ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 6: 45- 56
ՅԻՍՈՒՍ ՋՈՒՐԻՆ ՎՐԱՅԷՆ ԿԸ ՔԱԼԷ
45 Շուտ մը իր աշակերտները արտորցուց որ նաւը մտնեն եւ իրմէ առաջ միւս կողմը Բեթսայիդա անցնին, մինչեւ որ ինք ժողովուրդը արձակէ, 46 Ու անոնցմէ զատուելով՝ լեռը ելաւ աղօթք ընելու։ 47 Երբ իրիկուն եղաւ, նաւը ծովուն մէջտեղն էր, բայց ինք մինակ ցամաքն էր։ 48 Տեսաւ զանոնք, որ կը տագնապէին հովէն թի քաշելու ատեն, վասն զի հովը իրենց դէմ էր։ Յիսուս գիշերուան չորրորդ պահուն ծովուն վրայէն քալելով գնաց անոնց։ Կ՚ուզէր անոնցմէ անցնիլ։ 49 Անոնք, երբ տեսան, որ ծովուն վրայէն կը քալէր, կարծեցին թէ աչքի երեւոյթ մըն է, ուստի կանչուըռտեցին. 50 Քանզի ամէնքն ալ զանիկա տեսան ու խռովեցան։ Ինք շուտ մը խօսեցաւ անոնց հետ ու ըսաւ. «Քա՛ջ եղէք, ե՛ս եմ, մի՛ վախնաք»։ 51 Եւ նաւը ելաւ անոնց քով ու հովը դադարեցաւ։ Անոնք մտքերնուն մէջ չափէ դուրս ապշած էին ու կը զարմանային, 52 Վասն զի հացին վրայ եղած հրաշքը չիմացան, քանզի սրտերնին թմրած էր։
53 Միւս կողմը անցնելով՝ Գեննեսարէթի երկիրը հասան ու նաւը տեղաւորեցին։ 54 Երբ նաւէն ելան, այն տեղի մարդիկը իսկոյն ճանչցան զանիկա 55 Եւ ասդին անդին վազեցին բոլոր շրջակայքը։ Սկսան մահիճներով հիւանդներ բերել՝ ուր որ կը լսէին թէ հոն է։ 56 Եւ ուր որ կը մտնէր, գիւղերը կամ քաղաքները կամ ագարակները, հրապարակներուն մէջ կը դնէին հիւանդները ու կ՚աղաչէին իրեն որ գոնէ իր հանդերձին քղանցքին դպչին։ Անոնք որ դպան՝ բժշկուեցան։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելիներ. մենք երեկ ավարտեցինք սերտողությունը՝ հացի բազմացման և հինգ հազարի կերակրման հրաշքի թեմայով, այսօր տեսնենք, թե ի՞նչ կարևոր իրադարձությունների պետք է ականատես լինենք վեցերորդ գլխի ավարտին: Տեսանք, որ աշակերտները հանգստանալու ժամանակ չունեցան, և այդ հրաշքից անմիջապես հետո Տէր Հիսուս աշակերտներին շտապեցրեց նավակ նստել և հանդիպակաց կողմն անցնել, մինչև Ինքը ժողովրդի բազմությանը ազատ արձակի: Տէրը Իր վրա վերցրեց ժողովրդին արձակելու պարտականությունը, որպեսզի այդքան ժամանակ աշակերտները գուցե մի փոքր հանգստանան:
Գուցե մի ուրիշ դաս ուներ աշակերտներին տալու: Չգիտե՛նք: Սակայն ժողովուրդի բազմությունը չցրվեց, մինչ Քրիստոս իրենց կարձակեր:
Այս հատվածի վրա ուշադրություն դարձնենք, քանի որ մեզ վերաբերող մի լուռ պատգամ կա այստեղ: Ժողովուրդը ճաշակելուց հետո սպասեց, մինչև Տէր Հիսուս իրենց արձակի: Իսկ Տէր Հիսուս բոլորին օրհնեց և արձակեց; Ի՞նչ են անում մեզնից շատերը Պատարագի ավարտին, երբ արդեն ճաշակել են Սուրբ Հաղորդությունը: Անմիջապես դուրս են գալիս եկեղեցուց, առանց գոհություն հայտնելու, և առանց արձակում ստանալու: Մեր նպատակը պարտականություն կատարելը չէ, մեր նպատակը փրկություն ձեռք բերելն է Տիրոջ շնորհների միջոցով, որի համար պետք է Գոհանալ ամեն ժամ, և փառաբանել Տիրոջ Սուրբ Անունը Իր բերած փրկության համար:
Ժողովրդին արձակելուց հետո մեր Տէրը դարձյալ առանձնացավ աղոթքի՝ լեռ բարձրանալով:
Մենք հաճախ ենք կարդում որ, մեր Տէրը առանձնանում է մի ամայի տեղ՝ աղոթքի, հատկապես մի կարևոր իրադարձությունից առաջ և հետո: Հիշենք, որ ծառայության համար աշակերտներ ընտրելուց առաջ Նա աղոթեց ողջ գիշեր, ձերբակալվելուց առաջ երեք անգամ առանձնացավ աղոթքի՝ Գեթսեմանի կոչվող պարտեզում, մեծ հրաշքներից առաջ և հետո առանձնանում է աղոթքի: Մենք հիշում ենք նաև Իր գեղեցիկ աղոթք- երկխոսությունը Երկնավոր Հոր հետ՝ աշակերտների և իրեն հետևողների համար: Այս առանձնացումի աղոթքը մեզ համար հոգևոր օրինակ է՝ աղոթել որևէ գործից առաջ և գոհություն հայտնել գործի ավարտից հետո, անկախ արդյունքից: Հիսուս Քրիստոս նույնպես աղոթքի էր կանգնում Իր մարդկային բնությամբ, քանի որ հանձն էր առել մարդանալ մեր մեղքերի համար, որպեսզի մեզ դուրս բերեր մեղքի ճիրաններից: Երկնավոր Հոր հետ առանձնացումը կարևոր էր համարում մեր Տէրը աղոթքի կանգնելով:
Հանկարծ Տէր Հիսուս աղոթքի պահին նկատեց, որ աշակերտների նավակը ծովի մեջտեղում է, իսկ ծովը փոթորկում է, քանի որ քամին հակառակ կողմից էր: Ուշ գիշեր է արդեն; Տէր Հիսուս դեռ ցամաքի վրա է, իսկ աշակերտները գրեթե ծովի մեջտեղում: Տէր Հիսուս քայլերով ծովի վրայով գնաց աշակերտների մոտ:
Մի պահ պատկերացրեք աշակերտներին մինչ ծովի ալեկոծվելը: Վարդապետը իրենց հետ չէ և իրենք քննարկում են հացի բազմացման հրաշքի թեման: Բնականաբար շատ բաներ մեզ պես չհասկանալով, բայց զարմացած, չընկալելով, բայց հիացած, զրուցում էին այնպես, ինչպես որ զրուցում էին Էմմավուսի ճանապարհի երկու աշակերտները՝ Տէր Հիսուս Քրիստոսի հարությունից հետո, մինչ Հիսուս կմոտենար և կքայլեր իրենց հետ:
Սակայն ծովը ալեկոծվեց և շեղեց աշակերտների միտքը մեկ այլ ուղղութամբ: Նրանք ծովի վրա քայլող մարդ տեսան, ինչը անբնական երևույթ էր իրենց համար, թեպետ փորձառու ձկնորսներ էին, բայց տարօրինակ թվաց իրենց այն աստիճան, որ կարծեցին, թե մի ուրվական են տեսնում: Սարսափեցին աշակերտները և այդ վախը զգաց իրենց Վարդապետը՝ հեռվից:
- Քաջալերվեցե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք, - ասաց Վարդապետը: Ավետարանն ասում է,- Նա նավակ բարձրացավ նրանց մոտ և քամին խաղաղվեց:
Նույնիսկ ծովը կարծես նախապես լուր տվեց աշակերտներին, որ գալիս է տարերքների վրա իշխանություն ունեցողը, դիմավորեցե՛ք Նրան;
Այս հրաշքը գերազանցեց նախորդ հրաշքին, որի մասին խոսում էին աշակերտները նավակի մեջ, մինչև փոթորիկի բարձրանալը: Հիմա առավել ևս շփոթվեցին կատարվածից, երբ տեսան, որ Նա քայլում է ծովի վրա, ինչպես ցամաքի վրա: Ավետարանն ասում է նրանց մտքերը բթացած լինելով չէին հասկացել նաև այն, ինչ վերաբերում էր հացի բազմացմանը:
Սիրելի Մարկոս ավետարանի՛չ, քեզ համար հեշտ է գրել այս տողերը, բայց նրանք պարզ մարդիկ էին, ձկնորսներ, հասարակ կյանքով ապրող անուս մարդիկ, աստվածաբաններ չէին, թեպետ Աստված էր ընտրել նրանց: Ընտրել էր, բայց ո՛չ գիտություն ունեին, ո՛չ էլ քննություն էին տվել, ինչպես որ այսօ՛ր են տալիս հոգևոր ճեմարաններում:
Հաց չկա՛ր, նրանք անհանգստանում էին, ծովը փոթորկում էր, նրանք անհանգստանում էին, Վարդապետը այլակերպվում էր իրենց աչքի առջև, իրենք զարմանքից ապշում էին, քանի որ կյանքի դպրոցում դեռ առաջին դասարանում են: Պարզվում է, որ այս բոլոր մտահոգությունները կարևոր չէ, ինչի համար իրենք մտահոգվում են: Հենց սա էր գլխավոր պատճառը, որ փարիսեցիները Քրիստոսին չէին սիրում, քանի որ կյանքի վերաբերյալ իրենց պատկերացումներն ու ուսուցումները հսկողությունից դուրս էին գալիս: Չեզոքանում էր նաև իրենց շինծու հեղինակությունն ու իշխանությունը որ ստեղծել էին մարդկանց աչքին և գործադրում էին մարդկանց վրա: Իսկ Քրիստոսի իշխանությունը մարդկանց վրա չէր, այլ երկրի տարերքների ու ալեկոծ ծովի վրա էր:
Այս բոլոր հրաշքները, որոնք կատարում էր մեր Հիսուս Քրիստոս, ունեին բարձրագույն նպատակ, չէ՞ որ ամեն օր մոտենում էր Նրա խաչելության օրը, իսկ Իր աշակերտները պետք է ըմբռնեին, որ Քրիստոս իշխանություն ունի ամեն ինչի վրա, այնպես ինչպես իշխանություն է ունենալու նա՛և մահվան վրա: Քրիստոս ո՛չ թե զոհ է լինելու հանրության պահանջին, կամ քահանայապետի պատրաստած նենգությանը, այլ իշխանություն ունենալով մահվան վրա, ինքնակա՛մ է գնալու խաչելության:: Մեր Տէր Հիսուս Քրիստոսի կյանքի ամեն մի դրվագ հասկանալի չեղավ Իր ժամանակի բոլոր մարդկանց, սակայն այդ բոլոր քայլերի նպատակների լուսաբանումը տրվեց աշակերտներին՝ Սուրբ Հոգով, որպեսզի նրանք էլ լուսաբանեն մեզ համար այդ բոլորը: Ինչի համար գոհություն և փառք Աստծուն Իր ողորմության համար:
Սիրելիներ, երկեկվա հացի բազմացման հրաշքը մենք համեմատեցինք Սուրբ Հաղորդության խորհրդի հետ, որի ժամանակ Քրիստոսի Մարմինն ու Արյունը որպես հաց բաշխվում է բազմությանը որպես փրկություն և չի պակասում երբե՛ք: Մենք եկեղեցին էլ համեմատում ենք փրկության Տապանի հետ, որի մեջ գտնվողները միայն ափ դուրս եկան և փրկվեցին: Չենք սխալվի, եթե ծովի վրա գտնվող նավակն էլ համեմատենք եկեղեցու հետ, իսկ փոթորկած ծովը այս աշխարհի հետ, որի մեջ գտնվում է եկեղեցին;
Ե՞րբ է խաղաղվում փոթորիկը: Ե՛րբ որ Տէր Հիսուս ո՛տք է դնում նավակի մեջ: Հետևաբար, երբ եկեղեցում տարաձայնություններ, կամ անհամաձայնություններ կան, պետք է անհանգստանալ այդ ուղղությամբ, քանի որ, որտեղ Տէր Հիսուսի ներկայությունն է, այնտեղ խաղաղություն է տիրում, լինի ծովեզերքի ուսուցման ժամանակ, երբ նավակը ծովի վրա է, թե՛ ծովի խորքում, երբ փոթորիկ է:
Այսօր էլ Տէր Հիսուս տեսնում է, թե ինչպես է եկեղեցին տարուբերվում աշխարհի փոթորիկներից, սակայն տասներու մաքուր սիրտ է փնտրում՝ Իրեն կանչող, որպեսզի ասի,- Քաջալերվեցեք, և մի՛ վախեցեք, քանի որ ձեզ խոստացա, որ ձեր կլինեմ մինչև աշխարհի վախճանը...
Եթե նավակը եկեղեցին է, փոթորկած ծովը այս աշխարհն է, իսկ ի՞նչ է քամին, որ հակառակ կողմից էր գալիս և շատ վտանգավոր էր: Սա էլ հակառակ կողմից եկող բոլոր չար ուսուցումներն են որ եկեղեցու դեմ են դուրս գալիս, սակայն նորից եմ կրկնում, եթե Քրիստոս եկեղեցու մեջ է, այդ հակառակ քամին էլ կենթարկվի Քրիստոսի ոտքերի տակ: Ծովո՛ւմ լինի, թե՛ ցամաքում, եկեղեցո՛ւմ լինի, թե՛ քաղաքական դաշտում, տա՞նը թե՛ փողոցում, Քրիստոսին ապավինողի համար ո՛չ մի հակառակ քամի փոթորիկ չի կարող բարձրացնել, առավել ևս Քրիստոսին ապավինող ո՛չ մի սիրտ վախ չի զգա, քանի որ նրա կապը Քրիստոսի հետ՝ հուսալի կապ է:
Հասան հանդիպակաց կողմը և դուրս եկան ցամաք: Բավական էր մի տեղում հայտնվեին, մարդիկ անմիջապես ճանաչում էին նրանց և շրջապատում: Մեկը մյուսին լուր տալով, կարճ ժամանակում դարձյալ ժողովրդի մեծ բազմություն հավաքվեց: Բոլոր շտապում էին բերել իրենց մահիճներով հիվանդներին և աղաչում էին, որ գոնե Իր զգեստի քղանցքներին դիպչեն և առողջանան: Ավետարանիչն ասում է,- ովքեր մեկ անգամ դիպան, բժշկվեցին: Մարկոս ավետարանչի օգնությամբ մենք կարողացանք հասկանալ, որ Տէր Հիսուսին չընդունեցին Իր գավառում, որպես Փրկիչ: Աշակերտները, որ ամեն օր Հիսուսի հետ էին, և տեսում էին այդքան հոգևոր հրաշագործությունները, չէին կարողանում համեմատականներ տանել Եգիպտոսի գերությունից դուրս գալու և Քրիստոսի բերած փրկության միջև: Ժողովրդի բազմությունը, որոնք իրենց հիվանդներին էին բերում հրաշքով բուժելու, նրանք էլ Հիսուսի մեջ տեսնում էին մի հրաշագործ բժշկի և ուրիշ ոչինչ: Այսինքն այստեղ կարելի է եզրակացնել, որ մարդու համար դժվար ընկալելի է ընդունել և հոգևոր գնահատական տալ իր աչքի առջև կատարած հրաշագործություններին, և Նրան ընդունել որպես Աստված; Այնպես ինչպես արեցին Քրիստոսի համաքաղաքացիները, միայն այն բանի համար, որ ճանաչում էին նրա ազգականներին: Իսկ այս մարդիկ, թեկուզ մարմնավոր բժշկությունների համար, սակայն սիրով էին ընդունում Հիսուսին, որը կարող էր պատճառ դառնալ Նրա խոսքին ևս հավատալու համար:
Սիրելիներ, ամեն քրիստոնյա պետք է հասկանա Աստվածաշունչը, պետք է խորհի, թե ո՞րն է իր պարտականությունը հասկանալու համար Քրիստոսի աննախադեպ նպատակը:
- Մի վախեցեք, Ես եմ արտահայտությունը, քրիստոնյայի կյանքի հուսալի ապավենն է, որ ասում է Աստված, ո՛չ թե որևէ մի իշխանավոր: Մենք բավական դասեր քաղեցինք այսօրվա սերտողությունից մեր կյանքը առավել քրիստոնեական արժեքներին մոտեցնելու առումով: Տեսեք, սիրելիներ, աշակերտները Աստծու հետ էին շրջում, այսինքն Աստծու արքայությունը իրենց հետ էր երեք տարի, բայց իրենք ինչքա՛ն սխալվեցին:
Ավետարանը մեզ հետ է ամեն օր, Աստծու խոսքը մեր ականջին է ամեն օր, ինչքա՛ն ենք սխալվում մենք:
Մեր երբեմնի երևակայական վստահությունը մեր հավատքի վրա, կարող է մեզ ափ չհասցնել անակնկալ փոթորիկի պատճառով, չնայած որ ափը նշմարելի է… Միշտ արթուն լինենք մեր փրկության նավի մեջ, եթե նույնիսկ մեզ թվում է թե փրկության ափը նշմարվում է:
Ավարտեցինք նաև վեցերորդ գլուխը: Փառք Աստծուն Մարկոս ավետարանչի գեղեցիկ ու համառոտ նկարագրությունների համար: Թող Աստված բազմացնի մեր Հանապազօրյա հացն այնպես, որ բավականացնի բոլոր մեզ նոր միացողներին, այնքան ժամանակ, ինչքան որ նախախնամել է Աստված այս հաղորդաշարը:
Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն, և Նրան փառք հավիտյան: Ամեն:
Հարց. Այս սերտողությունից ո՞ր միտքը հա՛տկապես ձեզ դուր եկավ, գրեք մի երկու բառով: