ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 5: 35 -43
35 Երբ ինք դեռ կը խօսէր, ժողովրդապետին տունէն ոմանք եկան ու ըսին. «Աղջիկդ մեռաւ, ալ ինչո՞ւ վարդապետը կը յոգնեցնես»։ 36 Իսկ Յիսուս ըսուած խօսքը լսելուն պէս ժողովրդապետին ըսաւ. «Մի՛ վախնար, միայն հաւատա»։ 37 Եւ մէկը թող չտուաւ որ իրեն հետ երթայ, միայն Պետրոսն ու Յակոբոսը եւ Յակոբոսին եղբայրը՝ Յովհաննէսը։ 38 Ժողովրդապետին տունը հասնելով՝ տեսաւ սաստիկ լացողներ ու լսեց աղաղակներ։ 39 Ներս մտնելով՝ ըսաւ անոնց. «Ինչո՞ւ խռովեր էք ու կու լաք. մանուկը մեռած չէ, հապա կը քնանայ»։ 40 Ոմանք ծաղր կ՚ընէին զանիկա. բայց ինք ամէնքը դուրս հանելով՝ իրեն հետ առաւ մանուկին հայրն ու մայրը եւ զանոնք որ իրեն հետ էին ու մտաւ հոն՝ ուր մանուկը պառկած էր։ 41 Մանուկին ձեռքէն բռնելով՝ ըսաւ անոր. «Տալի՛թա, կո՛ւմի». որ կը թարգմանուի՝ «Աղջի՛կ, (քեզի կ՚ըսեմ,) ելիր»։ 42 Իսկոյն աղջիկը ոտքի ելաւ ու կը քալէր, վասն զի տասներկու տարեկան էր. տեսնողները շատ ապշեցան։ 43 Յիսուս սաստիկ պատուէր տուաւ անոնց՝ որ մա՛րդ չգիտնայ այս բանը ու ըսաւ, որ անոր ուտելիք տան։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հավատացյալներ, երեկ մեր միտքը ավարտվեց մի շատ կարևոր տեղում, երբ զորավոր հավատքի տեր երկու մարդկանցից մեկի ուրախությունը տեսանք, ակնթարթային բժշկությունից հետո, իսկ մյուսինը՝ չհասցրինք; Սակայն երեկվա դասից մի կարևոր բան սովորեցինք, որ շատերն էին դիպչում Քրիստոսի զգեստներին, սակայն մեկի հավատքը Քրիստոսից զորություն դուրս բերեց: Հրաշքները կարող են ոմանց համար դառնալ հավատքի հիմք, մյուսների համար միայն աչքերի հաճույք, կամ՝ լեզվի համար հաճելի թեմա: Առաջին հրաշքը որ կատարեց Տէր Հիսուս Կանա քաղաքում, ջուրը գինիի դարձնելով, աշակերտները տեսան և հավատեցին: Սակայն Երկու հազար տարի շարունակ մարդիկ Երուսաղեմից Կանայի գինի են բերում, որպեսզի իրենց պսակի խորհրդի գինին Կանայի հրաշքի գինին լինի, սակայն դարձի չեն գալիս և իրենց ամուսնությունը չի հաստատվում հավատքի վրա: Հետևությունները թողնում եմ ձեզ:
Երեկվա սերտողության մեջ երկու գեղեցիկ դեպք կար նկարագրված, որոնց մեջ շատ ուսանելի համեմատություններ կարելի էր անել մեր օրերի հետ: Եթե Քրիստոս չհարցներ, թե ո՞վ դիպավ իրեն, վստահաբար կինը լուռ կհեռանար ուրախացած և առողջացած, ներկաները չէին իմանա այդ հրաշքի մասին, Ավետարանիչները մի բժշկություն պակաս կարձանագրեին և ամենակարևորը մեզ չէ՛ր հասնի կնոջ օրինակելի հավատքը, նրա լավագույն խոստովանությունը, որ արեց Տէր Հիսուսի առջև, Քրիստոսի տված կատարյալ թողությունը նրա հիվանդությանը, այդ կնոջ իրավունքի վերականգնումը և սոցիալական հավասարությունը, անմաքուր կոչվելու խտրականությունը, որի մասին կինը պատմեց Հիսուս Քրիստոսին և չմեղադրվեց Նրա կողմից: Այստեղ հարց է առաջանում. Եթե Քրիստոս չմեղադրեց կնոջ անմաքուր վիճակում իրեն դիպչելու արարքը, ուրեմն ինչո՞ւ այսօր կանայք պետք է զրկվեն Սուրբ Հաղորդությունից իրեն համար հատուկ այդ օրերին: Ես կարծում եմ, որ այս հարցերը պետք է ուշադրության արժանանան և քննարկման դրվեն, որովհետև հավատացյալներից հարցերը շատ շատ են այդ ուղղությամբ, որ իրենց արգելում են Հաղորդություն ստանալ, իսկ որոշները արգելում են նաև եկեղեցի մտնել: Ուրիշ հարց է, հաղորդությանը անարժանորեն մոտենալը, ուրիշ հարց է կնոջը զրկել Հաղորդությունից, որովհետև նա գտնվում է անմաքուր վիճակում; Իսկ ո՞վ կարող է պնդել, որ բոլոր մյուս հաղորդվող կանայք, որոնք այդ խնդիրը չունեն, նրանք սրտով մաքուր են և արժանի են Հաղորդությանը: Չէ որ Աստված սրտերն է քննում:
Նախորդ օրվա հեթանոս դիվահարի բուժումը, երեկվա անմաքուր կոչվող կնոջ բուժումը, Սինագոգի ղեկավարի աղջկա բուժումը մեզ առիթ է տալիս մտածելու, որ Հիսուս Քրիստոս դրանով վերացնում է խտրականությունը մարդկանց միջև: Քրիստոսի համար կարևոր է մարդը: Նույնիսկ ամենաստոր մեղքի մեջ ընկածը մարդ արարածն է, որի համար խաչվեց Քրիստոս: Ուրեմն եթե ֆիզիկական առողջության համար մտահոգվեց մեր Տէրը և բուժեց հեթանոսին ու անմաքուրին, ապա հոգևոր առողջության համար որքան պետք է մտահոգվենք մենք, որ անտեսել ենք մեր հոգին:
Մինչև մեր հոգևոր պատկան մարմինները կմտածեն այս հարցի մասին, մենք տեսնենք, թե ո՞ւր հասավ ժողովրդի բազմությունը, որ գնում էր դեպի Հայրոսի տուն՝ Տիրոջ հետևից ընկած:
Մինչ Տէր Հիսուս դեռ բուժված կնոջն էր օրհնում և արձակում, մարդիկ լուր բերեցին, որ Հայրոսի աղջիկը մեռավ, և այլևս պետք չէ վարդապետին նեղություն տալ: Լսեց այս լուրը նաև Տէր Հիսուս և առաջին արձագանքը որ եղավ, գոտեպնդեց Հայրոսին, որպեսզի հավատքը չտկարանա, և հույսը չկորցնի քանի որ Հայրոսը մեծ հավատքով էր դիմել Վարդապետին: Ի՛նչ տագնապի մեջ էր Հայրոսը, բոլորս գիտենք, սակայն րոպեներ առաջ իր ներկայությամբ մեծ հրաշք էր տեղի ունեցել անմաքուր կնոջ բժշկությամբ, մյուս կողմից Տէր Հիսուս հավաստիացնում է, որ չվախենա, այլ միայն հավատա: Աղջկան կորցնելու վախը սրտում հետևեց Հիսուսին և այն աշակերտներին, որոնք ներկա են գտնվում Հիսուսի բոլոր հրաշքներին;
Ժողովրդի բազմությանը թողեց, Իր հետ վերցնելով երեք աշակերտներին՝ Պետրոսին, Հակոբոսի և Հովհաննեսին և գնացին Հայրոսի տուն: Հիսուս այստեղ հանդիպեց ժողովրդի մեկ ուրիշ բազմության, որոնք լացուկոծի մեջ էին, և աղմուկ- աղաղակ էին անում Հայրոսի դստեր մահվան առիթով: Այս բազմությունը տարբեր էր Քրիստոսին հետևող բազմությունից, որից բաժանվելով եկա Հայրոսի տուն: Տէր Հիսուս մխիթարեց հարազատներին, ասելով,- Ինչո՞ւ եք խռովված, ու լաց եք լինում, մանուկը մեռած չէ, այլ՝ ննջում է; Սա այն պատասխանն է, որ կկամենա լսել յուրաքանչյուր մահամերձ հիվանդի հարազատ՝ իր բժշկի շրթներից:
Ո՞ր մահամերձ մանկան ծնողը չի կամենա լսել այսպիսի հուսադրող խոսք: Իսկ լսողները ծաղրում էին Նրան իր խոսքերի համար, քանի որ նրանք թաղմանը մասնակցելու համար էին եկել Հայրոսի տուն: Հրեական ավանդությամբ մեռածին թաղում էին նույն օրը: հետևաբար ներկաները ավելի շուտ հավատում էին նրա թաղմանը, քան հարությանը:
Անուշադրության մատնեց նրանց ծաղրը, իր հետ վերցնելով Հայրոսին, երեխայի մորը, և երեք աշակերտներին, մտան այնտեղ ուր պառկած էր մանուկը: Բռնելով մանկան ձեռքից ասաց իրեն հատուկ կարճ ոճով,- Աղջի՛կ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց: Ավետարանիչը ասում է աղջիկը ,,իսկույն,, վեր կացավ ու քայլեց: Երեխան տասներլու տարեկան էր: Բոլոր ծաղրողները զարմացան: Տէր Հիսուս պատվիրեց, որ նրան ուտելու բան տան, և այդ պատահածի մասին չպատմեն ոչ ոքի: Դարձյալ պատվիրեց չպատմել ոչ ոքի, որովհետև այս երեխան հրեա համայնքի մեջ էր և հրեաներին պետք չէ պատմել Հիսուսի հրաշքների մասին, նրանք արդեն գիտեին Մեսիայի Գալստյան մասին: Իսկ հեթանոս տղային պատվիրեց, որ գնա ու պատմի ինչ որ արել էր նրա համար: Նաև մեկ այլ իմաստ կարող է ունենալ Տէր Հիսուսի արգելելը իր մասին տեղեկություն տարածելը: Այսինքն բարեգործությունը թող դառնա կյանքի բաղկացուցիչ մաս և բարի գործը գովազդի կարիք չունի: Սովորենք միմյանց օգնել և չբարձրաձայնել, լավություն անել և երես չտալ:
Կյա՛նք պարգևեց մանկանը: Ուրախություն պարգևեց Հայրոսին: Զարմանք պատճառեց ծաղրող ներկաներին: ժամեր առաջ կատարյալ առողջություն պարգևեց անմաքուր կնոջը՝ ազատելով նրան հասարակության մեջ իրավազուրկ լինելուց: Նախորդ օրը կյանք պարգևեց դիվահարի և վերադարձրեց իր ընտանիքին, անդամալույծին քայլել տվեց, բորոտին մաքրեց, չորացած ձեռքը բուժեց և մարդը աշխատունակ դարձավ, ու էլի շատ զորավոր գործեր: Իսկ ի՞նչ կանեին փարիսեցիները Տէր Հիսուսի փոխարեն, երբ մեռած աղջկա հարազատները ծաղրեին իրենց, կամ դիվահարի համաքաղաքացիները իրենց դուրս հրավիրեին իրենց քաղաքից՝ հրաշքը տեսնելուց հետո, կամ՝ մեղադրեին անդամալույծը բուժելու համար և այլն:
Անշուշտ իրենց հեղինակությունը վեր դասելով կհեռանային այդ վայրերից: Սակայն Հիսուս Քրիստոս մանկան կյանքը վեր դասեց իր հեղինակությունից, երբ ծաղրեցին իրեն: Նաև լուռ հեռացավ Գերգեսացիների քաղաքից, որովհետև արդեն կատարել էր գլխավորը՝ բուժել էր դիվահարին:
Ավետարանիչը այս բոլոր իրադարձությունների մեջ գլխավոր շեշտը պահում է հավատքի վրա, ինչպես որ կինը իր մտքում հավատաց, որ բավական է դիպչել միայն հագուստին և կառողջանա: Այստեղ Տէր Հիսուս Հայրոսի հավատքի պատճառով դիպավ մեռած աղջկան և հարություն տվեց նրա մեռած վիճակից:
Ինչո՞ւ միայն երեխայի ծնողներին թույլ տվեց Իր հետ ներս մտնել մահացած երեխայի սենյակ: Քանի որ միայն երեխայի ծնողները կարող էին փակել ծաղր անողների բերանը և վկայել չհավատացողների դիմաց իրենց հարազատ զավակի հարության փաստը: Իսկ երեք աշակերտները նրա համար ներսում էին, որ մենք այսօր տեղյակ լինենք այս բոլոր փրկարար պատմություններից, որ գրի են առել աշակերտները:
Կարդանք ամեն մեկ տողը և գոտեպնդվենք Հիսուս Քրիստոսի խոսքերից, որ ասում է ամեն պարագայում, թե՝ մի՛ վախեցիր, այլ՝ հավատա: Ծովում փոթորիկ է, ասում է մի՛ վախեցիր, այլ՝ հավատա: Մեկի երեխան մահացել է, ասում է մի՛ վախեցիր, այլ հավատա: Ինքը քայլում է ծովի վրայով և աշակերտներին ասում է մի՛ վախեցեք, Ե՛ս եմ: Իսկ մենք ինչքա՞ն ենք վախենում: Ամեն ինչից վախենում ենք, հիվանդությունից վախենում ենք, երկրաշարժից վախենում ենք, մահից վախենում ենք, նույնիսկ աշխատանքը կորցնելուց վախենում ենք: Վախենում ենք, որովհետև մեր ներսում Աստծու արքայությունը չէ, այլ՝ մեղքի արքայությունը, որի հետևանքներից մեկը վախն է: Մեր ամենօրյա աղոթքի խնդրանքն ի՞նչ է, եթե ո՛չ առողջություն խնդրելը, մեր անձի կամ մեկ ուրիշ համար: Մենք շատ հաճախ Աստծուց առողջություն ենք խնդրում, չկամենալով լսել Իր խոսքը: Աղոթք ենք անում, չկամենալով լսել իր պատասխանը: Եթե հանկարծ մի օր Աստված հարցնի,- ինչո՞ւ ես ուզում բուժվել: Ի՞նչ կպատասխանենք մենք: Եթե բուժվելու ենք և դարձյալ մեղավոր կյանքով ապրենք, ապա ո՞ւմ է պետք մեր բուժումը: Իսկ եթե մենք ազատվենք մեր ներքին Եգիպտոսից, ապա կազատվենք վախից, ու չենք վախենա մահից: Մեղքի բանալին է բացում մահվան դուռը: Իսրայելացիները ինչո՞ւ էին ուզում նորից հետ գնալ Եգիպտոս, որովհետև հաճելի է մեղքի կյանքը և նախկին վիճակը:
Սիրելիներ մենք չգիտենք Աստծու նախախնամությունը մեր կյանքի մեջ ինչպես է գործում, քանի որ մենք չունենք մաքուր սիրտ, որպեսզի տեսնենք Աստծու գործերը մեր կյանքերի մեջ: Սակայն Ավետարանի ուսուցումը մեզ բացում է գաղտնիքը, որով մենք հասկանում ենք Աստծու գործելաոճը, նպատակը, պահանջ մեզնից և Իր խոստումը մեզ:
Մարկոսի Ավետարանի հինգերորդ գլխի մեջ մենք հանդիպեցինք երեք զորավոր բժշկություններ, երեքի դեպքում էլ ենթակաները ծնկի եկան Հիսուսի ոտքերի առջև և երկրպագեցին Նրան, նույնիսկ հեթանոս դիվահարը, որի մեջ բազում դևեր կար: Նրանք էլ վախենում էին մահից:
«Մի՛ վախեցիր», ասում է Աստված, և հիմնավորում է Իր հորդորը չորս կարևոր փաստերով:
Առաջին կարևոր փաստը, որ բերում է հիմնավորելու համար Իր ասածը, այս է. «Մի՛ վախեցիր, ես եմ Սկիզբը եւ Վախճանը»: Այսինքն մեր կյանքը գտնվում է այդ սկզբի և վախճանի արանքում, ուրեմն Ինքն է Տէրը մեզ հետ պատահած ամեն վախ պատճառող երևույթի: Հետևաբար երբ մենք Աստծուն ունենանք մեր գլխավերևում, ապա ամեն տեսակ վախ կվերանա:
Երկրորդ փաստը, որով հիմնավորում է իր ասածը. այս է.
«Մի՛ վախեցիր, Ես եմ կեանքը»: Մենք ինչից ենք վախենում, իհարկե մեր կյանքին մահ բերող վտանգից: Ինչից էլ որ վախենանք, դրա ավարտը մահի պատկերացումն է: Այսինքն մահն է մեզ համար վախի հիմնական պատճառը: Հետևաբար երբ մենք Աստծուն ունենանք մեր կյանքում, Որը հենց Կյանքն է, ապա ամեն տեսակ վախ կվերանա:
Երրորդ փաստը, որ բերում է Աստված, հիմնավորելու և ցրելու վախի բոլոր տարատեսակները, այս է.
«Մի՛ վախեցիր, ես եմ, որ մեռայ. եւ ահավասիկ կենդանի եմ յաւիտեանս յաւիտենից»: Աստված մեռավ և կենդանացավ քեզ համար, որպեսզի դու այդ օրինակը ունենաս քո աչքի առջև, և երբեք չվախենաս մահից, որովհետև մահով չի ավարտվում կյանքը, այլ սկսվում է անմահությունը հավիտենական: :
Չորրորդ և շատ կարևոր փաստը, որով սահմանափակում է Իր հավաստիացումները, այս է. «Եւ ունեմ մահուան ու դժոխքի փականքները»։ Մեր հիմնական վախերի փականքները Տիրոջ ձեռքում է: Մենք վախենում ենք մահից և Աստված չկամենա դժոխք ընկնելուց: Հետևաբար երբ մենք Աստծուն ունենանք մեր գլխավերևում, Որը Կյանքն է, ապա ամեն տեսակ վախ կվերանա:
Այսօր ավարտեցինք հինգերորդ գլուխը, Աստված կամենա, վաղը կշարունակենք վեցերորդ գլխի սերտողությունը: Քրիստոսի սերն ու խաղաղությունը թող ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն, և Նրան փառք հավիտյան. Ամեն.
Հարց. Ինչո՞ւ Քրիստոս անտեսեց իրեն ծաղրողներին.