ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 6:1-13
ՅԻՍՈՒՍ ՆԱԶԱՐԷԹԻ ՄԷՋ ԿԸ ՄԵՐԺՈՒԻ
1 Անկէ ելլելով գնաց իր երկիրը։ Իր աշակերտները իր ետեւէն գացին։ 2 Երբ շաբաթ օրը հասաւ, սկսաւ ժողովարանին մէջ սորվեցնել։ Շատեր լսելով կը զարմանային ու կ՚ըսէին. «Ասիկա ուրկէ՞ ունի այս բաները եւ այս ի՞նչ իմաստութիւն է ասոր տրուած, որ այսպիսի հրաշքներ կ՚ըլլան ասոր ձեռքով։ 3 Ասիկա հիւսնը չէ՞։ Մարիամին որդին եւ Յակոբոսին ու Յովսէսին եւ Յուդային ու Սիմոնին եղբայրը ու ասոր քոյրերը հոս մեր քով չե՞ն»։ Անոր վրայով կը գայթակղէին։ 4 Բայց Յիսուս ըսաւ անոնց. «Մարգարէ մը ոեւէ տեղ անպատիւ չէ՝ բայց միայն իր երկրին, իր ազգականներուն եւ իր տանը մէջ»։ 5 Ու չէր կրնար հոն հրաշք ընել, միայն քանի մը հիւանդներու վրայ ձեռք դրաւ ու բժշկեց զանոնք։ 6 Ինք անոնց անհաւատութեանը վրայ կը զարմանար ու շրջակայ գիւղերը պտըտելով՝ կը սորվեցնէր։
7 Իրեն կանչեց տասներկուքը ու երկու երկու ղրկեց զանոնք ու անոնց իշխանութիւն տուաւ պիղծ ոգիներուն վրայ 8 Եւ պատուիրեց անոնց՝ որ ճամբու համար բան մը չառնեն, բայց միայն գաւազան մը. ո՛չ պարկ, ո՛չ հաց, ո՛չ ստակ՝ գօտիներուն մէջ. 9 Հապա հողաթափ հագնին. եւ «Կրկին հանդերձ մի՛ հագնիք», ըսաւ։ 10 Ու աւելցուց. «Ո՛ր տուն որ մտնէք, հոն կեցէք մինչեւ անկէ ելլէք։ 11 Անոնք որ ձեզ չեն ընդունիր ու ձեզի մտիկ չեն ըներ, երբ անկէ ելլէք, ոտքերնուդ տակի փոշին թօթուեցէք՝ անոնց վկայութիւն ըլլալու համար։ Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, Սոդոմացիներուն ու Գոմորացիներուն աւելի դիւրին պիտի ըլլայ դատաստանին օրը քան թէ այն քաղաքին»։
12 Անոնք ելլելով, կը քարոզէին որ մարդիկ ապաշխարեն։ 13 Շատ դեւեր կը հանէին ու շատ հիւանդներ իւղով կ՚օծէին ու կը բժշկէին զանոնք։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հայրենակիցներ, հավատացյալ քույրեր և եղբայրներ:
Մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոս ծնվել է Բեթղեհեմում, ապրել է Նազարեթում, սակայն քարոզության համար ընտրել է Կափառնայում կոչվող փոքրիկ գյուղաքաղաքը, որտեղ բնակվում էին իր գրեթե բոլոր աշակերտները, բացի Հուդայից, որը ինչպես էությամբ էր տարբեր, այնպես էլ բնակավայրով,: Այդ բնակավայրի համար ասում են, որ այնքան անշուք և փոքր էր, եթե Հուդայի արարքը չլիներ, ապա Իսկարիոտ կոչվող վայրը կմոռացվեր և հայտնի չէր դառնա: Իսկ Կափառնաում քաղաքի անունը ըստ ավանդության, անմիջական կապ ունի Նավում մարգարեի անվան հետ, որը թաղված է այդ գյուղաքաղաքում և նրա անունով կոչվում Նավումի գյուղ. Ինչքան էլ որ քարոզության վայրերը տարբեր էին, սակայն Տէր Հիսուս կամեցավ գնալ նաև իր բնակավայրը, որտեղ ապրել և դուրս էր եկել այնտեղից: Աշակերտները հետևեցին Նրան, և առաջիկա շաբաթ օրը ժողովարան մտավ և քարոզում էր նրանց համար: Իր համաքաղաքացիները տեսնելով Տէր Հիսուսին և լսելով Նրա խոսքը, զարմանում էին Նրա վարդապետության վրա, և միմյանց հարցնում.- Այս բաները որտեղի՞ց սրան, այս ին՞չ իմաստություն է տրված սրան, որ սա ձեռքով այսքան զորավոր գործեր կատարվեն:
Մարդիկ ճանաչում էին Հիսուսին, որ հյուսնի որդին էր, Մարիամի որդին, և Նրա եղբայրներին ու քույրերին էին ճանաչում, որոնք Հայր Հովսեփի զավակներն են; Հրեական հին աղբյուրները փաստում են, որ այդ բնակավայրը ունեցել է ընդամենը հինգ հարյուր բնակիչ իր փոքրության պատճառով, դրա համար բոլորը միմյանց լավ ճանաչում էին: Նույնիսկ համաքաղաքացիների զարմանքը մեղադրելի չէ, քանի որ Տէր Հիսուս մշտապես քարոզում և ուսուցանում էր այլ վայրերում, իսկ մինչև երեսուն տարեկան հասակը մենք չենք տեսնում ո՛չ մի տեղ, որ Նա քարոզած լինի, այդ պատճառով Իրեն ճանաչողները մտածում էին, որ մեր մեջ մեծացած մեկն է, և ինչպես կարող է մեզ սովորեցնել: Հիսուսին գիտեին որպես հյուսնի որդի, լավագույն դեպքում հոր մասնագիտությունը սովորած հյուսն, բայց ո՛չ որպես վարդապետ: Ավետարանիչն ասում է,- Նրանով գայթակղվում էին տեղի մարդիկ:
Զարմանալի է, որ լսելով Հիսուսի խոսքը հիանում էին մարդիկ, Նրա խոսքերի մեջ իմաստություն տեսնելով, Նրա ձեռքի զորավոր գործերը տեսնում էին, սակայն չէին կարողանում հավատալ, քանի որ ճանաչում են Նրա ազգականներին: Դա խանգարում էր, որ Նրան ընդունեին որպես Մեսիա: Իսկ դա նեղացրեց Հիսուս Քրիստոսին և նա իր բնակավայրում չէր կարողանում որևէ զորավոր գործ անել, բացի մի քանի հիվանդների, որոնց վրա ձեռ դնելով բժշկեց նրանց: Ո՛չ թե Նրա զորությունն էր տկար որ չէր կարողանում զորավոր գործեր անել, այլ մարդիկ անհավատ էին: Այլ վայրերում Տէր Հիսուս զարմանում էր որոշ մարդկանց զորավոր հավատքի վրա, ինչպես ժողովրդապետի, կամ անմաքուր կնոջ, իսկ իր բնակավայրում զարմացավ նրանց անհավատության վրա, ասելով,- Մարգարեն հարգված անձ է, բայց ո՛չ իր գավառում, իր ազգատոհմի և իր տան մեջ: Այսինքն երբ մերկը մարգարե մարդ է, նրան անպայման լսում են քանի որ ճշմարտություն է խոսում, քանի որ լսողները ուշադրություն են դարձնում մարգարեի խոսքի ճշմարտության վրա և արժևորում ենք նրա խոսքը, ո՛չ թե քննում են ազգաբանությունը:
Տէր Հիսուս Քրիստոս երբ բուժում էր դիվահարին, անդամալույծին և այլոց, չէր հարցնում նրանց հավատի մասին, քանի որ հավատալով էին եկել Իր մոտ, այլ հրաշքներ էր կատարում, որպեսզի նրանց հավաքը ամրապնդվի: Մեր պատկերացմամբ, եթե Քրիստոս մնար հարություն տված աղջկա քաղաքում, գուցե բոլորն էլ հավատային և գուցե դառնային իր աշակերտները, բայց Հիսուս հակառակը՝ արգելում էր Իր հրաշքների մասին լուր տարածել: Պատճառը պարզ է: Նա չէր ուզում մարդկանց աչքին հրաշագործ երևալ, այլ՝ կամենում էր որ մարդիկ տիրապետեն Իր վարդապետությունը, ապաշխարեն և ազատվեն իրենց մեղքերից ու ազատվեն ամեն տեսակ հիվանդություններից, որոնց մեջ ապրում էին;
Այսպիսով Տէր Հիսուս թողեց Նազարեթ քաղաքը, որտեղ բոլորը Իրեն ճանաչում էին, և շրջում էր շրջակա գյուղերում և ուսուցանում էր մարդկանց;
Հիսուս Քրիստոս արդեն ընտրել է Իր տասներկու աշակերտներին, և այստեղ տեսնում ենք, որ նրանց զույգ զույգ ուղարկում է քարոզության, տալով նրանց իշխանություն՝ պիղծ ոգիների վրա: Ինչո՞ւ էր Վարդապետը երկու երկու ուղարկում աշակերտներին: Հին Կտակարանից գիտենք, որ մեկ մարդու վկայությունը վավեր չէր, պետք է լիներ երկու կամ երեք մարդ, որպեսզի հավաստի լիներ խոսքը:
Տէր Հիսուս Քրիստոսի բերած մեծագույն հաղթանակն այն էր, որ նա իշխանություն ուներ չար դևերի վրա, քանի որ առաջին չար սատանան հաղթեց մարդուն և իշխանություն ուներ նրա վրա:
Տվեց նաև այլ պատգամներ, որ գավազանից բացի ուրիշ ոչինչ չունենան, նույնիսկ երկու հագուստի կարիք չկա, այլ պարզ հողաթափեր հագնեն և կատարեն իրենց գլխավոր առաքելությունը, որը քարոզելն է:
Նաև զգուշացնում է աշակերտներին, որ կլինեն վայրեր, որ ձեզ չեն ընդունի, և չեն լսի ձրե խոսքը, իսկ դուք ուշադրություն մի՛ դարձրեք այդ բանի վրա: Ուղղակի ձեր ոտքերի փոշին թափ տվեք որպես վկայություն, որ իրենցից նույնիսկ փոշի չի կպել ձեր ոտքերին; Այս հատվածի վերաբերյալ մենք Մատթևոսի Ավետարանից հիշում ենք, թե ինչ ասաց Տէր Հիսուս Քրիստոս այն քաղաքների մասին, որոնք չէին ցանկանալու լսել Աստծու խոսքը: -Ճշմարիտ եմ ասում ձեզ, սոդոմացիների և գոմորացիների համար ավելի հեշտ պիտի լինի դատաստանի օրը, քան այդ քաղաքի համար, որի բնակիչները չեն կամենա լսել Աստծու խոսքը:
Նաև պատվիրում է ևս մի զարմանալի բան, ասելով,- ի՛նչ տուն մտնեք, այնտեղ օթևանեցեք, մինչև որ այնտեղից դուրս գաք: Ինչո՞ւ էր այդպիսի պատգամներ տալիս Տէր Հիսուս Քրիստոս ժողովրդի մեջ մտնելու համար: Որպեսզի աշակերտները արտաքին երևույթների վրա ուշադրություն չդարձնեն:
Փարիսեցիները այլ կերպ էին սովորեցրել մարդկանց: Այսինքն նախ՝ իրենց իշխանությունն ու հեղինակությունը, ապա ուսուցումը: Իսկ Տէր Հիսուսի նպատակն էր, որ մարդիկ զգան ուսուցման կարևորությունը և սեփական անձի հեղինակության անկարևորության տարբերությունը: Այդ պատճառով ո՛չ աշակերտների հեղինակության մասին էր մտահոգ, ո՛չ էլ նրանց հարմարավետության, այլ Նրա նպատակը մարդկանց հոգիներում հեղափոխություն անելն էր: Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ հռոմեական կայսրության տիրապետության ժամանակ, սակայն չպայքարեց նրա դեմ, որովհետև Նրա նպատակը մարդու հոգու առողջությունն էր, ո՛չ թե բարեկեցիկ կյանքը: : Տէր Հիսուս Քրիստոսի վարդապետության գլխավոր գաղտնիքը կայանում է նրանում, որ բոլոր միջոցները պետք է ծառայեն նպատակին, եթե կամենում ենք օգնել մարդուն: Մեր օրերում այս երևույթները անիրականանալի են, անհասկանալի են: Ինչո՞ւ:
Աշակերտները խղճուկ պայմաններում քարոզեցին և արդյունքը գերազանց եղավ, այսօր բոլոր պայմանները գերազանց են, իսկ արդյունքը՝ խղճուկ: Տէր Հիսուս այս պատգամներով աշակերտներին սովորեցնում էր, որ եթե դուք մի լավ բան եք անում, ուրեմն նշանակություն չունի, ձեզ լա՞վ կընդունեն, թե՞ վատ, դուք ձգտեք հասնել նպատակին; Մեր օրերում միջոցի և նպատակի տեղերը փոխված են, դրա համար մենք արդյունք չենք արձանագրում քրիստոնեության ծաղկման հարցում:
Սիրելիներ, եթե ուշադրություն դարձնենք Հիսուս Քրիստոսի քարոզության վայրերի վրա, ապա կտեսնենք, որ Նա չի ընտրել խոշոր քաղաքներ, կենտրոններ, բազմամարդ բնակավայրեր, նույնիսկ Երուսաղեմում մի քանի անգամ է եղել քարոզության նպատակով: Նրա հիմնական ուսուցումները եղել են Գալիլիայի տարբեր շրջաններում և փոքր քաղաքներում և գյուղերում; Ուրեմն ո՞րն էր է գաղտնիքը քրիստոնեության տարածման. Տէր Հիսուս գիտեր, որ ճշմարտությունը ինքնստինքյան տարածվող զորություն է, եթե նույնիսկ փոքր գյուղում խոսես այդ մասին, այն արագ տարածում կունենա աշխարհով մեկ:
Այստեղ ևս մի զարմանալի իրողություն կա: Քրիստոսին չհավատացին իր գավառում, իսկ մի՞թե աշակերտներին պետք է հավատային, որոնց ուղարկում էր: Սա փաստում է այն մասին, որ Տէր Հիսուս չի կարևորում Իր հեղինակությունն ու համբավը, Նրան բավական է միայն, որ Իր ուսուցումը լսեն և հասկանան: Ուսուցման հետ մեկտեղ կարող են լինել նաև բժշկություններ և հրաշքներ:
Դուրս եկան աշակերտները քարոզելու, որպեսզի մարդիկ ապաշխարեն: Աշակերտները նույնպես սկսեցին ապաշխարությունից, ինչից որ սկսեց Հովհաննես Մկրտիչը: Այսինքն ապաշխարությունը հիմքն է բոլոր առաքինությունների, առանց զղջման և մեղքերից ազատման, որևէ առաքինություն անկարելի է ձեռք բերել: Աշակերտները պետք է քարոզեին նախ՝ ապաշխարություն, քանի որ Տէր Հիսուս դեռ չէր փառավորվել խաչելությամբ և Սուրբ հոգին դեռ չէ ուղարկել աշակերտներին:
Ավետարանն ասում է, որ դևեր էին հանում, բազում հիվանդների օծում էին յուղով, և նրանց բուժում: Յուղով օծելու մասին մենք կարդում ենք Հին Կտակարանում, երբ օծում են որևէ մեկի ճակատը՝ Տիրոջ ծառայության կանչելու պարագային: Իսկ հիվանդների պարագային, յուղը քսում էին հիվանդ մասին վրա և առողջանում էր: Օրհնված յուղի գործածությունը ընդունված է նաև մեր եկեղեցում:
Սիրելիներ, ի՞նչ է այսօր մեր սովորելու դասը Մարկոսի Ավետարանի վեցերորդ գլխից:
Տէր Հիսուսի համաքաղաքացիները չհավատացին Նրան, քանի որ իրենց մեջ էր մեծացել, տեսել էին, որ ոչ մի տեղ չի սովորել, հետևաբար որտեղի՞ց պետք է ունենար այ վարդապետությունը:
իսկ մենք այսօր, որ կարդացել ենք այս բոլոր մանրամասների մասին, մի՞թե հավատում եք այնպես, ինչպես որ Տէր Հիսուս կամենում էր որ հավատան Իր ուսուցմանը: Ո՛չ, այդպես չենք հավատում:
Մեր հավատքը նույնպես հիմնված է սնոտիապաշտության վրա, արտաքին ձևապաշտությունների վրա:
Տէր Հիսուս ուղարկեց աշակերտներին և տվեց չափավորության պատգամներ, և աշակերտները լսեցին և ընդունեցին այնպես, ինչպես որ ասել էր իրենց Վարդապետը:
Այսօր, երբ քահանաներ են պատրաստվում քարոզության դաշտ մտնելու համար, նրանցից քանի՞սն են առաջնորդվում չափավորության այս պատգամներով: Եզրակացությունը թողնում եմ ձեզ:
Եթե Հիսուս Քրիստոս զարմացավ Նազարեթի բնակիչների անհավատության վրա, որքան առավել պիտի զարմանա մեր օրերի քրիստոնյաների վրա, որ տեղյակ լինելով հանդերձ լսում ենք, բայց լուրջ չենք մոտենում, կարդում ենք մարգարեությունները, և չենք սարսափում, տեսնում ենք արհավիրքներ և երկյուղ չունենք երկրի տարերքների վրա իշխանություն ունեցողից: Աստված թող ողորմի մեզ, քանի որ բոլորս ներված մեղավորներ ենք, մաքրված բորոտներ ենք, քայլող անդամալույծներ ենք, տեսնող կույրեր ենք, ներված ուրացողներ ենք, և չենք գնահատում մեզ հետ պատահած հրաշքները և մեզ ենք վերագրում մեր ամեն մի հաջողություն: Այս տխուր փաստի վրա ամփոփենք այսօրվա մեր սերտողությունը և խորհենք այդ մասին, քանի դեռ ժամանակ ունենք: Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն, և Նրան փառք Հավիտյան
Հարց. Ի՞նչ պարտականություններ ունեին առաջին տղամարդն ու կինը. ( Պատ. Ծննդ. 1:28)