեղի ունենում: Նախ անիծում է թզենուն, որին դեռ կանդրադառնանք: Տաճարից վռնդում է առևտուր կազմակերպողներին, և Տաճարում Իր պատասխանով լռեցնում է օրենսգետներին:
Թզենուն անիծելու վերաբերյալ նախորդ սերտողություններում բավական անդրադարձել ենք: Այս երևույթը արժանացել է շատ ու շատ մեկնաբանների վերլուծությանը: Սակայն ո՛չ ոք վստահ չէ իր մեկնաբանության հավաստիության վրա: Քրիստոնյա մեկնաբանները ապացուցում են, որ թզենին խորհրդանշում է Իսրայելը և Տէր Հիսուս անիծեց Իսրայելի ժողովրդին՝ նրա մոտ բավարար հավատ չտեսնելով; Հրեա մեկնաբանները այս հատվածի մասին ասում են, որ չի կարող թզենին Իսրայելի ողջ ժողովրդին խորհրդանշել, քանի որ մենք տեսնում ենք, որ նույնիսկ հեթանոսական շրջաններում Հիսուս Քրիստոսին ընդունել են և Նրա շուրջ միշտ բազում ժողովուրդ է եղել: Նույնիսկ անհավատ Երիքովում հավատացին և հետևեցին Հիսուսին: Տրամաբանական է և՛ առաջին տարբերակը, և՛ երկրորդ տարբերակը: Մեծ առումով ծառը եթե պտղատու է, ուրեմն պետք է նրանից օգտվեն մարդիկ: Եթե փոխաբերական իմաստով ընկալենք, ապա այդ պտուղը մարդու հավատն է, եթե հավատ չկա, պտուղ չի լինի: եթե պտուղ չլինի ուրեմն այդ ծառը զուր է տեղ զբաղեցնում: Անեծքը կարելի է որպես դաս ընդունել այն բանի համար, որ արտաքին բարեպաշտական ավանդությունները պտուղ չեն, դրանք թզենու փարթամ տերևներն են: Տէր Հիսուս Քրիստոսի խոսքերը որևէ տեղի ու ժամանակի մեջ չեն տեղավորվում, նրանք հավիտենական են բոլոր ժամանակների համար: եթե համարենք, որ թզենին Իսրայելի ժողովուրդն է, ուրեմն մենք այս առակը պետք է բաց թողնենք, քանի որ մեզ չի վերաբերում; Սակայն մենք տեսնում ենք, որ մենք՝ առաջինը քրիստոնեություն ընդունածներս դարձյալ առատ տերևներով ենք՝ առանց պտուղ: Հետևաբար անպտղությունը շարունակվում է մինչև մեր օրեր և ոչ ոք չգիտե, թե դեռ մինչև երբ կշարունակվի: Հիշենք Տէր Հիսուսի հարցը, թե՝ Երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞; Ղուկ.18:8 Նշանակում է, որ բոլոր ժամանակներում թզենին պտուղ չի տալիս, և չի բավարարում Տիրոջ հոգևոր քաղցի պահանջը՝ մեզնից: Քանի որ ասում է երկրի՛ վրա հավատ կգտնե՞մ, չի՛ ասում Իսրայելի մեջ: Մեզ համար շատ կարևոր է ավետարանական ցանկացած խոսք մեզ վերագրել և դաս քաղել, եթե նույնիսկ այդ խոսքը ասված է հրեա ազգին; Եթե համարենք, որ դեռ թզենու ժամանակը չէր պտուղ տալու, այսինքն Իսրայելի ժողովրդի, ապա մինչև Հիսուս Քրիստոսի աշխարհ գալը եկել են բազում մարգարեներ, մարգարեացել են Քրիստոսի գալու մասին, Մովսեսի օրենքն են ունեցել, հետո է եկել Տէր Հիսուս: Հետևաբար նրանց իսկական ժամանակն էր պտուղ տալու: Իսկ մեր պարագան այս 2021 տարին է, որ պարտավոր էինք մշակել մեր հողը, որպեսզի մեր թզենին էլ պտուղ տար:
Մի՞թե Ավետարանի տրամաբանությունը մեզ ասում է, թե դատաստանի ժամանակ, Հիսուս Քրիստոս ներում կշնորհի բոլոր անպտուղ ազգերին, քանի որ այդ խոսքերը թզենու մասին ուղղված է եղել Իսրայելի ժողովրդին; Անշուշտ ոչ: Այնպես որ առաջին իրադարձությունը, թզենու անիծելն էր, որը հավասարապես վերաբերում է նաև մեզ: Հիմա տեսնենք թե երկրորդ իրադարձությունը որը տեղի ունեցավ արդեն տաճարի մեջ, որքանո՞վ է առնչվում մեզ հետ: Երեկ Տէր Հիսուսորպես թագավոր մտավ Տաճար, սակայն լռեց, իսկ այսօր որպես պարզ ուխտավոր է մտել և ցույց է տալիս Իր թագավորական իշխանությունը:
Կարդացի այս հատվածը քիչ առաջ, որ Հիսուս մտավ Տաճար, և այնտեղից դուրս հանեց բոլոր բիզնես գործարքները, և նույնիսկ թույլ չէր տալիս, որ որևէ մեկը տաճարի միջով որևէ բան անցկացնի: Ի՞նչ է սա նշանակում: Ի՞նչ կարող են անցկացնել տաճարի միջով; Վերը նշեցի, որ տաճարը չափազանց մեծ էր, և նրան շրջանցելը բավական ժամանակ էր խլում մարդկանցից ժամանակի առումով: Սովորություն էր ձևավորվել, որ մարդիկ շուկայից դուրս գալիս՝ որպես կարճ ճանապարհ, տաճարի միջով էին անցկացնում իրենց բեռները՝ կարճացնելով իրենց ճանապարհը: Դա էլ իր հերթին առիթ էր հանդիսանում, որ տաճարի միջով անցնողը հիշի ու մի աղոթք անի՝ առիթը բաց չթողնելով: Հիսուս Քրիստոս կանգնում է տաճարի մեջ և ասում մարդկանց,- Գրված է, Իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն է կոչվելու, իսկ դուք այն դարձրել եք ավազակների որջեր: Սա ևս մի մարգարեության իրականացում էր: Ո՞վ կարող է այսպիսի միտք արտահայտել: Անշուշտ միայն Աստծու տան նկատմամբ նախանձախնդրություն ունեցողը: Ավետարանիչը հստակ ներկայացնում է, որ Հիսուս Քրիստոս տաճարից դուրս հանեց միա՛յն բիզնեսը, և չարգելե՛ց ծեսերը, աղոթքը և զոհաբերությունները որոնք կատարվում էին տաճարում; Աղոթքի տանը պե՛տք է աղոթք արվի և վե՛րջ: Հստակ է պահանջը: Տէր Հիսուս չի արգելում բիզնեսը, այլ հիշեցնում է, որ Աստծունը պետք է Աստծուն տալ, կայսրինը՝ կայսրին: Տաճարը Աստծու տունն է, ոչ թե առևտրի կենտրոն, որը շահ է հետապնդում:
Բիզնեսի տերերը, որ քահանայապետներն էին, շրջում էին տաճարում, տեսնում էին պատահածը, սակայն չէին համարձակվում Հիսուսի ձերբակալման համար միջոց ձեռնարկել, քանի որ պարզ ժողովրդի սրտով էլ Հիսուսի արածը; Տաճարի վաճառքի գները անհամեմատ բարձր էր դրսի գներից, դրա համար մարդկանց նույնիսկ հաճելի էր որ այդտեղ կարգ ու կանոն հաստատվի: Օրենսգետների և առաջնորդների մեջ խմորումներ էր սկսվել Հիսուսի ձեռբակալման վերաբերյալ և հարմար առիթ էին փնտրում իրենց հերթական անմիտ հարցերն ուղղելու և ամբաստանելու համար:
Հուսամ արդեն կռահեցիք, որ այս տաճարի իրադարձությունն էլ մեզնից հեռու չէ ամեն օր և հատկապես տոնական օրերին: Ամեն օր՝ մոմի պատճառով, իսկ տոնական օրերին՝ արդեն դուք ինձնից լավ գիտեք խայտաբղետ շուկայի պատկերը: Կենտրոնական առաջնորդանիստ եկեղեցիներ կան, որտեղ ներսի մոմավառության անվերջանալի անցուդարձը ուղղակի խանգարում է Սուրբ Պատարագի լսողությունը և հատկապես խախտում է եկեղեցու լռությունը, որն այդքան կարևոր է կենտրոնացման համար: Չէ՞ որ բոլոր մարդիկ չեն, որ պատրաստ են նաև աղմուկի մեջ աղոթք անել, կամ հետևել պատարագի ընթացքին և չկտրվել աղոթքից: Այնքա՛ն սովորական է դարձել այս երևույթը, որ մի կողմից կարող է եկեղեցու խորանից քարոզ խոսվել տաճարի լումայափոխների և աղավնեվաճառների մասին, մյուս կողմում մոմավաճառի մոտ կոպեկների աղմուկը և իրարանցումը չնկատվի, և նույնիսկ զուգահեռներ չտարվի: Անշուշտ քարոզի մեջ մեղադրվում են տաճարում առևտուր կազմակերպող վաճառականները, քանի որ նրանք մո՛մ չէին վաճառում, այլ լումայափոխներ էին: Բայց կան եկեղեցիներ, որտեղ մոմավառության սրահը դրսում է, այստեղ աղմուկը համեմատաբար նվազ է, և անցուդարձ՝ քիչ: Ցավալի է, երբ եկեղեցում Պատարագ է մատուցվում, իսկ շատերը մտնում մոմ են վառում և հեռանում: Կարծես Պատարագը հատուկ մարդկանց համար է մատուցվում;
Իսկ ինչու էին լումայափոխները տաճարի ներսում, մի՞թե չէր կարելի այդ գործողությունը դրսում կազմակերպել: Իհա՛րկե կարելի էր: Սակայն պետք էր սրտացավ մեկը, որ աղոթքն ու ծեսը եկամուտից վեր դասեր, և արգելեր այդ երևույթը տաճարում: Այդ իրավունքը ունեին հոգևոր առաջնորդները, որոնց և պատկանում էր մեծ բիզնեսը:
Գիտե՞ք, թե ինչու էին փոխում իրենց դրամները: Քանի որ հեթանոսների դրամը տաճարի համար անմաքուր է համարվում, որովհետև նրանց դրամի վրա իրենց աստծու պատկերն էր, դրա համար փոխում էին իսրայելական դրամի՝ ,,շեկելի,, հետ և հետո էին առևտուր անում;
Սիրելիներ, մենք երրորդ իրադարձությանը հավանաբար կանդրադառնանք վաղվա սերտողության մեջ, բայց ես ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել մի հետաքրքիր հարց ու պատասխանի վրա, որ տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի և Պետրոսի միջև: Ավետարանն ասում է, երբ երեկո եղավ նրանք քաղաքից դուրս եկան: Հասկանալի է, որ չմնացին Երուսաղեմում: Մի՞թե Երուսաղեմում նրանց համար տեղ չգտնվեց: Չէ որ նախորդ օրը մեծ ցնծությամբ էին ընդունել Քրիստոսին՝ Օվսանաներով: Քրիստոսի համար հարազատ էր Բեթանիան՝ Իր բարեկամ Ղազարոսի տունը: Հաջորդ օրը, երբ դարձյալ նույն ճանապարհով էին անցնում, թզենուն արմատը չորացած տեսան; Պետրոսը Վարդապետի ուշադրությունը հրավիրեց թզենու վրա և ասաց,- Ռա՛բբի, ահավասիկ թզենին, որին անիծեցիր, չորացել է: Անշուշտ Պետրոսը կուզեր մի բան լսեր թզենու վերաբերյալ, իր ներքին մտահոգությունները անեծքի նկատմամբ փարատելու համար; Սակայն ստանում է բոլորովին այլ պատասխան, թե՝ Աստծու հանդեպ հավատ ունեցեք և վստահ եղեք, որ ի՛նչ էլ որ ուզեք հավատո՛վ կստանաք: Եթե աղոթք անելով խնդրեք և հավատա՛ք, որ կկատարվի, անպայման կտրվի ձեզ: Ներեցե՛ք միմյանց, աղոթքի կանգնելիս, որպեսզի ձեր երկնավոր Հայրն էլ ձեր հանցանքները ների: Աստծու հանդեպ հավատք ունենալ, նշանակում է մեռնել մեղքի հանդեպ: Երբ մեղքը մոտենա մարդուն, նրա ցանկությունը մեռած գտնի իր հանդեպ և հեռանա նրանից: Տէր Հիսուս այստեղ նույնպես գլխավոր շեշտը պահում է հավատի և աղոթքի զորության վրա: Հավատ ունեցեք և աղոթեք, որպեսզի ձեր թզենին պտուղ տա և ճամփորդները օգտվեն այդ պտղից;
Սիրելիներ ավետարանական այս գեղեցիկ և հոգեշահ պատմությունները մեկական կարևորագույն կրթություն են մեզ համար՝ միշտ սովորելու, միշտ արթուն մնալու, միշտ պտղաբերելու համար:
Այս մտքերով ավարտենք այսօրվա սերտողությունը, և խորհենք այս մասին մինչև հաջորդ դասը:
Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը յուրաքանչյուրիդ հետ լինեն, ձեզ մշտապես արթուն պահելու հավատի և բարի գործերի մեջ, և Նրան փառք հավիտյանս հավիտենից: Ամեն.
Հարց. Ինչո՞ւ Քրիստոս անընդհատ Բեթանիա գնում, ո՞վ կա այնտեղ:
Տեղեկութիւններ
Քե՛զ եմ ցանկանում, բարերա՛ր Տէր, եւ փափագում իմ գթած Հօրը. գթա՛ ինձ՝ մեղաւորիս, եւ ընդունի՛ր ինչպէս անառակ որդուն: Քո սիրով յագեցրո՛ւ իմ քաղցը, ծարաւս լցրո՛ւ Քո առատաբուխ շնորհով, քանզի անդադար Քեզ մերձենալ եմ փնտրում եւ Քեզ նայել յարաժամ տենչում, մջշտ փափագում Քո շնորհները եւ հանապազ կարօտում Քո ողորմութիւնը: Մի՛ պարտաւորեցրու պատժուածների հետ եւ մի՛ դատապարտիր ատելիների հետ, այլ ընդունի՛ր Քո կամքը կատարողների եւ պահի՛ր Քո պատուիրանները պահողների հետ: Քանզի եթէ իմ յանցանքները առանց ներելու քննես, ընդունայն է ինձ համար յարութեան խոստումը, քանզի գեհենի հրի մէջ է իմ ժառանգութիւնը: Քանզի եթէ դատես իմ անտեղի եւ դատապարտելի մտածութիւնները, ապա երանի թէ չծնուէի որովայնից, այլ նայի՛ր իմ աղերսներին եւ պաղատանքներին եւ մի՛ մերժիր ինձ Քո ողորմութիւնից, քանզի ես Քո ողորմութիւնն եմ տենչում եւ Քո գթութիւնը կարօտում: Քանզի մշտապէս իմ մարմինը պղծեցի եւ հանապազ հոգիս աղտոտեցի ոչ միայն չար վարքով, այլեւ՝ զազիր խորհուրդներով:
Բնակեցրո՛ւ ինձ սուրբերի դասի եւ Քո կամարար արդարների խորանների մէջ, անանց կեանքի վայելչութեան եւ անբաւ ուրախութեան բարիքների մէջ՝ ի Տէր մեր Յիսուս Քրիստոս, Որին, փա՜ռք յաւիտեան: