ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 7: 14-23
ԲԱՆԵՐ, ՈՐ ՄԱՐԴԸ Կ՚ԱՊԱԿԱՆԵՆ
14 Բոլոր ժողովուրդը իրեն կանչելով՝ ըսաւ անոնց. «Լսեցէք ինծի ամէնքդ ու հասկցէք։ 15 Բան մը չկայ որ դուրսէն մարդուն ներսը մտնէ ու կարող ըլլայ զանիկա պղծել, հապա այն բաները, որ անկէ կ՚ելլեն, անոնք են որ մարդը կը պղծեն։ 16 Ով որ լսելու կանջ ունի՝ թող լսէ»։
17 Երբ ինք այն բազմութենէն զատուելով տուն մտաւ, իր աշակերտները հարցուցին իրեն այն առակին համար։ 18 Ըսաւ անոնց. «Դո՞ւք ալ այդպէս անմիտ էք. չէ՞ք հասկնար թէ ամէն ինչ որ դուրսէն մարդուն ներսիդին կը մտնէ, չի կրնար զանիկա պղծել. 19 Վասն զի ոչ թէ անոր սրտին մէջ կը մտնէ, հապա փորը եւ արտաքնոցը կ՚ելլէ (ուստի բոլոր ուտելիքները մաքուր են)»։ 20 Եւ շարունակեց. «Ինչ որ կ՚ելլէ մարդուն ներսէն, անիկա կը պղծէ մարդը։ 21 Վասն զի ներսէն, մարդոց սրտէն, կ՚ելլեն չար խորհուրդներ, շնութիւններ, պոռնկութիւններ, սպաննութիւններ, 22 Գողութիւններ, ագահութիւններ, չարութիւններ, նենգութիւն, գիջութիւն, չար աչք, հայհոյութիւն, ամբարտաւանութիւն, անզգամութիւն։ 23 Այս բոլոր չար բաները ներսէն կ՚ելլեն ու կը պղծեն մարդը»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Այսօր Ապրիլի 24 ն է, հիշատակն է Հայոց ցեղասպանության բյուրավոր նահատակների: Յուրաքանչյուրս մեր մտքում աղոթենք առ Աստված՝ մեր ցեղասպանված հայրենակիցների համար, հայցենք Աստծու ողորմությունը նրանց հոգիների համար և Աստծու արդարադատությունը՝ սեղասպան ժողովրդի մեղքի գիտակցության համար:
Վերադառնանք երեկվա մեր խնդրահարույց թեմային, որը ծագել էր փարիսեցիների և Հիսուս Քրիստոսի միջև՝ նախնիների ավանդությունը չպահելու հարցի շուրջ, քանի որ փարիսեցիները նկատել էին, որ աշակերտները առանց լվացվելու հաց էին կտրել: Երեկ Տէր Հիսուս հիմնավոր բացատրություն տվեց Աստծու խոսքը անտեսելու և նախնիների ավանդությունը առաջնահերթելու վերաբերյալ, իսկ այսօրվա սերտողության մեջ արդեն Տէր Հիսուս ուսուցման գլխավոր շեշտը դնում է մաքուրի և անմաքուրի տարբերության վրա, բացատրելով, թե ինչո՞ւ աշակերտները չլվացին իրենց ձեռքերը: Երբ նախնիների ավանդությունը ժամանակի ընթացքում ձևափոխության ենթարկվելով՝ հակասում է Աստծու կամքին, ապա պետք է զանց առնել ավանդությունը և կատարել Աստծու կամքը: Իսկ Աստծու կամքն այն է, որ ժողովուրդը պահի օրենքն ու պատվիրանը: Հետևաբար մարդկանց պետք էր բացատրել նույնիսկ այս պարզ թվացողը կանոնը, որ անշո՛ւշտ պետք է մաքուր պահել ձեռքերը, բայց ձեռքերի կեղտից ու փոշուց հոգին չի վնասվում:
Աշակերտները, ճի՛շտ է առանց լվացվելու կտրեցին ու կերան հացը, սակայն նրանք օրերով կրթվում ու դաստիարակվում էին օրենքն Ստեղծողի խոսքերով ու պատվիրաններով: Իսկ փարիսեցիներն ու օրենքի առաջնորդները պարտաճանաչ լվացվում էին օրվա մեջ տասնյակ անգամներ և ծայրաստիճան բծախնդրությամբ պահում էին նախնյաց ավանդությունը և ավանդությունից կարծրացած նրանց աչքերը չէին տեսնում իրենց առջև կանգնած Աստծու Որդուն: Աշակերտները չէին լվացվում, բայց նրանց սիրտը պարարտ հող էր Աստծու խոսքի համար, Իսկ փարիսեցիների սիրտը լեցուն է ձևական խորհուրդներով, իսկ ձեռքերը փայլում էր մաքրությունից: Աշակերտների կեղտոտ ձեռքերը չպղծեց նրանց միամիտ սիրտը, իսկ փարիսեցիների մաքուր ձեռքերը չօգնեցին նրանց՝ ազատվելու իրենց կեղծավոր անունից: Այս անգամ Տէր Հիսուս ողջ ժողովրդի ուշադրությունը հրավիրեց Իր խոսքի վրա, և ասաց,- ամենքդ լսե՛ք և իմացե՛ք այս մասին, որ չկա՛ մի բան, որ դրսից մտնի մարդու մեջ և կարողանա նրան պղծել: Այլ ինչ ելնում է մարդու բերանից, այն է, որ պղծում է նրան: Դարձյալ հրավիրում է լսելու ականջ ունեցողների ուշադրությունը, որպեսզի ասելիքը տեղ հասցնի:
Այս պարագայում սխալը դուրս էր եկել կրոնական առաջնորդների բերանից և հարկ էր որ իրենք ունենային լսելու ականջներ: Բայց Աստծու խոսքը մեզ սովորեցնում է, որ կարծր սիրտը չի կարող ունենալ լսող ականջ և տեսնող աչք: Փարավոնը ա՛չք էլ ուներ, ակա՛նջ էլ ուներ, սակայն ո՛չ լսում էր Մովսեսին, ո՛չ էլ տեսնում էր նրա կատարած հրաշքները, իր խստասրտության պատճառով:
Հանրության առջև Տէր Հիսուս հակիրճ բացատրեց մարդուն պղծող երևույթների մասին, սակայն երբ ամբոխից բաժանվելով տուն մտավ, զարմացավ, որ աշակերտները նույնպես չեն հասկացել առակի իրական իմաստը: Փարիսեցիները Տէր Հիսուսի առակները չէին հասկանում խստասի՛րտ գրագետ լինելու պատճառով, իսկ աշակերտները առակները չէին հասկանում՝ անո՛ւս և միամիտ լինելու պատճառով: Բայց Ավետարանը մեզ այս մասին էլ մի քանի գեղեցիկ վկայություններ ունի փաստելու համար, որ Աստված մաքուր սիրտ է փնտրում, որպեսզի իր խոսքը դնի այնտեղ: Օրինակ՝ Հիսուսի Ծննդյան բարի Ավետիսը հրեշտակը տվեց պարզ ու անուս հովիվներին, ո՛չ թե քահանայապետին: Կամ Հարության բարի Ավետիսը հրեշտակը տվեց Մարիամ մագդաղենացուն, ո՛չ թե օրենքի ուսուցիչներին: Հետևաբար այստեղ մտահոգությունն անտեղի է, քանի որ անուսները կրթվեցին Աստծու խոսքով և կրթեցին ողջ աշխարհը, իսկ ուսյալ քահանայապետները մնացին իրենց կրթությամբ՝ որպես Աստծու Որդուն խաչողներ:
Զարմացավ Տէր Հիսուս աշակերտների հարցի վրա և ասաց, - Դո՞ւք էլ այդպես անմիտ եք, չե՞ք իմանում, թե ամեն բան, որ դրսից մարդու մեջ է մտնում, չի կարող նրան պղծել, որովհետև ո՛չ թե նրա սիրտն է մտնում, այլ՝ որովայնը և դուրս է ելնում, մաքրելով բոլոր կերածները: Այլ՝ մարդուն պղծում է այն, ինչ դուրս է գալիս նրա սրտից, ա՛յն է որ պղծում է մարդուն:
Աշակերտների այս ուսուցման ժամանակ, մեր Տէրը բերում է մեղքերի մի մեծ շարք, և բացատրում է, որ այդ մեղքերը չար խորհուրդներ են, որոնք բնակվում են մարդկանց սրտում և սրտի թելադրանքով կատարելով է, որ պղծում են մարդուն: Օրինակ՝ շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտավանություն, անզգամություն: Այս բոլոր չարիքները ներսից են ելնում և պղծում են մարդուն: Եթե նույնիսկ մարդը ունի մաքուր և լվացած ձեռքեր:
Մենք կարող ենք դարձյալ Ավետարանի օրինակներով համոզվել այս խոսքերի կատարյալ ճշմարտության մեջ: Օրինակ՝ Քահանայապետներն ու ժողովրդի ծերերը, օրենքի ուսուցիչների հետ միասին հավաքվեցին և իրենց մտքում չար խորհուրդ արեցին և այդ չար խորհուրդը դուրս եկավ իրենց սրտից և փոխանցվեց մեկ այլ չար խորհուրդ ունեցող Հուդային և մարդու Որդուն խաչը հանեցին: Իրենք պղծվեցին իրենց սրտի խորհուրդներից՝ չնայած, որ իրենց ձեռքերը լվացած ու մաքուր էր:
Իսկ աշակերտները, որոնք Վարդապետի հետ վերջին ընթրիքին իմացան, որ իրենցից մեկը մատնելու է Տիրոջը, իրենց սրտի միամտությունից հարցրին,- Մի՞թե ես եմ, Վարդապետ: Աշակերտների ձեռքերը լվացած չէր, բայց սրտում չար միտում չկար: Կամ մեկ այլ գեղեցիկ օրինակ էլ կա Ավետարանում, որը դարձյալ սրտի չար խորհրդի մասին է: Կրոնական առաջնորդները դարձյալ չար խորհուրդ արեցին Տէր Հիսուսի ամբաստանելու համար և Նրա առջև նետեցին անբարո կնոջը՝ որպեսզի Հիսուսի կարծիքը իմանան նրան քարկոծելու վերաբերյալ: Միտումը կեղծ էր, նպատակը՝ նենգ նաև այս հարցում:
Սակայն անբարո կինը ազատվեց քարկոծման վտանգից, Տէր Հիսուսի մեկ հարցից, թե՝ ձեզնից անմեղը թող առաջին քարը գցի: Անմեղ չգտնվեց այդքանի մեջ, քանի որ չար էր նրանց սրտի խորհուրդը:
Կինը անմաքուր էր մարմնով, սակայն սրտում նենգություն չկար: Ներվեց և հետևեց Հիսուս Քրիստոսին:
Հիսուս Քրիստոսի այսպիսի բացահայտումները մերկացնում էին հոգևոր առաջնորդներին՝ փշրելով նրանց կեղծ հեղինակությունն ու իշխանությունը:
Այս բոլոր օրինակներից հետո մեզ համար լիովին հասկանալի է մի պարզ ճշմարտությունը: Ձեռքերը մաքուր պահելը մի փոքրիկ կանոն է, որը կենցաղային շատ ու շատ հարցերի հետ զբաղեցնում է մեր մտքի աննշան մի մաս, բայց ո՛չ թե կյանքի նպատակն է:
Հակոբոս առաքյալը շատ ուսանելի գրառում ունի իր երրորդ թղթի երրորդ համարի մեջ, որն ասում է,- Խնդրում էք եւ չէք ստանում, որովհետեւ չարամտօրէն էք խնդրում, որպէսզի այն ծառայեցնէք ձեր ցանկութիւններին: Շնացողնե՛ր, չգիտէ՞ք, որ սէրը այս աշխարհի հանդէպ՝ թշնամութիւն է Աստծոյ դէմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի: Կամ թէ առ ոչի՞նչ էք համարում, ինչ որ Գիրքն ասում է. «Աստուած նախանձախնդրութեամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մէջ»: «Տէրն ամբարտաւաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս»:
Այս հանդիպման մեջ մեր Տէրը երեք ուղղություններով է հղում իր խոսքը. նախ՝ փարիսեցիներին՝ որ սխալմամբ երկրորդական բաները պահում են և գլխավորները՝ անտեսում, ինչը գրված է օրենքի մեջ:
Երկրորդը՝ ներկա ժողովրդին՝ որպեսզի այլևս չհետևեն այդ սխալ ուսմունքին և իմանան, թե ի՞նչն է որ պղծում է մարդուն: Իսկ երրորդը՝ աշակերտներին՝ բացատրելով ավելի հանգամանալից, քանի որ նրանց հետաքրքիր էր իմանալ ամեն բան մանրամասնորեն: Այսինքն՝ Յուրաքանչյուրի հետ Տէր Հիսուս խոսում է իր մակարդակի համեմատ, խոսքը տեղ հասցնելու համար:
Սիրելիներ, եթե ուշադրություն դարձրիք, ժողովրդի հետ խոսելու ժամանակ Տէր Հիսուս նույնիսկ չանդրադարձավ որոշ ուտելիքների, որոնք ըստ Մովսեսի օրենքի համարվում ենք պիղծ, այլ ընդհանուր ասաց, որ դրսից ներս մտնող սնունդը չի կարող պղծել մարդուն: Այսինքն եթե հրեան խոզի միս ուտի չի պղծվի, եթե ամբարտավանություն չանի: Իսկ երբ խստորեն պահում է խոզի միս չուտելու օրենքը, սակայն հպարտ է ու չար նախանձ, ուրեմն ի՞նչ նպատակ ունի նրա ձևապաշտությունը:
Այսպիսի հարցերի ես շատ եմ հանդիպում հիմնականում մեծ պահքի օրերին, երբ մարդիկ հարյուրավոր նամակներ են գրում պահոց ուտելիքների սահմանափակումների վերաբերյալ: Ի՞նչ է կարելի, և ի՞նչ չի կարելի: Մենք այս հարցում նմանվում են հրեաների պահած ավանդության ձևապաշտությանը, քանի որ պահքի նպատակը կորում է ձևականության պատճառով: Ոչ մի անգամ պահքի ժամանակ չեմ ստանում մի նամակ, որտեղ հարցնեն,- Տէր Հայր ինչպե՞ս ազատվեմ բամբասելուց, նախանձից,հայհոյանքից, անորակ սերիալներ նայելուց, բոլոր չար խորհուրդներից և այլն: Այս բոլորը մարդու սրտի մեջ են, պահքն էլ նրա համար է, որպեսզի մարդը անդրադառնա իր մեղավոր վիճակին և ազատվի այդ մեղքերից: Չուտել միս և պահքի ժամանակ 12 ժամ ինտերնետում լինել՝ հաճույքի համար, փարիսեցիություն է;
Այսօր մարդիկ միայն լվացվելով չեն բավարարվում, այլ՝ սաունաներում են ամբողջ օրը, սակայն շնությունն ու պոռնկությունը իրենց հետ է ապրում: Սա ևս փարիսեցիություն է: Եթե դուք կմտածեք, որ շրջակա միջավայրի ազդեցությունն էլ կարող է պղծել մարդուն, ապա ստուգեք ձեր ստի արձագանքը ցանկացած մեղքի հանդեպ և կհամոզվեք, որ միջավայրից չէ, այլ մեր սրտից: Եթե դուք չեք կարողանում անտարբեր անցնել գիշերային ակումբների կողքից, ուրեմն ակումբը չէ՛ որ կպղծի ձեզ, այլ ձեր սրտի ցանկությունը՝ ակումբում լինելու: Հիշեք, որ Նոյը ապրեց այլանդակ միջավայրում, բայց նրա սիրտը հակված չէր դեպի մեղքը: Ղովտը ապրեց Սոդոմում, բայց չպղծվեց: Պատմությունը լավ գիտեք: Եթե մեր սիրտը անհաղորդ է շրջապատի մեղքի նկատմամբ, ուրեմն մեր սրտից չի կարող վատ և չար խորհուրդ դուրս գալ, եթե նույնիսկ մոռացել ենք լվացվել: Այստեղ ավարտենք մեր սերտողությունը, թեպետ թեմայի շուրջ բավական ասելիք կա: վերցնենք մեր դասը՝ մաքուրի և անմաքուրի վերաբերյալ, իսկ մեր սրտերի ճշմարիտ Վերակացուն Տէր Հիսուս Քրիստոսն է, որ գիտե ամեն բան: Թող Քրիստոսի սերը, խաղաղությունը, ողորմությունն ու գթությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն, և Նրան՝ փառք հավիտյանս հավիտենից՝ Հոր և Սուրբ հոգու հետ միասին:
Հարց. Այսօր կա՞ այդպիսի ավանդություն, որը հավատացյալին հեռու է պահում Աստծու պատվիրանից: