ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 4: 35-41
ՅԻՍՈՒՍ ՓՈԹՈՐԻԿԸ ԿԸ ԽԱՂԱՂԵՑՆԷ
35 Նոյն օրը երբ իրիկուն եղաւ, ըսաւ աշակերտներուն. «Եկէք ծովուն անդիի կողմը անցնինք»։ 36 Անոնք ալ ժողովուրդը արձակելով՝ առին զինք, որ արդէն նաւուն մէջ էր. եւ ուրիշ նաւակներ ալ կային անոր հետ։ 37 Մեծ փոթորիկ մը ելաւ եւ ալիքները նաւուն վրայ կու գային, այնպէս որ գրեթէ նաւը կը լեցուէր։ 38Ինք նաւուն ետեւի կողմը բարձի վրայ կը քնանար. արթնցուցին զանիկա եւ ըսին անոր. «Վա՛րդապետ, հոգդ չէ՞ որ կը կորսուինք»։ 39 Ու ելլելով՝ սաստեց հովին եւ ծովուն ըսաւ. «Դադարէ՛, լո՛ւռ կեցիր»։ Հովը դադարեցաւ եւ մեծ խաղաղութիւն եղաւ։ 40 Ըսաւ անոնց. «Ինչո՞ւ այդպէս վախկոտ էք, ի՞նչպէս կ՚ըլլայ որ հաւատք չունիք»։ 41 Անոնք խիստ վախցան ու ըսին իրարու. «Արդեօք ո՞վ է ասիկա, որ հովն ու ծովը ասոր կը հնազանդին»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Աստված մեզ տվել է խիղճ, բանականություն և իր խոսքը: Կարծես մի պահ հեռվից հսկում է, թե ինչպե՞ս կվարվի մարդ արարածը այդ ընտիր գանձերի հետ: Արդյո՞ք կթաքցնի հողի մեջ, թե լումայափոխների մոտ կտանի և կավելացնի; Ինչպես որ երեկվա առակի մեջ ասում էր, թե ինչպես է հողը ինքն իրենից բերք տալիս: Ուրեմն մեր բանականությունն ու խիղճը ներդնենք Աստծու խոսքը կիրառելու մեջ, քանի որ երեկ սովորեցինք, որ մեր կյանքում ոչինչ չի մնալու գաղտնիք, որ չբացահայտվի Աստվածաշնչի լույսի տակ և Աստվածաշնչի մեջ գաղտնիք չի մնալու ո՛չ մի միտք, որ չհասնի փնտրողին: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպե՛ս ենք լսում; Չլինենք փարիսեցու պես, որ ասում է Աստծուն՝,- շնորհակալ եմ քեզ Տէր, որ ես նրանց նման չեմ: Կարծես թե Աստված նրանց վատ է ստեղծել իսկ իրեն՝ լավ; Բոլորս Աստծու առջև հավասար ենք, քանի որ բոլորս ենք տկար հավատքի և պատվիրանապահության մեջ: Երեկվա սերտողության մեջ տեսանք, որ ժողովրդի հոսքը Քրիստոսի մոտ չի դադարում, սակայն երբ երեկո եղավ աշակերտներին հորդորեց ծովի մյուս կողմն անցնել: Խոսքը Գալիլիայի ծովի մասին է; Թողեց այդտեղ ժողովրդին և նավակներ նստելով շարժվեցին դեպի ծովի մյուս ափը: Աշակերտները հիացած իրենց Վարդապետի կատարածները տեսնելով, վստահ նավակներ պատրաստեցին և ծովը մտան առանց վախենալու, քանի որ իրենց հետ էր իրենց վարդապետը, թեպետ աշակերտներին որպես փորձառու ձկնորսներ, հայտնի պետք է լիներ Գալիլիայի ծովի հաճախակի բարձրացող հողմամրրիկները, իսկ այս անգամ ծով դուրս եկան գիշերով, որն առավել վտանգավոր էր:
Մարկոսը իր ոճի համաձայն կարճ նկարագրում է, որ հողմամրրիկը բարձրացավ այնպես, որ ալիքները նավակի մեջ էին լցվում: Իսկ Վարդապետը բարձի վրա ննջում էր:
Վարդապետը կարող էր ննջել երկու պատճառով, նա՛խ, որ հոգնած էր ժողովրդի հոծ բազմությանը բժշկելուց և ուսուցանելու հետո, երկրորդը գուցե կամենար ստուգել աշակերտների հավատքը՝ փոթորիկի փորձության պահին: Քանի որ այդ օրերին շատ ուսուցումներ լսեցին ու շատ հրաշքներ տեսան իրենց աչքերով: Այո, աշակերտները տեսել էին, որ Վարդապետը անդամալույծին քայլել տվեց, դիվահարից դևը հանեց, տեսել էին նաև, որ դևերը ենթարկվում և վախենում են իրենց Վարդապետից: Սակայն աշակերտները չէին կարող երևակայել, որ իրենց Վարդապետը իշխանություն ունի նա՛և հողմերի վրա:
Աշակերտների վախը բնական է, քանի որ այլ է փորձությունը ծովի վրա, թեպետ բոլորն էլ ձկնորս էին և լողալ գիտեին: Հատկապես, որ գիշեր էր, և իրենք ծովի վրա էին արդեն: Արթնացրին Վարդապետին և ասացին,- Վարդապե՛տ, քեզ համար բնավ հո՛գ չէ՞, որ ահա մենք կորչում ենք: Իրենց անձերի նկատմամբ ունեցած վախը և խորտակվելու հավանականությունը ստիպեց աշակերտներին այդպիսի բառեր ասել ա՛յն Վարդապետին, որի հոգն էր յուրաքանչյուր հիվանդ, ջանք չէր խնայում բոլորին օգտակար լինելու հարցում: Այդ պահին չհիշեցին այդ ամենը, քանի որ վախը առավել էր պատել նրանց հոգին, քան հավատքի զորությունը: Այսպես է ամեն մարդ՝ փորձության պահին: Երբ աշակերտները զգացին, որ իրենք անկարող են իրավիճակի վտանգի կանխել, դիմեցին Վարդապետին: Արթնացավ Տէր Հիսուս և սաստեց հողմին և ծովին ասաց,- Դադարիր, լռիր: Տեսեք, թե ի՞նչ արեց Տէր Հիսուս: Նա՛խ սաստեց հողմը, որպեսզի չվախենան աշակերտները, հետո հանդիմանեց նրանց՝ վախկոտության համար:
Հողմը դադարեց և մեծ խաղաղություն եղավ: Հիսուս Քրիստոս խոսում և հրամայում է ծովին ու փոթորկին այնպես, ինչպես որ դևին հրամայեց դուրս գալ: Ո՞վ կդիմանա այս իշխանությանը, երբ ալեկոծ ծովը հնազանդվեց Նրա ոտքերի տակ: Բայց ուշագրավ է Տէր Հիսուսի խոսքը, որ ասաց աշակերտներին, թե,- Ինչո՞ւ այդպես վախկոտ եք: Դեռևս հավատ չունե՞ք: Այս խոսքերից կարելի է հասկանալ, որ վախը հավատի պակասից է, կամ չունենալուց; Նրանք այդ խոսքերից ավելի վախեցան, երբ տեսան, որ ծովն է Նրանից սարսում; Ու հարց առաջացավ աշակերտների մեջ Հիսուսի հեղինակության վերաբերյալ, թե,- Ո՞վ է արդյոք սա, որ թե՛ հողմը, թե՛ ծողը հնազանդվում են սրան:
Բայց ալեկոծ ծովի վրա իշխանություն ունեցող Աստված հնազանդվում է աշակերտների հանդիմանությանը, թե՝ Քեզ համար հոգ չէ՞, որ մենք կորչում ենք, և հանդարտեցնում է ծովը, առանց նեղանալու նրանց դիմելու ձևից ու կասկածից: Իսկ աշակերտները չպատասխանեցին Հիսուսի այն հարցին, թե՝ դեռևս հավատք չունե՞ք:
Իսկ մի՞թե մենք կարող ենք պատասխանել, եթե մեզ ուղղեր այդ հարցը մեր Տէրը: Մենք էլ չէ՛ինք կարող պատասխանել: Նույնիսկ ինքներս երբ մեզ հարց տանք մեր հավատքի մասին, դարձյալ հստակ պատասխան չունենք: Գիտե՞ք ինչու: Նայենք ամենավերջին փորձությունը՝ կորոնավիրուսը ինչ սարսափ է տարածել: Ի՞նչ ենք զգում մենք երկրաշարժների ժամանակ, պատերազմների, կան տնտեսական ճգնաժամերի և այլն; Ժողովրդի գերակշռող մասը խուճապի մեջ է ապրում: Ինչպե՞ս ենք մենք դիմում Աստծուն՝ մեր փորձության ժամանակ, հայտնի է յուրաքանչյուրին, սակայն ընդհանուր պատկերը բացասական է: Այս օգտակար գրվածքները մեր հավատքի զորացման համար են գրված, իսկ մեզնից շատերը և՛ վախենում են, և՛ չեն կարդում Ավետարան: Այն ինչից մենք սարսափում ենք, Աստված մեր բառով վերացնում է, իսկ մարդիկ շարունակում են ապրել սարսափի մեջ, բայց չեն համախմբվում և չեն դիմում Աստծուն՝ փրկության համար: Տէր Հիսուս Քրիստոս նախորդ գլուխների մեջ նույնպես հիշեցրեց հավատքի պակասության մասին, ասելով,- Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, կանեք ավելի մեծ գործեր: Ուրեմն Աստծու արքայությունը մարդու մեջ մանանեխի հատիկի չափ պետք է լինի և մեծանա այն աստիճան, որ այսպիսի փորձությունների ժամանակ մարդը հավասարակշիռ մոտեցում ցուցաբերին:
Հիշո՞ւմ եք այսպիսի մի դեպք Հովնանի մարգարեության գրքում, երբ ծովը փոթորկեց և ալիքները խռովեցին, նավի մեջ գտնվողները սարսափահար եղան, իսկ Հովնանը խռմփացնում էր նավի մեջ:
Նա չվախեցավ, երբ արթնացրին, քանի որ գիտեր, թե ո՛ւմ ձեռքի գործն է, և ի՞նչ է արել ինքը: Հովնանը աղոթում էր Աստծուն նույնիսկ կետի փորի մեջ, վստահ էր Աստված իշխանություն ունի նաև կետի վրա:
Բայց աշակերտները այդ փորձառությունը չունեին դեռ, գուցե նաև ա՛յդ հավատքը: Սակայն հետագայում տեսնում ենք, որ Պետրոսը և Հովհաննեսը կաղի բժշկության ժամանակ ասացին,- հանուն Նազովրեցի Յիսուս Քրիստոսի վե՛ր կաց եւ քայլի՛ր: Իսկ երբ կաղը քայլեց կաղը, որին բոլորը ճանաչում էին, քանի որ տաճարի դռան մոտ էր նստում, Պետրոսը զարմացած ժողովրդին ասաց,- Ո՛վ իսրայէլացիներ, այս բանի վրայ ինչո՞ւ էք զարմացել կամ ինչո՞ւ ակնապիշ մեզ էք նայում, որպէս թէ մեր անձի զօրութեամբ կամ քաջութեամբ քայլել տուած լինէինք նրան:
Այստեղ արդեն չի կարելի Պետրոսին ասել,- դեռևս հավատ չունե՞ս: Այստեղ արդեն և՛ հավատ կա, և՛ փորձառություն կա և՛ Քրիստոսի զորությունը իրենց հետ է:
Բայց այստեղ ալեկոծ ծովի փորձության ժամին, դեռ չգիտեին իրենց անելիքը:
Նավի մեջ վախեցած և փորձության առջև դեմ դիմաց կանգնած աշակերտները լավագույն օրինակ են մեզ համար՝ մեր փորձության պահին շուտ կողմնորոշվելու և Տիրոջը մեր մեջ արթնացնելու համար:
Ո՞վ կարող է հրամայել ծովին: Անշուշտ Նա, ով ստեղծել է ծովը: Ո՞վ կարող է հրամայել տարերքներին: Նա, ով ստեղծել է նրանց; Հետևաբար նույն խաղաղությունը կտիրի մեր կյանքի մեջ, եթե այնտեղ Քրիստոս տա հրամաններ, ո՛չ թե սատանան: Ծովը և փոթորիկները հնազանդվում են Նրան, իսկ մենք հնազանդվո՞ւմ ենք, մեր երեխաները հնազանդվո՞ւմ են: Մեր ժողովուրդը հնազանդվո՞ւմ է: Ոչ: Չի հնազանդվում; Հիսուս Քրիստոսի Հարության տոնը մեծագույն տոն է և այն լոկ տոն չէ, այլ կյանքի խորհուրդն է, իսկ ժողովրդի բազմությունը Հարության տոնին գերեզմաններում էր: Իսկ սա նշանակում է, որ դեռևս հավատք չունենք հարության նկատմամբ: Երկրի տարերքը, հողմերը, դևերը, ծովը հնազանդվում են Հիսուս Քրիստոսին, միայն մարդն է հակառակվում Աստծուն: Ուրեմն մարդը առավել վատն է քան դևը, որը հնազանդվում է Աստծուն, քանի որ դևերի համար ասվում է՝ հավատում են Աստծուն և սարսափում: Ամեն առակից հետո մեր Տէրն ասում է,- ո՛վ լսելու ականջ ունի կլսի:
Իսկ երբ մեր ականջները հեռու պահենք Աստծու խոսքից, մենք էլ նորընտիր աշակերտների պես մեր մտքում հարց կտանք,- Ո՞վ է արդյոք այս մարդը, որ թե հողմը, թե ծովը հնազանդվում են Նրան; Ինչպես վերը նշեցինք, աշակերտները հետագայում այլևս այսպիսի հարց չտվեցին, այլ Հիսուս Նազովրեցու անունով բազում հրաշքներ և բժշկություններ կատարեցին; Նույնպես և մենք, եթե մեր ականջն ու սիրտը լիքը լինի Աստծու խոսքով, ցանկացած փորձության ժամանակ ո՛չ թե հարց կտանք, այլ կասենք,- Մեր Տէրը որ դևը հանեց, և դիվահարը առողջացավ, ի՛նձ էլ կօգնի իմ նեղության մեջ անպայման; Ինչպես որ ներեց անառակ որդուն, ինձ էլ կների երբ զղջամ ու վերադառնամ Իր գիրկը: Ծովի ու ցամաքի վրա իշխանություն ունեցողը ինձ հնարավորություն է տվել Իրեն Հայր անվանելու, Իր անունով աղոթք անելու, որպեսզի խաղաղեցնի իմ հոգին ու միտքը ծովի պես: Մեռելներից Հարություն առածը, որ իշխանություն ունի նույնիսկ մահվան վրա, և ես Իր անունն եմ կրում, Իր Վարդապետությանն եմ հետևում, Իր Մարմնի և Արյան հետ եմ հաղորդվում, ինչպե՞ս կարող եմ ես վախենալ փորձության պահին: Սակայն մենք այսօր շատ ենք լսում ,, Ու՞ր ես Աստված,, արտահայտությունը, որը նման է անփորձ աշակերտների այն խոսքին, թե վարդապետ Քո հոգը չէ՞, որ մենք ահա կորչում ենք; Աշակերտները անփորձ էին մինչև Քրիստոսի Հարություն և հոգեգալուստ, այնուհետ դարձան մարդկանց որսորդներ և սփռեցին Աստծու խոսքը աշխարհով; Իսկ մենք մնացինք անվարժ նույնիսկ երկու հազար տարի հետո:
Սիրելիներ Աստված է Տիեզերքի Արարիչը, որը իշխանություն ունի ամեն ինչի և մահվան վրա: Աստված է նախախնամում ինչպես տիեզերքի անսասանությունը, այնպես էլ յուրաքանչյուր անհատի անվտանգությունը: Մեզ մնում է Ղազարոսի քույր Մարիամի պես ընտրենք լավագույնը՝ Աստծու խոսքը և ապրենք առանց խուճապի ու տագնապի, որոնք անխուսափելի են դառնում ամեն օր պատահող փորձությունների հետևանքով: Սիրելինե, ավարտեցինք Մարկոսի Ավետարանի չորրորդ գլուխը, որը մեզ հագեցրեց առակների բազմազանությամբ և խրատների օգտակարությամբ: Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն, և Նրան փառք Հավիտյան: Ամեն:
Հարց. Երբ մարդիկ գիտեն, որ Հարության տոնն է, ինչո՞ւ են գնում գերեզմաններ: Հետաքրքիր է ձեր պատասխանները: