ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Գործք առաքելոց 2.22-41
Ավետարան ըստ Ղուկասի 24.1-12
Ավետարան ըստ Մարկոսի 1: 40-45
ՅԻՍՈՒՍ ԲՈՐՈՏ ՄԸ ԿԸ ՄԱՔՐԷ
40 Բորոտ մը եկաւ անոր, կ՚աղաչէր, ծունկ կը դնէր ու կ՚ըսէր անոր. «Եթէ ուզես, կրնաս զիս մաքրել»։ 41 Յիսուս խղճալով՝ ձեռքը երկնցուց, դպաւ անոր ու ըսաւ. «Կ՚ուզե՛մ, մաքրուէ»։ 42 Երբ այս ըսաւ անոր, շուտ մը բորոտութիւնը անկէ գնաց ու մաքրուեցաւ։ 43 Ինք սաստիկ պատուէր տալով անոր՝ շուտ մը դուրս հանեց զանիկա ու ըսաւ անոր. 44 «Զգո՛յշ կեցիր, մարդո՛ւ բան մը չըսես, հապա գնա քեզ քահանային ցուցուր եւ տուր քու մաքրուելուդ ընծան որ Մովսէս պատուիրեց՝ անոնց վկայութիւն ըլլալու համար»։ 45 Բայց անիկա ելլելով՝ սկսաւ հրատարակել ու տարածել, այնպէս որ ա՛լ ինք չէր կրնար յայտնի կերպով քաղաք մը մտնել, հապա դուրսը՝ անապատը կը պտըտէր, բայց ամէն կողմէ իրեն կու գային։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ: Այսօր Երկուշաբթի է, մեռելոց հիշատակության օր է, և եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ՝ համընդհանուր մեռելների հիշատակի համար: Նաև գիտենք, որ հինգ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրերը նախատեսված են համընդհանուր մեռելների հիշատակության աղոթքի համար:
Այսօր կավարտենք Մարկոսի Ավետարանի առաջին գլուխը և Տիրոջ ողորմությամբ կսկսենք երկրորդը: Երկու նախադասությամբ ամփոփենք մեր սերտած համարները, ամրապնդենք մեր սովորածը և անցնենք առաջ: Մարկոսը Տէր Հիսուսին մեզ միանգամից ներկայացրեց որպես Աստծու Որդի, տեղեկացրեց մեզ Հովհաննես Մկրտչի մասին, որ հարթեց Քրիստոսի ճանապարհը և Հովհաննեսի մկրտությամբ Տէր Հիսուս աշակերտներ ընտրելով սկսեց Իր առաքելությունը՝ ծառայելով ժողովրդին: Կատարեց առաջին հրաշքները՝ բուժելով դիվահարվածին, Պետրոսի զոքանչին, և շատ շատերին ազատեց իրենց հիվանդությունների ու ցավերից: Սակայն մենք իմացանք, որ մեր Տիրոջ գլխավոր նպատակը մարդկանց հոգիների բժշկությունն է, քան մարմինների: Նրա գերագույն առաքելությունը ուսուցանելու մեջ է, որի մասին հայտնեց Պետրոսին, երբ փնտրում էին Իրեն՝ բժշկություն ցանկացողները:
Ավետարանն ասում է Նրա մոտ եկավ մի բորոտ: Ինչպե՞ս եկավ բորոտը: Մենք բորոտների մասին խոսել ենք, և գիտենք հրեական օրենքի համաձայն որքան խիստ էր բորոտների ազատ տեղաշարժումը տեղից տեղ: Իսկ այս բորոտը քաղաք էր հասել, լսելով Հիսուսի բժշկությունների մասին: Մեծ համարձակություն էր պետք հայտնվել մարդկանց մեջ այդպիսի հիվանդությամբ: Հիշո՞ւմ եք, ես ձեզ ասել եմ, որ բորոտը տեղից տեղ շարժվելու ժամանակ բարձրաձայն հայտնում էր իր բորոտության մասին, որպեսզի մարդիկ միամիտ չմոտենային նրան: Այս բորոտը հայտնվել է քաղաքում և հայտնվել է ժողովրդի բազմության մեջ՝ հույս ունենալով, որ կարժանանա Քրիստոսի ուշադրությանը: Հավատը երբեք անպտուղ չի թողնում ճշմարիտ հավատացողին: Հասավ Քրիստոսի մոտ, ծնկի եկավ և ասաց,- Տէ՛ր եթե կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել: Բոլորս էլ վստահ ենք, որ բորոտը չգիտեր, թե Հիսուսն է Քրիստոսը և որ Նա Աստծու Որդին է: Բորոտը հավատացել էր Հիսուսի կատարած բուժումներին, որի մասին լսել էր իր համաքաղաքացիներից և եկել էր մեծ հավատով, որ ինքն էլ կօգտվի այդ հնարավորությունից: Բորոտը չգիտեր, որ Քրիստոս Աստված է, բայց շատ լավ գիտեր հրեական օրենքը բորոտության մասին, որ որևէ մեկը իրավունք չունի բորոտին կպնելու, որովհետև ինքն էլ կդառնա բորոտ և կմեկուսացվի: Բորոտը չասա՛ց խնդրում եմ ինձ էլ նրանց նման բուժիր, այլ ասաց, եթե կամենաս, քանի որ գիտեր, որ ոչ ոք չէր համարձակվի ձեռքով իրեն դիպչել: Իսկ Հիսուս Քրիստոս դիպավ նրան: Մենք արագ կարդում և անցնում ենք այս տողերի վրայով, սակայն սա անկանխատեսելի մի իրադարձություն էր ներկա գտնվող մարդկանց համար,: Իսկ եթե քահանաները իմանային այդ մասին, արդեն հարցը ավելի լուրջ բնույթ կկրեր: Դիպավ Հիսուս և ասաց,- կամենո՛ւմ եմ, մաքրվի՛ր: Բորոտությունը նրա վրայից անցավ այնպես, ինչպես Պետրոսի զոքանչի ջերմությունը: Բորոտը մաքուր է այլևս: Սակայն մաքրված բորոտը շատ լավ գիտեր, իր բորոտության հիմնավոր պատճառը, և բոլորը գիտեին, քանի որ դա գրված է Մովսեսի գրքում և հայտնի է բոլորին: Այս հիվանդությունը ավելի շատ հոգևոր է, քան ֆիզիկական և առողջության: Բոլորը գիտեին, որ բորոտությունը առաջանում է չարախոսությունից և մեղադրելուց: Մի դրվագ հիշենք Մովսեսի քույր՝ Մարիամի և Ահարոնի հետ պատահած բորոտությունից, երբ նրանք բամբասեցին Մովսեսին և ծածկվեցին բորոտությամբ;
Սիրելիներ, ավանդությունն ասում է, որ բորոտության ախտը մարդկությունից վերացավ Մարիամ Աստվածածնի աղոթքով՝ նրա ննջումից առաջ, երբ աշակերտները նրան խնդրեցին այդ մասին:
Մի պահ պատկերացրեք, եթե չարախոսությունն ու բամբասանքը բորոտություն առաջացնեին մարդկանց մեջ, մեր երկիրը կլիներ բորոտների երկիր և առաջին տեղում կհայտնվեր: Այսօր այդ բորոտ աշխարհը կանգնած է Քրիստոս Հիսուսի առջև: Կամենո՞ւմ է Հիսուս մաքրել աշխարհի բորոտությունը: Այո: Հիսուս կամենում է մաքրել աշխարհի բորոտությունը, սակայն աշխարհը չունի բորոտի խոնարհությունը, որպեսզի ծնկի գա, ասի, - Տէ՛ր, եթե կամենաս, կմաքրես …
Ի՞նչ տեղի ունեցավ մաքրվելուց հետո; Տէր Հիսուս դուրս հանելով նրան, զգուշացրեց, որ ո՛չ ոքի ոչի՛նչ չասի, այլ միայն քահանային ցույց տա իրեն և ընծա տա Մովսեսի օրենքի համաձայն՝ իբրև վկայություն մաքրվելու: Տէր Հիսուս լինելով Տէրը օրենքի, հարգեց Մովսեսի օրենքը և պատվիրեց կատարել այն; Ինչո՞ւ չասի ոչ ոքի: Եթե դևերին արգելում էր իր մասին վկայություն տալ, հասկանալի էր, չէր ուզում, որ պիղծ ոգիները վկայեն իր մասին: Իսկ այս մարդը ինչո՞ւ պետք է լռեր, չէ՞ որ ուրախացել էր մաքրվելուց հետո: Վերջապես Հիսուս ի՛նքն էր կամեցել, որ նա մաքրվի:
Վերևում մենք հիշեցինք, որ Հիսուս Քրիստոսի նպատակը հրաշքներով համբավ ձեռք բերելը չէր, այլ մարդկանց հոգիները մեղքից մաքրելը: Իսկ այս գովազդը իրարանցում կառաջացներ գյուղերում և քաղաքներում և կխոչնդոտեր Իր ուսուցումը: Բացի նրանից որ կխանգարեր, Տէր Հիսուս համբավ չէր ուզում հանրության մեջ, ինչպես որ փարիսեցիները՝ հրապարակներում և ներկայանալի վայրերում; Տեր Հիսուս մնում էր ամայի վայրում, և ուզում էր որ մարդիկ գան դեպի փրկություն, դեպի ուսուցում: Մարդը պետք է ընդառաջ գնա Քրիստոսին, մարդը պետք է ջանք թափի սրտում փոփոխությունը կատարելու համար:
Սակայն մեր մաքրված բորոտը սրտի ուրախությունից մոռացավ ամեն վտանգ և դուրս գալով եռանդուն կերպով քարոզում էր իր մաքրվելու մասին: Լուրը այնքան արագ տարածվեց, որ Հիսուսի համար դժվարություն առաջացավ այլևս հայտնապես քաղաքում երևալ: Հարկադրված մնում էր ամայի տեղերում: Տեղերը փոխվեցին: Հիմա մաքրված բորոտը ազատ շրջում է քաղաքում, իսկ Տէր Հիսուս մնացել էր ամայի վայրում այնպես, որ անկարելի էր դարձել տեղաշարժը ժողովրդի բազմության պատճառով;
Մենք այսօր գիտենք, որ Հիսուս Քրիստոս Աստված է, և նա կարող է խոսքով բուժել, նույնիսկ՝ առանց դիպչելու, սակայն ժամանակի կրոնական առաջնորդները կառչած օրենքի տառին կարող էին մեծ խնդիր առաջացնել բորոտին դիպչելու պատճառով; Հիշո՞ւմ եք կորոնայով հիվանդի հետ շփվողին երկու շաբաթ մեկուսացնում էին օրենքի համաձայն: Նույնն էլ բորոտի պարագան էր: Մաքրված բորոտի գովազդը այնքան զորավոր էր, որ բոլոր կողմերից ժողովուրդը Հիսուսին էին փնտրում: Կարելի է հասկանալ նաև մաքրված բորոտին, որը կամենում էր բոլորին փաստել, որ ներվել է իր մեղքը և ինքը արդեն մաքուր է: Մենք բոլորս միասին այս բորոտի չափ չենք կարողանում հայտարարել Աստծու խոսքի ճշմարտությունները մեր միջավայրի մարդկանց մեջ:
Հիսուս Քրիստոս Աստծու Որդին էր, սակայն չէր ուզում իրեն բացահայտել հրապարակներում և հավաքների մեջ: Նա ակնկալում էր, որ ժողովուրդը օրենքն ու մարգարեություններն իմանալով հանդերձ ճանաչեին Իրեն, նշաններից հասկանային, որ Ինքն է Մեսիան, քան ինքը ներկայանար որպես Աստծու Որդի, քանի որ Իր մասին գրված էր իրենից առաջ և իրենից առաջ եկավ Իր ճանապարհը հարթողը՝ Հովհաննես Մկրտիչը, որի տեսան, սիրեցին և հավատում էին նրան;:
Երբ մենք Աստծուց առողջություն ենք խնդրում և ստանում ենք, մենք անելիք ունենք այդտեղ, ինչպես որ Պետրոսի զոքանչը, երբ ջերմը թողեց անմիջապես վեր կացավ և ծառայում էր նրանց: Բորոտը մաքրվեց, և նրա բերանը չփակվեց լուրը տարածելով: Մենք էլ հոգով բուժվելուց հետո պետք է ավելի ջերմեռանդ և օգտակար լինենք այլոց հոգևոր առողջության հանդեպ:
Սիրելիներ, եթե այսօր մենք չեն վարակվում որևէ հիվանդությամբ, օրինակ սուտ խոսելու, բամբասելու, չարախոսելու և հայհոյելու պատճառով, դեռ չի նշանակում, որ մենք մաքուր ենք նաև ներսից; Մեր յուրաքանչյուր ո՛չ քրիստոնեական պահվածք մեր սիրտը դարձնում է բորոտ: Ասում են, որ բորոտությունը ցավոտ չէ, սակայն վտանգավոր վարակիչ է, այնպես, ինչպես մեր չարախոսությունները, բամբասանքները, հայհոյությունները և զրպարտությունները: Մենք էլ ցավ չենք զգում չարախոսությունից, բամբասանքից և ամեն տեսակ մեղքից, որ կա մեր շուրջը:
Այսօր մենք էլ եկեղեցի ենք վազում որպես շտապ օգնության վայր, անմիջապես բժշկվելու, կամ օրհնություն ստանալու, կամ ուղղակի նեղված լինելու պատճառով: Տէր Հիսուս երբեք չկամեցավ հանրության առջև հանդես գալ որպես հրաշագործ, այլ՝ հակառակը՝ հանդիմանում էր նշան հայցողներին: Մեր հավատքը պետք է կենդանի լինի՝ հիմնված Հիսուս Քրիստոսի վարդապետության վրա: Մենք յուրաքանչյուր քայլի մեջ պետք է համոզված լինենք, թե ինչպե՞ս կվարվեր Տէր Հիսուս այս պարագայում: Ի՞նչ օրինակ է տվել մեզ, այսպիսի փորձության ժամանակ:
Սիրելիներ, ներկա ժամանակների զբաղվածությունը հաշվի առնելով ես ձեզ ասում եմ, հնարավոր չէ ամբողջ օրը Սուրբ Գիրք կարդալ, ամբողջ օրը աղոթք անել, սաղմոս կարդալ, սակայն ամբողջ օրը հնարավոր է մնալ Աստծու ներկայության մեջ՝ սրտում ունենալով Աստծու խոսքը՝ դաջված: Խոսքս նրանց մասին չէ, որ և՛ ազատ են, և՛ կարդում են, և սիրում են Աստծու խոսքը և Աստծու ներկայության մեջ են ապրում;
Քրիստոսից հետո աշխարհում ավելի կարևոր իրադարձություն չի կատարվել: Հաջորդ կարևոր իրադարձությունը Իր Երկրորդ Գալուստն է: Մենք այսօր գտնվում ենք սպասման ժամանակահատվածում:
Ունենք զինվելու, պայքարելու, հաղթելու բոլոր հնարավորությունները: Մեզ պակասում է զորավոր հավատքը այնպես, ինչպես որ Քրիստոսի աշակերտներինը: Գիտեին, որ վարդապետը Հարություն է առնելու, բայց չէին սպսում գերեզմանի մոտ: Մենք էլ գիտենք, որ Տիրոջ Երկրորդ Գալուստն է լինելու, բայց չենք սպասում հոգով զինված, որովհետև ծույլ ենք այդ հարցում:
Որտեղ մենք ալարում ենք Քրիստոս աղոթում է մեզ համար: Այնտեղ որտեղ մենք ատում ենք, Քրիստոս սիրում է: Այնտեղ որտեղ մենք մեր կամքն ենք փնտրում, Քրիստոս փնտրում է Հոր կամքը: Բայց այս բոլորը նույնպես ավարտ կունենա, որի մասին գրված է Տիրոջ խոսքի համաձայն:
Սիրելիներ, այստեղ ավարտենք մեր սերտողությունը և վերցնենք այսօրվա մեր դասը: Տէր Հիսուս բուժում է բոլորիս, սակայն պետք է խնդրենք բորոտի պես: Բուժում ստանալուց հետո այդ բժշկությամբ օգտակար լինենք նաև այլոց հիվանդությունների համար: Հովհաննու Ավետարանի գեղեցիկ խոսքով ամփոփենք մեր միտքը, որն ասում է,- Եթե մեկն ինձ ծառայի, Իմ հետևից կգա, ուր որ Ես եմ, այնտեղ կլինի և Իմ ծառան, եթե մեկն Ինձ ծառայի, նրան կպատվի Իմ Հայրը: Հովհ. 12:26
Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն և Նրան փառք հավիտյանս: Ամեն
Հարց. Ի՞նչ մեղքի արդյունք էր բորոտությունը