ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Ավետարան ըստ Հովհաննեսի 21.1-14
Գործք առաքելոց 4.32-5.11
Հակոբոս առաքյալի թուղթը 2.1-13
Ավետարան ըստ Մատթեոսի 5.1-12
Ավետարան ըստ Մարկոսի. 3:1-6
ՉՈՐՑԱԾ ՁԵՌՔՈՎ ՄԱՐԴԸ
1 Նորէն ժողովարանը մտաւ, ուր մարդ մը կար՝ որուն ձեռքը չորցած էր։ 2 Ոմանք կը սպասէին տեսնելու թէ արդեօք շաբաթ օրը զանիկա պիտի բժշկէ՞, որպէս զի անոր վրայով ամբաստանութիւն ընեն։ 3 Յիսուս ձեռքը չորցած մարդուն ըսաւ. «Ելի՛ր, մէջտեղը կայնէ»։ 4 Ու ըսաւ անոնց. «Շաբաթ օրը բարի՞ք ընել արժան է՝ թէ չարիք ընել, հոգի մը ապրեցնե՞լ՝ թէ մեռցնել»։ Անոնք լուռ կեցան։ 5 Յիսուս բարկութեամբ շուրջանակի անոնց նայելով՝ անոնց սրտերուն կուրութեանը համար տրտմած, ըսաւ այն մարդուն. «Ձեռքդ երկնցուր»։ Ան ալ երկնցուց եւ անոր ձեռքը ողջնցաւ։ 6 Փարիսեցիները Հերովդէսեաններուն հետ մէկտեղ շուտ մը դուրս ելլելով, անոր դէմ խորհուրդ կ՚ընէին թէ ի՞նչպէս կորսնցնեն զանիկա։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ, վստահ եմ դուք գիտեք, որ Հարությունից մինչև Հոգեգալուստ ընկած ժամանակահատված կոչվում է Հինունք և համարվում են ուրախության օրեր, այսինքն նույնիսկ չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքը հանված է: Այսինքն Փեսան մեզ հետ է և մենք կարիք չունենք այս ուրախության օրերին պահք պահելու: Երեկվա մեր սերտողության մեջ այս մասին խոսեցինք, երբ մեղադրում էին Հիսուսի աշակերտներին՝ պահք չպահելու համար:
Երրորդ գլուխը սկսվում է այն տեղեկությամբ, որ Հիսուս Քրիստոս նորից ժողովարանում է: Իսկ դա նշանակում է, որ օրը շաբաթ է, քանի որ ուսուցումները շաբաթ օրով էր արվում ժողովարանում: Ժողովուրդը արդեն սովոր էր, որ թեպետ փարիսեցիների հանդիմանությանը Տէր Հիսուս շաբաթ օրով բժշկում էր հիվանդներ՝ բացատրելով, որ ճիշտ է, որ շաբաթը ծառայի մարդու փրկության համար:
Նաև տեսնում ենք, որ ամեն անգամ մի հիվանդ լինում է շաբաթ օրով ժողովարանում, չնայած, որ փարիսեցիները նրանց սովորեցրել էին, որ շաբաթ օրը չի կարելի բժշկվել: Թե ինչո՞վ էին արդարացրել իրենց այդ մոտեցումը, մենք չգիտենք, բայց ամեն անգամ հանդիպում ենք նույն խնդրին:
Նկատել էին փարիսեցիները, որ ժողովարանում կա ձեռքը չորացած մի մարդ, և ուշադիր հետևում էին Հիսուսին, տեսնելու համար, արդյոք կբժշկի՞ այդ հիվանդին իմանալով որ շաբա՛թ է, որպեսզի ամբաստանեն: Իրենց ավանդությունը պահանջում էր, որ շաբաթ օրը կարելի է բուժել միայն նրան, որը մահամերձ է և հույս չկա, որ նա կապրի մինչև հաջորդ օրը: Իսկ երբ մեկը հիվանդ է, և վիճակը ծայրահեղ ծանր չէ, և կարող է դիմանալ, նրա պատճառով չի կարելի խախտել շաբաթվա կանոնը:
Սիրելիներ, դուք ուշադրություն դարձրեք ամեն անգամ այսպիսի մի հիվանդի դեպքում նրանք մտահոգ են ո՛չ թե մարդու բժշկվելու համար, այլ՝ որ օրը շաբաթ է և հանկարծ շաբաթը չխախտվի::
Այսպիսի ծայրահեղ մոտեցում ունեցող քահանայապետն ու օրենսգետը ինչպե՞ս կարող էին ժողովրդի բազմության հոգևոր գրագիտության համար անհանգստանալ, երբ կռապաշտությամբ հարգում են շաբաթը, ո՛չ թե մարդուն: Ինչո՞ւ էր տխուր Հիսուս՝ Ծաղկազարդին: Որովհետև տեսնում էր, որ ժողովուրդը լուր չունի Իր գալստյան նպատակի մասին: Այսօր գոռում է Օվսաննա, վաղը գոռալու է խա՛չը հանիր դրան;
Այսօր ավելի լավ չէ մեր վիճակը այդ առումով, մեր ժողովրդին էլ երեսուն տարի կշտացրել են երկրորդական տեղեկություններով, մոմավառությունով, ավանդություններով, ժողովրդական սովորություններով:
Դրա համար մեր ժողովուրդը Աստվածաշունչ չգիտե: Ինչևէ: Գնանք ժողովարան, տեսնենք ի՞նչ եղավ մարդու չորացած ձեռքի հետ: Տէր Հիսուս գուցե մինչ ուսուցանելը նկատեց հիվանդին և նրա բժշկությունը ավելի կարևոր նկատեց ուսուցումից, և կանչեց հիվանդին իր մոտ:
Տեսնո՞ւմ եք, թե ինչքան հակիրճ է խոսում մեր Տէրը: - Վե՛ր կաց, մեջտեղ արի,- ասաց հիվանդին: Մեկ այլ տեղ ասում է,- Ա՛րի իմ հետևից: Մյուսին ասում է,- կամենում եմ, մաքրվի՛ր: Մոտեցավ հիվանդը Քրիստոսի, իսկ Քրիստոս դարձավ դեպի փարիսեցիները և հարցրեց,- օրինավո՞ր է շաբաթ օրով բարի գործ անել, կամ օրինավո՞ր է ազատել մեկին, թե՞ կորստյան մատնել շաբաթ օրով: Նրանք լռեցին: Իսկ մի՞թե կհայտնվի մե՛կը, որը կարողանա այս հարցին հակառակ պատասխան տալ: Անշուշտ ո՛չ:
Ավետարանն ասում է, Հիսուս ցասումով լցված, տրտմելով նրանց սրտի կուրության համար, մարդուն ասաց,- Ձեռքդ երկարի՛ր: Նա ձեռքը երկարեց և նրա ձեռքը առողջացավ;
Այստեղ ուզում եմ ձեր ուշադրությունը սևեռել մեկ այլ կարևոր հանգամանքի վրա: Ասում է, - Հիսուս ցասումով լցվեց: Մենք գիտե՛նք, թե սա ինչպիսի՛ ցասում է և ինչի՞ համար է այդ ցասումը: Այսպիսի ցասում կարող ենք ունենալ մենք ամեն քայլափոխի, տեսնելով մեր օրերի անարդարությունները: Սակայն ցասումը ինքնին մեղք չէ, երբ գործի չի դրվում պատասխան ցասումով: Այլ ցասումը նրա համար է, երբ մարդը աչքեր ունի և չի տեսնում, ականջ ունի չի լսում, Սուրբ Գիրք գիտի, բայց չի՛ հասկանում, ևս առավել, երբ կարգված է Աստծու խոսքը քարոզելու մարդկանց և անտեսում է այն: Այլ խոսքով կույր է հոգով, և չի մտահոգվում դրա համար: Այս գեղեցիկ օրինակից կարող ենք սովորել նաև մենք: Հիսուս ցասումով նայեց կույր առաջնորդներին, բայց բարիք գործեց կարիքի մեջ գտնվողին: Մենք էլ շատ կարող ենք ունենալ ցասումի այսպիսի առիթներ, և պետք է մտապահենք Քրիստոսի օրինակը, որպեսզի մեր ցասումը մեզ մեղքի մեջ չգցի:
Ժողովարանից դուրս եկան փարիսեցիները և հերովդեսականները նույնպես ցասումով, բայց այն տարբերությամբ, որ սրանք իրենց ցասումին հարմար ժամանակ էին փնտրում, որ կորստյան մատնեն Հիսուսին: Ցասումի երկու գեղեցիկ օրինակ կա մեր աչքի առջև, որից կարող ենք օգտակար դաս քաղել: Ցասումով լցվել և տրտմել նրանց հոգևոր կուրության համար, իսկ մյուսը՝ ցասումով լցվել և հարմար պահ գտնել վրեժխնդրությամբ հատուցելու համար:
Տէր Հիսուս ցասումով լցվեց նաև այն բանի համար, որ իր տված հարցը չհասկացան և շարունակեցին հետապնդել Իրեն բժշկության համար: Երբ հարցրեց նրանց , թե՝ օրինավո՞ր է բարիք գործել, թե՞ չարիք անել, նկատի ուներ իրենց չար վերաբերմունքը հիվանդի և Հիսուսի նկատմամբ, որը կամենում էր բարիք գործել:
Գիտե՞ք ինչու փարիսեցիները չէին համարձակվում միանգամից ձերբակալել Հիսուսին շաբաթը խախտելու համար, որովհետև Հիսուս ֆիզիկական աշխատանք չէր անում բուժելու համար, այլ խոսքով ասում էր և հիվանդը առողջանում էր: Ո՛չ վիրակապ էր դնում, ո՛չ դեղ էր դնում, ո՛չ վիրահատում էր, այլ Իր աստվածային իշխանության զորությամբ՝ խոսքով էր բուժում միայն: Դրա համար հիմք չունեին բռնելու Նրան: Իսկ աստվածային զորությամբ բուժումները առավել էին զայրացնում օրենսգետներին: Այդ էր պատճառը, որ ամեն անգամ դուրս էին գալիս ժողովարանից և ելքեր էին փնտրում, թե ինչպե՞ս բռնեն: Ինչո՞ւ էին քահանայապետները այդքան նյարդայնանում, երբ Հիսուս խախտում էր շաբաթը:
Փարիսեցիներ շատ էին ծանրացրել շաբաթը պահելու օրենքը՝ իրենց ինքնահնար սովորություններով, սակայն ինչպես երեկ հիշեցինք, շաբաթը հանգիստ էր սահմանվել նրա համար, որպեսզի մարդիկ հանգստանան իրենց գործից և Աստծուն փառաբանեն և աղոթք անեն: Իսկ փարիսեցիները ժողովրդի աչքին հեղինակություն երևալու համար բազում սահմանափակումներ էին մտցրել օրենքի մեջ, որպեսզի մարդիկ անգիտության պատճառով ամեն անգամ գնան և իրենց հարգելով հարցնեն այս կամ այն բանի կարելիությունը: Այսպիսով հասել էին մի որոշակի հեղինակության; Իսկ Տէր Հիսուս խախտելով շաբաթը՝ հարված էր հասցնում նրանց հեղինակությանը, որը ոչ մի կերպ չէին հանդուրժում: Այլապես ո՛չ մի տրամաբանություն չկա Մովսեսի օրենքի և փարիսեցիների սահմանած կանոնների միջև:
Մեր օրերում էլ կան հոգևորականներ, որոնք չափազանց ծանրացնում են հավատացյալի հետ կապված մի քանի հարցեր, որոնց արգելումը խոչնդոտ է հանդիսանում հավատացյալի համար լինել եկեղեցում, հաղորդվել, և այլն: Այս դեպքերը զուտ հեղինակություն վաստակելու համար է, ո՛չ թե հավատացյալի հավատքի զորացման, կամ հոգևոր գիտելիքի համար: Այս պարագայում փարիսեցիների նման անգետ ժողովրդի մոտ հեղինակություն և տպավորություն թողնելու համար է միայն այս սահմանափակումները:
Մենք տեսնում ենք նաև, որ փարիսեցիները լինելով Աստծու մարդ, միացել են հերովդեսականների հետ, որոնք Հերովդեսի համախոհներն են քաղաքականության մեջ և երկու քաղաքական ուժեր դուրս են եկել Քրիստոսի դեմ: Այսինքն երկու թշնամի միաբանվել են հանուն մի դավադրության շուրջ, որը պատրաստվում է Հիսուսի դեմ; Իսկ Տէր Հիսուս չի գնում նրանց ընդառաջ, ասելով,- մարդու Որդին նա՛և շաբաթ օրվա Տէրն է:
Սիրելիներ, այս հիվանդ մարդու ձեռքն էր ընդարմացած, որը խանգարում էր նրան՝ ֆիզիկական աշխատանք կատարել, բայց փարիսեցիների սիրտն է ընդարմացած՝ հիվանդ մարդկանց հանդեպ: Չորացած ձեռքը բուժվեց, բայց այդ կույր սրտերը այդպես էլ մնացին կույր, և Մարկոսի Ավետարանի երրորդ գլխից արդեն տեսնում ենք, որ փարիսեցիները դավադրություն են պատրաստում Հիսուսի դեմ: Ավետարաններում կարդում ենք, որ ժողովարաններում հանդիպումների ժամանակ մշտապես փարիսեցիները և քահանայապետները հետևում էին Հիսուսին, որպեսզի ամբաստանեն: Ուրախանալու փոխարեն հետապնդում են, հրաշք տեսնելիս Աստծուն փառաբանելու փոխարեն ամբաստանում են, հետևելու փոխարեն մատնում են և երկրպագելու փոխարեն խաչն են հանում, քանի որ ինչպես Պիղատոսն էր ասում, նախանձից զրպարտեցին Հիսուսին: Իսկ Տէր Հիսուս ցասումով էր լցվում և տրտմում էր նրանց հոգևոր կուրության և նախանձի մեղքի համար:
Սիրելիներ, ավարտենք նաև այս բաժինը, և թող մեր այսօրվա դասը լինի այն, որ մենք բարկանանք մեղքի վրա, բայց երբեք բարկությամբ չպատասխանենք՝ վրեժխնդիր լինելու համար, նաև հիշենք, որ բարի գործ անելու համար Աստված բոլոր օրերը հատկացրել է մեզ, իսկ չար ու նախանձ արարքների համար Աստված ժամանակ չի տրամադրում, այլ՝ մենք ենք վատնում Աստծու ժամանակից:
Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուր հետ լինեն և Նրան փառք հավիտյան:
Հարց. Ո՞ր դեպքում կարելի էր շաբաթ օրը բժշկություն անել: