ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 5: 1-20
ՅԻՍՈՒՍ ԴԻՒԱՀԱՐԸ ԿԸ ԲԺՇԿԷ
1 Գացին ծովուն անդիի կողմը՝ Գադարացիներուն երկիրը։ 2 Երբ ինք նաւէն ելաւ, գերեզմաններէն ելած մարդ մը պատահեցաւ իրեն, որ պիղծ ոգի ունէր, 3Որուն բնակած տեղն ալ գերեզմաններուն մէջ էր ու շղթայով ալ մէկը չէր կրնար զանիկա կապել, 4 Որովհետեւ շատ անգամ ոտնակապերով եւ շղթաներով կապուեր էր, բայց անիկա շղթաները կտրեր ու ոտնակապերը կոտրտեր էր եւ մէ՛կը չէր կրնար զանիկա նուաճել։ 5 Միշտ գիշեր ու ցորեկ գերեզմաններուն ու լեռներուն մէջ կը կանչուըռտէր ու իր մարմինը քարերով կը ճեղքռտէր։ 6 Երբ հեռուէն Յիսուսը տեսաւ, վազեց ու երկրպագութիւն ըրաւ անոր 7 Եւ մեծ ձայնով մը աղաղակեց ու ըսաւ. «Դուն ինծի հետ ի՞նչ բան ունիս, Յիսո՛ւս, Որդի Բարձրեալ Աստուծոյ, քեզ Աստուծմով կ՚երդմնցնեմ, զիս մի՛ տանջեր»։ 8(Քանզի կ՚ըսէր անոր. ‘Պի՛ղծ ոգի, ելիր այդ մարդէն’։) 9 Յիսուս անոր հարցուց. «Անունդ ի՞նչ է»։ Ան ալ ըսաւ. «Իմ անունս Լէգէոն է, վասն զի շատուոր ենք»։ 10Եւ շատ կ՚աղաչէին անոր՝ որ զիրենք այն երկրէն դուրս չղրկէ։ 11 Հոն լերանը մօտ խոզերու մեծ երամակ մը կար՝ որ կ՚արածէին։ 12 Բոլոր դեւերը աղաչեցին անոր ու ըսին. «Մեզ խոզերուն ղրկէ, որպէս զի անոնց մէջ մտնենք»։ 13 Յիսուս հրաման տուաւ անոնց։ Երբ պիղծ ոգիները ելան, խոզերուն մէջ մտան եւ երամակը գահավէժ տեղէն ծովը վազեց, (երկու հազարի չափ կային,) ու ծովուն մէջ խեղդուեցան։ 14 Խոզարածները փախան ու պատմեցին՝ քաղաքը ու ագարակները եւ մարդիկ եկան տեսնելու՝ թէ ի՛նչ է եղած։ 15 Եկան Յիսուսի քով, տեսան դիւահարը, որ լէգէոն ունէր, որ հագուած ու խելքը վրան եկած նստեր էր ու վախցան։ 16 Անոնք որ տեսեր էին, պատմեցին անոնց թէ ի՞նչ եղաւ դիւահարին, նաեւ խոզերուն։ 17 Անոնք ալ աղաչեցին Յիսուսին, որպէս զի իրենց սահմաններէն երթայ։ 18 Երբ անիկա նաւը մտաւ, դիւահարը կ՚աղաչէր անոր՝ որ անոր հետ երթայ, 19 Բայց Յիսուս թող չտուաւ, հապա ըսաւ անոր. «Գնա քու տունդ, քու ընտանիքիդ ու պատմէ թէ Տէրը ինչպէս ողորմեցաւ քեզի»։ 20 Ան ալ գնաց եւ սկսաւ Դեկապոլիսի մէջ պատմել ինչ որ Յիսուս իրեն ըրաւ։ Ամէնքը կը զարմանային։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Այսօր սկսում ենք Մարկոսի Ավետարանի հինգերորդ գլուխը, և շարունակենք մեր երեկվա միտքը, որն ավարտվեց այնտեղ, երբ Տէր Հիսուս խաղաղեցրեց ծովը, որից աշակերտները շատ էին վախեցել: Այսօր կհանդիպենք մեկ ուրիշ պատկերի, որտեղ ավետարանիչը շատ հանգամանալից նկարագրում է մի դիվահարված մարդու կյանք, որը տառապում էր պիղծ ոգիների ազդեցությունից: Ինչո՞ւ Հիսուս եկավ գերգեսացիների երկիրը: Այն հեթանոսական շրջան էր, հեթանոսական սովորություններով, և ո՛չ մի հրեա չկար այնտեղ, այլ տարբեր ազգերի մարդիկ էին, և հեռու Աստծու օրենքից ու պատգամից. Երբ նավակից դուրս եկավ, Նրա դիմաց դուրս եկավ մի մարդ, որը գերեզմանում էր բնակվում, դիվահարված լինելու պատճառով: Պիղծ ոգիների ազդեցությունը այդ մարդու վրա այնքան զորավոր էր, որ նրան նույնիսկ շղթաներով կապելն անհնար էր, քանի որ կոտրում էր բոլոր շղթաներն ու ոտնակապերը: Ո՛չ ոք այս դիվահարին չէր մոտենում, որովհետև նա միշտ գերեզմանում էր կամ լեռներում, և քարերով հարվածում էր իրեն: Այս մարդը սարսափ էր տեղի բնակիչների համար, իր արարքով: Ավետարանիչն ասում է, երբ նա Հիսուսին տեսավ, առաջ վազեց և երկրպագեց, և հարցրեց Հիսուսին,- Ի՞նչ ես ուզում ինձնից, Հիսուս, Բարձրյալ Աստծու Որդի, ինձ մի՛ տանջիր:
Հիմա կարելի է հասկանալ, թե ինչո՞ւ Հիսուս թողեց ժողովրդի բազմությունը ծովի այն կողմում, անցավ ծովի մյուս ափը՝ հաղթահարելով փոթորկած ծովը, որպեսզի ազատագրի այս շրջանը պիղծ դևերից, չնայած որ հեթանոսական գյուղ էր: Դևերի բազմությունը մտել էր այս մարդու մեջ և նրան զրկել էր մարդուն բնորոշ հատկություններից: Շրջակայքում արածում էր խոզերի մեծ երամակ, մենք գիտենք, որ խոզը համարվում է անմաքուր կենդանի հրեաների համար, իսկ դա փաստում է, որ այդ գյուղում հրեա չի ապրում, քանի որ նրանք խոզապահությամբ չեն զբաղվում:
Տէր Հիսուս հրամայում է, որ պիղծ ոգին դուրս գա մարդուց, և հարցնում է նրա անունը: Պիղծ ոգին պատասխանում է մարդու բերանով և ասում, որ իր անունը Լեգէոն է, քանի որ բազում են: Լեգէոն է կոչվում նաև հռոմեական վեց հազարանոց զորախումբը: Դևերը հասկացան Աստծու Որդու մտադրությունը և աղաչեցին, որ Քրիստոս իրենց ուղարկի մոտակայքում արածող խոզերի մեջ: Փաստորեն դևերը առանց մարմնի չեն կամենում ապրել, եթե մարդու միջից հալածվեցին, ուրեմն թող գոնե խոզերի մեջ մտնեն; Նաև անհասկանալի է խոզերի պահվածքը՝ դևերին ընդունելուց հետո: Քանի որ խոզերը արածում էին մինչև դևերի իրենց մեջ մտնելը, ինչո՞ւ որոշեցին ինքնասպան լինել՝ ջուրը լցվելով; Բայց որ մի ամբողջ խոզերի երամակ վերացավ դևերի հետ միասին, փաստ էր:
Հիսուս հրամայեց, և պիղծ ոգիները ելան ու մտան խոզերի մեջ, և խոզերի երամակը գնաց ծովը լցվեց ու խեղդվեց: Այսինքն՝ անմաքուրները միշտ ձգտում են անմաքուրներին; Երբեմն մենք մեկի անշնորհք արարքը անվանում ենք խոզություն, բայց մենք տեսնում ենք որ նույնիսկ խոզերը չդիմացան դևերի զորավոր ուժին: Դրա համար էլ դիվահարը այդ կյանքով էր ապրում՝ տնից հեռու, գերեզմանի մեջ անբնական ուժով:
Եթե հիշում եք, ես ձեզ պատմել եմ, որ արքայի աղջկա միջից դևը հանելու ժամանակ իրենց տան ողջ սպասքը կոտրվեց մեծ աղմուկով, այսինքն երբ դևը դուրս է գալիս մարդու միջից, շուրջը մի մեծ վնաս պետք է լինի, որպեսզի հաստատվի, որ դևը դուրս է եկել: Այս մարդու պարագայում թվով երկու հազար խոզեր ջուրը լցվեցին և մեծ վնաս եղավ այդ գյուղին:
Այս դեպքը համարվում է ծայրահեղ վտանգավոր ինչպես դիվահարվածի, այնպես էլ շրջապատի համար: Եթե անդամալույծին Տէր Հիսուս Քրիստոս արձակեց մեղքերից՝ բերողների հավատի համար, ապա այս դիվահարի համար ո՛չ աղոթք արեց, ո՛չ մեղքերը ներեց, ո՛չ զղջում և ապաշխարություն առաջարկեց, այլ՝ միայն հրամայեց և դևերը դուրս ելան:
Երբ խոզերը ծովը լցվեցին, խոզարածները փախան քաղաք պատմելու համար պատահածի մասին, քանի որ նրանց էր հանձնված խոզերի պահպանությունը և նրանք էին պատասխանատու այդ կորստի համար: Բայց այդ գյուղում շատ կարևոր իրադարձություն էր տեղի ունեցել, բուժվել էր ողջ գյուղի համար սարսափ ներկայացնող մի դիվահար: Երբ գյուղերից եկան մարդիկ, տեսան, դիվահարին հագնված և զգաստացած, վախեցան: Հավանաբար նրանք վախեցան ո՛չ թե բուժված դիվահարից, այլ Հիսուս Քրիստոսի զորությունից: Ներկաները քաղաքի եկվորներին պատմում էին իրենց տեսածը, ինչ որ պատահել էր: Տեղի բնակչությունը խնդրում էր որ Հիսուս հեռանա իրենց շրջանից ու իրենց սահմաններից, քանի որ տեսան առողջացած դիվահարին, սակայն տեսան նաև իրենց գյուղին հասած երկու հազար խոզերի կորուստը: Տեր Հիսուս այլ տեղերում երբ բժշկության հրաշք էր կատարում բազմության մեջ և մարդիկ տեսնում էին հրաշքը, խնդրում էին, որ Հիսուս մնա իրենց քաղաքում; Իսկ այստեղ տեսան հրաշքը և խնդրեցին որ հեռանա իրենց շրջանից: Խոզերի կորուստը ավելի թանկ գնահատեցին, քան դիվահարի առողջացումը, կամ Հիսուս Քրիստոսի ներկայությունը: Կամ էլ գուցե վախեցան հետագա նմանատիպ երևույթներից, քանի որ այս մարդիկ Աստծուց հեռու էին իրենց կենցաղով և վախեցա իրենց տնտեսությանը վնաս հասնելու համար:
Զարմանալի փաստ է արձանագրել Մարկոսը, Դիվահարի վերաբերյալ: Մենի իմացանք, որ դիվահարը ապրում էր գերեզմանում՝ այսինքն քարայրներում, որտեղ իրենց գերեզմաններ էին: Ապրում էր վայրի կյանքով, տնից հեռու: Իսկ բուժվելուց հետո նա խնդրում է Քրիստոսին, որպեսզի միանա Նրան, սակայն Հիսուս թույլ չտվեց; Զարմանալի է, որ դիվահարը բուժվելուց հետո չկամեցավ տուն գնալ հարազատների մոտ, այլ կամեցավ հետևել Հիսուսին: Այդպես է նաև այն հավատացյալի համար, որը հանկարծ ճշմարտապես ճանաչում է Հիսուս Քրիստոսին և այլևս չի ուզում նրանից բաժանվել որևէ պատճառով:
Բայց Տէր Հիսուս պատվիրեց, որ նա տուն գնա և պատմի նրանց այն ամենը, ինչ որ պատահեց իր հետ և ինչ որ Տէրը արեց նրա համար: Բորոտին արգելեց, որ պատմի Իր մասին, սակայն սրան ասում է գնա պատմիր այն ամենը ինչ որ տեսար և ինչ որ Տէրը արեց քեզ համար: Երբ Տէր Հիսուս հրեաների մեջ էր քարոզում, արգելեց որ պիղծ դևը դավանի Իր Աստծու Որդի լինելը, քանի որ հրեաները գիտեին Մեսիայի գալու մասին, ուղղակի պետք էր խոնարհություն ունենային և ընդունեին Նրան: Իսկ այս շրջանները հեթանոսական գյուղեր էին, և հեթանոսներին կարող է հեթանոսը պատմել իր հետ կատարված հրաշքի մասին:
Գնաց բուժված դիվահարը և պատմում էր Դեկապոլսում՝ բոլորին այդ հրաշքի մասին: Գիտե՞ք ինչու Հիսուս չկամեցավ, որ բուժված մարդը հետևեր իրեն: Որովհետև այս մարդը իր առողջ տեսքով դարձավ մի առաքյալ հեթանոսների մեջ և նրա խոսքը շատ ազդեցիկ պետք է լիներ լսողների համար, քանի որ Տէր Հիսուս իր աշակերտներին չէր ուղարկում քարոզելու հեթանոսական շրջաններում: Այս մարդը իր վրա զգացել էր բազում դևերի զորությունը և տառապանքը, իսկ հիմա զգաց Քրիստոսի զորությունը և ազատագրումը: Այս մարդուն ո՛չ մի գիրք պետք չէր, որ կարդար, նա կարող էր օրերով խոսել իր հետ պատահածի մասին: Հիշո՞ւմ եք, ի՛նչ պատահեց Պողոս առաքյալի հետ, երբ Քրիստոսի լույսը տեսավ ու կուրացավ: Պողոս առաքյալն էլ իր վրա զգացել էլ քրիստոնյաներին հալածողի զորությունը և որից հետո տեսավ Քրիստոսի փրկարար լույսը, որից իր աչքերը կուրացավ առժամանակ: Պողոս առաքյալը դարձավ ընտրյալ քարոզիչ Քրիստոս քարոզելու համար:
Կարդացինք և լսեցինք դիվահարի այս պատմությունը, որ պատահել էր դարեր առաջ, սակայն հեռու չէ նաև մեզնից այսօ՛ր: Ուղղակի մենք ժամանակակից բժշկության լեզվով այլ անուններ ենք տալիս այսօրվա դիվային նկարագիր ունեցող մարդկանց: Աստվածաշունչը մեզ հստակ բացատրում է, որ ցանկացած մեղքի տերը պիղծ ոգին է, յուրաքանչյուր մեղքի հետևում կանգնած է պիղծ ոգին; Երբ Տէր Հիսուս կամեցավ հանել դիվահարից պիղծ ոգին, նա խնդրեց, որ իրենց այդ շրջաններից դուրս չուղարկի: Ինչո՞ւ էին ուզում դևերը մնալ այդ շրջաններում: Վերևում ասեցինք, որ դրանք հեթանոսական շրջաններ են և դևերի համար առավել հետ է իշխել Աստծուց հեռու մարդկանց վրա: Աստված թույլ տվեց, որ նրանք մտնեն խոզերի մեջ, իմանալով որ խոզերն էլ ոչնչանալու դևերի հետ միասին: Այդ մարդու մեջ եղած դևերի քանակը կործանեց երկու հազար խոզ:
Այստեղ ևս մի կարևոր փաստ արձանագրենք: Դևը երկրպագում է Քրիստոսին, որովհետև ճանաչում է, նախորդ անգամ խոսեցի ձեզ այդ մասին, որ մինչև մեղանչելը նրանք հրեշտակներ են եղել և երկրպագել են Հիսուս Քրիստոսի: Հետևաբար Հիսուս Քրիստոս իշխանություն ունի դևերին ուղղորդելու ուր որ կամենա: Ի՞նչ է մեր անելիքը այստեղ: Աստված իր պատվիրաններով մեզ համար ցանկապատ է պատրաստել, որպեսզի զերծ մնանք պիղծ ոգիներից,իսկ մենք անվերջ կոտրում ենք պատվիրանների ցանկապատը և պիղծ ոգին դիմավորում է մեզ, և մենք այդ պահին չենք զգում, քանի որ տարված ենք մեզ համար հաճելի մի բանով, ինչի համար խախտել ենք այս կամ այն պատվիրանը:
Ավետարանն ասում է դիվահարը այնքան ուժեղ էր, որ ոչ ոք չէր կարողանում նրան կապել շղթաներով: Այս մարդը ուժեղ էր բոլորից, և դժբախտ էր բոլորից: Ո՞ւմ է պետք նրա ուժը, երբ իրենից սարսափում ենք որպես դիվահար: մենք չգիտեն, թե այս դիվահարին ինչ մեղքի համար էին իշխում դևերը, սակայն շատ լավ գիտենք մերօրյա էքստրասենս կախարդներին, որոնք համագործակցում են չար ուժերի հետ, իբրև օգնում են մարդկանց՝ խաբելով, իսկ իրենք դժբախտ են բոլորից:
Ի՞նչ է դիվահարությունը: Երբ մարդը ինքնակամ հարատևում է մեղքի մեջ և չի ուզում ազատվել դրանից, քանի որ սիրում է այդ մեղքը, պիղծ ոգիները նրան պահում են կախման մեջ՝ մինչև կործանում: Ավետարանիչն ասում է այդ դիվահարը քարերով իրեն հարվածում էր: Անշուշտ այս արարքը կատարում էր դևերի դրդմամբ և թույլ չէր տալիս, որ մարդիկ իրեն օգնեն, նույնիսկ Քրիստոսին ասում էր մի հալածիր ինձ; Դևը մարդու միջից դուրս գալը իր համար հալածանք էր համարում, մինչդեռ մարդու համար դա ազատագրում էր տանջանքից: Բոլորդ էլ հանդիպել եք հարբեցողի, թմրամոլի, որոնք չեն կամենում, որ մարդիկ իրենց օգնեն, քանի որ պիղծ ոգին դա որպես հարմարավետություն է ներկայացնում նրանց: Դիվահարի մասին այսքան հանգամանալից խոսելուց հետո, մեզ ուրիշ բան չի մնում անելու, բացի նրանց, որ ապրենք հիսուս Քրիստոսի հետ՝ մտքով ու սրտով, որպեսզի ո՛չ մի պիղծ ոգի իրավունք չունենա մեզ մոտենալու: Իմաստուն խոսքն ասում է, չարի մտքի մեջ միշտ մի մտահոգություն կա հավատացյալ մարդու հանդեպ, նա մտածում է,- Սս քեզ գետին կտապալեի, եթե քեզ հետ չլինե՛ր Քրիստոս: Սիրելիներ ավարտենք մեր սերտողության այսօրվա բաժինը, և սպառազինվենք Աստծու խոսքի զորավոր զենքով, որը և պաշտպանվելու համար է օգտակար և հարձակվելու: Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն, և Նրան փառք հավիտյան:
Հարց. Ինչո՞ւ Քրիստոս այս բուժված մարդուն չդարձրեց աշակերտ: