ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Առակներ 8.4-11 Եսայու մարգարեությունը 40.3-8
Մաղաքիայի մարգարեությունը 4.4-6
Գործք առաքելոց 13.25-33
Ավետարան ըստ Մարկոսի 6.14-29
Ավետարան ըստ Մարկոսի. 3:7-21
ԲԱԶՄՈՒԹԻՒՆ ՄԸ ԼՃԻՆ ՔՈՎ
7 Յիսուս իր աշակերտներուն հետ ծովեզերքը գնաց եւ շատ բազմութիւն անոր ետեւէն գացին Գալիլիայէն ու Հրէաստանէն, 8 Եւ Երուսաղէմէն ու Եդովմէն եւ Յորդանանի անդիի կողմէն ու անոնք ալ որ Տիւրոսի ու Սիդոնի շրջակայ տեղերէն էին, մեծ բազմութեամբ, երբ լսեցին ինչ որ կ՚ընէր։ 9 Յիսուս իր աշակերտներուն ըսաւ որ նաւակ մը պատրաստեն իրեն համար՝ ժողովուրդին բազմութեանը պատճառաւ, որպէս զի զինք չնեղեն։ 10 Քանզի շատերը բժշկեց, այնպէս որ ցաւ ունեցողներ վրան կը դիզուէին, որպէս զի իրեն դպչին։ 11 Պիղծ ոգիները երբ զինք կը տեսնէին, կ՚իյնային իր առջեւ, կը կանչուըռտէին ու կ՚ըսէին. 12 «Դուն ես Աստուծոյ Որդին»։ Ինք սաստիկ կը յանդիմանէր զանոնք, որ զինք չյայտնեն։
13 Յիսուս լեռը ելլելով՝ իր ուզածները իրեն կանչեց ու գացին անոր քով։ 14 Տասներկու հոգի ընտրեց, որպէս զի իրեն հետ ըլլան, որպէս զի զանոնք ղրկէ քարոզելու։ 15 Ու իշխանութիւն տուաւ ցաւերը բժշկելու եւ դեւերը հանելու։ 16 Սիմոնին անունը Պետրոս դրաւ. 17 Եւ Զեբեդեան Յակոբոսին ու Յակոբոսին եղբօրը Յովհաննէսին անունները Բաներեգէս դրաւ, որ ըսել է՝ «Որդի որոտման». 18 Անդրէասն ու Փիլիպպոսը, Բարթողիմէոսն ու Մատթէոսը, Թովմասն ու Ալփէոսեան Յակոբոսը, Թադէոսն ու Սիմոն Կանանացին 19 Եւ Յուդա Իսկարիովտացին, որ յետոյ մատնեց զանիկա։
20 Տուն մը գացին։ Նորէն ժողովուրդը ժողվուեցաւ, այնպէս որ հաց ուտելու ալ ժամանակ չկրցան գտնել։ 21 Երբ իրենները լսեցին, ելան որ զինք բռնեն. քանզի կ՚ըսէին. «Խելռած է»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. այսօր շաբաթ է, և մեր եկեղեցին շաբաթ օրը հատկացրել սրբերի հիշատակության համար: Այսօր Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն. Նա Քրիստոսին նախորդած և Նրա գալուստը վկայող ամենամեծ մարգարեն էր: Նրա մասին Ինքը Տերն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի ելել»:
Շնորհավորում եմ Հովհաննես անուն և ազգանունը կրող հայորդիներին իրենց անվանակոչության օրվա առթիվ: Սրբի բարեխոսությամբ թող Աստված ձեզ պարգևի Հովհաննես Մկրտչի արդարամտությունն ու քաջությունը ձեր քրիստոնեական կյանքի մեջ, որպեսզի դուք էլ այլոց համար լինե՛ք դեպի Քրիստոս տանող ճանապարհ հարթող քրիստոնյա:
Սիրելիներ, այսօրվա մեր սերտողությունը սկսում ենք երրորդ գլխի յոթ համարից, որտեղ ավետարանիչը նկարագրում է այն մեծ բազմությունը, որ հավաքվել էր Հիսուսի շուրջ՝ եկած Գալիլիայից, Հրեաստանից, Երուսաղեմից, Հորդանանի մյուս կողմից և նաև Տիուրոսի և Սիդոնի շրջակայքից: Մենք գիտենք, որ այս վերջին տարածաշրջանները հեթանոսական շրջաններ են, և Տէր Հիսուս չի մերժում նաև հեթանոսներին, որոնք եկել էին իրեն լսելու: Ժողովրդի բազմությունից խուսափելու համար Տէր Հիսուս նավակ պատվիրեց աշակերտներին, որպեսզի մարդիկ Իրեն չնեղեն; իսկ նավակի մեջ մտնելով կարող էր նրանց դիմաց, ծովի մեջ և հանգիստ խոսել և ժողովուրդը իրեն չէր խանգարի: Այս երևույթը տարածված է նաև մեր հայ հավատացյալների շրջանում, երբ իրենց մոտ է գալիս իրենց սիրելի քարոզիչը, իրենք էլ այսպես շրջապատում են նրան՝ նեղելու աստիճան երբեմն:
Սակայն Հիսուս գտավ պարզ ելքը և նավակ մտնելով կանգնեց նրանց դիմաց, հատկապես երբ ծովը խաղաղ է: Իսկ ծովը խաղաղվում է իր կործանարար փոթորկախառն ալիքներից, երբ իր վրա զգում է աշխարհի խաղաղության Տիրոջը և ծովերը ստեղծողին: Իսկ ծովը ինքնին ունի այդ հրաշք հատկությունը՝ ձայնը արձագանքելու: Դրանում համոզվում ենք, քանի որ բազմությունը լսում է Քրիստոսի քարոզությունը առանց որևէ օժանդակ միջոցի:
Քրիստոսի համբավը բժշկությունների և հրաշքների պատճառով տարածվեց շատ արագ և լուրը անընդհատ տարածվում էր ամենուր: Մարկոսը այս գլխում էլ արձանագրում է, որ պիղծ ոգիները, երբ Նրան տեսնում էին, ընկնում էին Նրա առաջ և երկրպագում էին Նրան: Բարձրաձայն դավանում էին Քրիստոսին որպես Աստծու Որդի, իսկ Քրիստոս արգելում էր նրանց՝ Իր ինքնությունը հայտնելու համար: Նախորդ գլխում անդրադարձանք, թե ինչո՞ւ էր արգելում: Բայց քանի որ ամեն օր մեզ նոր միացողներ են լինում, հետևաբար ես որոշ տեղեկություններ հաճախ կրկնում եմ, որպեսզի նորեկների համար նույնպես հասկանալի լինի նախորդ մտքերը: Հիսուս Քրիստոս չէր կամենում, որ առաջինը պիղծ ոգիները ճանաչեն Իրեն և դավանեն, և հետո մարդիկ հետևեն նրանց խոսքին: Նա հատկապես քահանայապետներից էր ակնկալում, և ազատ կամքի տեր մարդկանցից, որ դավանեն Իրեն և ժողովրդին պատրաստեն՝ Իրեն դավանելու: Որպեսզի կատարվի մարգարեություններում իր մասին գրվածները, թե գալու է Մեսիան, որին սպասում են: Հիշո՞ւմ եք Մատթևոսի Ավետարանի 16 րդ գլխում, երբ Պետրոսը դավանեց Հիսուսին որպես Աստծու Որդի, Տէր Հիսուս ասաց նրան,- Սիմոն, որդի Հովնանի, մարմինն ու արյունը չէր, որ հայտնեց քեզ այդ մասին, այլ Իմ Երկնավոր Հայրը: Հարց է առաջանում, իսկ պիղծ ոգիներին ո՞վ է հայտնում, որ Աստծու որդին է; Գուցե նույնպես երկնավոր Հայրը հայտնեց, չէ՞ որ նրանք սկզբից հրեշտակներ են եղել: Աստված որևէ չար ոգի չի ստեղծել: Իսկ այս պիղծ ոգիները ճանաչում են, որ Նա Աստծու Որդին է և դավանում են; Ամեն ինչ, որ ստեղծեց Աստված, ասաց,- բարի է: Հետևաբար որևէ չար բան Աստծու հետ առնչություն չունի: Քրիստոս ինքը պատվիրեց, որ չլսենք կեղծ մարգարեներին և սուտ քարոզիչներին, այլ՝ Սուրբ Գիրքը և ուղղափառ վարդապետությունը թող լինի մեզ հիմք՝ մեր հավատի համար:
Գնալով ժողովրդի բազմությունը մեծանում և Հիսուս Քրիստոս մենակ է նրանց առջև: Հետևաբար սկսում է ընտրել այլ աշակերտներ Իր ցանկությամբ և նրանց վերցնելով բարձրանում է լեռը, որպեսզի ազատ լինի առժամանակ ժողովրդի բազմությունից, և աշակերտներին պատրաստի նախ՝ իր շուրջ լինելու, քարոզելու, դևեր հանելու և բժշկություններ կատարելու: Մարկոս ավետարանիչը այստեղ հստակ տալիս է նկարագրությունը, թե ի՞նչ է առաքյալների պարտականությունը: Նրանք պետք է քարոզեին Աստծու արքայության մասին, որը բերել էր Ինքը՝ Քրիստոս մարդկության համար:
Տէր Հիսուս քարոզելու պարտականությունից զատ աշակերտներին տվեց նա՛և երկու կարևոր շնորհ՝ հիվանդներ բժշկելու և դևեր հանելու կարողություն, որպեսզի նրանք իրենց քարոզությունը փաստեն բժշկությամբ և դևեր հանելու հրաշքով, ինչը որ անում էր Տէր Հիսուս: Քանի որ բոլոր մարդիկ չեն, որոնք Աստծու խոսքով են հետևում Քրիստոսին, շատերը հրաշքների և բժշկությունների պատճառով էին գնում Նրա հետևից: Պաղեստինում բազմաթիվ էին կեղծ մարգարեները, որոնք մեծ գումարների դիմաց, ժողովրդին խաբում էին, խոստանալով նրանց՝ քաղաքական և տնտեսական ազատություն: Մարդիկ հավատում էին նրանց, սակայն կեղծ մարգարեները որևէ բժշկություն անելու շնորհ չունեին: Այդ պատճառով Հիսուս աշակերտներին տվեց նախ՝ քարոզելու, ապա բժշկելու և դևեր հանելու շնորհը, որպեսզի հանրությունը զանազանի կեղծ մարգարեներին՝ աշակերտներից: Աշակերտներն էլ ժողովրդին քարոզելով, պետք խոսեին Աստծու արքայության մասին, ինչը այդքան կեղծիքի մեջ անհավանական բարբաջանք կթվար: Մի խոսքով Տէր Հիսուս աշակերտներից ընտրեց ո՛ւմ որ ուզեց և նրանց տվեց իշխանություն և շնորհ՝ շատ կարևոր հերթականությամբ: Ուշադրություն դարձրե՛ք, թե ինչպիսի՞ կարգով է տալիս դրանք: Նախ՝ որ աշակերտները Իր շուրջը լինեն, ապա քարոզելու շնորհ և վերջում՝ բժշկելու և պիղծ դևեր հանելու իշխանություն: Եթե այսօր մեզ հարցնեին, մենք անպայման կասեինք առաջինը բժշկելու շնորհը թող տա, որ շուտ լավանանք, սակայն մեր Տէրը այլ կերպ է մարդուն դաստիարակում: Ինչպես որ ասում էր Տէր Հիսուս , հունձը առատ էր և մշակներ էլ սակավ էին, և Ինքը համալրեց աշակերտների թիվը:
Այս լեռան վրա էր, որ Սիմոնի անունը Պետրոս դրեց և Զեբեդեոսի որդիներ Հովհաննեսին և Հակոբոսին տարօրինակ անունով կոչեց, անվանելով Բաներեգէս, որը հունարեն թարգմանաբար նշանակում է Որոտման որդիներ: Մեկնիչների համար շատ հասկանալի չէ այս անվան նշանակությունը, սակայն տեսակետ կա, որ երկու եղբայրները իրենց նախանձախնդրության և Քրիստոսի հանդեպ ունեցած իրենց վերաբերմունքի համար են կոչվել որոտման որդիները: Քանի որ այս երկու եղբայրներն էին, որ Քրիստոսին ասացին,- կուզե՞ս երկնքից կրակ իջեցնենք և այրենք նրանց, որոնք Քրիստոսին արգելում էին իրենց կողմերով անցնել:
Սրանք առաջին ընտրած աշակերտներն էին: Այնուհետև Ընտրեց նաև Անդրեասին և Փիլիպոսին, Բարդուղիմեոսին և մաքսավոր Մատթևոսին, որը Ղևին էր, Թովմասին, որ երկվորյակ էր կոչվում և Ալփեոսի որդի Հակոբոսին: Թադեոսին և Սիմոն Կանանացուն: Կանանացի արամերեն նշանակում է նախանձահույզ: Այսպես էին կոչվում հրեա կրոնա- քաղաքական մի կուսակցության անդամները, որոնք պայքարում էին հռոմեացիների դեմ: Վերջում ընտրեց Հուդա Իսկարիովտացուն, որը և մատնեց Իրեն: Աշակերտներից տասնմեկը Գալիլիայից էին և միայն Հուդան է իսկարիովտացի, որը մատնեց Հիսուսին;
Տէր Հիսուս ընտրեց իր համար մտերիմ մի շրջանակ, որոնք իրենց հերթին նույնպես պետք է փոխանցեին Աստծու խոսքը՝ ժողովրդի բազմություններին; Աշակերտների ընտրության Տասներկու թիվը խորհրդանշական է և անմիջական կապ ունի Իսրայելի տասներու ցեղերի թվի հետ: Հիսուս Քրիստոսով սկսվում էր նոր դարաշրջան, նոր աշակերտներով, սակայն չանտեսելով՝ Հինը: Ընտրության աշխատանքն ավարտելուց հետո, Հիսուս Իր նորընտիր աշակերտների հետ վերադարձան նորից Կափառնաում քաղաքը, որտեղ ժողովրդի բազմության պատճառով չկարողացան նույնիսկ հաց ուտել:
Պաղեստինի տարբեր ծայրերից հավաքված բազմության մասին նկարագրությունը խոսում է ո՛չ թե հիսուն կամ հարյուր, այլ հազարավոր մարդկանց ներկայության մասին: Իսկ այս իրողությունը դուրս չի մնում փարիսեցիների ուշադրությունից: Անհերքելի փաստ է, որ այս բազմության մեծամասնությունը Քրիստոսին ընդունում էր որպես հրաշագործ բժիշկ, քանի որ նրանց համար այնքան Քրիստոսի խոսքը չէր ազդեցիկ ու կարևոր, որքան իրենց աչքերի տեսած հրաշքներն ու բուժումները:
Որքան որ տարածվում էր Քրիստոսի համբավը ժողովրդի մեջ, և որքան որ ավելանում էր ժողովրդի բազմության քանակը, այնքան ավելանում էր քահանայապետների նախանձը մտահոգությունը, բայց գիտե՞ք, թե ինչի՞ համար էին մտահոգվում: Որովհետև ժողովուրդը կուրորեն հետևում էր Հիսուսին, իսկ իրենց հեղինակությունը օրեցօր նվազում էր այդ առումով:
Ավարտին Մարկոսը մի միտք է արձանագրել, որի մեկնաբանության շուրջ նույնպես տարաձայնություններ կան այն առումով, որ հասկանալի չէ, թե ի՞նչ է նշանակում,- Հիսուսի յուրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետև կարծում էին թե խելքը կորցրել է: Այս մարդիկ փարիսեցիներն էին, ամենայն հավանականությամբ, որոնց համար Քրիստոսի քարոզությունը Աստծու արքայության մասին ցնորք էր թվում և նրանք կարծում էին, թե խելքը կորցրել է այսպիսի բաներ խոսելու պատճառով: Քանի որ հաջորդ համարներում կարդում ենք, որ Քրիստոսին Բեղզեբուղ են անվանում, մի հրաշք տեսնելուց հետո:
Մարկոս Ավետարանիչը մեզ տեղեկացնում է, որ դա փարիսեցիների կարծիքն է, խելքը կորցնելու վերաբերյալ, ո՛չ թե Ավետարանն է ասում; Փարիսեցիներ նախանձի մասին առաջին անգամ չէ, որ լսում ենք, և նույն նախանձից կա այսօր նաև մեր եկեղեցում՝ միմյանց հանդեպ: Սիրելիներ ավարտենք մեր սերտողությունը այստեղ մի ուշագրավ մտքի վրա: Այսօր կատարվում է Տէր Հիսուսի այն խոսքը, որ աշակերտներին տվեց Իր շուրջը լինելու, քարոզելու, բժշկելու, պիղծ ոգիներ հանելու իշխանությունն ու շնորհը: Այսօր աշակերտները Քրիստոսի շուրջն են, նրանց գրքերը քարոզվում են, նրանց անունով բժշկություններ են տեղի ունենում մարդկանց մեջ՝ իրենց հավատքի շնորհիվ: Պիղծ ոգիներ այսօր էլ կան, և նրանց հալածելու շնորհներ ունեցողներ այսօր էլ կան:
Փառք Աստծուն Իր ընտրած աշակերտների համար, որոնք գրեցին այս ամենը Սուրբ հոգու ներշնչմամբ, և հասան մինչև մեր օրերը և մենք հավատում ենք, վայելում ենք, կրթվում ենք, զորանում ենք մեր հավատի մեջ: Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն և Նրան փառք հավիտյան: Ամեն;
Հարց: Ո՞վ ընտրվեց հետագայում որպես աշակերտ՝ Հուդայի փոխարեն: