ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 7: 24 -37
ԿՆՈՋ ՄԸ ՀԱՒԱՏՔԸ
24 Անկէ ելլելով Տիւրոսի ու Սիդոնի սահմանները գնաց։ Տուն մը մտնելով չէր ուզեր որ մէկուն յայտնուի, բայց չկրցաւ ծածկուիլ։ 25 Ահա կին մը, որուն աղջիկը պիղծ ոգի ունէր իր ներսիդին, լսեց անոր գալը, եկաւ, անոր ոտքը ինկաւ։ 26 Այն կինը հեթանոս էր, ազգով Փիւնիկ Ասորի ու կ՚աղաչէր անոր՝ որ դեւը իր աղջիկէն հանէ։ 27 Յիսուս ըսաւ անոր. «Թող տուր որ առաջ տղաքը կշտանան, քանզի աղէկ չէ տղոցը հացը առնել ու շուներուն ձգել»։ 28 Անիկա պատասխան տուաւ ու ըսաւ անոր. «Այո՛, Տէ՛ր, վասն զի շուներն ալ՝ սեղանին տակ տղոցը փշրանքներէն կը կերակրուին»։ 29 Յիսուս ըսաւ անոր. «Այդ խօսքիդ համար գնա՛, քու աղջիկէդ դեւը ելաւ»։ 30 Կինը իր տունը երթալով, գտաւ որ դեւը ելած էր ու աղջիկը անկողնին վրայ պառկած էր։
31 Նորէն Տիւրոսի ու Սիդոնի սահմաններէն ելլելով, գնաց Գալիլիայի ծովեզերքը, Դեկապոլիսի սահմաններուն մէջէն։ 32 Մէկը բերին անոր առջեւ, խուլ ու դժուարախօս ու կ՚աղաչէին որ անոր վրայ ձեռք դնէ։ 33 Ժողովուրդէն մէկդի առնելով զանիկա, իր մատները անոր ականջներուն մէջ խոթեց ու թքաւ, եւ անոր լեզուին դպաւ, 34 Ապա երկինք նայելով՝ հառաչեց ու ըսաւ անոր. «Եփփաթա», (որ ըսել է Բացուէ՛.) 35 Եւ իսկոյն անոր ականջները բացուեցան ու անոր լեզուին կապը քակուեցաւ եւ շիտակ կը խօսէր։ 36 Յիսուս անոնց պատուիրեց որ մարդո՛ւ չըսեն։ Թէեւ ինք կը պատուիրէր անոնց, բայց անոնք ա՛լ աւելի կը տարածէին 37 Ու չափէ դուրս կը զարմանային ու կ՚ըսէին. «Ամէն բաները աղէկ ըրաւ ասիկա, որ խուլերուն լսել կու տայ եւ համրերուն՝ խօսիլ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ. ինչպես մեր եկեղեցու հայրերն են ասում,- բավական է ոտքդ դնես հոգևոր կյանքի առաջին աստիճանին, և հրաժարվես աշխարհից, Աստված ձեռք է մեկնում և քեզ դեպի վերև՝ մինչև վերջին աստիճանն է ուղեկցում: Դժվար է այդ աստիճանները բարձրանալը: Որպեսզի մարդը իր սեփական եգիպտոսից դուրս գա, իրեն Մովսես է պետք, որպեսզի սոդոմից դուրս գա, Աստծու հրեշտակի միջամտությունն է պետք: Իսկ մեր կյանքի ընթացքի ողջ ճանապարհին մեզ Տէր Հիսուս Քրիստոս է պետք՝ հնարավորինս քիչ վնասներով հասնել հոգևոր վերջի աստիճանը, որտեղ մեզ սպասում է հավիտենականությունը: Փորձությունները մեզ հետ են լինելու մշտապես, ամենատարբեր մարդկանց միջոցով: Բայց Տէր Հիսուս մեզ հզոր օրինակ է թողել փորձության պահի համար օգտվելու համար:
Ինչպես որ Իր մարդկային բնությունը հնազանդվում էր Իր աստվածային բնությանը և Նա անապատում պարտության մատնեց սատանային, այնպես էլ մեզ հորդորեց՝ արթուն լինել ամեն ժամ Իր խոսքի նկատմամբ: Ուրեմն հետ չնայենք, այլ միայն դեպի առաջ՝ և միայն Աստծու խոսքով զինված:
Երեկվա մեր սերտողության մեջ լսեցինք, որ Տէր Հիսուս բացահայտեց Հին և Նոր կտակարանների գաղտնիքը՝ մաքուրի և անմաքուրի վերաբերյալ, և վերջում գեղեցիկ բանաձևում տվեց, ասելով, - բոլոր չարիքները ներսից են ելնում և պղծում մարդուն: Արտաքին երևույթները չեն կարող պղծել մարդու ներքին որակները:
Այսօրվա սերտողության մեջ տեսնում ենք, որ Տէր Հիսուս նորից գնում է հեթանոսական շրջաններ, ուր օրեր առաջ բազում դևեր էր հանել մի մարդուց և նրան ուղարկել էր այդ լուրը տարածելու: Նորից գնում է հեթանոսների մոտ: Ինչո՞ւ: Մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի շրջագայությանը, հասկանալու համար թե ի՞նչ տրամաբանությամբ, կամ ի՞նչ հերթականությամբ է շրջում քաղաքներն ու գյուղերը:
Գնաց Իր ծննդավայր՝ Նազարեթ, չհավատացին Իրեն: Գալիլիայի քաղաքներում քարոզեց ու բուժեց, փարիսեցիները անվերջ խնդիրներ ու վեճեր առաջացրին իրենց կասկածներով ու կեղծավորությամբ: Հեթանոսների շրջան գնաց ու զարմանահրաշ գործեր կատարեց, նրանք էլ իրենց քաղաքից դուրս հրավիրեցին: Փաստորեն մարդիկ օգնության կարիք ունեն, սակայն մերժում են օգնողին: Տէր Հիսուս գիտեր, որ իր գնացած քաղաքները հեթանոսական են, բայց Ինքը Բարի սերմը ցանելով շրջում է ամենուր: Ո՞վ է ասել մի հեթանոսը կարող չի՛ կարող մի ողջ քաղաք դարձի բերել: Մենք լավագույն օրինակը ունենք սամարացի կնոջ, որի վկայությամբ ողջ քաղաքը հավաքվեց Հիսուսի շուրջը: Գնաց այս անգամ Տիուրոսի և Սիդոնի կողմերը, սակայն չէր կամենում, որ մարդիկ իմանան իր ներկայության մասին, սակայն չկարողացավ թաքնված մնալ: Մի հեթանոս կնոջ հայտնի դարձավ Նրա գալուստը և կինը շտապեց գտնել Հիսուսին, քանի իր աղջիկը տառապում էր պիղծ ոգու տանջանքներից:
Մենք տեսանք, թե նախորդ հեթանոս երիտասարդը ինչպիսի տանջանքների մեջ էր, երբ պիղծ ոգիները նրան բռնել էին և գերեզմաններում էր ապրում: Եկավ կինը և ընկավ Հիսուսի ոտքերը, որովհետև իր պաշտած հեթանոսական քարե արձանները չէին անսացել իր աղաչանքներին ու խնդրանքին՝ դստեր առողջացման համար: Կինը խնդրում էր, որ Տէր Հիսուս իր աղջկա միջից դևը հանի: Տէր Հիսուս մերժում է կնոջը, այն դեպքում, երբ հենց նրա աղջկա համար էր գնացել այդտեղ: Ինչո՞ւ: Վարդապետի պատասխանը, թե,- թո՛ւյլ տուր, որ նա՛խ մանուկները կշտանան, քանի որ լավ չէ՛ մանուկների հացն առնել և շների առաջ գցել, խորը մտածելու տեղիք է տալիս այն առումով, որ գնացել է այդ նպատակով և տալիս է այսպիսի կոշտ պատասխան:
Նախորդ գլուխներից մենք իմացանք, որ ,,մանուկներ,, համարվում էին իսրայելացիները, քանի որ Տէրն ասաց, որ եկել եմ նախ՝ Իսրայելի ոչխարների համար: Իսկ ,,շներ,, համարում էին հեթանոսներին:
Տէր Հիսուս գիտեր, որ մանուկները իրեն հավուր պատշաճի չընդունեցին, քանի որ չհավատացին: Այդպես պատասխանեց, որպեսզի կնոջ մոտ արթնացնի իրական Աստծու պաշտամունքի գաղափարը, որպեսզի կինը հասկանա, որ ձեռագործ կուռքերը չեն կարող օգնել մարդուն: Եթե այս կնոջ աղջիկը բժշկվի, այս կինն էլ այն հեթանոս երիտասարդի պես կդառնա մի քարոզիչ: Կինը համաձայնվեց շուն կոչվել, և օգտվել մանուկների սեղանից ավելացած փշուրներից, միայն թե Հիսուս չմերժեր իրեն:
Սրտերի հեղաշրջում էր փնտրում մեր Տէրը: Ահա հեթանոսների մեջ գտնվեց մի հեղաշրջված սիրտ, որին Քրիստոս ասաց,- Այդ խոսքիդ համար գնա՛ դևը քո աղջկանից դո՛ւրս ելավ: Կինը հավատաց և գնաց տուն՝ աղջկան առողջացած գտնելով: Ի՞նչ էր կնոջ ասած այդ խոսքը, որ Տէր Հիսուս այդքան հավանության արժանացրեց; Ի՞նչ որ փնտրում էր Տէր Հիսուս մարդկանց մեջ, գտավ այս կնոջ մեջ: Քանի որ կինը խոնարհությամբ հանձն առավ, որ կա մի սոցիալական խավ, որը բարձր է իրենից, այսինքն մանուկները առավել են , քան այսպես ասած՝ շները: Իսկ խոնարհությունը գանձ է մարդու մեջ թաքնված, որը ամուր հիմքն է և՛ հավատի և մնացած առաքինությունների: Այս խոնարհության համար կինը օրհնություն ստացավ Աստծուց, ինչը տեսնում ենք նրա տուն գնալուց հետո աղջկանից դևը դուրս եկած տեսնելով;
Թվում է, թե հեշտ ձեռք բերվող առաքինություն է, սակայն փորձենք մեկին ասել, թե իր հավատքը տկար է, և պետք ջանք թափի ավելացնելու համար, անմիջապես կհամոզվենք, որ ամենադժվար ձեռ բերվող առաքինությունն է: Ես կարծում եմ, որ օգտակար կլինի,եթե մեր եկեղեցու խորհուրդները կատարելիս, ստուգենք հավատացյալի հավատքը, նպատակը, կամ փորձենք, ինչպես կուզեք անվանեք: Սակայն պատահական մարդուն պետք չէ մկրտել, կամ պսակել: Եթե մկրտվել կամեցողի առջև հարցեր դրվի և պահանջվի որ նա կատարի դրանք, օրինակ՝ Հավատքի դավանությունը ուսումնասիրել, հասկանալ, հետո գալ:
Եթե վերադարձավ, ուրեմն նրա նպատակը մկրտությունն է, ոչ թե պարտականություն կատարելը: Իսկ եթե նեղացավ ու չեկավ, կամ գնաց մի ուրիշ տեղ, որտեղ առանց հարցերի մկրտում են, ուրեմն նրա վերստին ծննդի հավանականությունը քիչ է: Ինչպես որ այս հեթանոս կնոջը կոպիտ պատասխան տվեց մեր Տէրը, սակայն կնոջ նպատակը հստակ էր և նրան չնեղացրեց Վարդապետի հանդիմանությունը:
Քրիստոսի նպատակն էլ այն էր, որ կնոջ սիրտը քննի և համոզվի, որ հաստատ է իր համոզմունքի մեջ: Իսկ կնոջ պատասխանը հիացրեց Տիրոջը, որ ասել էր, այո գիտեմ, որ Աստված եկել է իր զավակների մոտ, սակայն ես էլ եմ ուզում օգտվել այդ իրավունքից: Տեսեք, որ Տէր Հիսուս նրան չառաջարկեց, որպեսզի ընդունի հրեական հավատքը, հետո Ինքը կբուժի նրա աղջկան: Տէրը մի խոսքից տեսավ, որ այդ հողը պարարտ է:
Գուցե մենք էլ պետք է ստուգենք մարդկանց, հետո արժանացնենք Հիսուս Քրիստոսի Սուրբ Մարմնի և Արյան հաղորդությանը, որպեսզի այն չընդունեն որպես սովորական դարձած մի բան:
Մենք կարդում ենք, որ Աստված ընտրեց հրեա ազգին, որպես իր ժողովուրդ: Բայց երբեք չասաց, որ դուք ընտիր եք բոլոր ազգերից, դրա համար ձեզ ընտրեցի: Աստված այդ ազգից ընտրեց ընտրյալներ, որպեսզի առաջնորդեն մեղավոր ժողովրդին, որը այդպես էլ չհնազանդվեց իր Տէր Աստծուն և հազարավոր պատիժների արժանացավ:
Իսկ հեթանոսները պաշտում էին իրենց ձեռակերտ կուռքերին և հավատում էին իրենց ձուլածո արձաններին; Բայց մենք տեսնում ենք, որ քահանայապետը, որը զտարյուն հրեա էր, մերժեց Քրիստոսին, իսկ այս կինը, որ հեթանոս էր և չհրաժարվեց իր հեթանոս և շուն կոչվելուց, խոնարհաբար ընդունեց այն, ինչ իրեն Տէրը ասաց: Դևերը սարսափում են խոնարհներից, և դևը այդ կնոջ խոնարհության պատճառով լքեց նրա աղջկան: Այս հեթանոս կնոջից մենք սովորելու շատ դաս ունեցանք մեր քրիստոնեական կյանքի մեջ: Շատ է պատահում, երբ քրիստոնյան եկեղեցի է մտնում, և հանկարծ նրան կոպտում է մեկը, կամ կոպիտ է պատասխանում հոգևորականը, կամ իր հարցը անպատասխան է մնում հոգևորականից և այլն, յուրաքանչյուրդ ձեր օրինակից կարող եք հիշել դեպքեր: Սակայն եթե դուք եկեղեցի եք գնացել Քրիստոսին փնտրելու, Նրա հետ խոսելու, Նրան փառաբանելու, Նրան պատմելու ձեր ցավերը, ապա հիշեք այս հեթանոս կնոջ խոնարհությունը և ձեր նպատակը թող վեր լինի ամեն կոպիտ վերաբերմունքից: Մտածեք, որ գուցե Աստված ստուգում է ձեր հավատքը ՝ ուղղված ձեր նպատակին:
Մեկ այլ զարմանալի դեպքի էլ ենք ականատես լինում, երբ Հիսուս Քրիստոս թողնելով հեթանոսների քաղաքները գալիս է Գալիլիայի ծովեզերք՝ Դեկապոլսի սահմաններից ներս, որտեղ նորից հեթանոսներ են: Տեսեք, սիրելիներ, ավետարանիչը առաջվա պես չի ասում Նրա մոտ հավաքվեց ժողովրդի բազմություն, իրար հրելու աստիճան, սակայն հեթանոսներից գալիս էին Նրա մոտ, մեկը մեկից լսելով հրաշքների մասին: Նշանակում է հեթանոսների մեջ արդեն տարածվել է Տէր Հիսուսի համբավը: Նրա մոտ բերում են մի խուլ ու համր մարդ և աղաչում են, որ Նա ձեռք դնի նրա վրա:
Տէր Հիսուս նրան վերցնում և առանձնացնում է ամբոխից և մի կողմ տանելով, Իր մատները դնում է Նրա ականջների մեջ և թքում այնտեղ, ապա բռնում է նրա լեզվից և երկինք նայելով հոգոց է հանում, ասելով,- Եփփաթա, այսինքն բացվիր: Ավետարանիչն ասում է, որ իսկույն բացվեց նրա լսողությունը, և լեզվի կապանքներն ընկան, մարդը սկսեց ուղիղ խոսել: Դարձյալ Հիսուս նրանց պատվիրեց մարդու չասել, իսկ սրանք էլ ավելի էին տարածում այս հրաշքի մասին: Մարդացած Աստված կարիք չուներ գովազդի, սակայն հրաշք տեսած մարդն էլ կարիք չուներ լռելու, քանի որ ազատվել էր հավիտյան լռելու կապանքից; Մարդիկ զարմացած էին Նրա զորության վրա, քանի որ խուլերին լսել է տալիս, համրերին՝ խոսել: Ինչո՞ւ դուրս հանեց այդ մարդուն և հեռացրեց ժողովրդի միջից: Շատ անգամ ենք տեսել, որ մեր Տէրը ցուցադրական բժշկություններից խուսափում էր, համբավից հրաժարվում էր, և Նրա նպատակը ճանաչում ձեռք բերելը չէր: Տէր Հիսուս յուրաքանչյուրին տալիս է իր ըստ իր կարողության, մեկին՝ փորձություններով, մյուսին խոսքով, նայած թե ում ի՞նչն է օգուտ նրա հոգևոր վիճակին: Մեր պարտքն է միշտ լինել մեր Փրկչի հետ, իսկ մեր Տէրը գիտե, թե մեզ ո՞ր եղանակով բուժի: Սիրելիներ, ավարտեցինք նաև յոթերորդ գլխի սերտողությունը: Այսօրվա մեր դասը թող լինի հեթանոս կնոջ խոնարհությունը, որը գրավեց Տէր Հիսուսի ուշադրությունը: Քանի որ խոնարհությունն է, որ բարձրագլուխ կանգնում է Տիրոջ առջև: Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը յուրաքանչյուրիդ հետ լինեն, խոնարհությամբ կանգնելու Տիրոջ առջև ամեն ժամ, և Նրան փառք հավիտյանս հավիտենից ամեն: Հարց. ի՞նչն է. որ պղծում է մարդուն: