ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 4:1-20
ՍԵՐՄՆԱՑԱՆԻՆ ԱՌԱԿԸ
1 Դարձեալ սկսաւ սորվեցնել ծովեզերքը եւ շատ ժողովուրդ անոր քով ժողվուեցաւ, այնպէս որ ինք նաւը մտաւ ու նստաւ, իսկ ժողովուրդը՝ ծովեզերքը։ 2 Անոնց շատ բաներ կը սորվեցնէր առակներով ու կ՚ըսէր անոնց իր վարդապետութեանը մէջ. 3 «Լսեցէ՛ք, ահա սերմ ցանողը ելաւ որպէս զի սերմ ցանէ։ 4 Երբ կը ցանէր, մէկ քանին ճամբուն քով ինկան եւ թռչունները եկան ու կերան զանոնք։ 5 Ուրիշ մը ինկաւ ապառաժուտ տեղ մը, ուր շատ հող չկար։ Շուտ մը բուսաւ՝ հողին խորունկութիւն չունենալուն համար, 6 Սակայն արեւուն ծագած ատենը այրեցաւ ու արմատ չունենալուն համար չորցաւ։ 7 Ուրիշ մը ինկաւ փուշերու մէջ եւ փուշերը ելան ու խեղդեցին զանիկա ու պտուղ չտուաւ։ 8 Ուրիշներ ինկան աղէկ հողի մէջ ու պտուղ տուին, որ ելան ու մեծցան եւ կը բերէին մէկուն տեղ երեսուն, մէկուն տեղ՝ վաթսուն, մէկուն տեղ՝ հարիւր»։ 9 Ու կ՚ըսէր. «Ան որ լսելու ականջ ունի՝ թող լսէ»։
10 Երբ առանձինն էր, իր քով եղողները՝ տասներկուքին հետ մէկտեղ՝ հարցուցին իրեն այս առակին մասին։ 11 Յիսուս ըսաւ անոնց. «Ձեզի տրուած է գիտնալ Աստուծոյ թագաւորութեան խորհուրդը, բայց անոնց՝ որ դուրսէն են, ամէն բան առակներով կ՚ըլլայ. 12 Որպէս զի տեսնելով տեսնեն՝ ու չտեսնեն եւ լսելով լսեն՝ ու չիմանան, որպէս զի չըլլայ թէ դարձի գան եւ իրենց մեղքերուն թողութիւն ըլլայ»։
13 Ապա ըսաւ անոնց. «Այս առակը չէ՞ք գիտեր. ուրեմն ի՞նչպէս պիտի գիտնաք բոլոր առակները։ 14 Սերմ ցանողը խօսքը կը ցանէ։ 15 Ճամբուն քովինները անոնք են, որոնց մէջ խօսքը կը ցանուի ու երբ լսեն, շուտ մը Սատանան կու գայ եւ անոնց սրտերուն մէջ ցանուած խօսքը կը հանէ։ 16 Ապառաժուտ տեղերու վրայ ցանուածները անոնք են, որ երբ լսեն խօսքը, շուտ մը ուրախութեամբ կ՚ընդունին զանիկա, 17 Բայց իրենց մէջ արմատ չունենալով՝ քիչ ժամանակ կը տեւեն, ետքը երբ նեղութիւն կամ հալածանք ըլլայ խօսքին համար, շուտ մը կը գայթակղին։ 18 Փուշերուն մէջ ցանուածները անոնք են, որ երբ խօսքը լսեն, 19 Աշխարհիս զբաղմունքներն ու հարստութեան խաբէութիւնները եւ ուրիշ բաներու ցանկութիւններ մէջ մտնելով, խօսքը կը խեղդեն ու կ՚ըլլան անպտուղ։ 20 Իսկ աղէկ հողի մէջ ցանուածները անոնք են, որ խօսքը կը լսեն եւ կ՚ընդունին ու պտուղ կու տան՝ մէկուն տեղ՝ երեսուն, մէկուն տեղ՝ վաթսուն ու մէկուն տեղ՝ հարիւր»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Թող Աստված օրհնի Հանապազօրյա Հաց հաղորդաշարի միաբան մասնակիցներին, որոնք կազմ ու պատրաստ սպասում են ամեն օր Աստծու խոսքի սերտողությանը: Թող Աստված ձեր տքնության փոխարեն անթառամ պսակներով զարդարի ձեզ: Մենք ժամանակների սկզբում չենք, մեջտեղից էլ անցել ենք, և մոտենում ենք վերջին, հետևաբար դուք ճիշտ ճանապարհի վրա եք, որ քայլում եք Աստծու խոսքով: Որովհետև միայն վերջում է, որ մեր հավատքը քննության է ենթարկվելու: Եթե ե՛ս էլ չասեմ, դուք լա՛վ գիտեք, որ հավատը դժվար ընկալելի մի բառ է և հավատի տեսակները չափազանց շատ են: Մեկը հավատում է, որ Աստված կա: Մեկը հավատում է Աստծուն: Մեկի հավատքը ծեսերով է պայմանավորված, Մյուսի հավատը ժողովրդական մասի վրա է; Մեկ ուրիշը ասում է ես իմ մեջ եմ հավատում իմ Աստծուն և այլն և այլն: Սակայն Տէր Հիսուս Քրիստոս հստակ բանաձև ունի Իրեն հավատալու մասին, որն ասում է,- «Ո՛վ իմ պատվիրաններն ընդունում եւ դրանք պահում է, նա է, որ ինձ սիրում է. եւ ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հօրից. ես էլ նրան պիտի սիրեմ եւ ինձ պիտի յայտնեմ նրան»:Հովհ, 14:21 Երբ մենք հավատում ենք, որ Աստված կա, և բավարարվում ենք դրանով, դա մեզ փրկություն չի բերի: Մեր հավատքը պետք է լինի ո՛չ թե Աստծու գոյության, այլ մեր հավատքը պետք է ուղղված լինի հենց Աստծո՛ւն, Նրա աշխարհ գալու նպատակին, Նրա ամեն մի խոսքին ու պատգամին, որոնք ուղղված են մեզ;
Որոնցից մեկն էլ այսօրվա մեր սերտողության սիրելի առակն է Սերմնացանի մասին;
Առաջին երեք գլուխներում մենք տեսանք տարաձայնություններ՝ Քրիստոսի և փարիսեցիների միջև ուսուցման ձևի և բժշկությունների վերաբերյալ, որի հիմնական պատճառը դրանք շաբաթ օրով ժողովարանում անելու համար էր: Սակայն մենք տեսնում ենք ուսուցումներ ժողովարանից դուրս, երբ փարիսեցիները դարձյալ խնդիր են առաջացնում, իրենց կասկածամտության վերաբերյալ; Այս առակը բացահայտում է նաև փարիսեցիներ կուրությունը Աստծու խոսքի հանդեպ:
Այս առակը պատմելու համար Տէր Հիսուս դարձյալ նավակ է մտել, իսկ ժողովրդի բազմությունը ծովեզերքի ամբողջ տարածքով է: Սիրելիներ, այստեղ ակնհայտ է հրաշքը, քանի որ ծովի աղմուկից հնարավոր չէ լսել ձայնը, հետևաբար ծովը խաղաղվում է իր Տիրոջ ոտքերի տակ, ինչպես նախորդ անգամ ևս նշեցի: Այլ կերպ անկարելի կլիներ, որ այդ բազմությունը ամբողջությամբ լսեր Հիսուսի խոսքը: Ես ձեզ համար կարդացի սերմնացանի առակը, որը դուք շատ անգամ եք լսել հավանաբար: Նախորդ սերտողությունների մեջ էլ բավական հանգամանալից անդրադարձել ենք առակի մանրամասներին: Փորձենք այս անգամ ուրիշ տեսանկյունից նայենք առակին՝ համեմատելով մեր կյանքին: Այս առակը հասկանալու համար հիմք է հանդիսանում առակի վերջի տողը, թե՝ Ո՛վ որ լսելու ականջ ունի, թող լսի: Ամեն ինչ կախված է նրանից, թե մենք Աստծու խոսքը ինչպե՞ս ենք լսում: Ունե՞նք արդյոք այդ ականջից:
Ցանկացած առակ իր մեջ պարունակում է երեք գլխավոր ուղղություն: Առաջինը առակի պարզ միտքն, որ լսելիս հասկանում ենք իր ուղիղ իմաստով: Երկրորդը՝ ակնարկն է, մի բան հասկացնելու համար է ասվում: Երրորդը՝ այլաբանությունն է, ինչպես որ սերմը Աստծու խոսքն է: Չորրորդը՝ գաղտնիքն է, որ բացվում է հասկանալուց հետո: Օրինակ ինչպես Երգ- Երգոցը: Տէր Հիսուս Իր աշակերտներին ասում է ձեզ է տրված իմանալու Աստծու արքայության գաղտնիքները, խորհուրդները, իսկ ձեզնից դուրս մարդկանց համար կլինի միայն առակներով: Ի՞նչ է տալիս մեզ այս առակը կարդալիս, մեր կյանքը ապրելու համար: Առաջին բանը, որ հասկացանք, դա պարզ ձևն է, որ սերմնացանը իր սերմը ցանեց հողի մեջ, ինչը բոլորս էլ արել նք ինչ որ ժամանակ:
Սակայն միշտ չէ, որ պետք է բավարարվել պարզ ձևով; Նաև միշտ չէ, որ սերմը միայն հողում են ցանում: Եթե սերմը Աստծու խոսքն է, ուրեմն դուրս գանք հողից և և տեսնենք Աստծու խոսքը ո՞վ է ցանում, ո՞ւր ցանվում, որտե՞ղ է ընկնում, և ինչպե՞ս է աճում: Աստծու խոսքը այսօր ցանվում է ամենուր՝ տանը, եկեղեցիներում, մեծ դահլիճներում, ճեմարաններում, հոգևոր հաստատություններում, համացանցում, սոցիալական բոլոր ցանցերում և այլն; Սակայն Տիրոջ ակնկալած չորրորդ տեսակի արդյունքը չկա: Որտե՞ղ է խնդիրը: Ինչո՞ւ առատ չէ Աստծու խոսքի տված պտուղը ժողովրդի մեջ: Սերմը միշտ ժամկետի մեջ է, միշտ ծլունակ է, միշտ բարեբեր է, միշտ որակյալ է...
Սոցիալական ցանցերում Աստծու խոսքի սերմը կարելի է տեսնել յուրաքանչյուր ակնթարթը մեկ: Աղոթքների առատությունը ապշեցուցիչ է, հոգևոր նկարների պակաս չունենք, Քրիստոսի և Աստվածածնի պատկերները ամպերից մինչև տների մեջ հեղեղված են: Գրատներում հոգևոր գրականության պակաս չկա: Սակայն ժողովրդի հոգևոր կյանքը քրիստոնեությունից հեռու է դեռ:
Փորձության մեջ անպատրաստ ենք, միմյանց հանդեպ բարեհաճ չենք, չասելու համար քրիստոնյաները միմյանց նկատմամբ թշնամաբար են տրամադրված:
Մեր հանրության մեջ մեծամասնությամբ առայժմ գործում է Սերմնացանի առակի առաջին երեք տեսակի հողերը: Չորրորդ տեսակի հողն էլ աննկատ է ու չի երևում:
Հիմա վերադառնանք մեր այսօրվա առակի վերջի տողին , որպեսզի գտնենք պատճառը, թե ինչո՞ւ Աստծու խոսքը մեզանում առատ բերք չի տալիս: Ո՛վ լսելու ականջ ունի թող լսի: Ուրեմն մեր ականջները դեռ լսելու ականջներ չե՛ն: Որովհետև հոգևոր քարոզը, աղոթքը, նկարը, Աստծու խոսքը լայքելով պտուղ չենք ստանա, լսելու ականջ է պետք, մաքուր տեսողություն է պետք և սրտի պարարտ հող է պետք:
Սերմնացանի սերմերից մեկն էլ մեր հանապազօրյա Հացն է, որ ընկել է համացանցի մեջ: Առայժմ ես չգիտեմ, թե ի՞նչ պտուղ կունենա մեր արտը, երբ գա բերքահավաքի ժամանակը, բայց հույս ունեմ…
Սիրելիներ Աստծու խոսքը ո՛չ ոքից չի թաքնվում, բոլորին հասանելի է, յուրաքանչյուրը իրավունք ունի այդ սերմից օգտվելու՝ ինչպես ցանելու, այնպես էլ առատ պտուղ հավաքելու: Մեզ պակասում է լսելու ականջ: Իսկ մեր Տէրը գիտեր. որ այդպիսի ականջների կարիք եղե՛լ է, կա՛ և դեռ պե՛տք է լինի: Մեր Աստվածը խոսող Աստված է, Կենդանի Աստված է, և չի լռում Մարդուն ստեղծելուց հետո: Խոսեց Մովսեսի հետ, խոսեց մարգարեների միջոցով, այսօր խոսում է մեզ հետ Իր Որդու միջոցով: Մենք Աստծու խոսքի սերմի պակաս չունենք: Մենք միայն լսելու ականջ չունենք:
Աստծու խոսքի սերմը միշտ պտղատու է, ուղղակի մեր սրտերն են տարբեր, մեր հոգիներ են տարբեր, մեր ընկալումներ են տարբեր և մեր արձագանքն է տարբեր: Մենք աշակերտների նման չենք կարողանում առաջին կանչից արձագանքել, այլ միշտ հետաձգում ենք անորոշ ժամանակով; Մի մասը սիրով լսում են Աստծու խոսքը մի քանի օր, հետո մի ուրիշ հետաքրքիր թեմա շեղում է նրա ուշադրությունը: Կան նաև բարի սրտեր, որոնց մեջ սերմը առատ պտուղ է տալիս՝ 30, 60 և 100: Պետք է փնտրել, գտնել և օգտվել այսպիսի մարդկանցից, որպես հոգևոր ճանապարհ անցածներ:
Սիրելիներ առաջին երեք գլուխներում տեսնում ենք, որ Տէր Հիսուս սովորեցնում է ամեն հնարավոր եղանակներով, և նրա շուրջ կան հիվանդներ, անդամալույծներ և մեղավորներ: Այսինքն Աստծու Արքայությունը նրանց մեջ էր, սակայն այս բոլոր երևույթներ կային: Մարկոսը մեզ սկզբից ներկայացրեց Աստծու Որդուն, Աստծու արքայությունը, Ավետարանը, զղջումը և ապաշխարությունը:
Այս առակից հասկանալի է դառնում Մարկոսի Ավետարանի տրամաբանական շարադրությունը: Ներկա գտնվող ժողովուրդը շատ լավ հասկանում էր առակի պարզ բովանդակությունը, քանի որ բոլորն էլ ցանում էին, բոլորն էի գիտեին առատ բերք ստանալու ուրախությունը, սակայն չէին հասկանում այլաբանությունը, ակնարկը և գաղտնիքը: Մենք սա հասկանում ենք աշակերտների տված հարցից, քանի որ չէին հասկացել առակը: Չհասկացան աշակերտները, որ ջանք է պահանջվում առատ պտղի համար: Տէր Հիսուս նրանց ասաց, որ ձեզ է տրված իմանալու Աստծու արքայության խորհուրդները, իսկ ովքեր ձեզնից դուրս են, ամեն ինչ առակներով կլինի նրանց համար, որպեսզի լսեն ու չհասկանան, որ մի գուցե երբևէ դարձի գան և իրենց ներվի:
Մի՞թե հակասություն կա Աստծու խոսքի մեջ, Միթե Աստված ինչ որ մեկից թաքցնում է Աստծու արքայության խորհուրդները, որպեսզի չհասկանան: Իսկ ովքե՞ր են նրանք, որոնց համար փակ է այս բոլորը: Քրիստոս աշակերտների համար բացում է մի գաղտնիք,ասելով, եթե այս առակը չեք հասկանում , ապա ինչպես կհասկանաք բոլոր առակները: Այսինքն Աստված մեզնից կույր հավատք չի ուզում, այլ կամենում է, որ պրպտենք, հասկանանք խոսքի բարդ դարձվածքները և գտնենք Աստծու Իր խոսքի մեջ: Սերմնացանը ժլատ չէ, նա սերմը ցանում է ամեն տեղ, յուրաքանչյուրը պետք է պահպանի այդ սերմը իր հողի մեջ և մշակի: Ամեն ինչ կախված է մարդու ջանքից՝ այսինքն դարձյալ անդրադառնանք լսելու ականջին: Տեսեք, սիրելիներ, փարիսեցիները կուրորեն հավատում էին իրենց սուրբ գրքերին և չկարողացան հասկանալ իրենց առջև կանգնած խոստացված Մեսիային, որի մասին գրված էր բոլոր գրքերում: Մինչև Քրիստոսի ծնվելը գիտեինք, որ աշխարհ է գալու մարդկության մեղքը վերցնելու համար: Փարիսեցիներն էլ գիտեին այդ մասին, բայց նրանց կույր հավատքը իրենց դարձրեց նաև կույր առաջնորդ և չտեսան Քրիստոսին ու չհասկացան Նրա պատմած առակները: Բոլո՛րը համախմբվեցին Քրիստոսի խոսքի շուրջ, նույնիսկ հեթանոս քաղաքներից եկան, մեղավորներ ու մաքսավորներ եկան, բայց փարիսեցիների ապառաժ սրտերը այդպես էլ մնացին առանց հող և առանց սերմ:
Աշակերտները չհասկացան առակի իմաստը, փարիսեցիները չուզեցին հասկանալ: Իսկ ի՞նչ արեցինք մենք: Հասկացա՞նք արդյոք ամբողջությամբ այս առակը, որը տարիներ շարունակ լսում ենք: Եթե հասկացանք, ինչու քրիստոնյա Հայաստանում պտուղը չի երևում: Նշանակում է մենք էլ չենք հասկացել: Ապա ինչպե՞ս պետք է հասկանանք Աստծու արքայության խորհուրդները:
Երբ քրիստոնյան օրվա ընթացքում լսում է մեկ քարոզ, նայում է մեկ սերիալ, մեկ հումորային անճաշակ հաղորդում, նայում է աշխարհի մոդան, և քաղաքականությունը անպակաս է իր կյանքից, այսպիսի քրիստոնյան չի՛ կարող պտուղ տալ: Քրիստոնյայի կյանքը պետք է ներդաշնակ լինի համացանցում, առօրյայում, տանը և փողոցում, ուտելիս և քայլելիս, հյուր ընդունելիս և գնալիս: Կարդացածի և ապրածի միջև տարբերություն պետք է չլինի: Մեր սրտերի հողը շուտով կդառնա ապառաժ, եթե մենք հոգ չտանենք մեր սրտերի մասին; Մենք շատ տարբեր մոտեցում ունենք Աստծու խոսքի վերաբերյալ՝ ըստ մեր սրտի խորության: Այստեղ է գաղտնիքը, որ մենք արդյունք չենք ունենում; Մենք չենք արձագանքում Աստծու խոսքի առաջին լսածին, առաջին տեսածին, առաջին կանչին և մեր մեջ փուշն ու տատասկը խեղդում են մեր ունեցած սերմը:
Սիրելիներ, մենք այսօր չունենք ոչ մի հալածանք մեր հավատի հանդեպ, գուցե դա է խանգարում, որ մենք չունենք լսելու ականջ: Մի՞թե պարտադիր է, որ մենք հայտնվեք Եգիպտոսի գերության մեջ, հետո գնահատենք մեր ազատությունը: Խորհենք այս մասին, քանի դեռ ունենք այդ հնարավորությունը, ժամանակը, իրավունքը և Աստծու շռայլ ողորմությունը: Ավարտեցին սերմնացանի առակի մեզ վերաբերող հատվածների սերտողությունը: Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն և Նրա փառք հավիտյան; Ամեն.
Հարց. Ինչո՞ւ Թովմասի կասկածը ներվեց, իսկ քահանայապետինը՝ ոչ: (Պատասխան՝ Որովհետև Թովմասը հավատաց և ձեռքը չերկարեց ստուգելու համար, իսկ քահանայապետ խաչի վրա հրաշք էր ուզում:)