ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Երգ երգոց 1.1-11
Առակներ 11.30-12.4
Եսայու մարգարեությունը 52.7-10
Զաքարիայի մարգարեությունը 2.10-13
Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 6.16-7.1
Ավետարան ըստ Ղուկասի 1.26-38
Ավետարան ըստ Մարկոսի. 2:13-17
ՅԻՍՈՒՍ ՂԵՒԻՆ ԿԸ ԿԱՆՉԷ
13 Յետոյ ելաւ ծովեզերքը։ Բոլոր ժողովուրդը իրեն կու գային եւ կը սորվեցնէր անոնց։ 14 Երբ կ՚անցնէր, տեսաւ Ղեւի Ալփէոսեանը, որ մաքս ընդունելու տեղը նստեր էր ու ըսաւ անոր. «Եկուր իմ ետեւէս»։ Ան ալ ելաւ անոր ետեւէն գնաց։ 15 Երբ սեղան նստած էր անոր տանը մէջ, շատ մաքսաւորներ ու մեղաւորներ ալ սեղան նստած էին Յիսուսին ու անոր աշակերտներուն հետ. քանզի շատուոր էին որոնք անոր ետեւէն կ՚երթային։ 16 Դպիրներն ու փարիսեցիները, երբ տեսան թէ անիկա մաքսաւորներու եւ մեղաւորներու հետ կ՚ուտէ, ըսին անոր աշակերտներուն. «Ինչո՞ւ համար մաքսաւորներու եւ մեղաւորներու հետ կ՚ուտէ ու կը խմէ»։ 17 Յիսուս երբ լսեց՝ ըսաւ անոնց. «Առողջներուն բժիշկ պէտք չէ, հապա՝ հիւանդներուն։ Ես արդարները կանչելու չեկայ, հապա՝ մեղաւորները»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս սիրելի ունկնդիրներ, Այսօր հրաշալի տոն է, որ կոչվում է Ավետման: Ավետում է կոչվում Սուրբ Մարիամ Աստվածածնին Գաբրիել հրեշտակի կողմից ավետիս բերելու իրադարձությունը: Հրեշտակը, հայտնվելով Կույս Մարիամին, ասաց նրան, որ նա պիտի հղիանա Սուրբ Հոգուց և ծնի աշխարհի Փրկչին. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է, օրհնյալ ես դու կանանց մեջ: .... Ահա դու կհղիանաս ու կծնես մի որդի և Նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի» Ղուկ. 1:28: Շնորհավորում եմ բոլորդ՝ Աստվածածնի Ավետաման տոնի առթիվ, իսկ Մարիամներին կրկնակի եմ շնորհավորում նաև իրենց անվանակոչության օրվա առթիվ: Սուրբ Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ ապրեք բոլորդ ձեր քրիստոնեական կյանքը՝ Աստծու ներկայության մեջ: Անցնենք մեր այսօրվա սերտողությանը:
Մարկոսի Ավետարանի սկզբում մենք արդեն ծանոթացանք Հիսուս Քրիստոսի երեք հրաշքների հետ, որոնք մեկը մյուսից զորավոր են, ինչպես դիվահարվածը, այնպես էլ բորոտն ու անդամալույծը: Քանի որ ներվում է մեղքերը և բժշկվում է հիվանդությունները: Ինչպես որ Հովհաննես Մկրտիչն էր ասում, Իմ հետևից կգա ինձնից ավելի Հզորը և ձեզ կմկրտի Սուրբ հոգով: Անդամալույծի բժշկության տեսարանը վառ ապացույցն է այն խոսքերի, որ ասաց Տէր Հիսուս առաջին գլխում, թե՝ մոտեցել է Աստծու Արքայությունը: Ի՞նչ է Աստծու արքայությունը, եթե ոչ այն, որ բարի մարդիկ մեղավորին բերել են Քրիստոսի ոտքերի առջև, Քրիստոս թողություն է տալիս մեղքերին և հիվանդը առողջանում է, և քայլում է իր ոտքով, և ապրում է նոր կյանքով:
Մենք տեսանք, որ Կափառնայում քաղաքում գտնվելով միայն ժողովրդի բազմությունը Նրա հանգիստ չէր տալիս, իսկ իր օգնական աշակերտները դեռ քիչ են: Բուժումների և ուսուցումների հետ մեկտեղ պետք է համալրել աշակերտների կազմը: Տէր Հիսուս դարձյալ քայլում է ծովեզերքով, ուսուցանելով մարդկանց և անցնում է մաքսատան կողքով: Մաքսատանը նկատում է Ղևի անունով մի մաքսավորի, որը աշխատանքի վայրում էր և աշխատանքի վրա էր: Նրան ասում է,- արի Իմ հետևից: Ավետարանիչը շատ թռուցիկ է նկարագրում այս պահը, սակայն մենք տեսնում ենք, որ մաքսավորը հետևում է Հիսուս Քրիստոսին:
Պատմությունից գիտենք, որ մաքսավորը այդ ժամանակի համար հարգված մարդ չէր հասարակության մեջ, վատ համբավ ուներ ժողովրդի մեջ, որովհետև հռոմեական օրենքի համաձայն կեղեքում էին հրեա մարդկանց վերջին կոպեկը և տուրքերը տալիս էին հռոմեացիներին: Մաքսավորները հռոմեացիներից աշխատավարձ չէին ստանում, այլ պետք է մարդկանցից գանձեին սահմանված հարկը և նաև իրենց համար հայթհայթեին եկամուտ: Մաքսավորների հետ գրեթե չէին շփվում մարդիկ բացի իրենց տուրքերի գանձման առիթը:հասկանալի է, որ ծանր է մաքսավորի աշխատանքը այն առումով, որ ինքը ստիպված ավելիով պետք է գանձեր հարկերը՝ սեփական աշխատավարձը ապահովելու համար: Հավանաբար Ղևին էլ հոգնել էր այդ անպատվաբեր գործից և ինքն էլ կամեցավ մարդկանց պես ապրել ու հետևեց Հիսուսին;
Ինչո՞ւ Հիսուս ընտրեց Ղևիին, որը մեր Մատթևոս Ավետարանիչն է, իմանալով որ նրանք հարգանք չեն վայելում հասարակության մեջ: Բացի նրանից, որ ընտրեց Ղևիին Իր հետևից գնալու համար, նաև նրա տանը սեղան նստեց, որտեղ բնականաբար ուրիշ մաքսավորներ ու մեղավորներ էլ հավաքվեցին, քանի որ այդ դասակարգի մարդիկ միմյանց հետ էին շփվում:
Տէր Հիսուս գիտեր, որ այդ քայլի համար հանդիմանվելու է փարիսեցիների կողմից, որպես մաքսավորների հետ սեղան նստած մեկը: Բայց Հիսուս Քրիստոսին մտահոգում է ո՛չ թե փարիսեցիների կարծիքը, այլ իր առաքելության նպատակը, որը մարդկանց հոգիների փրկությունն է: Քրիստոս գիտեր, որ Ղևին հարգանք չի վայելում մարդկանց մեջ իր մաքսային աշխատանքի պատճառով: Ղևին ինքն էլ գիտեր, որ դա ճշմարտություն է, բայց դա իր աշխատանքն էր: Կարծես թե առիթ էր պետք, որ նա ազատվեր այդ անարգությունից, որի մեջ հայտնվել էր, դրա համար անմիջապես արձագանքեց Քրիստոսի կանչին, և իր տուն հրավիրեց; Իսկ փարիսեցիների կարծիքով իրեն հարգող անձը սեղան չի նստի պատահական մարդկանց հետ: Դրա համար կասկածում էին Հիսուսի աստվածության վրա, որ ընդունում է ո՛ւմ որ պատահի: Իսկ իրենք սեղան չէին նստում մեկի հետ մինչև չճշտեին նրա ազգաբանությունը: Տեսան փարիսեցիները, որ Տէր Հիսուս նստած է մեղավորների և մաքսավորների հետ և աշակերտներին բողոքեցին իրենց վարդապետի արարքի մասին, ասելով,- Ինչո՞ւ եք մեղավորների և մաքսավորների հետ ուտում և խմում,- ասում էին փարիսեցիները: Երբ Հիսուս լսեց այս հարցը, ասաց,- առողջներին բժիշկ պետք չէ, այլ՝ հիվանդներին: Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղավորներին;
Սիրելիներ եթե զուգահեռներ տանենք երեկվա դեպքի հետ, երբ անդամալույծի բժշկության պատճառով Հիսուս ընդհատեց Աստծու խոսքի ուսուցումը և փրկեց մեղավոր մարդու հոգին՝ ազատելով նրան մեղքից և հաշմանդամությունից; Նույնը այս մաքսավորների պարագան է, եթե մարդու հոգին գերության մեջ է, եթե մարդը կորսված է, եթե նա հիվանդ է, նրան զղջման բերելը ավելի արժեքավոր է, քան Աստծու խոսքի հեղինակությունը, որովհետև Աստված է այդպես կամենում: Այլ խոսքով փարիսեցիներին բացատրեց, որ այս մեղավոր մարդկանց հոգու փրկությունը վեր է Իմ անունից, որ գտնվում եմ մեղավորների ու մաքսավորների տանը: Վարդապետի հեղինակությունը և թորայի հեղինակությունը բարձր չեն մեղավոր մարդու հոգու փրկությունից:
Անշուշտ այս խոսքերը հասկանալի չեղան ինքնասիրահարված փարիսեցիների համար, քանի որ նրանք ընտրում էին թե ո՞վ է արժանի իրենց ողջույնին և ո՞վ պատիվ ունի իրենց հետ սեղան նստելու:
Այս երևույթը շատ անծանոթ չէ նաև մեր հանրության մեջ: Դուք երբևէ տեսած կա՞ք, որ մի բարձրաստիճան առաջնորդ այցելի մեղավոր մարդկանց տուն՝ նրանց հոգիների փրկության համար մտահոգված: Մեր օրերում էլ սեփական հեղինակությունը և հանգամանքը բարձր են դասում մեղավոր մարդու հոգու փրկությունից: Այնպես որ չշտապենք մեղադրել փարիսեցիներին, քանի որ մեզանում այս նույն աչառությունը կա մարդկանց տարանջատելու՝ ըստ հանգամանքի:
Ըստ փարիսեցիների և կրոնական առաջնորդների մաքսավորները փրկություն չունեին Տիրոջ Երկրորդ Գալուստին, քանի որ նրանք հեթանոսների հետ էին գործարքի մեջ և համարվում էին պղծված մարդիկ; Բայց հանկարծ տեսնում են, որ Մեկը, ով իրեն մեղքերը ներելու իրավունք է վերապահում, այսինքն Աստծու իշխանություն ունի, նստած է մաքսավորների հետ սեղանի շուրջ: Սա իրենց համար վիճելի թեմա էր:
Սիրելիներ, գիտե՞ք որտեղ է թյուրիմացությունը, որ փարիսեցիների և Տէր Հիսուսի կարծիքները չի համընկնում: Որովհետև փարիսեցիները գրքերը կարդալով չէին հասկացել, որ Աստծու արքայության դռները փակ չէ ո՛չ ոքի առջև, այնտեղ կարող են մտնել հա՛տկապես մեղավորները: Գեղեցիկ օրինակը տալով փարիսեցիներին ասաց, ո՞վ բժիշկ կկանչի առողջ մարդու համար: Ո՛չ ոք: Իսկ մի՞թե հիվանդին կարելի է թողնել որ մեռնի առանց բժիշկ: Դարձյալ ո՛չ: Հետևաբար օրենքի ուսուցիչները իրենց գիտելիքից հպարտացած անտեսում են Աստծու խոսքի բուն նպատակը՝ բարձր դասելով նախ իրենց հեղինակությունը:
Տէր Հիսուս Քրիստոսի պատմած բազում առակների մեջ մենք չենք հանդիպում մի դեպք, երբ որևէ մեկը իրավունք չունենա Աստծու արքայություն մտնելու: Տէր Հիսուս ասում է,- Իմ Երկնավոր Հոր կամքը չէ, որ այս հոտից մեկը կորչի: Սաղմոսերգուն ասում է, չկա՛ մի մարդ, որ ապրի աշխարհում և մեղք չունենա: Հետևաբար Աստծու ողորմության կարիքը ունեն բոլոր մարդիկ անխտիր: Այլ հարց է, որ փարիսեցիները իրենք իրենց արդար էին համարում, բայց ո՛չ Քրիստոսի առջև, քանի որ կարդում ենք, թե ինչ մեղքերի համար է նրանց հանդիմանում շատ ժամանակ վայերի մեջ:
Մարկոս ավետարանիչը այստեղ չի բացահայտում, որ Ղևին Մատթևոսն է, որը այդ անունը ստացել էր աշակերտության տարիներին Տէր Հիսուս Քրիստոսից: Սակայն Մատթևոս ավետարանիչը հենց իր ավետարանում հատուկ նշում է իր անվան հետ մաքսավոր անունը, առանց վատ զգալու, որպեսզի կարդացողը հասկանա, որ մաքսավորի սիրտը կարող է փոխվել Աստծու խոսքից և այդ նույն մաքսավորը, որին ատում էին ժողովուրդը՝ իր աշխատանքի համար, դարձել է Աստծու խոսք քարոզող և այլ սրտեր ու հոգիներ փրկող:
Սիրելիներ, ուշադրություն դարձրի՞ք, որ Ղևիի տանը գտնվող այլ մաքսավորները և մեղավորները չմերժեցին լսել Հիսուսի խոսքը: Այնտեղ միայն ճաշկերույթ չէր, մյուս ավետարաններից էլ տեղեկանում ենք, որ Տէր Հիսուսի նպատակը ճաշի հրավիրվելը չէր, այլ դատարկ ականջներն ու դատարկ սրտերը լցնել էր արթնության խոսքով: Այ՛ո մեղավոր էին բոլոր ներկաները սեղանի շուրջ, և չէին հրաժարվում դրանից, բայց սիրով լսում էին Հիսուսի խոսքերը: Իսկ փարիսեցիները կարծում էին, որ իրենք արդար են և իրենց Քրիստոս պետք չէ, քանի որ գրքերը գիտեն և օրենքը պահում են: Տէր Հիսուս ընտրեց նստել խոնարհ մեղավորի սեղանին, քան հպարտ արդարի: Քրիստոսի հետևորդների մեջ շատ էին նրանք, որոնք ներում ստացան իրենց մեղքերից և հետևեցին Քրիստոսին: Բայց Քրիստոսի հետևորդների մեջ չգնվեց մի ինքնակամ փարիսեցի հետևորդ: Փարիսեցիների ժողովից երկու հոգի գաղտնի հետևում էին Քրիստոսին, որոնք բացահայտվեցին խաչելությունից հետո, Նիկոդեմոսն ու Հովսեփ մեծահարուստ Արիմաթացին:
Աստծու արքայությունն այն է, երբ վերանում է քաղքենիական բաժանումները հասարակության խավերի միջև, և բոլորը հավասար են Աստծու աչքի առջև, քանի որ բոլորն են մեղավոր: Իսկ եթե կան արդարներ, որոնք և հավատում են Աստծու Որդուն, և պահում են Նրա խոսքերը և հպարտ չեն դրանով հանդերձ, թող ապրեն ուրախության մեջ և վայելեն կյանքը, բայց մեղավորը կարիք ունի օգնության ձեռքի, ինչպես որ մեզնից յուրաքանչյուրը: Յուրաքանչյուր քրիստոնյա իր հավատքի ճանապարհի ունենում է հոգևոր մեկին, որին հետևում է, որից սովորում է, որին նմանակում է, որի մեջ տեսնում է Քրիստոսի փառքի լույսը: Մեղավորը առանց առաջնորդության չի կարող գտնել շիտակ ճանապարհը:
Յուրաքանչյուր քրիստոնյայի մեկական Հովհաննես Մկրտիչ է պետք, որպեսզի իր առջև հարթի հոգևոր իր ճանապարհը: Սիրելիներ այստեղ ամփոփենք մեր այսօրվա թեման, որը նույնպես դաս է մեզ համար և մենք կատարյալ չենք նաև ա՛յս հարցում; Ղևին մաքսավոր էր չսիրված, բայց առաջին կանչից դրական արձագանքեց Քրիստոսի հրավերին: Մենք այդպես չենք անում հազարավոր հնարավորությունների դեպքում: Փարիսեցիները իրենց արդար էին կարծում, բայց Քրիստոս Պիղատոսին ասաց, Ինձ քո ձեռքը հանձնողները ավելի մեղավոր են քան դու: Ուրեմն որքան էլ որ մենք մեր աչքին արդար թվանք, Քրիստոսի աչքի առջև մեղավոր ենք, քանի որ մաքսավորի պես հանձն չենք առնում մեր մեղքերը: Թող մեր դասը լինի այսօր արագ արձագանքել Աստծու կանչին, և օգնել մեղավորին տեսնելու իր մեղքը և օգնել ազատվել դրանից, քան թե երես թեքել որպես մեղավոր:
Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն, և Նրան փառք հավիտյան: Ամեն:
Հարց. Ո՞վ էր Ղևին, որ մաքսատանն էր աշխատում: