ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 7:1-13
ՆԱԽՆԻՔՆԵՐՈՒՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ
1 Իր քով ժողվուեցան փարիսեցիներէն ու դպիրներէն ոմանք որ Երուսաղէմէն եկած էին։ 2 Երբ տեսան թէ անոր աշակերտներէն ոմանք պիղծ, այսինքն անլուայ ձեռքերով՝ հաց կ՚ուտեն, մեղադրեցին, 3 Վասն զի փարիսեցիներն ու բոլոր Հրեաները մինչեւ աղէկ մը ձեռքերնին չլուան՝ հաց չեն ուտեր, քանզի ծերերուն աւանդութիւնը կը բռնեն։ 4 Շուկայէն եկած ատեննին եթէ չլուացուին՝ չեն ուտեր։ Ասոնց նման շատ բաներ կան, որոնք ընդունած են ու կը բռնեն, այսինքն գաւաթներու եւ փարչերու ու պղնձէ ամաններու եւ անկողիններու լուացումներ։ 5 Այն ատեն փարիսեցիներն ու դպիրները հարցուցին անոր. «Ինչո՞ւ քու աշակերտներդ ծերերուն աւանդութեանը պէս չեն շարժիր ու անլուայ ձեռքերով հաց կ՚ուտեն»։ 6 Ան ալ պատասխան տուաւ ու ըսաւ անոնց. «Աղէկ մարգարէութիւն ըրաւ Եսայի ձեզի՝ կեղծաւորներուդ համար, ինչպէս գրուած է. ‘Այս ժողովուրդը միայն շրթունքներովը զիս կը պատուէ, բայց իրենց սիրտը հեռացած, զատուած է ինծմէ 7 Ու պարապ տեղը զիս կը պաշտեն, մարդոց պատուիրած բաները իբրեւ վարդապետութիւն սորվեցնելով’։ 8 Վասն զի Աստուծոյ պատուիրանքը թողելով՝ մարդոց աւանդութիւնը կը բռնէք, ինչպէս՝ փարչերու եւ գաւաթներու մաքրութիւններ եւ ասոնց նման շատ ուրիշ բաներ կ՚ընէք»։ 9 Ու ըսաւ անոնց. «Աղէկ կ՚անարգէք Աստուծոյ պատուիրանքը, որպէս զի ձեր աւանդութիւնը պահէք։ 10 Քանզի Մովսէս ըսաւ. ‘Քու հայրդ ու մայրդ պատուէ. եւ Ով որ իր հայրը կամ մայրը անիծէ, մահով թող մեռնի’։ 11 Բայց դուք կ՚ըսէք. ‘Եթէ մէկը իր հօրը կամ մօրը ըսէ՝ ‘Այն բանը զոր ինծմէ պիտի շահիս Աստուծոյ տալու կորբան է, (որ ըսել է՝ ընծայ,) ազատ կ՚ըլլայ անիկա’. 12 Եւ ա՛լ թող չէք տար անոր բան մը ընել իր հօրը կամ իր մօրը. 13 Ու Աստուծոյ խօսքը կը խափանէք ձեր աւանդութիւնովը եւ ասոր նման շատ ուրիշ բաներ կ՚ընէք»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ներկաներ, ամեն առավոտ, երբ Աստծու կամքով մեր աչքերը բացվում են, ուրեմն Աստված մեզնից մի բան է ակնկալում: Շատ տարբեր են այդ ակնկալիքները, քանի որ տարբեր են մարդիկ և ամեն մարդու մի բան խանգարում Աստծուն մոտենալու համար: Աստված ամեն օր կյանք է պարգևում, որպեսզի մարդը այդ պատնեշը վերացնի, որ գտնվում է իր և Աստծու միջև: Օրինակ՝ մեր պարագայում Աստված ինձնից ակնկալում է ապրել Աստծու խոսքով և քարոզել, իսկ ձեզնից՝ լսել ու կատարել: Իսկ հիմա տեսնենք, թե Մարկոս Ավետարանիչը ի՞նչ է ակնկալում մեզնից իր Ավետարանում.
Երեկվա սերտողության մեջ երկու զարմանալի հրաշք հանդիպեցինք, որից աշակերտները հիացել էին, զարմացել էին, նաև վախեցել էին, սակայն աշակերտները երբեք ազատ ժամանակ չեն ունենում, որպեսզի խորհեն այդ մասին, կամ քննարկեն միմյանց հետ, ինչպես որ մենք ենք անում, որովհետև ուր որ հայտնվում են, ժողովրդի բազմությունը նրանց շրջապատում է:
Յոթներորդ գլուխը սկսվում է Տէր Հիսուսի և փարիսեցիների միջև տեղի ունեցած վիճաբանությամբ: Այս անգամ Տէր Հիսուսին հյուր եկան Երուսաղեմի օրենսգետներն ու փարիսեցիները, որոնք ո՛չ թե ավանդապահ են, այլ՝ ավանդապաշտ: Իսկ ավանդությունները պաշտողների մոտ վիճաբանությունների պակաս չկա: Հրեական օրենքի մեջ այնքան խիստ էր պահպանվում մաքուրի և անմաքուրի պատվիրանը, որ հասել էր ծայրահեղության աստիճանի և վիճաբանությունների տեղիք էր տալիս: Տաճարում զոհաբերություն կատարող քահանան առանց ձեռքերը լվանալու իրավունք չուներ ձեռ տալու զոհաբերված մսին: Նրանք համարում էին, որ մարդու ձեռքերը ամեն ինչի հետ կարող են շփվել, հետևաբար ամենակեղտոտը մարդու ձեռքերն են: Փարիսեցիները տաճարում գործող այս օրենքը սկսեցին տարածել մարդկանց մեջ և խստագույնս ստուգել և պահանջել, որ մարդիկ պահեն այդ օրենքը: Ի վերջո օրենք բանավոր փոխանցմամբ այդ օրենքը դարձավ մի ծայրահեղ սովորություն և գործում է մինչ օրս՝ Մարդկանց ուշադրությունը սևեռելով առավել ավանդությունների վրա, քան Աստծու պատվիրանների:
Սրանք նախնիների ավանդություններն էին, որ ժամանակի ընթացքում փարիսեցիներ գնալով ավելի էին խստացնում գերադասելով այն օրենքից: Այս հանդիպման ժամանակ նրանք նկատեցին, որ Վարդապետը ուշադրություն չի դարձնում, որ աշակերտները առանց լվացվելու են հաց կտրում: Այո, Վարդապետը ուշադրություն չէ՛ր դարձնում երկրորդական բաների վրա, որովհետև աշակերտները գիտեին ե՛րբ պետք է լվացվել, այլ Վարդապետը գլխավոր պատվիրանն էր սովորեցրել նրանց, թե՝ կեղտոտ ձեռքերով մարդը չի կարող անմաքուր համարվել, եթե նրա սիրտը մաքուր է: Ձեռքի կեղտոտությունը ավերներ չի գործում, սակայն անմաքուր սրտերը Արդարին խաչը հանեցին: Երանի նրանց միայն ձեռքերը կեղտոտ լինեին; Մարկոս ավետարանիչը մեզ մի թռուցիկ տեղեկություն է տալիս հրեաների սովորության մասին, որ նրանք հաց չէին ուտում, եթե նախ մի լա՛վ չլվացվեին: Նաև երբ շուկայից տուն էին գալիս, նախ լվացվում են, հետո հաց կտրում, որովհետև շատ հետևողական են նախնիների թողած ավանդությունների նկատմամբ: Որոշ հրեաների մոտ այս և նմանատիպ ծայրահեղ մոտեցումները շարունակվում են մինչև այսօր և բավական դժվարություններ պատճառելով իրենց, բայց քանի որ ավանդապաշտ են, այսպես շարունակում են: Հրեաների հետ շփվող մարդիկ գիտեն, որ նրանք խոհանոցում ի՛նչ ծայրահեղությունների կարող են գնալ, օրինակ՝ սպասքը լվանալու հարցում: Նույն խոզանակով չի կարելի լվանալ թե բաժակը և թե ափսեն: Այս երևույթների համար էր, Տէր Հիսուս նրանց այդքան նկատողություն անում ձևապաշտության հետևից ընկնելու համար:
Մեր օրերի մարդու համար այսպիսի հարցերը նույնիսկ քննարկման ենթակա չեն, քանի որ բոլորը գիտեն, որ ուտելուց առաջ և հետո լվացվում են, կամ օգտագործած բաժակն ու պնակը կարելի է նույն լվացարանի մեջ դնել, և այլն: Այնքան էր արմատացած փարիսեցիների մոտ այդ ծայրահեղությունը, որ չկարողացան անտեսել և մոտեցան Տէր Հիսուսին և հարցրին,- Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների ավանդության համաձայն չեն շարժվում, այլ անմաքուր ձեռքերով հաց են ուտում: Նրանք կարծեցին, թե հանցանքի մեջ են բռնել աշակերտներին և դա կարող է պատճառ դառնալ, որ իրենք իրավունք ունենան ամբաստանելու նրանց Վարդապետին՝ ավանդությունը արհամարհելու պատճառով:
Նայեք սիրելիներ, ինչքան էլ որ մենք փորձենք արդարացուցիչ փաստեր բերել փարիսեցիների ծայրահեղ պահանջի վերաբերյալ, արդարությունը բղավում է այստեղ; Նրանք աշակերտներին չասացին, օրինակ, լավ կլիներ, եթե լվացվեիք, քանի որ հնարավոր է, որ մի բացիլ հացի հետ ձեր բերանը տանեք: Ո՛չ: Դա կարևոր չէ՛: Այլ ասում են, ինչո՞ւ չեք պահում նախնիների ավանդությունը:
Ինչո՞ւ Տէր Հիսուս չդարձա՛վ և աշակերտներին չասա՛ց, լվացվե՛ք, հետո կերեք, այլ՝ ավելի հեռու գնաց, որպեսզի քարացած չափանիշներ ունեցող փարիսեցիներին հիշեցնի օրենքն ու մարգարեներին:
Ինչպես միշտ, անմիտ հարցը արժանացավ իմաստուն պատասխանի: Հիսուս Քրիստոս նրանց նախ հիշեցրեց իրենց գեղեցիկ բնութագիը Եսայի Մարգարեի բերանով ասված, թե կեղծավորնե՛ր, դուք միայն շուրթերով եք Աստծուն պաշտում, իսկ ձեր սրտեր հեռուն են Աստծուց, քանի որ դուք ուսուցանում եք վարդապետություններ, որոնք մարդկանց պատվիրածներն են: Այսինքն Աստծու պատվիրանը թողած, մարդու ավանդությունն եք պահում:
Սիրելիներ, սա շատ վտանգ պարունակող երևույթ է, որը նկատվում է նաև մեր եկեղեցիներում: Երբեմն ժողովրդական ավանդությունները ծածկում են Աստծու պատվիրանները, և մարդիկ առավել հակված են ավանդությանը, քան պատվիրանին: Օրինակ՝ ձու ներկելու և փլավ եփելու ավանդությունը չի մոռանում ո՛չ մի ընտանիք, սակայն Հարության տոնի Պատարագ գնալու անհրաժեշտությունը բոլորի համար չէ: Այսպիսի վտանգավոր օրինակները շատ շատ են մեր եկեղեցում, որոնք անհապաղ վերանայման կարիք ունեն: Ավաղ, դեռ հետաքրքրվողներ չկան:
Եթե ուշադիր եղաք, Քրիստոս փարիսեցու հարցին չպատասխանեց, այլ միանգամից ցույց տվեց նրանց կեղծավորությունը, և Աստծու խոսքի անտեսումը՝ նախնիների ավանդության պատճառով;
Ինչը իրենք պարտավոր էին իմանալու, քանի որ օրենսգետներ են: Երբ Ավետարանում կարդում ենք օրենսգետներ, դուք անմիջապես պատկերացրեք մերօրյա աստվածաբաններին, որոնցից շատերը Աստծու և հավատքի հետ որևէ աղերս չունեն; Օրենսգետները, փարիսեցիները, և առավել ևս քահանայապետները նախ պետք է ուսուցանեն Մովսեսի օրենքը, որն Աստծուց էր ստացել, ապա չմոռանան նախնիների ավանդությունները՝ հարգելով նրանց: Փարիսեցիների մասին լսելիս, մենք անմիջապես պատկերացնում ենք կեղծավորություն, ձևապաշտություն, սակայն այն ժամանակ փարիսեցիները հանրության մեջ հանդես էին գալիս որպես օրենքը բծախնդրությամբ պահող աստվածավախ մարդիկ, այնքան ժամանակ, մինչև Տէր Հիսուս բացահայտեց նրանց իրական դեմքը և այլևս նույն շինծու հեղինակությունը չունեին մարդկանց մեջ:
Հրեական ավանդությունն ասում է, որ մարդը երբ դրսիս ներս է մտնում նրա ձեռքերի հետ կարող են ներս թափանցել չար դևեր, այդ պատճառով պետք է առանց որևէ բանի ձեռք տալու, արագ լվացվել, որպեսզի այդ չար դևերը մաքրվեն; Իսկ Տէր Հիսուս սովորեցնում է, որ որտեղ Աստված կա, այնտեղ դևը անելիք չունի, եթե դուք անտեսում եք Աստծու խոսքը և պահում եք ավանդությունը, ապա եթե նույնիսկ լվացվեք էլ, չարը ձեզնից չի հեռանա: Ո՛չ մի վատ բան չկա լվացվելու սովորության մեջ, ուղղակի փարիսեցիները համոզված էին, որ իրենք լվացվելով համարվում էին արդեն մաքուր: Փարիսեցիների խնդիրը կայանում էր նրանում, որ նրանք սևեռվում էին լվացման երկրորդական գործընթացի վրա և անտեսում էին իրենց սրտերի նենգությունը լվանալու գլխավոր հարցը:
Լեռան քարոզի մեջ Տէր Հիսուս ասում է,- Բայց ասում եմ ձեզ, որ եթե ձեր արդարությունը ավելի չլինի, քան օրենսգետներինը և փարիսեցիներինը, երկնքի արքայությունը չեք մտնի»: Մատթ. 5.17։
Խոսքը այս կեղծ արդարության մասին էր, որը խանգարում էր փարիսեցիներին, տեսնել իրական արդարությունը: Այսօր էլ կարող ենք զգուշանալ այսօրվա ,,փարիսեցիների,,կեղծ արդարությունից:
Տէր Հիսուս ևս մեկ գեղեցիկ օրինակ է բերում Մովսեսի օրենքից, որն ասում է,- Պատվիր քո Հորն ու մորը, և ով չարախոսի իր հոր կամ մոր մասին, թող պատժվի մահվամբ; Առանց տողատակերի Քրիստոս նրանց ասում է,- Աստծու պատվիրանները անարգում եք, որպեսզի ձեր ավանդությունը հաստատեք:
Մովսեսը գրի է առել Աստծու կամքի համաձայն, և տվել է պատվեր, որպեսզի զավակները հոգ տանեն ծնողների մասին: Իսկ հրեաները զանց են առել այս օրենքը և խստասիրտ մոտեցում են ցուցաբերում իրենց ծնողներին: Ինչպե՞ս: Բերքի հավաքման ժամանակ, երր ծնողները գալիս են իրենց զավակների մոտ, որպեսզի իրենց ապրուստի համար իրենց բաժին բերքը խնդրեն, քանի որ արդեն տարեց են և անաշխատունակ, իսկ զավակները մոռանալով պատվիրանը, ըստ ավանդության ասում են ծնողներին,- բերքի մի մասը հատկացրել ենք մեզ համար, իսկ մյուս մասը՝ տաճարինն է, և դուք այստեղ բաժին չունեք:
Սա անթույլատրելի արարք է ինչպես Աստծու պատվիրանով, այնպես էլ մարդկային տեսանկյունից: Այդ օրենքը տաճարում քահանայապետներն էին հաստատել, դրա համար մարդիկ իրենց ծնողներին զրկում էին իրենց բաժնից: Այսպիսով նրանք անարգում էին Աստծու խոսքը և այդ ավանդությունը փոխանցվում էր սերնդից սերունդ: Հիմա արդեն հասկանալի դարձավ, թե Քրիստոս ինչո՞ւ մեղադրեց նրանց: Ո՛չ թե նրա համար, որ ավանդությունն են պահում, այլ ավանդության պատճառով ստվերում էին թողնում Աստծու խոսքը: Զավակը ծնողին ասում է,- ինձնից չես կարող օգտվել, քանի որ Կորբան է, այսինքն՝ Աստծուն տալու ընծա է սա: Մի՞թե Աստված երբևէ այսպիսի պատվիրան է տվել մարդուն, որ տաճարը առավել դասեն մարդուց, որի փրկության համար խաչվեց;
Մարդիկ ձեռքերը մաքուր են պահում, հաճախ լվանալով, իսկ իրենց ծնողներին զրկում են ապրուստի միջոցներից: Ինչո՞ւ վերևում ասացի, որ վտանգավոր է, երբ ավանդության պատճառով, Աստծու խոսքը անարգվում է: Որպեսզի մենք հարգելով մեր հայրերի թողած ավանդությունները, նախապատիվ տեղը հատկացնենք Աստծու խոսքին, որովհետև Նա՛ ասաց, և եղավ ամեն ինչ:
Սիրելիներ, խոսքը առաքելական ավանդությունների մասին չէ, այլ ժողովրդից փոխանցված և սուրբգրային ճշմարտություն չպարունակող սովորությունների մասին է: Որպեսզի ավելի պարզ լինի, համեմատենք մեր օրերի այդպիսի սովորությունների հետ, որոնք շատ են եկեղեցու ներսում: Օրինակ տարեց կանայք, որոնք միշտ եկեղեցում են, գուցե Աստվածաշունչ էլ չեն կարդացել, բայց ժամանակի ընթացքում ինչ որ բաներ են լսել եկեղեցում, հետո մոռանալով ձևափոխել են իրենց իմացածը և դրան սովորեցնում են եկեղեցի մտնող անփորձ մարդկանց: Այսպես փոխանցվում է սխալը մեկից մյուսին: Նույնը փարիսեցիների մոտ էր, և հիմա. եթե մեկը չի կարդացել Օրենքի գրքերը, լսելով փարիսեցիների մասին, սխալ պատկերացում է ունենում նաև Մովսեսի օրենքի մասին: Այդ պատճառով, եթե ձեզ որևէ հարց է հետաքրքիր, մոտեցեք և հարցրեք քահանային, ո՛չ թե եկեղեցում գտնվող տարեցներին, որոնք գուցե սխալ գիտեն և կփոխանցեն նաև ձեզ: Աստծու խոսքը պետք է լսել մաքուր աղբյուրից, առանց աղավաղելու և շիտակ բացատրությամբ, որպեսզի և հաճելի լինի լսել և առավել ևս հաճելի լինի կատարել: Սիրելիներ, այնքան շերտավոր է և հետաքրքիր է Աստծու խոսքը, որ չզգացինք, թե ինչպե՞ս անցավ ժամանակը: Վաղը Աստծու կամքով կիմանանք, թե Տէր Հիսուս ինչպես է բացատրում ձեռքերի մաքրության հարցը:
Քրիստոսի սերն ու խաղաղությունը թող ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն և Նրան փառք հավիտյան:
Հարց. Տաճարի տո՞ւրքն էր կարևոր, ավանդությո՞ւնը, թե ծնողների օգնությունը: