ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 6: 30-44
ՅԻՍՈՒՍ ՀԻՆԳ ՀԱԶԱՐԸ ԿԸ ԿԵՐԱԿՐԷ
30 Առաքեալները Յիսուսին քով ժողվուեցան ու պատմեցին անոր ամէն ինչ որ ըրին եւ ինչ որ սորվեցուցին։ 31 Անիկա ալ ըսաւ անոնց. «Եկէք դուք առանձին անապատ մը եւ քիչ մը հանգչեցէք», քանզի շատեր կու գային ու կ՚երթային եւ հաց ուտելու ալ ժամանակ չէին ձգեր։ 32 Նաւով անապատ մը գացին՝ առանձինն։ 33 Ու ժողովուրդը տեսաւ զանոնք, որ կ՚երթային։ Շատեր զանիկա ճանչցան ու ոտքով բոլոր քաղաքներէն հոն կը վազէին։ Անոնցմէ առաջ հասնելով անոր քով ժողվուեցան։ 34 Յիսուս, երբ դուրս ելաւ, շատ ժողովուրդ տեսնելով խղճաց անոնց վրայ, վասն զի հովիւ չունեցող ոչխարներու պէս էին եւ շատ բաներ սորվեցուց անոնց։
35 Երբ ժամանակը շատ անցաւ, իր աշակերտները իրեն եկան ու ըսին. «Հոս անապատ տեղ մըն է, ժամանակը անցած է։ 36 Արձակէ ժողովուրդը որպէս զի երթան բոլորտիքի ագարակները ու գիւղերը ու իրենց հաց գնեն, վասն զի ուտելու բան մը չունին»։ 37 Բայց անիկա պատասխան տուաւ ու ըսաւ անոնց. «Դուք տուէք ատոնց որ ուտեն»։ Ըսին իրեն. «Երթանք երկու հարիւր դահեկանի հաց գնենք եւ տա՞նք ատոնց որ ուտեն»։ 38 Ըսաւ անոնց. «Քանի՞ նկանակ ունիք, գացէք նայեցէ՛ք»։ Երբ իմացան՝ ըսին. «Հինգ ու երկու ձուկ»։ 39 Հրաման ըրաւ անոնց՝ որ ամէնքը կանանչ խոտին վրայ գունդ գունդ նստեցնեն։ 40 Դաս դաս նստան, հարիւրական, յիսունական։ 41 Հինգ նկանակը ու երկու ձուկը առաւ ու դէպի երկինք նայելով՝ օրհնեց եւ մանրեց նկանակները ու տուաւ իր աշակերտներուն, որպէս զի անոնց առջեւ դնեն ու երկու ձուկը ամենուն ալ բաժնեն։ 42 Ամէնքը կերան ու կշտացան, 43 Եւ տասներկու կողով լեցուն՝ կտորուանք վերցուցին եւ ձուկերէն ալ։ 44 Այն հացերէն ուտողները հինգ հազարի չափ այր մարդիկ էին։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հավատացյալ հոտ. Աստված նախախնամում է մեր յուրաքանչյուր օրը, քանի որ մենք հավաքվում ենք Իր անվան շուրջ և միասին խորհում ենք Իր խոսքերի մեկնաբանության մասին:
Երեկ մեր միտքը ավարտեցինք այնտեղ, որ Հերովդեսը տագնապի մեջ էր և մտահոգություն ուներ, որ իր հրամանով գլխատված Հովհաննես Մկրտիչը հարություն է առել, քանի որ նա լսել էր Հիսուս Քրիստոսի զորավոր գործերի մասին: Ժողովրդի մեջ արագ տարածվել էր Հիսուս Քրիստոսի համբավը, քանի որ Տէրը աշակերտներին էլ ուղարկեց քարոզության, որոնք ապաշխարություն էին քարոզում մարդկանց:
Վերադարձան աշակերտները իրենց քարոզության վայրերից և պատմում էին Հիսուսին իրենց քարոզության արդյունքների մասին: Ավետարանիչն ասում է, որ հաց ուտելու ժամանակ չունեին: իսկ այս խոսքերից կարելի է եզրակացնել, որ նրանց քարոզությունը հաջողությամբ է պսակվել և ժողովրդի արձագանքը բուռն էր եղել, քանի որ բոլոր ժամանակներում, մարդիկ ճշմարտություն լսելու բաղձանք ունեն և բավական է հատնվի մի սուրբ մարդ, որ ճշմարտություն է խոսում Քրիստոսի անունով, ժողովուրդը շրջապատում է նրան; Վարդապետը տեսնելով նրանց ջանքերը և հոգնածությունը առաջարկեց աշակերտներին հանգստանալ մի ամայի վայրում: Ինչո՞ւ ամայի վայրում, քանի որ ժողովուրդը հանգիստ չէ տալիս նրանց, ուր էլ որ լինեին: Տէր Հիսուս ինքն էլ աղոթքի համար մի ամայի վայր էր փնտրում, որպեսզի աղոթի, այսինքն մարդկանց բազմությունից հեռու մի լուռ վայր: Աշակերտներին հանգիստ առնելու առաջարկն էլ օրինակ է մարդկանց համար, որ հանգիստը անհրաժեշտ է մարդկանց, երբեմն ուժ հավաքելու, երբեմն առավել զորանալու համար:
Մինչ նրանք նավակով կհեռանային այդ վայրից, մարդիկ ավելի արագ իրենցից առաջ անցան և հավաքվեցին դարձյալ, ըստ Ավետարանի՝ մոտ հինգ հազար մարդ: Երբ Հիսուս տեսավ այդ բազմությանը, խղճաց, քանի որ նման էին ոչխարների, որոնք հովիվ չունեն: Որքան որ Տէր Հիսուսի համար կարևոր էր իր աշակերտների հանգիստը, նույնքան էլ կարևոր համարեց հավաքված ժողովրդի բազմությունը, որ Իրեն էին փնտրում: Մոռանալով Իր հանգստի մասին, սկսեց ուսուցանել նրանց շատ բաներ: Այս շատ բաների մասին մեզ տեղեկություն չի հասել, թե ի՞նչ սովորեցրեց մարդկանց և շատ ժամանակ այսպիսի հատվածներ կարդալիս ափսոսում ենք, որ մեր Տիրոջ բոլորը խոսքերը չի հասել մեզ: Բայց միևնույն ժամանակ մտածում եմ,- Մի՞թե ինչ որ հասել է, բոլորը պահել ենք սրբությամբ, որ հիմա ափսոսում ենք այն ուսուցման համար, որը չի հասել մեզ:
Շատ ժամեր անցան,- ասում է ավետարանիչը,- երբ աշակերտները Վարդապետին առաջարկեցին ազատ արձակել ժողովրդին, քանի որ ամայի վայր է, և ուտելիք չկա այդ վայրում:
Տէր Հիսուս նրանց ասում է,- դո՛ւք նրանց ուտելու բան տվեք: Ինչպե՞ս: Որտեղի՞ց: Ինչպե՞ս կերակրել այդքան մարդկանց:
Այս պատասխանը հնչում է մինչև մեր օրերը, այսօր ժողովուրդը Աստծու ճշմարիտ խոսքի սով ունի առավել, քան նյութական հացի: Տէր Հիսուս գթաց այդ մարդկանց, որոնք իր հետևից էին գնում: Անշուշտ մարդիկ հացի ակնկալիք չունեին Հիսուսից, երբ հետևում էին Նրան, այլ բժշկություն էին ուզում, ոմանք էլ Նրա խոսքն էին ուզում լսել: Աշակերտները պատրաստ էին գնալ և գնել երկու հարյուր դահեկանի հաց և բաժանել ժողովրդին, սակայն Տէր Հիսուս ասաց գործածեք այն, ինչ ունեք ձեր ձեռքի տակ. Այսինքն դուք ձեր ունեցած քիչը հանձնեք Աստծուն, Աստված բազմապատիկը կվերադարձնի ձեզ: Այսպիսի մի գեղեցիկ օրինակ էլ կարդում ենք, երբ Աստված Մովսեսին հարցնում է,- Ի՞նչ կա քո ձեռքին, Մովսեսը ասում է գավազան: Աստված օգտագործում է Մովսեսի ձեռքի գավազանը Փարավոնի առջև հրաշքներ կատարելու համար:
Աստված մեզնից առավել ոչինչ չի պահանջում, այլ մեր ունեցածը սիրով և հավատով տրամադրել Աստվածային օրհնությանը:
Աշակերտները բերեցին իրենց ունեցած հինգ հացը և երկու ձուկը, Տէր Հիսուս նայեց դեպի երկինք, օրհնեց նկանակները և տվեց աշակերտներին՝ ժողովրդին բաժանելու համար: Տէր Հիսուս գիտեր, որ երկար ժամանակ է, որ ժողովուրդը այդ ամայի վայրում է, և բնական քաղցի պահանջը առաջանալու է, կարող էր արձակել մարդկանց, հատկապես, որ աշակերտներն էլ շատ հոգնած էին, սակայն մենք միշտ պետք է հետևենք և ուշադիր լինենք Հիսուս Քրիստոսի նպատակի վրա: Նա չբացառեց նաև ժողովրդի քաղցը, թեպետ Իր՝ անապատի փորձության ժամանակ սատանային ասաց,- Միայն հացով չի հագենում մարդ, այլ՝ Աստծու ամեն խոսքով: Սակայն այստեղ այդպես չարեց, այլ հոգաց նաև մարդկանց բնական քաղցի պահանջը: Այս օրինակով ցույց տվեց աշակերտներին իրենց հետագա անելիքը, և այն փոխանցվեց մինչև մեր օրերը՝ վերջնական ստանալով Սուրբ պատարագի խորհրդի տեսքը:
Հացի և ձկան քանակի մասին շատ մեկնություններ կան, բայց նրանից ուշագրավ է մեկը, որն ասում է,- Հինգ թիվը խորհրդանշում է Քրիստոսի ստացած հինգ վերքերը իր մարմնի վրա, որոնցից հոսեց արյուն: իսկ երկու թիվը խորհրդանշում է Քրիստոսի երկու բնությունը՝ կատարյալ Աստված և կատարյալ մարդ: Մարդացած Աստված իր թափած արյունով սրբեց համայն մարդկության մեղքը և ապահովեց փրկություն Իրեն հետևողների համար: Աշակերտները վերցրին Հիսուսից հացը և բաժանեցին ներկաներին: Սա շատ գեղեցիկ օրինակ է հոգևորականների և մարդկանց համար: Հոգևորականները Աստծուց պետք է վերցնեն և տան մարդկանց: Իսկ եթե վերցնեն Աստծուց և չտա՛ն մարդկանց, ապա այդ մարդիկ կնմանվեն այն ոչխարներին, որոնք հովիվ չունեն և Տեր Հիսուս գթաց նրանց: Սուրբ Պատարագի ավարտին երբ հոգևորականը վեր բարձրացնելով Սկիհը ասում է,- Ի սրբություն սրբոց: Քրիստոսի մարմինն ու Արյունն է, որ քիչ հետո պիտի բաժանի մարդկանց և մարդիկ սրբությամբ ընդունեն այն և հագենան և սրբությունը չպակասի:
Քրիստոս հացը տալիս է աշակերտներին և աշակերտները՝ ժողովրդին: Այս կարգը պահպանվել է մինչև մեր օրերը, և հոգևորականի ձեռքից ենք ստանում Երկնային Հացը և հոգևորականի շրթներից ենք լսում Քրիստոսի պատգամները: Ավետարանն ասում է,- Կերան և հագեցան բոլորը և տասներկու սակառ լիքը կտորտանք վերցրին, ինչպես նաև ձկներից մնացածները: Փաստորեն ո՛չ թե տնտեսելուց է բավականացնում և ավելանում, այլ՝ առատ բաժանելուց: Այս տասներկու թիվն էլ անկասկած աշակերտների թիվն է, որոնց ստացած գիտելիքն ու շնորհն էլ երբեք չպակասեց և նրանց ո՛չ միայն սակառները միշտ լիքը մնացին ողջ քարոզության ընթացքում, այլ նաև նրանց ուռկանները՝ ձկներով լեցուն եղան: Հիշո՞ւմ եք, երբ մեր Տէրը աշակերտներին ուղարկում էր քարոզության, պատվիրեց հաց չվերցնել իրենց հետ: Աստծու խոսքը տվողի և այդ խոսքը վերցնողի հացը երբեք չի պակասի, երբ մաքուր սրտով է արվում::
Մենք տեսանք, որ աշակերտների կարճ հանգիստը խանգարվեց և ո՛չ միայն չհանգստացան, այլ նաև հինգ հազար մարդ կերակրեցին ու հավաքեցին հացի կտորտանքը: Սա ևս օրինակելի պատգամ է մեզ համար, որ հացի պակաս չունենք և ավելացած հացը թափում ենք: Ո՛չ միայն հացն ենք թափում, այլ այն առատ ուտելիքը, որ գնում ենք առանց հաշվարկի: Մինչդեռ մոտակայքում միշտ կա մեկը, որը ունի դրա կարիքը: Լսեցինք նաև մեր Տիրոջ այս հրաշքի մասին, և հարկ է որ կարևոր վերլուծություն անենք մեր կյաքի իրադարձությունների լույսի ներքո:
Հիմա, մի պահ անդրադառնանք մեզ, որ այսքան հարուստ հոգևոր ժառանգություն ունենալով հանդերձ, ապրում ենք ծայրաստիճան մտավոր աղքատության մեջ: Երկնավոր Ամենակարող Հայր ունենալով հանդերձ, ապրում ենք տնանկ որբի պես՝ ամեն ինչի կարոտ: Մեր մեջ ընդունելով Հիսուս Քրիստոսին, ապրում ենք հեթանոսների պես՝ երկրպագելով ամեն անպետք բան: Երկրպագության առարկան միայն ոսկե հորթը չէ, կամ արձանները, այլ մեր ցանկացած մոլություն՝ մեկական կուռքեր են մեզ համար, որոնք հեռացնում են մեզ Աստծուց;
Հացի բազմացման հրաշքը և հինգ հազարի կերակրումը ինքնանպատակ չէր այնպես, ինչպես որ Ավետարանական ամեն առակ և պատմություն: Ավետարանը գրվել է սերունդներ կրթելու և փրկության ճանապարհին կանգնեցնելու համար: Եթե հացի բազմացման հրաշքը խորհրդանշում է մեր այսօրվա Պատարագը, ուրեմն ո՞ւր է այսօր Պատարագին այն հոծ բազմությունը, որ Հիսուս Քրիստոսին էր փնտրում: Հիսուս Քրիստոս այսօր էլ է գթում մեզ համար, քանի որ Պատարագի բուն խորհուրդը չի հասկանում նույնիսկ Պատարագին մասնակցողը: Բայց մենք Հերովդեսի պես հավատում ենք, որ Հովհաննեսը սուրբ և արդար մարդ էր, սակայն այդ հավատքը չօգնեց նրան, որ ներկաների մոտ հրաժարվեր իր խոստումից, որ տվել էր, չէ՞ որ ներկաներն էին իրեն ենթարկվում, ո՛չ թե ինքը՝ ներկաներին: Ուղղակի նրա հպարտությունը թույլ չտվեց, որ հետևեր գոնե Հիսուս Քրիստոսին, որի համար կարծում էր թե գլխատված Հովհաննեսն է հարություն առել:
Ինչպես մարգարեն է ասում,- Ամեն սիրտ տրտմության մեջ է նաև այսօր: Սակայն մենք տրտնջալուց բացի ուրիշ բան չենք անում: Այսքան օրինակներ մեր աչքի առջև ունենալուց հետո, մենք ո՛չ մի վճռական քայլ չենք անում, որովհետև մեր դիրքը Աստծու նկատմամբ հաստատուն չէ: Մեր հավատքը մեզ չի տանում ինքնամաքրման;
Շատ հաճախ մենք էլ հիվանդ երեխայի հոր պես Աստծուն ասում ենք,- եթե կարո՞ղ ես, մի բանով օգնիր: Մեր այսպիսի հարցին Տէր Հիսուս պատասխանում է,- Ամեն ինչ կարելի է Նրան, ով հավատում է:
Մեր հավատքը բավարար չէ, որ բորոտի պես ասենք,- Տէ՛ր, եթե կամենաս, կմաքրես մեզ: Իսկ Տէրը մեզ պատասխանի,- Կամենո՛ւմ եմ, մաքրվի՛ր:
Ցավը կա, հոգսը կա, փորձությունը կա, սակայն բավարար հավատ չկա, դրա համար մեր տրտունջը շատ է: Երբեմն մեր հպարտությունը թույլ չի տալիս ասելու,- Հավատո՛ւմ եմ, Տէ՛ր օգնի՛ր իմ անհավատությանը,- ինչպես որ ասաց երեխայի հայրը:
Տէր Հիսուս մեզ խոստացավ, որ մեզ հետ կլինի մինչև աշխարհի վախճանը, այսինքն այսօր մեզ հետ է Նա: Ինչո՞ւ ենք ուրեմն մենք այս կյանքով ապրում, երբ Աստված մեզ հետ է: Գիտե՞ք ինչ կասեր այսօր մեզ Աստված: Նո՛ւյնը, ին՛չ որ ասաց իր ժամանակվա սերնդին, թե՝ Ո՛վ անհավատ ու մոլորված սերունդ, մինչև ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ և ձեզ հանդուրժեմ: Ավետարանն ասում է, խնդիրը չլսողինն է: Մենք ամեն ի՛նչ լսում ենք, ամեն ի՛նչ նայում ենք, ամեն որոշում կարդո՛ւմ ենք, բացի Արդարների ժողովի որոշումը երկնքում, քանի որ Ավետարանը ասում է ամբարիշտները չեն դիմանա դատաստանին, ո՛չ էլ մեղավորները կլինեն Արդարների հավաքի մեջ: Նա հրամայեց, և լույս եղավ, պետք չէ, որ մենք համագործակցենք խավարի հետ: Ուշադիր լինենք բոլոր այն հավաքների վրա, որտեղ մենք հավաքվում ենք: Արդյո՞ք Քրիստոսի անունով է, և արդյո՞ք Քրիստոս այդտեղ ներկա է: Սիրելիներ Աստված չունի երկու չափանիշ: Աստված չունի երկու կշեռք: Աստված կողմնապահ չէ: Աստված ընտրեց հրեա ազգին, սակայն չենթարկվելու պատճառով պատժեց: Հաշվի չառավ, որ Մարիամը Մովսեսի քույրն էր, չարախոսության համար բորոտություն տվեց նրան:
Ավարտենք նաև այսօրվա գեղեցիկ սերտողությունը խորհրդավոր հրաշքի մասին, և այն դարձնենք մեզ համար խորհելու թեմա:
Քրիստոսի սերն ու խաղաղությունը թող ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն և Նրան փառք հավիտյան: Ամեն:
Հարց. Ի՞նչ է մեղքի վարձը. գրեք մեկ ցայտուն օրինակ Ավետարանից: