ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Ավետարան ըստ Ղուկասի 4.14-30
Գործք առաքելոց 5.34-6.7
Հակոբոս առաքյալի թուղթը 3.1-12
Ավետարան ըստ Հովհաննեսի 1.1-17
Ավատարան ըստ Մարկոսի. 3:22-35
ՅԻՍՈՒՍ ԵՒ ԲԷԵՂԶԵԲՈՒՂԸ
20 Տուն մը գացին։ Նորէն ժողովուրդը ժողվուեցաւ, այնպէս որ հաց ուտելու ալ ժամանակ չկրցան գտնել։ 21 Երբ իրենները լսեցին, ելան որ զինք բռնեն. քանզի կ՚ըսէին. «Խելռած է»։ 22 Այն դպիրները, որոնք Երուսաղէմէն իջեր էին, կ՚ըսէին թէ «Ասոր ներսիդին Բէեղզեբուղ կայ եւ դեւերուն մեծ իշխանովը դեւերը կը հանէ»։ 23 Յիսուս զանոնք կանչելով՝ առակներով ըսաւ անոնց. «Ի՞նչպէս կրնայ Սատանան սատանայ հանել։ 24 Եթէ թագաւորութիւն մը իրեն դէմ բաժնուի, այն թագաւորութիւնը չի կրնար կենալ։ 25 Եթէ տուն մը իրեն դէմ բաժնուի, այն տունը չի կրնար կենալ։ 26 Եթէ Սատանան իրեն դէմ ելած ու բաժնուած է, անիկա չի կրնար կենալ, հապա անոր վերջը հասած կ՚ըլլայ։ 27 Մէկը չի կրնար զօրաւոր մարդու մը տունը մտնելով անոր կարասիները յափշտակել, եթէ առաջ զօրաւոր մարդը չկապէ ու ետքը անոր տունը կողոպտէ։ 28 Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի թէ՝ «Ամէն մեղք պիտի ներուի մարդոց որդիներուն եւ հայհոյութիւնները՝ որչափ որ հայհոյեն. 29 Բայց ով որ Սուրբ Հոգիին դէմ հայհոյէ, յաւիտեան թողութիւն պիտի չունենայ, հապա յաւիտենական դատաստանին պարտաւոր պիտի ըլլայ»։ 30 Վասն զի կ՚ըսէին պիղծ ոգի կայ անոր ներսիդին։
31 Ետքը անոր մայրը ու եղբայրները եկան ու դուրսը կայնելով՝ մարդ ղրկեցին ու կանչեցին զանիկա։ 32 Ժողովուրդը, որ անոր բոլորտիքը նստեր էր, իրեն ըսին. «Ահա քու մայրդ ու եղբայրներդ դուրսը կայներ են եւ քեզ կ՚ուզեն»։ 33 Անիկա պատասխան տուաւ անոնց ու ըսաւ. «Ո՞վ է իմ մայրս կամ որո՞նք են եղբայրներս»։ 34 Ու իր բոլորտիքը նստողներուն նայելով՝ ըսաւ. «Ահա իմ մայրս ու իմ եղբայրներս. 35 Վասն զի ով որ Աստուծոյ կամքը կը կատարէ, անիկա է իմ եղբայրս եւ քոյրս ու մայրս»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Երեկվա մեր միտքը ավարտեցինք այնտեղ, որ Քրիստոսի յուրայինները Նրան մեղադրում են խելքը կորցնելու մեջ: Քրիստոսի յուրայիններ ասելով հասկանում ենք հրեա ազգին և կարող ենք հասկանալ նաև իր ազգականներին: Քանի որ Հովհաննեսի Ավետարանն ասում է եկավ յուրայինների մոտ, յուրայինները Նրան չընդունեցին, իսկ մենք գիտենք, թե ովքեր չընդունեցին Հիսուսին;
Սակայն կա մեկ այլ տեսակետ, որ Քրիստոսի յուրայինները հայր Հովսեփի որդիներն էին, որոնք մտահոգ էին այդ հոծ բազմության հավաքվելու պատճառով և քանի որ դեռ հոգևոր գիտակցություն չունեին, անհանգստանում էին Քրիստոսի անձի համար և ուզում էին նրան առանձնացնել ժողովրդից:Այդ էր պատճառը, որ նրանք Մարիամի հետ եկել էին Հիսուսի մոտ:
Իսկ այսօրվա համարների մեջ կարելի է ավելի շատ ենթադրել, որ այդ յուրայինները նույն փարիսեցիներն ու օրենսգետներն էին, որոնք եկել էին Երուսաղեմից: Եթե հիշում եք, մենք նախորդ սերտողությունների մեջ խոսել ենք այս մասին, որ փարիսեցի և օրենսգետ կար ամեն քաղաքում և գյուղում, սակայն Երուսաղեմից եկած փարիսեցիները ավելի կրոնամոլ և ցուցամոլ էին, հավանաբար նաև բնակավայրի պատճառով էին այդքան հպարտ: Ինչո՞ւ որոշեցին Երուսաղեմից գալ Կափառնաում քաղաք: Որովհետև լսել էին, որ ժողովրդի բազմությունը հավաքվել է այդտեղ բոլոր ծայրամասերից և Քրիստոս բժշկում է նրանց; Նախանձը նրանց ստիպեց, որպեսզի գալով՝ ազդեն Նրա ժողովրդականության վրա և ժողովրդին հեռացնեն Նրանից, այս անգամ արդեն ավելի լուրջ մեղադրանքի մեջ զրպարտելով;
Երուսաղեմից եկած ,,հոգևոր հեղինակությունները,, հավանաբար խորհուրդ էին արել և որոշել էին այս անգամ էլ Քրիստոսին ամբաստանեն Բէեղզեբուղի անվան հետ կապելով, իբրև թե Քրիստոս դևերի իշխանի միջոցով է հանում դևերը: Բէեղզեբուղը հեթանոսական աստվածներից մեկի անունն է, որը խորհրդանշում է սատանայի իշխանին; Սակայն այս անգամ էլ Հիսուս Քրիստոս ո՛չ թե արդարանում է, այլ փարիսեցիներին պատասխանում է իրենց պատկերացումների համաձայն, հարցնելով,- Ինչպե՞ս կարող է սատանան սատանային դուրս հանել: Սատանային նպատակը միայն Աստծու զավակներին վնասելն է, ո՛չ թե օգնելը, եթե Քրիստոս դևի օգնությամբ է դև հանում, ուրեմն դևի իշխանությունը ոչնչանում է:
Հետևաբար բացատրում է նրանց իրենց լեզվով: Այսինքն եթե դուք կարծում եք, որ սատանան ընդդիմություն է Բարձրյալի համար, ապա ուրեմն ինչպե՞ս կարող է նա ինքն իրեն դուրս հանել: Դարձյալ նրանց հետ խոսում է առակներով, որ մի տուն չի կարող ինքն իր մեջ բաժանվել և կանգուն մնալ և ո՛չ էլ որևէ թագավորություն կարող է մասերի բաժանվել և կանգուն մնալ: Իսկ եթե սատանան իր դեմ դուրս գա, և իր մեջ բաժանվի, ուրեմն նրա վախճանը մոտեցել է: Եթե սատանայի իշխանությունը իր մեջ բաժանվի, նրանք չեն կարող մարդկանց դժոխք ուղղորդել:
Այստեղ Քրիստոս նրանց ասում է մի ճշմարտություն, որը բխում էր փարիսեցիների շահերից, եթե՛ հասկանային խորը իմաստը և առավել ես վտանգը: Սակայն ինչպես տեսանք նրանք չուզեցին հասկանալ մինչև վերջ, ինչպես որ չընկալեցին սատանայի իր մեջ բաժանման հարցը:
Մարկոս ավետարանիչը համեմատաբար ավելի պարզ բառերով է նկարագրել Քրիստոսի այս խոսքերը, թե,- Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարդկանց որդիներին, որքան էլ հայհոյեն, ամեն մեղք և հայհոյանք կներվի, բայց ո՛վ հայհոյի Սուրբ հոգուն, հավիտյանս թողություն չի ունենա, այլ նա հանցապարտ պիտի մնա հավիտենական մեղքով: Այս խոսքերը ասաց Տէր Հիսուս այն բանից հետո, երբ ասացին, թե քո մեջ դև կա: Մարգարեն ասում է, եթե մարդը մարդու դեմ մեղանչի, Աստծուց ներողություն կխնդրի, իսկ եթե Աստծու դեմ մեղանչի, ումի՞ց պետք է ներողություն խնդրի:
Սիրելիներ այստեղ խոսքը անգետ մարդկանց մասին չէ, այլ՝ ուսյալ, սուրբ գրքերին լավատեղյակ փարիսեցիների մասին է, նրանք շատ լավ էին հասկանում, թե ի՛նչ նկատի ուներ Հիսուս Քրիստոս, այս խոսքերը ասելիս: Սա ևս մեկ զգուշացում էր փարիսեցիներին, նաև մեծ հնարավորություն, որպեսզի նրանք անդրադարձ ունենան իրենց հակառակության հոգուն և կորստյան չմատնվեն, քանի որ նրանց խոսքը բացահայտ հայհոյություն էր Սուրբ Հոգու հանդեպ, որովհետև այն հրաշքները և իշխանությամբ ասված խոսքերը ուրիշ ո՛չ մեկից չէին լսել դեռ; Ուրեմն ճանաչելով, որ Աստծու Որդին է, և ասում են Քո մեջ դև կա, դա հայհոյություն է Աստծու հանդեպ: Քրիստոսի արարքները վեր էր մարդկային հնարավորություններից ու կարողությունից: Հեևաբար չկա որևէ մեղք, որ չթողնվի մարդկանց, եթե նրանք զղջան սրտանց, նույնպես և չկա հայհոյանք որը չներվի զղջալու դեպքում; Սա կոչ էր փարիսեցիներին՝ զղջման և ապաշխարության;
Կափառնաում քաղաքի մեջ էր Հիսուս Քրիստոս և ժողովրդի բազմությունը նրան շրջապատած լսում էր Նրա վարդապետությունը, երբ լուր բերեցին, թե, Քո մայրն ու եղբայրները քեզ դրսում սպասում են: Քրիստոսի մայրն ու Հովսեփի որդիները կարող էին մտահոգվել այդ բազմության պատճառով, և տեսնելու համար կամենային այցելել այն վայրը որտեղ Հիսուն էր: Այստեղ ո՛չ մի զարմանահրաշ բան չկա: Երբ Հիսուս լուրը լսեց, որ մայրն ու եղբայրները իրեն ուզում են տեսնել, ասաց,- Ո՞վ է իմ մայրը կամ՝ եղբայրները: Ապա նայեց իր շուրջը նստած աշակերտներին և ասաց,- Ահավասի՛կ Իմ Մայրը և եղբայրները, որովհետև ո՛վ Աստծու կամքն է կատարում, նա՛ է իմ եղբայրը, քո՛ւյրը և մա՛յրը: Պատասխանը շատ հստակ է, եթե մեզ ծանոթ է Ավետարանը, իսկ եթե առաջին անգամ լսենք այսպիսի արտահայտություն, հարց կառաջանա, մի՞թե արյունակցական կապը որևէ նշանակություն չունի: Սակայն այդտեղ առաջին անգամ պետք ձևավորվեր քրիստոնեական մի մեծ նոր ընտանիք՝ մայրերից, քույրերից ու եղբայրներից կազմված:
Ովքեր Քրիստոսի այս պատասխանի մեջ չար միտում են փնտրում, թող Աստված լուսավորի իրենց մտքերը և նորից կարդան հա՛տկապես 35 համարը, որն ասում է որովհետև ո՛վ Աստծու կամքն է կատարում, նա՛ է իմ եղբայրը, քույրը և մայրը:: Հիմա փորձենք ավելի հանգամանալից հասկանալ այս խոսքերի իրական իմաստը, ո՛չ թե այս մեկ տողի մեջ, այլ՝ Ավետարանի ողջ կոնտեքստում: Նախ վերհիշենք, որ Աստծու կամքը կատարողներից առաջինը Մարիամ Աստվածած ինն էր, որ խոնարհությամբ հնազանդվեց հրեշտակի ավետմանը և կատարեց Աստծու կամքը: Հետևաբար նրանք, որոնք ասում են, թե Քրիստոս այդտեղ մերժում է իր մորը, թող տեսնեն, որ Քրիստոս ընդունում է իր մորը որպես Աստծու կամքը կատարող: Մենք գիտենք նաև որ Մարիամ Աստվածածինը երեք տարեկանից տաճարում ծանոթ էր Սուրբ Գրքերին և Աստծու կամքին: Հիմա անդրադառնանք Քրիստոսի նախորդ պատգամներին, որն ասում է, ո՛վ իր հորն ու մորը ինձնից առավել է սիրում, ինձ արժանի չէ՛: Երկրորդը՝ ,,Հարգի՛ր քո հո՛րն ու մո՛րը, պատվիրան տվողը չէ՛ր կարող անտեսել Իր մորը: Երրորդ՝ Քրիստոս գիտեր, որ Աստծու խոսքը ուսանելու ժամանակ չի կարելի ընդհատել, եթե որևէ լուրջ պատճառ չկա:
Նախորդ ուսուցման ժամանակ Հիսուս ընդհատեց քարոզը, որովհետև ժողովարանում ձեռքը չորացած մարդուն բժշկեց, իսկ այս պարագայում ուղղակի մայրն ու եղբայրները կամենում են իրեն տեսնել: Իսկ գուցե Մարիամ Աստվածածինը Հովսեփի որդիներին բերել էր, որ իրենք էլ լսեին, կամ հետևեին Հիսուսին; Մենք չգիտենք, թե ինչո՞ւ էին եկել, հազար ու մի պատճառ կարող էր լինել այդտեղ գալու:
Եթե ի մի բերենք մեր ասելիքը, հայտնի կդառնա, որ Քրիստոս գիտեր պատվիրանների հերթականությունը և շատ հաճախ էր մարդկանց հիշեցնում, որ առաջին և գլխավոր պատվիրանն է՝,,Սիրիր քո Տէր Աստծուն, և երկրորդը սրա նման է, սիրիր քո մերձավորին,,: Այսինքն սա խրատ է նաև մեզ համար, որ Աստծու խոսքը լսելիս, առաջին հերթին կենտրոնանանք մեր լսելիքի վրա, հետո այլ գործերի: Նախապատիվ տեղը հատկացնենք Աստծու խոսքին, հետո մնացածին:
Իսկ Հիսուս Քրիստոսի որդիական հարգալից վերաբերմունքը Իր մոր նկատմամբ մենք տեսնում ենք խաչի վրա, տառապանքի ժամին, երբ հանձնարարում է Հովհաննեսին՝ հոգ տանել Իր մոր մասին: Այս երևույթը վեր է որևէ մեկնաբանությունից: Միայն խստասիրտ մարդը կարող է չհասկանալ, և չհավատալ սրան:
Հիմա անդրադառնանք մեկ այլ կարևոր փաստի վրա: Տեսնենք, թե ովքե՞ր են Քրիստոսի շուրջ հավաքված մարդիկ: Նրա շուրջն են Տասներկու նորընտիր աշակերտներ, որոնք դեռ տկար են հավատքի մեջ և զարմանում են Քրիստոսի ամեն մի բառից, հրաշքից ու բուժումից, որ տեսնում են: Քրիստոսին շրջապատել է ժողովրդի բազմությունը, որը միայն բուժման հրաշք է ակնկալում: Քրիստոսին հետապնդում են փարիսեցիները, օրենսգետները և քահանայապետները, իրենց նախանձից դրդված և չար միտումներով; Հաշվի առնենք, թե ինչ պայմաններում է ուսուցանում մեր Տէրը, երբ խանգարող հանգամանքները ավելի շատ են, քան Իրեն լսողները:
Ի՞նչ կարող ենք մենք սովորել այսօրվա ընթերցվածքից: Որպեսզի Ավետարանի որևէ հատված մեզ առավել հասկանալի դառնա, մենք նախ պետք է լսենք ուշադիր, և մասնակից լինենք այդ իրադարձությանը՝ մեզ տեսնելով ներկա գտնվողների մեջ: Կոնկրետ այս պարագայում փնտրենք մեզ վերը նշված մարդկանց շարքում; Ժողովրդի բազմության մե՞ջ ենք, որ միայն հրաշք է ակնկալում: Աշակերտնե՞րի մեջ ենք, որոնք համակ ականջ դառած լսում և հիանում են Վարդապետի ուսուցմամբ; Թե՞ փարիսեցիների մեջ ենք, և անվերջ կասկած ենք ենք ունենում ցանկացած մտքի վրա: Ո՛չ միայն այս, այլ նաև հաջերդ թեմաներին անդրադառնալիս, փնտրենք մեզ Հիսուսին շրջապատող մարդկանց մեջ, և եթե մեր տեղը բացասական է, տեղափոխվենք դրական կերպարների մեջ՝ Տիրոջ ողորմությունը խնդրելով:
Սիրելիներ, Աստվածաշունչը երբեք չի ապացուցում, որ Աստված կա, որովհետև Աստված դրա կարիքը չունի, դա մեզ է պետք, որ փնտրենք, գտնենք, օգտվենք, փոխանցենք և փրկվենք գեհենի կրակից:
Ավարտեցինք նաև Մարկոսի Ավետարանի երրորդ գլուխը, և Տիրոջ ողորմությամբ հաջորդ սերտողությունը կլինի չորրորդ գլուխը: Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն և նրան փառք հավիտյան:
Հարց. Ո՞վ կարող է համարվել Քրիստոսի մայր, քույր, եղբայր: