ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 4:21-25
ԳՐՈՒԱՆԻՆ ՏԱԿԻ ՃՐԱԳԸ
21 Ապա ըսաւ անոնց. «Միթէ ճրագը գրուանին կամ մահիճին տա՞կ դրուելու համար կու գայ, չէ՞ որ աշտանակին վրայ դրուելու համար։ 22 Վասն զի ծածուկ բան մը չկայ, որ պիտի չյայտնուի. եւ գաղտուկ բան մը չէ եղած, որ երեւան չելլէ։ 23 Եթէ մէկը լսելու ականջ ունի, թող լսէ»։
24 Յետոյ ըսաւ անոնց. «Նայեցէք, ի՞նչ կը լսէք. ի՛նչ չափով որ դուք կը չափէք, նոյն չափովը պիտի չափուի ձեզի եւ ձեզի որ կը լսէք, պիտի աւելնայ։ 25 Վասն զի ո՛վ որ ունի անոր պիտի տրուի. եւ ո՛վ որ չունի, ունեցածն ալ անկէ պիտի առնուի»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Աստված թող մեզ ազատի չար և ունայն գործերից ու մտածումներից, որպեսզի կարողանանք մաքուր մտքով կենտրոնանալ ապաշխարության կյանքի վրա և Տիրոջից հայցենք, որ մեզ արժանացնի երկնային արքայությանը, որի մասին են մեր բոլոր սերտողությունները:
Երեկվա միտքն ավարտվեց այնտեղ, որ Տէր Հիսուս իր աշակերտների հետ մանակ մնացած ժամանակ նրանց մանրամասն բացատրում էր առակները հասկանալու գաղտնիքները՝ շեշտը դնելով լսելու ականջ ունենալու անհրաժեշտության վրա: Աստվածաշունչ կարդալու գլխավոր պայմանը ուշադրությունն է՝ աղոթքից հետո: Առանց ուշադրության կարդալ Ավետարան, նույնն է, թե մեկի որպիսությունը հարցնենք և պատասխանը չլսենք:
Աշակերտներին առակները հասկանալու մեջ վարժեցնելու համար Տէր Հիսուս նորից հանրության մեջ խոսում է առակներով, ընդ որում այնպիսի առակներով, որոնք բոլորի համար շատ պարզ ու հասկանալի են առաջին հայացքից, սակայն խորքում հոգեմարզության դասեր են պարունակում իրենց մեջ ամբողջությամբ;
Հետաքրքիր հարցով է սկսում իր առակները, դիմելով բազմությանը,- Մի՞թե ճրագը բերվում է, որ կաթսայի կամ մահճի տակ դրվի: Չէ՞ որ աշտանակի վրա է դրվում: Հարցը պարզից էլ պարզ է, և բոլորս ենք այդպես անում: Եթե համարենք, որ ճրագը լույս է խորհրդանշում, ապա այդ լույսը այսօր մոմն է: Բոլորդ նկատել եք, որ եկեղեցում կանթեղները մշտապես վառվում են, խորհրդանշելով Քրիստոսի կենդանի լույսի առկայությունը: Իսկ ե՞րբ ենք մենք մոմ վառում: Սա սիրելի թեմա է, քանի որ մեր ժողովուրդը շատ է սիրում մոմ վառել: Մոմը ինքնանպատակ չի վառվում, այն ուղեկցվում է աղոթքով, իսկ աղոթքը ուղղված է Աստծուն: Մենք նաև մոմ ենք վառում, երբ անջատվում է հոսանքը և տարածքը մութ է, այսինքն մենք մթի հետ չենք հաշտվում և լույս ենք ուզում՝ թեկուզ մոմի լույս , և երբ վառում ենք մոմը դնում ենք մի բարձր տեղ, որ ամբողջ տունը լուսավորի: Սա պարզ օրինակ է, որ անում ենք բոլորս: Սակայն կա առակի մեկ այլ շերտ՝ հոգևոր իմաստով:
Սա արտաքին տեսանելի լույսի և խավարի մասին էր: Սակայն կան նաև ներքին լույս և ներքին խավար, որին առանձնապես ուշադրություն չենք դարձնում: Մութ սենյակում գեթ մեկ րոպե չենք կամենում մնալ, որովհետև մութը ազդում է մարդու տրամադրության վրա: Սակայն մո՛ւթ հոգով ապրում ենք մի ողջ կյանք և չենք զգում, որ մեր տխրությունը մեր հոգևոր խավարից է: Մեզնից յուրաքանչյուրը պետք է այդ լույսը լինի և լուսավորի իր տարածքը: Արեգակը իր լուսավորությամբ Քրիստոսին է խորհրդանշում, քանի որ բոլորին հավասարապես լուսավորում և ջերմացնում է: Մենք էլ փոքրիկ լույսեր պետք է լինենք ամբողջացնելու համար Քրիստոսի խոսքի լույսը: Ամեն քրիստոնյա մի փոքրիկ մոմ է իր տանը, փողոցում, հասարակության մեջ, որպեսզի տիրող խավարը ցրվի հնարավորիս արագ:
Քրիստոս այդ լույսն էր բերել աշխարհ և կամենում է, որ բարձր տեղերից քարոզվի, որպեսզի լուսավորի բոլորին, սակայն Իր առջև կային մութ հոգով մարդիկ՝ փարիսեցիներ, որոնց համար այդ լույսը կուրացնող էր, և նրանք չէին հաշտվում իրենց առջև կանգնած Լույս Քրիստոսի մտքերի հետ, որոնք բացահայտում էին իրենց ներսի խավարը: Հիմա որպեսզի ավելի պարզ լինի ասելիքս, տեսնենք, թե ո՞րն է հաջորդ առակը, որը նույնպես սիրելի է բոլորիս համար և սերտ կապ ունի նախորդի հետ:
Իսկ ի՞նչ նշանակում ճրագը թաքցվել կաթսայի տակ: Այսինքն առաքինության մասին իմանալ, սակայն չգործածել՝ սեփական կրքերին չտիրապետելու պատճառով:Այսինքն որկրամոլին հաճելի չէ խոսել ժուժկալության մասին և նա կարող է թաքցնել այդ առաքինությունը, այլոց փոխանցելու օգտակարությունը հաշվի չառնելով: Քանի որ իր մեղքի մեջ արդեն հաստատվել է;
Նույնը Աստծու խոսքին է վերաբերում: Ո՞վ ձևափոխում Աստծու խոսքը, Նա՛, ով ուզում է թաքցնել իր այս կամ այն մեղքը:
- Արդ, ծածուկ բան չկա, որ չհայտնվի, և գաղտնի բան չի եղել, որ ի հայտ չգա: Այս խոսքերի մեջ համոզված ենք բոլորս՝ անխտիր: Չկա մի մարդ, որի բարի և չար գործերը ի հայտ չգան ժամանակի ընթացքում; Նույնիսկ երկրների գաղտնի կործանարար ծրագրերն են ի հայտ գալիս ժամանակների լրումին:
Երեխան հարևանի բակից մի բան է գողանում, օրեր անց հայտնի է դառնում: Տղան սիրահարվում է հարևանի աղջկան, ժամանակ անց ի հայտ է գալիս: Բոլոր ապօրինի կապերը և արտամուսնական հարաբերությունները ժամանակի ընթացքում բացահայտվում են: Օրինակները չափազանց շատ են, բոլորդ էլ գիտեք: Ինչպե՞ս են ի հայտ գալիս գաղտնիքները:
Հիսուս Քրիստոս այս խոսքերը ասում մի ժողովրդի, որն ուներ օրենք և մարգարեություններ, և չէր ապրում դրա համեմատ: Կամ՝ չէ՛ր հասկանում, կամ՝ անհնազա՛նդ էր: Քրիստոս այստեղ չի խոսում կենցաղային գաղտնի գործերի մասին, այլ Աստծու խոսքի մասին, որ Աստծու խոսքի մեջ չպետք է լինի որևէ մութ կամ գաղտնի բան, որ պարզ ժողովրդի համար հասկանալի և լուսավոր չլինի: Այսինքն ո՛չ թե պետք է վախենալ, որ օրենքը կպատժի մարդուն, այլ պետք է ուրախանալ, որ Աստծու խոսքը կլուսավորի մարդու ներքին խավարը և մարդը կազատվի իր տանջող խավար մեղքերից:
Սիրելիներ, Աստված պատվիրանները տվեց Մովսեսին և պահանջեց, որ կատարեն: Ժողովուրդը անհնազանդ գտնվեց պատվիրանների հարցում, և քառասուն տարի անապատում քայլեցին, որպեսզի սովորեն Աստծու գործելաոճը; Վերջում նրա՛նք մտան խոստացած երկիր, որոնք հնազանդվեցին Աստծու խոսքին: Աստված երբե՛ք Մովսեսին չասաց, ոչի՛նչ, որ չեն պահում իմ պատվիրանները, խոստացել եմ Ավետյաց երկիր, թո՛ղ մտնեն: Ո՛չ, չասաց: Հիմա էլ չի ասում: Չի ասելու նաև մեզնից հետո: Որովհետև Աստված նույն նախանձախնդրությունը ունի Իր խոսքի հանդեպ, առավել ևս Իր Որդու անմեղ արյան հանդեպ: Մենք պետք է մեր դիրքը փոխենք Աստծու հանդեպ, ո՛չ թե միայն Աստծուց սպասենք: Նույնիսկ մեր հոգին, որ գաղտնի է մեզ համար, մի օր դուրս է գալու մեր մարմնից և կանգնելու է Տիրոջ ներկայության առջև և ո՛չ մի ծածուկ բան չի մնալու մեր հոգու մեջ որ Աստծու համար հայտնի չլինի: Այնպես որ այսօր է փոխվելու օրը, ո՛չ թե վաղը: Չէ՞ որ Տէրն ասաց,- դո՛ւք եզ աշխարհի լույսը, և դուք իրավունք չունեք ծածուկ տեղ մնալու, ես ձեզ լույս անվանեցի, որ լուսավորեք խավար տեղերում:
Քահանայապետների և օրենքի ուսուցիչների համար Աստծու խոսքը հասկանալի չէր, քանի որ ո՛չ իրենք էին պահում, ո՛չ էլ սովորեցնում էին պարզ ժողովրդին: Աստծու արքայությունը մոտեցել էր, մտել էր ժողովրդի մեջ, որպեսզի ճրագը բարձր տեղ դրվի, և որևէ գաղտնի բան չմնա առանց բացահայտվելու:
Այս երկու առակից հետո Տէր Հիսուս նորից կրկնում է Իր հայտնի խոսքը, - թէ՝ մեկը ականջ ունի լսելու թո՛ղ լսի, և ավելացնում է,- Զգո՛ւյշ եղեք, թե ի՛նչ եք լսում, և ինչ որ լսում եք, ավելին կտրվի ձեզ:
Ի՛նչ չափով, որ չափում եք, նո՛ւյնով Աստված պիտի չափի ձեզ համար: Ո՛վ որ ունի, նրան պիտի տրվի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցվի, ի՛նչ էլ որ նա ունի: Առակի այս տողերը եթե հասկանանք իր պարզ իմաստով, ապա Տէր Հիսուս մեզ զգուշացնում է, որ մեր լսելիքը չտրամադրենք անպետք բաների, որովհետև ոտքերը գնում են այնտեղ, ինչ որ լսել է ականջը: Մեր ականջ սիրում է լսել հաճույք պատճառող, զվարճացնող թեմաներ: Որքան որ շատ են լսում նմանատիպ խոսակցություններ կամ հաղորդումներ, ավելի ենք խորանում դրանց մեջ: Պարզ օրինակ: Մեկ անգամ յութուբում մի բան ենք փնտրում, հաջորդ օրը յութուբը ինքը մեզ առաջարկում է նմանատիպ թեմաներ: Այսինքն ինչ որ փնտրում ենք, նա էլ ավելիով տրվում է՝ չար թե բարի: Իսկ առակի ավելի խորքում Տէր Հիսուս խոսում է Աստծու խոսքի հանդեպ մեր ունեցած վերաբերմունքի և պատասխանատվության մասին: Ի՛նչ կերպ, որ մենք ենք վերաբերվում Աստծու խոսքի ուսուցմանը և կատարմանը, այդ նույն կերպով էլ Աստված կվարվի մեզ հետ նույն չափերով: Հիշենք մեկ քանքարը թաքցնողի օրինակը և ամեն ինչ տեղը կընկնի: Բոլորս էլ ճանաչում ենք մարդկանց, որոնք շնորհներ ունեն Աստծուց, սակայն հարբեցողության, կամ այլ մեղքերի պատճառով աստիճանաբար վերցվում է իրենցից այդ շնորհը՝ չգործածելու պատճառով, ըստ այն խոսքի, որ ասաց, նրանից պիտի վերցվի, ի՛նչ էլ որ նա ունի:
Իսկ Տէր Հիսուսի այն խոսքը, թե ,,ով ունի նրան պիտի տրվի և ով չունի, նրանից պետք է վերցվի ինչ որ ունի,, աշխարհիկ մարդու համար խիստ անարդար է թվում այն առումով, որ մարմնավոր մարդը ամեն ինչ չափում է միայն նյութականով, այսինքն միլիոն ունեցողին կտրվի ևս մեկ միլիոն, իսկ աղքատից կվերցվի նաև իր հազար դրամը: Դրա համար աշակերտներին ասաց, եթե այս պարզ առակը չեք հասկանում , ապա ինչպե՞ս կհասկանաք հետագայում պատմվող բարդ առակները: Ամեն առակի և խոսքի մեջ Աստծուն փնտրենք, որպեսզի լուսավորվի մեր միտքը՝ հասկանալու համար ամեն խոսք:
Անկարելի է, որ Աստծու Որդին աշխարհ գա, սովորեցնի, ու հետո խաչը բարձրանա, որպեսզի մարդը փրկվի, իսկ մարդը ինչպես որ ապրում էր, շարունակի նույն կերպ ապրել: Մեր պատասխանատվությունը Աստծու խոսքի հանդեպ ոչ թե պետք է վախ առաջացնի՝ պահելու առումով, այլ ուրախություն՝ անհրաժեշտության առումով:
Մենք անդրադարձանք երեք առակների, որոնք մասին խոսեց Տէր Հիսուս, որոնք մեր կյանքի բաղկացուցիչ մասերն են և առանց որի մեր կյանքը հասկանալի չէ: Սակայն եթե մենք առակները հասկացել ենք իրենց պարզ մտքի մեջ՝ առանց հոգևոր շեշտ դնելու, ուրեմն այսօր կլսենք, վաղը կմոռանանք, որովհետև չհիշեցինք, որ Տէրն ասաց, - զգույշ եղեք, թե ինչպե՛ս եք լսում;
Մենք տեսանք, որ խոսքը վերաբերում էր նաև փարիսեցիներին, որոնք ունեին Աստծու խոսքի գիտելիք, իսկ եթե չգործածեին այլոց լուսավորելու համար, նրանցից պիտի վերցվի ինչ որ ունեն:
Սիրելիներ, հավատքը Աստվածաշունչ իմանալը չէ, երբեմն տեսնում ենք մարդկանց, որոնք լույս են շրջապատում, բայց չեն կարդացել Ավետարան, դա ևս շնորհ է, որպեսզի մարդկանց մղի բարության: Հավատքն այն է, երբ դու Աստծու խոսքը ընդունում ես որպես լույս և քո միջոցով այդ լույսը փոխանցում ես այլոց, ինչպես որ վերը նշված ճրագը: Երբ մեր հավատքը, որ Աստծու խոսքի լույսն է և գտնվում է մեր ներսում, և չի՛ արտացոլվում մեր գործերի մեջ, ուրեմն դա շիտակ հավատ չէ: Շիտակ հավատքն այն է, երբ ներսից այդ լույսն առկայծում է նույնիսկ անկախ մեր կամքից՝ մեր արտաքին դրսևորումների մեջ: Մարդիկ տեսնում են այդ լույսը և գալիս են դեպի այդ լույսը, որ չի երևում:
Նաև մենք չենք կարող ասել, որ չենք լսել Աստծու խոսքը, քանի որ Տէրը շատ անգամ է ասում, լսելու ականջ ունեցողը լսում է; Այս խոսքերը նման է մի իրողության երբ փոստատարը մեզ մի ծանուցում է բերում և տեղեկանալուց հետո մեզնից պահանջում է մեր ստորագրությունը, որ տեղեկացանք այդ ծանուցմանը, որպեսզի դատարանում չասենք, թե չենք իմացել: Այնպես էլ այստեղ՝ չենք կարող ասել, որ չենք լսել Աստծու խոսքը, քանի էր միշտ հիշեցնում է մեզ: Փառք Աստծուն Իր բազմաշերտ առակների համար, իմաստություն խնդրենք Աստծուց Իր խոսքի բոլոր շերտերը հասկանալու համար: Փոքրիկ ճրագներ լինենք Աստծու և մարդկանց առաջ, լսելու ականջ ունենաք Աստծու խոսքի հանդեպ: Մեր ունեցածը առատորեն բաժանենք այլոց և ավելիով ստանանք, և թող մեր կյանքում Աստծուց գաղտնի ոչինչ չլինի, որը մեզ հեռու կպահի Աստծուց: Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն և Նրան փառք հավիտյան: Ամեն:
Հարց. Քանի՞ շերտեր մենք սովորեցինք առակի վերաբերյալ՝ երեկվա սերտողության մեջ. (Պատասխան՝ պարզ իմաստ, ակնարկ, այլաբանություն, և գաղտնիք)