ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Գործք առաքելոց 2.42-3.21
Ավետարան ըստ Ղուկասի 24.13-35
Ավետարան ըստ Մարկոսի. 2:1-12
ՅԻՍՈՒՍ ԱՆԴԱՄԱԼՈՅԾ ՄԸ ԿԸ ԲԺՇԿԷ
1 Նորէն Կափառնայում մտաւ։ Քանի մը օր յետոյ լսուեցաւ թէ անիկա տան մը մէջ է։ 2 Շուտով շատ մարդիկ ժողուեցան, այնպէս որ ա՛լ տեղ չկար, ոչ ալ՝ դրան քովերը ու կը պատգամէր անոնց Աստուծոյ խօսքը։ 3 Իրեն չորս մարդով վերցուած անդամալոյծ մը բերին, 4 Բայց տեսնելով որ բազմութենէն չէին կրնար անոր մօտենալ, քակեցին տանը տանիքը ուր կը գտնուէր Յիսուս ու ծակ մը բանալով վար իջեցուցին մահիճը, որուն վրայ պառկած էր անդամալոյծը։ 5 Յիսուս անոնց հաւատքը տեսնելով՝ ըսաւ անդամալոյծին. «Ո՛րդեակ, քու մեղքերդ քեզի ներուած են»։ 6 Մէկ քանի դպիրներ, որ հոն նստեր էին, իրենց սրտերուն մէջ կը խորհէին՝ ըսելով. 7 «Ինչո՞ւ համար ասիկա այսպիսի հայհոյութիւններ կ՚ընէ, ոչ ոք կրնայ մեղքերու թողութիւն տալ, բայց միայն Աստուած»։ 8 Յիսուս իսկոյն իմանալով իր հոգիին մէջ՝ որ անոնք այնպէս կը խորհին իրենց մէջ, ըսաւ անոնց. «Ի՞նչ կը խորհիք սրտերնուդ մէջ։ 9 Ո՞րը աւելի դիւրին է անդամալոյծին՝ ‘Քու մեղքերդ քեզի ներուած են’ ըսե՞լը, թէ՝ ‘Ելիր, մահիճդ առ ու քալէ’ ըսելը։ 10 Բայց որպէս զի գիտնաք թէ Որդին մարդոյ իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերու թողութիւն տալու, (ըսաւ անդամալոյծին). 11 «Քեզի կ՚ըսեմ, Ելի՛ր, մահիճդ ա՛ռ ու տունդ գնա»։ 12 Ան ալ շուտ մը ելաւ եւ իր մահիճը առնելով՝ ամենուն առջեւէն դուրս ելաւ, այնպէս որ ամէնքը ապշած մնացին, եւ փառք տուին Աստուծոյ ու ըսին. «Այսպիսի բան մը ամենեւին տեսած չէինք»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ: Երեկ մեր սերտողության միտքն ավարտվեց այնտեղ, որ մաքրված բորոտի տարածած լուրի պատճառով Քրիստոսի տեղաշարժը դժվարացել էր և Նա չէր կարողանում մտնել Կափառնաում քաղաքը՝ քարոզության համար: Հավանաբար նորից Սիմոնի և Անդրեասի տանն էր, և ժողովրդի բազմությունը հավաքվեցին անմիջապես լսելու Նրան: Ուսուցանում էր Տէր Հիսուս ժողովրդին Աստծու խոսքը, երբ չորս հոգով մի անդամալույծ բերեցին և Քրիստոսի առջևը դրին: Ընդ որում ո՛չ թե դռնից ներս մտցրին, այլ՝ երդիկից: Թեպետ սա երկրորդական հարց է, և կարող ենք մանրամասները չիմանալ, այլ՝ բավարարվել միայն անդամալույծի բուժման հրաշքով: Սակայն մարդու մտքում հարցեր են առաջանում այդ ուղղությամբ: Նախորդ սերտողություններում, եթե հիշում եք, ես ձեզ մանրամասն նկարագրել եմ հրեական տների կառուցվածքը, որ երթիկի մասում դուռ կար, որով ել ու մոտ էին անում երդիկից օգտվելու համար: Արդյո՞ք օտար մարդիկ իրավունք ունեին այդ երդիկը բացելու և իրենց հիվանդին այդ ճանապարհով ներս մտցնելու: Սա հավատքի քաջությո՞ւն էր, որը խրախուսվեց Քրիստոսի կողմից, թե՞ իրավունք ունեցող մարդիկ էին այդ բերողները;
Ավանդությունն ասում է, որ այդ չորս ընկերները այն նույն աշակերտներն էին, որոնց սկզբից ընտրեց Տէր Հիսուս, և նրանցից երկուսը Սիմոնն ու եղբայր Անդրեասն էին, որոնց տանն էր Հիսուս ուսուցանում: Հետևաբար իրենք իրավունք ունեին իրենց տան երդիկից իջեցնելու մի հիվանդի, որին անկարելի էր դռնով մտցնել ժողովրդի բազմության պատճառով: Մեզ՝ հետաքրքրասեր մարդկանցս երբեմն այնպիսի երկրորդական հարցեր են հետաքրքիր լինում, ինչը Ավետարանն անտեսում է անկարևոր լինելու պատճառով; Այստե՛ղ էլ մենք սովորելու դաս ունենք, որպեսզի կարողանանք շեշտը դնել գլխավոր իրադարձությունների վրա, անտեսելով երկրորդականը; Որովհետև Հիսուս երբ տեսավ այդ երևույթը, չհարցրեց, թե ինչպե՞ս բերեցիք, չէ՞ որ տեղ չկար, կամ ինչո՞ւ երթիկից ներս մտցրիք: Այլ Ավետարանն ասում է,- Հիսուս տեսնելով նրանց հավատը, ասաց,- Քո մեղքերը քեզ ներված են: Կամեցավ ասել բերողներին, որ եթե դուք եք այսչափ ողորմած, ապս ես առավել ևս կողորմեմ այս հիվանդին:
Հիսուսի համար գլխավորը հավատն էր, որ առկա էր հիվանդին բերողների մոտ, մնացածը կարևոր չէ: Եթե հավատը առկա է, Քրիստոսին հասնելու ճանապարհներ կգտնվեն անպայման: Հիմա անդրադառնանք մեկ այլ կարևոր իրադարձության վրա, որ Մարկոսը մեզ հուշում է: Հիսուս ուսուցանում էր, երբ նրա մոտ բերեցին անդամալույծին: Այսինքն ընդհատվեց Աստծու խոսքի քարոզությունը, ինչը անընդունելի էր հրեական օրենքի համաձայն, որին տեղյակ էր նաև Հիսուս Քրիստոս; Եթե որևէ Ռաբբի ժողովարանում բացատրում էր Թորան, ապա ոչինչ չէր կարող նրան խանգարել այդ ուսուցումը ընդհատելու համար: Մի օրինակ բերեմ ձեզ, որպեսզի հասկանալի լինի օրենքի խստությունը: Մի հերա վարդապետ ժողովարանում քարոզում է Աստծու խոսքը, այդ պահին նրան լուր են բերում, որ որդու առողջական վիճակը կտրուկ վատացել է: Վարդապետը շարունակում է իր քարոզությունը, առանց ընդհատելու: Ժամանակ անց գալիս է երկրորդ բարեկամը և հայտնում, որ որդին կորցրեց գիտակցությունը: Վարդապետը շարունակում է քարոզությունը առանց դադար առնելու: Գալիս է երրորդը և հայտնում, որ որդին մահամերձ է; Վարդապետը դառնում է ժողովրդին և ասում,- այժմ անցնենք ձեր հարցերի պատասխանելուն;
Գալիս է արդեն չորրորդ բարեկամը և հայտնում, որ որդին մահացավ: Այդ պահին վարդապետը ասում է,- մինչ այս պահը փառքը Աստծու խոսքին տվեցինք, իսկ այժմ հարգանքի տուրք մատուցենք մեռածին:
Հրեա վարդապետի կարծիքով Աստծու խոսքի ուսուցումը կարևոր է մարդու կյանքի փրկությունից կամ առողջական առողջական վիճակից: Թեպետ կարելի է կարծել, որ վարդապետը նախօրոք հոգացել էր բժշկի և այլ օգնության հարցով, սակայն բուն քարոզի պահին չընդհատեց Աստծու խոսքի սերտողությունը՝ որդու մահվան պատճառով;
Հիմա վերադառնանք այնտեղ, որտեղ Հիսուս Քրիստոսն է, անդամալույծն է, և այդ տանը ներկա են օրենսգետներ և փարիսեցիներ, որոնք լավ ծանոթ է հրեական վարդապետությունը՝ Աստծու խոսքի ուսուցումը կիսատ թողնելու վերաբերյալ, ինչը արեց Տէր Հիսուս անդամալույծին տեսնելով:
Այստեղ մարկոս Ավետարանիչը մեր ուշադրությունը կենտրոնացնում է Հիսուս Քրիստոսի վարմունքի վրա, որը ողորմությամբ մոտեցավ հիվանդին և հիվանդի բժշկությամբ վերադարձավ ողորմության և մարդասիրության քարոզին, որը նույնպես Աստծու խոսքի մեջ գլխավոր տեղում է: Հիսուս Քրիստոսի համար չկա ավելի կարևոր հարց, քան մարդու հանդեպ հոգատարությունը, որովհետև օրենքը տրված է մարդուն իր փրկության համար, ո՛չ թե հակառակը; Աստծու խոսքը պետք է ծառայի մարդու փրկությանը, ո՛չ թե մարդն է իր կյանքով ծառայում Աստծու խոսքին: Այդ պահին է, որ ասում է անդամալույծին, թե քո մեղքերը քեզ ներվա՛ծ են: Իսկ օրենսգետները, որ տառապաշտներ էին, անմիջապես ձևակերպեցին այդ արարքը՝ որպես հայհոյություն Աստծու դեմ, իբրև Քրիստոս իրեն Աստծու իրավունք է վերապահում և թողություն է տալիս մարդու մեղքերին: Փարիսեցիները գիտեին, որ մեղքերի թողությունը կատարվում է քահանայի ձեռքով, բայց Աստծու միջամտությամբ; Փարիսեցիները իրավացի էին իրենց մտահոգության մեջ, իրոք, ո՞վ կարող է մեղքը ներել բացի Աստծուց: Իսկ ո՞վ է այս Հիսուսը, որը քահանա չէ և մեղքերին թողություն է տալիս:
Տէր Հիսուս հոգով լսեց չբարձրաձայնված մի հարց և մի հարց տվեց օրենսգետներին,- Ո՞րն է ավելի դյուրին, անդամալույծին ասել քո մեղքերը քեզ ներվա՛ծ են, թե՞ ասել,- վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛ քո տունը: Տէր Հիսուսի տված այս հարցը ո՛չ թե հեշտի ու դժվարի մասին է խոսքը, այլ կոնկրետ ո՞ր դեպքում է ավելի ջանք պահանջվում և ո՞ր դեպքում է ավելի մեծ վկայություն կլինի: Իրականում մեծ համարձակություն է, ասել,- վե՛ր կաց և գնա: Իսկ եթե չկարողանա քայլել, ասողը կդառնա կեղծ մարգարե; Կամ եթե ասես մեղքերդ ներված են, ու հիվանդը չկարողանա քայլել, ինչպես կապացուցվի, որ ներված են:
Որպեսեզի ներկա փարիսեցիները համոզվեն, որ Ինքը ունի այդ մեղքերը ներելու իշխանությունը, անդամալույծին ասաց,- Քեզ եմ ասում, վե՛ր կաց, վերցրու մահիճդ և գն՛ա քո տունը: Տէր Հիսուս ընտրեց դժվար տարբերակը, որով Անդամալույծը և՛ քայլեց և՛ մեղքերը ներվեց, և՛ ներկաները հավատացին Իր իշխանությանը;
Այդ պահին վեր կացավ, բոլորի առաջ վերցրեց մահիճը, այնպես, որ բոլորը զարմանում էին, և փառավորում էին Աստծու անունը, ասելով,- Այսպիսի բան երբեք չենք տեսել:
Բոլորը ականատես եղան, որ վեր կացավ ու քայլեց անդամալույծը: Ուրեմն Նա՛, ով իշխանություն ունի ասելու վե՛ր կաց և նա վե՛ր է կենում, Նա՛ էլ իշխանություն ունի մեղքերը ներելու: Տէր Հիսուս այստեղ փաստեց, որ իր հեղինակությունը բժշկություն կատարելու, թույլ է տալիս նաև մեղքերը ներելու: Այսինքն, Տէր Հիսուս բացատրում է, որ երբ ասացի քո մեղքերը քեզ ներված են, եթե ես իշխանություն չունենայի, Աստված չէր ների նրա մեղքերը: Իսկ եթե չներեր, նա չէ՛ր քայլի: Հետևաբար՝ քայլելը հիվանդի համար այսպես ասած բոնուս է՝ ներվելուց հետո: Պարգև է հաստատելու համար Աստծուց ներվելը: Հետևանք է համոզվելու համար, որ Աստված ներել է մարդու մեղքերը: Մենք մեր մարդկային աչքերով չենք տեսնում մարդու ներված մեղքերը, բայց տեսանք, որ վեր կացավ ու քայլեց անդամալույծը: Ուրեմն, սիրելիներ, մեկընդմիշտ հիշենք, որ գլխավորը մեղքերի ներումն է, մնացած շնորհները հետևանք են ճշմարտապես ներվելու:
Հիսուս Քրիստոս ո՛չ թե վիճաբանում է օրենսգետների հետ, Իր աստվածությունը փաստելու համար, այլ գործով ցույց է տալիս այն, ինչը օրենսգետները կարդացել էին գրքերում: Անշուշտ օրենքի ուսուցիչները ոչինչ չկարողացան պատասխանել Հիսուսին այս դեպքից հետո, քանի որ իրենց աչքով տեսան, ո՛չ թե որևէ մեկը իրենց պատմեց: Սիրելիներ հիմա վերադառնան մեր իրականություն և տեսնենք, թե որն է մեր վերցնելիք դասը այսօրվա սերտողությունից: Լավ կլինի, որ ամեն օր մենք մեզ տեղափոխենք Ավետարանի սույն պատգամի մեջ, որը միասին սերտում ենք և գտնենք մեզ այդտեղ: Ո՞վ ենք մենք այստեղ: Եթե անդամալույծ ենք, պետք է գտնենք հավատարիմ մարդկանց և նրանց միջոցով հասնենք Քրիստոսին, որպեսզի արձակի մեր մեղքերից և նվիրի քայլելու կարողություն; Եթե օրենսգետ ենք, զգույշ լինենք մեր սրտում մտածած ամեն մի կասկածից ու չար մտքից, որովհետև Քրիստոս հոգով տեսավ նրանց սրտի մտածումները և բարձրաձայնեց Ավետարանիչի միջոցով և մենք էլ իմացանք, որ Աստված սրտերն է կարդում: Եթե այդ լավ ընկերներից ենք, շարունակենք մարդկանց երդիկից մտցնել Քրիստոսի մոտ՝ հոգիների փրկության համար: Որովհետև ինչպես սովորեցինք մեր Տէր Հիսուս Քրիստոսից, հեղինակությունն ու իշխանությունը ստիպելով չենք կարող հավատացնել, գործերի արդյունք է պետք, աշխատանքի ու ջանքերի հետևանք է պետք հարգանք ու հեղինակություն ունենալու համար: Այսօր էլ մեր հայրենիքի հրապարակներում շատերը գոռում են փրկություն, բայց գոռալով փրկություն չի լինում, փրկությունը ապահովվում է խաչելությամբ, որին այսօր պատրաստ չէ ոչ մի գոռացող; Մարդկանց մեղքերը պետք է ներել և մարդիկ փրկված կլինեն;
Քրիստոս կգնահատի նաև մեր հավատը, եթե մենք էլ մեր մերձավորներից մեկին Քրիստոսին տանելու ելքեր փնտրենք և երթիկից մտցնենք, իհարկե եթե մեր հավատքը նույնքան է, որքան որ այն չորսինը:
Երանելի է այսպիսի ընկերներ ունենալ, առավել երանելի է այսպիսի ընկեր լինել մեկի համար:
Այս բարի մտքի վրա ավարտենք մեր սերտողությունը և հուսանք Աստծու ողորմությանը՝ հաջորդ եթերաժամի համար: Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն և Նրան փառք հավիտյան: Ամեն:
Հարց. Ի՞նչ տպավորություն ստացաք Մարկոսի Ավետարանին անցնելուց հետո: