ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Գործք առաքելոց 4.13-31
Հակոբոս առաքյալի թուղթը 1.13-27
Ավետարան ըստ Մատթեոսի 5.1-12
Ավետարան ըստ Ղուկասի 24.36-40
Ավետարան ըստ Մարկոսի. 2: 18-28
ԾՈՄԱՊԱՀՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ
18 Յովհաննէսին ու փարիսեցիներուն աշակերտները ծոմ կը պահէին։ Եկան ու ըսին անոր. «Ինչո՞ւ Յովհաննէսին ու փարիսեցիներուն աշակերտները ծոմ կը պահեն, բայց քու աշակերտները ծոմ չեն պահեր»։ 19 Յիսուս ըսաւ անոնց. «Միթէ կարելի՞ է որ հարսանիքին տղաքը, երբ փեսան իրենց հետ է, ծոմ պահեն։ Որչափ ժամանակ որ փեսան իրենց հետ է, կարելի չէ որ ծոմ պահեն։ 20 Բայց օրեր պիտի գան, երբ փեսան իրենցմէ վերցուի, այն ատեն ծոմ պիտի պահեն։ 21 Մէկը կարկտան չի ձգեր նոր լաթի կտոր մը հին հանդերձի վրայ. քանզի՝ այն նորը որ անոր լրութեանը համար դրուած է, հինէն կ՚առնէ ու պատռուածքը աւելի գէշ կ՚ըլլայ, 22 Ոչ ալ մէկը նոր գինին հին տիկերու մէջ կը դնէ. քանզի՝ նոր գինին տիկերը կը պատռէ ու գինին կը թափի եւ տիկերը կը կորսուին. հապա նոր գինին նոր տիկերու մէջ դնելու է»։
ՇԱԲԱԹ ՕՐՈՒԱՆ ՀԱՐՑԸ
23 Երբ շաբաթ օր մը ինք արտերուն մէջէն կ՚անցնէր, իր աշակերտները, որ իր հետ էին, սկսան ցորենի հասկեր փրցնել։ 24 Փարիսեցիները ըսին իրեն. «Նայէ շաբաթ օրը ի՞նչ կ՚ընեն, որ արտօնուած չէ»։ 25 Ինքն ալ անոնց ըսաւ. «Բնաւ չէ՞ք կարդացեր դուք Դաւիթին ըրածը՝ երբ անօթեցաւ պէտք ունեցաւ եւ ինք ու անոնք որ իրեն հետ էին։ 26 Մտաւ Աստուծոյ տունը Աբիաթար քահանայապետին օրով եւ առաջաւորութեան հացերը կերաւ ու տուաւ անոնց ալ որ իրեն հետ էին, որ մէկո՛ւն օրինաւոր չէր ուտել, բայց միայն քահանաներուն»։ 27 Եւ աւելցուց. «Շաբաթը մարդուն համար եղաւ, ո՛չ թէ մարդը շաբաթին համար։ 28 Եւ ուրեմն Որդին մարդոյ շաբաթին ալ տէրն է»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ, Աստծու խաղաղությունը, որ վեր է մեր բոլորի մտքերից, թող միշտ ուրախ պահի ձեր սրտերն ու մտածումները: Երեկվա սերտողությունը ավարտեցինք մաքսավորների տան հավաքույթի շուրջ ծավալված անհամաձայնությունների թեմայով: Հասկացանք, որ օրենքը տրվել է մարդուն՝ իր բարիքի համար, ո՛չ թե մարդն է տրվել օրենքին, այն անգիր սովորելու համար: Այսպիսի մի վիճելի հարց էլ առաջանում է այսօրվա սերտողության թեմայի մեջ, երբ Հովհաննեսի աշակերտները կամեցան իմանալ, թե թե ինչո՞ւ Հիսուսի աշակերտները ծոմ չեն պահում: Սա ո՛չ թե հանդիմանություն էր աշակերտներին, այլ ուղղակի հարց էր, որ հետաքրքրում էր Հովհաննեսի աշակերտներին, քանի որ ընդունված կարգ էր ծոմը:: Փարիսեցիների համար ծոմի օրերը շատ էին, նրանք ծոմ էի պահում ինչպես օրենքի համաձայն սահմանված օրերին, այնպես էլ ինքնակամ, օրինակ երբ մի վատ երազ են տեսնում, դրա համար էլ ծոմ են պահում: Բայց ծոմ պահելն էլ ունի իր հիմքերը: Փարիսեցիները և Հովհաննեսի աշակերտները տեղյակ էին այդ օրենքից, և գիտեին որ Հիսուսի աշակերտներն էլ տեղյակ լինելով այդ օրենքից պետք է իրենք էլ պահեին: Այդ էր պատճառը, որ զարմացան, երբ իմացան որ նրանք հրեա լինելով հանդերձ, չեն պահում ծոմ: Ինչի՞ համար էին փարիսեցիները պահում ծոմը:
Երբ Մովսեսը նրանցից վերցվեց, նրանք ծոմի օր նշանակեցին և դա դարձավ նրանց համար օրենք՝ որոշակի օրեր ծոմ պահելու: Երբ Հովհաննեսը վերցվեց իր աշակերտներից, նրանց համար էլ նշանակվեց ծոմի օրեր, և ծոմ էին պահում նաև Հովհաննեսի աշակերտները:
Տէր Հիսուս Քրիստոսի տված պատասխանից կարելի է հասկանալ նրանց ուղղած հարցի ամբողջ միտքը:
-Ինչո՞ւ փարիսեցիները և Հովհաննեսի աշակերտները ծոմ են պահում, իսկ Քո աշակերտները չեն պահում, հարցին Տէր Հիսուս պատասխանեց,- Մի՞թե կարելի է, որ հարսանիքավորները ծոմ պահեն, երբ փեսան նրանց հետ է: Այնքան ժամանակ, որ փեսան իրենց հետ է, պետք չէ, որ ծոմ պահեն: Բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի, և ապա այն օրը նրանք էլ ծոմ կպահեն:
Քրիստոսի պատասխանի մեջ փեսան խորհրդանշում է որպես առաջնորդ ժողովրդի համար, և միաժամանակ Հիսուս հղում է անում այն օրվա վրա, երբ իրեն դատապարտելու են մահվան ու խաչելության: Այդ ժամանակ իր աշակերտները նույնպես կմնան առանց Վարդապետ և հարկ կլինի, որ իրենք էլ սկսեն ծոմ պահեն այնպես, ինչպես Մովսեսի և Հովհաննեսի վերցվելուց հետո պահում էին նրանց հետևորդները:
Փեսա բառը հրեական մտածողության մեջ բացի իր իսկական իմաստից, օգտագործվում է նաև որպես տվյալ իրադարձության տեր: Օրինակ երբ հրեան թլպատվում է, այդ թլպատված հրեան համարվում է այդ արարողության տերը, գլխավորը, ներկայանալին և այլն:
Իսկ իր իրական իմաստով հարսանիքը ամենաուրախ արարողությունն է, որտեղ ուրախանում են և հարուստը և աղքատը, և հարսը և փեսան և փեսայի ու հարսի բարեկամները, որոնք հարսանիքավորներ են; Ավետարանում նաև կա մի գեղեցիկ համեմատություն, երբ երկնքի արքայությունը նմանեցվում է թագավորի որդու հարսանիքի հետ:
Հետևաբար, երբ Տէր Հիսուս իր աշակերտների անմիջական առաջնորդողն էր, այսինքն այդ իրադարձության Տէրը, և հարկ չկար, որ նրանք իրենց տխուր զգային այդ առումով, սակայն չբացառեց, որ կգա նաև այդ օրը և նրանք այլևս արտոնյալ չեն լինի և կպահեն ծոմը, ինչպես մյուս աշակերտները: Ծոմը և պահքը ընդունված է նաև քրիստոնեության մեջ՝ որպես չափավորություն և հոգեմարզություն հոգևոր կյանքի մեջ:
Այսինքն աշխարհը որի մեջ ապրում էր Հիսուս Քրիստոս իր աշակերտների հետ, ծոմը հարմար միջոց չէր հոգևոր աճի համար: Այդ երևույթը ավելի հստակ բացատրելու համար Տէր Հիսուս բերում է երկու օրինակ: Չօգտագործված կտորը հին զգեստի վրա կարելու և նոր գինին հին տիկերի մեջ լցնելու փոխաբերական իմաստներով առակները: Հին կտոր և հին տիկ ասելով Հիսուս նկատի ունի փարիսեցիներին, որոնք այնքան էին հաստատվել իր ավանդապաշտության ու օրինապաշտության մեջ, որ չէին կարողանում ընկալել Հիսուս Քրիստոսին: Իսկ նրանք, որ ազատ են այս երևույթներից, նրանք նոր են կոչվում և կարող են ընդունել Հիսուս Քրիստոսի խոսքը և չվնասվել դրանից, ինչպես որ կարող էր վնասվել հին տիկը՝ նոր գինուց, կամ նոր լաթը հին կտորի վրա:
Իրականում Հին Կտակարանում գրված է Նոր Կտակարանի մասին և փարիսեցիները չկարողացան ընկալել այդ նորը՝ Հիսուս Քրիստոսին:
Եթե ավելի պարզ օրինակով ուզենք հասկանալ այս հնի ու նորի առակը, ապա համեմատենք տարեց մարդկանց, որոնք ավանդապաշտ են և ազատամիտ երիտասարդներին, որոնք չեն ընկալում տարեցներին: Նաև տարեցների գլխում չի տեղավորվում այն ծրագրերը որոնք կան երիտասարդների գլխում: Դրա համար նորագույն ծրագրերին տիրապետում են նոր ուղեղները: Կամ օրինակ եթե մի սկսնակ հավատացյալ նոր սկսել է եկեղեցի հաճախել, նրան պետք չէ ծանրաբեռնել շատ նորագույն գիտելիքներով, քանի որ նա դեռևս չի ազատվել իր հին մտածելակերպից, հին սովորություններից, հին գիտելիքից: Այսպիսի հոգին կարող է վնասվել, ինչը չի պատահի արդեն վերստին ծնված հավատացյալի հետ, որը կարողանում է ընդունել ամեն հոգևոր գիտելիք, քանի որ հնից ոչինչ չունի իր մեջ:
Նոր գինին խորհրդաբար կարող է նշանակել Ավետարանի ուսուցումը, որին դեռ պետք է սովորեին նաև Քրիստոսի աշակերտները, աստիճանաբար փոխելով իրենց մեջ եղած հինը:
Այսպիսի ընդհարումներ և անհամաձայնություններ շատ էր պատահում Հիսուսի և փարիսեցիների մեջ, քանի որ նրանք չէին ընկալում Քրիստոսի նոր ուսուցումը:
Երկրորդ գլխի վերջին համարների մեջ Մարկոսը նկարագրում է ևս մեկ տարաձայնության մասին, որ դարձյալ տեղի է ունեցել Հիսուսի և փարիսեցիների միջև՝ ցորենի հասկ պոկելու վերաբերյալ:
Մենք արդեն գիտենք, որ փարիսեցիների համար շաբաթ օրը անձեռնմխելի էր որևէ գործ անելու առումով, ըստ Մովսեսի օրենքի: Իսկ Հիսուսի աշակերտները շաբաթ օրը ճանապարհով անցնելիս, քաղց զգալու պահին պոկել են ցորենի հասկերը և կերել են:
Ըստ Ավետարանների նկարագրություն, մենք տեսնում ենք Հիսուսի և իր աշակերտների օրվա ժամանակացույցը: Նրանց տրված չէր հատուկ ժամանակ ընդմիջում անելու և նորից աշխատանքը շարունակելու: Աշակերտները համոզված չէին, թե հաջորդ պահին իրենք ո՞ւր կհայտնվեն իրենց Վարդապետի պահանջով, քանի որ Տէր Հիսուս չէր եկել գրասենյակներում աշխատելու համար, այլ ինչպես տեսնում ենք, անվերջ շարժման մեջ էր աշակերտների հետ; Հաճախ էր ասում, որ Ինքը հենց ուսուցման և հանրությանը քարոզելու նպատակով է եկել աշխարհ: Գուցե աշակերտներին էլ հարմար չէր ճանապարհին ցորեն ուտել, քաղցը հագեցնելու համար, սակայն նրանց նպատակը ավելի կարևոր էր քան իրենց հաց ուտելու ձևը:
Սկզբում տեսանք, որ հարցը վերաբերում էր օրենքին և ծոմ պահելուն, իսկ այստեղ արդեն խնդիրը շաբաթ օրվա մասին է: Տէր Հիսուս նրանց բերում է Դավթի օրինակը, որը կերել էր տաճարին պատկանող հացը, որի իրավունքը չուներ ըստ Մովսեսի օրենքի: Բայց այս բոլոր օրինակների մեջ Հիսուս անվերջ բացատրում է, որ մարդու փրկությունը կարևոր է ինչպես տաճարից, այնպես էլ շաբաթից; Եթե հացը հագեցրել է Դավթի քաղցը և Դավիթը փրկվել է սովից, ուրեմն Դավիթը առավել է քան տաճարը, որ սարքվել է մարդու ձեռքով: Նույնպես և աշակերտների պարագայում, եթե նրանք կերել են իրենց փրկության համար, ուրեմն այդ աշակերտները առավել են , քան շաբաթը; Իրականում այդ օրենքները ո՛չ թե Մովսեսի անմիջական օրենքներ են, այլ օրվա ռաբբիների ավանդությունների շարքը, որոնց ենթարկվում էին իրենք:
Այդպիսի պահպանողական մոտեցումներից էր Հիսուս Քրիստոս կամենում ազատել նրանց, որպեսզի հնարավոր լինել նոր ուսուցումը հասցնել նրանց սրտերին:
Մարկոս ավետարանիչը արձանագրել է Տէր Հիսուսի գեղեցիկ խոսքերը այն մասին, որ, - Շաբաթ օրը մարդու համար է, ոչ թե մարդը՝ շաբաթ օրվա, ապա ուրեմն մարդու Որդին Տէրն է նաև շաբաթ օրվա:
Շաբաթ օրը տրվել է մարդուն, որպեսզի մարդը հանգստանա իր գործերից և Աստծուն տրամադրի իր ժամանակը, աղոթքները, ժամանակ գտնի օգնելու իր նմանին ի սեր Աստծուն: Սա վերաբերվում է նաև մե՛զ այսօր, մեր կիրակի օրվա վերաբերյալ՝ Աստծուն տրամադրելու առումով, ինչը արտահայտվում է Պատարագի մասնակցությամբ, աղոթքով, ողորմությամբ և այլն; պատվիրանը տրվել է մարդուն՝ կյանքի համար, ոչ թե մահվան: Բոլոր տոները ստեղծվել են մարդու համար, ոչ թե մարդն է ստեղծվել տոներ կատարելու և նշելու համար: Պետք է հին ավանդությունները փոխարինել Քրիստոսի բերած նոր պատվիրաններով և կյանքի կոչել այն: Այսինքն շաբաթը միջոց է, նպատակին հասնելու համար:
Սիրելիներ, ինչո՞ւ եմ այսքան մանրամասն ներկայացնում ձեզ պատահած իրադարձությունները, որպեսզի դուք մեր օրերում կարողանաք ավանդությունների, ծեսերի և տոների մեջ զանազանել գլխավորը երկրորդականից, նպատակը՝ միջոցից: Մեր տաղավար տոները սկսվում և ավարտվում են ժողովրդական սովորություններով, և բազմության մեծամասնությունը հաղորդ չի դառնում տոնի բուն խորհրդին: Սկսած սուրբ Ծննդից մինչև խաչի տոները: Մինչդեռ Քրիստոս պայքարեց փարիսեցիների այդ մտածելակերպի դեմ՝ իր երեք տարվա ծառայության ժամանակ: Ավարտենք մեր սերտողությունը: Վերցնենք մեր այսօրվա դասը: Դատարկենք մեր մեջ եղած հին և անպետք սովորությունները, որպեսզի Քրիստոսի լույս վարդապետությունը տեղ գտնի մեր սրտերում և փոխի մեր կյանքը: Մենք այսուհետ մեղքին նայենք Քրիստոսի ձեռքերի ու ոտքերի վերքերի միջով: Մենք այլևս իրավունք չունենք ճանաչել Քրիստոսին և ապրել նույն՝ հին կյանքով: Շատ կուզեմ, Հանապազօրյա Հացի պատգամները փոխանցվի սրտից - սիրտ, մտքից - միտք, հոգուց- հոգի, որպեսզի Քրիստոսի խոսքը բնակվի մարդկանց սրտերում չարության փոխարեն, նենգության փոխարեն;
Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն, և Նրան փառք հավիտյան: Ամեն:
Հարց. Ինչի՞ համար էին փարիսեցիները և Հովհաննեսի աշակերտները պահում ծոմը: