ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 4:26- 34
ԱՃՈՂ ՍԵՐՄԻՆ ԱՌԱԿԸ
26 Ապա կ՚ըսէր. «Աստուծոյ թագաւորութիւնը այնպէս է, որպէս թէ մարդ մը հողին մէջ սերմ ցանէ 27 Ու քնանայ եւ արթննայ գիշեր ու ցորեկ եւ սերմը բուսնի ու մեծնայ ու ինք չի գիտեր թէ ի՛նչպէս։ 28 Քանզի հողը ինքնիրմէ պտուղ կու տայ. առաջ խոտը, ետքը հասկը, անկէ ետք լեցուն ցորենը հասկին մէջ։ 29 Երբ պտուղը հասուննայ մանգաղը գործի կ՚սկսի վասն զի հունձքի ատենը հասած է»։
30 Ապա կ՚ըսէր. «Աստուծոյ թագաւորութիւնը ի՞նչ բանի նմանցնենք կամ ի՞նչ առակով զանիկա բացատրենք։ 31 Մանանեխի հատին նման է, որ հողին մէջ ցանուած ատենը՝ երկրի վրայ եղած սերմերուն ամենէն պզտիկն է, 32 Բայց երբ ցանուի, բուսնի, բոլոր ծառերէն ալ մեծ կ՚ըլլայ ու մեծ ճիւղեր կ՚արձակէ, այնպէս որ երկնքի թռչուններուն կը բաւէ անոր շուքին տակ բնակելու»։
33 Այսպէս շատ առակներով կը խօսէր անոնց, որչափ որ կրնային մտիկ ընել։ 34 Առանց առակի բան մը չէր խօսեր անոնց, բայց առանձինն աշակերտներուն կը մեկնէր բոլորը։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ: Կրկնենք մեր երեկվա գլխավոր մտքերը և շարունակենք չորրորդ գլխի մնացյալ համարների սերտողությունը: Երեք առակների միջոցով Տէր Հիսուս մեզ սովորեցրեց, որ մեր մեջ եղած լույսը, որը Աստծուց է, պետք է լուսավորի նաև այլոց: Ավետարանի ուսուցումը պետք է գաղտնիք չմնա աշխարհի բոլոր ծայրերում, ինչը որ մարդու Որդին ուսուցանեց; Իսկ երրորդ առակով զգուշացրեց, որ մեր ունեցած քանքարը այլոց օգուտի համար չգործածելու դեպքում, այն մեզնից կվերցվի և հակառակը՝ ճիշտ գործածելու դեպքում, կավելացվի այդ շնորհը: Այսինքն եթե մեկ նախադասությամբ ամփոփենք միտքը, կարող ենք ասել, որ երեք անգամ ջրի մեջ ընկղմվելը բավական չէ, պետք ջրից դուրս գալիս վերստին ծնվել քրիստոնյա հռչակվելու համար:
Մենք նախորդ սերտողություններում տասնյակ օրինակներ սովորեցինք Աստծու արքայությունը ըմբռնելու համար, սակայն մեր Տէրը չի դադարում զանազան օրինակներով ևս բացատրել Աստծու արքայությունը, որպեսզի լսողը այն իր կյանքի օրինակով հասկանա: Քանի որ մարդու մարմինը հողից է ստեղծված և ունի հողին բնորոշ հատկանիշներ, հետևաբար Տէր Հիսուս շատ առակներ և օրինակներ պատմում է հողի և սերմի վերաբերյալ՝ համեմատելով մարդու և Աստծու խոսքի հետ: Սերմը հողի մեջ նույնն է, ինչ՝ Աստծու խոսքը մարդու սրտում: Սերմնացանի առակի մեջ տեսանք, որ սերմնացանը ժլատ չէր և առատ ցանում էր սերմը, նույնիսկ մտահոգ չէր, թե ո՞ւր է ընկնում սերմը, այլ՝ նրա նպատակն էր, որ սերմը պտուղ տա: Այսօրվա առակի մեջ Աստծու Արքայությունը նմանեցնում է այն երևույթին, երբ մի մարդ հողի մեջ սերմեր ցանի: Չէ՞ որ սերմնացանը չի նստում ցանած բույսի մոտ մինչև աճի, այլ ցանելուց հետո անցնում է իր գործին, և մի օր էլ միամիտ տեսնում է, որ բույսը ծլել է: Սերմնացանը չի կարող տեսնել հողի մեջ ինչ գործընթաց է տեղի ունենում: Այստեղ գլխավոր պարտականությունը հողինն է արդեն; Մի՞թե կարող ենք ասել, թե մենք արդեն քրիստոնյա ենք, երբ միայն լսեցինք Աստծու անունը: Անշուշտ ո՛չ: Ժամանակ է պետք, որպեսզի մեր մտքի, սրտի մեջ ցանվի Աստծու խոսքի սերմը և մեր սրտի հողը սկսի աճեցնել այդ խոսքը: Մի օր էլ տեսնում ենք, որ մենք երեկվա մարդը չենք, այլ պատռել ենք մեր հին հողը և դուրս ենք եկել նախկին վիճակից: Այստեղից սկսվում է նոր փուլ այնպես, ինչպես որ բույսն է նախ ծլում, ապա մեծանում, և ապա պտուղ տալիս: Նույնպես և մենք Աստվածաշնչյան գիտելիքը ներբեռնելով նաև աշխատում ենք, քնում ենք, արթնանում ենք և Աստծու խոսքը մեր մեջ գործում է: Ինչպես որ ծառը, երբ պտուղը հասնում է. մարդիկ օգտվում են այդ պտղից, նույնպես և մարդը երբ հասունանում է հավատքի և գիտելիքի մեջ, ուրիշները պետք է օգտվեն նրա պտղից, և փառավորեն Աստծուն:
Դարձյալ Աստծու արքայությունը նմանեցնում է մանանեխի հատիկին, որի մասին մենք արդեն գիտենք, ամենափոքր սերմն է սերմերի մեջ, բայց կարող է այնքան մեծանալ, քան երկրի բոլոր սերմերը, և կարող է այնքան ճյուղեր արձակել, որ երկնքի թռչունները բնակվեն նրա հովանու տակ: Այս օրինակները շատ պարզ օրինակներ են մարդկանց համար, քանի որ մարդիկ վարում և ցանում են նախ՝ հողը պատրաստելուց հետո, որովհետև եթե հողը նախապես ազատված է քարերից ու փշերից, այնտեղ բերքը ավելի առատ է; Նույնն է մարդու պարագային, քանի դեռ մարդը չի ազատվել իր վատ սովորություններից, Աստծու խոսքը նրա սրտում կարող է փտել և ո՛չ մի արդյունք չտալ: Մեր Տէրը այս և նախորդ առակի մեջ շեշտը դնում է հողի որակի վրա: Պատմում էր Հիսուս Քրիստոս զանազան առակներ բոլորի համար, իսկ աշակերտների համար առանձին մանրամասն բացատրում էր: Ինչպես տեսանք, Հիսուս առակները ո՛չ ոքից չթաքցրեց, այլ պատմեց բոլորին հավասարապես, ի տարբերություն փարիսեցիների, որոնք օրենքը սովորեցնում էին ընտրողաբար, հաշվի առնելով ազգաբանությունը, հասարակական դիրքը և հարստությունը: Որովհետև Աստծու ամեն մի խոսք իր մեջ հատկություն ունի մի տեղ ընկնելու և ինքնուրույն աճելու և մարդը իր մեջ նկատում է փոփոխություն: Հետևաբար Աստված Իր խոսքի սերմը ցանում է ամեն տեղ, և Ավետարանի խոսքը չի կարող գաղտնիք մնալ որևէ մեկ փնտրողի համար:
Եթե այս առակները համեմատենք մեր Հանապազօրյա Հաց հաղորդաշարի հետ, ապա, ես ամեն օր ցանում եմ Աստծու խոսքի սերմը, սակայն չեմ տեսնում, թե ո՞ւր ընկավ, ինչպիսի՞ն էր հողը, ինչպե՞ս մեծացավ հողի մեջ: Բայց հանկարծ մի օր տեսնում եմ, որ նորանոր հետևորդներ ունենք, իսկ նախկին հետևորդները ավելի ակտիվ ու բանիմաց են դարձել, չնայած որ դուք միաժամանակ աշխատել, սովորել եք, ձեր գործեն եք արել, բայց Աստծու խոսքը ձեր մեջ գործել է; Այս է Աստծու արքայության օրինակը, որ Տէր Հիսուս կամեցավ մեղ բացատրել ամենատարբեր օրինակներով;
Իսկ ինչ վերաբերում է այն հատվածին, որ ասում է,- Սակայն երբ սերմը իր պտուղը տա, իսկույն մանգաղ է ուղարկում, որովհետև հնձի ժամանակը հասել է: Իսկ հնձի ժամանակը մեր կյանքի ավարտն է՝ մահվան ելքով; Ինչպես որ բերքով ծանրաբեռնված ծառը բեռնաթափվում է աշնանը՝ իր բերքից և պատվով քուն է մտնում ձմռանը, գարնանը հարություն առնելու ակնկալիքով, նույնպես և մարդը պետք է պտուղ տա իր կյանքի ընթացքում, մինչև կյանքի ավարտը: Ինչպես որ ծառերի մեջ չոր ծառը կտրում և հեռացնում են, այնպես էլ մարդկանց մեջ անպտուղ և անօգտակար մարդը հարության ժամանակ պիտի պատասխանի իր անպտղության պատճառի մասին;
Ուրեմն Աստծու արքայությունը մեր մեջ միանգամից չենք տեսնի, այն դանդաղ է աճում և նրա աճը կապված է մեր հողի որակի հետ: Ես շատ եմ լսել, հավանաբար դուք էլ եք լսել, որ հողագործ գյուղացիները հաճախ ասում են, որ այս տարի հողը լավ բերք չտվե՛ց, և սկսում են պարարտանյութերով հզորացնել հողը:
Սիրելիներ Տէր Հիսուս Քրիստոս շատ առակներ պատմեց, Աստծու արքայությունը լիարժեք բացատրելու համար: Գիտե՞ք ինչու: Որովհետև Աստծու արքայությունը երկրաչափական կանոն չէ, որ աշակերտներին ասեր, վերցրեք թուղթն ու գրիչը թելադրեմ, գրե՛ք և սովորե՛ք: Տարբեր են առակները, որովհետև տարբեր են մարդիկ, տարբեր են ընկալումները խոսքի հանդեպ, տարբեր են մարդկանց աշխատասիրությունները և գլխավորը տարբեր է մարդկանց հավատքը: Աստվածաշունչը մեզ հավատքի տարբեր օրինակներ է ներկայացնում: Մենք այսօր Աստվածաշունչը կարդալուց հետո արդեն գիտենք, որ Աստված Աբրահամին ասաց որդուդ զոհ մատուցիր, սակայն թույլ չտվեց: Բայց Աբրահամը չգիտեր այդ մասին, և հնազանդվեց Աստծու խոսքին ու տարավ որդուն զոհաբերելու: Այդպիսի հավատքը Աբրահամի համար արդարություն համարվեց: Աբրահամն էլ ուներ սխալներ, բայց Աբրահամի հավատքի պատճառով նա արդար համարվեց:
Այս բոլոր առակները որ պատմեց Տէր Հիսուս Քրիստոս, թող դառնան մեկական սերմի հատիկ և մեր մեջ հասունանալով ծլեն և պտուղ տան, ինչպես որ պտուղ տվեց Պետրոսի և Մարկոսի հավատքը, որոնք գրի առան այս բոլոր առակներն ու ընտիր խոսքերը: Դրա համար էր հավանաբար աշակերտներին ավելի հանգամանալից բացատրում առակների իմաստն ու կարևորությունը:
Երբեմն հարց է առաջանում մարդկանց շրջանում. Ո՞վ առաքելականը, ո՞վ է քրիստոնյան, ո՞վ է ուղղափառը: Մարդկանց մեջ տարածված կարծիք կա, որ քրիստոնյան նա է, որը մկրտված է, ծոմ ու պահք է պահում, մոմ է վառում, խունկ է ծխում, սրբապատկերներ պահում տանը, եկեղեցով պսակված է, ուխտերի է մասնակցում, խոստովանում է մեղքերը, բարեգործություն է անում և այլն: Ո՛չ, սա չէ՛ քրիստոնյան:
Սրանք բոլորը արտաքին բարեպաշտական սովորություններ են, որոնցով փրկվել չենք կարող: Քրիստոնյան նա է, որը հավատում է Հիսուս Քրիստոսին, պահում է Նրա խոսքի սերմը իր մեջ և աճեցնում է ամեն օր, պարարտացնելով իր հողը: Աստծու պահանջը մարդու սրտից է, ո՛չ թե մտքից: Մարդը մեխանիկորեն հիշում է չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքը, ուխտերի օրերը, այս երևույթը մարդու մտքի հետ է կատարվում: Բայց մեզ պետք է, որ սիրտը հաղորդակից լինի Աստծու ամեն խոսքին, առակին, պատվիրանին դրանք զարգացնի իր սրտի մեջ, որտեղից ո՛չ մի չար թռչուն չի կարող այնտեղից հանել:
Որից հետո կարելի է կապվել այդ բարեպաշտական սովորություններին, որոնք արդեն կկատարվեն հավատքո՛վ և գիտակցաբա՛ր, ո՛չ թե տուրք տալով, ինչպես որ անում ենք մկրտությունը, պսակը, տոների մասնակցությունը և այլն; Ինչո՞ւ է սա անչափ կարևոր:
Բարեպաշտական սովորությունների մասին ես կարող եմ խոսել անխտիր բոլորի համար, և կասկած չունեմ, որ որևէ մեկը չի հասկանա: Այն մի թեմա է, որը բոլորի հասանելի է: Բայց աստվածաբանական դրույթներ կան, ավետարանական հատվածներ կան, որոնք բոլորին հասանելի չեն իրենց բարդության պատճառով: Այդ մասին կարող եմ խոսել այն մարդկանց համար, որոնց հասանելի է: Տեսեք, սիրելիներ, Տէր Հիսուս առակները պատմում էր բոլորին, սակայն բացատրում էր որոշակի մարդկանց: Որովհետև ներկաների մեջ կային մարդիկ, որոնց համար այդ բացատրությունը գուցե նաև ձանձրույթ պատճառեր, քանի որ այդպիսիք բավարարվում են միայն մակերեսային տեղեկություններով: Իսկ ով զարգացնում է Աստծու խոսքը իր մեջ, նրան հետաքրքիր է ամեն ինչ: Այս տեսակ քրիստոնյան իր մեջ հոգևոր զտիչ ունի և վերցնում է իր համար օգտակարը, որը փրկության է առաջնորդում:
Քրիստոսի ժամանակաշրջանի մարդկանց պատկերացումը այլ էր Աստծու արքայության մասին: Նրանք կարծում էին, որ Աստված մի թագավոր է կարգելու երկրի վրա, այդ թագավորը պատժելու է չարերին և բարիներին ազատելու է Հռոմի հալածանքներից, Որթատունկը մի քանի անգամ է բերք տալու տարեկան և այլն; Սակայն Տէր Հիսուս տալիս է բոլորովին այլ նկարագրություն Աստծու արքայության մասին:
Հիշո՞ւմ եք, երբ առաջին անգամ ասաց,- Ա՛յլ տեղ մի փնտրեք Աստծու արքայությունը, այն ներսում է, ձե՛ր մեջ է: Շատերի համար այս խոսքը անհասկանալի թվաց այն ժամանակ, շատերի համար անհասկանալի է նաև այսօր: Աստծու արքայությունը այսօր էլ կա երկրի վրա, այն չի լինելու միայն Երկրորդ Գալուստին երբ Քրիստոս կհաստատի Իր հավիտենական թագավորությունը: Հիսուս Քրիստոս այսօր էլ երկրի վրա է, աներևույթ եկեղեցու տեսքով, քանի որ կան մարդիկ որոնք իրենց մեջ կրում են Հիսուս Քրիստոսին և Աստծու արքայությունը նրանց ներսում է; Աստծու արքայությունը դանդաղ աճող և աննկատ մեծացող գործընթաց է: Եթե դուք հիմա ասեք, որ եկեղեցում այսքան թերություն կա, ինչպես կարող է Աստծու արքայությունը այնտեղ լինել, ա՛յո կա և ո՛չ ոք չի՛ հերքում եկեղեցու ներսում տեղի ունեցող անկարգությունները, սակայն Տէր Հիսուս այդ մասին էլ է հոգ տարել և զգուշացրել մեզ՝, պատմելով որոմների առակը: ցորենի հետ աճում է որոմ, և Ասված թույլ չտվեց, որ որոմը հեռացվի, մինչև հնձի ժամանակը հասնի:
Քահանայապետները որ հոգևոր առաջնորդներ էին, կեղծիքի ու ստի մեջ էին, բայց դա չխանգարեց, որ Քրիստոսի շուրջ հավաքվեն բազում հավատացյալ մարդիկ և փրկվեն; Եթե առաջին դարում ասեին, որ հարյուր տարի հետո հռոմի կայսը քրիստոնյա կդառնա, դա ծիծաղելի կթվար բոլորի համար: Բայց աշակերտների ունեցած մանանեխի հատիկը աճեց և տարածվեց աշխարհում և այսօր քրիստոնյաների մեծամասնությունը պատսպարվել է նրա հովանու տակ: Սիրելիներ, ավարտենք այսօրվա սերտողությունը: Լսենք, հետևենք, կիրառենք Աստծու խոսքը: Մեր միջից հեռացնենք այն կուռքը, ինչը առաջնային ենք համարում Աստծո՛ւց և դա մեզ խանգարում է մոտենալ Աստծուն և ապրել Աստծու ներկայության մեջ: Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն և Նրան փառք հավիտյան: Ամեն;
Հարց. Ուրիշ ի՞նչ օրինակներ գիտեք նախորդ դասերից՝ Աստծու Արքայության մասին.