ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 6:14-29
14 Երբ Հերովդէս թագաւորը լսեց, (քանզի անոր անունը յայտնի եղաւ,) ըսաւ. «Յովհաննէս Մկրտիչ մեռելներէն յարութիւն առեր է ու անոր համար հրաշքներ կ՚ըլլան անով»։ 15 Ուրիշներ կ՚ըսէին. «Եղիան է». ուրիշներ ալ կ՚ըսէին. «Մարգարէ մըն է, կամ մարգարէներէն մէկուն պէս»։ 16 Բայց Հերովդէս կրկին ըսաւ. «Ասիկա Յովհաննէսն է, որուն գլուխը ես կտրեցի, մեռելներէն յարութիւն առեր է»։
17 Քանզի Հերովդէս ինք մարդ ղրկեց Յովհաննէսը բռնեց ու կապելով բանտը դրաւ իր եղբօրը Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիային՝ համար, քանզի իրեն կին առեր էր զանիկա։ 18 Վասն զի Յովհաննէս Հերովդէսին կ՚ըսէր. «Քեզի օրինաւոր չէ քու եղբօրդ կինը առնել»։ 19 Հերովդիա ոխ ունէր անոր դէմ ու կ՚ուզէր զանիկա մեռցնել ու չէր կրնար. 20 Վասն զի Հերովդէս կը վախնար Յովհաննէսէն, գիտնալով թէ անիկա արդար եւ սուրբ մարդ մըն է եւ անոր բերանը կը նայէր ու անկէ լսելով՝ շատ բաներ կ՚ընէր եւ քաղցրութեամբ մտիկ կ՚ընէր։ 21 Յարմար օր մը եկաւ՝ երբ Հերովդէս իր ծննդեան օրը՝ ընթրիք կ՚ընէր իր մեծամեծներուն եւ հազարապետներուն ու Գալիլիայի երեւելիներուն հետ։ 22 Հերովդիայի աղջիկը հանդէսին սրահը մտնելով պարեց ու հաճելի եղաւ Հերովդէսին եւ իրեն հետ նստողներուն։ Թագաւորը ըսաւ աղջկան. «Խնդրէ ինծմէ ինչ որ կ՚ուզես ու պիտի տամ քեզի»։ 23 Եւ անոր երդում ըրաւ ըսելով. «Ինչ որ դուն ինծմէ խնդրես, պիտի տամ քեզի, մինչեւ թագաւորութեանս կէսը»։ 24 Աղջիկը դուրս ելլելով՝ իր մօրը հարցուց. «Ի՞նչ ուզեմ»։ Ան ալ ըսաւ. «Յովհաննէս Մկրտչին գլուխը»։ 25 Շուտ մը արտորալով թագաւորին քով մտաւ ու խնդրեց՝ ըսելով. «Կ՚ուզեմ որ շուտով սկուտեղի մը վրայ Յովհաննէս Մկրտչին գլուխը տաս ինծի»։ 26 Թագաւորը խիստ տրտմեցաւ, բայց երդումներուն համար ու իրեն հետ նստողներուն համար չուզեց որ անոր խնդիրքը մերժէ։ 27 Թագաւորը իսկոյն դահիճ մը ղրկեց ու հրաման ըրաւ Յովհաննէսին գլուխը բերել։ Ան ալ գնաց, բանտին մէջ գլխատեց զանիկա 28 Եւ սկուտեղով մը բերաւ անոր գլուխը ու տուաւ աղջկան։ Աղջիկը զանիկա իր մօրը տուաւ։ 29 Յովհաննէսին աշակերտները լսելով՝ եկան անոր մարմինը վերցուցին ու գերեզմանի մէջ դրին։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Նախորդ գլուխն ավարտվեց այն մտքի վրա, որ Տէր Հիսուսն Իր աշակերտներին երկու երկու ուղարկեց քարոզելու, տալով համապատասխան հրահանգներ: Հիսուս Քրիստոսի համբավը տարածվում էր ո՛չ միայն պարզ ժողովրդի մեջ, այլ նաև իշխանական թևերում, քանի որ տարակուսանք և կասկած կար Հիսուսի անձի նկատմամբ, ոմանք ասում էին Եղիան է, քանի որ լսել էին, որ Եղիան մարմնով երկինք է համբարձվել և գալու է դարձյալ ժողովրդին քարոզելու: Ուրիշներ ասում էին մի մարգարե է, կամ մարգարեի նման մի մարդ: Իսկ Հերովդես արքան համոզված էր իր տեսակետի մեջ, որ Հովհաննես Մկրտիչն է հարություն առել մեռելներից և այժմ զորավոր գործեր է անում: Ամեն դեպքում ժողովրդի մի մասի մոտ կասկածներ կար Հիսուսի անձի նկատմամբ և նրանք համենայնդեպս զգում էին, որ սովորական մարդ չէ, ինչպես մյուսները: Սակայն ո՛չ ոք Հիսուսին չէր անվանում Աստծու Որդի կամ Մեսիա: Ոմանք գրքերը չգիտեին, և չէին կարող հաստատ ասել, որ Հիսուս Քրիստոս նույն Մեսիան է, որին սպասում էին; Իսկ նրանք, որոնք գրքերը գիտեին և Հիսուսի բոլոր նշանները համապատասխանում էր իրենց կարդացած մարգարեություններում գրված Մեսիայի նշաններին, նրանք էլ նախանձ էին, և իրենց հեղինակությունը գրքերից վեր դասելով մարդկանց չէին բացատրում ճշմարտությունը: Միշտ էլ ժողովուրդը հոգևոր անգիտությունից սխալվել է:
Եթե այսօր էլ մեր ժողովուրդը Աստվածաշունչ իմանար, նրան հնարավոր չէր լինի տարիներով այս աստիճան խաբել ու ծաղրել: Այսօր էլ Աստվածաշունչը իր իրական շեշտով չի մատուցվում հանրությանը, դրա համար այսքան ճյուղավորում կա մեզանում՝ եկեղեցու շուրջը, աղանդավորական տարբեր անուններով:
Մի պահ անդրադառնանք Հերովդես արքային և տեսնենք, թե ինչո՞ւ է այսքան մտահոգ կասկածում, որ Հովհաննեսը, որին ինքը գլխատել էր տվել, հարություն է առել և զորավոր գործեր է անում: Վախն էր նրան դրդել այս եզրահանգմանը գալու համար: Որովհետև Հերովդեսը գիտեր, որ Հովհաննեսը արդար և սուրբ մարդ էր, և ինքը միշտ ակնածանքով էր լսում նրան և շատ հաճախ նրա խոսքին հետևելով, քաղցրությամբ լսում էր նրան; Իսկ հիմա Հերովդեսը չի կարողանում լռեցնել իր խղճի ձայնը, որն աղաղակում է արդարի արյան համար, քանի որ ինքը արքա լինելով հանդերձ, անսացել էր իր ոխակալ կնոջ խոսքին և հրաման էր արձակել գլխատել Հովհաննեսին, որին ինքը սիրում էր: Հերովդեսի արարքը վայել չէր ո՛չ արքային, ո՛չ տղամարդուն, ո՛չ էլ առավել ևս Հովհաննեսից Աստծու խոսքը լսող մի մարդու: Միթե Հերովդեսը կկամենար հանդիպել ,,հարություն առած Հովհաննեսին,, որը կասկածյալ Հիսուսն էր: Անշուշտ չէր կամենա հանդիպել, այլ՝ իր սարսափից կարող էր հրաման տալ նորից գլխատելու նաև այս մեկին՝ իր անձը փրկելու համար:
Որն էր քահանայապետի պարտականությունը, եթե ոչ ժողովրդի մեջ լուսաբանելու սուրբգրային ճշմարտությունները: Երբ ժամանակի ընթացքում առաջնորդը մոռանում է իր առաքելության մասին և նախնիների գահաթոռին բազմելով միայն իր իշխանությունն է տեսնում, ժողովուրդը մնում է խավարի մեջ և ընդունակ՝ ամեն տեսակ մեղք գործելու:
Սիրելիներ, Աստված Հայր Հակոբի որդիներից՝ Ղևիի սերնդից հատուկ քահանայական դաս պատրաստեց, մարդկանց հոգևոր կարիքները բավարարելու համար, և նրանց երկրից ժառանգություն չտվեց այն պայմանով, որ Հակոբի մյուս զավակների սերունդները պետք է տասանորդ տան և պահեն իրենց քահանաներին, իսկ քահանաները հոգան նրանց ժողովրդի հոգևոր կարիքները: Սակայն ինչպես տեսնում ենք, քահանայապետները միայն տասանորդի տերն էին, իսկ ժողովուրդը խավարի մեջ էր հոգևոր առումով:
Այս Հերովդեսը որ գլխատել տվեց Հովհաննես Մկրտչին, որդին էր Հերովդես մեծի, որը ըստ Մատթևոս առաքյալի արձանագրության սպանել տվեց Երուսաղեմի մանուկներին՝ Հիսուսին փնտրելու պատճառով:
Շատ կարևոր չէ հայր և որդի հերովդեսներին զանազանել, քանի որ երկուսի ձեռագիրն էլ նույնն է անսիրտ սպանության հարցում:
Հերովդես մեծի թագավորությունը բաժանված էր իր երկու որդիների ՝ Հերովդեսի և Փիլիպոսի վրա: Փիլիպոսի կինը՝ Հերովդիան ժամանակին ամուսնացել էր իր ազգական Փիլիպոսի հետ և նաև սիրային կապի մեջ էր իր ամուսնու եղբոր՝ Հերովդեսի հետ: Նախորդ անգամ ձեզ պատմել եմ այս մասին, հիմա թռուցիկ անդրադառնանք գլխավոր կետերին: Հերովդեսի և Հերովդիայի անօրինական ամուսնության մասին բարձրաձայնեց Իսրայելի մարգարե Հովհաննես Մկրտիչը՝ առանց վախենալու և հատկապես առանց մարդահաճություն անելու արքային: Գուցե մեկը հարցնի,- ի՞նչ կարիք կար, որ Հովհաննես Մկրտիչը մտներ նրա անձնական կյանքից ներս և զգուշացներ, որ եղբոր կնոջը առնելը օրինավոր չէ: Չէ՞ որ, Յուրաքանչյուրը իր կատարած մեղքի համար պատասխան կտա Աստծու առջև: Այս հարցը ունի հիմնավոր պատասխան. չէ՞ որ նա արքա է, և դա անում է ցուցադրաբար ի տես մարդկանց և շատ վատ օրինակ է հասարակության համար:Նա չի արել ծածուկ, իր սենյակում թաքնված, այլ հակառակը՝ արհամարհել է հանրության կարծիքը և առավել ևս Մովսեսի օրենքը, որը խստիվ արգելում էր այդ արարքը: Իսկ Հովհաննես Մկրտիչը նախանձախնդիր էր Աստծու խոսքի կատարմանը՝ առավել քան իր կյանքին սպառնացող վտանգը: Հովհաննեսը քաջ գիտեր, որ այդ հանդիմանությունը անհետևանք չի մնալու, բայց միևնույն ժամանակ չէր ուզում որ արքայի վատ օրինակը տարածվի մարդկանց մեջ և նրանք էլ համարեն, որ իրավունք ունեն ուրիշի կնոջը տիրանալու: Առաջնորդի վատ օրինակի պատճառով անտեսվում է Աստծու խոսքը և գայթակղություն է մարդկանց համար:
Այդ պատճառով Հերովդիան թշնամաբար տրամադրվեց Հովհաննեսի նկատմամբ և ամուսնու տարեդարձի տոնակատարություն ժամանակ օգտագործեց աղջկա գեղեցիկ պարը և դրա դիմաց պահանջեց Հովհաննես Մկրտչի գլուխը: Իսկ Հերովդեսը ենթարկվեց իր տված խոստմանը, որ տվել էր Հերովդիայի պարող աղջկան, թե ի՛նչ որ կամենա կստանա՛ պարի դիմաց, նույնիսկ իր թագավորության կեսը: Կինը և աղջիկը նենգաբար օգտագործեցին Հերովդեսի գինովցած և մթագնած գլուխը, նաև՝ տված երդումը և հատուցեցին Հովհաննեսին՝ իր արդարացի նկատողության համար:
Գուցե Հերովդեսը ազատ արձակեր Հովհաննեսին, եթե չլիներ Հերովդիայի ոխակալությունը և գլխատման պահանջը, ընդ որում սկուտե՛ղի վրա: Դրա համար Հերովդեսը հավատում էր, որ Հովհաննեսը Աստծու սուրբ մարդ էր, և հնարավոր էր, որ նա հարություն առներ: Հովհաննես Մկրտիչը կատարեց իր առաքելությունը, հարթեց Հիսուս Քրիստոսի ճանապարհը, նրա աչքերը տեսան Հիսուս Քրիստոսին, մկրտեց Նրան Հորդանանում, և այստեղ ավարտվեց իր անելիքը արքայի հրամանի պատճառով;
Տեսեք, թե ի՞նչ կյանքով են ապրում մարդիկ, և եթե արդար մեկը իրենց նկատողություն անի այդ մասին, կարող է արժանանալ Հովհաննեսի դատապարտությանը:
Իսկ Տէր Հիսուս իմանալով այս բոլոր մանրամասները իր տասներկու աշակերտներին ուղարկում է այս ժողովրդի մեջ, որպեսզի ապաշխարություն քարոզեն, այսինքն մարդիկ պետք է փոխեն իրենց կյանքերը և ապրեն բարոյական կյանքով: Հերովդեսն էլ լսում էր Հովհաննեսին և Ավետարանն ասում է, որ սիրում էր լսել նրան: Սակայն արդարության մասին լսելը չօգնեց Հերովդեսին՝ հրեշավոր հրաման արձակել՝ իր անբարոյականությունը շարունակելու համար: Կինը սառնասրտորեն փափագեց Հովհաննես Մկրտչի գլուխը, դուստրը չզարմացավ մոր պահանջի վրա և կամքը հայտնեց արքային: Արքան չսթափվեց տարօրինակ ցանկություն լսելիս: Դահիճը խոնարհաբար կատարեց թագավորի հրամանը և բանտում գլխատեց մարգարեին և գլուխը սկուտեղի վրա տվեցին աղջկան և աղջիկը տարավ տվեց մորը՝ առանց սարսափի;:
Քրիստոսի աշակերտներ ապրում էին այս միջավայրում, իրենց հայտնի էր այս կենցաղը, և իրենք հանձն առան քարոզել այսպիսի մի միջավայրում: Նույն աշակերտներն էին, որ եկան և վերցրին Հովհաննեսի մարմինը և դրեցին գերեզմանի մեջ, չմտածելով, թե ո՞վ է մեղավոր:
Ո՞վ է մեղավոր այս արարքի համար: Դահիճը պարտավոր էր կատարել իրեն տրված հրամանը: Աղջիկը կատարեց մոր հրամանը, մայրը օգտագործեց Հերովդեսի գինովցած վիճակը և խոստումը՝ որը արքան չի կարող դրժել: Մեղավորը նա՞ էր ով հրաման տվեց գլխատման, մենք չգիտենք, թե ո՛վ էր մեղավոր: Սակայն տեսնում ենք, որ հոգևոր առաջնորդները պատրաստ չէին նման բանակցություններ վարելու Արքայի հետ, և ո՛չ միայն արքայի, քանի որ իշխանություն ունեցող անձը անձեռնմխելի է այդ առումով;
Բայց մենք Հին Կտակարանում կարդում են նմանատիպ մի գեղեցիկ օրինակ Դավիթ մարգարեի մասին, որը սպանել տվեց Ուրիային և ամուսնացավ նրա կնոջ՝ Բերսաբեյի հետ: Նաթան մարգարեն Հովհաննես Մկրտչի պես գնաց և առակ պատմելով հասկացրեց Դավթին իր սխալը: Առակը լսելուց հետո, Դավիթը չի կռահում որ իրեն է վերաբերում առակը և հրամայում է սպանել այդ մարդուն: Իսկ Նաթան մարգարեն ասում է, որ այդ մարդը դո՛ւ ես: Որպեսզի առակի բովանդակությունը ձեզ հասկանալի լինի ձեզ, կպատմեմ ձեզ այդ առակի մասին:
Տէրը Նաթան մարգարէին ուղարկեց Դաւթի մօտ։ Սա, գալով նրա մօտ, ասաց. «Մի քաղաքում երկու մարդ կար. մէկը հարուստ էր, միւսն՝ աղքատ։ Հարուստն ունէր շատ ու շատ հօտեր ու նախիրներ, իսկ աղքատը ոչինչ չունէր, բացի մի փոքրիկ էգ գառնուկից, որը ծախու էր առել ու պահում էր։ Գառնուկը մեծացաւ նրա ու նրա որդիների հետ։ Նա ուտում էր նրա հացից, նրա բաժակից խմում, նրա ծոցում էր քնում. դա կարծես նրա դուստրն էր։ Այդ հարուստ մարդու մօտ մի անցորդ եկաւ։ հարուստը չուզեց իր հօտերից ու արջառներից մի անասուն մորթել, որ հիւրասիրի իր մօտ եկած անցորդին, առաւ աղքատի գառնուկը եւ կերակուր պատրաստեց իր մօտ եկած մարդու համար»։ Դաւիթը խիստ բարկանալով այդ մարդու վրայ՝ ասաց Նաթանին. «Կենդանի է Տէրը. այդ բանն անող մարդը արժանի է մահուան։ Նա այդ գառնուկի համար եօթնապատիկ պէտք է հատուցի այն բանի փոխարէն, որ նա արեց. այսինքն՝ մորթեց ուրիշի միակ գառը»։ Նաթանն ասաց Դաւթին. «Դո՛ւ ես այն մարդը, որ արել է այդ բանը։ Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Ես եմ, որ քեզ թագաւոր օծեցի ամբողջ Իսրայէլի վրայ»։ Ինչո՞ւ Տիրոջ խօսքն անարգեցիր նրա աչքի առաջ չարիք գործելով։ Դու սրով սպանեցիր քետացի Ուրիային եւ նրա կնոջը քեզ կնութեան առար, նրան սպանեցիր ամոնացիների սրով։ Արդ, սուրը յաւիտեանս թող չհեռանայ քո տնից փոխարէնն այն բանի, որ ինձ անարգեցիր եւ քետացի Ուրիայի կնոջը քեզ կնութեան առար։
Ահա այս պատմությունն էլ նման էր Հերովդեսի պատմությանը, մի տարբերությամբ, որ Դավիթը աստվածավախ էր և ապաշխարեց և պատվով ընդունեց հատուցումը, իսկ Հերովդեսը մեղքի վրա մեղք ավելացրեց: Այս օրինակները այսօր էլ հեռու չեն մեր իշխանավորներից: Այսօր էլ լուռ են մերօրյա Նաթան մարգարեները: Նորից պետք է հիշենք, Աստված պահանջելու է Իր Որդու անմեղ արյան գինը՝ պատվիրանը խախտող յուրաքանչյուր անհատից: Այստեղ ավարտենք մեր այսօրվա սերտողությունը և յուրաքանչյուրս մեզ փնտրենք թեմայի հերոսների մեջ՝ շտկվելու համար: Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն և Նրան փառք հավիտյան: Ամեն;
Հարց. Ինչո՞ւ Աստծու պատվիրանը անտեսվում է մեղքի պահին;